ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 4(11), 2021
ՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ (XI-XX ԴԴ.)
(Բ ՄԱՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) * * 1
ՀՏԴ 94 (479.25); 343.412 DOI: 10.52063/25792652-2021.4-19
ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sasun-07@mail. ru
Հոդվածի նպատակն է տարաբնույթ սկզբնաղբյուրների (արխիվային փաստաթղթեր, վիճակագրական նյութեր, պարբերական մամուլ, թեմային առնչվող գրականություն) հենքի վրա ներկայացնել Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից մինչև Ապշերոն թերակղզի ընկած տարածքում, XI-XX դարերի ընթացքում տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության պատճառներն ու իրագործման փուլերը:
Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համակողմանի ուսումնասիրության միջոցով:
Փաստերի համադրմամբ տրվում է հիմնահարցի պատմության հետևյալ փուլայնացումը. Արևելյան Այսրկովկասում տեղաբնիկ հայերի էթնիկ զտումներն ու կոտորածները տակավին իրականացվել են XI-XVIII դարերում, երբ երկրամասը պարբերաբար հայտնվում էր այլևայլ նվաճող, վաչկատուն ցեղերի ու պետությունների արշավանքների և
տիրապետության տակ (թուրք-սելջուկներ, մոնղոլ-թաթարներ, Լանկ-Թեմուր, կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղեր և ղզլբաշների արշավանքներ, դրանց հաջորդած թուրք-պարսկական պատերազմներ, սուննի լեզգիներ, Նադիր շահի ու Աղա Մուհամմադ խանի արշավանքներ)։ Դրա հետևանքով հայ բնակչության մի որոշ մասը բռնատեղափոխվեց և լքեց հայրենի տարածքները կամ հարկադրաբար ընդունեց նվաճողների մահմեդական դավանանքը։ Էթնիկ զտումների ու կոտորածների հաջորդ փուլը հայ-թաթարական ընդհարումների շրջանն էր (1905-1906 թթ.)։ Հետագայում ցեղասպանական քաղաքականությունը պետական մակարդակով է իրականացվել՝ արդեն արհեստածին «Ադրբեջան» կազմավորման մուսավաթական (1918-1920 թթ.) և վերջում՝ Ադրբեջանի խորհրդային վարչակարգերի ժամանակաշրջաններում (1920-1990 թթ.)։
Հոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ երկրամասի տեղաբնիկ հայ բնակչությունը էթնիկ զտումների ու ցեղասպանության
* Հոդվածը ներկայացվել է 02.03.2021թ., գրախոսվել' 10.03.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:
1 Հրատարակվում է ՀՀ գիտության կոմիտեի 21T-6A163 թեմատիկ ծրագրի շրջանակներում:
19
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
ենթարկվեց իր բնօրրանում այնպես, ինչպես երիտթուրքերն իրագործեցին արևմտահայերի բնաջնջումը 1915-1916 թթ.-ին Արևմտյան Հայաստանում: Հետևաբար այդ քաղաքականությունը պետք է որակել որպես հայերի ցեղասպանության շարունակություն և բաղկացուցիչ մաս, քանզի Հայոց ցեղասպանությունն իր աշխարհագրական ընդգրկմամբ (Կիլիկիայից մինչև Բաքու) համաթուրքականության ամբողջական ծրագրի իրականացման հետևանք էր: Պատմագիտական գրականության մեջ թեև խնդրո առարկա հարցի վերաբերյալ անդրադարձները բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից Ապշերոն թերակղզի ընկած տարածքում, հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանական քաղաքականության ամբողջական ուսումնասիրությունը:
Հիմնաբառեր' Արևելյան Այսրկովկաս, Բաքվի նահանգ, Կուրի ձախափնյակ, համաթուրքականություն, էթնիկ զտումներ, այլատյացություն, ցեղասպանություն, բռնագաղթ:
Ընդսմին, կովկասյան թաթարներին հայերի դեմ լարելու նպատակով Բաքվում ցարական գործակալները տարածում էին այն սադրիչ լուրերը, թե իբր «հայերը որոշել են «կոտորել» բոլոր մուսուլմաններին» (Անանուն 81, Վարանդեան 299; Ketibian 10): -Հայ ազգաբնակչության դեմ ուղղված նողկալի գործողություններն արդարացնելու համար հայահալած չարակամությամբ ցարական գործակալները հատկապես մահմեդաբնակ բնակավայրերում տարածեցին այն ստահոդ լուրերը, թե իբր «Հայերը Կովկասի մահմետական ժողովուրդը նուաճելու պատրաստութիւններ կը տեսնան, որպէսզի, յետոյ Կովկասը անջատելով Ռուս, պետութիւնից, վերականգնեն Հայկական հին թագաւորութիւնը,,,» (Փարսանտ 9)։ Իսկ Մոսկվայում լույս տեսնող միապետության ջերմ պաշտպան «Московские ведомости» լրագիրը (խմբ, Վլ, Գրինգմուտ) հակահայ ձևակերպումներով լեփ-լեցուն պրովոկացիոն առաջնորդողում հայերին անհիմ կերպով մեղադրում էր «սեպարատիզմի» մեջ, «Թուրքերը տառապող կողմն են,,, Խաբեբայ ու վաճառուած ձայները (ակնարկւած են հայ
յեղափոխականները – Միք. Յովհաննիսեան) ցեխոտել են ուզում Ռուսաստանի աւանդականօրէն հաւատարիմ հպատակ՝ երեք ու կէս միլիօն թուրք ազգաբնակութիւնը, խրախուսելով նրա մէջ գաղտագողի մարդասպանների անջատական հակումներ, ի վնաս ռուս կայսրութեան անդորրութեան ու
ամբողջութեան» (Յովհաննիսեան 9)։
Փաստերն աներկբա վկայում են, որ Կովկասի կառավարչապետ իշխան Գ. Գոլի-ցինը հակահայ գործողություններին նախապատրաստվել էր վաղուց: Ըստ Եղիշե ավ. քհն. Գեղամյանցի՝ «Գոլիցին անմիջապէս Պետերբուրգ հրաւիրեց գեներալ Նակաշի-ձէին, որին նոր էր նշանակել Բագւի նահանգապետ, եւ յատկապէս հայ-թրքական կոտորած յառաջացնելու համար, հրահանգներ տւեց եւ վերադարձրեց Բագու արեան բաղնիսներն կազմակերպելու» (Գեղամեանց 80): Միաժամանակ, Գ. Գոլիցինի թողտվությամբ գրեթե բոլոր կովկասյան թաթարները նախապես զինված էին։ Ինչպես գրում է իրադարձություններին ականատես Ա, Գյուլխանդանյանը, «Անդրկովկասի ոստիկա-նութիւնը... գործիք դարձրեց իր ձեռքը թաթար ժողովրդի տականքներին, քաջալերեց եւ զինեց որոշ տարրերի եւ դուրս բերեց իր դարաւոր հարեւան հայերի դէմ» (Գիւլխանդանեան, Կովկաս երկիրը, ժողովուրդը, պատմութիւնը, քարտէզ եւ բազմաթիւ վիճակագրական տւեալներ 210):
