ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ -------------------------------------
ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՏԻԿ ՇՐՋԱՆԻ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄՏՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*
ՀՏԴ 34 (091)
ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Եվրոպական համալսարանի իրավաբան, իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Vaxinak91 @mail.ru
Հոդվածի հիմնական նպատակն է խղճի ազատության իրավունքի էվոլյուցիոն զարգացման հիմքերի վերհանումը անտիկ իրավաքաղաքական մտքի խորապատկերում։
Հետազոտության նպատակից բխեցրել ենք հետևյալ խնդիրը' բացահայտել աշխարհիկ պատկերացումների հիման վրա ծնունդ առած խղճի ազատության զարգացումը անտիկ մտածողների քաղաքական ու իրավափիլիսոփայական հայացքներում, իսկ որպես առանձին խնդիրներ դիտարկել ենք անտիկ շրջանում աստվածաբանական աշխարհըմբռնումից անցումը աշխարհիկ պատկերացումներին, ինչպես նաև հին հունական և հին հռոմեական մտածողների դատողությունները խղճի ու կրոնի մասին։
Հետազոտության մեջ կիրառվել են դիալեկտիկական մատերիալիզմի, անալիզի և սինթեզի, համակարգային մեթոդները։
Հետազոտության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ խղճի ազատության իրավունքի սկզբնավորման ակունքները մեծապես պայմանավորված են հին հունական ու հռոմեական շրջանի իրավաքաղաքական ու փիլիսոփայական հայացքների գաղափարական ազդեցությամբ, որի հիմնաշենքի վրա հետագա դարերում առաջացել ու զարգացել է խղճի ազատության իրավունքը' որպես անհատի հոգևոր ինքնուրույնության կարևոր բաղադրիչ։
Հիմնաբառեր՝ խիղճ, խղճի ազատություն, իրավաքաղաքական միտք, մարդու հիմնական իրավունքներ և ազատություններ, խղճի ազատության իրավունք:
Խղճի ազատության իրավունքի արժեքը։ Խղճի ազատության իրավունքը քաղաքակրթության զարգացման առանցքային ձեռքբերումներից է, որի արմատները սկիզբ են առնում հնագույն ժամանակների իրավական, փիլիսոփայական մտքի ակունքներից։ Խղճի ազատության ֆենոմենի ծագման ու զարգացման
ուսումնասիրությունը կարևորվում է նրանով, որ լինելով մարդու համանուն հիմնական իրավունքի անկյունաքարը՝ այն կանխորոշում է անհատի աշխարհայացքի ընտրության ազատությունը և ընդհանրապես անձի հոգևոր ազատությունը։ Անշուշտ, խղճի
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 20.09.2020թ.:
14.05.2020թ., գրախոսվել'
14.05.2020թ., տպագրության
131
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ազատությունը, որպես պատկերացումների, տեսակետների, արարքների ու վարքագծի ընտրության ազատություն, ենթադրում է անհատի վերաբերմունքը լավի ու վատի, բարու և չարի, արդարի ու անարդարի նկատմամբ։ Ճիշտ է, սահմանադրական իրավունքում խղճի ազատությունը սովորաբար գնահատվում է որպես մարդու վերաբերմունքը կրոնի ինստիտուտին, քանի որ այն հնարավորություն է տալիս մարդուն ունենալ համոզմունքներ, այդ թվում՝ կրոնի վերաբերյալ, այդուհանդերձ խղճի ազատությունը չի կարեյի մեկնաբանել որպես ընտրություն աշխարհի կրոնական համայնապատկերի և աթեիստական դիրքորոշման միջև361։ Հատկանշական է, որ խղճի ազատության կողքին