ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՄԱՑԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արման Նավասարդյան՛
Բանալի բառեր պետության միջազգային իմիջ, դրական իմիջ, բացասական իմիջ, երկրի հեղինակություն, դիվանագիտական պաշտոնական և միջանձնային հարաբերություններ:
Դիվանագիտության դերը պետության իմիջի ապահովման գործում
Անցյալ դարի վերջերին - այս դարի սկզբներին քաղաքագիտական բառաֆոնդը հարստացավ ևս մեկ՝ «պետության միջազգային իմիջ» բառակապակցությամբ (իմիջ եզրը՝ անգլերեն «image» - «կերպար», «պատկեր», մեր կարծիքով նպատակահարմար է հայերենում թողնել անփոփոխ, երբ այն օգտագործվում է քաղաքական ենթատեքստում): «Իմիջը սոցիալական օբյեկտի (անձի, կազմակերպության, ընկերության) զգայական երանգավորում ունեցող ընդհանրացված կերպար է հասարակության կամ անհատի գիտակցության մեջ» [1]: Իմիջը սկզբում վերաբերվել է մարդկանց՝ բնութագրելու համար նրանց վարվելաձը, պահվածքը հասարակության մեջ, հագնվածքը, հետո նոր միայն տարածվել է վերացական հասկացությունների և երևույթների վրա: Չլինելով նյութական առարկա իմիջն ստեղծում է պատճառահետևան-քային կապի մի ողջ համակարգ, որն, իր հերթին, առաջացնում է նյութական ներուժի և հնարավորությունների մեխանիզմ այն տիրապետողի և կրողի համար [2]: Խոր գլոբալիզացիայի, ներքին և արտաքին քաղաքականությունների միահյուսման պայմաններում միջազգային իմիջը համալրում է քաղաքացիական դիվանագիտության (citizen diplomacy) ներուժը՝ դառնալով «փափուկ ուժի» («softpower») կարևոր միջոցներից մեկը1:
" Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան:
1 վերջերս ավելի հաճախ է օգտագործվում «citizen diplomacy» բառակապակցությունը «public diplomacy»-ի փոխարեն, որը հանդիպում էր խորհրդային տարիների դիվանագիտական գրականության մեջ:
Պետության դրական իմիջը երբեմն ավելի հեշտությամբ կարող է լուծել դիվանագիտական խնդիրները, քան ռազմական ուժն ու ագրեսիվ գործողությունները: Սակայն պետության իմիջը միատարր չէ: Այն լինում է ներքին և արտաքին: Ներքին իմիջն ընկալվում է տվյալ երկրի ներսում, իսկ արտաքինն ուղղված է օտար պետություններին և մշակույթներին «իմիջակիր» երկիրը հնարավորինս դրական լույսով ներկայացնելու և արտաքին քաղաքականության խնդիրների լուծման նպատակով: Ներքին և արտաքին իմիջը կարող է լինել դրական կամ բացասական: Ընդ որում՝ այդ որակները պայմանավորված են միմյանցով: Դժվար է պատկերացնել, որ երկրի ներքաղաքական իմիջը լինի բացասական, չվայելի իր քաղաքացիների վստահությունը և համակրանքը, իսկ օտարների կողմից ընկալվի դրականորեն՝ նպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը: Ներկա գլոբալ տեղեկատվական թափանցիկության, ներքաղաքական և արտաքին քաղաքական սերտաճման պայմաններում, անգամ բռնապետական, «երկաթյա վարագույրով» մեկուսացված պետություններն ի զորու չեն թաքցնել աշխարհից իրենց համակարգի իսկական «դեմքն» ու էությունը, հետևաբար՝ իմիջի նկատմամբ ձևավորված գնահատականը երկրի ներսում և դրսում: Միջազգային իմիջը պայմանավորված է մշտական և ժամանակավոր չափանիշներով: Մշտական չափանիշներն են՝ երկրի աշխարհագրական դիրքը, պատմությունը, կրոնը, բնական ռեսուրսները, իսկ ժամանակավոր չափանիշներին են վերաբերում նրա քաղաքական կառուցվածքը, իշխանության բնույթը, հասարակական հարաբերությունները, ներքին և արտաքին քաղաքականությունը, արժեքային համակարգը: Եթե մշտական իմիջը գործում է պետությունից անկախ, ապա ժամանակավոր իմիջի կայացումը և պահպանումը մեծապես կախված են մարդկանցից, որոնք որոշում են ներքին իմիջի և քաղաքական մշակույթի մակարդակը, արտաքին քաղաքական ուղղվածությունը, միջազգային հանրության վրա ունեցած զգայական-հոգեբանական ներգործությունը, գաղափարախոսական-տեղեկատվական մեխանիզմների հմտությունը և ճկունությունը: Ավելորդ է նշել, որ այս ամենի մեջ առաջատար դեր է հատկացված պետությունների դիվանագիտական ծառայություններին: Պետության դրական իմիջը կարևոր միջոց է միջազգային հարաբերություններում նրա ազգային շահերի պաշտպանության, դիվանագիտական խնդիրների լուծման և բանակցային գործընթացներում առավելություն, արդյունք ձեռք բերելու ուղղությամբ: Հետևաբար, իմիջը դառնում է արտաքին
սպառնալիքների թիրախ և տեղեկատվական հակամարտությունների օբյեկտ: Իմիջը երկսայրի սուր է պետության ձեռքում, որի օգնությամբ, մի կողմից, փորձում է բարձր մակարդակի վրա պահել իր երկրի հեղինակությունը, մյուս կողմից՝ ստեղծել բացասական իմիջ այն պետության և ժողովրդի նկատմամբ, որի դեմ հյուսում է քաղաքական, ռազմական և նվաճողական որոգայթներ: Հայերի և այլ ազգերի նկատմամբ նման քաղաքականությանն իր հիմնարար մենագրությունում անդրադառնում է անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը. «Մեր աչքի առաջ է այդ մեխանիզմը՝ զոհին վերագրել (ատրիբուցիա) հանցագործ զանցանքներ կամ նման արարքներ, որը լայնորեն կիրառվում է թուրքերի կողմից հայերի նկատմամբ: Այն բանի կապակցությամբ, որ էթնոցիդի հիմնա-խնդիրը, սկսած 1998 թվականից, դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչը, ինչպես նաև ճանաչման լույսի ներքո այն ընդունվեց մի շարք պետությունների բարձրագույն օրգանների կողմից, թուրքերն անհանգստացած (իսկ տագնապը ֆրուստրացիայի և նոր անախորժ իրադարձությունների սպասումների համոզիչ կանխանշան է) սկսեցին շատ հաճախ օգտագործել այդ մեխանիզմը (ատրիբուցիան- Ա. Ն), որը հատուկ է անազնիվ մարդկանց հոգեկան ակտիվությանը և վարքագծին: Նրանք (թուրքերը- Ա.Ն) իրենց ղեկավարների բերանով պնդում են, որ իբր հայերը կազմակերպել են թուրքերի եղեռն: Այդ գործիչների իռացիոնալիզմը հասնում է այնտեղ, որ նրանք կազմակերպում են արշավներ Թուրքիայի արևելյան շրջաններում նպատակ ունենալով հայտնաբերել հայերի կողմից սպանված թուրքերի եղբայրական գերեզմաններ: Ագրեսորը և մարդասպանը փորձում են դնել զոհի դիմակ...» [3]։
Միջազգային իմիջը ենթակա է փոփոխության՝ կախված ներքին և արտաքին ազդակներից, պատմական ժամանակահատվածից, միջազգային դրությունից: 1917թ. պետական հեղաշրջումից հետո Ռուսաստանը շատ երկրների համար ներկայացավ որպես ժողովրդի դարերով երազած հավասարության և բարեկամության հասարակության ստեղծման ռահվիրա: Սակայն շատ շուտով արտաքին քաղաքականության և ստալինյան բռնապետական ռեժիմի պատճառով սովետներն աշխարհին ներկայացան ամենամռայլ գունային իմիջով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ը որպես հաղթանակած երկիր կրկին ձեռք բերեց միջազգային դրական իմիջ, որն ամրապնդվեց Խորհրդային կայսրության փլուզումով և Սառը պատե-
