ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ (1920Թ.)
ԳԱՅԱՆԵՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1918 թ. մայիսի 28-ին' ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո,
վերածնվեց հայկական անկախ պետականությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Խիստ ծանր էր նորանկախ հանրապետության թե' ներքին, թե' արտաքին դրությունը. քայքայված տնտեսություն, ցեղասպանությունից փրկված հարյուր-հազարավոր գաղթականներ, սով, համաճարակ: Այդ ամենին գումարվում էր թշնամական շրջապատը, հակասությունները ու անհավասար կռիվը հարևան երկրների նվաճողական ձգտումների դեմ: Արցախը կամ պատմական Հայաստանի տասներորդ աշխարհը, հայոց նորագույն պատմության հենց սկզբից դարձավ հայության պայքարող ոգու կրողն ու արտահայտիչը: 1918 թ. աշնանից
արցախահայությունը հարկադրված էր զենքը ձեռքին համառ ու անհավասար պայքարի ելնել՝ թուրք-ադրբեեջանական կողմի դեմ՝ ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար:
1919 թ. օգոստոսյան համաձայնագրից1 հետո Արցախում արտաքուստ, ասես, վերականգնվել էր խաղաղությունը, որը, սակայն, երկար չտևեց: Ադրբեջանի կողմից Շուշիի, Զանգեզուրի, Ջիվանշիրի և Ջիբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ նշանակված Խոսրով բեկ Սուլթանովը շարունակում էր Ղարաբաղի հայոց Ազգային խորհրդից պահանջել գործնականորեն ենթարկվել Ադրբեջանի իշխանությանը: Արցախցիները վճռականորեն մերժում էին այդ պահանջը: Ի պատասխան Ադրբեջանի կառավարությունը տենդագին նախապատրաստվում էր ուժով տիրելու Արցախին: Շուտով Սուլթանովը հրամայեց մուսավաթական բանակը տեղաշարժել և կենտրոնացնել ռազմավարական նշանակություն ունեցող կետերում2:
1920 թ. փետրվարի 28-ից մարտի 5-ը Շոշ գյուղում կայանում է Արցախի հայության ութերորդ համագումարը (մասնակցում էին 196 պատգամավորներ), որը քննության է առնում Ադրբեջանի կառավարության հետ կնքված ժամանակավոր համաձայնագիրը, և արձանագրում, որ Սուլթանովի' հայությանն անհապաղ Ադրբեջանին ենթարկեցնելու պահանջը հակասում է 1919 թ. օգոստոսյան համաձայանագրին: Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ընդունված բանաձևում համագումարը կոչ է անում Ադրբեջանին չխախտել օգոստոսյան համաձայնագիրը, այլապես խոստանալով, որ Արցախի հայությունը կդիմի պաշտպանության համապատասխան միջոցների3:
Ադրբեջանական կողմը, զայրացած ութերորդ համագումարի որոշումներից, սկսում է իրագործել Արցախի վերջնական հնազանդեցման իր վաղեմի երազանքը: 1920 թ. մարտի 20-ին Սուլթանովը վերջնագիր է ներկայացնում Արցախի բնակչությանը' երեք օրվա ընթացքում զինաթափվելու պահանջով՝ հակառակ դեպքում սպառնալով բռնի ուժի գործադրում4: Մերժում ստանալով՝ ադրբեջանական կողմը վճռում է բռնությամբ զինաթափել հայ բնակչությանը:
1 Այդ ժամանակավոր համաձայնագրով Արցախի Շուշի, Ջիվանշիր և Ջեբրայիլ գավառների հայերով բնակեցված լեռնային մասը ժամանակավորապես' մինչև հարցի լուծումը Փարիզի խաղաղարար կոնֆերանսում, համարվում էր Ադրբեջանի Հանրապետության սահմաններում, մանրամասն տե'ս
Микаелян В., Нагорный Карабах в 1918-1923 гг., Ереван, 1992, ст. 323-327П
2 Տե՛ս Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքարը, հատոր Ա, Երևան, 1993, էջ 28-29:
3 Տե'ս Микаелян В., указ. соч., ст. 379-380:
4 Տե'ս Հարությունյան Հ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ., Երևան, 1996, էջ 212:
- 85 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
1920 թ. մարտի 22-ին Արցախում սկսվեցին կռիվներ: Մուսավաթական բանակի հարվածային ուժերը, թուրք սպաների հրամանատարությամբ, կենտրոնացել էին Աղդամ-Ասկերան-Խանքենդի-Շուշի խճուղու, իսկ արևմտյան կողմից՝ Քիրս-Տումի-Խծաբերդ ուղղություններում1: Հայկական զինված ջոկատները հարձակման անցան ռազմավարական նշանակություն ունեցող Ասկերանի, Շուշիի և Խանքենդիի ուղղություններով: Մարտի 22-ին Խանքենդիի ուղղությամբ գործող հայկական ուժերը, թշնամուն մեծ կորուստներ պատճաոելով, գրավում են Խոջալուն և Խանքենդին: Մարտի 23-ին Արցախի մարտիկները գրավեցին Ասկերանի բերդը և հակառակորդին ստիպեցին նահանջել:
Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կիզակետը Շուշիի հայ բնակչության ջարդն էր: Մահմեդականների Ամանորի (Նովրուզ Բայրամ) տոնակատարությանը մասնակցելու անվան տակ ադրբեջանական զորքը Խանքենդիից բերվեց Շուշի' զորահանդեսի: Ղարաբաղի տարբեր շրջաններից Շուշի եկան նաև տասնյակ հարյուրավոր մահմեդականներ (ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի թիվը հասնում էր շուրջ 10.000-ի)2:
Հիմնահատակ կործանվում է Շուշիի հայկական թաղամասը, որը հրի է մատնվում: Կոտորվում է քաղաքի հայ բնակչության մեծամասնությունը (տարբեր տվյալներով 6000-8000 հայ)3: Շուշիի հայության բեկորները, թվով 6000 մարդ, հեռանալով Վարանդայի ու Դիզակի գյուղերը, կարողանում են ազատվել կոտորածից4:
Կատաղի մարտեր ծավալվեցին հատկապես Ասկերանի ուղղությամբ: Այն կարևոր ռազմավարական նշանակություն ուներ երկու կողմերի համար էլ: Ասկերանին տիրելով' ադրբեջանական կողմը կարող էր իր ձեռքում պահել Արցախը: Իսկ հայերի համար այն Արցախի բոլոր շրջանների միջև կապ հաստատելու հանգուցակետն էր: Հայկական փոքրաթիվ ուժերը Դալի Ղազարի գլխավորությամբ մարտի 27-ից 29-ը ետ մղեցին ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումը: Ապրիլի 3-ին' հակառակորդը ամբողջ ուժով նետվեց գրոհի և կարողացավ ճեղքել պաշտպանական գծի ճակատը5: Դալի Ղազարը անիմաստ համարելով քաղաքի հետագա պաշտպանությունը, որը կարող էր նաև անտեղի բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ, հրամայում է Ասկերանը պաշտպանող ուժերին նահանջել, իսկ ինքը մնում է կռվի դաշտում մինչև վերջին գնդակը6: Այդպիսով Արցախը բաժանվեց երկու մասի' Աղդամ-Շուշի ճանապարհը ընկավ հակառակորդի ձեռքը, իրարից կտրված էին Դիզակ-Վարանդան և Խաչեն-Ջրաբերդ-Գյուլիստանը:
Ապրիլի 5-ից 13-ն էլ լարված մարտեր տեղի ունեցան Վարանդայի ուղղությամբ: Սղնախ գյուղի տակ թշնամին մեծաքանակ կորուստներ է տալիս, որի հետևանքով, ինչպես նաև Հայաստանից սպասվելիք օգնության լուրն առնելուց հետո, լքում է ռազմաճակատի գիծը:
Ստեղծված ծանր իրադրության պայմաններում' Հայաստանի կառավարությունն ու Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերն որոշեցին օգնության ձեռք մեկնել Արցախին: 1920 թ. ապրիլի 17-ին Զանգեզուրի կողմից Վարանդա մտան Դրոյի, իսկ Կապանից Դիզակ' Գ. Նժդեհի հրամանատարության