շարունակաբար գործածվում է մեկ այլ իրավակրոնական երևույթ՝ դավանանքի ազատությունը՝ երբեմն անհարկի շփոթ առաջացնելով դրանց ընկալման տիրույթում։ Թեև այս հոդվածի անմիջական քննարկման տիրույթից դուրս է խղճի ու դավանանքի տարանջատումը, այդուհանդերձ հարկ է նշել, որ դավանանքի ազատությունը խղճի ազատության սոսկ կրոնական, դավանական մասն է, մինչդեռ ինչպես վերը հիշատակեցինք, խղճի ազատության սահմանները ավելի լայն են և դուրս են գալիս կրոնական շրջանակներից։
Խղճի ազատության՝ որպես պատմական, փիլիսոփայական, սոցիալ-
հոգեբանական հասկացության առանցքը խիղճն է, որը հանդես է գալիս իբրև մարդու կողմից սեփական գործողությունների, մտքերի ու արարքների նկատմամբ ներքին բարոյական չափանիշ, յուրօրինակ սահմանագիծ, որով սահմանափակվում է մարդու վարքագծի չափը362։ Հին աշխարհի մտածողները խիղճը համարում էին ինքն իրեն քննելու և սեփական արարքները վերահսկելու բարոյական որակ։ Հարկ է նկատել, որ խղճի ազատության ծագման ու զարգացման հիմնահարցերը առավելապես ընկած են անտիկ ազատախոհական ուսմունքներում, որոնք դիցահավատամքային մտածողության փոփոխման ու վերագնահատման տրամաբանական արդյունքն էին։
Դիցահավատամքային աշխարհայացքից անցումը աշխարհիկ պատկերացումներին: Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի մասին սկզբնական պատկերացումները առավելապես կրել են նախնական հավատալիքների խոր ազդեցությունը։ Հավատն առ գերբնական ուժերը և սեփական անզորության գիտակցումը մարդու մեջ ձևավորել են աստվածակենտրոն աշխարհընկալում և դրան համապատասխան պայմանավորել նրա կեցությունն ու գործելակերպը։ Առանց կրոնագիտական մանրամասների մեջ խորանալու՝ նշենք միայն, որ այդ աշխարհընկալման հիմքերը փիլիսոփայական մտքի զարգացման հետ զուգահեռ սկսում են խոր ճեղքվածքներ տալ, նույնիսկ վերաճել աստվածամարտության363, որի արդյունքում աշխարհի մասին կրոնաառասպելական պատկերացումները սկսում են միֆական քողից դուրս գալ և ավելի փիլիսոփայական ու աշխարհիկ բովանդակություն
361 Թորոսյան Վ., Հայաստանի Հանրապետության որպես աշխարհիկ պետության սահմանադրաիրավական բնութագիրը, տեսական-իրավական վերլուծություն, ԺԲ.00.02, ատենախոսություն, Ե., 2018թ., էջ 86։
3 2 Սայադյան Վ., Կրոնական կազմակերպությունների սահմանադրաիրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ատենախոսություն, ԺԲ.00.02, Ե., 2015թ., էջ 12-13։
363 Հին աշխարհի մտածողների երկերում բազմաթիվ հիշատակություններ կարելի է հանդիպել այսպես կոչված աստվածամարտության մասին, երբ ամենայն չարիքների հիմքում դրվում էր Աստծու մեղավորությունը։ Նման աշխարհընկալումը լայնորեն տարածվում էր սկեպտիցիզմի զարգացման հետ մեկտեղ՝ կասկածի տակ առնելով կրոնական դոգմաների հեղինակությունը։ Երևույթները դիտարկվում էին անվերջ ապացուցողականության մեջ, որտեղ կասկածը համարվում էր ելակետային սկզբունք։ Առավել մանրամասն տե'ս Основы религиоведения Учеб./ Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков, и др.; Под ред. И. Яблокова.- М.: Высш. шк., 1994, էջեր 252254։
132
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ստանալ: Այդ անցումն էլ ահռելի դեր կատարեց խղճի ազատության բացահայտման համար։
