ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Արցախում կայուն իրավիճակը կտրուկ փոխվեց և բոլոր առումներով սկսեց վատթարանալ: Երկրամասում անիշխանություն էր տիրում: Նոյեմբերից իշխանությունն իր ձեռքը կենտրոնացնելու փորձեր կատարեց Հայ հեղափոխական կուսակցությունների ու կազմակերպությունների Ղարաբաղի ժամանակավոր խորհուրդը (միջկուսակցական բյուրո)1: 1918 թ. հուլիսի վերջին տեղի ունեցած արցախահայության առաջին համագումարը Արցախը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր և ձևավորեց երկրամասի նոր ղեկավար մարմին՝ Ղարաբաղի ժողովրդական կառավարություն2: Արցախի հայության համագումարները, որոնք ընդհանուր առմամբ գումարվեցին 10 անգամ' մինչև 1920 թ. մայիսի վերջը, ներկայացնում էին տեղի հայության կամքը, քանի որ նրան մասնակցում էին մեկական պատգամավորներ յուրաքանչյուր բնակավայրից:
Մի կողմից ժողովրդական կառավարության ստեղծումը Արցախում կյանքը հունավորելու լավ սկիզբ էր, մյուս կողմից տարածաշրջանում հայտնված թուրքերը և Արևելյան Անդրկովկասի թաթարները սկսեցին իրագործել Արցախը շրջափակելու և արցախահայությանը ծնկի բերելու իրենց վաղեմի ծրագիրը:
1918 թ. օգոստոսին Բաքվի վրա արշավող թուրքական բանակի հրամանատար Նուրի փաշան վերջնագիր ներկայացրեց արցախահայությանը՝ պահանջելով ճանաչել Ադրբեջանի իշխանությունը3: Թուրքերից նման վերջանգիր ստացվեց նաև սեպտեմբերին, երբ ընթանում էր արցախահայության երկրորդ համագումարը4: Այդ օրերին գումարված արցախահայության թե' երկրորդ և թե' երրորդ համագումարները մերժեցին այդ պահանջը: Այս ընթացքում թուրքերն արդեն գրավել էին Բաքուն, որով Արցախի կացությունն էլ ավելի ծանրացավ: Թուրք-թաթարական զորքերը սեպտեմբերի վերջին գրավեցին Շուշին5:
Սկսվեց արցախահայության հերոսական դիմադրությունը զավթիչների դեմ: 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի համաձայն թուրքական զորքերը պետք է հեռանային Անդրկովկասից, իսկ այդ պայմանի կատարումը պետք է վերահսկեին անգլիական զորքերը: Սկզբնական շրջանում արցախահայությունը խանդավառությամբ ընդունեց այդ լուրը6:
Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ բրիտանացիները նույնպես, իրենց շահերից ելնելով, կողմ էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի, թեկուզ ժամանակավոր գերիշխանությանը: Անգլիացիները դրականորեն են վերաբերվում նաև 1919 թ. հունվարին Ադրբեջանի կառավարության նախագահ Խան-Խոյսկու կողմից Խոսրով բեկ Սուլթանովին Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր ընդհանուր նահանգապետ նշանակելու փաստին7: Հայկական կողմը դժգոհ մնաց Ադրբեջանի այս ագրեսիվ քայլից: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախ-Զանդեգուրի ընդհանուր նահանգապետություն հռչակելու փաստի կապակցությամբ, որով ոտնահարվում էին Հայաստանի տարածքային
1 Տե'ս Հարությունյան Հ., Լեռնային Ղարաբաղը 1918-1921 թթ., Երևան, 1992, էջ 18:
2 Տես Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов, Ереван, 1992, էջ 13-15:
3 Տե'ս Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ), ֆ. 200, ց. 1, գ. 7, թ. 62:
4 Տե'ս նույն տեղում, ֆ. 199, ց. 1, գ. 38, թ. 11:
5 Տե'ս Բալայան Վ., Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը, Երևան, 2002, էջ 298:
6 Տե'ս Հովհաննիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն: Հատոր I. Առաջին Տարին, 1918-1919, Երևան, 2005, էջ 169:
7 Տե'ս նույն տեղում, էջ 176:
- 22 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
իրավունքները1: Իսկ Արցախի հայկական իշխանությունները բրիտանացիներին տեղեկացրին, որ չեն ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը2: Փաստորեն, արցախահայությունը ստիպված էր դիմակայել ոչ միայն Ադրբեջանի ռազմական հարձակումներին, այլև՝ բրիտանացիների քաղաքական ճնշմանը:
Մի կողմից Ադրբեջանի վարած տնտեսական շրջափակման քաղաքականությունը, մյուս կողմից պարբերաբար տեղի ունեցող ջարդերը ավելի են բարդացնում արցախահայության վիճակը: 1919 թ. օգոստոսի 12-ին Շոշ գյուղում հրավիրված արցախահայության յոթերորդ համագումարը անգլիացիների պահանջով և Ադրբեջանի ռազմական սպառնալիքի ներքո որոշեց ժամանակավորապես' մինչև Փարիզի կոնֆերանսում հարցի վերջնական վճռումը, ընդունել Ադրբեջանի իշխանությունը: Համագումարի կողմից ընտրված պատվիրակությունը համապատասխան համաձայնագիր ստորագրեց Սուլթանովի հետ3: Սակայն դրանից հետո էլ չդադարեցին Ադրբեջանի ոտնձգությունները Արցախի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ 1919 թ. նոյեմբերի 23-ին Թիֆլիսում Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել էին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր4: Ավելին, 1919 թ. նոյեմբերին Ադրբեջանի պարտությունը
Զանգեզուրում նրան ստիպեց միառժամանակ ձեռնպահ մնալ Զանգեզուրի նվաճման պլանից, և նա իր ողջ ուժերն ուղղեց Արցախի վրա: Ադրբեջանցիները Զանգեզուրում կրած պարտության համար մեղադրում էին Արցախին:
Արցախի սահմանին կենտրոնացնելով իր բանակի մեծ մասը' 1919 թ. դեկտեմբերի 25-ին Ադրբեջանը անցավ հարձակման, իսկ 1920 թ. փետրվարի 19-ին Շուշիի Ազգային խորհրդից պահանջեց Արցախը հայտարարել Ադրբեջանի անբաժանելի մաս5: 1920թ. փետրվարի 28-ից մարտի 5-ը Վարանդայի Շոշ գյուղում գումարված արցախահայության ութերորդ համագումարը մերժեց Ադրբեջանին ենթարկվելու պահանջը6: Սա ավելի գազազեցրեց զավթիչներին: Նրանք սկսեցին ավելի մեծաքանակ զինված ուժեր կենտրոնացնել ազատատենչ արցախահայության դիմաց:
1920թ. մարտին Ադրբեջանը արցախցիներից պահանջեց զինաթափվել: Մարտի 22-ից ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման անցան Արցախի վրա' 300 կիլոմետրանոց ճակատով: Մարտի 23-ի գիշերը արցախահայությունը ընդհանուր ապստամբություն բարձրացրեց զավթիչների դեմ: Սակայն ուժերը խիստ անհավասար էին և ադրբեջանական զորքերն ու մահմեդական խաժամուժը գրավեցին Շուշիի հայկական մասը, հրդեհեցին այն' կոտորելով մոտ 10 հազար հայ: Թշնամին կոտորածներ իրականացրեց նաև Շուշիի և Ջիվանշիրի գավառների բազմաթիվ հայկական գյուղերում: Ծանր կացություն էր ստեղծվել հատկապես Ասկերանում, որտեղ 1920 թ. ապրիլի 3-ին ճեղքելով ճակատը հակառակորդը ուղղություն վերցրեց դեպի Շուշի7:
Արցախի համար այդ ծայրահեղորեն բարդ և ճակատագրական պահին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց օգնության հասնել նրան: 1920 թ. ապրիլի 13-ին Գորիսից Վարանդա մտավ Դրոն' հայկական բանակի զորամասով, որն իր ձեռքը վերցրեց իշխանությունը, իսկ Ղափանից Դիզակ մտավ Նժդեհը' Զանգեզուրի
1 Տե'ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 243, թ. 1:
2 Տե'ս նույն տեղում, ֆ. 199, ց. 1, գ. 38, թ. 27:
3 Տե'ս Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 341:
4 Տե'ս ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ. 282, թ. 35-36:
5 Տե'ս Բալայան Վ., Արցախի պատմությունը, էջ 302:
6 Տե'ս ՀԱԱ, ֆ. 278, ց. 1, գ. 21, թ. 34-35:
7 Տե'ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 215:
- 23 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ինքնապաշտպանական ուժերով1: Դրոն Շուշիում կոչով դիմեց արցախահայութւանը և ոգևորեց նրան2 3: Հայկական զինուժի մուտքն Արցախ ջերմությամբ ընդունվեց :
1920թ. ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում գումարված Արցախահայության իններորդ համագումարը չեղյալ համարեց յոթերորդ համագումարի կողմից Ադրբեջանի կառավարության հետ կնքած ժամանակավոր համաձայնագիրը և հռչակեց Արցախի միացումը ՀՀ-ին, որպես նրա անբաժան մաս4:
Սակայն շուտով ՀՀ և Արցախի գլխին նոր ամպեր կուտակվեցին' կապված 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացման հետ: Խորհրդային Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ ոչնչով չէին տարբերվում մուսավաթականների դիրքորոշումից: Ապավինելով Կարմիր բանակի
աջակցությանը՝ Ադրբեջանի կոմունիստ ղեկավարները նոր պահանջներ ներկայացրին Հայաստանի Հանրապետությանը: Պատերազմի սպառնալիքով նրանք պնդում էին անհապաղ հայկական զորքերից մաքրել Արցախի տարածքը5: Արդեն բոլշևիկացած նահանգապետ Սուլթանովը նախաձեռնեց հեղկոմների ստեղծումը Արցախի տարածքում6:
Ակներև էր ուժերի բացահայտ անհավասարության պայմաններում հաշված օրերի ընթացքում Արցախի խորհրդայնանալու հեռանկարը: Նախ ակնհայտ էր, որ Խորհրդային Ռուսաստանի համար քննարկման ենթակա չէր Անդրկովկասին վերատիրելու հարցը: Բոլշևիկների համար նաև օրվա անհրաժեշտություն էր դարձել Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի վրայով Քեմալական Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու խնդրի լուծումը: Հանուն համաշխարհային
բոլշևիկյան հեղափոխության և այդ հեղափոխությունը Թուրքիայում տարածելու ցնորամիտ երազանքների բոլշևիկները պատրաստ էին կատարելու Խորհրդային Ադրբեջանի բոլոր քմահաճությունները:
Զուգահեռաբար ադրբեջանական զորքերի կողմից Արցախի հայկական բնակավայրերը և հայ ազգաբնակչությանը ոչնչացնելու վերաբերյալ բողոքները ուշադրության չեն արժանանում: Ի դեպ թուրք-թաթարների սև գործին մասնակից էին դառնում նաև կամիրբանակային ռուս զինվորները7: Միաժամանակ հստակ էր, որ գերակշիռ ուժերի դեմ զինված պայքար մղելը հղի էր առավել վտանգավոր հետևանքներով: Խորհրդային Ռուսաստանի ռազմական բացահայտ աջակցությունը վայելող ուժի դեմ պատերզամը կարող էր շատ թանկ արժենալ ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության համար: Մայիսի 26-ին հրավիրված Ղարաբաղի հայության 10-րդ համագումարը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց խորհրդային: Հաջորդ օրը' մայիսի 27-ին հայկական զորքերը հեռացան Ղարաբա-ղից: Դրոն պաշտոնապես իշխանությունը հանձնեց Սաքո Համբարձումյանին, ով արցախահայության տասներորդ համագումարի կողմից ընտրվել էր Լեռնային Ղարաբաղի հեղկոմի նախագահ8:
Այսպիսով՝ Արցախի խորհրդայնացման արագացումը պայմանավորված էր ոչ միայն Ռուսաստանի՝ Անդրկովկասին վերատիրելու ձգտումով, այլև՝ Խորհրդային Ադրբեջանի կողմից երկրամասը բռնազավթելու մղումով:
Արցախի խորհրդայնացումով սկսվեց Հայաստանի Հանրապետության խորհրդայնացման գործընթացը: 192օ թ. ամռանը խորհրդային իշխանություն
1 Տե'ս Բալայան Վ., նշվ. աշխ., էջ 303:
2 Տե'ս ՀԱԱ, ֆ. 314, ց. 1, գ. 6, թ. 14:
3 Տե'ս նույն տեղում, գ. 34, թ. 267-268:
4 Տե'ս Աբրահամյան Հ., Արցախյան գոյամարտ, Երևան, 1991, էջ 98:
5 Տե'ս ՀԱԱ, ֆ. 278, ց. 1, գ. 38, թ. 84:
6 Տե'ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 236:
7 Տե'ս ՀԱԱ, ֆ. 278, ց. 1, գ. 35, թ. 19:
8 Տե'ս Հարությունյան Հ., նշվ. աշխ., էջ 245-246:
- 24 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
հաստատվեց նաև Նախիջևանում, իսկ աշնան վերջին ձմռան սկզբին Խորհրդային Ռուսաստանը բոլշևիկներին իշխանության բերեց նաև Երևանում:
Խաչատուր Ստեփանյան ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՑՆԱՑՈՒՄԸ
Բանալի բառեր' Արցախ, խորհրդայնացում, Շոշ գյուղ, համագումար, Խորհրդային Ադրբեջան
Արցախի խրհրդայնացումը Հայաստանի խորհրդայնացման գործընթացի կարևոր և բաղկացուցիչ մասն էր կազմում, չնայած ժամանակագրորեն Արցախն ավելի շուտ է խորհրդայնացվել (1920թ. մայիսին), քան Արարատյան Հայաստանը: Արցախի խորհրդայնացման գործընթացի արագացումը պայմանավորված էր ոչ միայն Ռուսաստանի նկրտումներով ևս մեկ անգամ տեր դառնալ Հարավային Կովկասին, բայց և այնպես Խորհրդային Ադրբեջանի մեծ ցանկությամբ զավթել տարածաշրջանը և վերջնականապես տիրել Խորհրդաին Արցախին:
Khachatur Stepanyan THE SOVIETIZATION OF ARTSAKH
Keywords: Artsakh, Sovietization, the village of Shosh, the Congress of the Soviet Azerbaijan
An important part of the process Armenia's Sovietization is the Sovietization of Artsakh. In terms of chronology, Artsakh earlier became soviet region (May 1920) than Araratian Armenia. The quick course of Artsakh's sovietization was conditioned not only by Russia's aspiration to return to Transcaucasia, but also with the intention of Soviet Azerbaijan to occupy the region.
Хачатур Степанян СОВЕТИЗАЦИЯ АРЦАХА
Ключевые слова: Арцах, советизация, село Шош, съезд, Советский Азербайджан
Советизация Арцаха является важной частью процесса советизации Армении. С точки зрения хронологии Арцах советизировался раньше (май 1920г.), чем Араратская Армения. Ускорение советизации Арцаха обусловлено не только стремлением России снова завладеть Закавказьем, но и намерением Советского Азербайджана оккупировать регион.
- 25 -