ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ' ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ*
ՀՏԴ 342.7 DOI: 10.52063/25792652-2022.2.13-91
ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայաստանում Եվրոպական Համալսարանի միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն edaaravetisvan96@amail. com
Հոդվածը վերաբերում է մարդու հիմնական իրավունքների համակարգում իր ուրույն տեղն ունեցող տեղեկատվության ազատության իրավունքին, որը մարդկության պատմության ցանկացած շրջափուլում ենթարկվում է տվյալ ժամանակաշրջանի փոխություններին։ Հսկայական փոփոխությունների ժամանակակից աշխահում առավել քան արդիական է դառնում նման իրավունքների համակարգային ուսումնասիրությունը։
Հետազոտության շրջանակում առաջ է քաշվել տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի տեսաիրավական հիմքերի ու առանձնահատկությունների վերհանման նպատակը։ Նշված նպատակին հասնելու համար հետազոտության առջև դրվել է տեղեկատվության ազատության տեսական ու նորմատիվ ոլորտում տեղ գտած հասկացության հստակեցման, հիմնական իրավունքի տեսանկյունից ներկայացման և որպես իրավունք ու ազատություն դիտարկելու խնդիրները։
Ուսումնասիրությունն իրականացվել է վերացարկման, վերլուծության ու համադրության գիտական մեթոդների կիրառմամբ։
Հետազոտությամբ ներկայացվում է տեղեկատվության ազատությանը տրված հայկական և արտասահմանյան տեսական բնորոշումները, որոնց ամփոփման արդյունքում ամբողջացվում են քննարկվող իրավունքի լայն և նեղ իմաստները։ Տեղեկատվության ազատությունը ներկայացվում է նաև իրավունքի և ազատության տեսանկյուններից, առանձնացվում է դրա՝ որպես հիմնական իրավունքի կառուցվածքային տարրերը։ Ուսումնասիրությունը եզրափակվում է տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի շրջանակում իրավունքի սուբյեկտի, հասցեատիրոջ և օբյեկտի՝ իրավունքի սուբյեկտի պահանջի ու պետության պարտականությունների շրջանակի հստակեցմամբ ու ամփոփմամբ։
Հիմնաբառեր՝ տեղեկատվության ազատություն, հիմնական իրավունք, ազատություն, տեսություն, տեսական մոտեցում, իրավունքի կառուցվածք, իրավունքի սուբյեկտ, իրավունքի հասցեատեր, օբյեկտ, պահանջ։
Ներածություն
Տեղեկատվության ազատության իրավունքը հանդիսանում է տեսաիրավական բազմաթիվ քննարկումների առարկա, որոնք ուղղված են տեղեկատվության ազատության էության վերհանմանը։ Վերջինիս նպատակով ժամանակակից
* Հոդվածը ներկայացվել է 05.06.2022թ., գրախոսվել' 22.06.2022թ., տպագրության ընդունվել' 10.07.2022թ.:
91
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
հետազոտություններն իրականացվում են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման լույսի ներքո, երբ տեղեկատվության ազատության իրավունքը ձեռք է բերում բազմաթիվ առանձնահատկություններ։
Տեղեկատվության ազատության տեսական և իրավական բնորոշումները
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բուն «տեղեկատվության ազատություն» հասկացությանը տեսական ոլորտում տրված մեկնաբանմանը։ Ըստ ռուս իրավագետ Ս. Ա. Ավակյանի՝ տեղեկատվության ազատությունը սահմանադրական իրավունքի հայեցակարգ է, որն ընդգրկում է մի խումբ իրավունքներ և ազատություններ, այդ թվում՝ խոսքի ազատություն, մամուլի ազատություն, հանրային նշանակության տեղեկատվություն ստանալու իրավունք, ցանկացած օրինական ճանապարհով տեղեկատվություն տարածելու ազատություն և այլն (Авакьян 68): Իսկ Ի. Ա. Լեդյախը կարծում է, որ խոսքի ազատությունը ներառում է մի քանի կառուցվածքային տարրեր, որոնք սերտորեն փոխկապակցված են և գոյություն ունեն միասնության մեջ։ Դրանք են նախ՝ յուրաքանչյուր անձի ազատությունը՝ հրապարակավ արտահայտելու իր մտքերը, գաղափարներն ու դատողությունները և տարածելու դրանք ցանկացած օրինական միջոցներով: Երկրորդը մամուլի և այլ զանգվածային լրատվության միջոցների ազատությունն է, որը զերծ է գրաքննությունից և ապահովում է տեղեկատվական մարմիններ ստեղծելու և օգտագործելու իրավունքը: Երրորդը հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ստանալու իրավունքն է կամ այլ կերպ՝ տեղեկատվության աղբյուրներին հասանելիության ազատությունը (Ледях и др. 75): Վ. Մ. Բոյերը տեղեկատվության իրավունքն ու ազատությունը մեկնաբանում է կարճ՝ իրազեկված լինելու և տեղեկատվության հասանելիության իրավունք (Боер и Павельева 26)։