րազմի ավարտով: Ներկայումս ԽՍՀՄ գլխավոր իրավահաջորդ Ռուսաստանի միջազգային իմիջը կարծես թե աստիճանաբար թեքվում է դեպի բացասական նշանակետը, մասնավորապես ուկրաինական դեպքերի հետնախորշում: Այս գործընթացը, մեր կարծիքով, մասամբ է պայմանավորված Ռուսաստանի ներկա քաղաքական գծով: Նրա բացասական իմիջն օբյեկտիվորեն արդյունք է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող համակարգային խոր փոփոխությունների և Միացյալ Նահանգների համառ ջանքերի՝ հավերժացնելու երկրագնդում «առաջինը» լինելու տիտղոսը և իր կամքը թելադրելու մենաշնորհը: Այս քաղաքականությունը, վերջին հաշվով, հանգեցնում է ամերիկյան բացասական իմիջի ձևավորմանը, հատկապես արաբական աշխարհում: ԱՄՆ-ը իր մերձավորարևեյյան քաղաքականության մեջ ակտիվորեն օգտագործել և այսօր էլ շահարկում է սեփական իմիջի գերազանցությունը՝ հիմնված դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանի հնամաշ մոդելի սկզբունքների վրա, ստեղծելով ողջ տարածաշրջանի ժողովուրդների ընկալման մեջ հիմնականում բացասական իմիջ: Այդ քաղաքականության կորագծի բարձրագույն կետը հանդիսացավ վաշինգտո-նի ագրեսիան Իրաքի դեմ զանգվածային ոչնչացման զենք հայտնաբերելու պատրվակով: «Սադամ Հուսեյնը Միացյալ Նահանգներին պատճառում էր ոչ միայն անախորժություն (վերջին հաշվով, այդ տիպի ուրիշ մարդիկ էլ կան), սակայն նա տագնապ էր առաջացնում՝ սպառնալով Մերձավոր Արևելքի կայունությանը երկու հարցում՝ Իսրայելի գոյատևման և նավթային քաղաքականության հիմնահարցի, որոնք առաջնային նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար»,- գրում է անգլիացի անվանի քաղաքագետ Փիթեր Կալվոկորեսին և եզրակացնում, որ «քաղաքական առումով ամերիկացիների պլանները չարդարացան» [4]: Ավելացնենք, որ մի քանի տարի հետո կանաչ լույս վառվեց արաբական գարնան համար, որը քաղաքական և ռազմական քաոսի սկիզբ հանդիսացավ այդ տարածաշրջանում և հասավ կրիտիկական կետի Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի («Իսլամական պետություն») ագրեսիվ-հանցավոր գործողություններով, որին հետևեցին ամերիկյան օդային հարվածները՝ անարդյունք և անկանխատեսելի հետևանքներով: Միջազգային բացասական իմիջի ստեղծումը նախորդում է ռազմական գործողությունների մեկնարկին, որի նպատակն այդ երկրի վատաբանումն ու պարսավանքն է արդարացնելու համար նախապատրաստվող ագրեսիան:
Օտար պետության վրա հարձակվելուց առաջ այն ծրագրող պետության պրոպագանդիստական մեքենան և տեղեկատվական գործակալություններն իրագործում են հատուկ աշխատանք (ֆաշիստական Գերմանիան Երկրորդ համաշխարհայինից առաջ, ՆԱՏՕ-ն Հարավսլավիայի վրա հարձակվելուց, ԱՄՆ-ը Իրաք մտնելուց առաջ և այլն):
