Научная статья на тему 'ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ'

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
21
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
լիբանանահայ գրականություն / Սիմոն Սիմոնյան / ցեղասպանություն / Սփյուռք / կարոտ / ուծացում / Սասուն / գաղթ / լեռնականներ / LEBANESE-ARMENIAN LITERATURE / SIMON SIMONYAN / GENOCIDE / DIASPORA / LONGING / SASUN / ALIENATION / MIGRATION / HIGHLANDERS / ЛИВАНО-АРМЯНСКАЯ ЛИТЕРАТУРА / СИМОН СИМОНЯН / ГЕНОЦИД / ДИАСПОРА / ТОСКА / САСУН / ОТЧУЖДЕНИЕ / МИГРАЦИЯ / ГОРЦЫ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Մարության Թեհմինա

Լիբանանահայ նշանավոր արձակագիր Սիմոն Սիմոնյանի մասին հայ գրականագիտության մեջ չկա որևէ առանձին ուսումնասիրություն: Քննարկան առարկա չի դարձել նաև Եղեռնի անդրադարձը գրողի երկերում: Սույն հոդվածի արդիականությունը Ս.Սիմոնյանի ստեղծագործություններում ցեղասպանության թեմայի համակարգված ներկայացումն է ու արժևորումը: Մեր նպատակն է հայ եղեռնապատումի գեղարվեստական համատեքստում հիմնական գծերով, թեմատիկ առանձնացումներով, աշխարհայացքային գլխավոր առանձնահատկություններով ցույց տալ Սիմոն Սիմոնյանի ստեղծագործության դերն ու նշանակությունը, գրապատմական ու արդիական արժեքը: Հիմնականում պատմվածքի ու վիպակի հղացքում գրողը խտացրել է հայրենիքից հեռու գոյատևելու դատապարտված հայության (գլխավորապես՝ սասնահայության) բեկորների աստանդական ճակատագիրը, այդ ճակատագիրը կանխորոշած ազգային ողբերգությունը, որը կոնկրետ հոգեբանական վիճակներ է ձևավորում՝ հայրենակարոտի սրված զգացողությամբ ու կորստի ցավով և, վերջապես, իբրև այդ ողբերգության դառնագույն հետևանք, սփյուռքյան սպիտակ ջարդի եղերականությունը, որ լայնորեն տողանցում է Սիմոնյանի գեղարվեստական արձակը: Հոդվածում առաջնորդվել ենք պատմական մեթոդով: Հոդվածի գիտական նորույթը Սիմոն Սիմոնյանի ստեղծագործություններում արծարծված եղեռնի հիմնահարցերի վերհանումն է ամբողջական համապատկերի ստեղծումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOME ISSUES ON THE GENOCIDE IN THE WORKS BY SIMON SIMONYAN

There are no separate studies of the works of the famous Lebanese prose writer of Armenian origin Simon Simonyan in the Armenian literature. The topic of genocide revealed in the works of the writer was not discussed either. The relevance of this article is the systemization and evaluation of the theme of genocide in the works of S. Simonyan. Our goal is to show the role and importance of creativity S. Simonyan, literary, historical and actual value with the main features, thematic layers, the main features of the world in the context of Armenian literature. Mainly in his stories and novels, the writer reflected the wandering fate of the fragments of the Armenian people doomed to live far from their homeland (the Armenians of Sasun), a national tragedy that predetermined such a fate and formed a specific psychological state with a keen sense of homesickness, pain from losses and, finally, as a bitter consequence of this, the tragedy of the white genocide of the Diaspora, which runs like a red thread in S. Simonyan's prose. In the article we have been guided by the historical method. The scientific novelty of the article lies in the disclosure of the main problems of genocide raised in the works of Simonyan, the creation of a holistic panorama.

Текст научной работы на тему «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 82.3:811.19

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ, Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ք. Գորիս, Հայաստանի Հանրապետություն tmarutyan@mail.ru

Լիբանանահայ նշանավոր արձակագիր Սիմոն Սիմոնյանի մասին հայ գրականագիտության մեջ չկա որևէ առանձին ուսումնասիրություն: Քննարկան առարկա չի դարձել նաև Եղեռնի անդրադարձը գրողի երկերում: Սույն հոդվածի արդիականությունը Ս.Սիմոնյանի ստեղծագործություններում ցեղասպանության թեմայի համակարգված ներկայացումն է ու արժևորումը:

Մեր նպատակն է հայ եղեռնապատումի գեղարվեստական համատեքստում հիմնական գծերով, թեմատիկ առանձնացումներով, աշխարհայացքային գլխավոր առանձնահատկություններով ցույց տալ Սիմոն Սիմոնյանի ստեղծագործության դերն ու նշանակությունը, գրապատմական ու արդիական արժեքը: Հիմնականում պատմվածքի ու վիպակի հղացքում գրողը խտացրել է հայրենիքից հեռու գոյատևելու դատապարտված հայության (գլխավորապես' սասնահայության) բեկորների աստանդական ճակատագիրը, այդ ճակատագիրը կանխորոշած ազգային ողբերգությունը, որը կոնկրետ հոգեբանական վիճակներ է ձևավորում' հայրենակարոտի սրված զգացողությամբ ու կորստի ցավով և, վերջապես, իբրև այդ ողբերգության դառնագույն հետևանք, սփյուռքյան սպիտակ ջարդի եղերականությունը, որ լայնորեն տողանցում է Սիմոնյանի գեղարվեստական արձակը:

Հոդվածում առաջնորդվել ենք պատմական մեթոդով:

Հոդվածի գիտական նորույթը Սիմոն Սիմոնյանի ստեղծագործություններում արծարծված եղեռնի հիմնահարցերի վերհանումն է և ամբողջական համապատկերի ստեղծումը:

Բանալի բառեր' լիբանանահայ գրականություն, Սիմոն Սիմոնյան, ցեղասպանություն, Սփյուռք, կարոտ, ուծացում, Սասուն, գաղթ, լեռնականներ:

Սփյուռքահայ գրականության մեջ եղեռնի հիմնահարցերի արծարծումները հատկանշվում են լայն խնդրադրությամբ: Հայ մեծագույն ողբերգության ազդեցությունը մեծապես զգալի է ոչ միայն «Անապատի սերնդի»(1925-1950), այլև «Անմիջական սերնդի» (1950-1975) գրական ներշնչումների վրա, որ, ի տարբերություն առաջինի, ձգտեց նյութի շուրջ հոգեբանական խորացումների, մղվեց դեպի պատմական իրադարձությունների հոգեբանական բացատրությունները: Սփյուռքահայ

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 04.05.2019թ., գրախոսվել' 20.05.2019թ., տպագրության

322

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

գրականության վերլուծաբան ՄԹեոլեոլանի դիտարկումով' «Անմիջական սերունդը», որ բացարձակ Սփյուռքն է, դիմագիծ ստացավ Երկրորդ աշխարհամարտից հետո և «գաղութէ գաղութ եւ զգայնութեան առհաւական գիծը պահելով հանդերձ, յատկանշուեցավ ուրոյն գօտիներու գրական ազդեցութեանց ենթարկումով»531: Այդ սերնդի մեջ գեղարվեստական մեծարժեք ձեռքբերումներով առանձնանում է լիբանանահայ թևը, որի օժտված ու տաղանդավոր ներկայացուցիչներից է Սիմոն Սիմոնյանը:

Մ.Թեոլեոլ|անը Սիրիայի ու Լիբանանի հայ գրական ընթացքում Աղետի թեմատիկ անդրադարձը «շոշափելի» է համարում մինչև 1930-ական թվականները, ինչը հավանաբար պայմանավորված է այն կարծրատիպային մոտեցումով, ըստ որի' Աղետի գրականությունը պետք է արտացոլի ջարդերի ու տեղահանությունների ողբերգական տեսարաններ, այլ խոսքով' պատկերի եղեռնը' որպես առարկայական գործողություն: Բնութագրելով 1930-1950-ական, ապա 1950-1970-ական թվականների սփյուռքահայ գրականության զարգացման ընթացքը' հետպատերազմյան սերնդի թեմատիկ-գաղափարական սևեռումներով' Թեոլեոլւանն առանձնացնում է շերտեր, որոնք նույնպես Եղեռնի թեմայի ծիրում պետք է դիտարկել: Դա նոր կյանքի կոչված սերունդն է (Անդրանիկ Ծառուկյան, Սիմոն Սիմոնյան, Գևորգ Աճեմյան, Արմեն Դարյան, Երվանդ Պարսումյան, Մովսես Պչագճյան, Պողոս Սնապյան և ուրիշներ), որ նույն խռովքով «Միջին Արևելքի Հայության մեջ ոտքի պահեց գաւառիկ ու տոհմաշունչ ոգին», շարունակեց կառչած մնալ հողի ու գավառի պաշտամունքին, «հայրենի կարօտանքին»' հատկապես արձակի ծիրում, որում ցայտուն են «թուրքին դէմ ցասումը եւ որբի հոգեբանութիւնը»532:

Եղեռնի գեղարվեստական անդրադարձների մասին խոսելիս հիմնականում դիտարկումներ արվում են հայոց կորուստների, ժողովրդի ապրած դժոխային արհավիրքի շուրջ: Հետեղեռնյան տարիներին Հայաստանում ու Սփյուռքում ձևավորված հիշողության մշակույթը նույնպես ընկալվում էր կորուստները հիշելու, սգալու, զոհերի հիշատակը խնկարկելու համատեքստում: Այդ շունչը տարածվեց նաև գեղարվեստական գրականության վրա. նույնանշանակ չափանիշների թելադրությամբ եղեռնի գրանյութին առնչվող բազմաթիվ գրական ստեղծագործություններ մնացին չնկատված և, իբրև այդպիսիք, չարժևորված: Պետականության տարիներին Եղեռնի մասին խոսելիս ավելի շատ սկսեցին անդրադառնալ XIX դարավերջի-XX դարասկզբի հայ ազատագրական շարժմանը, ցեղասպանության տարիների զինված

ինքնապաշտպանական մարտերի հերոսական դրվագներին: Առանցքային

շեշտադրում ստացավ եղեռնից վերապրած, օտար ափերում ապաստանած սերնդի' մնացորդացի կյանքի պատկերումը' բազում ճյուղավորումներով:

Եղեռնի իրողությունների զարկերակը' սկսած Համիդյան առաջին ջարդերից, այս կամ այն չափով, այս կամ այն կողմով առկա է Սիմոնյանի ստեղծագործություններում' հատկապես «Լեռնականներու վերջալոյսը»(1968) և «Սիփանայ քաջեր»(Ա հատոր' 1967, Բ հատոր' 1970) պատմվածաշարերում: Չսահմանափակվելով միայն

գեղարվեստական արձակի ծիրով' Սիմոնյանն իր խմբագրած «Սփյուռք» շաբաթաթերթի էջերում 1958 թվականից արդեն ուշագրավ խմբագրականներ է ստորագրում հայ ժողովրդի բովանդակ պատմության ծանրագույն աղետի, դրա պատմաքաղաքական արմատների, հետևանքների, «անարդար աշխարհի», մեր «արդար ու սրբազան դատի» ու այլ կարևոր հարցերի շուրջ: «Սփիւռք»-ը միշտ «մատը դրած է այն նիւթերու վրայ, որոնց մասին արգիլուած էր խօսիլ կամ գրել»533, ուստի պատահական չէ, որ թերթը ունեցել է մոլեռանդ հակառակորդներ թե' Սփյուռքում, թե'

531 Թեոլեոլեան Մ., Դար մը գրականություն, հտ. Բ, Բոստոն, 1977, էջ 48:

532 Նույն տեղում, էջ 53:

533 Մատենագիտութիւն «Սփիւռք» շաբաթաթերթի, Բեյրութ, 1984, էջ 5:

323

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հայրենիքում: Հայրենիքի դռները Սիմոն Սիմոնյանի առաջ ուղղակիորեն փակվեցին, երբ նա 1950-60-ական թթ.-ից արդեն համարձակվեց սովետական մտակաղապարներին ոչ հարիր ազգային հարցեր բարձրացնել որոնց թվում՝ հայկական հողերի՝ Արցախի, Նախիջևանի, Ախալքալաքի՝ Խորհրդային Հայաստանին միավորելու պահանջն էր և Հայոց Եղեռնի ճանաչումն ու դատապարտումը։ Հայ մամուլի պատմության մեջ «Սփյուռք»-ն առաջինը հրապարակ հանեց Եղեռնի 50-ամյա տարելիցը համազգայնորեն ոգեկոչելու պահանջը՝ առաջարկելով մշակված ծրագրեր, որոնք այսօր էլ արդիական նշանակություն ու հնչեղութուն ունեն («Առաջին ապրիլի 24-ը», «Սփիւռք», 1958, թիվ 4, «Երկրորդ ապրիլի 24-ը. Ա. Ներածական և խօսք մեր բարեկամներուն», 1958, թիվ 5, «Զգաստության հրավեր – Ապրիլի 24-ի առիթով», 1959, թիվ 11, «Դէպի յիսնամեակը Ապրիլեան Եղեռնի», 1968, թիվ 14-16, «Ամեն ինչ մոռնալ և յիշել մեկ բան՝ Հայկական դատը», 1964, թիվ 2, «Մսրամելիքին երրորդ հարուածէն ետք... (Ապրիլեան տարանջատ խոհեր)», 1965, թիվ 16, «Հայրերը կորսնցուցին և որդիները կոչուած են փրկելու», 1968, թիվ 16 և այլն): Սիմոնյանը կոչ է անում արժանավայել կերպով տոնակատարելու Եղեռնի 50-ամյակը՝ առերեսվելով սեփական սխալների ու բացթողումների հետ. «Երկու մեծ եւ ուշագրաւ իրողութիւններ, քանդակուած ու արձանացած, կը ցցուին մեր աչքերուն առջեւ, այս գրեթէ յիսուն տարիներու ընթացքին. Ա.- ՋԱՐԴՈՒՂՈԸ (ՀԱՅԸ) ՉԷ ԽՐԱՏՈԻԱԾ ԵՂԵՌՆԷՆ: Բ.-ՋԱՐԴՈՂԸ (ԹՈՒՐՔԸ) ՉԷ ԴԱՐ ՄԱՆԱԾ ԻՐ ՈՃԻՐԸ: Ազգովին խրատուած ըլլալու համար չէր բաւեր սգալը - լաց, սեւեր հագնել, խանութներ փակել, մոմեր վառել եւ այլն -, այլ անհրաժեշտ էր համազգային ոգիով եւ իտէալով դիմագրաւել ու կանխել Ապրիլեան Եղեռններու կրկնութիւնը: Թուրքին կիսատ ձգածը մեր ձեռքով շարունակելու մեղքը գործեցինք գիտութեամբ եւ անգիտութեամբ»534: Սիմոնյանն իրավացիորեն նկատում է, որ հայ ժողովուրդն իր համազգային կարելիությունները չկարողացավ ծրագրված կերպով «զորակոչի ենթարկել», չկարողացավ պահանջել իր հողերը, չհետապնդեց իր դատը, հաճախ «թաղական աթոռի մը իրաւունքին պաշտպանութեան համար եղանք աւելի քաջամարտիկ, քան եղած ըլլայինք ջարդողներուն դէմ»535: Չկարողացավ կենտրոնացված գաղութներ կազմակերպել, և սփյուռքը վերստին վերածեց սփյուռքի՝ ավելի սփռելով ու մանրացնելով: «Մեր նահատակները, Ապրիլեան զոհերը մեզմէ կպահանջեն արցունքէն ու յարգանքէն վեր ու գերազանց բան մը. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՅԱՒԵՐԺԱՑՈՒՄԸ»536: Սիմոնյանն ազգային խնդիրների լուծումը տեսնում էր նախ և առաջ միասնականության մեջ:

Սիմոնյանի գրեթե բոլոր պատմվածքները, նախքան ժողովածուներում ամփոփվելը, հրապարակվել են «Սփյուռք» շաբաթաթերթում՝ 1958-1978թթ.-ին, ինչպես նաև ժամանակի այլ պարբերականներում ու տարեգրքերում («Սեւան», «Բագին», «Հայրենիք» և այլն): Ստեղծագործություններ կան, որոնք տեղ չեն գտել որևէ ժողովածուում («Տալւորցի Յակոբի Յիշատարականը», «Սփիւռք», 1958, թիվ 1, «Մեր Վերջին Եղնիկը և Եղիշե Չարենց», «Սփիւռք», 1966, թիվ 10, «Որու՞ն պիտի յանձնուի լուսանկարը», 1967, թիվ 50, «Զղջում Արշակաւանի առջև», 1969, թիվ 24-25, «Աթաթիւրքի աղջկան ազգականը», 1971, թիվ 4, «Երկուորեակին եղբայրը», 1971, թիվ 7, 8, «Իր յուշարձանին այցելեց հերոսը», 1971, թիվ 14 և այլն): Դրանցից շատերում նույնպես Սիմոնյանը պատկերել է ազգային աղետի, տարագրության սոցիալական, բարոյական ու հոգեբանական հետևանքները:

Արձակում հիմնակետեր ունենալով Սփյուռքի (հատկապես մերձավորարևեյյան հատվածի) խնդիրները, հայրենիքի ճակատագրի սրված զգացողությունը, հայրենակարոտի հոգեսևեռուն զգայնությունները՝ Սիմոնյանը տարբեր գործերում

534 «Սփիւռք», 1963թ. 23 ապրի[ի, թիվ 14-16 էջ 2:

535 Նույն տեղում, էջ 2:

536 Նույն տեղում, էջ 2:

324

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

պատկերել է 1890-ականներից մինչև իր կյանքի ժամանակն ընդգրկող(1970-80-ականներ) հայ ժողովրդի կյանքի գրեթե բոլոր հատկանշական

եղելությունները: Սիմոնյանի ստեղծագործությամբ կարոտի գրականությունը նոր ու ինքատիպ հավելումներ է արձանագրում: Հիմնականում պատմվածքի հղացքում գրողը խտացնում է հայրենիքից հեռու գոյատևելու դատապարտված

հայության(գլխավորապես՝ սասնահայության) բեկորների աստանդական

ճակատագիրը, այդ ճակատագիրը կանխորոշած ողբերգությունը և, որպես այդ ողբերգության դառնագույն հետևանք, սփյուռքյան սպիտակ ջարդի

եղերականությունը, որոնք էլ ամբողջացնում են Սիմոնյանի գեղարվեստական փոքր արձակի մտասևեռումների համակարգը:

«Լեռնականներու վերջալույսը» նվիրված է 1890-1915թթ.-ի ընթացքով տնտեսական ծանր պայմանների, բռնաճնշումների, ապա և բնակչության հանդեպ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված ու աստիճանաբար իրագործված մասսայական տեղահանությունների ու ջարդերի հետևանքով Սասունի տարբեր շրջաններից Մերձավոր Արևելքի երկրներ գաղթած սփյուռքահայ առաջին ու հաջորդ սերունդներին: «Պատմուածքներուս այս գիրքը կարծես հեռատեսիլն է լեռնականներու դաժան խաղարկության, իրենց կյանքի վերջալույսին ու գիշերին՝ չլուսցող ու անառավոտ...»537,- գրում է Սիմոնյանը' վկայելով, որ իր հերոսները իրական անձեր են, և ինքը նրանց մասին հյուսել է «իրական պատմվածքներ»' «կյանքե չափ ու անկե ավելի իրական»: Նույնիսկ անուններն է պահել անփոփոխ: Սիմոնյանն Ասատուր Կյուզելյանին հասցեագրած մի նամակում վկայել է, որ պատմական հայրենիքի կարոտով ապրող սասունցիների մասին գրել է Հակոբ Օշականի խորհրդով, որ նաև խոստացել էր գրքի համար առաջաբան հեղինակել: «Քեզի կը ղրկեմ Լեռնականներու վերջալոյսը... Անթիլիաս, 1948-ին սկսած էի տպագրության. կը յիշե՞ս... Յակոբ Օշականի ստիպումով եւ գրելիք յառաջաբանով: 21 տարի ետք լոյս կը տեսնէ...»(Պեյրութ, 27/4/1969)538: Գրողն ինքը, լինելով զտարյուն սասունցի, հասակ էր առել հայրենակորույս այդ մարդկանց միջավայրում, որոնք էլ «պահանջում էին» իրենց անցած եղերական ճամփաների, կորցրած հարազատների, արնածոր կարոտների գեղարվեստական տարազավորում: «Անոնք ինծի գրել տուած են այնպես ինչպես որ իրենք ապրած են ու եղած»539: Պարզաբանելով իր գրական չափանիշները' Սիմոնյանը նշում է, որ երբեք կարիք չի զգացել դիմելու «գրական հնարքների», քանզի նրանց կյանքերը ինքնին ավելի գեղեցիկ էին, լի ու իրավ, քան որևէ տաղանդավոր վերստեղծում: «Մայրի՜կ, մայրի՜կ» վիպակում ներկայացնելով Եղսա Խանումի կյանքի սրտահույզ պատմությունը' Սիմոնյանը գրում է. «Թող Ատիեմանցի մայրիկը իր պատմությունը պատմէ ի՜ր արվեստով եւ թող Գրո՜ղը տանի գրողներուն արուեստն ու պատմելու ձևերը»540: Առարկելի ոչինչ չկա տոհմիկ լեզվամտածողությունից եկող այս ինքնահատուկ փիլիսոփայության մեջ, որն, ըստ ամենայնի, տարրալուծվում է գեղարվեստական խոսքում: Հանդարտ ու անճիգ' Սիմոնյանը պատմում է նրանց կյանքի «անօրինակ ու հուզիչ» պատմությունները, բացահայտում կենսական խորունկ ճշմարտություններ: Եղեռնը յուրովի է անդրադարձվել հարազատ կենսատարածքից դուրս մղված և «օտարության հորին մեջ» նետված այդ մարդկանց կենսագրություններում, ամեն մեկն ինքնովի է ապրում կորստի զգացումը, բայց բոլորի նպատակը մեկն է' վերադարձը:

Սասունցի լեռնականներին նվիրված պատմվածքներում (բացառությամբ մի քանիսի) չկան կոտորածի սրտաշարժ պատկերներ, սակայն դրանք աննկատելիորեն

537

538

539

540

Սիմոնյան Ս., Լեռնականներու վերջալոյսը, Բեյրութ, 1968, էջ 179:

Կյուզելյան Ա., Կը խօսին նամակները, Բեյրութ, 2014թ., էջ 38:

Նույն տեղում, էջ 179:

Սիմոնյան Ս., Սիփանայ քաջեր, Բեյրութ, 1967, էջ 189:

325

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հորդում են նրանց զրույցների, ողբերգաշունչ օրերի վերապրումների,

վերապատմումների, արցունքների ու նույնիսկ' ծիծաղի միջից: Ճակատագրից դառնացած, երերուն, անհաշտ ու անհանգիստ այդ մարդիկ չեն հասկանում աշխարհի դրվածքը, նույնիսկ՝ հարազատ զավակներին, որոնք հեշտորեն ընտելացել են նոր միջավայրին, յուրացրել օտար կենցաղավարությունը, լեզուն և նույնիսկ կարողանում են ծիծաղել, ինչն աններելի է: Ջարդերից հետո հայն իրավունք չունի ծիծաղելու. համոզված է «Սահմանային վեճ» պատմվածքի հերոս Օվեն, որ, 1915 թվականից սկսած, ամբողջ երեսուն տարի չէր ծիծաղել. «Պեղծ գործ է խնդալը, երբ կոտորված են բոլոր սիրելիները և ամայացած՝ հայրենի տուները: Հայրս չի սիրեր ոչ իր խնդացող զավակները և ոչ իսկ խնդացող որևէ Հայ: Հայերու դեմքերուն վրայ պետք է որ դրոշմվի տրտմությունը՝ որպես նշան անմոռացության»541: Վսեմ հուսահատությամբ պայքար մղելով օտար բարքերի դեմ՝ համառ ու սևեռուն վարքագծով այդ մարդիկ հաճախ հայտնվում են ողբերգազավեշտական իրավիճակներում: Ապավինած «ռուսի

