Научная статья на тему 'ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ԾԵՐԵՆՑԻ ՊԱՏՄԱՎԵՊԵՐՈՒՄ'

ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ԾԵՐԵՆՑԻ ՊԱՏՄԱՎԵՊԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
72
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ծերենց / պատմավեպ / «Թորոս Լևոնի» / «Երկունք Թ Դարու» / «Թեոդորոս Ռշտունի» / դավաճան նախարարներ / ազգադավ իշխաններ / անմիաբանություն / հոգևորականություն / կենտրոնախույս քաղաքականություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ալոյան Լեվոն (ներսեհ)

Սույն հոդվածի նպատակը Ծերենցի «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպերում հանդես բերված անմիաբան ու հայրենադավ նախարարների ու հոգևորականների կերպարների և նրանց գործելակերպի համապարփակ վերլուծությունն է: Հոդվածի խնդիրը վերոնշյալ վեպերում ներկայացված դավաճան կերպարների բարոյահոգեբանական նուրբ, շատ անգամ աննկատ ու ստվերված խնդիրների վերլուծությանն առընթեր հայ գրականության մյուս պատմավիպասանների (Րաֆֆի, Մուրացան) գործերում ևս նմանօրինակ քստմնելի երևույթները հայտնաբերելն ու զուգահեռներ անցկացնելն է: Հոդվածում պատմահամեմատական և համադրական մեթոդների հիման վրա քննության են առնվել Ծերենցի երեք պատմավեպերի դավաճան նախարարների ու հոգևորականների կերպարները, համեմատվել են Րաֆֆու և Մուրացանի պատմավեպերում նկարագրվող համանման կերպարների հետ և ցույց են տրվել նրանց նմանություններն ու տարբերությունները: Հեղինակը, քննելով դավաճանության հիմնախնդիրը երեք՝ իրարից տարածաժամանակային տարբեր շրջանների վիպասանների գործերում և արժանավորապես գնահատելով նյութն իրենից առաջ ուսումնասիրած նախորդներին, եզրակացնում է, որ հայրենիքի անկախության և ժողովրդի ինքնության պահպանման համար կարևոր են ազգային միասնությունը և հայրենասիրական վեհ գաղափարներն ընկալելն ու իմաստավորելը: Երեք վիպասանների երկերում էլ քիչ չեն ստոր, նյութապաշտ ու մորթապաշտ հայ դավաճանները, որոնք, անձնական շահն ու բարեկեցությունը գերադասելով ազգայինից ու պետականից, իրենց հուդայական գործունեությամբ անպատմելի դժբախտություններ են բերում հայոց պետականությանն ու հայրենիքին: Իսկ hայրենիքի, ժողովրդի, կրոնի ուրացումը, օտար բռնակալների հետ դաշնակցելը՝ հակառակ ժողովրդի շահերի, ծանրագույն հանցանք է՝ դավաճանություն, և արժանի է ամենաանողոք պատժի:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TRAITORS IN TSERENTS’S HISTORICAL NOVELS

This article examines the characters of disunited and treacherous ministers in the novels "Toros, Son of Levon," "Travails of the 9th Century," and "Theodoros Rshtuni," with the goal of studying and comparing the treacherous characters in Tserents' historical novels with those in Raffi's and Muratsan's works, as well as bringing out the infamous and contemptible attitude of the Armenian elite, ministers, princes and clergy towards the fate of the homeland and its people. The historical-comparative and historical-analytical methodologies were employed in the course of the research. Following the previous studies, the author explores the theme of betrayal in three novelists' works written written different period of time, and comes to the conclusion that in order to preserve the independence of the homeland and the identity of the people, it is necessary to acknowledge the importance of the notions of national unity and patriotism. Three novelists' works contain plenty of insidious, materialistic, and cowardly Armenian traitors who, by prioritizing their own personal interests and welfare over national and state interests, bring great misfortune to the Armenian statehood and homeland through their treacherous activities. The denial of homeland, people, religion while allying with foreign dictators against the interests of the people is a grave crime and betrayal that deserves the harshest punishment.

Текст научной работы на тему «ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ԾԵՐԵՆՑԻ ՊԱՏՄԱՎԵՊԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ԾԵՐԵՆՑԻ ՊԱՏՄԱՎԵՊԵՐՈՒՄ*

ՀՏԴ 821.19.0 DOI: 10.52063/25792652-2022.2.13-141

ԼԵՎՈՆ (ՆԵՐՍԵՀ ԱԲՂ.) ԱԼՈՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի հայցորդ,

Երուսաղեմի հայոց պատրիարքության «Սիոն» ամսագրի գլխավոր խմբագիր, ք. Երուսաղեմ, Իսրայել fr. nerseh&yahoo. com

Սույն հոդվածի նպատակը Ծերենցի «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպերում հանդես բերված անմիաբան ու հայրենադավ նախարարների ու հոգևորականների կերպարների և նրանց գործելակերպի համապարփակ վերլուծությունն է:

Հոդվածի խնդիրը վերոնշյալ վեպերում ներկայացված դավաճան կերպարների բարոյահոգեբանական նուրբ, շատ անգամ աննկատ ու ստվերված խնդիրների վերլուծությանն առընթեր հայ գրականության մյուս պատմավիպասանների (Րաֆֆի, Մուրացան) գործերում ևս նմանօրինակ քստմնելի երևույթները հայտնաբերելն ու զուգահեռներ անցկացնելն է:

Հոդվածում պատմահամեմատական և համադրական մեթոդների հիման վրա քննության են առնվել Ծերենցի երեք պատմավեպերի դավաճան նախարարների ու հոգևորականների կերպարները, համեմատվել են Րաֆֆու և Մուրացանի պատմավեպերում նկարագրվող համանման կերպարների հետ և ցույց են տրվել նրանց նմանություններն ու տարբերությունները:

Հեղինակը, քննելով դավաճանության հիմնախնդիրը երեք՝ իրարից տարածաժամանակային տարբեր շրջանների վիպասանների գործերում և արժանավորապես գնահատելով նյութն իրենից առաջ ուսումնասիրած նախորդներին, եզրակացնում է, որ հայրենիքի անկախության և ժողովրդի ինքնության պահպանման համար կարևոր են ազգային միասնությունը և հայրենասիրական վեհ գաղափարներն ընկալելն ու իմաստավորելը: Երեք վիպասանների երկերում էլ քիչ չեն ստոր, նյութապաշտ ու մորթապաշտ հայ դավաճանները, որոնք, անձնական շահն ու բարեկեցությունը գերադասելով ազգայինից ու պետականից, իրենց հուդայական գործունեությամբ անպատմելի դժբախտություններ են բերում հայոց պետականությանն ու հայրենիքին: Իսկ հայրենիքի, ժողովրդի, կրոնի ուրացումը, օտար

բռնակալների հետ դաշնակցելը՝ հակառակ ժողովրդի շահերի, ծանրագույն հանցանք է՝ դավաճանություն, և արժանի է ամենաանողոք պատժի:

Հիմնաբառեր' Ծերենց, պատմավեպ, «Թորոս Լևոնի», «Երկունք Թ Դարու», «Թեոդորոս Ռշտունի», դավաճան նախարարներ, ազգադավ իշխաններ, անմիաբանություն, հոգևորականություն, կենտրոնախույս քաղաքականություն:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 28.03.2022թ., գրախոսվել'

12.04.2022թ., տպագրության

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Նախաբան

Դավաճանությունը չարիքներից մեծագույնն է, որի առաջին դրսևորումներին հանդիպում ենք Աստվածաշունչ մատյանի Հին և Նոր Կտակարաններում: Երկու հազար և ավելի տարիներ են անցել պատմական այն օրվանից, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտներից Հուդա Իսկարիովտացին մատնեց իր ուսուցչին ու մարդկության պատմության մեջ մնաց որպես դավաճանության խորհրդանիշ: Նրա անունից առաջացան «հուդա-դավաճան», «հուդայաբար», «հուդայական», «հուդայորեն», «հուդայություն» բառերը, որոնք այսօր էլ տրվում են դավաճանական գործունեություն ծավալող անձանց բնորոշելիս:

Հայոց բազմադարյա պատմության մեջ ևս քիչ չեն ստոր, նյութապաշտ ու մորթապաշտ հայ դավաճանները, որոնք, անձնական շահն ու բարեկեցությունը գերադասելով ազգայինից ու պետականից, իրենց հուդայական գործունեությամբ անպատմելի դժբախտություններ են բերել հայոց պետականությանն ու հայրենիքին: Նրանցից շատերը դարեր, նույնիսկ հազարամյակներ շարունակ մեր ժողովրդի հիշողության մեջ դաջվել են որպես դավաճանության խորհրդանիշներ, որոնց անդրադարձել և նրանց հանդեպ իրենց խիստ վերաբերմունքն են արտահայտել հայ պատմիչներն ու պատմավիպասանները (Եղիշե, Ծերենց, Րաֆֆի, Մուրացան և այլք):

Ներկա հրապարակմամբ փորձել ենք համապարփակ ուշադրության արժանացնել Ծերենցի «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպերի անմիաբան ու հայրենադավ նախարարների ու հոգևորականների կերպարներին՝ իրենց գործելակերպով:

Դավաճանների կերպավորումը «Թորոս Լևոնի» վեպում

«Թորոս Լևոնի» վեպում Ծերենցը ստեղծել է պատմական ճշմարիտ պատկերներ: Բյուզանդացիները հայրենիքի դավաճան հայ իշխանների հետ միասին տիրել էին Կիլիկյան Հայաստանին: Ժողովուրդն անասելի ծանր զրկանքներ էր կրում թե' օտար նվաճողների և թե' ներքին հարստահարիչների ձեռքին: Հայրենադավ նախարարներն ու հոգևորականները բոլորովին անտարբեր վերաբերմունք էին ցուցաբերում ազգային այդ մեծագույն դժբախտության նկատմամբ։ «Կային նաև անոնց մեջ այնպիսիներ,- գրում է Ծերենցը,- որ ոչ միայն իրենց ազգության պաշտպանությունը կարհամարհեին, այլ օտարաց հաճոյ լինելու համար իրենց ազգը արհամարհել, և անկից օտարանալն ու զանի հարստահարելն իրենց սովորություն ըրած էին» (Ծերենց 105): Հայ ժողովրդի ազատության ու անկախության բախտը գտնվում էր մեծագույն վտանքի առաջ:

Պատմական այդ իրադրության մեջ Ծերենցը ներկայացնում է Թորոս իշխանի սքանչելի կերպարը՝ որպես ազգային հերոսի, որպես մեծ հայրենասերի, որի միակ բաղձանքը ազատ և «զորավոր Հայաստան» ստեղծելն էր: Առ այդ նա իր ամբողջ ուժով պայքարում էր քաղաքական բռնությունների ու անարդարությունների, ազնվականության և հոգևորականության դեմ, որոնք ոտնահարում էին ժողովրդի իրավունքները:

Հայրենադավ իշխանները դեռ Թորոսի հոր՝ Լևոն թագավորի գահակալության ժամանակներից էին սկսել վարել կենտրոնախույս քաղաքականություն: Թորոսը ձգտում էր համոզել նրանց հետ կանգնել իրենց դավաճանական արարքներից և ներգրավվել ազատագրական շարժման մեջ, բայց ապարդյուն: Նրան այդպես էլ չի հաջողվում փառամոլությամբ կուրացած իշխանների գութը շարժել և հայրենասիրական զգացում ներշնչել: Նրանց անտարբերությունը, սակայն, չի հուսահատեցնում իշխանին. նրան մեծ հավատ էր ներշնչում ժողովուրդը՝ պատմական մեծ իրադարձությունների շարժիչ ուժը: Թորոսի հանկարծակի երևալը Կիլիկիայում ալեկոծում, ոտքի է հանում լեռնաբնակներին: Վերջիններս, ելնելով իրենց

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

տեղերից, թողնելով տուն ու տեղ, գալիս-միանում էին Թորոսին, որպեսզի միացյալ ուժերով պայքարեին արտաքին ու ներքին թշնամու դեմ և դարերից եկող վրեժը փոխհատուցեին արյամբ: Դժգոհում էին Անարզաբայի տիրոջից՝ Սմբատից։ «Վասակի գործ կկատարե,- ասում էին Թորոսին,- հարկ-տուրք կառնե մեզ ու մեր տղաքը անոթի կմեռցնե, ինք չի կշտանար... դատ կհնարե, սուտ վկա կստեղծե, որ բանտի, պատժո, տուգանքի ճար գտնե, կաշառք առնե, արյուն թափե... Մեր գեղերը քանդվեցան, մեր տուներն ավերակ դարձան, ինք՝ պալատներ կշինե, պարտեզներ կշինե մեր ավերակաց վրա... մեր լեզուն, մեր հավատքը հոռոմեն ավելի կնախատեն, օտարին նախատել կուտան...» (Ծերենց 106): Բողոքների այս տարափը ցույց էր տալիս ոչ միայն օտար նվաճողների գործադրած ահավոր բռնություններն ու կոտորածները, այլ նաև հայ իշխանների գործադրած գազանային արարքները սեփական ժողովրդի հանդեպ:

Սմբատն ինչպես պատմական աղբյուրներում, այնպես էլ վեպում բացարձակապես չի ընդունում Թորոսի իշխանությունը և հանդես է գալիս բյուզանդացիների կողմից, քանի որ բյուզանդահպատակ էր: Նա դստերը՝

Մարգրիտին, հատուկ նպատակով ամուսնացրել էր Թորոսի եղբոր՝ Ստեփանեի հետ, որը ևս բյուզանդահպատակ էր և շարունակում էր աներոջ քաղաքականությունը՝ տիրակալման ստատուսը ապահովելու նպատակով (Ավետիսյան 56): Վերջինիս սպանության պատճառը, ըստ Ծերենցի, նրա այդ տիրակալական իրավունքների հաստատման ապակողմնորոշումն է, որին և խորամանկաբար մղում էին բյուզանդական իշխանավորները՝ օգտագործելով հայոց թագավորի և իր եղբոր միջև առաջացած հակասությունները: Հեղինակը վեպում միանգամայն ճիշտ է կռահել իրողությունը, ինչը չի ասվում ո'չ Մատթեոս Ուռհայեցու, ո'չ էլ Սմբատ պատմագրի կողմից:

Վեպի կերպարներից Օշին իշխանը Լաբրոնացու հայրն էր և Ներսես Շնորհալու փեսան: Ըստ պատմիչների՝ նա ևս բյուզանդական կողմնորոշում ուներ և այս ձևով էր ամրապնդում ու պաշտպանում իր տիրակալական իրավունքները: Բյուզանդիայի հոգևոր ու վարչական մարմինների կողմից սատարվելով՝ նա ուղղակիորեն խփում էր հայոց պետականության ամբողջականությանը: Մասուտ քաղաքը ազատագրելու ժամանակ հայ իշխաններից ոմանք հանդես էին գալիս բյուզանդացիների կողմից, որոնցից մեկը Լամբրոնի տեր Օշինն էր, իսկ մյուսը՝ Բարձրաբերդի տերը՝ Վասիլ իշխանը: Քաղաքը գրավելիս հայոց թագավորը բյուզանդացի բազմաթիվ զինվորների հետ միասին գերի է վերցնում նաև հայազգի իշխաններին (Ավետիսյան 56-57): Այս մասին Սմբատ պատմիչը գրում է. «Եւ կալան զտէրն Լամբրոնին զՕշինն, և զտէրն Բարձրբերդոյ զՎասիլն, և զտէրն Պռականու Տիգրանն, որք էին սոքա ի կողմն Յունաց թագավորին, և զթուլամորթ Յոյնսն կալեալ մերկացուցանէին և արձակէին. և տիրեաց Թորոս Մսսայ անհոգութեամբ, և ամենայն գաւառացն զոր ունէր» (Սմբատ Սպարապետ 170-171):

Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացմանը խանգարող, նրան ստրկամտության մղող և նրա շահերին անհավատարիմ ու վտանգավոր դասերից մեկն էլ Ծերենցը համարում էր հոգևորականությանը և մերկացնում էր վերջինիս հակաժողովրդական գործունեությունը: Չնայած այդ ամենին՝ հորդորում էր չմոռանալ, որ «...որովայնապարար և խաբեբա եկեղեցականաց քով կան գործունյա և աշխատասեր եկեղեցականք ալ, որ իրենց ազգը և ժողովուրդը կսիրեն և գիտեն նաև զիրենք անոնց համար զոհել» (Ծերենց 95-96):

Բարձրաստիճան հոգևորականները, իրենց ընդհանուր շահերից ելնելով, պաշտպանում էին դավաճան իշխաններին և հաճախակի բանակցություններ վարում հունաց Կիր Մանուել կայսեր հետ՝ հայկական եկեղեցին հունադավան դարձնելու համար: Կասկածից վեր է, որ Գրիգորիս (Գրիգոր Գ Պահլավունի (1113-1166) կաթողիկոսի այդ մարմաջը Թորոսին հաճելի չէր կարող լինել, ուստի Ներսես Շնորհալու հետ ունեցած զրույցի ժամանակ նա մեծ սխալ է համարում երկու

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

եկեղեցիների միացումը' դրա մեջ տեսնելով սեփական ազգի «սուզման» վտանգը: «Հայ եկեղեցվույն փոքր դրոշակը անկախ պահեցեք,- ասում է նա,- ինչպես ես ազգային անկախության դրոշակը անկախ պահելու կջանամ» (Ծերենց 191):

«Թորոս Լևոնի» վեպում Ծերենցը նաև հակադրում է իրար երկու պատմական դեմքերի՝ Թորոսին, և եղբորը՝ Մլեհին: Վերջինիս վեպում քիչ տեղ է հատկացված, սակայն որպես փառասեր ու անարժան մի անձնավորություն՝ նա գծագրված է վառ ու տպավորիչ գույներով: Թորոսի և Մլեհի միջև գոյություն ունեցող հակասությունները վեպում սրվում են հատկապես այն ժամանակ, երբ Թորոսը դուրս է գալիս պատերազմական վիճակներից և ջանում է երկիրը պահել խաղաղության մեջ, երբ չեզոքանում են դրսի վտանգավոր ուժերը: Հենց այստեղ էլ Մլեհը ապստամբում և վտանգավոր է դառնում՝ դավեր նյութելով եղբոր դեմ: «-Բայց ես չեմ ուզեր,- ասում է Թորոսը Մլեհին, որ Ռուբինյաց միջև և պատմության մեջ զրուցվի, թե եղբոր արյան ձեռք մխեց, ուստի գնա' այս երկրեն դուրս, հեռացիր'...» (Ծերենց 200)