Իմիջը կարևոր նշանակություն ունի ցանկացած պետության արտաքին քաղաքականության հաջողության համար, սակայն առանձնակի կարևորություն է ստանում փոքր պետությունների դիվանագիտության համար, քանզի նրանք, որպես կանոն, զուրկ են ռազմաքաղաքական և տնտեսական ներուժից միջազգային հարաբերություններում ուժեղների հետ հավասար դիրքերից հանդես գալու համար: Այս գործընթացում մեծ նշանակություն ունեն նորա-նշանակ դեսպանի հեղինակությունը, նրա կենսագրությունը, սոցիալական դիրքը, դիվանագիտական աշխատանքի փորձը։ Սրանք արժեքներ են, որոնք դյուրացնում են նրա մուտքը դեսպանընկալ երկրի քաղաքական-հասարակա-կան բարձր ոլորտ և դիվանագիտական կորպուս: Երբ պետությունը որևէ երկրում դեսպան նշանակում է հայտնի և հարգանք վայելող մարդու, ապա դա հաճելի է լինում այդ երկրի կառավարող ընտրանու և նրա ժողովրդի համար, քանի որ ընկալվում է որպես այն երկրի ղեկավարության հարգալից վերաբերմունքի նշան, որն ուղարկել է նման դիվանագետի։ Այս հանգամանքը հատկապես պետք է հաշվի առնվի փոքր երկրների դիվանագետների նշանակման ժամանակ, որոնք իրենց պետությունների թույլ կողմերը պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և անթերի կատարողականությամբ: Նրանց առաքելությունը դժվարանում է նաև իրենց գլխավորած ներկայացուցչության օպերատիվ-դիվանագիտական անձնակազմի սակավաթվությամբ (հաճախ մեկ կամ երկու դիվանագետ) և միջոցների սղությամբ: Աշխատանքային նշված ռեժիմի պայմաններում փոքր պետությունների դիվանագետների հաջողությունը կախված է նրանց հմտությունից, փորձառությունից, դեսպան-ընկալ երկրում և դիվանագիտական կորպուսում նրանց հաստատած կապե-րից: Բարձրակարգ կարիերային դիվանագետներն իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են տվյալ երկրի, անգամ տարածաշրջանի ներուժի բոլոր սպեկտրները՝ պետական և հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ն, սփյուռքը, պետական և անձնական կապերը և այլն:
Դիվանագիտական պաշտոնական և միջանձնային հարաբերությունների կորելացիան
Ամենօրյա դիտումների և սոցիոմետրիկ ուսումնասիրությունների հիման վրա սոցիալական հոգեբանության բնագավառում կատարված հետազոտությունները պարզել են, որ մարդկանց փոխհարաբերությունները լինում են առնվազն երկու աստիճանի կամ մակարդակի. 1) առաջնային հարաբերությունների մակարդակ, որին հատուկ են մտերմությունը, հուզականությունը, ինչ-որ չափով նաև ինքնանպատակ՝ ոչ գործառական (ոչ ֆունկցիոնալ) բնույթը, 2) երկրորդային հարաբերությունների մակարդակ, որոնք զուտ ֆունկցիոնալ են, առանց մտերմության և հուզականության: Հարաբերությունների այս երկու մակարդակները դիտվում են մարդկանց վարքում, իսկ ավելի մեծ չափով գիտական փոքր սոցիալական խմբերում, որոնց անդամների թիվը սկսվում է երկուսից և չի անցնում հիսունը: Երկրորդային հարաբերությունների մակարդակում փոխհարաբերությունների մեջ մտած մարդկանց անձնային գծերը կամ բոլորովին չեն բացահայտվում, կամ ի հայտ են գալիս նվազագույն չափով: Այդ հարաբերությունները բնութագրվում են զսպվածությամբ, սառնությամբ, գործնականությամբ: Այդպիսիք են, օրինակ, երկու անձնավորությունների հարաբերությունները, որոնց սոցիալական դիրքերը խիստ տարբեր են, կազմակերպության դեպքում ըստ ուղղահայաց աստիճանների: Այդպիսիք կարող են լինել նույն