Հիրավի, ընդհարումների առաջին իսկ օրվանից ակնհայտ էր իշխանությունների և ջարդարարների թաքուն ու բացահայտ դաշինքը (Վարանդեան 297)։ Որ ընդհարումների ժամանակ ռուսական իշխանությունները սատարում էին կովկասյան թաթար հրոսակախմբերին (Оганесян 151), վկայում է հայերի սպանութ-
20
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
յան դեպքերի անմիջական ականատես, բրիտանական «Daily Mail» հայտնի պարբերականի թղթակից Ֆրեդերիք Արթուր Մաքքենզին: Լոնդոնում 1905 թ.-ին հրա-տարակած «Տոկիոյից Թիֆլիս» գրքում անդրադառնալով այդ իրադարձություններին՝ գրում է, որ կովկասյան թաթարներից շատերը զինված էին ռուսական բանակի «Սմիթ-Ուեսըն» ատրճանակներով (Mckenzie 309): «Тифлисский листок» լրագրում այդ մասին ասվում է. «Բոլոր թուրքերը (իմա' Բաքվի նահանգի - Գ. Ս.) զինված են բերդանկաներով, և նրանք մեծ քանակի փամփուշտ ունեն» (Г. Е., К бакинскимъ событиямъ):
Կովկասյան թաթարների զինվելուն նպաստում էր այն հանգամանքը, որ վերջիններս մեծ թիվ էին կազմում ոստիկանական համակարգում: Պատճառն այն էր, որ ցարական կառավարության աչքում նրանք, չլինելով հեղափոխական տարր, իշխանությունների կողմից առավել մեծ վստահության էին արժանացել, հատկապես հակա-ցարական ելույթները ճնշելու գործում (Սիմոնյան 55): «Կոչնակ» շաբաթաթերթում «Կ. Մ. Մ.» ստորագրությամբ հեղինակը, հանգամանորեն քննելով ցարիզմի հակահայ քաղաքականությունը, գրում է. «Երկար ատենէ ի վեր է Կովկասի մէջ տեղական պաշտօնեաներ ազգաւեր ընթացքներու կը հետեւէին: Ցեղ ցեղի դէմ կը գրգռէին, եւ որովհետեւ քաջ գիտէին որ հացի պայքարի մէջ, եւ կեանքի մրցումներու մէջ Կովկասի Հայն է, որ գերազանց պիտի գտնուի, սկսան Հայուն դէմ շարժել տարբեր ցեղեր և ազգայնութիւններ: Զէնք մինչեւ անգամ տուին Թաթարին եւ Մահմետականին...» (Կ. Մ. Մ., Կովկասի վիճակը 378):
Կովկասյան թաթարներին զինելու գործում մեծ աշխատանք էր տարել հատկապես Օսմանյան կայսրությունը' Բաթումիի վրայով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք տեղափոխելով Բաքու: Բոստոնում հրատարակվող «Կոչնակ» շաբաթաթերթում այդ մասին ասվում է, որ «Daily Maib-ի թղթակիցը 1905 թ.-ին հեռագրել էր հետևյալը. «Բաթումից ոչ շատ հեռու յայտնւել է մի շոգենաւ, լի ամեն տեսակ ռազմամթերքով, որ նշանակուած է հասցնել Կովկասում կռուող կողմերից մէկին: Շոգենաւի բոլոր ծառայողները բացառապէս թուրքեր են» (Վարդանյան 91):
Հարկ է նշել, որ հայ-թաթարական ընդհարումների կազմակերպման մեջ իր բացասական դերակատարությունն ուներ հատկապես Բաքվի նահանգապետ հայատյաց իշխան Միխայիլ Նակաշիձեն (Государственный архив Российской Федерации, Ф. 102, Д.П. (O.O.), 1905, оп. 233, д. 1350, ч. 72, л. 78), որի թողտվությամբ ու հրահրմամբ կովկասյան թաթար ոստիկանները հայերի դեմ նյութում էին բազմաթիվ սադրանքներ: ՌՍԴԲԿ-ի օրգան «Вперед» լրագիրը, անդրադառնալով Նակաշիձեի հակահայկական գործողություններին, այդ օրերին գրում էր. «Տուրք տալով թաթարական պրովակա-ցիային և ուժեղացնելով ազգային ճնշման քաղաքականությունը' Նակաշիձեն աչք էր փակում թաթարների կողմից իրականացվող ամեն մի հակահայ գործողության առջև» (Исаакян 43): Փաստերը վկայում են, որ ընդհարումների ողջ ընթացքում
հակահայկական կեցվածք էին ընդունել նաև քաղաքագլուխ Կ. Իրեցկուն փոխարինած Գանեցկին, որը հրաժարվել էր օգնել նույնիսկ քաղաքային վարչության հայազգի ծառայողներին, ոստիկանապետ Դեմինսկին, նրա օգնական Բորոդինը, նավթաշրջանի ոստիկանապետ Խամիցկին, նրա օգնական Սապլիվենկոն, պետական ապահովության տնօրեն իշխան Թավքարաձեն, պրիստավ կապիտան Մամեդբեկովը և թաղային վերակացուները, որոնք, տուրք տալով թաթարների՝ հայերի դեմ ուղղված սադրիչ գործողություններին, նրանց հրահրում էին խաղաղ հայ բնակչության դեմ (Араратский 5-6):
Այսպիսով' ժամանակի իշխանությունների և ռեակցիոն մամուլի բացահայտ հակահայկական տրամադրություններն ու կեցվածքը, հայերի հանդեպ Բաքվի ոստիկանության գրգռիչ արարքները կովկասյան թաթարներին համոզեցին, որ հայերը հայտարարված են օրենքից դուրս և նրանց հետ կարելի է վարվել անպատիժ կերպով (Գիւլխանդանեան, Հայ-թաթարական ընդհարումները, Ա: 299; Վարանդեան 299):
Ինչպես գրում է Միք. Վարանդյանը. «Անզօր' մղելու կուլտուրական օրինաւոր
21
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
մրցումը հայ տարրի դէմ, անզօր' կասեցնելու հայութեան տնտեսական ու մտաւոր յառաջխաղացումը, թաթար ղեկավարները, հայերու երևակայական ճնշումներն ու ծրագիրները խափանելու համար, որդեգրեցին իրենց ստամբուլեան ցեղակիցներու սիրած մէթօդը - հակառակորդի ֆիզիքական բնաջնջումը...» (Վարանդեան 299): Հայերի նկատմամբ ցարիզմի խտրական վերաբերմունքի պայմաններում Խորացող լարվածությունն ու ոչ հայանպաստ զարգացումները հանգեցրին զինված բախման:
Հայ-թաթարական ընդհարումներն առաջին անգամ սկսվեցին Բաքվում' 1905 թ.-ի փետրվարի 6-ին, երբ կովկասյան թաթար հրոսակախմբերը այս ու այն տեղերից վայրագորեն հանկարծակի հարձակվեցին քաղաքի հայ բնակիչների վրա: Բաքվում ծայր առած ընդհարումներն արագորեն տարածվեցին այսրկովկասյան գավառների վրա: Գրեթե միաժամանակ, Բաքվի նահանգի1 Բաքվի, Շամախիի, Գյոքչայի, Ղուբայի, Լենքորանի, Ջավատի, ինչպես նաև Գանձակ-Ելիզավետպոլի նահանգի մաս կազմող Կուրի ձախափնյակի հայահոծ Նուխի և Արեշի գավառներըշ վերածվեցին ռազմաբեմի: Հայ-թաթարական ընդհարումների շրջանում կովկասյան թաթարներն ամենադա-ժան ձևերով կոտորեցին հարյուրավոր հայերի, կողոպտեցին նրանց ունեցվածքը (Գիւլխանդանեան, Հայ-թաթարական ընդհարումները, Ա; Ա-Դօ 14-42, 386-387):
Հայերին սպառնացող վտանգների ու կոտորածի մասին լուրերը տագնապալի արձագանք էին գտնում հայկական մամուլի էջերում: Արևմտահայերի դառը ճակատագիրն աչքի առաջ ունենալով' ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակը» առաջնորդողում գրում էր.
«Ջարդւա՜ծ, մի՜շտ ջարդւած...
