Научная статья на тему 'ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ՕՐՈՔ'

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ՕՐՈՔ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
146
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հռոմեական կայսրություն / Սասանյան Պարսկաստան / արտաքին քաղաքականություն / ներքին քաղաքականություն / Մեծ Հայքի թագավորություն / Տիրան Արշակունի / Շապուհ Բ / Կոստանդիոս

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Վարշամյան Էդգար

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ներքաղաքական զարգացումները չորրորդ դարի 40-ական թթ., ինչպես նաև հնարավորինս ամբողջական և համակողմանի բացահայտել Հայոց թագավոր Տիրանի հարաբերությունները Հռոմի և Պարսկաստանի հետ՝ հիմնական թիրախ ունենալով արտաքին քաղաքական անցուդարձերը: Վերոնշյալ նպատակի իրականացման համար աշխատանքի առանցքում դրված են հետևյալ խնդիրները. Ա) ուսումնասիրել Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արտաքին քաղաքական մարտահրավերները՝ հռոմեա-պարսկական հակամարտության ծիրում, Բ) ուսումնասիրել Հայոց թագավոր Տիրանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմահամեմատական վերլուծության մեթոդների կիրառմամբ: Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ Տիրանի թագավորության պատմափուլում շարունակում էր լարված մնալ Հայոց թագավորության արտաքին միջավայրը: Հարևան քաղաքական միավորները անընդհատ սպառնում էին պետության անվտանգությանը: Նման պայմաններում Հայոց թագավորը մի կողմից հավատարիմ մնաց հայ-հռոմեական դաշինքին, մյուս կողմից փորձեց կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ: Ներքին քաղաքականության մեջ Տիրանը քայլեր ձեռնարկեց միավորելու մասնատված երկիրը և փորձ կատարեց ամրապնդել կենտրոնաձիգ իշխանությունը երկրում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE KINGDOM OF GREATER ARMENIA DURING THE REIGN OF TIRAN ARSACID

This article aims at revealing the internal political developments of the Arsacid dynasty of Greater Armenia in the 40s of the 4th century, as well as the relations of the Armenian king Tiran with Rome and Persia, having as main target the foreign policy events. To achieve the above goal, the following tasks are at the core of the work. a) to study the foreign policy challenges of the Arsacid dynasty of Greater Armenia in the wake of the Roman-Persian conflict, b) to study the foreign and domestic policy pursued by the Armenian king Tiran. The work is written by a combined examination of facts, using the methods of historical-comparative analysis. As a result of the study, it can be argued that the external environment of the Armenian kingdom remained tense during the historical period of the kingdom of Tiran. Neighboring political units constantly threatened the security of the state. Under such conditions, Tiran adopted a flexible foreign policy. On the one hand, the Armenian king remained loyal to the Armenian-Roman allience, on the other hand, he tried to normalize relations with Persia. In domestic politics, Tiran was the real successor to Khosrov Kotak. With his policy he helped to unite the diveded country, he tried to strengthen the centrifugal power in the country.

Текст научной работы на тему «ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ՕՐՈՔ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՐԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՈՒ ՕՐՈՔ*

ՀՏԴ 94(479.25) DOI: 10.52063/25792652-2021.4-64

ԷԴԳԱՐ ՎԱՐՇԱՄՅԱՆ

Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն edovarshamvan@mail. ru

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ներքաղաքական զարգացումները չորրորդ դարի 40-ական թթ., ինչպես նաև հնարավորինս ամբողջական և համակողմանի բացահայտել Հայոց թագավոր Տիրանի հարաբերությունները Հռոմի և Պարսկաստանի հետ՝ հիմնական թիրախ ունենալով արտաքին քաղաքական անցուդարձերը:

Վերոնշյալ նպատակի իրականացման համար աշխատանքի առանցքում դրված են հետևյալ խնդիրները. Ա) ուսումնասիրել Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արտաքին քաղաքական մարտահրավերները՝ հռոմեա-պարսկական հակամարտության ծիրում, Բ) ուսումնասիրել Հայոց թագավոր Տիրանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը:

Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմահամեմատական վերլուծության մեթոդների կիրառմամբ:

Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ Տիրանի թագավորության պատմափուլում շարունակում էր լարված մնալ Հայոց թագավորության արտաքին միջավայրը: Հարևան քաղաքական

միավորները անընդհատ սպառնում էին պետության անվտանգությանը: Նման պայմաններում Հայոց թագավորը մի կողմից հավատարիմ մնաց հայ-հռոմեական դաշինքին, մյուս կողմից փորձեց կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ: Ներքին քաղաքականության մեջ Տիրանը քայլեր ձեռնարկեց միավորելու մասնատված երկիրը և փորձ կատարեց ամրապնդել կենտրոնաձիգ իշխանությունը երկրում:

Հիմնաբառեր՝ Հռոմեական կայսրություն, Սասանյան Պարսկաստան, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, Մեծ Հայքի թագավորություն, Տիրան Արշակունի, Շապուհ Բ, Կոստանդիոս:

Նախաբան

Տիրան Արշակունու գահակալության պատմափուլը (339-350) Հայ ժողովրդի պատմության մեջ հետաքրքրական, բայց միևնույն ժամանակ քիչ ուսումնասիրված ժամանակաշրջաններից է: Խնդրո առարկա դարաշրջանին կամ դրա առանձին ենթափուլերի զարգացումներին անդրադարձել են բազմաթիվ հետազոտողներ: Նրանցից յուրաքանչյուրը Տիրանի գործունեությունը քննության է առել ավելի կամ պակաս մանրամասնությամբ: Ուսումնասիրության ընթացքում մեծ տեղ է հատկացվել Տիրանի թագավորության շրջանի իրադարձությունների բացահայտմանը՝ հավուր պատշաճի գնահատելու և ամբողջացնելու Հայոց թագավորի պատմաքաղաքական կերպարը: Հայոց թագավորի պատմաքաղաքական դիմանկարն ամբողջացնելու,

* Հոդվածը ներկայացվել է 15.11.2021թ., գրախոսվել' 25.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Տիրանի գահակալության շրջանի արտաքին և ներքին մարտահրավերները հասկանալու և վերլուծելու համար նախ դիտարկենք, թե ինչպիսին էր արտաքին քաղաքական իրադրությունը Մեծ Հայքի շուրջ 4-րդ դարի 40-ական թթ.։

Իրադրությունը Մեծ Հայքի շուրջ Տիրան Արշակունու գահակալության շրջանում

Կոստանդիոս կայսեր օրոք (337-361) գրեթե յուրաքանչյուր տարվա գարնանը պարսիկներն ասպատակում էին Հռոմի արևեյյան պրովինցիաները։ Երբ ամռանը նրանք հետ էին դառնում՝ հռոմեացիներն իրենց հերթին ավերում էին պարսկական երկրամասերը՝ առանց թշնամու հետ անմիջապես բախվելու։ Պարսկական զորքերը, 345 թ. գետանցելով Տիգրիսը, բանակեցին Սինգարայի մոտ։ Սինգարայի ճակատամարտում հռոմեական լեգեոնները սկզբում Կոստանդիոս կայսեր մասնակցությամբ որոշակի հաջողության հասան, սակայն չդիմանալով պարսիկների գիշերային կատաղի գրոհին՝ խայտառակ պարտվեցին (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 65)։ Հ. Մանանդյանը ենթադրում է, որ այդ ճակատամարտում հավանաբար մասնակցել են նաև հայակական զորքեր (Մանանդյան 154)։ Կարծում ենք, որ առավել հավանական է այն տեսակետը, ըստ որի՝ ինչպես ցույց են տվել Ջ. Բյուրին և Ն. Ադոնցը, Սինգարայի ճակատամարտը տեղի է ունեցել ո'չ թե 348 թ., ինչպես ենթադրում են որոշ հետազոտողներ (Sykes 413), այլ 345 թ. (Адонц 254-255; Bury 302-305)։ Սինգարայի ճակատամարտից հետո, հավանաբար 345 կամ 346 թ. Շապուհ Բ-ին հաջողվում է երկրորդ անգամ պաշարել Մծբինը, որը տևեց գրեթե 3 ամիս։ Այս անգամ էլ Շապուհը մեծ կորուստներ տալուց հետո ստիպված էր նահանջել (Շահնազարյան 224)։ Հռոմեա-պարսկական այս կռիվների մասին մեզ

տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին.