1 Տե'ս Կիսիբեկյան Ա., Հուշեր, հատոր 1, Երևան, 2011, էջ 463։
2 Տե՛ս Հարությունյան Հ., Շուշիի հայության կոտորածները (1919 թ. հունիս և 1920 թ. մարտ), «Բանբեր հայագիտության», 2015, N 1, թ. 58:
3 Տե՛ս Հայաստանի Ազգային Արխիվ , ֆ. 57, ց.5, գ. 216, թ. 16-17, ֆ. 200, ց. 1, գ. 427, մաս 1, թ. 175, երկրորդ մաս, թ. 245:
4 Տե՛ս նույն տեղում, ֆ. 57, ց.5, գ. 216, թ. 16-17, «Հառաջ», 1920 թ. ապրիլի 20:
5 Տե՛ս Բալայան Վ., Արցախի պատմություն, Երևան, 2002, էջ 303:
6 Տե՛ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 215:
- 86 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
տակ գտնվող զորքերը: Արցախահայությունը հայ ազատարարներին ամենուր դիմավորում էր ցնծությամբ և հնարավոր բոլոր միջոցներով աջակցում նրանց: Տեղի հայկական ուժերի հետ միասին նրանց հաջողվեց պարտության մատնել թշնամուն և ստիպել նահանջել:
1920 թ. ապրիլի 25-ին Վարանդայի Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ արցախահայության իններորդ համագումարն, որին մասնակցում էին հիմնականում Վարանդայի և Դիզակի ներկայացուցիչները (Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի պատգամավորների համագումարը տեղի ունեցավ Մարտակերտում ապրիլի 29-ին)։
Թաղավարդում կայացած համագումարը (նախագահ Ա. Վերդյան, քարտուղար Հ. Երիցյան) որոշեց չեղյալ հայտարարել արցախահայության յոթերորդ համագումարի անունից Ադրբեջանի հետ կնքված ժամանակավոր համաձայնությունը և հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը' որպես նրա անբաժան մաս1:
Թվում էր' արցախահայությունը մոտ է իր երազանքի իրականացմանը' վերամիավորմանը մայր հայրենիքին, սակայն տարածաշրջանում տեղի ունեցան քաղաքական աննպաստ փոփոխություններ, մասնավորապես տարածաշրջան վերադարձավ ռուսական գործոնը:
1920 թ. ապրիլին բոլշևիկյան զորքերը մտան Անդրկովկաս, և Ադրբեջանը ապրիլի 28-ին առաջինը հռչակվեց խորհրդային հանրապետություն' այժմ էլ փորձելով բոլշևիկյան Ռուսաստանի միջոցով բավարարել իր զավթողական ծրագրերը: Արդեն ապրիլի 29-ին և 30-ին հեղկոմներ են ստեղծվում Շուշիում,
Կարյագինոյում և Աղդամում: Շուշիի հեղկոմի նախագահ է դառնում Սուլթանովը, որը խոր զայրույթ է առաջացնում արցախահայության շրջանում, որոնք բազմիցս բողոքի հեռագրեր են ուղարկում Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի նախագահ Վ. Ի. Լենինին և Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին2: Մայիսի 14-ին Սուլթանովի ստեղծած հեղկոմը լուծարվում է, իսկ վերջինս ձերբակալվում և տարվում է Բաքու: Նարիմանովի հովանավորությամբ Սուլթանովն այնտեղ ազատվում է պատասխանատվությունից, տեղափոխվում նախ Պարսկաստան, իսկ այնուհետև Թուրքիա։
1920 թ. ապրիլի 30-ին արդեն Խորհրդային Ադրբեջանի արտգործժողկոմ Մ. Հուսեյնովը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջեց զորքերը ետ քաշել Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքից, դադարեցնել ազգամիջյան կռիվները' հակառակ դեպքում սպառնալով պատերազմական դրություն հայտարարել երկու երկրների միջև3 4:
Մայիսի 1-ին նման պահանջով Հայաստանի կառավարությանը վերջնագիր ներկայացրեց Ադրբեջանը խորհրդայնացրած 11-րդ Կարմիր բանակի