Համերաշխութեան ու սիրոյ աւետարանը քարոզեցինք դարերից ի վեր և անխնայ կոտորւեցինք մեզ շրջապատողներից: Քրիստոնեայ, խաղաղ ժողովուրդ հռչակւեցինք Փոքր-Ասիայում - և կոտորւեցինք: Խաչ ու խաչվառով դիմաւորեցինք քրիստոնեայ պետութեան դրօշակակիրներին - և կոտորւեցինք: Եղբայրական մեր ձեռքը մեկնեցինք մահմէտական մեր դրացիներին Անդրկովկասում - և կոտորւեցինք: Ե՞րբ արդեօք կը խրատւինք, ե՞րբ արդեօք կը հասկանանք, որ այդ արիւնոտ, աղեխարշ պատմութիւնը իր ողբերգական փիլիսոփայութեան հետ' իր ստիպողական հրահանգներն ունի, որոնց անպայման պէտք է համակերպել, եթէ ձգտում ենք պատւաւոր գոյութեան ու առաջադիմութեան:... Ժամանակ է, որ մենք ևս ըմբռնենք այդ ճշմարտութիւնը - և ըմբռնենք ազգովին ոչ սահմանափակ փոքրամասնութեամբ: Բագւի հսկայական ողբերգութիւնը միանգամ ևս այդ պահանջն է դնում մշտահալած ու բազմաչարչար հայութեան առջև» (Ե՞րբ արդեօք կը խրատւենք 33): Ուստի հայության գոյությանը սպառնացող վտանգի գիտակցումով «Դրօշակը» կոչ էր անում. «Զինւե՜լ ամէն տեղ, - ահա փետրւարեան արիւնոտ օրերի հրամայական պահանջը» (Ե՞րբ արդեօք կը խրատւենք 33):
Այսպիսի հանգամանքներում, իսկապես, անխուսափելի էր զենքի դիմելը, որը ինքնապաշտպանության միակ միջոցն էր: Հայերի կորուստները շատ ավելին կլինեին, եթե նրանք արագ չկազմակերպվեին և արժանի հակահարված չտային կովկասյան թաթար հրոսակներին: Ուստի միանգամայն արդարացված են հայությանը 1 2
1 Նախքան կոտորածները, 1904 թ. դրությամբ Բաքվի նահանգում հայ բնակչության թիվը 87.682 էր, որից 51.340-ը Բաքու քաղաքում, 17.215-ը' Շամախիի գավառում, 16.022-ը' Գյոքչայի գավառում, 1498-ը' Ղուբայի գավառում, 607-ը' Լենքորանի գավառում (Ведемость количества посемения Кавказского края съ показаниемь Х-ного содержания армянъ, Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 2, գ. 94, թ. 1; Кавказский календарь на 1907 г., Тифлис, 190б, отд, II, 320-321).
2 Ա-Դոյի վկայակոչած տվյալների համաձայն' նախքան կոտորածները Նուխիի և Արեշի գավառների հայ բնակչության թիվը 34.000 էր, որից 20.000-ը' նուխիի գավառում, 14.000-ը' Արեշի գավառում (Ա-Դօ 380, 386):
22
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
սպառնացող վտանգը կանխելու համար հայկական կազմակերպությունների' ինքնապաշտպանության նպատակով ձեռնարկած միջոցառումները:
Ահա այդ տագնապալից օրերին ՀՅԴ Բաքվի Ոսկանապատի Կ.Կ.-ն, անտարբեր չմնալով հայությանը սպառնացող վտանգի նկատմամբ, արագորեն ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության գործի կազմակերպմանը և անխուսափելիորեն մտավ այդ կռվի մեջ։ Այս շրջանակում պետք է դիտել Բաքվի ՀՅԴ Ոսկանապատի Կ.Կ.-ին կից ստեղծված «Զինվորական մարմնի»1, «Զինական ֆոնդի» (Զիֆոնի), ինչպես և մյուս ինքնապաշտպանական մարմինների գործունեությունը։ Անդրադառնալով ՀՅԴ-ի' հայության ինքնապաշտպանության գործի կազմակերպմանն ուղղված մեծածավալ ձեռնարկներին՝ ակադեմիկոս Հ. Սիմոնյանն իրավամբ գրում է. «Հայ ժողովրդի համար բախտորոշ բարեպատեհություն էր, որ նա իր ծոցում ուներ հեղափոխական մի կազմակերպություն, որ ահավոր դժբախտության առաջին իսկ օրից ըմբռնեց կացությունը, գիտակցեց իր անելիքը, և իր ամբողջ մեքենան զարմանալի արագությամբ հարմարեցրեց և ի սպաս դրեց կովկասահայ ժողովրդի փրկության գործին» (Սիմոնյան 312):
Իրադարձությունները աղետալի կերպարանք ստացան հատկապես հայահոծ Բաքու քաղաքում։ Կովկասյան թաթար ավարառու հրոսակախմբերի կողմից իրականացվող սպանություններն ուղեկցվում էին նաև հայապատկան տասնյակ առևտրաարդյունաբերական ձեռնարկությունների, նավթահանքերի ու նավթագործա-րանների հրդեհումով, թալանով ու ավերումով (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1022, ց. 2, գ. 187, թ. 25; Նաւթարդիւնաբերութեան աշխարհից; Обзоры бакинской нефтяной промышленности за 1905 I, II): Իսկ ոստիկանությունը, ինչպես և զորքը չտեսնելու էին տալիս հայերի հանդեպ գործադրվող բռնությունները և ավելի քան կասկածելի վերաբերմունք էին ցուցադրում: Դեպքերին ականատես անգլիացի Էդուըրտ Մըք Քալմը, վկայակոչելով հայերի նկատմամբ իրականացվող մի շարք զարհուրելի տեսարանների փաստեր, գրում է. «...երբ Թաթարները Հայերը կը ջարդէին' ղազախներ (իմա' կազակներ - Գ. Ս.) վրայ հասան բայց բան մըն ալ չըրին» (Ընդհանուր լուրեր. Բագու 399): Ավելին' հայերից բռնագրավվում էր
ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերված զենքը (Կովկասի աղէտը 369-370; К баинскимъ событиямъ): «Արշալոյս» լրագրի հաղորդմամբ' զենք կրելու համար «Բագուի ոստիկանական պրիստաւները... բանտարկում էին միմիայն հայերին.:
...Եւ ոչ մի թուրք» (Վերջին տեղեկութիւններ: Հետաքրքիր է, որ Բագուի...):