«Եւ զայլ յոլով թագաւորս նուաճեալ Շապհոյ, և զազգս բարբարոսաց բազումս ի սատարութիւն կալեալ՝ սպառազինեցաւ ի Միջերկրեայս և ի Պաղեստինէ։ Իսկ Կոստանդեայ արարեալ կեսար զՅուլիանոս՝ սպառազինեցաւ ընդդէմ Պարսից. և տուեալ ճակատ, երկոքին կողմանքն պարտեցան. քանզի բազումք անկան յերկաքանչիւրոցն. և ոչ մի ի միւսոյ թիկունս դարձոյց. մինչև ի հաւանութիւն եկեալ՝ արարին խաղաղութիւն ամս սակաւս» (Մովսես Խորենացի 322)։ Դատելով պատմիչի հաղորդած տեղեկություններից՝ Հռոմի և Պարսկաստանի միջև տեղի ունեցած ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ տվեցին և պարտվեցին, համաձայնության գալով, խաղաղություն կնքեցին մի քանի տարով։

Այս իրադարձություններից հետո, Ճորա պահակով Այսրկովկաս ներխուժած կովկասյան լեռնականները 4 տարով ռազմակալեցին Աղվանքը։ Նրանք ոչ միայն սպառնում էին Մեծ Հայքին, այլև Պարսկաստանին. «Բայց Շապուհ Որմզդեան առ Տիրան մեր արքայ առաւել սէր հաստատեաց. մինչև զօրավիգն օգնականութեան եղեալ՝ թափէ զնա յարձակմանէ հիւսիսականացն ազգաց, որք միաբանեալ էին արտաքս քան զկապանն Ճորաց և բանակեցան ի սահմանս Աղուանից ամս չորս» (Մովսես Խորենացի 322)։ Համակարծիք ենք Բ. Հարությունյանի այն տեսակետին, որ հայ-պարսկական մերձեցումը հայ-հռոմեական հարաբերությունների խզում չէր նշանակում ( Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 66)։

Իրադարձությունները սկսեցին զարգանալ գլխապտույտ արագությամբ։ Մագնենտիոս զորավարը 350 թ. սպանեց Կոնստաս Ա կայսրին (337-350) և իրեն կայսր հռչակեց (The Cambridge Medieval History volume I 59)։ Կոստանդիոսը ստիպված Արևելքից մեծ ուժեր ուղարկեց նրա դեմ՝ դրան գումարելով Տիրանի տրամադրած հայկական այրուձիի գնդերը, որոնք հատկապես վարժ էին աղեղնաձգության մեջ։ Սակայն Տիրանի այս քայլը Պարսկաստանում խիստ ցավագին ընկալվեց։ Շապուհ Բ-ը, որին թվում էր, թե Տիրանն իր ազդեցության տակ է, խորապես հիասթափվեց։ Պարսից արքան տեղյակ էր Հռոմում տիրող խառնակ

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

կացությանը և Մագնենտիոսի' կայսր հռչակվելուն: Քանի որ Հռոմի արևե[յան պրովինցիաների պաշտպանությունն էապես թուլացել էր, պարսկական զորքերն ավերեցին Միջագետքն ու կայսրության արևե[յան մի շարք պրովինցիաներ, գրավեցին մեծ թվով բերդեր և երրորդ անգամ պաշարեցին Մծբինը։ Քաղաքը, մոտավորապես 3-ից 4 ամիս դիմադրելով պարսիկներին, ստիպեց վերացնել պաշարումը։ Գրեթե այդ նույն ժամանակ մազքութները հարձակվեցին պարսից տիրույթների վրա, և ռազմական գործողությունները Արևելքում ժամանակավորապես դադարեցին (Taylor 142; Frye 310)։

Տիրան Արշակունու արտաքին քաղաքականությունը

Այսպիսին էր արտաքին քաղաքական իրադրությունը Մեծ Հայքի շուրջ, և Հայոց թագավոր Տիրանին վիճակված էր վարելու ճկուն արտաքին քաղաքականություն՝ տարածաշրջանում Հռոմին և Պարսկաստանին հավասարակշռելու համար։ Ըստ երևույթին, այդ երկու գերտերություններից յուրաքանչյուրն ուներ իր նպատակները։ Մասնավորապես, Պարսկաստանի համար էական և առաջնային էր Մծբինի 298 թ. հաշտության պայմանագրով կորսված տարածքները հետ վերադարձնել, իսկ Հռոմի համար առաջնային էր իր արևեսան պրովինցիաների և առկա ստատուս քվոյի պաշտպանությունը։ Երկու կողմերն էլ ջանք չէին խնայում Մեծ Հայքի թագավորությունն իրենց կողմը գրավելու համար՝ որպես տարածաշրջանային ուժեղ խաղացողի։ Այժմ փորձենք դիտարկել, թե նման արտաքին քաղաքական մարտահրավերների պայմաններում ինչպիսի՞ արտաքին քաղաքական կուրս որդեգրեց Հայոց թագավոր Տիրանը։

Տիրանի վարած արտաքին քաղաքականության մասին պատկերացում կազմելու համար մեծ կարևորություն են ներկայացնում Մովսես Խորենացու հետևյալ խոսքերը. «Որոյ եկեալ (Տիրան - Է. Վ.), ունի զաշխարհս մեր խաղաղութեամբ, հաշտութիւն ընդ Պարսս առնելով և ոչ պատերազմունս. հարկելով Յունաց, այլ և մասնաւոր ինչ Պարսից՝ կայր ի հանդարտութեան իբրև զհայր իւր...» (Մովսես Խորենացի 322)։ Դատելով պատմիչի հաղորդած տեղեկություններից՝ Տիրանին հաջողվում է խաղաղության մեջ պահել մեր երկիրը, հռոմեացիներին և պարսիկներին վճարում է որոշակի հարկ, և վարում ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ հավատարիմ մնալով Տրդատ Մեծի օրոք կնքված հայ-հռոմեական դաշինքին և կարգավորելով հարաբերությունները Պարսկաստանի հետ։ Մովսես Խորենացու տեղեկություններն առ այն, որ Շապուհ Բ-ը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Տիրան թագավորի հետ, մինչև իսկ թիկունք և օգնական եղավ՝ Հայոց թագավորին ազատելով հյուսիսային ցեղերի հարձակումներից, փաստում են, որ ինչ-որ մի պահից տեղի են ունեցել հայ-պարսկական հարաբերությունների մերձեցում։

Ինչ վերաբերում է հայ-հռոմեական հարաբերություններին, ապա Տիրանը վերահաստատեց իր հավատարմությունը Հռոմին։ Նախ հայկական զորքերը հռոմեացիների հետ միասին մասնակցեցին Սինգարայի ճակատամարտին, որտեղ Կոստանդիոս կայսրը պարտվեց։ Հավանաբար, 345 թ. կայսեր Արևելքում եղած ժամանակին է վերաբերում Մովսես Խորենացու այն տեղեկությունը, որ Հայոց թագավորը ընդառաջ է գնացել Կոստանդիոսին, տրամադրել օգնական զորք և որպես հավատարմության նշան տվել պատանդներ. «Իսկ Տիրան մեր թագաւոր իջեալ ընդ առաջ Յուլիանոսի (Կոստանդիոս – Է. Վ.), դիմէ ի վերայ Պարսից զօրացն, և հալածականս առնէ. և հարեալ սպասաւորութիւն՝ անցուցանէ զամբարիշտն Յուլիանոս (Կոստանդիոս – Է. Վ.) հանդերձ բազմութեամբ այրեւձիոյն, և մեծարի ի նմանէ յոյժ։ Եւ խնդիրս առնէ զի մի՞ տարցի զնա ընդ իւր ի Պարսս, իբր անկար գոլով ձիավարել, և յանձն առեալ Յուլիանոս (Կոստանդիոս – Է. Վ.)՝ խնդրէ զօրս և պատանդս։ Եւ Տիրանայ խնայեալ յԱրշակ որդի իւր երկրորդ՝ տայ զնա զորդի իւր զՏրդատ զերրորդ, հանդերձ կնաւ և որդւովք, և զթոռն իւր զՏիրիթ, զորդի մեռելոյն

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Արտաշիսի, որդւոյ իւրոյ անդրանկան: Զորս առեալ Յուլիանու (Կոստանդիոս - է. Վ.)' նոյն հետացն առաքէ ի Բիւզանդիոն. և զՏիրան արձակէ յիւր աշխարհն» (Մովսես Խորենացի 324; Baynes 628):