Պատկերելով Մլեհին՝ որպես հայրենիքի դավաճանի, Ծերենցը նպատակ է դրել դատապարտել ավատական մասնատվածության հետևանք հանդիսացող երկպառակությունները և առաջ քաշել այն գաղափարը, որ թե' արտաքին և ներքին թշնամու, թե' կենտրոնախույս ուժերի դեմ պայքարի պետք է դուրս գալ միացյալ ուժերով. միայն համընդհանուր պայքարի միջոցով է հնարավոր նվաճել ազատությունը և ասպարեզից վերացնել հասարակության համար չարիք հանդիսացող թշնամիներին:

Վիպասանը մի շարք պատկերներում արտացոլել է Մլեհի անմարդկային էությունը: Վերջինս, պահպանելու համար իր հայրական իշխանությունը, դժգոհում էր եղբոր հայրենասիրական գործողություններից, դաշնակցում էր Հալեպի Նուրետտին սուլթանի հետ, որպեսզի նրա օժանդակությամբ կարողանար իրագործել իր ստոր նպատակները: Ուրանալով ազգն ու հայրենիքը և գործիք դառնալով թշնամու ձեռքին՝ նա պատրաստ էր ամեն ստորության՝ ընդհուպ մինչև եղբորը սպանելը: Նրա բոլոր խարդավանքները, սակայն, անհաջող են անցնում. բանակը ծանր պարտություն է կրում, ինքն էլ գերի է վերցվում Թորոսի կողմից: Մլեհը ցանկանում էր կործանել Թորոսին, բայց ինքն է կործանվում, որովհետև չի կամենում հասկանալ եղբորը և նրա մարդկային, բանական վերաբերմունքը փոխհատուցում է դավաճանությամբ:

Հայրենիքի, ժողովրդի, կրոնի ուրացումը, օտար բռնակալների հետ դաշնակցելը՝ հակառակ իր ժողովրդի շահերի, ծանրագույն հանցանք է՝ դավաճանություն, և արժանի է ամենաանողոք պատժի. սա է «Թորոս Լևոնի» վեպի հիմնական գաղափարներից մեկը: Նույն գաղափարին հանդիպում ենք նաև Րաֆֆու «Դավիթ Բեկ» վեպում, որում իբրև հայրենիքի դավաճաններ ներկայացված են Դավիթ Ուրացողի և Մելիք Ֆրանգյուլի կերպարները: Ինչպես «Թորոս Լևոնի» վեպում, այնպես էլ «Դավիթ Բեկ»-ում հայրենիքին դավաճանելու, ժողովրդից խորթանալու արգահատելի վարքագիծը միահյուսվում է նրանց անմարդկային էության հետ: Այստեղ էլ Դավիթ Ուրացողն է փառասերի տիպար: Նա էլ, ինչպես Մլեհը, անձնական շահերը բարձր է դասում հայրենիքի ու ժողովրդի շահերից և պատրաստ է ոտնատակ տալ ամեն մի սրբություն իր նպատակների իրագործման համար (Սարինյան 251): Նա ուրանում է իր կրոնը, իր աղջկան նետում օտար բռնակալի գիրկը և պատրաստ է անել քծնանքի ու հաճոյամոլության ամեն ժեստ, միայն թե արժանանա բռնավորի հովանավորությանը և նրա միջոցով կարողանա իրագործել իր փառասիրական տենչերը: «Ես,- ասում է Դավիթ Ուրացողը,- եթե կցանկանայի հայ ժողովրդի հետ գործ ունենալ, ոչ այլ կերպ չէի ընդունի, բայց միայն նրա գլուխը լինել և ոչ ոքի ստորադրյալը» (Րաֆֆի, Դավիթ բեկ 449): Ինչպես Մլեհը «Թորոս Լևոնի» վեպում, ցանկանալով պահպանել իր տոհմական իշխանությունը, դիմում էր Հալեպի Նուրետտին սուլթանի հովանավորությանը, այնպես էլ Մելիք Ֆրանգյուլը «Դավիթ Բեկ»-ում նույն նպատակով դիմում է պարսից Ֆաթալի խանի հովանավորությանը: «Ինչ պիտի անես, երբ օտարի, երբ թշնամու ծառայության մեջ ես գտնվում... Ես

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ուրացա իմ կրոնը, ընդունեցի մահմեդականությունը, որ դրանով գրավեմ իմ թշնամու մտերմությունը, որ դրանով ավելի խոր մտնեմ նրա սրտի մեջ, որ կարողանամ նրան իմ ձեռքում պահել: Այդ բոլորը արեցի ես, միայն նպատակների համար» (Րաֆֆի, Դավիթ բեկ 682-683):

Թե' Ծերենցը և թե' Րաֆֆին ունեն իրենց բարոյախոսական կոնցեպցիան և իրենց երկերում ամենուրեք շեշտել են այն, որ հայրենիքի դավաճանը պետք է պատժվի, չարությունը արժանի է կործանման: Ուստի և' Մլեհը և' Մելիք Ֆրանգյուլը կրում են իրենց արժանի պատիժը և սպանվում:

Դավաճանների կերպավորումը «Երկունք Թ. Դարու» վեպում

Ծերենցը, ինչպես «Թորոս Լևոնի» վեպում Թորոսին, այնպես էլ «Երկունք»-ում Հովնանին պատկերել է որպես ռազմական խոշոր գործչի և հմուտ զորավարի, որը Թորոսի նման ամբողջ հոգով ատում էր դավաճան նախարարներին՝ նրանց անվանելով «բազմագլխյան վիշապ». բարձրաստիճան հոգևորականությանն արհամարհում էր՝ նախարարների կենտրոնախույս ձգտումները չվերացնելու համար, իսկ հասարակ ժողովրդին սիրում էր հոգու պարզությամբ ու անմիջականությամբ: Պատմական դժնդակ պայմաններում Հովնանի առաջ ծառացել էին մեծ դժվարություններ, որոնցից ծանրագույնը ավատական ներքին երկպառակության վերացումն էր, որը ջլատել էր երկրի ուժերը և նպաստել օտար բռնակալների տիրապետության հաստատմանը: Անշուշտ, բոլոր ուժերի համախմբմամբ թշնամու դեմ պայքարի դուրս գալու պահին էական դեր պիտի կատարեր և, ինչպես ենթադրվում է պատմագիրների բերած փաստերից, կատարել է հայ եկեղեցին այնքանով, որքանով իր շահերը զուգադիպել են ժողովրդի ընդհանուր շահերին ու ձգտումներին: Բայց արդյոք «Երկունք»-ում հոգևորականները կանգնա՞ծ են իրենց կոչման բարձրության վրա:

Հոգևորականության մասին խոսելիս Ծերենցը միշտ էլ ժողովրդի և հոգևորականության, պետության ու եկեղեցու շահերը շփման մեջ է դրել և ընդգծել դրանց իրարամերժ դրությունը: Ըստ նրա գլխավոր կերպար Հովնանի՝ հայ եկեղեցու հոգևոր ծառաները կարող էին զորավիգ լինել իրեն՝ նախարարների կենտրոնախույս ուժերը զսպելու և արտաքին թշնամու դեմ ընդհանուր պայքարի դուրս գալու համար, ուստի աշխատում է գործոն դիրքի մեջ դնել հոգևորականությանն ու ներգրավել նրանց ազատագրական շարժման մեջ: Այդ նպատակով ժողովրդի համար

տագնապալի այդ օրերին Հովնանը, կռահելով գալիք վերահաս վտանգը, որոշում է ներկայանալ Դվինում գումարվող վեհաժողովին, որին ներկա էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին: Հովնանը «Սասնո ժողովրդի» անունով թախանձագին խնդրում է կաթողիկոսից՝ «օրհնության կոնդակ մը հանել բոլոր Հայաստանի ժողովրդոց, զեն ի ձեռքին հարձակելու ընդդեմ անօրինաց, որ կը պատրաստվին մտնել աշխարհքս բնաջինջ ընելու համար քրիստոնեության և հայության անունը, կը հրավիրե յուր սրբությունը գալ բնակելու Ս. Կարապետի վանքը մինչև պատերազմի վերջը» (Ծերենց 275):

Հովնանի խիզախ ու համարձակ առաջարկությունը խիստ զայրույթ է պատճառում կաթողիկոսին և հայրենադավ նախարարներին. նրանք վախենում էին, որ ժողովուրդը մի օր ապստամբության դրոշ կբարձրացնի նաև իրենց դեմ, այդ պատճառով մերժողական պատասխան են տալիս: Հովնանը «անխռով և անսասան՝ բայց տխուր վասնզի չի կրցավ շարժել եկեղեցական խումբը՝ ուսկից ինք հենակետ մը շինել կը հուսար» (Ծերենց 277), հեռանում է վեհաժողովից՝ հայրենի երկիրը պաշտպանելու համաժողովրդական վճռականությամբ:

Եթե եկեղեցին իր բարձրության վրա կանգնած լիներ և համագործակցեր հայ աշխարհիկ իշխանության հետ, և եթե չլինեին նախարարական տների կենտրոնական իշխանությանը հակադրվելու, նույնիսկ նրան դավաճանելու փորձերը, ապա այդ

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

դեպքում տեղի չէին ունենա այնքան մեծ արյունահեղություններ, և ժողովուրդը չէր կորցնի իր քաղաքական անկախությունը: «Եթե կաթողիկոսը միայն ուզեր շարժիլ, եթե իմ խորհրդույս ուզեր հետևիլ, գար Ս. Կարապետ, հաներ ոտք եկեղեցական բանակը, ժողովրդոց բանակը հարյուր հազարներով կը կանգներ անմիջապես,- ասում է Հովնանը,- և մենք հայքս ան ատեն ոչ վատ կը լինեինք, ոչ անմիաբան, ոչ նախանձոտ, այլ քարով միայն զինյալ՝ շուներու պես կը հալածեինք թշնամին, որուն անարգ ոտից տակ կը հեծեն գերությամբ մեր զավակները, մեր կանայքը, մեր իշխանքը, մեր եկեղեցին, մեր հավատքը...» (Ծերենց 279):

Մեծ խելքի և հզոր կամքի տեր զինվորականը խորապես ըմբռնում էր, որ ո՜չ դավաճան իշխանները և ո՜չ էլ կաթողիկոսը ազգին օգտակար լինել չէին կարող, հետևաբար պետք էր դիմադարձ լինել նրանցից և ապավինել ժողովրդին: Այդ ժողովը Հովնանի համար մեծ դաս եղավ. նա այնտեղ տեսավ մարդկային հարաբերությունների ամբողջ քաոսը, բարձր խավերի քար անտարբերությունը ժողովրդի ճակատագրի հանդեպ, նրանց երեսպաշտությունն ու բարոյական անկումը: «Դու Ղևոնդ մը միայն գտիր,- ասում էր Գուրգեն իշխանը Հովնանին,- ես քեզի տասը Վարդան կը գտնեմ» (Ծերենց 270), «Ղևո՜նդ, Ղևո՜նդ, ո՜ւր ես,- բացականչում է Հովնանը,- Հայաստան քեզ պես մեծ մարդ, մեծ քահանա, մեծ Քրիստոսի ծառա մեկ հատ մը միայն բերավ, ափսո՜ս, և հոն յուր ծննդական կարողությունը դադրեցավ» (Ծերենց 276-277):

Ծերենցը ճիշտ չէր, երբ համաժողովրդական ազատագրական շարժման մեջ վճռական ուժը համարում էր հոգևորականությանը, իսկ Վարդան Մամիկոնյանի նման հայրենիքի և ժողովրդի ազատության վեհ գործին նվիրված անձնվեր զորավարին մղում հետին պլան: Սակայն դժվար չէ բացատրել, ինչպես Պետրոս Ադամյանը կասեր՝ «պատկառելի վիպասանի» (Ադամյան 51) այդ մոտեցումը: Նրա համոզմամբ, երբ ազգային ինքնուրույն պետականության ստեղծման ենթարկված զենքը, իբրև զինակից, ստանում է նաև խաչը, դառնում է հզորություն, անքակտելիություն, ուստի և կռվան՝ օտար ներխուժող ուժերի դեմ կռվելու համար:

Վիպասանը Հովհաննես կաթողիկոսին ներկայացրել է որպես վերին աստիճանի թուլակամ մի մարդ, որը, հայրենիքին նվիրված լինելով հանդերձ, չի կարողացել նրա համար որևէ օգտակար գործ կատարել: Երբ երկիրը տագնապի մեջ էր, նա շարունակ փախչում էր աթոռանիստ քաղաքից և ոչ մի վճռական քայլի չէր դիմում ժողովրդին օրհասական վտանգից փրկելու համար, այլ մտածում էր միայն իր անձի մասին։ «Դվին քաղաքը այն ժամանակ Հայաստանի մայրաքաղաք՝ գրեթե 200.000 և ավելի բնակիչ ուներ, երևելի յուր ոստիկանաց պալատով, կաթողիկոսարանով և մայր եկեղեցիով,-գրում է Ծերենցը,- թեպետ կաթողիկոսը հոն բնակելու չէր համարձակեր արաբացի իշխանին երկյուղեն»: Ըստ նրա՝ «Ամեն բան և ջանք ուշ էր, միմիայն ճամփա խոհեմությամբ թշնամվույն հետ վարվիլն էր և նորա չարությունն քաղցրացնել» (Ծերենց 369):

Հետաքրքրականն այն է, որ «Գևորգ Մարզպետունի» վեպում նույնպես Հովհաննես կաթողիկոսը պատկերված է բացասական գծերով: Նրա

թուլամորթությունը, երկչոտությունը հետևյալ կերպ է բնութագրել Մուրացանը. «Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի» (Մուրացան 182):

Հովհաննես կաթողիկոսը ազգի օգտին երբեմն գործում էր բարիքներ՝ «միայն փառք վաստակելու» համար, բայց «արգելք չէր դնում հասնող չարիքներին» (Մուրացան 183),- գրում է Մուրացանը: Նույն միտքը արտահայտում է նաև Ծերենցը «Երկունք»-ում՝ ասելով, որ նախորդ կաթողիկոսի մահից հետո նորն է ընտրվում աշխարհական Զաքարիան, «որուն առաքինությունը և անձնուրացությունը հայտնի էր ամենուն. վասնզի Հայաստան ձանձրացեր էր այդ անտարբեր, թուլամորթ հայրապետներեն, որ իրենց հանգստությունը միայն կը ճանաչեին և կը փնտրեին» (Ծերենց 369): «Երկուսն էլ,- գրում է Ա. Տերտերյանը,- թե՜ Ծերենցը և թե՜ Մուրացանը

146

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

եկեղեցական իշխանությունն իջեցնում են «երկնային» բարձունքից, սակայն Մուրացանի զենքը շատ ավելի թունավոր էր, քան Ծերենցինը, որովհետև նա սատիրա է բանեցրել Հովհաննես կաթողիկոսի դեմ» (Տերտերյան 102):

Երկու վիպասաններն էլ փորձել են ընդհանրապես առաջադեմ հոգևորականության դերը չժխտել, ավելին՝ նրանք ցանկացել են «Մի հոտ և մի հովիվ» գաղափարը դարձնել համաժողովրդական շարժման գլխավոր ուժը ամբողջ ազգի վրա, որը պիտի ամրապնդեր պետական մտածողությունն ու ազգային ինքնագիտակցությունը: Սակայն նրանց հույսերը չեն արդարանում:

Ի տարբերություն Ծերենցի և Մուրացանի՝ Րաֆֆին «Դավիթ Բեկ» վեպում բարձրացնում է հայ հոգևորականության անունը և Հովհաննես կաթողիկոսի թուլակամ կերպարին հակադրում հայրենասեր Ներսես Արքեպիսկոպոսի կերպարը: Որպես անկախության պահպանման գլխավոր նախապայման՝ Ներսես

Արքեպիսկոպոսն առաջադրում է ազգային միասնության գաղափարը, ինչը անում էին Թորոսը «Թորոս Լևոնի» վեպում և Հովնանը՝ «Երկունք»-ում:

«Ո՛ւր որ հայ կա, պետք է միաբանին,- ասում է նա Գուրգեն իշխանին,- և առանց նախարարաց իրենց գլխուն ճարը տեսնեն, ան ատեն թերևս հայ ազգը իր փրկություն գտնե» (Ծերենց 218): Մուրացանի հերոսը ևս առաջ է քաշում ազգի միասնական ուժերի համախմբման գաղափարը՝ որպես երկրի փրկության միակ երաշխիք. «Երկրի փրկությունը,- ասում է Գևորգ Մարզպետունին,- կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել՝ զոհաբերության ի՛՛նչ գնով ուզում է լինի» (Մուրացան 217):

Միաբանության իդեալը Ծերենցի վեպերում առանձնակի նշանակությամբ էր շեշտվում, քանի որ հեղինակն արդեն հայտնաբերել էր այն չարիքը՝ երկպառակությունն ու անմիաբանությունը, որը պատճառ էր դարձել հայկական պետականության անկման: Րաֆֆին և Մուրացանը ևս իրենց վեպերում հայ ժողովրդի դժբախտության հիմնական պատճառը համարել են երկրի ներքին երկպառակությունը, ավատական մասնատվածությունն ու նախարարների

անմիաբանությունը: Երեք հեղինակներն էլ խստորեն ձաղկել են դավաճանությունն ու անմիաբանությունը և դրանց հակադրել հայրենասիրության ամբողջ վեհությունը՝ առաջադրելով ազգային միասնության գաղափարը՝ իբրև հայրենիքի անկախության ու ժողովրդի ինքնության պահպանման կարևորագույն նախապայման: Եթե

հայրենասիրությունը, ըստ վիպասանների, գերագույն առաքինություն է և արժանի է փառաբանման ու դրվատման, ապա անմիաբանությունը չարիք է ժողովրդի համար, իսկ դավաճանությունը հանցանքներից ծանրագույնն է: Ով դավաճանում է հայրենիքին և պաշտպանում է թշնամուն, նա ամենամեծ ոճրագործն է և արժանի է ամենաանողոք պատժի:

Ինչպես «Թորոս Լևոնի»-ում, այնպես էլ «Երկունք»-ում Ծերենցը դարձյալ անողոք քննադատության է ենթարկում այն նախարարական տներին, որոնք, ելնելով իրենց շահերից, դաշնակցում են թշնամու հետ և իրենց վարքագծով խանգարում երկրի առաջադեմ ուժերի համախմբմանը: Նրանք ոչ մի մասնակցություն չեն ցուցաբերում ազատագրական շարժմանը. յուրաքանչյուրը մտածում ու գործում է յուրովի. ոմանք, փառասիրական տենչից դրդված, համագործակցում էին թշնամու հետ, մյուսները՝ փառաբանում և արդարացնում արաբների նվաճողական քաղաքականությունը, երրորդները՝ չեզոք դիրք գրավում: Բնական է, որ

նախարարական տների այսպիսի մասնատվածությունը, նրանց հակամարտ շահերն ու կենտրոնախույս ձգտումները պարարտ հող էին ստեղծելու թշնամու ծրագրերի իրականացման համար: «Օտար թագավորներից «բազմականգուն տիտղոսներ» ստանալով,- գրում է Ա. Տերտերյանը,- դավաճանները՝ բոլոր այդ Մերուժանները, Վասակները, Գդիհոնները, պատճառ են դարձել ժողովրդի արյան թափվելուն կամ նրա գերությանը» (Տերտերյան 102):

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Վեպում Հովնանի և Խոսրով իշխանի երկխոսության միջոցով հեղինակը ընթերցողի համար որոշակի է դարձնում դավաճան իշխանների հետապնդած նպատակների և նրանց արարքների ազգադավ էությունը: Մերկացնում էր նաև նախարարներին, որոնք թշնամու բարբարոսական արշավանքների ժամանակ փախչում էին իրենց ամրոցները և վտանգի պահին ոչ մի օժանդակություն ցույց չէին տալիս ժողովրդին։ «Վերեն կնային թե անօրենը ի՞նչ կընե,- ասում է Կարապետը,-ի՞նչպես կսպաննե, ի՞նչպես գերի կտանի, ի՞նչպես կայրե, ի՞նչպես կհափշտակե: Եվ երբ նա կերթա, կիջնեն իրենց ծակերեն, ժողովուրդը կկսկծան և կհորդորեն, որ նորեն ցանեն, նորեն հնձեն, նորեն շինեն, ահա մեր վիճակը» (Ծերենց 249):

Արաբ բռնակալների ասպատակությունների ժամանակ իշխանական դասի այդօրինակ վերաբերմունքի մասին բացասաբար է արտահայտվել նաև Մուրացանն իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: Նա նույնպես խստորեն քննադատում է դավաճան նախարարների հակամարդկային էությունը, նրանց բարոյական այլասերվածությունը, փառասիրությունը, ժողովրդի բախտի ու ճակատագրի հանդեպ նրանց ցուցաբերած անտարբեր վերաբերմունքը։ «Մենք ոչինչ չենք անում,- ասում է խորապես զայրացած Մարզպետունին կաթողիկոսին,- կամ անում ենք այն, ինչ որ ամոթ և նախատինք է բերում հայ անվանը: Մենք քաշվել, նստել ենք մեր բերդերում, շրջապատել ենք մեզ պահակ գնդերով, ապահովել ենք թշնամու հարձակումից, իսկ ժողովուրդն ու եկեղեցիները թողել անտերունչ, անպաշտպան, կամ ավելի ճիշտն ասած, մատնել նրանց թշնամու սրին...» (Մուրացան 214):

Րաֆֆին ևս իր «Խենթը» վեպում դատապարտել է կղերականության ու ավատական վերնախավի անտարբեր վերաբերմունքը սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ. «Նայեցեք, նայեցեք...,- ասում է Վարդանը,- տունը աչքի առջեւ այրում են, զաւակները կրակի մէջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են... Տղամարդը տեսնում է այդ բոլորը եւ ինքը ամենայն խոնարհութեամբ պարանոցը դէմ է անում թշնամու սրին... Տօ, անիծեալ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, յետոյ մեռիր...» (Րաֆֆի, Խենթը, Արկածներ վերջին ռուս-թուրքական պատերազմից 10):

«Երկունք»-ի դավաճան իշխաններ Մուշեղ Վահևունին, Վահրամ Տրունին և Վահրամ Գնունին թշնամու բանակի մեջ բարձր դիրք էին գրավում և հանդես էին գալիս իբրև Բուղայի հավատարիմ ծառաներ ու գործակալներ: «Սոքա երեքը,- գրում է Ծերենցը,- միաբան գրյալ և կնքյալ նամակով առ Բուղա մատնեցին իրենց իշխանը Աշոտ Արծրունի ի կապանս և ի գերություն, և Վասպուրական երկիրն ի հուր և ի սուր» (Ծերենց 324): Բուղային ուղղված դավաճան իշխանների նամակի

բովանդակությունը տալիս է Թովմա Արծրունին, որից էլ օգտվել է Ծերենցը. «Եվ արդ մենք՝ Վասպուրականի ազատների ու իշխանների նահապետներս, Վահևունյաց տոհմից Մուշեղը, Տրունյաց տոհմից Վահրամը, մյուս Վահրամը, որը և իշխանի թիկնապահն է, և բազում ուրիշ ազատներ ու պետության զորականներ, որոնց ձեռքն է մեր աշխարհի հոգաբարձությունը, գրեցինք քեզ, Բուղա, արաբացոց զորապետների գլխավոր և բարձակից մեծն թագավորի: Միայն թե ազատ արձակի մեզ և մեր ազգատոհմին մեր տները և թույլ տուր յուրաքանչյուրիս խաղաղ ապրելու այնտեղ: Մենք Աշոտին կտանք քո ձեռքը, առանց զենքի, մարտի ու ճակատ կազմելու, և չես չարչարվի նրա պատճառով» (Արծրունի և Անանուն 150):

Վեպի՝ «Աշոտ Արծրունի և դավաճանք», «Վրեժ», «Դարան» գլուխներն ամբողջությամբ խարսխված են այս փաստի վրա:

Փառասեր, գոռոզ ու իշխանատենչ նախարարները, դառնալով Բուղայի հայաջինջ քաղաքականության պաշտպանն ու հովանավորը, մինչև վերջ էլ մնում են հավատարիմ իրենց գլխավորած հակահայրենասիրական հոսանքի հակաժողովրդական բնույթին: Սակայն Բուղայի դեմ տարած հաղթանակից հետո Հովնանի առաջ ծառացել էր մի դժվարին հարց՝ շուտափույթ հայտնաբերել դավաճաններին, բանտարկել և դատաստան տեսնել նրանց հետ: Եթե մյուս երկու մատնիչ իշխանները տակավին հայտնաբերված չէին, ապա Մուշեղ Վահևունին՝ «այդ

148

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

չարագործը, այդ արյունարբու գազանը, որ բոլոր Վասպուրական արյան և սուգի համակեց» (Ծերենց 314), ինչպես ճիշտ բնութագրել է նրան հեղինակը, յուրացրել էր քծնանքի և կեղծիքի բոլոր նրբությունները, նպատակին հասնելու միջոցների անխտրականությունը, դավելու հնարքները: Դավաճանը հասկանում էր իր վիճակի անելանելիությունը. համոզված էր, որ մինչև մյուս մատնիչ իշխանների ձերբակալումը մնացել են հաշված ժամեր: Ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ այդ դրությունից: Նա գիտեր, որ արդարանալու որևէ միջոց չունի, անզոր է, այլևս չի կարող կեղծել և ժողովրդից թաքցնել իր կատարած արարքները:

Շուտով հայրենիքի դավաճան այդ երեք իշխանները, որոնք «զինվորական օրինաց մատնիչ եղան վատությամբ, տիրադավ եղան իրենց տերը մատնեցին, իրենց բարերարներու երախտյաց ապերախտությամբ պատասխանեցին» (Ծերենց 321), կանգնում են ժողովրդական դատարանի առջև, որպեսզի պատասխան տան իրենց ազգադավ գործունեության համար: Վերջիններս խորամանկությամբ ձգտում էին քողարկել բոլոր այն չարագործությունները, որ կատարել էին իրենց ձեռքերով, և ամբաստանում էին Հովնանին՝ «իբրև խարդախի և դավաճանի, որ իրենց կենաց դեմ թշնամությամբ գրգռված՝ ո՜ գիտե ուստի, զիրենք կապանաց և բանտի մատներ էր ամենայն դիվական նենգությամբ» (Ծերենց 321): Բայց Հովնանի բնածին խելքն ու զգուշությունը նրանց փաստի առաջ են կանգնեցնում և բացահայտում նրանց հոգու ամբողջ գարշելիությունը: Մի ակնթարթ նա վերհիշում է բազմաթիվ գյուղերի ու քաղաքների ավերումն ու կողոպուտը, անմեղ ժողովրդի գերեվարումը, բազում զինակից ընկերների կորուստը և շատ ու շատ այլ սարսափելի տեսարաններ, որոնք դավաճանների մատնության հետևանքներն էին: «Կրնայի զիրենք կախել առաջին փայտեն... բայց չուզեցի... որովհետև գրված է. Մի' սպանաներ, այլ դատե և դատապարտե» (Ծերենց 322):