Ռուսական իրավական մտքին զուգահեռ՝ ամերիկյան և եվրոպական իրավագետները տեղեկատվության ազատությունը, ի թիվս այլնի, դիտարկում են առաջին հերթին որպես երկրի կառավարմանը մասնակցելու գործիք, հրապարակայնության ու բազմակարծության ապահովման միջոց։ Ամերիկացի իրավագետ Ջ. Աքերմենը նշում է, որ տեղեկատվության ազատության հարաբերությունները կարգավորող նորմերը կարգավորում են առաջին հերթին անձի արտահայտվելու, երկրի կառավարմանը մասնակցելու և պետության կառավարման վրա քաղաքական, տնտեսական ու բյուրոկրատական ազդեցություն ունենալու հարաբերությունները (Ackerman and Sandoval-Ballesteros 87)։ Ըստ արգենտինացի իրավագետ Ռոբերտո Սաբայի՝ տեղեկատվության ազատությունը, բացի բոլորիս հայտնի երաշխիքներից, կրում է նաև որոշակի հարցի վերաբերյալ տեղեկատվություն սպառողների տեսակետների լայն բազմազանության ապահովման երաշխիքը (Saba 153)։ Ինչպես նշում է հոլանդացի իրավագետ Մարկ Բովենսը՝ տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրությունը վերաբերում է առաջին հերթին պետության բաց կառավարմանը, որը կանոնակարգում է պետական կառավարման թափանցիկության երաշխավորումը՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լավ ժողովրդավարական վերահսկողություն և կառավարության սոցիալական հաշվետվողականություն (Bovens 327)։ Տեղեկատվության ազատությունը հաշվետու կառավարման (Mendel 19) և թափանցիկության (Spahiu 42) հիմնական բաղադրիչն է։
Տեսական մոտեցումներում պակաս կարևոր չէ անդրադառնալ նաև հայկական իրավական մտքին: Տեղեկատվության ազատության կարևորությանն
անդրադառնալիս Գ. Հարությունյանը նշում է տեղեկույթի մենաշնորհային տնօրինումը, ինչը բնութագրական է ամենից առաջ հակաժողովրդավարական հասարակությանը, արգելք է մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար: Տեղեկույթի պետական մենաշնորհը և գրաքննությունը բումերանգի պես խփում են
92
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
հենց պետությանը' տանելով հասարակությանը տնտեսական, քաղաքական և իրավական փակուղի (Հարությունյան 309):
Ընդհանրացնելով տեսական մոտեցումներում առկա մեկնաբանությունները՝ կարող ենք հստակեցնել, որ տեղեկատվության ազատությունը դիտարկվում է երկու իմաստով՝ լայն և նեղ։ Լայն իմաստով՝ այն համարվում է որպես ժողովրդավարության կայացման անբաժան մաս և ապահովում է պետության բաց կառավարումը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը։ Տեղեկատվության ազատության իրավունքը, բացի սոսկ մարդու առանձին, մեկ իրավունք լինելուց, նաև մարդու այլ հիմնական իրավունքների ապահովման միջոցն ու օժանդակողն է։ Կարելի է ասել, որ տեղեկատվության ազատությունը ոչ այդքան առանձին իրավունք, որքան իրավունք-միջոց է՝ այլ իրավունքների արդյունավետ իրացման համար։ Նեղ իմաստով դիտարկելիս տեղեկատվության ազատություն համարվում է կոնկրետ տեղեկատվության ազատ փնտրման, ստացման ու տարածման, մամուլի ազատության ու հանրային մարմիններից տեղեկությունների ստացման գործընթացները կարգավորող երաշխիք։
Տեղեկատվության ազատությունը որպես մարդու հիմնական իրավունք. իրավու՞նք, թե՞ ազատություն
Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները հնարավոր է վեր հանել դրա էության բացահայտմամբ։ Այսպես՝ տեսական մոտեցումներում տեղեկատվության ազատությանը տրված բնորոշումներում, ինչպես նկատում ենք, այն ներկայացվում է մի դեպքում՝ որպես իրավունք, մյուսում՝ որպես ազատություն, ուստի հարց է առաջանում՝ տեղեկատվության ազատությունը իրավու՞նք է, թե՞ ազատություն։