հաղթանակի» միջոցով հայրենիք վերադառնալու ու հայրենական հողերին տեր կանգնելու պարզահավատ սպասումին՝ Օվեն ու Ավեն իրենց երբեմնի հողերն են սահմանագծում և պապենական մի հողակտոր մեկը մյուսից անարդար կերպով «խլելու» պատճառով գժտվում («Սահմանային վեճ»): Սասունցու ծռությամբ օժտված ուշագրավ բնավորություններ են քեռի Օհանը, Թոփալ Սահակը, քեռի Մակարը: Երկնային արդարության դեմ «կրակե բարկությամբ» լցված Բեռնակիր Օհանը նախընտրում է, որ սատանան շրջի աշխարհի վրա, քան «ունևորներու բարեկամ» աստվածը: Նա մշտական հակասությունների մեջ է Աստծու կողմից երկիր ուղարկված «խաֆիաների» հետ, որոնցից մեկը, Օհանի համոզմունքով, Զորավար Անդրանիկն է: Զորապետի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի արտահայտման միջոցով էլ բացվում է Սասնա Ապաղանք գյուղում տեղի ունեցած սպանդի՝ մարդկանցով լի եկեղեցու հրկիզման պատկերը, որին Օհանի հետ ականատես է եղել նաև Անդրանիկը: Օհանի համար հայկական սարսափելի տեղահանությունների, կոտորածների, իր նման խեղճերի զրկանքների պատասխանատուն Անդրանիկ փաշան էր, որ «մեկ ու կես ֆշանկով» (փամփուշտ) եկել և «երեք հարիւր վաթսուն տարուան Օսմանլի տովլաթը» ուզում էր ազատել: Երբ Օհանին հանգստացնում են, թե Անդրանիկն արդեն մեռել է և կարիք չկա անգո մարդուն հետապնդելու, նա զայրագին պատասխանում է. «Անդրանիկ չկե՜, բայց կե՜ Անդրանիկություն»: Այսինքն՝ դեռ կա «մեկ ու կես փամփուշտով» կռվելու մոլորությունը, որն իրենց այդ օրերից ավելի վատ օրերի կարող է հասցնել, և «իր արդեն ծանր բեռն ավելի' ծանրացնել»:

Սիմոնյանի պատմվածքներում ծիծաղն ու տխրությունը փոխնիփոխ հաջորդում են իրար՝ ստեղծելով տրամադրությունների ուշագրավ խայտանկար: Հենց այդ առանձնահատկության շնորհիվ էլ Սիմոնյանի հերոսները ձեռք են բերում արտակարգ կենսական ռիթմեր, դառնում ինքնատիպորեն սիրելի: Նրանք գրականության մեջ տարածում գտած «փոքր մարդկանց» սիմոնյանական կերտվածքներ են: Հեղինակը սիրում է իր լեռնականներին, ցավում է նրանց համար, և իր սերը փոխանցում է ընթերցողին:

Հայոց եղեռնապատումի հուզառատ էջ է «Մուրազ մը ունըմ» պատմվածքը: Հեղինակը զրույցի է կանչում հորքուր Խանեին, որ մի գեղեցիկ օր Սասնա Պելավ գյուղից հարս էր գնացել Խնձորիկ, երկու մանչ ունեցել և վեց տարվա հարս էր, երբ սկսվել էր կոտորածը: Խանեն շատերի հետ ու շատերի նման մանկահասակ զավակներին առել ու փախել էր սարերը: Օրեր, ամիսներ դիմադրել էր եղեռնի արհավիրքներին, թաքստոցից թաքստոց անցել, ահարկու չարչարանքներ կրելով՝ փրկության հույս փայփայել, բայց ճակատագիրը իր ու իր նման հազարավորների

541

Սիմոնյան Ս., Լեռնականներու վերջալոյսը, Բեյրութ, 1968, էջ 13:

326

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հանդեպ եղել էր անկարեկիր ու անողոք: Օսմանյան իշխանությունների հատուկ թելադրանքով գործող քուրդ բաշիբոզուկները, բռնելով փախստականներին, որոնց թվում և Խանեին՝ մանչերի հետ, փակել էին մի տան մեջ ու կրակի տվել: Խանեին հաջողվել էր երդիկից դուրս սողալ «իր մանչերը, սակայն, անթափանց ծուխերու մեջ մայր փնտռելով ու մղկտալով խեղդամահ եղան»542: Պատմվածքում հեղինակը չի խուսափում սպանդի սահմռկեցուցիչ մանրամասների նկարագրությունից, որոնք ընթերցողի առջև կենդանացնում են եղեռնյան միջավայրը: Ազգային աղետի, ողբերգության հունով գեղարվեստական պլան է թափանցում վրեժխնդրության թեման: Հրաշքով վերապրած Խանեն մուրազ ունի՝ «տուշմանի» արյունը պիտի թափվի այն հողերի վրա, որտեղ գազանաբար սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ, նաև՝ իր զավակները: Այդ արյունը միայն կարող է մարել այն ատելությունը, որ երկար դանակի պես խրված էր Խանեի սրտում: Եղեռնը դեռ շարունակվում էր վրեժի զգացումից տակնուվրա եղած նրա էության մեջ:

Սիմոնյանն իր գրվածքներից մեկում առանձնացնում է երեք

«իրականություններ», որոնք էլ կազմում են իր գործերի հոգեհատակը և ստեղծում որոշակի կենսամիջավայր: «Իրականութիւն մը՝ օսմանյան բռնակալությունը, իրականություն մը՝ հայկական ճգնաժամը օսմանեան լուծին տակ, իրականութիւն մը՝ հայկական ընդվզումը օսմանեան լուծին դեմ»543:

«Նա իր հօր զավակն է» պատմվածքում նույնպես պատկերված է ցեղասպանության արհավիրքը և ազատատենչ մաքառումը, որ մղեց

սասնահայությունը առաջին(1894) ու երկրորդ (1904) ապստամբությունների ժամանակ՝ փորձելով դիմակայել չարաղետ 1915-ին, բայց ապարդյուն: Շաբաթներ շարունակ աներևակայելի խիզախությամբ կռվող Սասունն ընկավ անհավասար գոտեմարտի արդյունքում: Պատմական փաստերը վկայում են, որ թուրքական իշխանությունները Սասունի դեմ դուրս էին բերել ժամանակի ռազմական տեխնիկայով զինված հսկա բանակ, որ թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը: Պատմվածքում ի դեմս Մակարի ու իր հայդուկ ընկերների՝ Սիմոնյանը խտացրել է սասունցիների ապստամբ ոգին, բռնակալություն չհանդուրժող բնավորությունը: Մեղվաբուծությամբ զբաղվելու համար աշխարհ եկած սասունցին ակամա զբաղվել էր մարդու արյուն թափելով: Գյուղի տերտերը սահեցրել էր Մակարի ձեռքը փայտե այբուբենի, ապա Քերականի էջերի վրա՝ սովորեցնելով կարդալ ծառ, սար, ոչխար, փեթակ, մարդ բառերը... Նոր և ավելի դժվար բառերը՝թշնամի, զինվոր, պատերազմ, թնդանոթ, ավեր, կոտորած, Մակարը չկարողացավ կարդալ որովհետև ծագեց Սասունի ապստամբությունը: Յոթ տարեկան Մակարը տեսավ ու