Համաձայն Պատմահոր հաղորդած տեղեկությունների' հռոմեացիների հետ պարսկական արշավանքին պետք է մասնակցեր Մեծ Հայքի հարավային գնդի հրամանատար Ռշտունյաց Զորա նահապետը։ Սակայն նա, լսելով Հուսիկի սպանության մասին լուրը, ասում է. «Մի' վարեսցուք հրամանաւ այնորիկ, որ գայթագղութիւն արկանէ յերկրպագութիւնն Քրիստոսի, և սպանանէ զսուրբս նորա. և մի' ճանապարհակցեսցուք այսմ ամբարիշտ թագաւորի» (Մովսես Խորենացի 326)։ Նա, զորքն իրեն կամակից դարձնելով, հետ է դառնում և գնում ամրանում է Տմորիքում։ Այս իմանալով Կոստանդիոս կայսրը սուրհանդակների միջոցով թուղթ է ուղարկում Տիրանին հետևյալ բովանդակությամբ. «Զզօրս, զոր արձակեցեր ընդ մեզ, առեալ զօրագլխի նոցին՝ ի բաց դարձաւ. և մենք բաւական էաք յանթիւ գնդացս մերոյ զհետ առաքել՝ ունել զնոսա. այլ թույլ տուաք վասն երկուց պատճառաց. առաջին՝ զի մի' ասիցեն զմէնջ Պարսիկք, եթէ բռնութեամբ և ոչ կամաւ ածէ զզօրսն. երկրորդ՝ փորձել զքո միամտութիւնդ։ Արդ՝ եթէ ոչ ի քումմէ կամաց արար նա զայն՝ սատակեսցես զնա ազգաւիմբ, առ ի չթողուլ նմա մնացորդ. ապա եթէ ոչ՝ զի ի դառնալն մերում անպարտելի զօրութեամբս վանեսցուք զքեզ և զաշխարհդ» (Մովսես Խորենացի 328)։ Տիրանն այս տեսնելով՝ բարկանում է և Հայր մարդպետին ուղարկում Զորայի մոտ։ Զորան մենակ մնալով ակամայից գալիս է թագավորի մոտ։ Նրան բռնելով՝ թագավորը գրավում է Աղթամարը, նրա ամուր բերդը և բոլորին կոտորում։ Փրկվեց մի փոքրիկ երեխա, որը Մեհենդակ եղբոր որդին էր, և դայակները նրան փախցրին, իսկ Հայոց թագավոր Տիրանը նրա տեղը նշանակում է Սաղամութին, Անձիտի տիրոջը (Մովսես Խորենացի 328)։

350 թ. պարսկական արշավանքների ընթացքում էլ, հավանաբար, տեղի ունեցավ Տիրանի գերևարությունը, որը Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին ներկայացնում են միանգամայն տարբեր կերպ, ինչի հետևանքով Հ. Մանանդյանը կարծել է, թե դրանք սոսկ վիպական պատմվածքներ են, մասամբ հիշողություններ այն պատմական իրադարձությունների, որոնք տեղի էին ունեցել 297-298 թթ.՝ Տրդատ Գ-ի օրոք (Մանանդյան 152)։

Տիրանին վերագրվող մի շարք իրադարձություններ վերագրվել են Տրդատ Գ-ի գահակալության շրջանին։ Այնուամենայնիվ, ինչու՞ են պատմիչները երկու թագավորների գործունեությունն իրար խառնել, եթե նրանց անունները տարբեր են։ Դատելով Սեբեոսի երկու տեղ գտած Անանունի ժամանակագրական ցանկերի տվյալներից՝ Տրդատը միայն 298 թ. է սկսել անվանվել Տրդատ, իսկ մինչ այդ կրել է Տիրան անունը (Պատմութիւն Սեբէոսի 58-60)։ Այդ է հավաստում այն փաստը, որ Տիրանի գահակալության կամ «ի Զ ամի Տիրանայ արքայի Հայոց՝ թագաւորէ Ներսէհ»։ Սասանյանների տոհմում Ներսեհ անունով այլ արքա չկա։ Հետևաբար, Անանունի Տիրանը նույնանում է Տրդատ Գ-ին։ Ներսեհն իշխել է 293-302 թթ., ուստի Տիրանի գահակալությունն ընկնում է 288 թ., ինչը Տրդատի երկրորդ գահակալության տարին է (առաջին անգամ Մեծ Հայքի մի մասի վրա թագավորել է 274 թ.)։ Անանունի մեկ սցլ հաղորդման մեջ Տիրան-Տրդատը շփոթված է Խոսրով Կոտակի որդի Տիրանի հետ (Պատմութիւն Սեբէոսի 61)։ Նրա ժամանակագրական ցանկերում նաև ասվում է, որ Տրդատն իշխել է Դիոկղետիանոսի 15-րդ տարում, որը համապատասխանում է 298 թ.։ Դա Հ. Մանանդյանին ստիպել է ենթադրել, թե Տրդատ Գ-ի գահակալությունը սկսել է 298 թ. (Մանանդյան 104), ինչը, կարծում ենք, ընդունելի չէ։ Անանունի տվյալները ենթադրել են տալիս, որ Տրդատ Գ-ը թագադրվել է առնվազն 3 անգամ, որոնցից առաջին երկուսը Տիրան անունով։ Պատմահոր հաղորդմամբ՝ Տրդատ Գ-ն իշխել է 56 տարի (Մովսես Խորենացի 300-304), և եթե ընդունենք, որ նա մահացել է 330 թ., ապա առաջին անգամ թագավորել է 274 թ., չունենալով ամբողջ երկրում

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

իշխանություն, իսկ երկրորդ անգամ 288 թ' թագավորելով երկրի մեծ մասում: Միևնույն ժամանակ մինչև 293 թ. Մեծ Հայքի արևե[յան շրջաններում իշխում էր Ներսեհ Սասանյանը, որը նույն թվականին դարձավ պարսից արքայից արքա (Daryaee 157)։ Մծբինի 298 թ. հաշտությունից հետո Տրդատ Գ-ը թագադրվեց երրորդ անգամ՝ վերցնելով Տրդատ անունը։ Ահա այս պատճառով է, որ Խոսրով Կոտակի որդի Տիրանին վերագրվող իրադարձությունները առնչվել են Տրդատ Գ-ի գահակալության շրջանին։

Անդրադառնալով Տիրանի գերեվարության խնդրին՝ Մովսես Խորենացին գրում է. «Ճշմարտիւ ի վերայ հասաք, եթէ զսէրն մեր հաստատուն պահեցեր, ոչ գալով ընդ կայսեր յաշխարհս Պարսից. այլ և զգունդն զոր էառ ի քէն՝ զհետ յղեալ կոչեցեր ի բաց։ Եւ զառաջինն զոր արարեր, գիտեմք զի մի' ընդ աշխարհ քո անցանիցէ՝ արարեր, զոր ինքն իսկ առնելոց էր. ուստի և մեր պահապանք գնդին վատասրտեալ ի բաց եկին զքեզ պատճառելով. վասն որոյ մեր ցասուցեալ՝ սալարի նոցա ցլու արբուցաք արիւն։ Եւ քում թագաւորութեանդ ոչ ինչ վնասեսցուք, երդուեալ ի Միհր մեծ աստուած. միայն փութա' տեսանել զմեզ, զի խորհել ինչ մարդասցուք վասն հասարակաց օգտի» (Մովսես Խորենացի 330)։ Դատելով Պատմահոր հաղորդած տեղեկություններից՝ Տիրան թագավորը հռոմեական արշավանքի ժամանակ պահպանել էր սերը դեպի պարսից արքան, հետ էր կանչել հռոմեական զորքերի հետ միացած հայկական ուժերը, և Շապուհը Հայոց թագավորին հրավիրում էր Պարսկաստան՝ հասարակական օգուտի մասին խորհրդակցելու համար։ Շարունակելով Մովսես Խորենացու հաղորդումները՝ Տիրանը շտապում է պարսից արքունիք, որտեղ Շապուհն իր զորքերի դեմ հանդիման նրան նախատեց և աչքերը կուրացրեց (Մովսես Խորենացի 332)։

