ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՇՈՒՇԻՈՒՄ XIX ԴԱՐՈՒՄ
ՎՐԵԺ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի տնտեսական կյանքի զարգացման վրա դրական ազդեցություն ունեցավ Ռուսաստանին միացումը: 1820-ական թվականներին գեներալ Մադաթովը բավականին աշխատանք է կատարել մանավանդ տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա զբաղվել է ճանապարհների բարեկարգմամբ: Մադաթովի
հանձնարարությամբ 1823-ւ825թթ. վերանորոգվում է Ասկերան-Շուշի ճանապարհը: Նրա աջակցությամբ կառուցվել է նաև Ելիզավետպոլ-Ասկերան ճանապարհը՜: Կենտրոնական բոլոր ճանապարհների վրա կառուցվել են պահակակետեր և փոստային կայաններ: Նա Շուշիի հայերին համոզել է կամուրջներ կառուցել Թարթառ և Խաչեն գետերի վրա:
Ցարական կառավարությունը իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք շատ թե քիչ աշխուժացրին տնտեսական կյանքը: Արցախում Ռուսաստանի տիրապետության մեկ դարը Շուշիի ծաղկման ու բարգավաճման շրջան էր: Այն պայմանավորված էր նաև արևելահայկական այլևայլ գավառների բնակչության՝ այնտեղ կատարված ներհոսքով1 2:
1822 թ. վերացվում է իր գոյության կարճատև շրջանում Ղարաբաղի առաջընթացը խոչընդոտած և բոլոր առումներով հետադիմական խանությունը, իսկ 1823 թ. Շուշին դառնում է գավառի կենտրոն3: 1830-ական թվականների սկզբից Արցախի թեմի աթոռանիստ դարձած Շուշին ոչ միայն գավառի վարչական, այլև տնտեսական ու մշակութային կենտրոնն էր, որն աչքի էր ընկնում իր կառույցներով, եկեղեցիներով, տպարանով, ուսումնական հաստատություններով, արդյունաբերական ձեռնարկություններով, արհեստանոցներով4:
Շուշիի զարգացման կարևոր խնդիրներից մեկն էլ քաղաքի ինքնավարության հարցն էր, որը պահանջում էր ժողովուրդը: Դրանով
կլուծվեին արմատական նշանակության կարևոր հիմնահարցեր կրթության, առողջապահության, քաղաքաշինության և բազմաթիվ այլ ոլորտներում: Ժողովրդի պահանջները հաշվի առնելով՝ ցարական իշխանություններն ի վերջո 1892 թ. հուլիսի 11-ին ընդունում են քաղաքի ինքնավարության վերաբերյալ կանոնադրություն: Սակայն Շուշիի ինքնավարության իրավունքի իրականացումն անընդհատ ձգձգվում էր, ինչը տեղի ունեցավ միայն 1896 թ.: Սա կարևոր հաղթանակ էր քաղաքի բնակչության համար, որովհետև շուտով քաղաքագլուխ նշանակված Կ. Դանիելյանցը սկսում է զբաղվել փողոցները սալահատակելու, խմելու ջրի բաշխման և այլ հարցերով: Շուշեցիները նույնպես կանգնած էին քաղաքային իշխանությունների կողքին և ամեն կերպ փորձում էին օգտակար լինել իրենց հայրենի քաղաքի շենացմանը: Նրանք իրենց միջոցներից կտակում կամ հատկացնում էին Շուշիի քաղաքային վարչությանը: Օրինակ՝ 1884 թ. Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանցը իր կտակած գումարի մի մասը հատկացրել է Շուշիի քաղաքային վարչությանը5: Իսկ Ղարաբաղի թեմի ժամանակավոր
կառավարիչ Զավեն եպիսկոպոսի՝ 1913 թ. հունիսի 17-ին վեհափառին
1 Աբրահամյան Հ., Արցախը 18-19-րդ դարերում, Եր., 2015, էջ 207:
2 Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը, Եր., 1994, էջ 184:
3 Բաղդասարյան Ն., Վարչաքաղաքական և սոցիալ-տնտեսական կացությունը Ղարաբաղում 1813-1867 թթ., Եր., 2015, էջ 94:
4 Աբրահամյան Հ., նշվ. աշխ., էջ 283:
5 ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 1553, թ. 43: Մանրամասն նաև տե'ս «Արձագանք», Թիֆլիս, 1898, հմ. 2-3, էջ 382: 1901, հմ. 7, էջ 265: 1902, հմ. 4, էջ 243: 1903, հմ. 4, էջ 248: 1904, հմ. 3, էջ 209:
- 47 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ներկայացրած զեկուցագրի համաձայն' հանգուցյալ Թավադյանը, կտակատարներ Բոգդան Գասպարյանցի և Համբարձում Առաքելյանի վկայությամբ, Շուշի քաղաքին տարբեր բարեգործական նպատակների համար կտակել է 100.000 ռուբլի գումար1: Քաղաքի առաջնահերթ խնդիրներից էր խմելու ջրով ապահովումը, ինչը կթեթևացներ բնակչության հոգսերը: Այդ գործին ձեռնամուխ եղան շուշեցի մեծահարուստները, որպեսզի քաղաքն ունենա կանոնավոր մատակարարվող խմելու ջուր: Մինչ այդ քաղաքին խմելու ջուր էին մատակարարում ջրկիրները, որոնք կոչվում էին նաև «սուչիներ»: Նրանք ջուր էին բերում քաղաքից դուրս գտնվող սառնորակ, քաղցրահամ աղբյուրներից2: Դեռ 1852 թ. շուշեցի Անդրեաս
Խանդամիրյանցը իր կտակած գումարից 5000 ռուբլի հատկացրել էր քաղաք բերվող ջրի ծախսերի համար3: Իսկ 1870 թ. շուշեցի Մահտեսի Անդրեաս Գյանջումյանցը իշխանությունից թույլտվություն է ստանում 50 000 ռուբլի ներդրումով աղբյուրների ջրերը խողովակաշարով հասցնել քաղաք: Բայց այդ ծրագիրն անկատար է մնում4 5: 1871 թ. օգոստոսի 18-ին շուշեցիներ Հայրապետ Փիրիյանցի և Աղաջան Դանիելյանցի ջանքերով ու միջոցներով Յաստի-Բուջա տեղամասով ջուր է հասցվում Շուշի : Իսկ 1873թ. Խուրշիդ Բանու Նաթավանի, նույն Հայրապետ Փիրիյանցի և Աղաջան Դանիելյանցի միջոցներով6 քաղաքից 7 վերստ հեռավորությունից ջուրը խողովակաշարով հասցվում է Շուշի: Այս քայլերը որոշակիորեն թեթևացնում են բնակչության հոգսերը, սակայն չէին ապահովում Շուշիի բոլոր բնակիչներին: Դեռևս խմելու ջրի հարցը մնում էր օրախնդիր, մանավանդ, որ օրեցօր աճում էր Շուշիի բնակչության թիվը:
Այնուհետև Շուշիի բնակիչ Թադևոս Թամիրյանցը, որը մեծ հարստության տեր էր, քաղաքից դուրս կառուցել է տալիս մի գործարան, որտեղ պատրաստում էին կավե խողովակներ («թունգա») ու այդ թունգաներով քաղաքից մոտ 15-17 կմ հեռավորության վրա գտնվող առողջարար ու սառնորակ ջուրը բերում քաղաք:
Նա նաև 100 հզ. ռուբլի ոսկի է ներդնում և 1893-1901 թթ. ջրատար կառուցում, որով Բերդաձորի հյուսիսային սահման Սարի Բաբա լեռան փեշերից խմելու ջուր է հասցնում քաղաք: Ջրատարը կառուցելուց հետո քաղաքում կառուցվում են բազմաթիվ աղբյուրներ: Մեծ բարերարի հիշատակին տեղադրվել էր հուշաքար հետևյալ մակագրությամբ. «1893-1901թթ.: Ի յիշատակ յաւէրժական բարութեանց կառուցեալ այս ջրամբար և ջրուղին ի Թադէոսէ Բապայեան Թամիրեանց անմահ նուէր Շուշւոյ համայն քաղաքին»7: Հատկանշական է, որ այս ջրատարը ժամանակի չափանիշներով բարձրորակ կառույց էր:
Քաղաքն իր շրջակայքի հետ հաղորդակցվում էր երեք ճանապարհով. առաջին խճուղու միջոցով Շուշին կապվում էր Եվլախ կայարանի հետ, որը կոչվում էր Շուշի-Եվլախ խճուղի8: 1912 թ. որոշվում է դեպի Գանձակ լեռնային ապահով ճանապարհ կառուցել, որի համար հայությունը հանգանակում է 90 000 ռուբլի գումար9: 1900-ական թվականներից սկսած՝ քաղաքի բնակչությունը աշխատել է Շուշին Եվլախ կայարանի հետ կապել երկաթգծով: 1907-1908 թթ. շուշեցի հայտնի մեծահարուստ Միրզա Սարուխանյանը սկսում է կառուցել այդ երկաթգիծը, ինչի համար 1910 թ.