Իրավունքի և ազատության հարաբերակցության վերաբերյալ մասնագիտական գրականությունում դեռևս չկա միասնական մոտեցում։ Մի խումբ իրավագետներ դրանք նույնականացնում են, մյուսները՝ հստակ տարանջատում։ Հետխորհրդային իրավաբանական գրականությունում հաճախ նշվում է, որ «ազատությունն» առավելապես կապված է անձի այնպիսի իրավազորությունների հետ, որոնք սահմանում են նրա ինքնուրույնության սահմանը՝ պաշտպանելով նրա ներաշխարհը միջամտությունից։ Իսկ «իրավունք» հասկացությունն առավելապես նախատեսում է պետության կողմից որոշակի դրական գործողություններ, ծառայություններ կամ անձի իրավազորություններ՝ մասնակցելու որոշակի հանրային-քաղաքական ու
տնտեսական կառույցների գործունեությանը (Козлова и Кутафин 121)։ Արտասահմանյան գրականությունում նշվում է, որ եթե անձն ունի իրավունք, հետևաբար այլ անձն էլ ունի դրան համապատասխան պարտականություն։ Ազատությունը նախատեսում է, որ ոչ ոք չպետք է խոչընդոտի, խանգարի անձին կատարելու այն, ինչ նա ցանկանում է անել։ Ի տարբերություն իրավունքի՝ ազատության դեպքում ոչ ոք պարտավոր չէ հսկողություն իրականացնել կամ ապահովել դրա իրացումը։ Իրավունքն իրավական կամ սոցիալական պահանջ է՝ պահանջ ներկայացնելու հնարավորություն։ Ազատությունն անձի իրավական հնարավորությունն է կոնկրետ ոլորտում վարելու իր գործերն առանց պետության միջամտության։ Իրավագետ Մ. Մամաջանյանը նշում է, որ այսօր անձի հանրաճանաչ իրավական հնարավորությունները սահմանադրությունում կամ այլ նորմատիվ իրավական ակտում ամրագրված են իրավունքի տեսքով, թե ազատության՝ գործնականում վճռորոշ չեն, քանի որ իրավական գլոբալիզացիայի պայմաններում անկախ նրանից՝ ամրագրված կլինի հավաքների իրավու՞նքը, թե՞ հավաքների ազատությունը, անձը գործնականում օժտված է միևնույն իրավական հնարավորություններով (Մուրադյան և ուրիշներ 175)։
Իրավական ազատությունը հանդիսանում է որոշակի գործողություն անելու կամ այն բաց թողնելու (չանելու) թույլտվության միաձուլում։ Լիարժեք սահմա-
93
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
նադրական իրավունք ձեռք բերելու համար չպաշտպանված ազատությունը պետք է պաշտպանված լինի պետության դեմ անձի ունեցած՝ ըստ էության համարժեք իրավունքով, որով ազատություն ունեցող անձին պետությունը չպետք է արգելի անել այն, ինչը նա սահմանադրորեն ազատ է անելու: Պետության դեմ ուղղված այս իրավունքը սահմանադրական իրավունքների առանցքն է ու սահմանադրական իրավունքների տեսության կենտրոնը։ Վերջինս անվանվում է նաև «կենտրոնական թեզ» (The Oxford Handbook of Comparative Constitutional Law 268): Ջ. Ռազը նշում է, որ իրավունքի առկայությունն ինքնին հանդիսանում է այլոց վրա պարտականություն դնելու բավարար պատճառ (Raz 184), շարունակելով նաև ավելացնում՝ ազատությունների առկայությունը ևս նախատեսում է որոշակի պարտականություններ (օրինակ՝ չմիջամտել), որոնք իրավունքից բխող պարտականություններից տարբերվում են նրանով, որ անձի ազատության իրացումն ապահովելու համար անհրաժեշտություն չկա կատարել ակտիվ գործողություններ։
Հաջորդիվ տեղեկատվության ազատությանը կամ տեղեկատվության
ազատության իրավունքի էության բացահայտմանն անդրադառնալիս կարևոր ենք համարում նաև այն դիտարկել մարդու հիմնական իրավունք հանդիսանալու տեսանկյունից։ Ինչպես գիտենք, մարդու հիմնական իրավունքն ունի եռատարր կառուցվածք՝ առաջինը իրավունքի շահառուն կամ կրողն է, երկրորդը իրավունքի հասցեատերն է, իսկ երրորդը՝ իրավունքի առարկան կամ օբյեկտնը (The Oxford Handbook of Comparative Constitutional Law 267)։
Տեղեկատվության ազատության բաղադրատարրերն առարկայական
ներկայացնելու համար անդրադառնանք դրա «հայաստանյան բաղադրատարրերին», որոնք ներկայացված են մայր օրենքով։ Այսպես՝ ՀՀ գործող Սահմանադրությունը, ի տարբերություն նախորդ խմբագրությամբ սահմանադրությունների, տեղեկատվության ազատությանը վերաբերող երկու հոդված է նախատեսում՝ 42-րդ և 51-րդ հոդվածները։