Նկատենք, որ մարդու իրավունքների և ազատությունների աստվածային ծագման պատկերացումները, որոնց ակունքները գալիս են դեռևս հնագույն քաղաքակրթություններից, նորովի արժևորեցին հատկապես Հին Հունաստանի փիլիսոփաները։ Ըստ հույն նշանավոր պոետ Հոմերոսի' որպես իրավական չափանիշի օբյեկտիվ հիմք հանդես էր գափս աստվածային արդարությունը, իսկ այն, ինչ համապատասխանում էր արդարությանը, ընկալվում էր որպես իրավունք364։ Սրան զուգահեռ՝ Հոմերոսի երկերում աստվածներին վերագրվում էին մարդկային որակներ ու մղումներ, որի դեպքում նրանք զրկվում էին անսխալական Աստծու ամենազոր կերպարից և աստիճանաբար հավասարվում շարքային մարդուն։ Առասպելաբանութ-յունից անցումը դեպի ռացիոնալ գիտակցության համակարգված կերպով արտահայտվում է անտիկ մատերիալիստական դպրոցի մտածողների ստեղծագործություններում։ Այդ ուղղությունը ներկայացնող Միլեթյան դպրոցի ներկայացուցիչները (Թալես, Անաքսիմանդրոս, Անաքսիմենես), ինչպես նաև հույն բնապաշտ փիլիսոփաներ Հերակլիտը, Դեմոկրիտը, Անաքսագորասը, Էպիկուրը և այլք վերանայեցին աշխարհի ստեղծման աստվածաբանական հիմքերը և դրանց տվեցին գիտական ու աշխարհիկ բացատրություններ՝ դրանով իսկ կանխորոշելով արտաքին ազդեցություններից և կապանքներից զերծ անհատի ազատ ընտրության հնարավորությունը։ Այդ մտածողները աշխարհի առաջացումը պայմանավորում էին նյութական որևէ նախահիմքի գոյությամբ։ Օրինակ՝ Թալես Միլեթացին այդ նախահիմքը համարում էր ջուրը, Հերակլիտը՝ կրակը, Անաքսիմենեսը՝ օդը։ Հին հունական ազատախոհական մտքի առաջին ծիծեռնակներից մեկը համարվող Քսենոփանեսը (ք. ա. 6-րդ դար) հանդես եկավ դիցաբանության քննադատությամբ' այն համարելով մարդկային երևակայության արդյունք։ Դեմոկրիտը ատոմիստական տեսության դիրքերից ժխտեց հոգու հավերժության գոյությունը։ Ինչ վերաբերում է «խղճին», Դեմոկրիտը այն սահմանեց ոչ միայն սեփական գործողությունների, այլև մտադրությունների բարոյական գնահատական, որը փոխկապակցված է ամոթի ու պարտքի զգացումի հետ։
Դիցահավատամքային մտածողության արմատական վերափոխման և խղճի ազատության ձևավորման գործում զգալի ազդեցություն ունեցան Հերակլիտի բնափիլիսոփայական հայացքները։ Նա պնդում էր, որ տիեզերքում ամեն ինչ շարժման մեջ է, և հանգիստ վիճակ գոյություն չունի։ Տիեզերքը հակադրությունների մշտական շարժում է՝ դիալեկտիկա, որից առաջանում է ներդաշնակությունը։ Սակայն սրանով Հերակլիտը չէր դառնում աթեիստ, նա ասում էր. «...ի վերջո մարդկային օրենքները բխում են միասնական աստվածային օրենքից, որը տարածում է իր իշխանությունը որքան ցանկանում է, տիրում է ամեն ինչին և վեր է ամեն ինչից»365։ Այդ օրենքը Լոգոսն366 է' աստվածային գիտակցությունը, որը համարվում է արդարության և իրավունքի նախահիմքը և սկզբնաղբյուրը։ Հերակլիտի հայեցակարգը ըստ էության դարձավ այն իրավափիլիսոփայական հիմքը, որը հետագայում նպաստեց մարդու բնական իրավունքների և դրանց սկզբնապատճառների հիմնավորմանը։ 364 365 366
364 Այվազյան Վ., Մարդու իրավունքներ և ազատություններ, ուս. ձեռնարկ, Ե., Տիգրան Մեծ, 2007թ. էջ 35։
365 Кессиди Ф., Гераклит, М., Мысль, 1982, С. 173.