երկրում հավատարմագրված տարբեր պետությունների դեսպանների հարաբերությունները, հատկապես այն դեպքում, երբ այդ պետությունների միջև գոյություն ունեն ոչ բարեկամական, առավել ևս թշնամական հարաբերություններ: Երկրորդ աստիճանը, ինչպես ասացինք, անձնական, անմիջական, ոչ ձևական հարաբերությունների մակարդակն է: Այդպիսի հարաբերությունները բնորոշ են ընկերներին, իսկ կազմակերպությունների ներսում հավասար դիրքեր ունեցող անձանց: Նման հարաբերությունների մեջ գտնվող անձինք ազատ դրսևորում են իրենց հակումներն ու բնավորությունը, վստահում են միմյանց, կիսում են գաղտնիքները, համակրում են միմյանց, միասին են անցկացնում ազատ ժամանակը և այլն: Առաջնային հարաբերությունների յուրահատկություններից է նաև ֆիզիկական շփումների հնարավորությունը: Այս պարզ և հասկանալի սոցիալ-հոգեբանական գիտելիքները դիվանագիտության մեջ կիրառելու փորձ կատարելիս ծագում է մի հարց, որը, համոզված ենք, գոյանում է յուրա-
քանչյուր դիվանագետի գիտակցության մեջ, երբ նա հայտնվում է օտար
ռ
երկրում. որքանո վ է իրեն թույլատրվում ոչ պաշտոնական, մոտ հարաբերություններ հաստատել այդ երկրի դիվանագետների, քաղաքական գործիչների, մշակույթի և գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչների, ինչպես նաև շարքային քաղաքացիների հետ։ 4.Ի. Պոպովը, Ч.Ч. Սամոյլենկոն, Օ.Սակունը և ուրիշ հեղինակներ գտնում են, որ այդ հարցին կարելի է դրական պատասխան տալ, քանի որ միայն մոտ, փոխվստահելի հարաբերություններ հաստատելու դեպքում դիվանագետը կարող է ստանալ ստույգ և վստահելի տեղեկատվություն երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որը նրա առաքելության հիմնական խնդիրներից մեկն է: «Ակնհայտ է, որ իշխանությամբ և ազդեցիկությամբ օժտված և քաղաքական որոշումներ կայացնող մարդկանց հետ անձնական շփումները, ովքեր լավ գիտեն տեղական «քաղաքական խոհանոցը» և կարևոր ինֆորմացիա կրողներ են, դիվանագիտական ինֆորմացիա ստանալու ամենակարևոր ուղին են։ Ասվածը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու այն իրողությունը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և գլոբալ կապերի մեր ժամանակներում, երբ տեղեկատվության պասիվ միջոցները կարող են մատչելի լինել նաև անմիջականորեն Ռուսաստանից, դիվանագիտական աշխատանքում, այնուամենայնիվ, առաջին տեղում են անձնական կապերը, մարդկային հանդիպումները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք ոչն-չով փոխարինվել չեն կարող» [5]: Սակայն փոխադարձ վստահելի և կոնֆի-դենցիալ կապերի հաստատումը, հատկապես տեղեկատվության փոխանակումը, երկկողմանի երևույթ են: Կարիերային դիվանագետը երբեք հենց այնպես չի բաժանվի իր ունեցած ինֆորմացիայից, եթե դրա դիմաց չի ստանում մեկ այլ ինֆորմացիա: Դիվանագիտության հիմքում ընկած է առևտրի սկզբունքը. տուր, որ ստանաս: Այս հանգամանքը որոշ դժվարություն է հարուցում փոքր պետության դիվանագետների աշխատանքում, քանի որ նրանց երկրներին վերաբերող տեղեկատվությունը միշտ չէ, որ հետաքրքրություն է ներկայացնում մեծ երկրների դիվանագետների համար: Այդ բացը փոքր երկրների դիվանագետները լրացնում են այն կարևոր ինֆորմացիայով, որը նրանք քաղում են տեղական իշխանությունների և դիվանագիտական կորպուսում իրենց ունեցած կապերի շնորհիվ, որոնք կարող են լինել արժեքավոր և կարևոր: Փոքր պետությունների դեսպանները, որոնք զրկված են մեծ