Փավստոս Բուզանդը հայ-պարսկական հարաբերությունների վատացումը փորձում է բացատրել Տիրանի Փիսակի քսու խարդավանքներով։ Փավստոս Բուզանդի հաղորդմամբ. «Բայց դեռ բարեկամութիւն էր ՛ի մէջ թագաւորացն երկոցունց, ՛ի մէջ թագաւորին Հայոց և Պարսից։ Նայէր յաշխարհին Ատրպատական որում անուն կոչէր բարձգահին իւրում Շապուհ Վարազ։ Այդ մինչ դեռ ևս յոյժ խաղաղութիւն էր ՛ի մեջ թագաւորացն երկոցունց, անկաւ ՛ի տեառնէ խռովութիւն ոչինչ բանիւք՝ արամբ միով անարգաւ, որ ոչ ինչ պակաս քան զդև էր մոլորութեամբ, որոյ անուն Փիսակ կոչիւր, որ սենեկապետն էր արքային Տիրանայ, ազգաւ Սիւնի։ Սա դեսպանագնացեալ էր առ Վարազ Շապուհ, զոր թողեալն էր սահմանապահ արքային Պարսից յԱտրպատական աշխարհին։ Զայնու ժամանակաւ ձի մի էր երիվար արքային Տիրանայ, զորմէ կարի զարմանային։ Եւ էր ձին գունով ճարտուկ ճանճկէն. սա լի էր քաջութեամբ, անուանի և հոյակապ...Զորմէ յերթալն իւրոյ դեսպանութեանն՝ սենեկապետն արքային Փիսակ մատնեայ զձին Վարազայ, վասն զի բարեկամացեալ էր ընդ նմա. և ՛ի նմանէն ինքն թուղթ առեալ, բերեալ մատուցանէր արքային Հայոց» (Փավստոս Բուզանդ 78)։

Դատելով պատմիչի հաղորդած տեղեկություններից՝ Տիրան թագավորի ձին առիթ էր, որպեսզի սենեկապետ Փիսակը մի չնչին բանի պատճառով խռովություն գցի երկու թագավորների միջև։ Շարունակելով իր միտքր՝ Փավստոսը նշում է, որ Տիրանը, կասկածելով, որ երկու թագավորների միջև կարող է խռովություն ծագել, գտնում է նույն տեսքով, նշանով, գույնով մի ձի, և հրովարտակով ու ընծաներով Փիսակի միջոցով ուղարկում է Ատրպատական։ Փիսակը, գալով Վարազ Շապուհի մոտ, ավելի սրեց իր չարախոսությունը, համաձայն որի, Տիրանը աներկյուղ է պարսից արքայից, և իրենց ծաղրելու համար ուղարկել է մեկ ուրիշ ձի։ Այս ամենը լսելով՝ Վարազ Շապուհը ամբաստանության թուղթ գրեց պարսից արքային հայոց թագավորի մասին, և այն աստիճան գրգռեց, որ հրաման ստացավ որևէ հնար գտնել Տիրանին բռնելու համար։ Համաձայն պատմիչի հաղորդած տեղեկությունների՝ Վարազը դեսպան է ուղարկում Հայոց թագավորի մոր հաշտության պատրվակով՝ թույլտվություն հայցելով նրան այցելության գալու։ Տիրանն ընդունեց առաջարկը, իսկ Վարազը 3 հազար մարդով

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ներակայացավ թագավորին Ապահունյաց երկրում և մեծ պատվով նրանից մեծարվեց: Որոշ ժամանակ անց թագավորին ընթրիքի հրավիրեցին' նրան պատվելու համար, և երբ թագավորն ու նրա հետ եղողները սաստիկ հարբեցին, դարանակալ մարդիկ Տիրանին շրջապատեցին և ձեռքերը կապեցին երկաթե շղթաներով։ Եկան հասան մի գյուղ Դալարիք անվամբ, որտեղ էլ Վարազը կուրացրեց Տիրանին, և շտապեցին Պարսից արքայի մոտ (Փավստոս Բուզանդ 80-84)։ Եթե մի պահ վերանանք Փիսակի վիպական ծագման պատմությունից, ապա այս հարցում ավելի հավանական է թվում Բ. Հարությունյանի տեսակետը, ըստ որի՝ Վարազ Շապուհը 350թ. Մծբինի 3-րդ պաշարման ժամանակ Շապուհ Բ-ից հանձնարարություն է ստանում ձերբակալել Տիրանին։ Վերջինս, որ աշխատում էր բարիդրացիական հարաբերություններ պահպանել Պարսկաստանի հետ, իրեն այցի եկած Վարազ Շապուհին ընդունում է Ապահունյաց երկրի Մեծ Մասիսի (Նեխ Մասիք) ստորոտում՝ Աղիորսք քաղաքում։ Վարազ Շապուհը Հայաստան է ժամանում 3000-անոց զորաջոկատով և մեծարվում Տիրանի կողմից։ Սակայն հայոց ավագանին, վատ ընդունելով Վարազ Շապուհի այդպիսի մեծ թիկնախմբով գալը, աստիճանաբար լքում են արքայի բանակը։ Թագավորն էլ, կարծելով, թե պարսիկներից վտանգ չկա, չէր հոգում իր պաշտպանությունը։ Դրանից օգտվելով՝ Վարազ Շապուհն ընթրիքի է հրավիրում Տիրանին, որի ժամանակ էլ դարանակալ զինվորները ձերբակալում են նրան, կնոջը, ոդիներին ու կողոպտում որսակայանը։ Հասնելով Դալարիք գյուղ՝ Վարազ Շապուհը կուրացնել է տալիս Հայոց թագավորին, ինչի պատճառով գյուղը դրանից հետո կոչվում է Ածուխ։ Այնուհետև գերիներին տանում են Պարսկաստան և ներկայացնում Շապուհ Բ-ին (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 68)։

Փավստոս Բուզանդը նշում է, որ Հայոց թագավորի կուրացումն ու գերեվարումը առաջ բերեցին նախարարների զայրույթը։ Նրանք զորք կազմելով, հետապնդեցին պարսից սահմանակալին, սակայն հասնել չկարողացան։ Դրանից ավելի զայրացած՝ նրանք կողոպտեցին ու հրկիզեցին մերձակա պարսկական երկրամասերը, իսկ բնակչությանը ենթարկեցին կոտորածի (Փավստոս Բուզանդ 84)։ Կարծում ենք, որ պատմիչն, իմանալով, որ նշված տարիներին պարսից զորքը հաճախ գխավորել է Ներսեհ զորավարը, նրան շփոթել է Ներսեհ թագավորի հետ և բերել պարսից Ներսեհ թագավորի 297թ. անհաջող արշավանքի պատմությունը։ Այնինչ, Հայոց ավագանին կատարվածը, հավանաբար, համարելով երկրի

արժանապատվությանը հասցված հարված, միաբանվեց և որոշեց վրեժ լուծել։ Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականն ուղարկվեցին Հռոմ՝ կայսրից օգնություն խնդրելու.

«Յայնմ ժամանակի առաքեցին ՛ի մեծ նախարարաց անտի աւագանին Հայոց հանդերձ պատարագօք առ թագաւորն Յունաց, զի ՛ի նա ձեռս տուեալ ծառայեսցեն նմա հնազանդութեամբ, և լինիցի նա նոցա թիկունք օգնականութեան՝ խնդրել վրէժս ՛ի թշնամեաց նոցա: Ապա առաքեցին զԱնդւովկ նահապետն Սիւնեաց, և զԱրշաւիրն Կամսարական, նահապետն Արշարունեաց: Որք երթեալ հասեալ էին յաշխարհն Յունաց ՛ի կայսերական պալատն թագաւորացն. և տային զհրովարտակն, և ունէին զպատարագսն բերեալ առաջի, և մատուցանէին զաշխարհապաղատ պատգամսն առաջի թագաւորին: Զոր իբրև լուաւ կայսրն զիրսն զայնոսիկ, մեծաւ փութով և բազում պատրաստութեամբ ի խնդիր ելանէր իրին հասելոյ. և օգնական և թիկունք լինէր աշխարհին Հայոց: Մանաւանդ զի զախտն յիշեալ զդաշանցն կռելոյ զերդմանցն հաստատութեան, միջնորդութեամբ ՛ի մէջ կայսերն Կոստանդիանոսի և ՛ի մէջ թագաւորին Տրդատայ եդեալ էր» (Փավստոս Բուզանդ 86): Դատելով պատմիչի հաղորդած տեղեկություններից՝ Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականն օգնության խնդրանքով հռոմեական կայսր մոտ էին գնացել Տիրանի ձերբակալությունից հետո: Հռոմեական կայսրը մեծ պատրաստակամությամբ հանձն առավ նրանց խնդրանքը կատարել, ինչում իր նշանակալի դերն ունեցավ կայսր Կոստանդիանոսի և Հայոց թագավոր Տրդատ Գ-ի միջև կնքված դաշինքը:

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Շապուհ Բ-ը, որ ուշադիր հետևում էր դեպքերի զարգացմանը, որոշեց նախահարձակ լինել, քանի որ միավորված հայ նախարարությունը հռոմեական օժանդակության դեպքում խիստ վտանգավոր էր դառնում: Փավստոս Բուզանդի հաղորդմամբ՝ Հայաստան է ուղարկվում Ներսեհ զորավարը (Փավստոս Բուզանդ 86): Հակառակ պարսիկների սպասելիքներին, թե հռոմեացիները թուլացել են և հայկական գործերին չեն միջամտի, կայսրությունն ակտիվ քայլերի դիմեց: Հռոմեական արևեսան լեգեոններն ու հայկական զինված ուժերը կարողացան կասեցնել պարսկական զորքերի հարձակումը և անգամ հաղթել: Ի վերջո, կողմերը պարսիկների համար նպաստավոր պայմաններով համաձայնության եկան, ըստ որի՝ Տիրանն ազատվեց գերությունից, իսկ թագաժառանգ Արշակը, նրա համաձայնությամբ, հռչակվեց Հայոց թագավոր: Շապուհ Բ-ը թագադրեց Արշակին, և Տիրանը թագավորական ընտանիքի, բոլոր գերիների ու կողոպտված գանձերի հետ բազմաթիվ ընծաներով ուղարկվեց Հայաստան (Փավստոս Բուզանդ 88-92): Պատմահայրն իրավացիորեն նշում է, որ պարսից արքան այդ քայլն արեց՝ «ակն ածելով ի զօրացն Հայոց» (Մովսես Խորենացի 332): Բ. Հարությունյանը նշում է, որ վերոնշյալ իրադարձությունների արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը որոշ ժամանակով հայտնվեց պարսկական ազդեցության ներքո (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 70):

Պարսիկների կողմից Տիրանի գերևարման պատճառը Հ. Աստուրյանը համարում է Հայոց թագավորի՝ Կոստանդիոսին օգնական գնդեր տրամադրելը (Աստուրեան 280): Ն. Շահնազարյանը նշում է, որ Կոստանդիոսին օգնական զորք տրամադրելը պատճառ չէր, այլ լոկ պատրվակ: Պատճառն այն էր, որ Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր (Շահնազարյան 226): Տիրանի վարած արտաքին

քաղաքականության մասին իր տեսակետն է հայտնել Հ. Հարությունյանը, համաձայն որի՝ Տիրան թագավորը չհետևեց իր հոր վարած հռոմեասեր քաղաքականությանը, նա աշխատեց Հյուսիսային Միջագետքում տեղի ունեցող պարսկա-հռոմեական պատերազմների ընթացքում պահպանել չեզոքություն, որը համապատասխանում էր Հայաստանի շահերին: (Հարությունյան 99-100): «Իսկական կռվախնձորը երկու պետությունների մեջ,- գրում է Լեոն,- մնում էր Հայաստանը, որը Շապուհը համարում էր պարսկական թագի վաղեմի ժառանգություն և որի վերստացումը նա դարձրել էր իր քաղաքականության անկյունաքար: Տիրանի ժամանակ էլ այդ հուժկու և եռանդուն սասանյանն աշխատում էր՝ ինչպես և Խոսրովի ժամանակ, դիվանագիտական կտրուկ միջոցներով իրականացնել իր նպատակը: Տիրանը, հռոմեացիների

թուլության պատճառով մենակ մնալով այդ ուժեղ քաղաքականության առջև, թեքվեց դեպի Շապուհի կողմը» (Լեո 438): Այս հարցի հետ կապված իր տեսակետն ունի Բ. Հարությունյանը, ըստ որի՝ իրականում բոլոր ուղղակի և անուղղակի տեղեկությունները փաստում են, որ Տիրանը թե' Պարսկաստանի և թե' Հռոմի հետ վարել է բարեկամական հարաբերություններ՝ հմտորեն խուսանավելով նրանց միջև, ինչը հնարավորություն է տվել ապահովելու երկրի անկախությունը և ներքին հարցերում վարելու միանգամայն անկախ քաղաքականություն (Հարությունյան 26):

Ասպիսով, օգտագործելով սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները, ինչպես նաև համադրելով կատարված ուսումնասիրությունների արդյունքները, կարող ենք արձանագրել, որ արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում Տիրանը մի կողմից հավատարիմ մնաց հայ-հռոմեական դաշինքին, մյուս կողմից փորձեց բարիդրացիական հարաբերություններ պահպանել Պարսկաստանի հետ: Կարծես թե, այդ քաղաքականությունը սկզբնական շրջանում հաջողում էր, սակայն, ցավոք, այն երկար չտևեց և ավարտվեց Տիրանի կուրացմամբ ու գերեվարմամբ:

Հայոց թագավոր Տիրան Արշակունու ներքին քաղաքականությունը

Տիրանի վարած ներքին քաղաքականության մասին պարզաբանումներ մտցնելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է իմանալ թե ինչպիսին էին թագավորի

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

հարաբերությունները նախարարների և եկեղեցու հետ պատմիչների հաղորդած տեղեկությունների համատեքստում: Փավստոս Բուզանդը նախարարությունների հարցում տարվող քաղաքականությունը կապում է Հայր մարդպետի գործունեության հետ: Պատմիչը վերջինիս համարում է «այր մի անօրէն և այսամուտ, որ աւելի ընդ ազգս նախարարացն գրգռէր զթագաւորն Տիրան: Այս ինքն ունէր զպատիւն մեծի մարդպետութեան, այր ներքինի՝ չարասիրտ չարախորհուրդ չարագործ, որում Հայր կոչէին: Զբազումս ՛ի նախարարացն ետ քսութեամբ առանց վնասու կոտորել, և խանգարեաց զմեծ տէրութիւն թագաւորութեանն: Մանաւանդ աւելի զերկու տոհմսն զաւագս տայր իւրով չարախօսութեամբն հանել ընդ սուտ, և անունդ առնել միահաղոյն զտոհմսն Ռըշտունեաց և զտոհմն Արծրունեաց. բառնային ՛ի միջոյ առանց ամենայն վնասու և յանցման, մինչև անգամ և զէգսն կոտորեցին ազգացն» (Փավստոս Բուզանդ 74): Պատմիչի հաղորդած տեղեկությունները ցույց են տալիս, որ Հայր մարդպետը անօրեն, սատանայաբարո մարդ էր, որը թագավորին գրգռել է նախարարական տների դեմ, կոտորել տվել շատ անմեղ նախարարների, նրա չարախոսությամբ սրի քաշվեցին և անզավակ դարձան Ռշտունյաց ու Արծրունյաց տոհմերը, որոնց իգական սեռի ներկայացուցիչներն անգամ սպանվեցին:

Շարունակելով իր միտքը՝ պատմիչը գրում է, որ հրաշքով փրկվեցին երկու երեխա՝ Մեհենդակ Ռշտունու որդի Տաճատը և Վաչե Արծրունու որդի Շավասպը: Տիրանը կարգադրել էր նրանց ևս սպանել, սակայն թագավորի հրամանը չիրագործվեց, քանի որ իրերի բերումով այդտեղ գտնվող Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները, որոնք թագաժառանգ Արշակի դաստիարակներն էին, իրենց կյանքը վտանգելով, փրկեցին այդ տոհմերի վերջին շառավիղներին և նրանց դուրս բերելով արքունական բանակից՝ հեռացան Տայք՝ իրենց տոհմական տիրույթներ: Նրանք խնամեցին այդ մանուկ իշխանազուններին, այնուհետև նրանց կնության տվեցին իրենց աղջիկներին, որով և այդ տոհմերը չմարեցին: Իրենք էլ երկար ժամանակ թողեցին պետական ծառայությունը (Փավստոս Բուզանդ 74): Դատելով Փավստոս Բուզանդի հաղորդած տեղեկություններից՝ կարող ենք արձանագրել, որ պատմիչը բացասական է ներկայացնում Հայր մարդպետի գործունեությունը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ պատմիչը ոչինչ չի հայտնում այն մասին, թե ինչու են բնաջնջվել Ռշտունիները և Արծրունիները: Կա՞մ նրանք մեղք էին գործել, որի մասին պատմիչը լռում է, կա՞մ էլ արքունիքը նրանց ոչնչացնում էր՝ հետապնդելով կարևոր հեռահար ռազմավարական նպատակներ: Բ. Հարությունյանը նշում է, որ Ռշտունյաց և, մասնավորապես, Արծրունյաց տոհմերին, եթե մոտենանք հայագիտության մեջ ամրացած տեսակետով, կարելի է ավելի շուտ մեղադրել պարսկասիրության, քան Հռոմին հարելու մեջ: Այսպիսով՝ ստացվում է, որ թագավորն իր զայրույթը թափում է պարսկասերների վրա, ինչը, իհարկե, տրամաբանական չէ (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 63): Պատմիչը Հայր մարդպետին մեղադրում է նախարարներին առանց հանցանքի մատնելու, նախարարական տներն իրար դեմ գրգռելու, չարախոսելու և կոտորել տալու մեջ: Բնականաբար այստեղ հարց է ծագում. Կարո՞ղ էր թագավորը առանց լուրջ մեղադրանքի գնալ նման քայլի: Կարծում ենք՝ ոչ: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ Հայր մարդպետի այդ մատնության տակ թաքնված են եղել ծանրակշիռ պատճառներ, ինչն էլ ստիպել է թագավորին բնաջնջել այդ երկու նախարարական տները: Կարծում ենք, որ հավանական է նաև այն ենթադրությունը, ըստ որի՝ արքունիքն ինքը կարող էր ներքին խարդավանքների միջոցով ստեղծել այնպիսի իրավիճակ, որն էլ այդ նախարարական տների ոչնչացման պատճառ է հանդիսացել: Մարկվարտը և Հ. Մանանդյանը նշում են, որ