366 Լոգոսը' որպես հոգևոր նախահիմք, ազգերի լեզվամտածողության
առանձնահատկություններից ելնելով' տարբեր կերպ է արտահայտվում։ Չինական
փիլիսոփայության մեջ այն կոչվում է «Դաո»։ Հայկական լեզվամտածողությունը լոգոսին համարժեք օգտագործում է «Բանը»։ Քրիստոնեության մեջ լոգոսը համարվում է Քրիստոսը։
133
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Հարկ է ընդգծել, որ համաձայն բնական իրավունքի հայեցակարգի' մարդու հիմնական իրավունքները բնածին են և անօտարե[ի, ինչը նշանակում է, որ այդ իրավունքները պետության կողմից չեն շնորհվել և հետևաբար պետությունն էլ չի կարող այն վերցնել, այլ կարող է միայն սահմանափակել: Մարդու բնական իրավունքները բովանդակում են արժեքներ, որոնք պատմության տարբեր փուլերում տարբեր կերպ են ընկալվել: Յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ էին վարքագծի ուրույն
չափորոշիչներ367։ Հատկանշական է, որ հունական պոլիսներում իրավունքները սահմանաված էին միայն քաղաքացու համար: Պյութագորականները (մ.թ.ա. 6-5-րդ դարեր) սահմանեցին, որ «Արդարությունը մյուսին հավասարով հատուցման մեջ է»: Այդ սկզբունքը կարևոր դեր կատարեց հետագայում մարդկանց իրավահավասարության մասին գաղափարների ձևավորման գործում:
Աշխարհիկ մտածողության և խղճի ազատության զարգացման գործում զգալի ազդեցություն ունեցավ էպիկուրյան փիլիսոփայական դպրոցը։ Նրա ներկայացուցիչները ժխտում էին հոգու անմահության գաղափարը և կարծում, որ գերբնական ուժերը ոչ մի կերպ չեն կարող ազդել մարդկանց կենսակերպի ու ճակատագրի վրա368։ Դպրոցի հիմնադիր Էպիկուրը պետությունը համարում էր ոչ թե բնության կամ աստվածային միջամտության արդյունք, այլ մարդկային կամքով պայմանավորված միություն, որի նպատակը հասարակության անվտանգության ապահովումն էր։ Ըստ Էպիկուրի՝ օրենքը մարդկային մտքի արտահայտությունն է, ասել է թե՝ դրական իրավունքը։ Ակնհայտ է, որ այս գաղափարները չէին կարող ուղղակիորեն չազդել հանրային կառավարման կարգավորման վրա։ Դեմոկրատական Աթենքում նախկին սովորույթները, որոնք աստվածային կամքի արտահայություն էին ստացել, երկարատև պայքարից հետո իրենց տեղը զիջեցին համընդհանուր օրենքներին։ Եթե օրենքները նախասահմանված չեն Աստծու կողմից, այլ համարվում են մարդու կամքի արտահայտություն, ապա դրանք հավերժ չեն և կարող են փոփոխվել։ Ահա նման ռացիոնալիստական և աշխարհիկ բնույթ ուներ անտիկ դեմոկրատիան։ Ճշմարտության էությունը ոչ թե կույր հավատն է, այլ փաստերի վրա հիմնված տրամաբանությունը։ Դիալեկտիկայի այն հիմնադրույթը, ըստ որի՝ «ճշմարտությունը ի հայտ է գափս վեճի ժամանակ», դարձավ փիլիսոփայական, իրավական ու բարոյական սկզբունք։ Բայց քանի որ Աստծու և հավատի ամբողջական դուրսմղումը չէր կարող տեղի ունենալ, հետևաբար քաղաքական ռացիոնալիզմը համակցված էր կրոնական իռացիոնալիզմի հետ369: Սրան զուգահեռ՝
աստվածամերժությունը համարվում էր մեղք և խստորեն պատժվում։ Հատկապես մեծ արձագանք ստացավ հայտնի փիլիսոփա Սոկրատեսի նկատմամբ հետապնդումը, որը ավարտվեց նրա ողբերգական մահվամբ։ Այդպիսի պատժի է դատապարտվել հույն փիլիսոփա Անաքսագորասը, որին հաճախ համարում են աշխարհիկության հայր370։ Նա ժխտում էր արևի ու լուսնի վերաբերյալ աստվածային բացատրությունները և դրանց տայիս գիտական մեկնաբանություն։ Անաքսագորասը պնդում էր, որ լուսինը չունի սեփական լույս և իր լույսը ստանում է արևից, որն էլ իր հերթին ոչ այլ ինչ է, քան շիկացած քարե զանգված։ Համանման ճակատագրի է արժանացել նաև հույն սոփեստ Պրոտոգորասը, որին պատկանում է «մարդը չափանիշն է բոլոր իրերի» անձնակենտրոն
367 Երիցյան Ա., Մարդու իրավունքներ. Պատմատեսական, իրավափիյիսոփայական և իրավաքաղաքական հիմնախնդիրները, գիտ. խմբ.' Գ.Գ. Հարությունյան, Ե.: Հեղինակային հրատարակություն, 2011թ. էջ 31։
Материалисты Древней Греции: Собрание текстов Гераклита, Демокрита и Эпикура / Гераклит, Демокрит, Эпикур; АН СССР. Институт философии; Под общ.ред.,вступ.ст. М. Дынника, М.: Политиздат, 1955, С. з0-38.
369 Кессиди Ф., От мифа к логосу: Становление греческой философии, (2-е изд., испр., доп.), Алетейя, 2003, С. 31.