Առաջինի դեպքում ներկայացվում է ընդհանուր տեղեկատվության ազատությունը, որը սահմանադիրը ներառել է կարծիքի արտահայտման ազատության հիմնական իրավունքի մեջ և ձևակերպել. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է (...) առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից' տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:»:
Երկրորդը, որպես հանրային մարմիններից տեղեկություն ստանալու իրավունք, ներկայացված է 51-րդ հոդվածում. «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:»։
Ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղեկատվության ազատության կրող է հանդիսանում յուրաքանչյուր ոք1 (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներն ու
ապաքաղաքացիները)' ի տարբերություն Սահմանադրությամբ նախատեսված այլ հիմնական իրավունքների, որոնց կրող կարող են հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացիները։ Սրանով ցույց է տրվում տեղեկատվության ազատության մեծ կարևորությունը։
Ընդհանուր մոտեցման համաձայն՝ տեղեկատվության ազատության
ապահովման հասցեատերը, ինչպես մյուս հիմնական իրավունքների դեպքում, հանդիսանում է պետությունը։ Սրա մասին է ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ նաև՝ ՍԴ) 04.05.2018թ.-ի թիվ ՍԴՈ-1412 որոշումը, որով արձանագրել է ՀՀ
1 Մի շարք երկրներում, օրինակ՝ Վրաստանում, Մոլդովայում, Շվեդիայում, Բուլղարիայում և այլն, հանրային մարմիններից տեղեկություն ստանալու ազատությունը պատկանում է միայն քաղաքացիներին։
94
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականության հասցեատեր է սահմանում հանրային իշխանությանը՝ դրանով իսկ, ըստ էության, բացառելով այդ գործառույթի անմիջական իրականացումը մասնավոր անձանց կողմից միմյանց միջև ծագող իրավահարաբերություններում: Սահմանադրության, հատկապես, հիմնական
իրավունքներն ու ազատությունները սահմանող նորմերը մասնավոր անձանց միջև հարաբերություններում անմիջականորեն իրացվելի են միայն Սահմանադրությամբ և վերջինիս հիման վրա ընդունված օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
ՍԴ-ի վերոնշյալ որոշումից բխում է, որ վերջինս, թեև ընդունում է հանրային մարմինների՝ հիմնական իրավունքի հասցեատեր լինելու հանգամանքը, այնուամենայնիվ, չի բացառում, որ Սահմանադրությամբ և/կամ վերջինիս հիման վրա ընդունված օրենքով նախատեսված լինելու դեպքում հիմնական իրավունքներն ու ազատություններն իրացվեն նաև մասնավոր իրավահարաբերություններում և հիմնական իրավունքի հասցեատեր լինեն նաև մասնավոր սուբյեկտները (թիվ ՍԴՈ-719 որոշում)։
Հետաքրքիր է, որ տեսաբանները հիմնական իրավունքի հասցեատիրոջ վերաբերյալ մոտեցումները ներկայացնում են հանրային և մասնավոր իրավունքների տարանջատման լույսի ներքո։ Հանրային և մասնավոր իրավունքների սահմանազատման շրջանակում Գ. Հովհաննիսյանը շահերի տեսության և ենթակարգության տեսության հետ կարևոր է համարում նաև Հ. Վոլֆի հեղինակած հատուկ իրավունքի տեսությունը, որի համաձայն՝ հանրային իրավունքը կարգավորվում է հանրային-իրավական նորմով, որն առկա է ոչ թե այն ժամանակ, երբ այն կոնկրետ դեպքում լիազորում կամ պարտավորեցնում է հանրային իշխանության կրողին, այլ այդպես պետք է լինի բոլոր հնարավոր դեպքերում (Հովհաննիսյան 32)։ Հիմնական իրավունքներն ընկալվում են որպես ուղղահայաց ազդեցություն ունեցող (պետական մարմնին անձի կողմից ուղղակիորեն պահանջ ներկայացնելով), մինչդեռ հիմնական իրավունքները մասնավոր իրավունքում ներկայացնելիս պետք է ձեռք բերեն հորիզոնական ազդեցություն, որն ի սկզբանե դուրս է հիմնական իրավունքի շրջանակից ու նպատակից (Collins 12)։ Քաղաքացին պարտավոր է հարգել մեկ այլ քաղաքացու հիմնական իրավունքն այնքանով, որքանով դա պահանջում է նրա համար գործող հասարակ իրավունքը (Epping 192)։
Տեսական մոտեցումների հիման վրա ներկայացնելով արդեն տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի հասցեատիրոջ հարցը՝ անվիճելի է, որ այն հանդիսանում է հանրային մարմինը։ Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, թե ՀՀ-ում ո՞ր հանրային մարմիններն են հանդիսանում տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի հասցեատերեր, և արդյո՞ք մասնավոր սուբյեկտները կարող են հանդիսանալ քննարկվող իրավունքի հասցեատերեր։