երկրների դեսպանությունների հնարավորություններից (օպերատիվ-դիվանագիտական մեծ անձնակազմ, դեսպանընկալ երկրում գտնվող տարբեր ներկայացուցչություններ, արտաքին և ռազմական հետախուզություններ և այլն), գործի են դնում անձնական կապերն ինչպես երկրի պետական և մասնավոր կառույցներում, այնպես էլ դիվանագիտական կորպուսում, որոնց հաջողությունը կախված է նրանց պրոֆեսիոնալիզմից, դիվանագիտական հմտություններից և անձնական հատկանիշներից ու հմայքից:
Իդեալական դիվանագետի մի քանի հատկանիշների մասին
Դիվանագետից պահանջվող պրոֆեսիոնալ կարողությունների և մարդկային հատկանիշների մասին գրականությունն աղքատիկ է, սակայն դրանում կան փոքրաթիվ հեղինակներ, որոնց ոչ մեծաթիվ, բայց չգերազանցված աշխատասիրությունները դարձել են դիվանագետների ուղեցույցը, քրեստոմատիկ դասագրքեր, որոնցով դաստիարակվում և դեռ կդաստիարակվեն սերունդներ: Նկատի ունենք Ֆրանսուա Կալյերի «Ինչպես բանակցել տիրակալների հետ», Հարոլդ Նիքոլսոնի «Դիվանագիտություն» և «Դիվանագիտական արվեստ», Ժյուլ Կամբոնի «Դիվանագիտություն», Էռնեստ Սատոուի «Դիվանագիտական պրակտիկայի ձեռնարկ», Վիկտոր Պոպովի «Ժամանակակից դիվանագիտություն» և Հենրի Քիսինջերի «Դիվանագիտություն» գրքերը (տե ս նաև Արման Նավասարդյան, «Դիվանագիտություն»): Նշված հեղինակների կարծիքով դիվանագետը պետք է ունենա խոր գիտելիքներ և իր ընտրած ոլորտում աշխատելու մեծ փորձ, պրոֆեսիոնալների համայնքին (կորպորացիա) պատկա-նելու զգացում: Լինել ազնիվ այնքան, որքան մատչելի է գործունեության տվյալ բնագավառում: Խորապես ուսումնասիրել հավատարմագրված երկիրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղի ժողովրդի սովորույթներին, ավանդույթներին, առանձնահատկություններին և հոգեբանությանը: Խուսափել առանձին, չկապակցված փաստերի ու դիտարկումների հիման վրա լայն ընդհանրացումներ կատարելուց: Չլինել սուբյեկտիվ և տեղի չտալ զգացմունքների առջև: Ունենալ ինքնատիրապետման զարգացած, սեփական իրադրական հույզերը ճնշելու ընդունակություն, քանզի դրանք կարող են վնաս պատճառել այն գործին, հանուն որի նա գտնվում է տվյալ երկրում: Դիվանագետից, ըստ մեր հիշատակած հեղինակների, պահանջվում է լինել կարգապահ, ունենալ բնավորության զարգացած կամային գծեր, բնավորության «ամրություն»:
Տարբեր հեղինակների (որոնց, ինչպես նշվեց, դժբախտաբար կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել) դիվանագետների հատկանիշների վերաբերյալ նշած սկզբունքներից, այնուամենայնիվ, կառանձնացնեինք XVII դարի խոշոր դիվանագետ Ֆրանսուա Կալյերին, որի «Ինչպես բանակցել տիրակալների հետ» աշխատությունը համարվում է բոլոր ժամանակների ամենաճա-նաչված քրեստոմատիան, դաստիարակել է սերունդներ և իրեն չի սպառել: Նա մի ամբողջական փայլուն համակարգ ունի իդեալական դիվանագետի հատկանիշների վերաբերյալ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև.