Ջարդերի հետևանքով զգալիորեն նվազեց Բաքու քաղաքի հայ բնակչության թիվը: 1905 թ.-ի սեպտեմբերի սկզբներին Բաքու այցելած ֆրանսիացի նշանավոր գրող ու լրագրող, «Le Matin» թերթի հատուկ թղթակից Գաստոն Լերուն, «Ցարական Ռուսաստանի հոգևարքը» (Խարկով, 1928) փաստագրական գրքում ականատեսի աչքերով ներկայացնելով Բաքվի հայերի ջարդը, գրում է, որ կոտորածի էին ենթարկվել հազարավոր հայեր (Леру 79; Леру 93; Г. Е., К баинскимъ событиямъ): Ա-Դոյի կազմած վիճակագրության համաձայն' հայերի զոհերի թիվը ոչ լրիվ տվյալներով կազմում էր 1200 հոգի (Ա-Դօ 423-427): Անկասկած, այդ թիվն արտահայտում է իրողության ոչ լրիվ պատկերը: Ի դեպ, նշենք, որ Բաքվում միայն 1905 թ.-ի փետրվար-օգոստոս ամիսների ընթացքում կոտորածի ենթարկված հայերի շրջանում մեծ թիվ էին կազմում Գյոքչայի ու Շամախիի հայկական գյուղերից (Վանք, Գյուրջևան, Մեյսարի, Շուքուրչի, Մատրասա, Թուբիշեն և այլն) արտագնա աշխատանքի մեկնած երիտասարդները (Ա-Դօ 423-427):
1 Անդամներն էին Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Հովհանես Քաջազնունին, Աբրահամ Գյուլխանդանյանը, Ստեփան Տեր-Մկրտչյանը, Տիգրան Ադամականը, Գևորգ Վարշամյանը և Համբարձում Աղաջանյանը (Գիւլխանդանեան «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 11: 156-158):
23
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
Չարիքը միայն Բաքվով չսահմանափակվեց : Քաղաքից հետո ջարդերը տարածվեցին նաև հայաշատ գավառներում։ Բանն այն էր, որ գավառների երիտասարդության գերակշիռ մասը աշխատանքի բերումով գտնվում էր Բաքվում և գյուղերում մնացել էին հիմնականում կանայք, ծերեր ու երեխաներ: Կովկասյան թաթար ավազակախմբերը, օգտվելով այդ հանգամանքից, ոգեշնչված իրենց էմիսարների հակահայ կոչերով, սկսեցին հարձակումներ գործել, սպանել ու կողոպտել Արեշի, Գյոքչայի, Շամախիի և Ղուբայի գավառների՝ կատարելապես անպաշտպան մնացած հայկական գյուղերի անզեն բնակչությանը։
Շարունակելով հակահայ քաղաքականությունը' թաթարական գյուղերի հրոսակախմբերը շուրջկալներ էին կազմակերպում և առանց սեռի ու տարիքի խտրության սպանում ու կողոպտում Բաքվի դեպքերից հետո գյուղեր վերադարձած հայ ընտանիքներին (Վերջին տեղեկութիւններ)։ Հայերի սպանությունների
կապակցությամբ «Արշալոյսը» փաստում էր. «Գեօքչայի գաւառը, որ գտնւում է Բագուի նահանգում, շատ էլ բաղդաւոր վիճակի մէջ չէ գտնւում: Ամսոյս 5-ին (սեպտեմբերի – Գ. Ս.) Բագուից իր ընտանիքով վերադարձող Գիրք գիւղացի Մարտիրոս Մայիլեանը, որ մի աչքի ընկնող երիտասարդ է, Միւսեօլի կայարանից 5 վերստի վրայ, Արփաւուդ թուրք գիւղի մօտ ընկնում է աւազակների ձեռքը: Սպանւում է ինքը, նրա մայրը և նորահարսը ու տասնամեայ Դաւիթ ազգականը և կառապանը: Վերջնոյս վիզը կտրուած է: Մնացեալները ամեն մէկը ունին իրենց վրայ 7 և աւելի գնդակների հետքեր: Չարագործները սպանելով կողոպտել են նրանց իրեղէնները և կառապանի երկու ձիաները» (Տեղացի):
Ընդհարումների ժամանակ թեև Շամախի քաղաքի հայերը զերծ էին մնացել հարձակումներից, այսուհանդերձ այդտեղ ևս հրահրումներ սկսելու նպատակով համաթուրքական քարոզիչները մեծ աշխատանք էին տանում։ Շամախիից «Մշակ»-ին հղած թղթակցությունում ասվում էր. «Քաղաքումս յաճախ երևացող օտարեկրեայ կասկածելի թուրքերի պրօպագանդան արել է իր գործը: Քաղաքիս և շրջակայ թուրքերը բոլորովին այլ աչքով են նայում մեզ վրա» (Քօս.[եան]; Վերջին տեղեկութիւններ: Սեպտեմբերի 6 ին Շամախիում...): Սեպտեմբերի 6-ին քաղաքի թաթարները հարձակվում են հայերի վրա։ Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվում է կանխել սպասվող ընդհարումները: Շամախիի և շրջակա հայկական գյուղերի (Խանիշեն, Դարա-Քարքանջ և այլն) վրա հարձակում սկսելու նպատակով թյուրք շահսևանները1 2 հերթական փորձը կատարեցին սեպտեմբերի կեսերին: «Ամսիս 12-ին,- գրում է «Մշակը»,- ամբողջ գաւառում կայծակի արագութեամբ լուր տարածուեց, որ Արաքսի ափերից 4-6 հարիւր Շահսօվանի թուրք ձիաւորներ սպառազինված գալիս բարձրանում են դէպի սարը՝ հայ գիւղերը բնաջինջ անելու» (Քօս.[եան]): Կոտորածից փրկվելու նպատակով վերոհիշյալ գյուղերի հայերը
պատսպարվում են Մատրասա գյուղում (Քօս.[եան]): Բարեբախտաբար, Գյոքչայի ու Շամախիի գավառները չդարձան ընդհարումների լայնամասշտաբ թատերաբեմ:
1 Բաքվում 1905 թ. տեղի ունեցած հայ-թաթարական առաջին ընդհարումներից հետո 1905 թ. մարտի 2-ին Նիկոլայ 2-րդը սենատոր Կուզմինսկուն հանձնարարում է կատարել Բաքու քաղաքի և նահանգի փետրվարյան դեպքերի քննությունը: Կուզմինսկու գլխավորած հանձնաժողովը Բաքու է գալիս 1905 թ. ապրիլի 3-ին: Հանձնաժողովի աշխատանքները տևում են շուրջ 5 ամիս: Այդ ուսումնասիրությունը, որպես 680 տպագրական էջ ծավալով զեկուցագիր, ներկայացվել է սենատին: Զեկույցում քննության են առնված նահանգի ժողովուրդների սոցիալ-տնտեսական հարաբերությունները, նավթային արդյունաբերության, կրթության հարցերը և այլն (Всеподданнейший отчет о произведенной в 1905 году по Высочайшему повелению сенатором Кузьминским. Ревизии города Баку и Бакинской губернии, (б. м. и г.).