ճանաչեց թշնամուն, ահեղ պատերազմը, թնդանոթները, ավերն ու կոտորածը: Ավերվեց հայրենի գյուղը, սրի քաշվեցին յուրայինները: Այդ տարիքում արդեն Մակարը հասկացավ, որ տեսնելը ավելի դժվար է, քան կարդալը: Մի խումբ որբերի հետ նրան էլ տարան Առաքելոց վանք՝ ուսում առնելու: Բայց այնտեղ էլ «իր սորվածը չեղավ ավելի մեծ, քան իր տեսածը»: Սասնա երկրորդ ապստամբությունից հետո վերապրողների հետ Քեռի Մակարն էլ վերադարձավ գյուղ և որոշեց վերականգնել ավերակված տունն ու բարեշեն դարձնել օջախը: Նվիրվեց սիրելի գործին և արդեն մտածում էր ընտանիքի մասին, երբ ծագեց պատերազմը: Այն, ինչ Մակարի հուզումնահար աչքերը տեսան՝ «զարհուրելի հակափաստ» էին «եղբայրության իր հավատքին»: Սիրած աղջկա խոշտանգված ու անտառի տարբեր մասերում «ցիրուցան արված» մարմինը, օրեր շարունակ անկենդան մոր մարմնին փարված ու մայրական կաթի փոխարեն կրծքից դուրս թափվող որդերով սնվող մանչուկի սրտակտուր լացը, բռնաբար լլկված ու

542 Նույն տեղում, էջ 64:

543 Նույն տեղում, էջ 86:

327

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

օրորոցի նման ձեռք ու ոտքով ծառի ճյուղերից կախված, հովից տարուբերվող կնոջ սահմռկեցուցիչ մարմինը և այլ զարհուրեի տեսարաններ, ի վերջո, սպանեցին իր մեջ «եղբայրության հավատքը». ոսկե միջատներ բուծողը դարձավ մահաբույծ, ընկերավարականը՝ մարդասպան, եղբայրության հրեշտակը՝ «Ատելության սրսկիչ»: Ու այդ բոլոր հակոտնյա գծերը ներդաշնակվեցին Քեռի Մակարի մեջ: Սիմոնյանը պատումը առաջ է տանում չթուլացող լարվածությամբ, և թանձր գույներով պատկերում լեռնականների ոգեշունչ ու անհավասար պայքարը թուրք ու քուրդ բարբարոսների դեմ: Պատմական մեծ հնչեղություն ստացած Սասունի ինքնապաշտպանական կռիվները(1894, 1904) Սիմոնյանի գրչով վերաճում են գեղարվեստական տպավորիչ պատկերների: Պատումը ներառում է պատմական անցքեր ու անուններ, որոնց նկատմամբ հեղինակն ունի որոշակի բաց վերաբերմունք: Ցեղասպանության գաղափարը մեկ այլ ընդգծում ունի «Թող մեռնի երկրորդ Սահակը» պատմվածքում: Տրորված կենսագրության ողբերգական պատկեր է պարզում հեղինակը ընթերցողի առջև: Ստեղծվում է հերոսի կյանքի բովանդակային երկու հոսք՝ առաջին ու երկրորդ Սահակների հակադրության պատկերով: Սահակը երկու ծնունդ էր ունեցել՝ 1897-ին և 1915-ին: Երկրորդ Սահակին Աստված վերստեղծել էր հայ տարագրության պատկերի համաձայն, այսինքն՝ հեռու իրեն և բոլոր մարդկանց տարրական նմանությունից: Զուգահեռ պատկերվում է առաջին Սահակի կյանքի հովվերգական ընթացքը «Սասնո ամենից անմատույց ու վայրի լեռնաշրջանի մեջ, ուր վեր էր խոյանում լեռնաշխարհի ամենավեհ գագաթը»՝ Մարաթուկը: Նվիրական լեռան ստորոտում գտնվող Բիրշենք գյուղում էլ ծնվել էր Սահակը: Մարաթուկը տիրական ազդեցություն էր թողել Սահակի հոգեաշխարհի ձևավորման վրա, մտել արյան բաղադրության մեջ: Գեղեցիկ էր առաջին Սահակը, «Մարաթուք սարն ու Բիրշենք գյուղի աղջիկները կը մրցէին իրարու հետ' տիրանալու համար Սահակի սրտին»: Նրա սիրտը դեռ պիտի բացվեր սիրո առաջ' «մեծ նուռի մը պես», բայց սկսվեց կռիվը: Գաղթի ճանապարհին Սահակը կորցրեց բոլոր հարազատներին՝ հորը, մորը, քրոջը, եղբորը: Թեև դիմացավ ու թոթափեց բոլոր հիվանդությունները, բայց դրանց խոր ու անջնջելի հետքերը մնացին մարմնին: Ահա այդպես հայ տարագության պատկերի համաձայն Աստված ստեղծեց երկրորդ Սահակին' որպես կենդանի հիշատակարան, որտեղ «քանդակուած են Հայ Եղեռնի աւերներն ու չարչարանքները»: Առաջին Սահակից երկրորդ Սահակի մեջ վերապրեց միայն հավատքը Մարաթուկի զորության հանդեպ: Սահակի երկրորդ կյանքը դժվարին անկույնադարձերով շարունակվեց «տարագրուած հայերի մեծ կեդրոնում» Հալեպում:

Պատմվածքներում Սիմոնյանը փորձում է վերակենդանացնել սասունցի հայի տիպարը, նրա ապրելակերպը, աշխարհայացքը, ավանդությունները և, առհասարակ, սասունցիների հավաքական հիշողությունը, պատմական ավանդը, Սասուն բնակավայրի երբեմնի հայաբույր հիշատակը: «Արուեստի գործ մը միշտ արժանի է աւելի յարգանքի, երբ փշուր մը բան կը փրկէ այդ ամէնէն»544,-գրում է Հակոբ Օշականը: «Լեռնականներու վերջալույսը» ժողովածուն սասունցու յուրահատուկ ինքնության, պապենական հայրենաշունչ խառնվածքի կենդանագիր է:

Թուրքի ձեռքով հայ ժողովրդի հոգում բացված վերքերն անդրադարձնող էջեր կան Սիմոնյանի «Սիփանայ քաջեր» ժողովածուում: Հայ-քրդական ավանդության համաձայն՝ Սիփան լեռան գագաթին ապրում է ֆալաքը՝ ճակատագիրը: «Ֆալաքին անարդարություններուն դէմ կռուելու կոչուած են Սիփանայ քաջերը: Այս հատորի բոլոր գրություններուն հերոսները կը կռուին ֆալաքի դէմ, որ անարդար եղաւ Հայոց հանդեպ: Ուստի այս գիրքին խորագիրը կրնար կոչուիլ Սիփանայ քաջեր»: Գրքի խորագրի հեղինակային «ստուգաբանությունը» ընթերցողին անմիջականորեն

544 Օշական Հ., Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հտ. 7, Անթիյիաս, 1979, էջ

217:

328

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կապում է եղեռնյան իրողության հետ, ինչն էլ գրքի էջերում ցոլանում է պատմական անարդարությունների դեմ ընդվզման, դրանց դատապարտման գաղափարական շեշտադրումներով: «Սիփանայ քաջեր»-ում Սիմոնյանը յուրացնում է կենսական ավելի խոր շերտեր, լայնացնում է նյութի շրջանակը՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ հայրենադարձությունը, ձուլման, ուծացման, այլ խոսքով՝ սփյուռքում սպիտակ եղեռնի դեմ պայքարի ուղիների որոնումը, սերունդների

փոխհարաբերությունները:

Սիմոնյանի հերոսները ֆալաքի դեմ կռվում են ոչ թե զենքով, այլ հիշողությամբ, հայրենի հիշատակներով, ասել է թե՝ հոգևոր հայրենիքի գաղափարով, ինչը լավագույն միջոցն է՝ նորահաս սերնդին անմասն պահելու ձուլման վտանգից։ «Սիփանայ քաջերը» հիշողության վրեժ է ֆալաքի դեմ, որ անարդար եղավ հայ ժողովրդի հանդեպ: Ուշագրավ է, որ գրքում ֆալաքի խորհրդապատկերը նույնացվում է թուրք տարրի հետ. «Հայոց ազգը անտառ էր, Թիւրքը ճղակոտոր ծա՜ռ դարձուց զանի...: Թի՞ւքը թէ ֆալաքը(ճակատագիրը) կրա՜կ ձգեց. Ատի չեմ գիտեր.»545: Կամ՝ «Ֆալաքը ինչու՞ մեզ դեպի Տեր-Զորի չոլերը նետեց. Ճիշտ է, Հայոց ազգը չձգեց, որ Ֆալաքը մեր գյխուն բերէ իր բոլո՜ր ուզածները. Բայց ու՞ր են Ֆալաքին դեմ կռուող Հայոց կտրիճները.»546: Արձագանքելով աշխարհում տեղի ունեցող անարդարություններին՝ Սիմոնյանը բացում է ազգի հին վերքերն ու նոր ցավերը:

Տարագրության մեջ հայրենի հիշատակներով ապրող մարդ է սափրիչ Սարգիսը՝ «Սափրիչ Սարգիս, ներգաղթ և ածելի» պատմվածքի հերոսը, որ խանդավառությամբ սպասում էր հայրենիք ներգաղթելու երանելի օրվան: Սակայն նա ենթադրել չէր կարող, որ երեք որդիներից երկուսը կտրականապես կհրաժարվեն մեկնել ու բնակություն հաստատել հայրենիքում: Դա անօրինակ ողբերգություն էր Սարգսի համար, տարագիր հայության շրջանում տարեցտարի հոգեզգացական մեծ տարածքներ նվաճող ողբերգություն, որով բնութագրվում է մի ամբողջ ժամանակաշրջան, մտայնություն ու հոգեխառնություն: Աշխարհասփյուռ հայ գաղթաշխարհում հետզհետե

արմատավորվող տեղայնացման, ձուլման երևույթով աղավաղվում ու վտանգվում էր հայի իսկական տեսակի, ինքնության՝ սերնդեսերունդ փոխանցվող նկարագիրը:

Այսպես, իր ստեղծագործության այս կամ այն շերտում Սիմոնյանը խտացնում է 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի ապրած դառնագույն ողբերգությունը, որ ճյուղավորվում է աշխարհի բոլոր ցամաքամասերում: Եղեռնը շարունակվում է խեղված ճակատագրերի, որբ ու անտեր ընտանիքների, աշխարհում սփռված հայի բեկորների մեջ, որոնք օտար ափերում հոգեկան հենակետեր են որոնում, բայց այդպես էլ չեն ամրանում: Շատերը հեռանում են հայրենի բարքերից, մոռանում անցյալն ու պատմությունը, ազգային խորհրդանիշները և, ի վերջո, դադարում հայ լինելուց: Սիմոնյանը սուր կետի վրա է դնում հայության դիմագծին սպառնացող սոսկահար տագնապներից մեկը՝ ուծացումը, որ յուրովի է արտացովել հատկապես «Մայրի՜կ, մայրի՜կ» վիպակում: Հեղինակը պատկերում է ժամանակի ծանր հոգեբանական երևույթներից մեկը՝ հին ու նոր սերունդների օտարումը: Պատմվածքի հերոսներից Ջեքը՝ ավազանի անունով Հակոբը, մոր՝ Հաճի Եղսայի հինգ զավակներից միակն էր, որին գաղթի ճանապարհին կարողացել էր փրկել ու հասցնել Հալեպ: Անասելի չարչարանքներ կրելով՝ Եղսան աճեցրել էր հոր գերդաստանից մնացած միակ հունդը և ապա ուղարկել Ամերիկա, որ «ամրանայ ու տարածուի կաղնի ծառին պես, որ Հայոց մեռոնը անթառամ ու պայծառ մնայ ի՜ր, իր կնոջ ու իր զավակներու ճակատներուն»547: Հետո հասկացել էր, որ սխալ է վարվել, բայց արդեն ուշ էր, ինչպես ինքն է ասում, որդուն «ազատել էր տաճկի ձեռքից, բայց հանձնել նրանից ավեի գէշ բանի մը ձեռքը»:

5 Սիմոնյան Ս., Սիփանայ քաջեր, գիրք 1, Բեյրութ, 1967, էջ 208:

546 Նույն տեղում, էջ 222:

547 Նույն տեղում, էջ 208:

329

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

«Ես տեսա երկու Տեր-Զորներ' իմ մե՜կ աչքովս»,-ասում է Եղսա մայրիկը' ութ ամիս Ամերիկայում՝ որդու տանն ապրելուց հետո' «101 տարուան բանտարկյալի պես»: Երկրորդ Դեր-Զորը Ամերիկան է՝ ավելի զարհուրելի, քան առաջինը, քանզի «Տեր-Զորի չոլեր ինկող մեր ազգակիցները կրնան վերադառնալ Հայոց Տուն, բայց Ամերիկա ինկող մեր զաւակները պիտի չվերադառնան»548: Պատմելով իր մասին, ներկայացնելով նախ՝ գաղթի ճանապարհին, ապա՝ Ամերիկայում գխով անցածը՝ Եղսան արտահայտում է ոչ միայն իր, այլև մի ամբողջ սերնդի ազգային մտահոգությունները: «Պատմէ, մայրի՜կ, պատմէ՜, ինչպէս մեր երգը կ՜ըսե՝ «Կանչէ՝, կռու՜նկ, կանչէ՜»549: Որդու տանը Եղսային սպասում էին բարոյական ցնցումներ՝ մեկը մյուսից զորավոր. նախ՝ տանում են ճաշարանում աշխատեցնելու, ապա՝ ավելորդ տհաճություն չպատճառելու համար (քանի-որ նա միակնանի էր ու հայերեն էր խոսում) արգելում են երևալ հաճախորդների աչքին. «Եթե մայրդ վար իջնէ, հաճախորդները կը փախին», - հարսի պահանջն էր: Ապա ծրագրում են պարտքի դիմաց ամուսնացնել Եղսային մեծահարուստ ու տարեց մի ամերիկացու հետ: Եղսայի տառապանքն ավելի է խորանում, երբ արժանանում է թոռների անբարյացակամ վերաբերմունքին, նրան հրամայվում է փակված մնալ սենյակում բոլոր այն օրերին, երբ թոռան «բոյ-ֆրենդն» էր հյուր գալիս. տատի եղեռնազարկ տեսքը ակնահաճո չէր քաղաքակրթված ու փափկակենցաղ երիտասարդին: Հեղինակը դեպքերի զարգացումը հասցնում է վերջնագծին. որդին ու հարսը որոշում են մորն ուղարկել Հալեպ, քանզի նրա հետ կապված շահախնդրական ծրագրերը գլուխ չեն գալիս ու այլևս ավելորդ ծախս էր Ամերիկայում պահելը: Դրանից հետո արդեն սկիզբ է առնում բարոյական մահը: Հակոբի հոգեբանական խզումը ազգայինից, իր անցյայից, պատմությունից, նույնիսկ իրեն թուրքի յաթաղանից փրկած տարաբախտ մորից, վերջնական է:

Սիմոնյանի ստեղծագործությանն ուրույն երանգ է ավելացնում հայ-թուրք հարաբերությունների թեման: Այդ առումով ուշագրավ են «Դեպի Էրզրում. Թուրք գնդապետի մը հետ» և «Աթաթուրքին աղջիկը» պատմվածքները: Հերոսներից մեկի հետևությունը, թե պատմական հանգամանքների բերումով «շատ հայեր թրքացել են և շատ թուրքեր՝ հայացել», հեղինակի համար հայեցակարգային առանցք է, որն ամբողջական դարձնելու համար դիմում է բազմաթիվ իրական փաստերի ու գեղարվեստական հղացման տարբեր սկզբունքների: Առաջին պատմվածքում

դեպքերը զարգանում են գրեթե արկածային ընթացքով՝ հայ պատմաբանն ու գերմանացի նշանավոր գանգաբանը մասնագիտական ուսումնասիրությունների նպատակով ուղևորվում են Էրզրում: Գանգեր չափագրելու ու դրանց տեսակները որոշելու մոտիվն ինքնին հետաքրքրաշարժ է դաձնում պատումը և հնարավորություն տայիս բացահայտելու նոր տիպարներ, հաղորդակցվելու հեղինակի նոր մտահոգություններին: Գերմանացի գանգաբանի՝ Թուրքիայի տարածքում կատարած գանգաբանական չափագրություններն ու հետազոտությունները բերում են նրան պարականոն եզրակացության, ըստ որի՝ հայերը «չեն տարագրվել Թուրքիայից, այսինքն՝ հայկական նահանգներից... Նրանք ապրում են այդ սրբազան ու վաղեմի հողերի վրա»550: Եզրակացությունը խորապես ցնցում է հայ պատմաբանին, որ հրաժարվում է հավատալ գանգաբանական այդ տեսությանը: Գիտնականի

