Научная статья на тему 'ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ "ԱՐՑԱԽ" ԵՐԿԸ'

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ "ԱՐՑԱԽ" ԵՐԿԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
60
9
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
АРЦАХ / АЛИШАН / ГАНДЗАСАР / ШУШИ / АКАНА / АМАРАС / СИСАКАН / ХАЧЕНАГЕТ / МРАВ / ЦАР / ARTSAKH / ALISHAN / GANDZASAR / SHUSHI / AKANA / AMARAS / SISAKAN / KHACHENAGET / MRAV / TSAR / Արցախ / Ալիշան / Գանձասար / Շուշի / Ականա / Ամարաս / Սիսական / Խաչենագետ / Մռավ / Ծար

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Բալայան Զինաիդա

Ալիշանը, որդեգրած ազգային գաղափարակարգին հետամուտ` առաջադրած խնդիրների հրատապությամբ, նյութի բազմակողմանի քննությամբ գնահատմամբ, հայթայթած արժեքները համեմատական, հակադրական, աղբյուրագիտական, վերլուծական մեթոդներով քննելու, արժևորելու, ստեղծագործական-գիտական պահանջներով ներկայացնելու նպատակաուղղվածությամբ է գրել մեծ ծրագրայնություն ու գաղափարներ հետապնդող «Արցախ» երկը: Արդի ժամանակաշրջանում, Արցախի պատմությանը ուղղված «գիտական» մարտահրավերներին ամենայն լրջությամբ կարող է պատասխան տալ նաև Ալիշանի «Արցախ»-ը, որի առանցքներում քննական մեկնաբանումներով, վիպական անդրադարձներով տրված է XIX դարի Արցախի քաղաքական, աշխարհագրական, գեղարվեստական, հասարակական, մշակութային, պատմական, շինարարական, հոգևոր կյանքի նկարագիրը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE "ARTSAKH" COMPOSITION BY GHEVOND ALISHAN

Alishan, being an adherent of the national ideas, wrote the work «Artsakh» sated with program and ideological loading, strictly abiding by the urgency of solution of the appearing tasks, the comprehensive analysis and estimate of material, a research of the received material by comparative, comparative, psychological, analytical methods, estimation, aspiration to present material to compliance with creative and scientific requirements. The «Artsakh» by Alishan can answer to all modern «scientific» calls on history of Artsakh as soon as the description of political, geographical, art, public, cultural, historical, construction, spiritual life of Artsakh of the 19th century is given in it by means of critical remarks, epic references.

Текст научной работы на тему «ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ "ԱՐՑԱԽ" ԵՐԿԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԱՐՑԱԽ» ԵՐԿԸ ԶԻՆԱԻԴԱ ԲԱԼԱՅԱՆ

Հայ գրականության, գրականագիտական, հայագիտական, պատմա-աշխարհագիտական մտքի մեծանուն ներկայացուցիչներից է Ղևոնդ Ալիշանը (Քերովբե Ալիշանյան, գրական ծածկանունը' Նահապետ, 1820-1901թթ.): Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ:

Հեղինակի հետաքրքրությունների շրջանակում հայտնվել է նաև արցախյան ազգային հզոր երակ ներկայացնող, վիպական ու պատմա-աշխարհագրական դրվագներով լի հարուստ նկարագիրը: Այս դիտանկյունից բարձրարժեք է հեղինակի Արցախի թեմայով գրված համանուն «Արցախ» երկը:

Գրքում Ալիշանը բծախնդրորեն, պատմական ու աշխարհագրական, բանագիտական ճշգրտությամբ է նկարագրում Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից տասերորդը' Արևելից կողմանքը-Արցախը, նրա տասներեք գավառները' Կողթը, Բերդաձորը, Վայկունիքը, Սիսական ոստանը, Մեծկունիքը, Մեծիրանքը, Փառնեսը, Մյուս Հաբանդը, Պարզկանքը, Մուխանքը, Հարժլանքը, Պիանքը, Քոտակը: «Հայոց նախնիների իշխանության ժամանակ,- գրում է Ալիշանը,-Արցախը տասներկու կամ ավելի գավառների էր բաժանվել...»1: Հեղինակը գավառների խնդրահարույց հարցի' թվաքանակի մասին խոսելով նշում է, թե Խորենացին 12 գավառներ է նշում, իսկ ըստ այլ օրինակների' դրանք 13 կամ 14 են: Ալիշանը թվարկվող գավառները ներկայացնում է ըստ իրենց գրաված աշխարհագրական դիրքի, գտնված վայրի և այլ հատկանիշների' բացահայտելով որոշակի կարևոր առանցքներ ևս: Մեկնաբանման գնալով գավառների անունների գրման լեզվական համանման կազմվածքի շուրջ' Ալիշանը հարցը պարզաբանում է հետևյալ կերպ. «Այդ գավառներից շատերն ունեն տոհմական անք մասնիկը: Ինչպես երևում է անուններից, դրանք տրվել են գավառի բնությանը համապատասխան շատ վաղ ժամանակներից ի վեր, որպիսիք են Խաղբյանք և Խաչյանք, որոնք հիշատակվում են Ներսես Մեծի գահնամակում, Դ դարում, իսկ այնուհետև ԺԲ և ԺԳ դարերում պատմության մեջ փայլում են Խաղբակյան իշխանները և Խաչենցիք»2:

Քննաբան գիտնականը վիպական գծերով անդրադառնում է հատկապես Արցախի հոգևոր և աշխարհիկ գործիչների նկարագրերին, հոգևոր կենտրոններին, եկեղեցիներին, մատուռներին, քաղաքներին, ավաններին, լեռներին, դաշտերին, գետերին, բերդերին, արցախցու ավանդույթներին, հոգեկերտվածքին, արարող ոգուն և այլն' ամենուրեք Արցախի աշխարհագրության, պատմության, բանահյուսության, ազգային որակների, ստեղծագործ ոգու նկարագրությանը, որոշակի սահամաններում դրանք սերտորեն միահյուսելով հայ ժողովրդի պատմության հետ:

Գրքի գրականագիտական, պատմաաշխարհագրական քննությունից հետո պարզ է դառնում հետևյալ կարևոր մտահանգումը, թե մինչև XIX դարավերջ Արցախում ինչ հիշատակարաններ, համալիրներ, բնակավայրեր, հոգևոր առաջնորդարաններ, եկեղեցիներ, պատմական ու մշակութային հուշարձաններ, աշխարհիկ կենտրոններ են պահպանվել' ինչպիսի նկարաագրերով և որոնք են ավերվել, քանդվել-եղեռնվել' ինչպիսի պայմաններում:

Ալիշանը, նկատի ունենալով Արցախի թավ, անանցնելի անտառները, բարձրաբերձ սար ու ձորերը (բնական ամուր-անառիկ դիրքը, որը պատերազմի

1 Ղեւոնդ Ալիշան, Արցախ, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչություն, 1993 (այսուհետեւ' Ղեւոնդ Ալիշան, Արցախ), էջ 9:

2 Նույն տեղում, էջ 11:

- 30 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ժամանակ հանդիսանում է երկրի ռազմավարական շարժի մի մասնիկը' կարևոր նշանակություն ձեռք բերելով' բնական պատնեշ հանդիսանալով բյուրավոր թշնամիների դեմ), գեղարվեստական առանձնահատկությունների (մակդիր-էպիտետներ, համեմատություններ, անձնավորում և այլն) խիտ որակներով է բնութագրում դրանք, Արցախ երկիրը անվանում' ամուր, ընգծելով նրա «ապահով» դիրքը, տալով նրա բավականին ճշգրիտ նկարագիրը. «Արցախի ամուր և ապահով (ընդգծ- Զ. Բ.) երկիրը, որ ավելի փոքր է, քան Մեծ Հայքի շատ աշխարհներ, ունի մոտ 90-100 մղոն երկարություն և դրա կեսի չափ լայնություն: Այն արևմտյան կողմից սահմանակից է Սյունյաց աշխարհին, հյուսիս-արևելքից' Ուտիքին, հարավից' Երասխ գետին. հյուսիսային և արևելյան սահմանագիծը բացահայտ չի երևում, այլ թվում է, թե այն բաժանվում է լեռների ստորոտներով, մասնավորապես Խոչքար լեռներով և Շամքորի անջրպետով, իսկ արևմուտքից' Սյունյաց Հագարու գետով ու լեռներով, որոնք պարսպում են նրա ելքը և փոխում ջրերի ընթացքը, որովհետև Սյունիքում գետերը հյուսիսից և ելքի կողմից իջնում են Գեղամա լեռներով դեպի մեծ Երասխը, իսկ Արցախում արևմուտքից-արևելք դեպի Կուր գետն են հոսում, ոռոգելով Ուտիքի դաշտը, որտեղ ամենահզորը ամենահյուսիսայինն է' Թարթառը կամ Թերթերը (գրքի այս և հետագա ընդգծումները Ալիշանինն են- Բալայան), ըստ մեր նախնիների' Տրտուն, որը, բխելով Վայոց ձոր և Զանգեզուր լեռների թիկունքից, անցնելով Խաչենի խոր ձորերով, դուրս է գալիս Ուտիքի Առանձնակ դաշտը՝ անցնելով Պարտավ քաղաքի մոտով»1:

Նկատելի է հեղինակի հետաքրքրությունն Արցախի տեղանքի, աշխարհագրական դիրքի, բնական ռեսուրսների, դաշտավայրերի, գետերի, նրանց բնույթի, գտնվելու վայրի նկատմամբ, ինչպիսիք են' Թարթառը' Թերթերը-Մայր գետը, Կուրանը, Ձղախը, որը Խաչենագետն է, վերջինիս համեմատությամբ ավելի հզոր' Գարգարը, Բոզլուն, Չերեքեն, Տիլին կամ Գուրոն և Քենտիլանը. որոնք խառնվում են կամ Կուր-Քուռ կամ Երասխ-Արաքս գետերին: Հիշենք, քաղաքակրթությունը միշտ էլ սկսել ու զարգացել է գետերի ափերին. այդպես էր նաև Արցախում:

Երկրի համար կարևորագույն հարստությունը համարելով գետերն ու գետային ուղիները' որպես սնուցող տարր, Ալիշանը ներկայացնում է նրանց ուղին, աշխարհագրական տեղադրությունը. «Սրանից բացի, հյուսիսային կողմում կան և մանր այլ գետեր, ինչպես' Կուրանը, որ Կուրակին է խառնվում, և դանդաղընթաց այլ գետեր: Իսկ Թարթառից հարավ հոսում է հնում Ձղախ կոչված գետակը, որը Խաչենագետ է անվանվում, որից ավելի հզոր է գարգարացիների գետը' Գարգարը, որը բխում է Շուշիի սահմաններից և խառնվում է Կուր գետին, Երասխի սառնարանից մի փոքր ավելի վերև: Երասխին են խառնվում և այլ գետակներ, որոնք իջնում են Շուշիի հարավից, ինչպես Բոզլուն, Չերեքեն, Տիլին կամ Գուրոն և Քենտիլանը»2

Ալիշանը ավելի շատ կարևորություն է տալիս երկրի տարածքում սփռված բարձրագահ լեռներին: Պատմիչների (Բուզանդ, Եղիշե, Խորենացի, Կաղանկատվացի և այլն) վկայություններին հաստատապես հավատ ընծայելով ու նրանց հետևելով, Արցախը կոչում է ամուր մակդիրով: Մ. Կաղանկատվացուց ավելի վաղ Բուզանդն է Արցախը ամուր մակդիրով կոչել, բայց Ալիշանը այս հարցում առավելությամբ վկայակոչում է առաջինին' Կաղանկատվացուն, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Կաղանկատվացին իր հերթին աղբյուր է ունեցել հին մատենագիր-պատմիչներին: «Բայց Արցախ աշխարհը,- վիպական երանգներ հաղորդելով իր գրչին գրում է հեղինակը,- ավելի շատ նշանավոր է իր լեռներով, քան թե գետերով,