մարդպետության պաշտոնը զբաղեցնողները եղել են նշանավոր դեմքեր, որոնք նպատակ են ունեցել վերականգնելու Մեծ Հայքի թագավորության փառքն ու հզորությունը՝ թուլացնելու նախարարական ավագանուն և արդեն ավատականացած եկեղեցուն (Մանանդյան 156; Markwart 155-156): Արծրունիների և Ռշտունիների տոհմերի բնաջնջումը Մարկվարտն իրավացիորեն բացատրում է նրանով, որ,

71

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

գտնվելով Ատրպատականի, Ադիաբենեի սահմանների մոտ, այդ երկու նախարարությունները ռազմավարական առումով ունեին մեծ կարևորություն, ուստի անհրաժեշտ էր դրանց տիրույթները ենթարկել Արշակունիների իշխանությանը (Markwart 59-60): Հետևաբար միանգամայն ընդունելի է Բ. Հարությունյանի այն տեսակետը, համաձայն որի՝ անկասկած, արքունիքը կամենում էր այդ շրջանները և դրանցով անցնող մայրուղիներն առնել իր անմիջական վերահսկողության ներքո: Սակայն խոսքը սոսկ նախարարությունների տիրույթների մասին չէ, այլ երկու երկրամասերի՝ Արևմտյան Վասպուրականի կամ Ռշտունյաց աշխարհի կամ Կորճայքի, որոնք հանձնված են եղել հիշյալ նախարարությունների կառավարմանը: Պաշտոնի ժառանգականությունն ավատատիրության շրջանում կարող էր հանգեցնել նշված երկրամասերը ժառանգական տիրույթի վերածելուն, ինչը միանգամայն անընդունելի էր արքունիքի համար: Իսկ Մամիկոնյաններն, այդ տոհմերի վերջին շառավիղներին փրկելով, պաշտպանում էին առաջին հերթին իրենց

ավատատիրական շահերը, որոնք նրանց կարծիքով վտանգվել էին արքունիքի կողմից (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 64):

Հայոց թագավոր Տիրանի վարած ներքին քաղաքականության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել թագավորի հարաբերությունները եկեղեցու հետ: Քանի դեռ Վրթանես կաթողիկոսը ողջ էր, թագավորը եկեղեցու նկատմամբ հատուկ քաղաքականություն չէր վարում: Մովսես Խորենացու հաղորդմամբ՝ «թուլացեալ յամենայն բարեպաշտութենէ գաղտնի, ոչ իշխելով համարձակ պատուել զախտն ի մեծէն Վրթանիսէ» (Մովսես Խորենացի 322): Վերջինս մահացավ Տիրանի գահակալության երրորդ տարում, հավանաբար, 341/342 թ.: Նրան հողին հանձնեցին Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում, իսկ նոր կաթողիկոս ձեռնադրվեց Վրթանեսի որդի Հուսիկը, որն ամուսնացած էր Տիրանի դստեր հետ և ըստ Պատմահոր՝ «եկաց յեպիսկոպոսութեանն ամս վեց» (Մովսես Խորենացի 326): Թագավորի հրամանով մի շարք մեծամեծ իշխաններ հազարապետ Վաղարշի առաջնորդությամբ Հուսիկին ուղարկեցին Կեսարիա, որտեղ նա հանդիսավոր ձեռնադրվեց Հայոց կաթողիկոս: Վերադարձին թագավորը Հուսիկին դիմավորեց Տափերի կոչվող կամրջի մոտ: Նա Տիրանի ուղեկցությամբ եկավ Արտաշատ և բազմեց հայրապետական աթոռին (Փավստոս Բուզանդ 48-50):

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Հուսիկը փորձեց եկեղեցու իշխանությունը բարձրացնել՝ հակադրվելով արքունիքին և, առաջին հերթին, իր աներ Տիրանին: Հայոց թագավորը անհանգստացած էր եկեղեցու տնտեսական հզորացումից և թույլատրեց հեթանոսությանն աշխուժանալ և այն հակադրեց եկեղեցուն: Փավստոս Բուզանդը, որ բազմաթիվ դրական գծերով է ներկայացնում երիտասարդ կաթողիկոսին, Տիրանին ու երկրի մեծամեծերին բնութագրում է որպես «ոչ ինչ ըստ աստուծոյ կամացն վարս յանձն առեալ՝ իմաստուն ինչ գնացեալ լինէին: Քան զամենայն մանաւանդ թագաւորն կամ իշխանն սպանութիւնս՝ անխտիր ի' հեղուլ զարիւն արդար 'ի տարապարտուց գործէին, և այլ մեղս բազումս» (Փավստոս Բուզանդ, 50): Պատմիչի հաողրդած տեղեկությունները ցույց են տալիս, որ մեղադրանքները հիմնականում վերաբերում էին հեթանոսական ավանդույթներին, որոնք եկեղեցու աչքում մեծագույն մեղքեր էին, բայց թագավորի կողմից հովանավորվում էին:

Թագավորի և կաթողիկոսի հարաբերությունների սրման երկրորդ պատճառը, կարծում ենք, այն էր, որ Հուսիկը կնոջը չէր սիրում: Կինը նրան պարգևեց երկվորյակ տղաներ՝ Պապին և Աթանագինեսին, որից հետո Հուսիկը հեռացավ կնոջից (Փավստոս Բուզանդ 20): Կարծում ենք, որ սա կարող էր լինել անձնական վիրավորանք թագավորի համար և կաթողիկոսի հետ թշնամանալու լուրջ կռվան:

Ամենամյա տոներից մեկի ժամանակ Տիրանն իր մեծամեծերի հետ կամեցավ մտնել Մեծ Ծոփք գավառի Բնաբեղ բերդի եկեղեցի, կաթողիկոսը նրան արգելեց՝ ասելով. «Չես արժանի, հի՞մ գաս, մի՞ գար 'ի ներքս» (Փավստոս Բուզանդ 52):

72

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Թագավորի հրամանով Հուսիկին հենց եկեղեցում բրածեծ արեցին: Եկեղեցու սպասավորները նրան տարան Դարանաղյաց գավառի Թորդան գյուղ, որտեղ հայրապետը շուտով մահացավ: Նրա դին ամփոփեցին տոհմական հանգստարանում (Փավստոս Բուզանդ 52): Պատմահայրը հիշյալ դեպքերը փոքր-ինչ այլ կերպ է ներկայացնում: Ըստ նրա՝ իբր, երբ թագավորը կամեցել է եկեղեցու արևե[յան պատին կախել Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) պատկերը, որը նվեր էր ստացել անձամբ կայսրից, Հուսիկն այն ոտնակոխ է անում. «Որում ոչ ինչ ունկնդիր եղև Տիրան, քանզի երկեաւ ի Յուլիանոսէ, զմտաւ ածելով՝ մեռանել ինքեան իբրև զկոխող թագաւորական պատկերի. և յաւելեալ բորբոքումն չարութեանն, զոր ունէր ընդ սրբոյ Յուսկանն, յաղագս հանապազորդ յանդիմանութեան իւրոյ յանցանաց՝ հրամայեաց ջալոտիւք հարկանել յերկար, մինչ ի գտնելն աւանդեաց զհոգին» (Մովսես Խորենացի 326): Հավանական է Բ. Հարությունյանի տեսակետը, ըստ որի՝ ժամանակագրական առումով Պատմահոր այս հաղորդումը ոչ մի հիմք չունի, քանի որ Հուլիանոսը Տիրանի որդի Արշակ Բ-ի ժամանակակիցն է: Ուստի մնում է ենթադրել, որ Մովսես Խորենացին հեթանոսների նկատմամբ Տիրանի հանդուրժողականությունը փորձել է բացատրել Հուլիանոս կայսրին հավատարմությամբ՝ նրանց դարձնելով