հրամանատարությունը : 1920 թ. մայիսի 12-ին Շուշի են մտնում 11-րդ կարմիր բանակի 32-րդ դիվիզիայի զորամասերը: Մայիսի 19-ին կարմիր բանակի
պատվիրակությունը' Ս. Տեր-Գաբրիելյանի գլխավորությամբ, հանդիպում է Դրոյին՝ պահանջելով հայկական զորամասերը դուրս բերել Ղարաբաղից:
Մայիսի 24-ին Ավետարանոց գյուղում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բախումը կարմիր բանակի հետ կարող է հանգեցնել ծանր հետևանքների, Դրոն որոշում է մայիսի 25-ին հայկական զորամասերը դուրս բերել Ղարաբաղից5:
1 Տեն Микаелян В., указ, соч., ст. 146-147:
2 Տե՛ս Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը 1917-2000, գիրք Ա, 1917-1923, Երևան, 2003, էջ 199-200:
3 Տե' ս Микаелян В указ, соч., ст. 445:
4 Տեն նույն տեղում, էջ 446-447:
5 Տեն Ուլուբաբյան Բ., Արցախի պատմությունը: Սկզբից մինչև մեր օրերը, Երևան 1994, էջ 234:
- 87 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Մեկ օր անց' 1920 թ. մայիսի 26-ին Թաղավարդ գյուղում գումարված արցախահայության տասներորդ համագումարը երկրամասը հայտարարեց խորհրդային, ստեղծվեց Հեղկոմ' Ս. Համբարձումյանի նախագահությամբ: Մինչև հունիսի վերջը հեղկոմներ ստեղծվում են բոլոր գավառներում և գյուղերում1:
Միաժամանակ ստեղծվում է Դաշտային Ղարաբաղի հեղկոմ' Բ. Վելիբեկովի նախագահությամբ' Շուշի կենտրոնով: Հունիսի 16-ին երկու հեղկոմները
միավորվեցին, կենտրոնը դարձավ Շուշի քաղաքը: Միացյալ հեղկոմի նախագահ նշանակվեց Վելիբեկովը, ապա Ա. Կարաևը2:
Անհրաժեշտ է նկատել, որ թեև Արցախում խորհրդային կարգեր հաստատվեցին, այնուամենայնիվ, պատմական այս շրջափուլում այն չմիացվեց Ադրբեջանին: Այդ մասին է վկայում նաև 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագիրը, որով Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը հայտարարվում էին «վիճելի տարածքներ» և ամրագրվում էր, որ խորհրդային զորքերի կողմից դրանց գրավումը «չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետության իրավունքների հարցը»3:
Իհարկե, թիֆլիսյան այս համաձայնագիրը մեկ այլ կարևոր ենթատեքստ ևս ուներ. Ռուսաստանը չէր ցանկանում «վիճելի տարածքները» զիջել ոչ խորհրդային Հայաստանին և հարցի լուծումը հետաձգում էր մինչև նրա մոտալուտ խորհրդայնացումը։ Ուստի ամենևին էլ պատահական չէր Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Խորհրդային Ադրբեջանի հայտարարությունը «վիճելի տարածքների» (այդ թվում և Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին4։
Սակայն, բոլշևիկյան ծավալապաշտությանը զուգահեռ մահմեդական Արևելքում ավելի ու ավելի կարևոր տեղ էր հատկացվում «հեղափոխության ջահակիր» Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին։ Մինչդեռ հայ ժողովրդի ազգային և պետական շահերը չէին համընկնում բոլշևիկյան աշխարհաքաղաքական ծրագրերին և պետք է զոհաբերվեին «համաշխարհային հեղափոխության» շահերին: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև 1921 թ. հուլիսի 5-ի հայտնի որոշումը, որի համաձայն Արցախը բռնակցվեց Ադրբեջանին՝ «տնտեսական սերտ կապի» հիմնավորմամբ։
Գայանե Հովհաննիսյան
ԱՐՑԱԽՑԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՑՈՒՆԻՑ (1920 Թ.)