370 Smith G., A Short History of Secularism, New York, 2008, P. 21.
134
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
արտահայտությունը371: Ըստ Պրոտոգորասի' մարդկային բոլոր ընկալումներն ու դատողությունները սուբյեկտիվ են, չկա օբյեկտիվ գիտելիք, ճշմարտության ընդհանուր չափանիշ, ամեն ինչ հարաբերական է, հետևաբար բոլոր կարծիքներն էլ ճշմարիտ են։ Բնական օրենքը ավե[ի բարձր է մարդու կողմից գրված դրական օրենքից։ Մարդիկ բնությունից հավասար են, իսկ օրենքը նրանց դարձնում է անհավասար։ Այսպիսով' Հին Հունաստանում աստվածների գոյությունը և հանրային կյանքի վրա նրանց ազդեցությունը վիճարկող մտածողները ոչ միայն արտաքսվում կամ մահվան էին դատապարտվում, այլև հայտնաբերվում և հրապարակավ ոչնչացվում էին նրանց ստեղծագործությունները՝ խլացնելով ազատախոհության հետագա տարածումը լայն զանգվածների շրջանում։
Այդուհանդերձ ուշագրավ է, որ սոփեստները կարևոր դեր կատարեցին հումանսիտական գաղափարների տարածման և խղճի ազատության զարգացման գործում։ Ի դեպ, ամեն ինչի հիմքում անհատին տեսնելու անտիկ հումանիստական սկզբունքը խիստ քննադատվեց և մերժվեց իդեալիստական դպրոցի մտածողների կողմից և, մասնավորապես, Պլատոնի, որ երևույթների առանցքում անհատին փոխարինում էր Աստծու ներկայությամբ372 և հասարակական կոնսոլիդացիայի կարևոր պայման համարում պետական համապարտադիր կրոնը373։
Խղճի ազատության ակունքները ուրվագծվում են հույն նշանավոր փիլիսոփա Արիստոտելի հայացքներում։ Արիստոտելի պատկերացմամբ՝ մարդկային
բանականությունը արտաքին ազդեցության հետևանք է՝ աստվածադիր երևույթ374, իսկ խիղճը՝ մարդու հոգևոր առաքինություններից մեկը, որը պետք է դաստիարակել, հղկել։ Ըստ Արիստոտելի՝ խիղճը բարի մարդու ճշմարիտ դատն է375, իսկ առաքինի ու բարոյական մարդը միշտ գործում է համաձայն սեփական խղճի։ Բանականության ու զգացմունքի հարաբերակցության շուրջ դատողություններում Արիստոտելը առաջնահերթությունը վերապահում էր բանականությանը՝ այն համարելով ճշմարիտ ընտրության և կենսակերպի անհրաժեշտ պայման։ Այս դիրքերից մարդը ազատորեն ընտրում է իր գործողությունները և պատասխանատու է դրանց հետևանքների համար376։
Խղճի ազատության ակունքները Հին Հռոմում: Հին Հռոմում ևս
ազատախոհությունը հող նախապատրաստեց ինչպես աստվածային («ius») և մարդկային («fas») օրենքների տարանջատման, այնպես էլ խղճի ազատության ձևավորման համար։
Հանրապետության շրջանից սկսած (մոտ ք. ա. 509թ.) աստվածային պատվիրաններով կարգավորվող ամուսնաընտանեկան, քրեաիրավական հարաբերությունները վերապահվեցին աշխարհիկ օրենսդրության կարգավորմանը և անցան այսպես կոչված քուրմ պաշտոնյաների' կրոնի և իրավունքի հարցերով թագավորի խորհրդական հանդիսացող պոնտիֆաքսների իրավասության ներքո։
371 Տե'ս Материалисты Древней Греции: Собрание текстов Гераклита, Демокрита и Эпикура / Гераклит, Демокрит, Эпикур; АН СССР. Институт философии; Под общ.ред.,вступ.ст. М. Дынника, М.: Политиздат, 1955, С. 17-18.
372 Платон, Собр. соч. в 4 т., Т. 4., М.: Мысль, 1994, С. 168.
373 История политических и правовых учений: Учебник для вузов / Под общ. ред. акад. РАН, д. ю. н., проф. В. Нерсесянца, 4-е изд., перераб. и доп, М.: Норма, 2004, С. 64.
374 Аристотель, О возникновении животных, М., Л.: Издательство Академии наук СССР, 1940 г., С. 102.