ժամանակակիցներ (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 60):

Հուսիկի սպանությամբ նոր կաթողիկոսի ձեռնադրությունն օրակարգի հարց դարձավ: Նրա որդիներ Պապը և Աթանագինեսն իրենց խիստ աշխարհիկ վարքի պատճառով թեկնածուների մեջ չէին և նախընտրեցինզիվորական գործը: Քանի որ Գրիգոր Լուսավորչի տոհմից այլևս ոչ մեկը չկար, որոշվեց կաթողիկոսությունը հանձնել Դանիել եպիսկոպոսին, որը «աշակերտ եղեալ էր մեծին Գրիգորի, վերակացու և գլխաւոր եկեղեացն նահանգին Տարօնոյ, Գրիգորի ձեռական՝ իշխանութեանն կողման մասին գործակալութեանն մեծի դատաւորութեանն, ունէր զիշխանութիւն զայն առանձինն. այլ վերակացու և հրամանատար տեսուչ և հոգաբարձու ամենայն եկեղեցեացն Հայոց մեծաց ընդ ամենայն տեղիս. եւ էր սա ազգաւ ասորի» (Փավստոս Բուզանդ 58): Թագավորի հրամանով նրա մոտ ուղարկվեցին Սահառունյաց տոհմի Զոմն, Վանանդի Արտավան, Ամատունյաց տոհմի Կարեն և Դիմաքսյան տոհմի Վարազ իշխանները: Իշխանները Դանիելին Եկեղյաց գավառի Թիլ գյուղից ընդառաջ տարան Հայոց թագավորին և հանդիպեցին Աղձնյաց գավառի Բառաեջ գյուղում (Փավստոս Բուզանդ 62): Բ. Հարությունյանը ենթադրում է, որ սա, ամենայն հավանականությամբ, Աղձնիքի Բաթռինջ գյուղն է (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 61): Սակայն Դանիելը թագավորին տեսնելուն պես նրան սկսեց մեղադրել հեթանոսությանը հետևելու և Հուսիկ կաթողիկոսին սպանելու մեջ: Այդ ամենից զայրացած Տիրանը, որին նախարարների ներկայությամբ անպատվել էին, կարգադրեց Դանիելին խեղդամահ անել, չնայած ներկաները խնդրում էին վճիռը փոխել: Նրա մարմինը հողին հանձնվեց Տարոնի մայր եկեղեցում՝ Հացյաց դրախտ կոչված վայրում (Փավստոս Բուզանդ 66-68):

Թագավորը հայոց մեծամեծերի հետ որոշեց հայրապետական իշխանությունը հանձնել Տարոն գավառից Փառեն քահանային: Նա նույնպես ձեռնադրվելու համար Վասակ Մամիկոնյանի, Մեհենդակ Ռշտունու, Անդովկ Սյունու, Արշավիր Կամսարականի և ուրիշ 10 պատվավոր մարդկանց ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիա և վերադառնալուց հետո կաթողիկոս եղավ կարճ ժամանակով (Փավստոս Բուզանդ 70): Պատմահոր հաղորդմամբ՝ նա կաթողիկոս ձեռնադրվեց «ի տասներորդ ամի Տիրանայ, որ կալաւ զաթոռն ամս չորս» (Մովսես Խորենացի 330): Փառենը լավատեղյակ էր իր նախորդների ճակատագրին և մտքով անգամ չէր անցկացնում ընդդիմանալ թագավորին կամ քննադատել նրան ու մեծամեծ նախարարներին (Փավստոս Բուզանդ 70):

Տիրանի վարած ներքին քաղաքականության մասին պատմագիտության մեջ կան հակասական տեսակետներ: Մանսավորապես, Բ. Հարությունյանը նշում է, որ նախարարությունների հարցում Տիրանը շարունակեց հոր՝ Խոսրով Կոտակի,

73

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

քաղաքկանությունը: Դա ոչ թե քմահաճության արդյունք էր, այլ խորապես մտածված քաղաքականություն, որը միջազգային բարդ պայմաններումփորձում էր կյանքի կոչել Հայոց թագավորը (Հայոց պատմություն ԳԱԱ հրատ. հտ. Բ գիրք Ա 62): Լեոն նշում է, որ Տիրանի ժամանակ ուժեղացավ պարսկական կողմնորոշման քաղաքականությունը, Հայոց թագավորը լայն համբերություն էր ցույց տալիս դեպի հեթանոսական անցյալը և երկրի ներսում տեղի էին ունենում խիստ ընդհարումներ հռոմեական կողմնորոշման կողմի հետ, որի պաշտպանը դարձավ հոգևորականությունը (Լեո 435-436): Հ. Հարությունյանը նշում է, որ Տիրանն ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, պայքար է ծավալում երկու ուղղությամբ թե' պարսկական և թե' հռոմեական քաղաքականություն վարող իշխանների և հոգևորականների դեմ (Հարությունյան 100): Ա. Գարագաշյանը նշում է, որ Խոսրովին հաջորդած Տիրան թագավորի օրոք քայքայվեց Մեծ Հայքի թագավորության ներքին հզորությունը (Գարագաշեան 19): Ի մի բերելով վերև ասվածը, կարող ենք ամրագրել, որ Տիրան թագավորը վարել է խորապես մտածված և միանգամայն արդարացված ներքին քաղաքականություն՝ թիրախ ունենալով բարձրացնելու և ամրապնդելու Մեծ Հայքի կենտրոնաձիգ թագավորության կենսունակությունը:

Եզրակացություն

Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրենք, որ Տիրան Արշակունու թագավորության պատմափուլում շարունակում էր լարված մնալ Հայոց թագավորության արտաքին միջավայրը: Հարևան քաղաքական միավորները անընդհատ սպառնում էին պետության անվտանգությանը: Նման պայմաններում Տիրանը որդեգրեց ճկուն արտաքին քաղաքականություն: Հայոց թագավորը մի կողմից հավատարիմ մնաց հայ-հռոմեական դաշինքին, մյուս կողմից փորձեց կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ: Ներքին քաղաքականության մեջ Տիրանը կարողացավ միավորել մասնատված երկիրը և փորձ կատարեց ամրապնդել կենտրոնաձիգ իշխանությունը երկրում: Տիրանի օրոք հայության հոգևոր-դավանանքային

միջավայրը շարունակեց մասնատվածությունը, ի դեմս հեթանոսության աշխուժացման, ինչը մտածված քաղաքականության արդյունք էր՝ հակադրվելու հզորացած եկեղեցուն:

Օգտագործված գրականություն

1. Աստուրեան, Հարութիւն. Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի և Հռովմայ 190 էն ն. Ք. մինչեւ 428յ. Ք., Վենետիկ, 1912:

2. Գարագաշեան, Անտոն. Քննական պատմութիւն հայոց ըստ նորագոյն պատմական, լեզուաբանական եւ բանասիրական տեղեկութեանց, մասն Գ, Թիֆլիս, 1895:

3. Լեո. Երկերի ժողովածու, հատոր առաջին, Երևան, 1966:

4. Հայոց պատմություն, ԳԱԱ հրատ., հատոր Բ, միջին դարեր (IV դար –XVII դարի առաջին կես), գիրք առաջին (IV դարի սկիզբ – IXդարի կես), Երևան, 2018:

5. Հարությունյան, Բաբկեն. «Միջավատատիրական պայքարի և հայոց Խոսրով Բ Կոտակ և Տիրան թագավորների կենտրոնաձիգ իշխանության ուժեղացման քաղաքականության շուրջ», Գիտելիք, թ. 14, 2004:

6. Հարությունյան, Հմայակ. Հայաստանը Արշակունիների ժամանակ (1-429 թթ.), Երևան, 1945:

7. Մանանդյան, Հակոբ. Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մասն Ա, Երևան, 1957:

8. Մովսես, Խորենացի. Հայոց պատմություն, Երևան, 1981:

74

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

9. Շահնազարյան, Նիկոլայ. Հայ-իրանական և հայ-հռոմեական

հարաբերությունները հայ մատենագիրների լուսաբանությամբ (մ. թ. ա. VI դ. - մ. թ. V դ.), Երևան, 1990:

10. Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գևորգ Աբգարյանի, Երևան, 1979:

11. Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, Երևան, 1987:

12. Baynes, Norman. ''Rome and Armenia in the Fourth Century'', The English Historical Revew, 1910, vol. XXV, London.

13. Bury, John. ''The date of Battle of Singara'', Byzantinische Zeitschrift, 1896, V.

14. Daryaee, Touraj. King of the Seven Climes: A History of the Ancient Iranian World (3000 BCE - 651 CE), Irvine, 2017.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

15. Frye, Richard. The History of Ancient Iran, Munchen, 1983.

16. Markwart, Josef. Sudarmenien und die Tigrisquellen, nach griechischen und arabischen Geographen, Studien zur armenischen Geschichte, IV, Wien, 1930.