Բանալի բառեր' Արցախյան հերոսամարտ, ռուսական գործոն, հայ-ադրբեջանական հակամարտություն, Արցախի խորհրդայնացում
Հոդվածում ներկայացաված է Արցախյան հերոսամարտի պատմության 1920 թ. իրադարձությունները։ Լուսաբանված է ադրբեջանական կողմի նկրտումները Արցախի նկատմամբ, արցախահայության մղած հերոսական պայքարը ազատության համար, ռազմական բախումները, քաղաքական անցուդարձերը։
1 Տե՛ս Աբրահամյան Հր., նշվ. աշխ., էջ 207-208:
2Տե՚ս Վիրաբյան Ա., Լեռնային Ղարաբաղի սահմանների հիմնահարցը 1917-1923 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Անցյալը, ներկան և ապագան, միջազգային գիտաժողով, Երևան, 2007, էջ 220։
3 Տե'ս "Нагорный Карабах в 1918-1923 гг.", Сборник документов и материалов, Ереван, 1992, ст. 574-575.
4 Տե'ս «Կոմունիստ», 1920 թ. դեկտեմբերի 7։
- 88 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Անդրադարձ է կատարվել նաև Արցախի խորհրդայնացմանը և քաղաքական իրադրության փոփոխությանը՝ կապված ռուսական գործոնի տարածաշրջան վերադառնալու հանգամանքի հետ։ Ուսումնասիրելով Արցախյան հերոսմարտի այս շրջափուլը կարելի է գալ այն եզրահանգման, որ բոլշևիկների ծավալապաշտությունն և ադրբեջանցիների զավթողական ձգտումները զուգադիպեցին, ինչն էլ կանխորոշեց իրադարձությունների հետագա ընթացքը հօգուտ Խորհրդային Ադրբեջանի:
Gayane Hovhannisyan
FROM THE HISTORY OF ARTSAKH BATTLE (1920)
Keywords: Artsakh conflict, Russian factor, Armenian-Azerbaijani conflict, the sovietization of Artsakh
The article presents the history of the heroic battle in Artsakh in 1920. The territorial claims of Azerbaijan, the heroic struggle of Armenians for freedom, the military clashes and political events are discussed. The article also considers the sovietization of Artsakh and the changing of political situation associated with the return of the Russian factor to the region. Studying this stage of the heroic battle in Artsakh, we can conclude that the expansionism of the Bolsheviks and the aggressive aspirations of the Azerbaijanis coincided, which predetermined the further development of events in favor of Soviet Azerbaijan.
Гаяне Оганнисян
ИЗ ИСТОРИИ АРЦАХСКОЙ БИТВЫ (1920 ГОД)
Ключевые слова: Арцахская битва, российский фактор, армяно-
азербайджанский конфликт, советизация Арцаха
В статье представлена история героического сражения в Арцахе в 1920 году. Рассматриваются территориальные претензии Азербайджана к Арцаху, героическая борьба армян за свободу, военные столкновения, политические события. В статье также анализируются процесс советизации Арцаха и изменение политической ситуации, связанной с возвращением российского фактора в регион. Изучая этот этап героического сражения в Арцахе, можно сделать вывод, что экспансионизм большевиков и агрессивные устремления азербайджанцев совпали, что и предопределило дальнейшее развитие событий в пользу Советского Азербайджана.
- 89 -