1 ֆ. 57, ց. 2, գ. 1003, թ. 44:
2 Կիսիբեկյան Ա., Հուշեր, հտ. 1., Եր., 2011, էջ 287:
3 ֆ. 56, ց. 17, գ. 46, թ. 36:
4 Բալայան Վ., Շուշի. տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում, Եր., 2017, էջ 328-329:
5 Բակուր, Շուշի բերդաքաղաքը, Եր., 2000, էջ 215:
6 Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 329:
7 Հարությունյան Հր., Շուշի: Նորահայտ նյութեր քաղաքի պատմության մասին, Եր., 2002, էջ 59:
8 Մանրամասն տե'ս Շուշի-Գանձակ ճանապարհի համառօտ հաշիւ: Յուլիսի 7-ից 1906 թ. մինչեւ մայիսի 20-ը 1910 թ. Շուշի, 25-ին մայիսի 1910, Շուշի, «Մելքում Բաբաջանյան», 1910, էջ 61:
9 Բալայան Վ., Շուշի. տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում, էջ 327:
- 48 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
տեղի ժողովուրդը շնորհակալություն և գոհունակություն է հայտնում բարերարին1: Սակայն վերջինիս հաջողվում է միայն հողային աշխատանքները վերջացնել և կառուցել կամուրջները: Քաղաքական անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս ավարտել կառուցումը և քաղաքը երկաթուղագծով կապել կայարանի հետ: Երկրորդ ճանապարհը, քաղաքի ներքին դարպասից աստիճանաբար ցածրանալով, հասնում էր պատմական Վարանդայի շրջանը: Երրորդ ճանապարհն էլ սկիզբ էր առնում քաղաքի վերին դարպասից և հասնում մինչև Գորիս: Այն կոչվում էր Շուշի-Գորիս խճուղի, որի շինարարությանը 2.000 ռուբլի է նվիրաբերում շուշեցի բարեգործ Միքայել Արամյանցը2:
1881 թ. Թիֆլիսում Բագրատ Նավասարդյանի ջանքերով գումարվում է Կովկասի հայոց բարեգործական ընկերության3 ընդհանուր ժողովի առաջին նիստը, որի ընթացքում Բ. Նավասարդյանը հայտնում է, որ «Բարեգործական ընկերութեան կանոնադրութիւնը արժանացաւ Կովկասեան փոխարքայի պաշտոնակատար, Գէնէրալ Ադիւտանտ իշխան Մէլիքովի հաստատման, 6-ին Յուլիսի 1881 ամի»4:
Այն նպատակ ուներ «նպաստել լուսավորության տարածելուն հայոց մեջ՝ ռուսաց պետության սահմաններում և նյութապես օգնել նրանց: Եվ ռուսաց պետության սահմաններից դուրս գտնվող հայերին բացի նյութապես օժանդակություն անելուց՝ լուսավորություն ևս տարածել նոցա մեջ»5:
Այս հայրենանվեր գործում Բ. Նավասարդյանին աջակցել և աշխատակցել է հայ ժողովրդի նվիրյալ մեկ այլ զավակ՝ դրամատուրգ և հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը, ով խմբագրել է ընկերության առաջին կանոնադրությունը6, այն թարգմանել վրացերեն և հրատարակել7: Ի դեպ, մեծ դրամատուրգն ամեն կերպ փորձել է օգտակար լինել ընկերության Շուշիի մասնաճյուղին, որտեղից որպես նվեր ստացել է փառավոր մի ապակյա բաժակ. «Ստացա Շուշվա տեղական վարչության կողմից ինձ ուղարկած ընծան և կամենալով մի թեթև փոխարինություն անել, ես վստահանում եմ ուղարկել Ձեզ իմ երկերից հարյուր օրինակ' նորանից գոյացած արդյունքը հատկացնել հօգուտ ԿՀԲ Ընկերության Շուշվա մասնաճյուղին»8:
Բարեգործական ընկերությունն իր հովանու ներքո է վերցնում սովորող չքավոր աշակերտների, գրադարաններ, ընթերցարաններ, ճաշարաններ, բժշկական օգնություն է ցուցաբերում համաճարակների ժամանակ (1892 թ. ամռանը 400 ռուբլի հատկացվում է Շուշիի տեղական վարչությանը՝ գավառում տարածված խոլերայի համաճարակի դեմ միջոցներ ձեռնարկելու նպատակով9):
Ընկերության բացած առաջին մասնաճյուղերից մեկը գտնվում էր Շուշիում, որը իրականացվել էր 1881 թ. դեկտեմբերի 22-ին Ղարաբաղի հոգևոր դպրոցի տեսուչ Համբարձում Առաքելյանի ջանքերով10: Բարեգործական ընկերության դրամական միջոցները գոյանում էին գործադիր անդամների անդամավճարներից, նվիրադրամներից, ընկերության օգտին կազմակերպված միջոցառումների ժամանակ հանգանակված գումարներից:
1 ֆ. 227, ց. 1, գ. 634, թ. 12:
2 Անթանեսյան Վ., Միքայել Արամյանց, Եր., 2011, էջ 46:
3 Մանրամասն տե'ս Լէօ, Երեսնամեակ հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում (1881-1911), Թիֆլիս, 1911: Հակոբյան Ռ., Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադրումը, «Ակունք», Եր., 2013, հմ. 3, էջ 31-41:
4 ֆ. 28, ց. 1, գ. 2, թ. 2:
5 Բեհբուդյան Ս., Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, Բանբեր Հայաստանի արխիվների, 1967, հմ. 1, էջ 228:
6 ֆ. 28, ց. 1, գ. 100, թ. 5:
7 Նույն տեղում, գ. 101, թ. 93:
8 Սունդուկյան Գ., ԵԼԺ, հ.3, Եր., 1952, էջ 454:
9 ֆ. 319, ց. 1, գ. 176, թ. 8-9, թ. 10-14 շրջ.:
10 ԳԱԹ, Հ. Առաքելյանի ֆոնդ, թ. 1272:
- 49 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
1882 թ. Պետրոս Ադամյանը և տեղացի դերասանները ներկայացում են տալիս ու ստացված գումարը՝ 221 ռուբլի 65 կոպեկ, տրվում է ՀԲԸ Շուշիի մասնաճյուղին1: Շուշիի մասնաճյուղին հատկացված առաջին դրամագլուխը եղել է շուշեցի Մարկոս Դոլուխանյանցի և նրա մոր՝ Թագուհի Դոլուխանյանցի կողմից նվիրաբերված 500 ռուբլին2: 1882 թ. ընկերության դրամական միջոցները