Եվ ահա Խութեցու մեջ բորբոքվում է ցասման հուրը: Նա շատ կտրուկ, վճռական հրամայում է հրապարակայնորեն դատել և տալ նրանց արժանի պատիժը: Բոլոր ներկաները, աջ ձեռքները Ավետարանի վրա դրած, ձախը՝ սրտներին, խոստովանում էին, թե «հանցավոր և մատնիչ էին՝ հավասար ուրացելոցն Մերուժանա Արծրունվո և Վասակա Սյունվո և Հուդա Իսկարիովտացվո» (Ծերենց 323), ապա միահամուռ ընդունելով Հովնանի որոշումը՝ վճռում են. «Մենք զիրենք արժանի դատեցինք մահու և այս վճռին ու նրա գործադրությունը հանձնեցինք Հովնանու Խութեցվո,- ասում են լեռների պարզամիտ գյուղացիները,- որ ո՞ւր տեղ և ո՞ր կողմ արժան և հարմար դատի՝ այս մեր պատժո վճիռն ի գործ դնե հօրինակ և ի զգուշություն չարագործաց և միամտաց» (Ծերենց 324):

Պատմաբան Լեոն, իր «Ռուսահայոց գրականությունը» նշանավոր

աշխատության մեջ քննելով Ծերենցի վեպերը, կարծում է, որ գրողը բոլորովին անտեղի է ներկայացրել այդ դատը. «Մենք տեսնում ենք Հայաստանի լեռներում եվրոպական մի դատարան իր բոլոր ձևականություններով: Եվ այս անպատեհության պատճառը հասկանալի է. Ծերենց, ինչպես ասացինք, մի անկախ ազգի առաջնակարգ գործը որոշ օրենսդրությունն է համարում: Եվ ահա իր այդ գաղափարը նա գործադրել է տալիս իր գլխավոր հերոսի միջոցով, որ առհասարակ նրա բոլոր աշխարհայեցողությունների համագումարն է ներկայացնում» (Լէօ 270): Սակայն, ինչպես իրավացիորեն նկատել է Ա. Տերտերյանը, «թե՞ Հովնանը և թե' հեղինակը խնդրին նայել են դաստիարակչական տեսակետից: Դավաճաններին «ոչ միայն պետք է հիշել,- ասում է Ծերենցը,- այլ նաև կրակով գրել, ժայռերու վրա փորագրել, մանր և փոքրիկ տղայոց ուսուցանել, որ նոցա անունը նզովեն և նոցա օրինակին քստմնել սովրեն և մեծ հասակավոր մարդիկ առաջին առթիվ զանոնք պատուհասեն» (Տերտերյան 108):

Ինչպես տեսնում ենք, դավաճան նախարարների վարքագիծը թե' Ծերենցի, թե' Մուրացանի և թե' Րաֆֆու ստեղծագործություններում խիստ քննադատության է ենթարկված: Նրանք երեքն էլ հայ գրականության և հասարակական մտքի

149

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

պատմության մեջ մեծ հետաքրքրություն հանդես բերեցին դեպի պատմական անցյալը և ցույց տվեցին հակադիր դասերի ու դասակարգերի միջև եղած խոր հակասությունը, պատռեցին քամահրանքի քողը, որով պարուրված էին ազնվականների անմարդկային արարքները տվյալ դարաշրջանում:

Ազնվական դասի քննադատության, հասարակական այդ կարևոր խնդրի հասկացողությունը ժողովրդի և իշխանական դասի միջև գոյություն ունեցող անհավասարության վերացումն է և հասարակ մարդկանց հասարակական ու քաղաքական իրավունքների ճանաչումը, այսինքն՝ հասարակության անդամների իրավահավասարության հաստատումը: Այստեղից էլ բխում են երկու մեծ

վիպասանների ժողովրդասիրությունն ու մարդասիրությունը: Այս և համանման շատ գծերով էլ մոտ են իրար գեղարվեստական մտքի այդ երկու կարկառուն ներկայացուցիչները:

Դավաճանների կերպավորումը «Թեոդորոս Ռշտունի» վեպում

«Թեոդորոս Ռշտունի» վեպում Ծերենցը դիմել է հայոց պատմության մի ծանր և անհուսալի ժամանակաշրջանի, երբ պարսկական ու բյուզանդական

իշխանությունների տակ հեծող Հայաստանը քայքայված ու կազմալուծված վիճակով ենթարկվում էր արաբական արշավանքներին: Այստեղ ևս Ծերենցը մեծ դեր է հատկացրել հայ վերնախավի՝ նախարարների, բարձրաստիճան հոգևորականների և ժողովրդի միջև եղած հարաբերությունների բնութագրմանը: Ցույց տալով

ազատագրական շարժման ընթացքում ազնվականների մի որոշ մասի կատարած դրական դերը՝ վիպասանը չի քողարկում նախարարների պառակտողական, քայքայիչ գործողությունները: Ծերենցը սպառիչ համոզչությամբ նկարագրում է ազգադավ նախարարների վարած քաղաքականության բացասական էությունը: Հայրենադավ իշխանները, ըստ Ծերենցի, հանցագործներ են, որոնք, գաղտնի կապերի մեջ մտնելով արաբական ու բյուզանդական վերնախավի ներկայացուցիչների հետ,

բացահայտորեն դավաճանում են ժողովրդին, ոտնահարում նրա կենսական շահերը: Ազգային արժանապատվությունից զուրկ այդ իշխաններն իրենց գործունեությամբ հանդես են գալիս ոչ միայն որպես ժողովրդի թշնամիներ, այլև նրանք, շատ հաճախ նախանձությունից դրդված, միմյանց դեմ են դուրս գալիս. «Նախարարք և իշխանք հարստահարող, կասկածոտ, տգետ, նախանձոտ միմյանց դեմ» (Ծերենց 537):

Ազգադավ նախարարների նկատմամբ հեղինակի ունեցած այսօրինակ վերաբերմունքն արտահայտվում է վեպի բազմաթիվ էջերում. այդ երևույթը նրա բոլոր երկերում բացահայտված է վարպետորեն, ուժեղ և անհերքելի մերկացումներով: Ծերենցը ցույց է տալիս, որ հայրենադավ իշխանների ամեն մի արարք, համագործակցություն օտար նվաճողների հետ մի նոր դժբախտություն էին բերում ժողովրդին, թե ինչպես այդ բոլորին ավելանում էին նաև ներքին տիրապետող դասերի կամայականություններն ու բռնությունները բուն ժողովրդի մեջ, որը ստեղծում էր ընդհանուր ատելություն դեպի այդ ներքին հարստահարիչները, դեպի այն ամենը, ինչը երաշխավորվում էր իշխող վերնախավի անսանձ կամայականության բռնի շահագործմամբ։ «Ինչպես բնական է ազնվատոհմությանց,- գրում է վիպասանը,-ամեն տեղ արհամարհ աչօք նայիլ հասարակ ժողովրդյան վրա և հարստահարել, նույնը սովորաբար կընեին հայոց նախարարք և ազատք: Վասնզի այդ երրորդ մասը՝ ժողովուրդը, որուն մեկ իրավունքը չհիշվիր մեկ տեղ մը, չի կար հաստատություն մը, որուն վրա ինք հենվեր, չի կար կազմակերպյալ օրենք մը, որ զինք պաշտպաներ» (Ծերենց 481):

Ծերենցը, դատապարտելով ներքին երկպառակությունները, ինչպես «Երկունք»-ում, այնպես էլ այս վեպում առաջ է քաշել ազգային միասնության գաղափարը՝ իբրև հայրենիքի անկախության գլխավոր նախապայման: «Այդ նախարարական իշխանությունը, որ մեծ և պզտի բռնավորությանց բաժանելով

150

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

երկիրը կենտրոնական իշխանություն կտկարացներ, և այդ բռնավորները գործիք կըներ օտարին բանսարկությանց և միջամտությանց»,- գրում է Ծերենցը (Ծերենց 482): Հեղինակը կարծում է, որ նախարարների անմիաբանության հետևանքով է, որ Հայաստանը կռվախնձոր էր դարձել արաբական ու բյուզանդական պետությունների ձեռքին. եթե նախարարները միաբանեին, ստեղծեին մի ամուր միասնական իշխանություն, ապա թշնամին երբեք չէր կարող ոտնակոխ անել հայոց աշխարհը և բնաջնջեր անմեղ ժողովրդին: Այս գաղափարն ընկած է Ծերենցի բոլոր վեպերի հիմքում. այն իր լայն լուսաբանությունն է ստացել նաև «Թեոդորոս Ռշտունի» վեպում:

Գրողը խստորեն քննադատում է ավատատեր իշխանների տարանջատ-վածությունը, նրանց գաղտնի համագործակցությունը արաբական իշխանության ներկայացուցիչների հետ, ժողովրդի ճակատագրի հանդեպ նրանց ունեցած անտարբեր վերաբերմունքը: Նա ցույց է տալիս, թե ինչպես նախարարներից շատերը թշնամու հետ միասին ճնշում ու հարստահարում էին ժողովրդին՝ օտար մեծամեծների աչքում իրենց դիրքն ու հեղինակությունը բարձրացնելու համար: Հեղինակի բնութագրմամբ՝ ազգադավ նախարարները ժամանակի ամենահետադիմական ուժերն էին, որոնք, հակադրվելով կենտրոնաձիգ առաջադեմ ուժերին, ոչ միայն խանգարում էին երկրի կենտրոնական ուժեղ պետություն ստեղծելուն, այլև նպաստում ներքին ուժերի ջլատմանը, հնարավորում թշնամուն հեշտությամբ կենսագործելու իրենց նվաճողական ծրագրերը: Ծերենցը, քննադատական

վերաբերմունք հանդես բերելով դավաճան իշխանների նկատմամբ, ընդհանուր գծերով մերկացնում է նրանց ոչ միայն կենտրոնախույս ձգտումները, այլև դասակարգային-շահագործողական էությունը: Անգթորեն ճնշելով ժողովրդական զանգվածներին՝ նրանք ոտնահարում էին ժողովրդի իրավունքները, և վերջինս, «Ոսկվո և արծաթի հարկապահանջների տակ կքած», կրկնակի ենթարկվում էր ավատական բռնության օրենքի նվաստացուցիչ ազդեցությանը: «Կային

ժամանակներ,- գրում է Ծերենցը,- որ նախարարական ձեռքը այն աստիճան կծանրանար ժողովրդյան վրա ոսկվո և արծաթի հարկապահանջներ դնելով, որ հեղինակ մը կնմանեցնե այդ խեղճ շինականը, այսինքն ժողովուրդը «մարդու», որ կընկնի ի ծով հնարք չի գտներ ելլելու, «հիվանդի», որ ցավեն տագնապյալ խոսելու նաև կարողություն չունի» (Ծերենց 481):

Ծերենցի կարծիքով՝ հիվանդ ժողովրդի վերքերը բուժելու համար անհրաժեշտ էր հեռանկարային լայն գործունեություն ծավալել, որի հիմնական նպատակը պետք է լիներ կրթել և դաստիարակել հայրենակիցներին՝ բարձրացնելով նրանց ազգային ինքնագիտակցությունը:

Կենտրոնախույս ուժերի պառակտիչ քաղաքականությունը ցույց տալով՝ վիպասանը զուգահեռ է անցկացրել հայերի ու հույների պատմական ճակատագրերի միջև և հանգել այն եզրակացության, որ Հայաստանի՝ պետականորեն հզոր չլինելու հիմնական պատճառը նախարարների վարած կենտրոնախույս քաղաքականությունն է, որը օտարերկրյա ծանր լծի հետ միասին խանգարում է ժողովրդի միավորմանը, մինչդեռ հույների մոտ «ուսմունքը բնական մարդը բարձրացրել է» ազգային ընդհանուր շահերը ճանաչելու և համախմբվելու գիտակցությանը: «...Հայերը նույնչափ անմիաբան եղած են, ինչչափ ամեն ազինք,- գրում է վիպասանը,- որ զորավոր կառավարություն չեն ունեցել երբեք: Իրենք ոչ երբեք ունեցել են Հունաց պես 25 տարի քշող քաղաքական պատերազմը Պելոպոնեսյան պատերազմի պես թեպետ նախարարությանց անմիաբանությունը հար և նման էր այդ Հունաստանի փոքր, փոքր հասարակապետությանց, միայն այն տարբերությամբ, որ հոն ժողովուրդն ազատ և ամեն բան էր, և ուսմունքը բնական մարդը բարձրացուցեր էր, իսկ Հայաստան՝ ժողովուրդը ոչինչ էր, և իր բռնավորներն ամեն ինչ» (Ծերենց 483):

Վիպասանն ընդգծում է, որ միայն կրթության ու դաստիարակության խնդիրը կարող է ազգային ինքնաճանաչողության արթնացման և ազատագրական բոլոր ուժերի միավորման ու համախմբան գլխավոր ազդակ դառնալ: Նա ամեն կերպ

151

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ձգտում էր կրթության ու դաստիարակության միջոցով ժողովրդին դուրս բերել թշվառ վիճակից: Ներշնչվելով ֆրանսիական լուսավորիչներից ու գրողներից՝ Ծերենցը նախ իր հրապարակախոսական հոդվածներում, այնուհետև վեպերում արծարծում է այն հարցը, որ լուսավորությունը առաջին և ամենագլխավոր նախապայմանն է ազգային-քաղաքական նպատակների իրականացման համար: «Ժողովրդական միաբանական ոգի և ուսումնարան. այս երկու բան կարող են հայ ազգին կենդանության շունչ բերել»,- գրում է նա (Ծերենց 638):

Ծերենցին զբաղեցնող հիմնական հարցերից մեկն էլ բարձրաստիճան հոգևորականության խնդիրն էր:

Ներսես կաթողիկոսը վեպում պատկերված է իբրև հմուտ քաղաքագետ, հեռատես, փորձառու, խելացի, աշխարհ տեսած, բազմակողմանի զարգացած, եկեղեցական օրենքների քաջ գիտակ մի անձնավորություն: Նա հասկանում էր, որ երկիրը օտար ասպատակողներից պաշտպանելու համար առաջին հերթին պետք էր ամրապնդել հայրենիքի սահմանները, վերականգնել բոլոր այն քաղաքները, որոնք քարուքանդ էին եղել բարբարոսների ձեռքերով, բոլոր եկեղեցիներն ու վանքերը պետք է վերանորոգվեին. ահա այս նպատակով նա ձեռնարկում է քաղաքաշինարարական մեծ աշխատանքներ: «...Այրած եկեղեցիները և կաթողիկոսարանը ու հյուրանոցը նորոգեց,- գրում է Ծերենցը,- պարիսպներն ամրացուց, պարտեզներ և այգիներ տնկեց և Գառնո գետե ջուր բերավ ոռոգելու համար: Դվին շունչ առավ կենդանացավ քանի մը տարվա համար, ավերակաց վրա պալատներ, տուներ և շուկաներ բարձրացան» (Ծերենց 538):

Եթե Ներսես կաթողիկոսի կերպարը վեպի սկզբում բնութագրվում է դրական գծերով, ապա վերջում հեղինակը նրա կերպարը մեկնաբանում է այլ դիրքերից՝ ներկայացնելով նրան որպես այլ հոգեբանության և վարքագծի տեր մարդու: Հայոց կաթողիկոսը հայրենասեր է, սիրում է իր հայրենիքն ու ժողովրդին, այդ բանը չի ժխտում հեղինակը: Բայց ի՞նչ դիրք է բռնում նա հայրենիքը վտանգի մեջ եղած ժամանակ: Հենց այս հարցում էլ հեղինակը մեղադրում է նրան՝ հայրենադավ իշխանների հետ միանալու և հայրենիքին ու ժողովրդին դավաճանելու համար:

Թշնամու կողմից սպառնացող վտանգի պահին, փոխանակ իր հայրենիքին ու ժողովրդին օգնի, նա Հովհաննես կաթողիկոսի նման իր անձը փրկելու համար թողնում է աթոռանիստ քաղաքը և Սմբատ Կյուրողապատի հետ փախչում Տայոց գավառը՝ պատճառաբանելով, որ իրենք հեռանում են Դվինից ոչ թե իրենց կյանքի ապահովության համար, այլ Թեոդորոս Ռշտունու երկյուղից, որ իբր հայոց սպարապետը մի նոր դավադրություն է նախապատրաստել իրենց դեմ: Թեոդորոս Ռշտունու դեմ հարուցված մեղադրանքները բոլորովին անհիմն էին, որովհետև վեպում ոչ մի տեղ նշված չէ հայոց զորավարի կազմակերպած դավադրության մասին. դա Ներսես կաթողիկոսի կողմից հորինված միտք էր՝ վատաբանելու Թեոդորոս Ռշտունուն, քանի որ վերջինս ամեն կերպ աշխատում էր իր ուժն ու կարողությունն ի սպաս դնել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:

Վեպում ծավալվող իրադրությունների և դրանցում հանդես եկող գլխավոր գործող անձերի միջոցով Ծերենցը ստեղծում է մի պատմավեպ, որում շոշափում է բազմաթիվ խնդիրներ թե' տվյալ դարաշրջանի հասարակական-քաղաքական կյանքի, թե' հայ իրականության մեջ գոյություն ունեցող տարբեր դասակարգերի և թե' հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ:

Վիպասանի կերտած դրական կերպարներն ամբողջանում են իրականի և իդեալականի, իրենց ապրած դարաշրջանի վշտերի ու պատրանքների, ներկայի ու գալիքի պատկերացումներից: Գլխավոր կերպարներին վերցնելով վերնախավից՝ Ծերենցը հակադրել է նրանց հենց իրենց դասակարգի մարդկանց հետ, ցույց տվել, որ նրանք իրենց հոգեբանությամբ ու բնավորությամբ տարբերվում են ազգադավ նախարարներից, եթե հայրենասեր իշխաններն իրենց մտքերն ու զգացմունքները միավորել և միասնական ուժերով դուրս են եկել թշնամու դեմ, ապա հայրենադավ