Դիտարկելով առաջին հերթին Սահմանադրության 42-րդ հոդվածը' նկատում ենք, որ տեղեկատվության ազատությունը երաշխավորող նորմը ներառում է «առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության (...) տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն» ձևակերպումը, որից պարզ է դառնում՝ նշված հիմնական իրավունքի հասցեատեր են հանդիսանում հանրային մարմինները։ Վերջիններիս բնույթը հստակեցված է հենց նորմում. դրանք են պետությունն իր ողջ եռանդամ (օրենսդիր, գործադիր, դատական) կազմով և համայնքային նշանակության հանրային հարցերը լուծող տեղական
ինքնակառավարման մարմինները։ Հասցեատերերի կազմը նույնն է նաև Սահմանադրության տեղեկատվության ազատությունը երաշխավորող երկրորդ նորմում՝ 51-ում։ Հետաքրքիր է նաև, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսել է դեպքեր, երբ տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի հասցեատեր կարող են հանդիսանալ նաև որոշ մասնավոր սուբյեկտներ, որոնք բնորոշվել են որպես հանրային նշանակություն ունեցող մարմիններ։
95
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
Ինչ վերաբերում է տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի առարկային կամ օբյեկտին, ապա կարևոր է նշել, որ ՀՀ մայր օրենքում այն արտահայտվում է հանրային մարմինների և' պոզիտիվ, և' նեգավիտ պարտականության տեսքով։ Այսպես՝ 42-րդ հոդվածի առաջին մասն ուղղակի հանրային մարմիններին պարտավորեցնում է՝ չմիջամտել տեղեկատվության ցանկացած միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությանը։ Այստեղ հանրային մարմինների առաջնային պարտականությունը անգործություն (չմիջամտել) դրսևորելն է։ Իսկ նույն հոդվածի երկրորդ մասը մի կողմից՝ հանրային մարմնին պարտավորեցնում է չմիջամտել մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությանը, մյուս կողմից՝ հանրային մարմնի (սույն դեպքում՝ միայն պետության) վրա դնում է պոզիտիվ պարտականություն՝ երաշխավորել տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության ու ռադիոյի գործունեությունը: Այստեղ պետությունը, ի տարբերություն հոդվածի 1-ին մասի, պետք է դրսևորի ակտիվ գործողություններ՝ ստեղծել ու ապահովել անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը։
Սահմանադրության 51-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ազատության (տեղեկություն ստանալու) հիմնական իրավունքի առարկան արտահայտվում է միայն հանրային մարմնի պոզիտիվ պարտականությամբ՝ տրամադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ։
Եզրակացություն
Ամփոփելով տեղեկատվության ազատության՝ որպես հիմնական իրավունքի կառուցվածքային առանձնահատկությունը՝ պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի ապահովումն իրականացվում է հետևյալ շրջանակում՝
- յուրաքանչյուրի սուբյեկտիվ իրավունքն է պետական և տեղական
ինքնակառավարման մարմիններից պահանջել չմիջամտել տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությանը,
- յուրաքանչյուրի սուբյեկտիվ իրավունքն է պետությունից պահանջել ստեղծել ու ապահովել անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,
- յուրաքանչյուրի սուբյեկտիվ իրավունքն է պետական և տեղական
ինքնակառավարման մարմիններից պահանջել տրամադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ։
Ստացվում է, որ տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում ապահովվում ու պաշտպանվում է վերոնշյալ երեք պահանջների շրջանակում։ Ավելի ամբողջական անդրադարձի համար կարևոր ենք համարում նաև վերոնշյալ պահանջները ներկայացնել Գ. Յելինեկի (Jellinek) կողմից առաջ քաշված ստատուսների ուսմունքի լուսի ներքո, որը մեծ տարածում ունի իրավագիտության մեջ։ Ըստ այդմ էլ՝ վերոգրյալ պահանջներից առաջինի դեպքում առկա է status negativus (պետությանն ուղղված պահանջ՝ չմիջամտել իրավունքների ու ազատությունների իրացմանը) գործառույթը, երկրորդի դեպքում՝ status positivus (պետությանն ուղղված պահանջ՝ իրավունքի իրացման համար ապահովել համապատասխան ծառայությունները) գործառույթը, իսկ երրորդի դեպքում առկա է status activus (պետությանն ուղղված պահանջ՝ ապահովել ժողովրդավարական պետության կայացմանը քաղաքացու