375 Аристотель, Сочинения: В 4-х т. Т. 4 / Пер. с древнегреч.; Общ. ред. А. И. Доватура., М.: Мысль, 1983., С. 184.
376 Տե'ս նույն տեղում, էջ 107։
135
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Հունական անտիկ իրականության նման Հռոմում ևս կրոնը համարվում էր հանրային կյանքի անբաժանե[ի մաս և գտնվում էր պետական հոգածության ներքո: Ականավոր մտածող, պետական գործիչ Ցիցերոնի «Օրենքների մասին» աշխատության մեջ հետևողականորեն ընդգծվում է կրոնի նկատմամբ հարգանքի, աստվածներին զոհեր և ընծաներ մատուցելու՝ Հռոմի բնակչության ավանդական պարտավորությունը։ Սակայն ի տարբերություն Հին հունական իրավաընկալման՝ Հռոմում աստվածանարգությունը ենթակա էր բացառապես աստվածային դատաստանի «իրավազորությանը»։ Այլ կերպ՝ պատմիչ Տակիտոսի խոսքերով ասած՝ կրոնի ոլորտում կարելի է «մտածել այն, ինչ ցանկանում ես և ասել այն, ինչ մտածում ես»377:
Եզրահանգում: Այսպիսով՝ նպատակ չհետապնդելով անդրադառնալ անտիկ շրջանի բոլոր տեսաբանների դատողություններին՝ պարզորոշ նկատում ենք, որ անտիկ շրջանի իրավաքաղաքական միտքը զգալի ազդեցություն է թողել խղճի ազատության սկզբնավորման ու զարգացման գործում։ Խղճի ազատության բովանդակությունը կազմող անհատի պատկերացումների ու արարքների ազատ ընտրության և դրանց ներքին գնահատման հնարավորությունը ոչ միայն նպաստեց մարդու բնական իրավունքների հարստացմանը, այլև հղկվեց ու մշակվեց այդ իրավունքների զարգացման ընթացքում՝ հետագայում ամբողջանալով որպես խղճի ազատության իրավունք։
FREEDOM OF CONSCIENCE IN THE CONTEXT OF THE LEGAL-POLITICAL THOUGHT OF THE ANCIENT PERIOD
VAHE TOROSYAN
European University, Department of Law, Lawyer, lecturer, Ph.D. in Law,
Yerevan, Republic of Armenia
The main purpose of this article is to find out the basis for the evolutionary development of the right to freedom of conscience, in the context of ancient legal and political thought.
The aim of the research is to identify the development of freedom of conscience based on secular ideas in the political and legal views of ancient thinkers, and to consider the transition from theological understanding to secular ideas in ancient times, as well as the judgments of the ancient Greek and ancient Roman thinkers about conscience and religion.
In the research dialectical materialism, analysis and synthesis, systematic methods were
used.
The research concluded that the origins of the right of freedom of conscience are largely due to the ideological and political influence of the ancient Greek and Roman period, on the basis of which the right to freedom of conscience developed as a component of individual selfdetermination.
Keywords: conscience, freedom of conscience, legal-political thought, fundamental human rights and freedoms, right offreedom of conscience.
377 Стецкевич М., Свобода совести: Учеб. пособие, СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2006, С.
17.
136
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
СВОБОДА СОВЕСТИ В КОНТЕКСТЕ ПРАВО-ПОЛИТИЧЕСКОЙ МЫСЛИ АНТИЧНОГО ПЕРИОДА
ВАГЕ ТОРОСЯН
юрист Европейского университета, преподаватель кафедры права, кандидат юридических наук, г. Ереван, Республика Армения
Основная цель статьи - раскрыть основы эволюционного развития права на свободу совести на фоне древней правовой и политической мысли.
Целью исследования стало выявление развития свободы совести на основе светских идей в политических и правовых взглядах древних мыслителей и рассмотреть переход от богословского понимания к светским идеям в древности и суждения древнегреческих и древнеримских мыслителей о совести и религии.
В исследовании использованы методы диалектического материализма, анализа и синтеза, а также системный метод.
В статье приводится вывод о том, что истоки права на свободу совести во многом связаны с идеологическим и политическим влиянием древнегреческого и римского периода, на основе которого развивалось право на свободу совести как компонента индивидуального самоопределения личности.
Ключевые слова: совесть, свобода совести, право-политическая мысль, основные права и свободы человека, право свободы совести.
137