• Իդեալական դիվանագետը պետք է ունենա սուր դիտողականություն և լինի ջանասեր: Նրա դատողությունները պետք է լինեն սթափ՝ իրականությունը տեսնելու, դեպի նպատակակետ ամենակարճ ու ամենահար-մար ճանապարհով գնալու և այլ իրավիճակներում չմոլորվելու համար:
• Իդեալական դիվանագետը պետք է լինի խորաթափանց, որը կօգնի նրան գուշակել զրուցակցի մտքերն ամենաաննշան դիմախաղից անգամ:
• Իդեալական դիվանագետը պետք է կարողանա արագ կողմնորոշվել, ուշադիր լսել, լինել քաղաքավարի, սիրալիր ու հավասարակշռված:
• Իդեալական դիվանագետը պետք է կարողանա զսպել ասելիքը, քանի դեռ բավարար չափով ծանր ու թեթև չի արել այն: Նա կսխալվի, եթե չհասկանա, որ խորհրդավորության մթնոլորտը, որտեղ գաղտնիքները «սարքվում» են ոչնչից, իսկ աննշան մանրուքները ներկայացվում են որպես պետական կարևոր գործեր, ոչ այլ ինչ է, եթե ոչ անհեռատես մտքերի արգասիք:
• Իդեալական դիվանագետը պետք է կարողանա պահել արժանապատվությունն անգամ այն դեպքում, երբ դա շատ դժվար է: Քաջությունը նույնպես կարևոր հատկանիշ է, քանի, որ երկչոտ մարդը երբեք հաջողության չի հասնի գաղտնի բանակցություններում:
• Իդեալական դիվանագետը պետք է ունենա հանգիստ բնավորություն, բարեմտորեն ընդունի անգամ հիմարներին, խուսափի բարկության պոռթկումներից, երբեք չտրվի հարբեցողության և խաղամոլության: Նրան պետք է խորթ լինեն դատարկ ժամանցներն ու թեթևսոլիկությունը: Նա պետք է լինի կնամեծար, բայց ոչ կնամոլ [6]:
Մայիս, 2016թ.
Ա. Նավասարդան
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Новая российская энциклопедия, Т., VI, М., Изд. «Энциклопедия», с. 288.
2. Галумов Э.А., Международный имидж России, М., 2008.
3. Налчаджян А.А., Этническая виктимология и психоистория этноцида, Ереван, Авторское издание, 2011, с. 261.
4. Кальвакоресси Питер, Мировая политика 1945-2000, Книга 1, М., Изд. Международные отношения, 2003, с. 565.
5. Самойленко В.В., Дипломатическая служба, Москва, Изд-во «Норма», 2011, с. 194.
6. De Callieres F, On the Manner of Negotiating wihe Princes, թարգմ. ֆրանսերենից, Kingston, 1963.
դիվանագետի իմացական եվ հոգեբանական մի քանի առանձնահատկությունների մասին
Արման Նավասարդյան
Ամփոփագիր
Դասական դիվանագիտությունը և այն լրացնող «քաղաքացիական» դիվանագիտությունը մեծ դեր են խաղում արտաքին աշխարհում պետության իմիջի ստեղծման գործում, որը կարևոր միջոց է միջազգային հարաբերություններում ազգային շահերի և հետաքրքրությունների պաշտպանության համար: Հոդվածում քննարկվում են դիվանագետների պաշտոնական և միջանձնային հարաբերությունների և շփումների առանձնահատկություններն արտասահմանյան գործուղումների ընթացքում, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման հնարավորություններն ու դժվարությունները, հատկապես փոքր պետությունների դիվանագիտական ծառայությունների համար: Հեղինակն անդրադառնում է դիվանագիտության մեկ այլ գրեթե չուսումնասիրված ոլորտի՝ իդեալական դիվանագետի հատկանիշներից մի քանիսին՝ հենվելով դիվանագիտական տեսության անվանի հեղինակների ուսումնասիրությունների վրա:
о некоторых познавательных и психологических
качествах дипломата Арман Навасардян
Резюме
Классическая и дополняющая ее «гражданская» дипломатия играют важную роль в создании имиджа государства на мировой арене. А имидж является важным средством защиты национальных интересов в системе международных отношений. В статье рассматриваются особенности официальных и межличностных отношений и контактов дипломатов во время зарубежных командировок, а также возможности и трудности при обмене информацией, особенно в случае дипломатических служб малых государств. Автор обращается и к другой сфере дипломатии, также практически не изученной, а именно: к некоторым качествам идеального дипломата. При этом он ссылается на исследовательские труды признанных специалистов в области теории дипломатии.
some cognitive and psychological characteristics of a diplomat
Arman Navasardian
Resume
Classic diplomacy and its supplement, the so-called civic diplomacy, have a great role in shaping the country's image in international relations. It is an important means to defend its national interests in foreign affairs. The article discusses the peculiarities of a diplomat's formal and interpersonal communications and relationships during overseas business trips, as well as the possibilities and difficulties in sharing information, especially for diplomatic services of small countries. Based on the studies of outstanding authors of diplomacy theory, the author refers to another almost unstudied field of diplomacy, that is, some of the traits of a perfect diplomat.