մասնակցությունը) գործառույթը։
96
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
Հաշվի առնելով, որ status activus գործառույթը պայմանավորվում է ժողովրդավարական պետությունում քաղաքացու ունեցած դերի ընդգծմամբ, ինչպես նաև հանրային կառավարմանը անհատի մասնակցության ապահովմամբ (Մուրադյան և ուրիշներ 173), պետության մեջ քաղաքացու ազատության, քաղաքական կամքի ձևավորմանը քաղաքացու մասնակցության ապահովմամբ (Հովհաննիսյան 66), կարծում ենք՝ որպես status activus բնույթն ունեցող հիմնական իրավունքների կրողներ, հնարավորության դեպքում պետք է հանդիսանան միայն տվյալ պետության քաղաքացիները։ Տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքը շնորհել է և' ՀՀ քաղաքացիներին, և' օտարերկրյա քաղաքացիներին։ Ինչպես վերևում տեսանք, շատ երկրներ նշված իրավունքով են օժտել միայն իրենց քաղաքացիներին, ուստի հիմք ընդունելով քննարկվող իրավունքի բնույթը, դրա ապահովմամբ հետապնդվող իրական նպատակն ու դրան ՀՀ քաղաքացու մասնակցության կարևորությունը՝ կարծում ենք, որ հիմնավորված կլինի, եթե ՀՀ-ում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքի կրող հանդիսանային միայն ՀՀ քաղաքացիները։
Վերադառնալով արդեն վերևում բարձրացված հարցին՝ տեղեկատվության ազատությունը հանդիսանում է ազատությու՞ն, թե՞ իրավունք, արդարացիորեն պետք է նշենք, որ դրա պատասխանը կախված էր վերոնշյալ մոտեցումներից, դիտարկումներից, նորմատիվ ձևակերպումներից, ընդհուպ՝ իրավունքի կառուցվածքային տարրերի վերհանումից։ Այսպիսով՝ ամփոփելով տեղեկատվության ազատությանը տրված բնորոշումները, տեսական մոտեցումներն ու նորմատիվ ակտերում դրանց արտացոլումը՝ արձանագրում ենք, որ տեղեկատվության ազատությունը հանդիսանում է ազատություն' տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, ինչպես նաև մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության ու տեղեկատվական այլ միջոցների ազատությանը հանրային մարմինների չմիջամտելը նախասահմանված լինելու իմաստով, և իրավունք' անկախ հանրային հեռուստատեսության և ռադիո գործունեությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկությունների տրամադրումն ապահովելու՝ հանրային մարմիններին ուղղված պահանջ ներկայացնելու իմաստով։ Ստացվում է, որ տեղեկատվության ազատությունը հանդիսանում է և' իրավունք, և' ազատություն։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ. ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Իրավունք, Երևան, 2010:
2. Հովհաննիսյան, Գոռ. Ընդհանուր իրավագիտություն և իրավաբանական մեթոդաբանություն. Հանրային դիվանագիտություն բարեգործական Հկ, Երևան, 2020:
3. Մուրադյան, Մանուկ և ուրիշներ. Պետության և իրավունքի տեսություն: Ուսումնական ձեռնարկ. 3-րդ լրամշակված հրատ., Լուսաբաց հրատարակչատուն, Երևան, 2018:
4. Collins, Hugh. On the (In)compatibility of Human Rights Discourse and Private Law Hugh Collins. London School of Economics and Political Science, LSE Law, Society and Economy Working Papers 7/2012, London, 2012.
5. Epping, Volker. Epping Grundrechte. 9 Auflage, Springer, Hannover/Hamburg, 2021.
6. Jellinek, Georg. System der subjektiven offentlichen Rechte. Heidelberg, 1892.
7. Raz, Joseph. The Morality of Freedom. Oxford University Press, Oxford, 1986.
97
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
8. Spahiu, Irma. The nature and value of access to information laws in Canada and the EU: Ideals, practices and perspectives. York University Toronto, Ontario, 2016.