2 Արևելւան Այսրկովկասի էթնիկ և քաղաքական գործընթացներում մեծ դեր է ունեցել պարսկական տերության տարբեր նահանգներից վերաբնակված վաչկատուն շահսևան ցեղամիավորումը: Թյուրքական ծագմամբ այս բառը նշանակում է «շահին սիրող» (Балаян 331378; Գալստյան 39-43):
24
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
Պատճառներից մեկն այն էր, որ հայերի դեմ կռիվները վարում էին առավելապես շիա դավանանքին պատկանող կովկասյան թաթարները (Վարանդեան 297), իսկ այդ գավառներում «...սիւնի մահմետականները խոշոր թիւ էին կազմում եի իրենց թուով, ինչպէս եւ ազդեցութեամբ գերազանցում էին շիա թաթարներին» (Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 11: 155): Ա. Գյուլխանդանյանի պարզաբանմամբ' «...մահմետական սիւննիները բոլորովին հակառակ էին Բագուի ղեկավարներին եւ այն' ինչ որ անում էին Բագուի շիաները, սրանց համար միանգամայն անընդունելի էր: Այդ ժամանակները դեռ եւս շիաների եւ սիւննիների մէջ կրօնական մեծ հակամարտութիւն գոյութիւն ունէր եւ դեռ եւս չէր վերացած փոխադարձ ատելութիւնը» (Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 3: 136):
Ղուբա քաղաքում հրահրումներ կազմակերպելու նպատակով Բաքվից այդտեղ եկած կովկասյան թաթար էմիսարները տարածեցին այն ստահոդ լուրը, թե իբր հայերը սպանել են մահմեդականների մուֆթիին: Այնուամենայնիվ, սև ուժերին չհաջողվեց իրականացնել իրենց մտադրությունը: Ընդհարումները կանխվեցին հայերի ու թաթարների միջև խաղաղություն պահպանելու նպատակով Քաղաքային վարչությունում կայացած ժողովից հետո («Ղուբա, 21 յունիսի»):
Գրեթե միաժամանակ հակահայկական գործողություններ ծավալվեցին նաև Ջավատի գավառում: Թաթար հրոսակների հարձակումների հետևանքով սեպտեմբերի 12-ին գավառակենտրոն Սալիան ավանում դաժանաբար սպանվում են Ասլանյան ամուսիները, կողոպտվում և հրո ճարակ են դառնում Բաղդասարյանների ու Ասլանյանների տները (Վերջին տեղեկութիւններ; Վերջին տեղեկութիւններ, «Кавказъ» լրագրին հեռագրում են Երևանից սեպտ. 19 ին):
Բաքվի կոտորածներն անմիջական արձագանք ունեցան Գանձակ-Ե[իզավետպո|ի նահանգում: Կուրի ձախափնյակի Նուխի ու Արեշ գավառները ևս այդ ժամանակ ապրում էին դժվարին օրեր. ռազմական գործողությունները տեղի էին ունենում նրանց սահմանների մոտ ու սպառնում հայահոծ այդ գավառներին ևս: Բաքվում 1905 թ.-ի առաջին կոտորածների օրերին հարձակման թիրախ դարձավ նաև Նուխի քաղաքի հայկական թաղամասը1: Կովկասյան թաթար էմիսարները, շրջելով հայկական թաղամասում, «.որտեղ հայ տեսանք պիտի սպանենք.», հակահայկական կոչերով ու սադրիչ գործողություններով թաթար խուժանին հրահրում էին հայ խաղաղ ազգաբնակչության դեմ (Պ. Զ.): Կովկասյան թաթար հրոսակները փետրվարի 17-18-ին ավերեցին քաղաքի հայապատկան խանութներն ու արհեստանոցները, հրդեհեցին մի քանի տուն (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 227, ց. 1, գ. 395, թ. 6): Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն Նուխի քաղաքի' գավառը զերծ մնաց ընդհարումներից: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ ինչպես Գյոքչա ու Շամախի գավառներում, Նուխիի գավառում ևս թաթար բնակչության մեջ մեծ տոկոս էին կազմում ուղղադավան սուննիները (Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 11: 155; Սիմոնյան 472): Նշենք, որ նույն հանգամանքով պայմանավորված' ընդհարումներից զերծ մնաց նաև Ղուբայի գավառի թաթախոս հայերի Քիլվար գյուղը (Հայաստանի ազգային արխիվ, ՀԱԱ, ֆ. 56, ց. 16, գ. 136, թ. 162-164; Հակոբյան 110):
Կովկասյան թաթար հրոսակախմբերի ոճրագործություններից հատկապես տուժեցին Կուրի առափնյա թաթարական գյուղերով շրջապատված Արեշի գավառի հայկական Մազրղու, Մամաթավա (Նեմեթաբատ), Հավարիկ, Քանդակ, Արեշավան և Խանաբադ գյուղերը: 1905 թ.-ի նոյեմբերի 29-ին պրիստավ Մահմադ բեկ-Կալաբեկովի գխավորած 100 հոգանոց ավազակախումբը հարձակվում է Մազրղու գյուղի վրա:
1 Քաղաքի հայկական թաղամասը բաժանված էր երկու մասի' արևմտյան և արևեսան, որոնց նուխեցիներն անվանում էին «Էն ղոլի գեղ» և «Էս ղոլի գեղ» (Ստեփանյան 29): 1904 թ. տվյալներով քաղաքն ուներ 5749 հայ բնակիչ (Кавказский календарь на 1907 г., отд, II, 322).
25
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
Գյուղացիները դիմում են ինքնապաշտպանության, նրանց օգնության են հասնում հարևան Հավարիկ ու Քանդակ գյուղերի երիտասարդները: Սակայն մեծաթիվ ուժերի դեմ անհավասար մարտում ինքնապաշտպանները թողնում են դիրքերը և նահանջում: Նրանց են հետևում նաև վերոհիշյալ գյուղերի բնակիչները, որոնք ապաստանում են հարևան հայկական Ղայաբաշի գյուղում, որտեղից մի մասը հետագայում տեղափոխվում է Դաշբուլաղ, Մեծ և Փորք Սոկութլու, Զառափ, Ջուջամիշ, Սաբաթլու և այլ հայկական գյուղեր: Ավազակախումը, մտնելով
տեղահանված գյուղերը, հրդեհում է տները, կողոպտում հայերի՝ տարիների ստեղծած շարժական ու անշարժ գույքը, որը մեկ-երկու օրում անցնում է տեղացի կովկասյան թաթարների ձեռքը (Հայաստանի ազգային արխիվ, ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 1851, թ. 9; Սէյրանեան; Սարգսեան; Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 3: 136-137; Ա-Դօ 182-185)։
Ստեղծված իրավիճակի թելադրանքով՝ ՀՅԴ Բաքվի Ոսկանապատի Կ.Կ.-ն, Բաքու քաղաքից բացի ամրապնդելով ու ավելացնելով իր զինված խմբերը, շտապ կարգով ձեռնամուխ եղավ նաև գավառների հայության ինքնապաշտպանության գործի կազմակերպմանը (Ռոստոմ 399-400)։ Ա. Գյուլխանդանյանի վկայությամբ՝ «Ամենադժուարին հարցը սակայն, որ գոյութիւն ունէր Բագուի Զինուորական Մարմնի համար Բագուի նահանգի Գեօքչայի եւ Շամախու գաւառների, ինչպէս եւ Գանձակի նահանգի Նուխուայ եւ Արէշի գաւառների հայութեան խնդիրն էր» (Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 3: 135)։ Կարճ ժամանակում ՀՅԴ Ոսկանապատի Կ.Կ.-ի ձեռնարկած միջոցների շնորհիվ երիտասարդությունը շտապ կարգով մեկնեց գավառներ և ձեռնամուխ եղավ հայրենի գյուղերի պաշտպանության կազմակերպման գործին (Գիւլխանդանեան, «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ», 3: 136)։