համալրեցին Դավիթ Խանդամիրյանի և պրոկուրորի (դատախազ) օգնական Լազինսկու նվիրաբերած գումարները (5-ական ռուբլի), 86 գործադիր անդամների անդամավճարները (5-ական ռուբլի՝ 430 ռուբլի) և ընկերության օգտին տրված ներկայացումից գոյացած գումարը (183 ռուբլի 65 կոպեկ):
1882 թ. օգոստոսին տեղական վարչությունը դիմեց Թիֆլիսի խորհրդին՝ Շուշիում ընկերության անունով գրատուն-ընթերցարան բացելու խնդրանքով3: Գրատուն-ընթերցարանը բացվեց 1888 թ. Ելիզավետպոլի նահանգապետի վկայագրով4: Քաղաքի երիտասարդ ուժերի ջանքերով կազմակերպվում են
ներկայացումներ և մանկական երեկոներ, իսկ գոյացած ողջ արդյունքը ծախսվում է գրադարանի համար անհրաժեշտ կահույք և գրքեր ձեռք բերելու վրա5:
1881-1896 թթ. ընթացքում Կովկասի հայոց բարեգործական ընկերության Շուշիի տեղական վարչության նվիրատուների շարքերը համալրել են հետևյալ անձինք. Բեգլարբեկ Դոլուխանյանց՝ 300 ռուբլի6, Խանում և Հովհաննես Ադամյաններ՝ 300 ռուբլի արժողությամբ 47 հատոր գիրք՝ հօգուտ ընկերության Շուշիի գրադարան-ընթերցարանի , Աննա Ղուկասյան՝ 200 ռուբլի՝ հօգուտ ընկերության Շուշիի գրադարան-ընթերցարանի՝ գրքեր գնելու համար8, Սարգիս Ադամյան՝ 100 ռուբլի՝ հօգուտ ընկերության գրադարան-ընթերցարանի՝ գրքեր գնելու համար9, Հովհաննես Դավթյան-Ադամյանց՝ 600 ռուբլի՝ հօգուտ ընկերության գրադարան-ընթերցարանի՝ գրքեր գնելու համար10, Բաբա, Իսաջանբեկ և Անդրեաս-բեկ Թյունիբեկյանցներ՝ պետական բանկի 5% տոմս՝ 100 ռուբլի արժողությամբ11, Եկատերինա Մարտիրոսյան-Կազաչկովա՝ 300 ռուբլի12, Խանդամիրյանց՝ 1000 ռուբլի1 : Շուշիի մի խումբ երիտասարդներ Ջրօրհնեքհ տոնին ժողովել են և ընկերության գրադարանին նվիրել 1891 թ.՝ 247 ռուբլի , 1893 թ.՝ 154 ռուբլի15: Նվիրատվություններ են կատարել նաև Ավետիս Կարաբեկյանը16, Հովհաննես Խունյանցը, Սարգիս Խանդամիրյանցը, Մովսես Շահնազարյանցը, Սարգիս Կրասիլնիկյանցը, Իսահակ Թաթոսյանցը 7 և այլք:
Փաստորեն XIX դարի երկրորդ կեսին Շուշիի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքն աշխուժանում ու վերելք էր ապրում հիմնականում բարերարների և բարեգործական ընկերությունների միջոցների, նվիրատվությունների հաշվին: Ռուսական կայսրության ծայրամաս համարվող
1 «Մշակ», հմ. 156, Թիֆլիս, 1882, էջ 2:
2 ֆ. 28, ց. 1, գ.1004, թ. 15 շրջ.:
3 Նույն տեղում, թ. 18 շրջ.:
4 Նույն տեղում, գ. 269, թ. 10:
5 Նույն տեղում, թ. 115 շրջ.