9. The Oxford Handbook of Comparative Constitutional Law. Ed. Michel Rosenfeld and Andras Sajo, Oxford University Press, Oxford, 2012.
10. Авакьян, Сурен. Конституционное право России: Учебный курс. в 2-х т., Юрист, Москва, 2007.
11. Боер, Виктор, и Ольга Павельева. Информационное право: учеб. пособие. Ч. 1, ГУАП, Санкт-Петербург, 2006.
12. Козлова, Екатерина, и Олег Кутафин. Конституционное право России. Издание третье, переработанное и дополненное, Москва, 2001.
13. Ледях, Ирина, и др.. Права человека: Учебник. изд-во Норма, Москва, 2009.
14. Ackerman, John, and Irma Sandoval-Ballesteros. “The Global Explosion of Freedom of Information Laws”. Administrative Law Review, Volume 58, Number 1, Washington College of Law, American University, Winter 2006.
15. Bovens, Mark. “Information Rights: Citizenship in the Information Society”. The Journal of Political Philosophy, Vol. 10, No. 3, 2002, pp. 317-341.
16.Saba, Roberto. “El Derecho de la Persona a Acceder a la Informacion en Poder del Gobierno”. Derecho Comparado de la Informacion, No. 3, 2004, pp. 145-185.
17. Mendel, Toby. “Freedom of Information as an Internationally Protected Human Right”. ARTICLE 19,
https://www.article19.org/data/files/pdfs/publications/foi-as-an-international-right.pdf.
18. ՀՀ Սահմանադրական դատարան. թիվ ՍԴՈ-719 որոշում. 28 Նոյ. 2007:
19. ՀՀ Սահմանադրական դատարան. թիվ ՍԴՈ-1412 որոշում. 04 Մայիս 2018:
WORKS CITED
1. Avak'yan, Suren. Konstitucionnoe pravo Rossii: Uchebnyj kurs. v 2-h t., Jurist, Moskva. [Constitutional law of Russia: Training course. In 2 volumes, Lawyer, Moscow] 2007. (In Russian)
2. Boer, Victor, i Olga Pavel'eva. Informacionnoe pravo: ucheb. posobie. Ch. 1, GUAP, Sankt-Peterburg. [Informational Rights. P. 1, SUAI, Saint-Petersburg] 2006. (In Russian)
3. Collins, Hugh. On the (In)compatibility of Human Rights Discourse and Private Law Hugh Collins. London School of Economics and Political Science, LSE Law, Society and Economy Working Papers 7/2012, London, 2012.
4. Epping, Volker. Epping Grundrechte. 9 Auflage, Springer, Hannover/Hamburg. [Epping Fundamental Rights. 9th Edition, Springer, Hannover/Hamburg] 2021. (In German)
5. HH Sahmanadrut'yan meknabanut'yunner. y'ndhanur khmbagrut'yamb՝ G. Harut'yunyani, A. Vagharshyani, Iravunq, Erevan. [Comments on the RA Constitution. Edited by G. Harutyunyan, A. Vagharshyan, Law, Yerevan] 2010. (In Armenian)
6. Hovhannisyan, Gor. Y'ndhanur iravagitut'yun ev iravabanakan met'odabanut'yun. Hanrayin divanagitut'yun baregorts'akan HK, Erevan. [General Jurisprudence and Legal Methodology. Public Diplomacy Charitable NGO, Yerevan] 2020. (In Armenian)
7. Jellinek, Georg. System der subjektiven offentlichen Rechte. Heidelberg. [System of Subjective Public Rights. Heidelberg] 1892. (In German)
8. Kozlova, Ekaterina, I Oleg Kutafin. Konstitucionnoe pravo Rossii. Izdanie tret'e, pererabotannoe i dopolnennoe, Moskva. [Constitutional law of Russia. Third edition, Revised and Expanded, Moscow] 2001. (In Russian)
9. Ledjah, Irina i dr.. Prava cheloveka: Uchebnik. izd-vo Norma, Moskva. [Human Rights: Textbook. Norma Edition, Moscow] 2009. (In Russian)
98
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
10. Muradyan, Manuk ev urishner. Petut'yan ev iravunqi tesut'yun: Usumnakan d'zer'nark. 3-rd Iramshakvat's hrat., Lusabats hratarakchatun, Erevan. [Theory of Law andState.Textbook. 3rd revised publishing house, Lusabats publishing house, Yerevan] 2018. (In Armenian)
11. Raz, Joseph. The Morality of Freedom. Oxford University Press, Oxford, 1986.
12.Spahiu, Irma. The nature and value of access to information laws in Canada and
the EU: Ideals, Practices and Perspectives. York University Toronto, Ontario, 2016.