մեկնակետը արմենոիդ տիպի գանգն էր, ըստ որի փորձում էր զատորոշել Փոքր Ասիայի, Կովկասի ու Միջագետքի ժողովուրդների գանգերը՝ հայկականի հետ ունեցած տարբերություններով ու նմանություններով: Որպես նմուշ ծառայած բազմաթիվ թուրքերի գլխում նա հայտնաբերել էր նկատելի գերակշռությամբ արմենոիդ տեսակի գանգեր և պատրաստվում էր Երզնկայում ու Էրզրումում հետազոտություններն

548

549

550

Նույն տեղում, էջ 209:

Նույն տեղում, էջ 190:

Սիմոնյան Ս., Սիփանայ քաջեր, գիրք 2, Բեյրութ, 1970, էջ 13:

330

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ավարտեուց հետո ամբողջացնել իր գիտական եզրակացությունները: Այդ առանցքի շուրջ էլ հյուսվում է «Թուրք գնդապետի մը հետ» պատմվածքի դիպաշարը, որի հիմքում լայն իմաստով թուրքի հոգեբանական վերլուծությունն է: Մինչև վերջին անկյունը բացվում է հայ ընտանիքից սերված, այդ բարդույթից ամբողջ կյանքում տառապող մոլեռանդ, հայատյաց թուրք գնդապետի էությունը, որին իր կենսըմբռնումներով զուգահեռվում-հակադրվում է մեկ ուրիշը՝ գանգի արմենոիդ տեսակով լիակատար մի թուրք, որը չի տառապում այդ բարդույթից, ավելին՝ կյանքի իր փիյիսոայությամբ լավագույնս պատճառաբանելով հայ-թուրք հարաբերություններում առկա բազմաթիվ հոգեբանական թնջուկներ՝ տայիս է դրանց ինքնօրինակ գնահատականը: Եվ որքան ընդարձակվում ու ծավալվում է երկմակարդակ զրույցը, այնքան ընդգծվում, ինքնատիպ ուղղվածություն ու ողբերգական շեշտվածություն է ձեռք բերում առաջին թուրքի կերպարը, որ 1915-ին մի թուրք կնոջ կողմից փրկված զտարյուն հայ էր' ի հակակշիռ իր ալթայան տեսակի գանգի: Նա երբևէ խուսափել էր հոգու ծալքերը բացել, որովհետև հանկարծ կարող էր խելացնորվել իրողության ծանրությունից: Որքան խորանում ենք այդ կերպարի էության մեջ, որքան ջանում ենք հասկանալ նրան, այնքան բացահայտում ենք ողբերգական մի անհատի, որի դժբախտությունն իր ուրույն դրդապատճառներն ունի: Արձակագիրն ասես ստեղծել է երկպատկեր՝ իրար հակադրելով նույնածին, բայց տարբեր ընթացքներ ունեցող նկարագրեր: Մեկը պատրաստ է եղել հոգեբանորեն ընդունելու իրողությունը՝ կյանքի ամեն քայլափոխի զգալով ճշմարտության շնչառությունը, մինչդեռ մյուսն իրեն կամովին զնդանել է կեղծ անգիտության մեջ, «մեռցրել իր մեջ ճշմարտության ձայնը», որովհետև այդ ճշմարտությունը չուներ ընդհանուր եզրեր իր կյանքի ու պարտականությունների հետ: Երկուսի ողբերգության հիմքում էլ ընկած է ցեղասպանության դառնաղի փաստը, հայերին բռնի ձուլելու, մանկահասակ տարիքից արյան հունը փոխելու, թրքացնելու զարհուրելի երևույթներով. պատմական անարդարություններ, որոնք վեր է հանում հեղինակը և դրանց շուրջ մտորել տալիս:

«Աթաթուրքին աղջիկը» պատմվածքի հիմքում թուրք առաջին կին ռազմական օդաչու, թուրքական կանացիության կատարելատիպ ու ազգային վեհության խորհրդանիշ համարվող Սաբիհա Գյոկչենի հայկական ծագման աղմկահարույց պատմությունն է: Նրան Ջիբինի մանկատնից 1925 թվականին որդեգրել էր Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, քանի որ ցեղասպանությունից հետո հազարավոր ծնողազուրկ երեխաներ, որոնց թվում և Խաթուն Սեբիլջյաը' Տիրուհի ու Ներսես Սեբիլջյանների դուստրը, հայտնվել էին որբանոցներում: Աթաթուրքը երկնագույն աչքերով իր հոգեզավակին Սաբիհա անունն էր տվել ու կնքել Գյոկչեն (թուրքերեն' երկնային) ազգանունով: Աթաթուրքն առանձնապես չէր

կարևորում, թե իր հոգեզավակների երակներում ինչ արյուն է հոսում, կարևորն այն էր, որ նրանք դաստիարակվում էին թուրքական ոգով: Սաբիհայի հայկական ծագումը երկար ժամանակ հայտնի էր հայերի շրջանում: Առաջին անդրադարձը հայուհու անօրինակ ճակատագրին եղավ Սիմոնյանի գրչով' 1970 թվականին, երբ «Սփյուռք» շաբաթաթերթի օգոստոսի 16-ի թիվ 33 համարում տպագրվեց «Աթաթիւրքին աղջիկը» պատմվածքը' ընծայագրված' «Տերսիմացի բարեկամիս' Գէորգ Երեւանեանին»: Պատմվածքը հետագայում զետեղվեց «Սիփանայ քաջեր» ժողովածուում(1970), ինչպես նաև «Լեռ եւ ճակատագիր»(1972) հատընտիրում: Պատմվածքում առաջին անգամ Սիմոնյանը խոսեց Գյոկչենի հայկական արմատների, իսկական անվան, եղեռնին զոհ դարձած ընտանիքի մասին' գեղարվեստական տպավորիչ պատկերներով ներկայացնելով մոր տեսլացումից առաջ եկած հոգեկան ծանր տագնապը, որ ապրում է թրքացած հայուհին Դերսիմի ռմբակոծումից առաջ: Գյոկչենի պատմությունը հայերի համար մի ողբերգական դրվագով էլ է հայտնի:1938թ.-ին նա Աթաթուրքի հրահանգով մասնակցել էր Դերսիմի կոտորածին' ռմբակոծելով ցեղասպանությունից փրկված և Դերսիմում ապաստանած հայերին: Թուրքական

331

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

«Yeni Akit» պարբերականը ներկայացրել էր Սաբիհա Գյոքչենի՝ ժամանակի հայտնի թերթերից մեկին՝ <^ո»-ին տված տխրահռչակ հարցազրույցը, որում Աթաթուրքի հոգեզավակը, 1915-ի ցեղասպանությունից փրկված հայուհին՝ նույն ինքը Խաթուն Սեբիլջյանը, պատմէլ էր, թե ինչպիսի խանդավառությամբ է մասնակցել Դերսիմի կոտորածին: Սիմոնյանը Գյոկչենի ռազմական այդ չարաղետ թռիչքն էլ դարձնում է պատմվածքի ատաղձը՝ նկարագրելով նախքան զարհուրելի հրահանգն ի կատար ածելը հայուհու ապրած սոսկալի մտատանջանքը, որի պատճառը գիշերվա երազն էր, «երկնային սուրացող մինակության» մեջ ակաջին հասած մոր սաստող ձայնը՝ «Խաթու՜ն...», և ռազմական օդանավի պատուհանից իր աչքերին տխրորեն փարվող հարազատ վայրերը, որտեղ անցել էր պիստակենիների բույրով լեցուն իր մանկությունը...