1 Նույն տեղում, էջ 5:

2 Նույն տեղում, էջ 6:

- 31 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

որի պատճառով էլ մեր նախնիները նրան տվել են Ամուր մակդիրը, որը ավելի հաճախ տրվել է Աղվանքի պատմիչի (Կաղանկատվացու- ընդգծ- Զ. Բ.) կողմից. «Խոր ձորերով, անտառներով հարուստ Արցախ աշխարհը....», «....վիմահատակ լեռների ապառաժներ....արցախյան ամուր գավառների լեռների վիմախառն ձորախիտ ապառաժներ»1 և այլն: Խոր և մթին անտառները Եղիշեն «թանձրախիտ» է անվանում2:

«Այդ լեռները,- շարունակում է Ալիշանը,- հատուկ անունով չեն հիշատակվում հների կողմից, բացի հյուսիսում գտնվող Աստղաբլուրից և հարավում գտնվող Դիզափայտից: Իսկ այժմ հարավային բարձունքներից նշվում են Սարիալը և Մռավը, որոնք Ուտիքի և Արցախի միջև լարաբաժան են, Ուլուխանլը' տեղադրված Թարթառի ակունքների մոտ, որոնց ելքերից սկսվում են Չլբերդ և Գյուլիստան լեռները, դրանցից էլ հարավ' Գըրք-Կյոզը, որի շարունակությունն են կազմում Գանձասար և Շահթախտ լեռները, որտեղ գտնվում են Խաչենագետի աղբյուրները»3:

Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախ անվան ծագման պատմությանը, Ալիշանը ենթադրաբար գրում է. «Երկրամասի անվան ծագումը անհայտ և անհիշատակ է մնում. թերևս անհարմար չի լինի կարծել ծառերի ու թփերի ցախ անունից ծագած, ըստ երկրի անտառախիտ բնույթի. այն մեր նախորդները գրում են նաև ձ տառով: Արցախը գրվում է նաև հոգնակիով' Արցախք նաև Արցախունյաց գավառ, որը գալիս է Կաղանկատվացուց. ըստ այդմ կառուցողից էլ առաջանում է անունը. այդ անունն ավելի հաճախ հանդիպում է ածանցմամբ' Արցախական գաւառք կամ կողմանք4: Երբեք և ոչ մի տեղ չենք հանդիպում «Աշխարհ» անվան, այլ այն Բուզանդի երկում5 մեկ անգամ կոչվել է երկիր, իսկ մնացած բոլոր դեպքերում' գավառ»6:

Ալիշանը հավաքած առատ նյութերի բաղդատմամբ, քննում և մեկնաբանում է Արցախի գավառների պատմությունը, նրանց ծագման մանրամասները թվարկելով, ցույց է տալիս յուրաքանչյուրի դերակատարությունը ընդհանուր մարմնում' աշխարհագրական տարածքը, սահմանները, բուսական և կենդանական աշխարհը, ծառատեսակները, հանքավայրերն ու հանքատեսակները, երևույթների, հատուկ և հասարակ անունների բացահայտումները, իրար հետ ունեած ներքին ու արտաքին հարաբերությունները և այլն: «Այդ գավառների անուններն ու տրոհումը 12-ի կամ 13-ի թերևս աղավաղել են Աղվանից իշխանների և Բագրատունիների օրոք, տակավին մինչև Ժ և ԺԱ դարերը լսվում և պահպանվում էին, այնուհետև Հայոց և Աղվանից թագավորությունների' Պարսկաստանի կողմից գրավվելու ժամանակ գավառների և իշխանությունների նոր անուններ են լսվում, որոնցից հնագույններն են Ռոսաստակ և Չղախ գավառակները Ինճե գետի հովտում, Ճառաբերդ աշխարհը կամ գավառը Չլաբերդում. այն,- մեկնելով նյութը, շարունակում է քննաբանն իր բացահայտումները,- պատմիչների երկերում հիշվում է Է-ից մինչև ԺԲ դարը»7:

Վիպական շնչով ներկայացնելով Խաչենի դերակատարության պատմական կարևորությունը և առանձնահատուկ դերը երկրամասի քաղաքական, հոգևոր, արարողական, տնտեսական կյանքում, Ալիշանը ներքին համակրությամբ նկատում է, «որ վերջինս «նախորդներին գերազանցեց ոչ միայն փայլուն ժամանակով, այլև

1 Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983 (այսուհետեւ' Մովսես Կաղանկատվացի), էջ 137:

2 Եղիշե, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, Երեւան, 1957, էջ 125:

3 Ղեւոնդ Ալիշան, Արցախ, էջ 7:

4 Մովսես Կաղանկատվացի, էջ 99, 203:

5 Փավստոս Բուզանդ, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1933, էջ 214:

6 Մովսես Կաղանկատվացի, էջ 137:

7 Ղեւոնդ Ալիշան, Արցախ, էջ 11:

- 32 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հնությամբ ու պատվով: Խաչենը, որ ընկած է Տրտու և Գարգար գետերի միջև, իր անունն առնում է համանուն գետակից: Խաչենը,- ընդհանրացման է գնում մեկնաբանը,- մեծ փառքի է հասնում ԺԳ դարում, երբ գրեթե Արցախ անունն էլ փոխվում և Փոքր Սյունիք է կոչվում»1:

Ալիշանը փորձում է մեկնաբանել Ղարաբաղ անվան ծագումնաբանությունը. «Իսկ երբ թուլամում է հայկական իշխանությունը, և ուժեղանում օտարների ձեռներեցությունը, նախ հռչակվում է հին Առան անունը (հայտնի է, որ այն միշտ անտեսված էր) արևելյան թագավորների շրջանում, և մինչև վերջերս պարսից արքունիքում Արցախ աշխարհը այդ անունով է ճանաչվում, որը կազմում էր ամբողջ նահանգի կամ Առան երկրի միջին մասը, Սյունիքից մինչև Կուր, որն այժմ Ղարաբաղ է կոչվում' անտառների, ագարակների, այգիների և նրանց ստվերների պատճառով (ընդգծ.- Զ. Բ.)»2:

Հեղինակն այստեղ Ղարաբաղ հատուկ անունն ընկալում է սև' խիտ անտառների թավ ստվերների պատճառով, ապա' Ղարա-մեծ, բաղ-այգի իմաստով, ինչպես օրինակ' Ղարա (Մեծ) Աբով մելիքը, ղարադամ-մեծ քարերով տուն Ավետարանոցում, որոնք Պավել Օգանեսյան պապս է Գանձակից բերել և կառուցել իր տունը' մելիքանիստի կենտրոնական, գեղատեսիլ վայրում (ընդգծ.- Զ. Բ.), ղարա -կարա-կոյունլու (մեծ), ակ-կոյունլու (փոքր) ցեղախմբեր (ընդգծ.- Զ. Բ.) և այլն:

Մեկնաբանելով պատմական Ականայի աշխարհագրական տեղանքը, փորձելով ցույց տալ նրա պատմական դիմագիծը, որ այդ և այլ բնակավայրերի մասին հիշատակները պահպանվում են ԺԳ և ԺԴ դարերից' Խաչենի տերերի ու իշխանների վանքերում պահվող արձանագրություններում, հեղինակը գտնում է, որ Ականան, որպես հին բնակավայր, պետք է գտնվի Հանդաբերդի ու Գեղամա ծովի մոտերքում, «որով ճանաչում են Սոդքի լեռնային ու հարավային կողմերը, և Սոդքի գյուղերի մեջ հիշվում է Ականքը ԺԶ դարի սկզբին: Կիրակոս պատմիչը3 ԺԳ դարի կեսին ասում է Սարխաթ խանի մասին, որը դարձել էր Ջալալ իշխան, որից խլել էին Ականան և Կարկառը.... Եվ այս ամենից ենթադրում եմ, որ այստեղ' Թարթառի հյուսիսային վտակների հովիտներում, պետք է գտնվի և Ականան»4:

Ծար բնակավայրը Ալիշանը հարուստ է համարում, ըստ տեղեկությունների (Վարդան վարդապետի աշխարհացույցը, Գր. Մագիստրոսի թղթերը և այլն)' այն գավառակ չի ընդունում, նշում է, որ ԺԳ-ԺԳ դարերում Ծարը գտնվում էր Աղվանքում' Խաչենի իշխանների տիրապետության տակ, կարևորում է նրա դիրքը, լայնանիստ տարածքը և դերը' որպես հոգևոր կենտրոնի, որտեղ գտնվում էր սուրբ Հակոբի եկեղեցին-տաճարը. «..Ընդարձակ Ծար ավանը,-գրում է հեղինակը,- որ գրքերում և արձանագրություններում գյուղ և գյուղաքաղաք է կոչվում, գտնվում է գավառի հարավային կողմում, այն վտակների միջև, որոնք Թարթառի միջին մասում են հոսում, հարուստ և արգավանդ մի վայրում, որը դարձել է անշուք և սակավամարդ մի վայր, և որը պետք է եղած լինի այդ կողմերի հին և գլխավոր շենը5:

Տարբեր փաստերի զուգորդմամբ, Ալիշանի գրքում հիմնավոր տեղեկություններ են բերված թե' պատմական ու վիպական, աշխարհիկ ու հոգևոր հերոսների ու նրանց հարաբերությունների մասին, Վաչագան արքայի կողմից' սրբերի մասունքների գտնվելու վայրի ու ըստ պատկանելիքի բացահայտման' դրանց

1 Նույն տեղում, էջ 11-12:

2 Նույն տեղում, էջ 12-13:

3 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երեւան, 1961, էջ 358-359:

4 Ղեւոնդ Ալիշան, Արցախ, էջ 17-18:

5 Նույն տեղում, էջ 19:

- 33 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հասցեատրման մասին, թե' շինական տարրի, թե' բնակավայրերի, բնական ռեսուրսների, դաշտավայրերի, լեռների, գետերի, նրանց վտակների, և դրանք իրար լրացնող օղակների մասին: Հայթայթված և իրար միահյուսված վիպապատմական, աշխարհագրական և այլ կարգի նյութերը Ալիշանը հարստացնում է նաև եկեղեցական համալիրների, գյուղերի ու քաղաքների, Արցախում գտնված Տիգրանակերտների (Սեբեոսի նշած երկու Տիգրանակերտների) մասին վարկածը բարձր գնահատելով, Ալիշանը նշում է հետևյալը. «....պատմիչը մանրամասնորեն կատարում է այդ տեղերի քննությունը և դա ոչ թե սոսկ ազգային, այլ համաշխարհային պատմության համար»1 և այլ բնակավայրերի մասին հաղորդումներով:

Տարածաշրջանում՝ Շուշին որպես զարգացած հասարակական, քաղաքական, լուսավորչական կենտրոնի, առինքնել է նաև Ալիշանին: Նա նշում է. «Քաղաքում հայկական երկու եկեղեցի կա' Ագուլեցոց և Ղազանչեցոց կոչվածները, կան նաև երկու փոքր, անշուք եկեղեցի, հայկական մի շուկա' փոքր կրպակներով: Քաղաքն ունի նաև տպարան, որտեղ լույս են տեսել մատյաններ (գրքեր) արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, բանասեր Տեր Բաղդասարի ջանքերով: Նա իր աթոռը հաստատեց այստեղ՝ դառնալով Աղվանքի կաթողիկոսների հաջորդը: Նրա թեմերն են' Ղարաբաղն ու Շրվանը»2:

Ալիշանի «Արցախ»-ը վերջանում է քաղաքական, ռազմական մեծ նշանակություն ունեցող Խուդափիրինի կամրջի մասին հետաքրքիր տեղեկատվությամբ. «Խյուտաֆերիյնի մոտ, Առանի և Ատրպատականի միջև կա անվանի մի կամուրջ' 12 հաստկառույց կամարներով, որոնցից երեքը քանդել է Ղարաբաղի Իբրահիմ խանը, որոնք հետո նորոգել են ռուսները: Կամուրջի մոտ են գտնվում Առաքելիս հայոց գյուղն ու մաքսատունը: Կամուրջի հզոր կառուցվածքը և նրա վրայով պատվական քարավանների անցնելը կամուրջին շնորհել են պարսից այդ անունը, որ նշանակում է Աստվածաստեղծ»3:

Զինաիդա Բալայան ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԱՐՑԱԽ» ԵՐԿԸ

Բանալի բառեր' Արցախ, Ալիշան, Գանձասար, Շուշի, Ականա, Ամարաս, Սիսական, Խաչենագետ, Մռավ, Ծար

Ալիշանը, որդեգրած ազգային գաղափարակարգին հետամուտ' առաջադրած խնդիրների հրատապությամբ, նյութի բազմակողմանի քննությամբ և գնահատմամբ, հայթայթած արժեքները համեմատական, հակադրական, աղբյուրագիտական, վերլուծական մեթոդներով քննելու, արժևորելու, ստեղծագործական-գիտական պահանջներով ներկայացնելու նպատակաուղղվածությամբ է գրել մեծ ծրագրայնություն ու գաղափարներ հետապնդող «Արցախ» երկը:

Արդի ժամանակաշրջանում, Արցախի պատմությանը ուղղված «գիտական» մարտահրավերներին ամենայն լրջությամբ կարող է պատասխան տալ նաև Ալիշանի «Արցախ»-ը, որի առանցքներում քննական մեկնաբանումներով, վիպական անդրադարձներով տրված է XIX դարի Արցախի քաղաքական, աշխարհագրական, գեղարվեստական, հասարակական, մշակութային, պատմական, շինարարական, հոգևոր կյանքի նկարագիրը:

1 Սեբեոս եպիսկոպոս, Պատմութիւն, Պետերբուրգ, 1879, էջ 92-93:

2 Ղեւոնդ Ալիշան, Արցախ, էջ 109-110:

3 Նույն տեղում, էջ 113-114:

- 34 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Zinaida Balayan

THE «ARTSAKH» COMPOSITION BY GHEVOND ALISHAN

Key words: Artsakh, Alishan, Gandzasar, Shushi, Akana, Amaras, Sisakan,

Khachenaget, Mrav, Tsar

Alishan, being an adherent of the national ideas, wrote the work «Artsakh» sated with program and ideological loading, strictly abiding by the urgency of solution of the appearing tasks, the comprehensive analysis and estimate of material, a research of the received material by comparative, comparative, psychological, analytical methods, estimation, aspiration to present material to compliance with creative and scientific requirements.

The «Artsakh» by Alishan can answer to all modern «scientific» calls on history of Artsakh as soon as the description of political, geographical, art, public, cultural, historical, construction, spiritual life of Artsakh of the 19th century is given in it by means of critical remarks, epic references.

Зинаида Балаян

ПРОИЗВЕДЕНИЕ «АРЦАХ» ГЕВОНДА АЛИШАНА

Ключевые слова: Арцах, Алишан, Гандзасар, Шуши, Акана, Амарас, Сисакан, Хаченагет, Мрав, Цар

Алишан, следуя принятой национальной идеологии, с учетом злободневности выдвинутых задач и посредством всестороннего анализа и оценки материала, его исследования сравнительными, сопоставительными, источниковедческими и аналитическими методами, стремясь представить материал в соответствии с творческим и научным требованиями, написал произведение «Арцах», преследующее большую программность и идейность.

«Арцах» Алишана со всей отвественностью может дать ответы на современные «научные» вызовы в отношении истории Арцаха – посредством критических замечаний, эпических ссылок в произведении дано описание политической, геополитической, художественной, общественной, культурной, исторической, строительной, духовной жизни Арцаха XIX века.

- 35 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.