Աներկբա պետք է հաստատել, որ Բաքվի նահանգի և Կուրի ձախափնյակում գտնվող Գանձակ-Ե[իզավետպոլի նահանգի Նուխի ու Արեշ գավառների հայության զանգվածային կոտորածների ծրագիրը թանկագին զոհերի գնով խափանվեց ՀՅԴ-ի, հատկապես ինքնապաշտպանության գործի գլխավոր կազմակերպիչ, հին հայդուկ, անվեհեր Նիկոլ Դումանի կազմակերպած հերոսական դիմադրության շնորհիվ: Նա իր շուրջն էր հավաքել հայրենասեր հերոս մարտիկներին (Վարդան Մեհրաբյան (Խանասորի Վարդան), Համազասպ Սրվանձտյանց, Դաշնակցական Խեչո (Խաչատուր Գևորգյան), Քեռի (Արշակ Գավաֆյան), Դրաստամատ Կանայան (Դրո), Սեբաստացի Մուրադ (Մուրադ Խրիմյան), Սեպուհ (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքել (Տիգրան Աբաջյան) և շատ ուրիշներ), ինքն էլ, նրանց առաջնորդելով, քաջին հատուկ հերոսությամբ դիմել էր դեպի թշնամին' պաշտպանելու իր քույրերի ու եղբայրների պատիվը, հայությանը զերծ պահելով թաթար հրոսակների
հարձակումներից (Արամայիս 87-90, Վարանդեան 317, Գևորգյան): Իսկ
ինքնապաշտպանության կազմակերպման կենտրոնական դեմքը ՀՅԴ հիմնադիր երրորդության անդամ Ստեփան Զորյանն (Ռոստոմ) էր։
Հայ-թաթարական ընդհարումների ավարտից հետո ցարական
կառավարության կազմակերպած արյունալի խրախճանքի դեմ հասարակական-քաղաքական շրջանակներում ծավալվեցին թեժ քննարկումներ, որոնք միտված էին ընդհարումների պատճառները պարզելուն և նոր բախումները կանխելուն։ Այդ նպատակով Թիֆլիսում՝ փոխարքայի պալատում, 1906 թ.-ի փետրվարի 20-ից մարտի 6-ը հրավիրվեց հայերի ու կովկասյան թաթարների համագումարը, որին մասնակցում էին երկու կողմերից ընտրված 30 պատգամավոր (Ներքին տեսութիւն. հայ-թուրքական համաժողով)։ Սակայն համագումարի աշխատանքների ավարտից և «հաշտության» կայացումից հետո էլ հայ-թաթարական հարաբերությունները դեռ շարունակվում էին մնալ լարված. կանխատեսվում էին դրանց հետևանքները։
Այսպիսով՝ արձանագրենք, որ տակավին XVIII դարի վերջերից արցախահայերի, այնուհետև XIX դարի սկզբներին պարսկահայերի ներգաղթը էական նշանակություն
26
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
ունեցավ ոչ միայն երկրամասի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկական նախկին կազմի վերականգման համար, այլև փոփոխության ենթարկեց հայաբնակ գոտու գյուղերի խմբավորումը՝ ըստ բնակչության թվի։ Երկրամասում հաստատված արցախահայերն ու պարսկահայերը բնավորվեցին նոսր բնակեցված հայկական կամ նախկինում հայաբնակ, ապա ամայացած գյուղերում, ինչի արդյունքում զգալիորեն ընդլայնվեց հայ բնակչության էթնոտարածքը։ Սակայն երկրամասի հայ բնակչության խաղաղ գոյակցությունը, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքը առժամանակ խաթարվեց 1905-1906 թթ.-ին ցարական վարչակարգի քստմնելի դավերով հրահրված հայ-թաթարական ընդհարումներով։
Կոտորածների հետևանքով զգալիորեն տուժեց հատկապես Բաքու քաղաքի հայ բնակչությունը: Մարդկային կորուստներից զատ, ավերվեցին, հրդեհվեցին ու կողոպտվեցին հայապատկան մի շարք տներ, առևտրաարդյունաբերական ձեռնարկություններ ու խանութներ: Կոտորածի, ավերի ու թալանի հետևանքով հայաբնակ գավառների երբեմնի շեն ու ծաղկուն մի շարք գյուղեր դարձան սակավամարդ, տեղահանված բնակչությունը լքեց պապենական բնօրրանը։ Ըստ էության, Արևե[յան Այսրկովկասի հայ բնակչության նկատմամբ անսքող կերպով շարունակվեց իրականացվել տակավին XI-XVIII դարերից սկզբնավորված էթնիկ զտումների, հայրենիքից վտարելու և զանգվածային ջարդերի քաղաքականությունը: Տարբերությունը միայն այն էր, որ այս փուլն իրականացվում էր ցարիզմի բացահայտ հակահայկական քաղաքականության և փաստորեն համաթուրքականության գաղափարաբանության գործնական ընթացքով՝ զուգորդված համաիսլամակա-նությամբ: Իսկ վերջինիս գաղափարախոսներն այդ ծրագրերի իրականացումն անզուսպ ձգտումով կապում էին Օսմանյան կայսրության հետ: Բոստոնի «Կոչնակ» շաբաթաթերթը, որը արծարծում էր նաև համազգային նշանակություն ունեցող խնդիրներ, ուշի ուշով հետևելով Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, «Կովկասի աղէտը» առաջնորդող հոդվածում անարգանքի սյունին գամելով վերջիններիս' հայության դեմ սանձազերծած ոճրագործությունների համար, գրում էր. «Կովկասահայը կը ջնջուի: Կովկասահայու ջնջումը կը նշանակէ ամբողջ Հայութեան ջնջում: Ձեռքը ջնջող սուրին երկնցնող թշնամիներ այս անգամ երեք են - Թուրքը, Թաթարը և Ռուսը» (Կովկասի աղէտը 369): Թերթը չի մոռանում մերկացնել նաև եվրոպական տերությունների անտարբեր վերաբերմունքը՝ այդ ոճրագործության նկատմամբ դրսևորած քար լռության համար: Ընդսմին, մի շարք զարգացումներով պայմանավորված՝ հայ-թաթարական ընդհարումները կովկասյան թաթարների շրջանում մեծապես խթանեցին նաև նոր ձևավորվող էթնոդավանական ինքնագիտակցությունը՝ իրեն ներհատուկ և ավանդականություն ենթադրող հակահայկական ուղղվածությամբ։
Բայց դրա կողքին անժխտելի է, որ 1905-1906 թթ. խռովահույզ իրադարձությունների մթնոլորտում որոշակի փոփոխություններ կրեց նաև կովկասահայության կյանքը. հայությունը սթափվեց ու գոտեպնդվեց։ Ինչպես իրավամբ նշել է ՀՅԴ անվանի գործիչ և գրող Արտաշես Հովսեփյանը (Մալխաս). «...կասկածէ դուրս է, որ այդ կռիւները, որ մօտ երկու տարի տեւեցին, զարմանալի կերպով ուղղեցին հայու կորացած մէջքը եւ ուժգին թափով մը նպաստեցին ազգային գիտակցութեան արթնացման Կովկասի մէջ: Կառավարութենէն լքուած, նոյնիսկ անոր անբարեացակամ չէզոքութեան ենթարկուած' հայ ժողովուրդը հարկադրուեցաւ այդ անակնկալ վտանգի դէմ կանգնիլ' ապաւինելով միմիայն ինքն իր ուժերուն» (Մալխաս 84): Բոստոնի «Կոչնակ» շաբաթաթերթն այդ օրերին գրում էր. «Հայերը գովելի քաջասրտութիւն եւ հաւաքական ոյժ ցուցուցած են, եւ ընդհանուր կոտորած մը անկարելի ըրած են» (Ազգային լուրեր. Ռուսահայկական 365): Իրողություն, որ ստիպված էին խոստովանել հենց այդ դավադիր ծրագրի որոշ հեղինակներ: Ինչպես, օրինակ, Մահմեդ-աղա Շահթախտինսկին «Кавказъ» լրագրում գրում էր. «.հայերը այժմ մտել են պատմական զարգացման մի նոր շրջանի մէջ, և թէ նրանք
27
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
կազմակերպվել են իբրև քաղաքական մի ոյժ: Մինչև այժմ կարելի էր հաշուի չառնել հայերի կարծիքը Անդրկովկասի քաղաքական քարտէզը վերակազմելու ժամանակ, իսկ այժմ այդ անկարելի է» (Քալանթար)։
Հիրավի, հայ ժողովրդի ինքնակազմակերպման, սեփական ուժերին ապավինած հուժկու դիմադրության շնորհիվ մեծ հաշվով հաղթահարվեց համաթուրքական ու համաիսլամական գաղափարախոսությամբ առաջնորդվող թուրք-թաթարական ցեղասպանական դաշինքի ծանր մարտահրավերը՝ արևելահացերի բնաջնջման առաջին լուրջ փորձը:
Օգտագործված գրականություն
1. Անանուն, Դավիթ. Ռուսահայոց հասարակական-քաղաքական մտքի զարգացումը (1901-1918), հ. Գ, Վենետիկ, 1926:
2. Արամայիս. Մի քանի գլուխ հայ-թաթարական ընդհարումներից։ Ա մաս, Թիֆլիզ, 1907:
3. Տեղացի, Դրութիւնը Գեօքչայի գաւառում, «Արշալոյս», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 14, № 12։
4. Վերջին տեղեկութիւններ: Հետաքրքիր է, որ Բագուի..., «Արշալոյս», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 9, № 9:
5. Վերջին տեղեկութիւններ: Սեպտեմբերի 6 ին Շամախիում..., «Արշալոյս», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 9, № 9:
6. Գալստյան, Վարդան. Արևելյան Այսրկովկասի թյուրքական ցեղերը ԺԹ դարում: Գարդմանի ռւ Շիրվանի հայության պատմամշակութային ավանդները (պատմություն եւ արդիականություն): Հանրապետական գիտաժողով: Զեկուցումներ եւ զեկուցումների դրույթներ, Երևան, 2016, էջ 39-43:
7. Գեղամեանց, Եղիշե. Մտորումներ, Թիֆլիս, 1907:
8. Գևորգյան, Համլետ. Նիկոլ Դուման, Երևան, 2013:
9. Գիւլխանդանեան, Աբրահամ. Կովկաս երկիրը, ժողովուրդը, պատմութիւնը, քարտէզ եւ բազմաթիւ վիճակագրական տւեալներ։ Ա մաս. Փարիզ, 1943:
10. ---. Հայ-թաթարական ընդհարումները. հ. Ա (Բագուի առաջին ընդհարումները),
Փարիզ, 1933:
11. ---. «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ». «Հայրենիք», Պօսթըն,
1933, ԺԱ տարի, սեպտեմբեր, № 11, էջ 156-158:
12. ---. «Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ». «Հայրենիք», Պօսթըն,
1934, ԺԲ տարի, յունուար, № 3, էջ 136-137:
13. Ե՞րբ արդեօք կը խրատւենք, «Դրօշակ», Ժնեւ, 1905, XV տարի, մարտ, № 2, էջ 33-34:
14. Ազգային լուրեր. Ռուսահայկական, «Կոչնակ», Պոսդոն, 1905, Ե տարի, սեպտեմբերի 16, № 37:
15. Կովկասի աղէտը, «Կոչնակ», Պոսդոն, 1905, Ե տարի, սեպտեմբերի 16, № 38:
16. Կ. Մ. Մ., Կովկասի վիճակը, «Կոչնակ», Պոսդոն, 1905, Ե տարի, սեպտեմբերի 16, № 38:
17. Ընդհանուր լուրեր. Բագու, «Կոչնակ», Պոսդոն, 1905, Ե տարի, սեպտեմբերի 30, № 39:
18. Հակոբյան, Արսեն. Թաթախոս հայերի պատմական որոշ դրվագներ 20-րդ դ. սկզբի ազգամիջյան հարաբերությունների համատեքստում, «Մերձավոր Արևելք», հ. II, Երևան, 2005, էջ 110:
19. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1022, ց. 2, գ. 187, թ. 25:
20. ---. ֆ. 227, ց. 1, գ. 395, թ. 6:
21. ---. ֆ. 56, ց. 16, գ. 136, թ. 162-164:
28
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
22. Մալխաս. Ապրումներ, «Հայրենիք», Պօսթըն, 1930, Ը տարի, յունիս, № 8, էջ 84:
23. Ղուբա, 21 յունիսի, «Մշակ», Թիֆլիս, 1905, հուլիսի 6, № 129:
24. Վերջին տեղեկութիւններ, «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 15, № 185:
25. Վերջին տեղեկութիւններ: «Кавказъ» լրագրին հեռագրում են Երևանից սեպտ. 19 ին «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 21, № 190։
26. Սարգսեան, Երուանդ. Զեկուցում Թիֆլիսի նպաստամատոյց յանձնաժողովին Արէշ գաւառի 5 վնասված հայ գիւղերի մասին, «Մշակ», Թիֆլիս, 1906, ապրիլի 26, № 88:
27. Նաւթարդիւնաբերութեան աշխարհից, «Մուրճ», Թիֆլիս, 1905, № 11-12, էջ 103:
28. Ներքին տեսութիւն. Հայ-թուրքական համաժողով, «Մուրճ», Թիֆլիս, 1906, № 2, էջ 135։
29. Յովհաննիսեան [Վարանդեան], Միքայէլ. Կովկասեան Վանդէան (թուրք-հայկական ընդհարումները, նրանց պատճառները). Թիֆլիս, 1907։
30. Պ. Զ. Նամակ Նուխուց, «Մշակ», Թիֆ[իս, 1906, փետրվարի 11, № 31:
31. Ռոստոմ [Ստեփան Զորյան]. Նամականի (մահուան ութսունամեակին առթիւ), Պէյրութ, 1999։
32. Սէյրանեան, Գրիգոր. Արէշի գաւառի վերջին աղէտների մասին (I), «Արեւ», Բագու, 1918, յունիսի 1 (19) մայիսի, № 102:
33. Սիմոնյան, Հրաչիկ. Ազատագրական պայքարի ուղիներում։ Գիրք Ա. Երևան, 2003:
34. Ստեփանյան, Գևորգ. «Նուխի և Արեշ գավառների հայերի պատմական անցյալից». «Իրան-նամէ», Երեւան, 1997, № 4-5-6, էջ 29:
35. Վարանդեան, Միքայէլ. Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն. Երևան, 1992։
36. Վարդանյան, Թամարա. Թաթարական ազգայնամոլության դրսևորումներն Անդրկովկասում 20-րդ դ. առաջին տասնամյակում, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2000, № 3 (102), էջ 89-97:
37. Փարսանտ, Արսէն. Արեան ճանապարհով։ Կովկ. Հայ-թաթ. Արիւնահեղ ընդհարումները, Կ. Պոլիս, 1910։
38. Քալանթար, Ալեքսանդր. Շարժառիթների արժէքը (II), «Մշակ», Թիֆլիս, 1906, փետրվարի 12, № 32:
39. Քօս.[եան], Յովհանէս. «Նամակ Շամախուց», «Մշակ», Թիֆլիս, 1905, սեպտեմբերի 20, № 189։
40. Араратский (Лункевич), Валериан. Подвиги царизма. Кровавые февральское дни в Баку, Женева, 1905.
41. Балаян, Борис. К вопросу об общности этногенеза шахсевен и кашкайцев, «Արևելագիտական ժողովածու», հ. I, Երևան, 1960, էջ 331-378.
42. Ведемость количества посемения Кавказского края съ показаниемь Х-ного содержания армянъ, Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 2, գ. 94, թ. 1:
43. Всеподданнейший отчет о произведенной в 1905 году по Высочайшему повелению сенатором Кузьминским. Ревизии города Баку и Бакинской губернии, (б. м. и г.).
44. Государственный архив Российской Федерации, Ф. 102, Д.П. (O.O.), 1905, оп. 233, д. 1350, ч. 72, л. 78.
45. Г. Е., К бакинскимъ событиямъ (расказы очевидцевъ), «Тифлисский листок», Тифлис, 1905, 11 февраля, № 23.
46. Кавказский календарь на 1907 г., Тифлис, 1906, отд, II, с. 320-321.
47. Леру, Гастон. Агония царской России. Перевод И. Контунова и О. Гессена, Харьков, 1928.
29
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
48. Леру, Гастон. Агония царской России. Перевела с французского Ирина Ольтециан, «Литературная Армения», Ереван, 1991, № 7, с. 93.
49. Оганесян, Эдуард. Век борьбы, т. I, Мюнхен-Москва, 1991.
50. Обзоры бакинской нефтяной промышленности за 1905, Баку, 1906.
51. Центральные газеты РСДРП о Закавказью 1905 г.։ (Сборник). Сост., автор предсловия и примечаний Г. А. Исаакян, Ереван, 1965.
52. Ketibian, Ara. Azeri Aggression Againts Armenians in Transcaucasia (19051921). Reports From the U.S. Press, Yerevan, 2020.