6 Նույն տեղում, թ. 1 շրջ., 2 շրջ., 30 շրջ.:
7 Նույն տեղում, թ. 19 շրջ., թ. 20, թ. 22:
8 Նույն տեղում, թ. 23 շրջ., 24 շրջ., 25 շրջ., 27 շրջ.:
9 Նույն տեղում, թ. 32, 33, 36, 37 շրջ.:
10 Նույն տեղում, թ. 34 շրջ., 38 շրջ.:
11 Նույն տեղում, գ.1005, թ. 26 շրջ., թ. 27:
12 Նույն տեղում, թ. 68 շրջ., 70 շրջ., 71-72, 76 շրջ.:
13 Նույն տեղում, թ. 83-84:
14 Նույն տեղում, գ. 269, թ. 26 շրջ.:
15 Նույն տեղում, գ.1005, թ. 32 շրջ.:
16 Նույն տեղում, թ. 13 շրջ.:
17 ֆ. 319, ց. 1, գ. 175, թ. 8 շրջ., 9, 10 շրջ.:
- 50 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Արցախը և մասնավորապես Շուշին, անտեսված լինելով պետության կողմից, զարգանալու մեծ հնարավորություններ չուներ, բայց այդ խնդիրն իրենց վրա վերցրին շուշեցի մեծահարուստ առևտրականները, հասարակ քաղաքացիները՝ ամեն ջանք ու եռանդ ներդնելով հայրենի քաղաքի շենացման համար: Այս ամենի արդյունքը այն էր, որ արդեն XX դարի սկզբին Շուշին դարձել էր Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը՝ ունենալով սալահատակված փողոցներ, երկհարկանի, եռահարկ շենքեր, գեղեցիկ եկեղեցիներ, կոյուղի և այլն:
Վրեժ Հարությունյան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՑՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՑՈՒՆԻՑ ՇՈՒՇԻՈՒՄ XIX ԴԱՐՈՒՄ
Բանալի բառեր՝ բարեգործություն, Շուշի, գրադարան-ընթերցարան, Թադևոս Թամիրյանց
XIX դարի սկզբին Շուշին, միանալով Ռուսական կայսրությանը, ստանում է զարգանալու լայն հնարավորություններ, դառնում համանուն գավառի կենտրոնը, ձեռք բերում քաղաքային ինքնավարություն: Սակայն քաղաքը ուներ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնց լուծման համար նվիրատվություններ էին կատարում ոչ միայն մեծահարուստ շուշեցիները, այլ նաև հասարակ բնակիչները: Հատկանշական է, որ երիտասարդները նույնպես անմասն չէին մնում այս գործընթացներին՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ: Սակայն
առավելապես անգնահատելի է Թադևոս Թամիրյանցի գործունեությունը: Փաստորեն հիմնականում բարեգործության շնորհիվ XIX դարի վերջին Շուշին դարձավ Անդրկովկասի ծաղկուն քաղաքներից մեկը:
Vrezh Harutyunyan
FROM THE HISTORY OF THE SOCIO-ECONOMIC ACTIVITIES OF CHARITABLE ORGANIZATIONS AND PHILANTHROPISTS IN SHUSHI (19TH CENTURY)
Key words: charity, Shushi, library-reading-room, Tadevos Tamiryants
In the beginning of the 19th century, after uniting with Russian Empire, Shushi gets wide opportunities for further development and political self-governmental position. However, the city had socio-economic problems for the solution of which not only wealthy people of Shushi were engaged in charity, but also simple people. It should also be noted that the youth did not stand aside by organizing various events.
However, the activity of Tadevos Tamiryants was especially priceless In fact, mainly through charity, in the late 19th century Shushi became one of the prosperous cities in the Caucasus.
- 51 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Вреж Арутюнян
ИЗ ИСТОРИИ СОЦИАЛЬНО-ЭКОНОМИЧЕСКОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ БЛАГОТВОРИТЕЛЬНЫХ ОРГАНИЗАЦИЙ И МЕЦЕНАТОВ В ШУШИ (XIX ВЕК)
Ключевые слова: благотворительность, Шуши, библиотека-читальня,
Тадевос Тамирянц
В начале XIX века Шуши, объединившись с Российской империей, получает широкие вазможности для дальнейшего развития и становится областным центром, обретя политическое самоуправление.
С учетом социально-экономических проблем города благотворительностью занялись не только богатые шушинцы, но и простые жители. Стоит отметить, что не осталась в стороне и молодежь, организовывая разного рода мероприятия. Особенно хочется отметить неоценимую деятельность Тадевоса Тамирянца.
Благодаря благотворительности, в конце XIX века Шуши стал одним из процветающих городов в Закавказье.
- 52 -