17. Sykes, Percy. A History of Persia, vol. I, London, 1921.

18. Taylor, Don. Roman Empire at War, A Compendium of Battles from 31 BC to AD 565, England, 2016.

19. The Cambridge Medieval History, volume I, The Christian Roman Empire and The Foundation of The Teutonic Kingdoms, edited by Gwatkin, Henry. Whitney, James. Cambridge, 1911.

20. Адонц, Николай. «Фауст Византийский как историк», Христианский Восток. Серия, посвашенная изучению христианской культуры народов Азии и Африки, том VI, 1922, Санкт-Петербург.

Works Cited

1. Adonc, Nikolaj. Faust Vizantijkij. kak istorik. <<Hristianskij Vostok. Serija, posvashennaja izucheniju hristianskoj kul'tury narodov Azii i Afriki>>. Sankt-Peterburg. 1922. Tom VI, [Faustus of Byzantium: As a Historian. ''Christian East. Series dedicated to the study of the Christian culture of the peoples of Asia and Africa''. Sankt-Peterburg, 1922, Volume VI]. (In Russian)

2. Astowrean, Harowt'iwn. Qaghaqakan veraberowt'iwnner y'dnme'j Hayastani & Hr'ovmay 190 e'n n. Q. minchev 428 y. Q. Venetik, [Political Relations between Armenia and Rome from 190 BC to 428 AD. Venetik] 1912. (In Armenian)

3. Garagashean, Anton. Qnnakan patmowt'iwn hayoc y'st noragoyn patmakan, lezowbanakan ev banasirakan teghekowt'eanc. masn G. T'iflis, [Examination of Armenian History according to the latest Historical, Linguistic and Philological Information. part C. Tiflis] 1895. (In Armenian)

4. Harowt'yownyan, Babken. Mijavatatirakan payqari & hayoc Xosrov B Kotak & Tiran t'agavorneri kentronad'ig ishxanowt'yan owjheghacman qaghaqakanowt'yan showrj. Erevan. <<Giteliq>>. 2004. t'iv 14, [On the Policy of Strengthening the Centrifugal Power of the Armenian Khosrov II Kotak and Tiran kings and Intergovernmental Struggle. ''Knowledge''. Yerevan. 2004. No. 14.]. (In Armenian)

5. Harowt'yownyan, Hmayak. Hayastany' Arshakownineri jhamanak (1-429 t't'.). Erevan, [Armenia during the Arsacids (1-429). Yerevan] 1945. (In Armenian)

6. Hayoc patmowt'yown. GAA hrat. Hator B. mijin darer (IV dar-XVII dari ar'ajin kes). girq ar'ajin (IV dari skizb-IX dari kes). Erevan, [Armenian History: Publication of the National Academy of Sciences. Volume B. The Middle Ages (IV century-first half of XVII century). book one (beginning of IV century-half of IX century). Yerevan] 2018. (In Armenian)

7. Leo. Erkeri jhoghovac'ow. hator ar'ajin. Erevan, [Collection of Works. Volume one. Yerevan] 1966. (In Armenian)

75

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

8. Manandyan, Hakob. Qnnakan tesowt'yown hay jhoghovrdi patmowt'yan. hator B. masn A. Erevan, [Examination Theory of the History of the Armenian People. Volume B. Part A. Yerevan] 1957. (In Armenian)

9. Movses, Xorenaci. Hayoc patmowt'yown. Erevan, [Armenian History. Yerevan] 1981. (In Armenian)

10. Patmowt'iwn Sebe'osi. ashxatasirowt'yamb Gevorg Abgaryani. Erevan, [Sebeos' History. Yerevan] 1979. (In Armenian)

11. P'avstos, Bowzand. Patmowt'yown hayoc. Erevan, [History of Armenia. Yerevan] 1987. (In Armenian)

12.Shahnazaryan, Nikolay. Hay-iranakan & hay-hr'omeakan haraberowt'yownnery' hay matenagirneri lowsabanowt'yamb (m.t'.a. VI d.-m.t'. V d.). Erevan, [Armenian-Iranian and Armenian-Roman Relations through the Coverage of Armenian Chroniclers (VI century BC-V century AD). Yerevan] 1990. (In Armenian)

THE KINGDOM OF GREATER ARMENIA DURING THE REIGN OF TIRAN ARSACID

EDGAR VARSHAMYAN

Yerevan State University, Chair of the History of Armenia, Ph.D. Student, Yerevan, the Republic of Armenia

This article aims at revealing the internal political developments of the Arsacid dynasty of Greater Armenia in the 40s of the 4th century, as well as the relations of the Armenian king Tiran with Rome and Persia, having as main target the foreign policy events.

To achieve the above goal, the following tasks are at the core of the work. a) to study the foreign policy challenges of the Arsacid dynasty of Greater Armenia in the wake of the Roman-Persian conflict, b) to study the foreign and domestic policy pursued by the Armenian king Tiran.

The work is written by a combined examination of facts, using the methods of historical-comparative analysis.

As a result of the study, it can be argued that the external environment of the Armenian kingdom remained tense during the historical period of the kingdom of Tiran. Neighboring political units constantly threatened the security of the state. Under such conditions, Tiran adopted a flexible foreign policy. On the one hand, the Armenian king remained loyal to the Armenian-Roman allience, on the other hand, he tried to normalize relations with Persia. In domestic politics, Tiran was the real successor to Khosrov Kotak. With his policy he helped to unite the diveded country, he tried to strengthen the centrifugal power in the country.

Keywords: The Roman Empire, Sassanian Persia, foreign policy, domestic policy, The Kingdom of Greater Armenia, Tiran Arsacid, Shapur II, Constantius.

76

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ЦАРСТВО ВЕЛИКАЯ АРМЕНИЯ В ПЕРИОД ПРАВЛЕНИЯ ТИРАНА АРШАКУНИ

ЭДГАР ВАРШАМЯН

аспирант кафедры истории Армении Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - раскрыть внутриполитическое состояние Аршакунийского царства Великая Армения в 40-х годах IV века, а также максимально полно и всесторонне раскрыть отношения армянского царя Тирана с Римом и Персией, уделяя особое внимание внешнеполитической обстановке этого периода.

Для достижения вышеуказанной цели в основу работы положены следующие задачи: а) изучить внешнеполитические вызовы для Аршакунийского царства Великой Армении после римско-персидского конфликта; б) изучить внешнюю и внутреннюю политику, проводимую армянским царем Тираном.

Работа написана путем комбинированного исследования фактов с использованием методов сравнительно-исторического анализа.

В результате проведенного исследования можно утверждать, что внешняя обстановка Армянского царства оставалась напряженной в исторический период царствования Тирана. Соседние политические единицы постоянно угрожали безопасности государства. В таких условиях Тиран проводил гибкую внешнюю политику. С одной стороны, армянский царь оставался верным армяно-римскому союзу, с другой – пытался нормализовать отношения с Персией.

Во внутренней политике Тиран был настоящим преемником Хосрова Котака. Своей политикой он способствовал объединению раздробленной страны и попытался укрепить централизацию власти.

Ключевые слова: Римская империя, Сасанидская Персия, внешняя

политика, внутренняя политика, царство Великая Армения, Тиран Аршакуни, Шапур II, Констанций.

77

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.