13. The Oxford Handbook of Comparative Constitutional Law. Ed. Michel Rosenfeld and Andras Sajo, Oxford University Press, Oxford, 2012.
14. Ackerman, John, and Irma Sandoval-Ballesteros. “The Global Explosion of Freedom of Information Laws”. Administrative Law Review, Volume 58, Number 1, Washington College of Law, American University, Winter 2006.
15. Bovens, Mark. “Information Rights: Citizenship in the Information Society”. The Journal of Political Philosophy, Vol. 10, No. 3, 2002, pp. 317-341.
16.Saba, Roberto. “El Derecho de la Persona a Acceder a la Informacion en Poder del Gobierno”. Derecho Comparado de la Informacion, No. 3, pp. 145-185. [“The Right of the Person to Access Information Held by the Government”. Comparative Information Law. No. 3, pp. 145-185] 2004. (In Spanish)
17. Mendel, Toby. “Freedom of Information as an Internationally Protected Human Right”. ARTICLE 19, https://www.article19.org/data/files/pdfs/publications/foi-as-an-international-right.pdf.
18. HH Sahmanadrakan dataran, t'iv SDO-719 voroshum. 28 Noy. 2007.
[Constitutional Court of Armenia. Decision No. SDO-719. 28 Nov. 2007]. (In Armenian)
19. HH Sahmanadrakan dataran. t'iv SDO-1412 voroshum. 04 Mayis 2018.
[Constitutional Court of Armenia. Decision No. SDO-1412. 04 May 2018]. (In Armenian)
THE THEORETICAL BASIS AND FEATURES OF FREEDOM OF INFORMATION AS A FUNDAMENTAL HUMAN RIGHT
EDGAR AVETISYAN
European University in Armenia,
Faculty of International Relations and Law,
Chair of Law, Ph.D. Student,
Yerevan, the Republic of Armenia
The article deals with the issue of the right to freedom of information, which has a special place in the system of basic human rights, which is subject to changes in any period of human history. In the modern world of enormous changes, the systematic study of such rights is becoming more and more urgent.
Within the framework of research the goal of revealing its theoretical-legal bases and features has been put forward. In order to achieve this goal, the research presented the issues of clarifying the concept of freedom of information in the theoretical-normative sphere, presenting it from the point of view of a fundamental right, and considering it as a right and freedom.
The study was conducted using scientific methods of abstraction, analysis and combination.
The research presents the Armenian-foreign theoretical definitions given to the freedom of information, as a result of which the broad meanings of the law under discussion are completed. Freedom of information is presented from the point of view of right and freedom, the structural elements of it as a fundamental right are separated. The
99
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022
study concludes by clarifying and summarizing the scope of the legal entity, the addressee and object, the legal entity's claim and the scope of the state's responsibilities within the framework of the fundamental right to freedom of information.
Keywords: Freedom of information, fundamental right, freedom, theory, theoretical approach, structured law, subject of law, addressee of law, object, demand.
ТЕОРЕТИЧЕСКИЕ ОСНОВЫ И ОСОБЕННОСТИ СВОБОДЫ ИНФОРМАЦИИ КАК ОСНОВНОГО ПРАВА ЧЕЛОВЕКА
ЭДГАР АВЕТИСЯН
аспирант кафедры юриспруденции факультета международных отношений и юриспруденции Европейского университета в Армении, г. Ереван, Республика Армения
В статье рассматривается проблема права на свободу информации, занимающего особое место в системе основных прав человека, которая претерпевает изменения в любой период истории общества. В современном мире огромных перемен систематическое изучение таких прав становится все более актуальным.
В рамках исследования выдвинута цель выявления его видеоправовых основ и особенностей. Для достижения поставленной цели в исследовании поставлены задачи уточнения понятия свободы информации в теоретико-нормативной сфере, представления его с точки зрения основного права, рассмотрения как права и свободы.
Исследование проводилось с использованием научных методов абстрагирования, анализа и комбинирования.
В исследовании представлены как армянские, так и иностранные теоретические определения, данные свободе информации, в результате чего дополняются широкие смыслы обсуждаемого закона. Свобода информации представлена с точки зрения права и свободы, выделены структурные элементы ее как основного права.
Исследование завершается уточнением и обобщением сферы действия юридического лица, адресата объекта, требований юридического лица и сферы ответственности государства в рамках основного права на свободу информации.
Ключевые слова: свобода информации, основное право, свобода, теория, теоретический подход, структурированное право, субъект права, адресат права, объект, спрос.
100