Հայտնի է, որ Թուրքիայում Սաբիհա-Խաթունի գաղտնիքը «բացահայտեց» Հրանտ Դինքը: 2004 թվականին «Ակոս» թերթում տպագրվեց Դինքի հարցազրույցը հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանի հետ: Վերջինս պնդում էր, որ Սաբիհա Գյոկչեն իր հարազատ մորաքույրն է՝ ներկայացնելով իր մոր՝ Տիրուհու կյանքի պատմությունը: Տիրուհու ծնողները Այնթապի Ջիբին գյուղից էին, զոհվել էին ջարդերի ժամանակ: Ծնողների մահից հետո նրանց անչափահաս աղջիկները՝ Տիրուհին ու Խաթունը, հայտնվել էին թուրքական որբանոցում, որտեղից էլ Խաթունին որդեգրել էր Աթաթուրքը:1946թ.-ին Տիրուհին Սիրիայից ներգաղթել էր Խորհրդային Հայաստան: Նա շարունակ փորձել էր կապ հաստատել քրոջ հետ, սակայն ապարդյուն: Հրանտ Դինքը «Սաբիհա Գյոկչենի գաղտնիքը» հոդվածում, որպես հայկականության ևս մեկ իրեղեն ապացույց, մատնանշում էր նաև այն փաստը, որ Սաբիհան տառապել է «երևանյան» կամ «հայկական» կոչված հիվանդությամբ, որի մասին պատմվածքում վկայակոչել է նաև Սիմոնյանը: «Սփյուռք» շաբաթաթերթի 1971 թ.-ի թիվ 4 համարում Սիմոնյանը հրապարակեց նաև «Աթաթիւրքի աղջկան ազգականը» կարճ ու հուզիչ պատմվածքը, որն իրական դեպքի հիմքով շարունակում էր Աթաթուրքի աղջկա պատմությունը: Հալեպից հեղինակին է այցելում Ներսես անունով մի գաղթական հայ և պնդում, որ ինքը Սաբիհա Գյոկչենի՝ նույն Խաթուն Սեբիլջյանի հորաքրոջ տղան է, և «Սփյուռք»-ում հրապարակված պատմվածքը տակնուվրա է արել իր զգացմունքները: Թրքացած քրոջը տարիների հեռվից հանդիպելու որոշումը դառը հարցեր է առաջ բերում. արդյո՞ք Խաթունը կընդունի սիրասուն եղբորը. «... թրքութեամբ փառքի հասած է, ... հայութեամբ պիտի գլտորի, չեմ գիտեր մինչեւ ուր. Մինչեւ հիմա ծածկած է իր հայ ըլլալը, ասկէ անդին պիտի չուզէ յայտնել եւ շատ հաւանաբար մերժէ...»551: Հայոց ցեղասպանության ընթացքում առևանգված կամ ծնողների սպանդից հետո փրկված հայ երեխաների ճակատագրերը առանձին և լուրջ ուսումնասիրության նյութ են: Հայտնի է, որ տխրահռչակ թուրք զորավար Քարաբեքիրը, արևելյան ճակատում հավաքելով որբ, անտուն, անխնամ հայ երեխաներին, նրանց տալիս էր ռազմական կրթություն և դաստիարակում մոլի «թուրքականության» ոգով: Հենց այդ երեխաներից է հետագայում կազմավորվում, այսպես կոչված, «Երեխաների բանակ» ռազմական միավորումը: Թուրքական միջավայրում մեծացած ու դաստիարակված այդ երեխաները հետագայում դառնում էին ամենամոլի ու դաժան զինվորները՝ այդպես էլ չիմանալով իրենց իսկական ծագումը: Երևույթի ողբերգականությունը խորապես մտահոգել է ցեղասպանության թեմային այս կամ այն կերպ անդրադարձած գրողներին, նաև՝ Սիմոն Սիմոնյանին: Հայերի հանդեպ թուրքական

ոճրագործությունները ամբողջական մոտիվ են ձևավորում նաև Սիմոնյանի «Երեք օրակարգեր», «20000 էն Մեկը.», «Խմբապետ Ղազարի դատավարությունը» և այլ պատմվածքներում:

551 «Սփիւռք», 1971թ. , թիվ 4, էջ 2:

332

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ամփոփենք. անդրադառնալով Եղեռնի դառն իրողություններին' Սիմոնյանն իր ստեղծագործություններում վեր հանեց հիմնականում սասնահայության' օտար միջավայրում ինքնանալու, ամրանալու անհնարինության գաղափարը,

հայրենակարոտի տառապանքը, բնօրրանի ու հարազատների կորստի ցավը, արդար հատուցման ու վրիժառության փափագը, ուծացման վտանգն ու դրա աղետալի հետևանքները, այն անօրինակ ճիգը, որով եղեռնազարկ մարդիկ փորձում էին դիմադարձվել օտար կենսավարությանը և, ի վերջո, տունդարձի լուսավոր հավատը, որ ապրեցնում և ուժ էր տալիս հայրենաբաղձ լեռնականներին:

SOME ISSUES ON THE GENOCIDE IN THE WORKS BY SIMON SIMONYAN

TEHMINA MARUTYAN

Member of the Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Deputy Editor-in-Chief of the Journal «Scientific Artsakh»,

Scientific Secretary of Goris State University, Head of the Chair of Armenian language and literature of GSU, Ph.D in Philology, Associate Professor,

Goris, Republic of Armenia

There are no separate studies of the works of the famous Lebanese prose writer of Armenian origin Simon Simonyan in the Armenian literature. The topic of genocide revealed in the works of the writer was not discussed either. The relevance of this article is the systemization and evaluation of the theme of genocide in the works of S. Simonyan. Our goal is to show the role and importance of creativity S. Simonyan, literary, historical and actual value with the main features, thematic layers, the main features of the world in the context of Armenian literature. Mainly in his stories and novels, the writer reflected the wandering fate of the fragments of the Armenian people doomed to live far from their homeland (the Armenians of Sasun), a national tragedy that predetermined such a fate and formed a specific psychological state with a keen sense of homesickness, pain from losses and, finally, as a bitter consequence of this, the tragedy of the white genocide of the Diaspora, which runs like a red thread in S. Simonyan's prose. In the article we have been guided by the historical method.

The scientific novelty of the article lies in the disclosure of the main problems of genocide raised in the works of Simonyan, the creation of a holistic panorama.

Key words: Lebanese-Armenian literature, Simon Simonyan, genocide, Diaspora, longing, Sasun, alienation, migration, highlanders.

333

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ОТРАЖЕНИЕ ГЕНОЦИДА АРМЯН В ПРОИЗВЕДЕНИЯХ СИМОНА СИМОНЯНА

ТЕЙМИНА МАРУТЯН

Член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), заместитель главного редактора журнала «Научный Арцах», ученый секретарь Горисского государственного университета, заведующий кафедрой армянского языка и литературы ГГУ, кандидат филологических наук, доцент, г.Горис, Республика Армения

В армянской литературе нет каких-либо отдельных исследований творчества знаменитого ливанского прозаика армянского происхождения Симона Симоняна. Не послужила предметом обсуждения также тема геноцида, раскрытая в произведениях писателя. Актуальность данной статьи заключается в систематизации и оценке представленной темы геноцида в творчестве С.Симоняна. Нашей целью было показать в контексте армянской литературы в основных чертах, по тематическим прослойкам, по главным особенностям мировозрения, роль и значение творчества С.Симоняна, его литературно - историческую и актуальную ценность. Г лавным образом в своих рассказах и повестях писатель отобразил скитальческую судьбу осколков армянского народа, обреченных жить вдали от родины (армяне Сасуна), национальную трагедию, которая предрешила такую судьбу и сформировала конкретное психологическое состояние с острым чувством тоски по родине, болью от потерь и, наконец, как горьчайшее следствие этого, трагичность белого геноцида диаспоры, что красной нитью проходит в прозе С.Симоняна.

В статье мы придерживались исторического метода.

Научная новизна статьи заключается в раскрытии основных проблем геноцида, поднятых в произведениях Симоняна, создании целостной панорамы.

Ключевые слова: ливано-армянская литература, Симон Симонян, геноцид, диаспора, тоска, Сасун, отчуждение, миграция, горцы.

334

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.