152

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

իշխանները իրենց արարքներով միշտ ձգտել են խանգարել նրանց հայրենանվեր գործունեությունը:

Եզրակացություն

Ծերենցն իր երեք վեպերում խստորեն քննադատել է դավաճան իշխանների հակաժողովրդական գործունեությունը: Նրանց քաղաքական վարքագիծը

բնութագրելու համար հեղինակը առանձնացրել է գլխավոր հատկանիշները՝ դրանով իսկ հասնելով յուրաքանչյուրի բացասական կողմերի պատկերմանը: Հայրենիքի դավաճանները հոգով այլասերված, բարոյական անազնիվ սկզբունքներով ղեկավարվող անհատներ էին, որոնք, հովանավորվելով արտաքին թշնամու կողմից, վարում էին կենտրոնախույս քաղաքականություն:

Ծերենցի, Րաֆֆու և Մուրացանի պատմավեպերում ներկայացված դավաճան նախարարների, իշխանների ու հոգևորականների կերպարների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայրենիքի, ժողովրդի, կրոնի ուրացումը, օտար բռնակալների հետ դաշնակցելը՝ հակառակ ժողովրդի շահերի, ծանրագույն հանցանք է՝ դավաճանություն, և արժանի է ամենաանողոք պատժի: Երեք վիպասաններն էլ ձաղկել են դավաճանությունն ու անմիաբանությունը և դրան հակադրել հայրենասիրության ամբողջ վեհությունը՝ առաջադրելով ազգային միասնության գաղափարը՝ իբրև հայրենիքի անկախության և ժողովրդի ինքնության պահպանման կարևորագույն նախապայման:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ավետիսյան, Զավեն. Հայ պատմավեպի պոետիկան. Երևան, 1986:

2. Թովմա Արծրունի և Անանուն. Պատմություն Արծրունյաց տան. ներածությունը, թարգմանությունը և ծանօթագրությունները Վ. Վարդանյանի, Երևան, 1978:

3. Լէօ. Ռուսահայոց գրականութիւնը սկզբից մինչեւ մեր օրերը. Վենետիկ, 1904:

4. Ծերենց. Երկեր. առաջաբանը՝ Վ. Մկրտչյանի, Երևան, 1957:

5. Մուրացան. Գևորգ Մարզպետունի. Հայ դասականների գրադարան, Երևան, 1977:

6. Սարինյան, Սերգեյ. Րաֆֆի. Երևան, 1957:

7. Սմբատ Սպարապետ. Տարեգիրք. յառաջաբանը՝ Հ. Ս. վրդ. Ագըլեանի, Վենետիկ, 1956:

8. Տերտերյան, Արսեն. Հայ կլասիկներ. Երևան, 1944:

9. Րաֆֆի. Դավիթ բեկ. Վիեննա, 1903:

10. Րաֆֆի. Խենթը, Արկածներ վերջին ռուս-թուրքական պատերազմից. Պոսթըն, 1937:

11. Ադամյան, Պետրոս. Առ պատկառելին Ծերենց. յուր վաղամեռիկ և բարեհիշատակ դուստր. Տիկին Թագուհի Մելիք-Ազարյանցի մահվան առթիվ. ինգնագիր, ԳԱԹ, Ծերենցի ֆոնդ, 51:

WORKS CITED

1. Avetisyan, Zaven. Hay patmavepi poetikan. Erevan. [The Poetics of the Armenian Historical Novel. Yerevan] 1986. (In Armenian)

2. Leo. Rusahayots‘ grakanutiwne skzbits‘ minch'ew mer orere. Venetik. [The Armenian Literature in Russia from the Beginning to our Days. Venice] 1904. (In Armenian)

3. Muratsan. Gevorg Marzpetunii. Hay dasakanneri gradaran, Erevan. [Gevorg Marzpetuni. The Library of the Armenian Classicals, Yerevan] 1977. (In Armenian)

4. Raffi. Davit bek. Vienna. [David Bek. Vienna], 1903. (In Armenian)

153

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

5. Raffi. Khent'e, Arkatsner verjin rus-t‘urk‘akan paterazmits‘. Post'y'n. [The Fool: Adventures from the Last Russian-Turkish War. Boston] 1937. (In Armenian)

6. Sarinyan, Sergey. Raffi. Erevan. [Raffi. Yerevan] 1957. (In Armenian)

7. Smbat Sparapet. Taregirk‘. harajabane H. S. vartabed Agelean. [Yearbook. Foreword by H. S. Arch. Agilian, Venice] 1956. (In Armenian)

8. Terteryan, Arsen. Hay klasikner. Erevan. [The Armenian Classicals. Yerevan] 1944. (In Armenian)

9. Tovma Artsruni ew Ananun. Patmut'yun Artsrunyats‘ tan. neratsut'yune, t'argmanut'yune ev tsanot'agrnt'yunnere Vrej Vardanyani, Erevan. [The History of Artsruni Dynasty. Introduction, Translation and Footnotes by V. Vardanyan, Yerevan] 1978. (In Armenian)

10. Tserents'. Erker. arajabane Vahagn Mkrtch'yani. Erevan. [Literary Works. Foreword by V. Mkrtchyan, Yerevan] 1957. (In Armenian)

11. Adamyan, Petros. Ar patkarelin Tserents‘. yur vaghamerik ev barehishatak dustr. Tikin T‘aguhi Melik‘-Azaryants‘i mahvan artiv. ingnagir, GAT', C'erenci fond, 51. [To His Greatness Tserents, On the Death of the Prematurely Dead and Well-Remembered His Daughter Mis Taguhi Melik-Azaryants. Handwritten, The Archives of the Museum of Literature and Art after Yeghishe Charents, Tserents Fund, Document 51. (In Armenian)

TRAITORS IN TSERENTS’S HISTORICAL NOVELS

LEVON (ARCHIMANDRITE NERSEH) ALOYAN

Yerevan State University, Faculty of Armenian Philology,

Chair of History of Armenian Literature after Academician Hrant Tamrazyan, Ph.D. Student; journal of the Armenian Patriarchate of Jerusalem «Sion», Chief editor,

Jerusalem, Israel

This article examines the characters of disunited and treacherous ministers in the novels "Toros, Son of Levon," "Travails of the 9th Century," and "Theodoras Rshtuni,'' with the goal of studying and comparing the treacherous characters in Tserents' historical novels with those in Raffi's and Muratsan's works, as well as bringing out the infamous and contemptible attitude of the Armenian elite, ministers, princes and clergy towards the fate of the homeland and its people.

The historical-comparative and historical-analytical methodologies were employed in the course of the research.

Following the previous studies, the author explores the theme of betrayal in three novelists' works written written different period of time, and comes to the conclusion that in order to preserve the independence of the homeland and the identity of the people, it is necessary to acknowledge the importance of the notions of national unity and patriotism. Three novelists' works contain plenty of insidious, materialistic, and cowardly Armenian traitors who, by prioritizing their own personal interests and welfare over national and state interests, bring great misfortune to the Armenian statehood and homeland through their treacherous activities. The denial of homeland, people, religion while allying with foreign dictators against the interests of the people is a grave crime and betrayal that deserves the harshest punishment.

Keywords: Tserents, historical novel, “Toros, Son of Levon,” “Travails of the 9th Century,” “Theodoros Rshtuni,” treacherous ministers, renegade princes, disunity, clergy, centrifugal policy.

154

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ПРЕДАТЕЛИ В ИСТОРИЧЕСКИХ РОМАНАХ ЦЕРЕНЦА

ЛЕВОН (АРХИМАНДРИТ НЕРСЕ) АЛОЯН

соискатель кафедры армянской литературы имени Гранта Тамразяна Ереванского государственного университета, главный редактор журнала Армянского Иерусалимского патриархата «Сион», г. Иерусалим, Израиль

Данная статья дает всеобъемлющий анализ образов разобщенных и настроенных против государственной власти князей и священников и их деятельности в исторических романах Церенца «Торос Левони», «Рождение IX века», «Теодорос Рштуни».

Цель исследования - изучить и сопоставить образы предателей в исторических романах Церенца с образами изменников в исторических романах Мурацана, Раффи, а также выявить низкое, осудительное и предательское отношени еармянской элиты, князей и духовенства, к своей родине и к судьбе народа.

В ходе работы были использованы историко-сравнительный метод и метод исторического анализа.

Проанализировав мотивы предательства в трех сочинениях вышеназванных авторов, отделенных друг от друга временем и пространством, и Церенца и отдав дань уважения изучавшим этот материал предшественникам, автор приходит к выводу о том, что для независимости родины и сохранения национальной идентичности важно национальное единство, восприятие и переосмысление высших патриотических идеалов и духовных ценностей. В работах всех трех романистов есть немало образов низких, меркантильных и эгоистичных предателей-армян, которые предпочли личную выгоду и благополучие национальному и государственному процветанию и которые своими предательскими поступками приносят огромный вред родине и армянской государственности. Предательство родины, народа и религии, союз с изноземными завоевателями - страшная вина: измена, за которой последует суровое наказание.

Ключевые слова: Церенц, исторический роман, «Торос Левони»,

«Рождение IX века», «Теодорос Рштуни», вельможи-предатели, князя-предатели, разрозненность, духовенство, центробежная политика.

155

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.