53. Mckenzie, Fredrick Arthur. From Tokyo to Tiflis, uncensured letters from the war. London, 1905.
Works Cited
1. Ananun, Davit'. R'usahayoc hasarakakan-qaghaqakan mtqi zargacumy' (19011918), [The Development of the Socio-Political Thought of the Armenians of Russia (1901-1918)] h. G, Venetik, 1926:
2. Aramayis. Mi qani glux hay-t'at'arakan y'ndharumneric: A mas, [Several Chapters of the Armenian-Tatar Clashes. Part 1] T'ifliz, 1907:
3. Teghaci, Drut'iwny' Geo'qchayi gawar'um, [The Situation in the Province of Geokcha] «Arshaloys», T'iflis, 1905, septemberi 14, № 12:
4. Verjin teghekut'iwnner: Hetaqrqir e', or Bagui..., [The Latest information: it is Interesting that Baku...] «Arshaloys», T'iflis, 1905, septemberi 9, № 9:
5. Verjin teghekut'iwnner: Septemberi 6 in Shamaxium..., [The Latest information: On September 6 in Shamakhi...] «Arshaloys», T'iflis, 1905, septemberi 9, № 9:
6. Galstyan, Vardan. Arevelyan Aysrkovkasi t'yurqakan ceghery' JhT' darum: Gardmani r'w Shirvani hayut'yan patmamshakut'ayin avandnery' (patmut'yun ew ardiakanut'yun): Hanrapetakan gitajhoghov: Zekucumner ew zekucumneri druyt'ner, [Turkic tribes of eastern Aisrakovkas in the XVIII century. Historical and cultural traditions of the Armenians of the Gardman district of Shirvan (history and modernity). Reports and provisions of reports] Erevan, 2016, e'j 39-43:
7. Geghameanc, Eghishe. Mtorumner, [Reflections] T'iflis, 1907:
8. Gevorgyan, Hamlet. Nikol Duman, Erevan, 2013:
9. Giwlxandanean, Abraham. Kovkas erkiry', jhoghovurdy', patmut'iwny', qarte'z ew bazmat'iw vitwakagrakan twealner: A mas. [The country of the Caucasus, people, history, maps and numerous statistics. Part 1] P'ariz, 1943:
10. ---. Hay-t'at'arakan y'ndharumnery'. h. A (Bagui ar'ajin y'ndharumnery'), [Armenian-Tatar clashes. v. A (the first collisions of the Baku)]
52. P'ariz, 1933:
11. ---. «Hay-t'at'arakan y'ndharumnery' Bagui me'j». [Armenian-Tatar clashes in Baku] «Hayreniq», Po'st'y'n, 1933, JhA tari, september, № 11, e'j 156-158:
12. ---. «Hay-t'at'arakan y'ndharumnery' Bagui me'j». [[Armenian-Tatar clashes in Baku]] «Hayreniq», Po'st'y'n, 1934, JhB tari, yunuar, № 3, e'j 136-137:
13. E°rb ardeo'q ky' xratwenq, [When will we Preach] «Dro'shak», Jhnew, 1905, XV tari, mart, № 2, e'j 33-34:
14. Azgayin lurer. R'usahaykakan, [National news. Russian-Armenian] «Kochnak», Posdon, 1905, E tari, septemberi 16, № 37:
15. Kovkasi aghe'ty', [Caucasian disaster] «Kochnak», Posdon, 1905, E tari, septemberi 16, № 38:
16. K. M. M., Kovkasi vitwaky', [The State of the Caucasus] «Kochnak», Posdon, 1905, E tari, septemberi 16, № 38:
17. Y'ndhanur lurer. Bagu, [General News: Baku] «Kochnak», Posdon, 1905, E tari, septemberi 30, № 39:
30
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
18. Hakobyan, Arsen. T'at'axos hayeri patmakan orosh drvagner 20-rd d. skzbi azgamijyan haraberut'yunneri hamateqstum, [Some Historical Fragments of the Tataspeaking Armenians in the Context of Interethnic Relations of the beginning of the 20th Century] «Merd'avor Arevelq», h. II, Erevan, 2005, e'j 110:
19. Hayastani azgayin arxiv, [National Archive of Armenia] f. 1022, c. 2, g. 187, t'. 25:
20. ---. f. 227, c. 1, g. 395, t'. 6:
21. ---. f. 56, c. 16, g. 136, t'. 162-164:
22. Malxas. Aprumner, [Experiences] «Hayreniq», Po'st'y'n, 1930, Y' tari, yunis, № 8, e'j 84։
23. Ghuba, 21 yunisi, [June 21] «Mshak», T'iflis, 1905, hulisi 6, № 129։
24. Verjin teghekut'iwnner, [The Latest Informaton] «Mshak», T'iflis, 1905, septemberi 15, № 185:
25. Verjin teghekut'iwnner: «Кавказъ» lragrin her'agrum en Erevanic sept. 19 in , [Latest Information: "Kavkaz" is being telegraphed from Yerevan on September. 19] «Mshak», T'iflis, 1905, septemberi 21, - № 190։
26. Sargsean, Eruand. Zekucum T'iflisi npastamatoyc yand'najhoghovin Are'sh gawar'i 5 vnasvac' hay giwgheri masin, [Report of the Tiflis Assistance Commission on 5 damaged Armenian villages of Aresh district] «Mshak», T'iflis, 1906, aprili 26, № 88:
27. Nawt'ardiwnaberut'ean ashxarhic, [From the World of Oil Industry] «Murtw», T'iflis, 1905, № 11-12, e'j 103:
28. Nerqin tesut'iwn. Hay-t'urqakan hamajhoghov, [Internal theory: the Armenian-Turkish forum] «Murtw», T'iflis, 1906, № 2, e'j 135։
29. Yovhannisean [Varandean], Miqaye'l. Kovkasean Vande'an (t'urq-haykakan y'ndharumnery', nranc pattwar'nery'). [Caucasian Vendee (Turkish-Armenian clashes, their causes)] T'iflis, 1907։
30. P. Z. Namak Nuxuc, [Letter from Nuhuts] «Mshak», T'iflis, 1906, p'etrvari 11, № 31:
31. R'ostom [Step'an Zoryan]. Namakani (mahuan ut'sunameakin ar't'iw), [Collection of letters (On the Occasion of the Eightieth Anniversary of his Death)] Pe'yrut', 1999։
32. Se'yranean, Grigor. Are'shi gawar'i verjin aghe'tneri masin (I), [About the latest Disasters in the Province of Aresh] «Arew», Bagu, 1918, yunisi 1 (19) mayisi, № 102:
33. Simonyan, Hrachik. Azatagrakan payqari ughinerum։ [On the paths of the liberation struggle] Girq A. Erevan, 2003:
34. Step'anyan, Gevorg. «Nuxi ev Aresh gavar'neri hayeri patmakan ancyalic». [From the Historical Past of the Armenians of the Provinces of Nuhi and Aresh] «Iran-name'», Erevan, 1997, № 4-5-6, e'j 29:
35. Varandean, Miqaye'l. H.Y. Dashnakcut'ean patmut'iwn. [The history of Dashnaktsutyun] Erevan, 1992։
36. Vardanyan, T'amara. T'at'arakan azgaynamolut'yan drsevorumnern Andrkovkasum 20-rd d. ar'ajin tasnamyakum, [Manifestations of Tatar Nationalism in Transcaucasia in the XX century in the First Decade] «Banber Erevani hamalsarani», Erevan, 2000, № 3 (102), e'j 89-97:
37. P'arsant, Arse'n. Arean twanaparhov։ Kovk. Hay-t'at'. Ariwnahegh
y'ndharumnery', [Along the Path of Blood. Caucasian Armenian-tatar bloody clashes] K. Polis, 1910։
38. Qalant'ar, Aleqsandr. Sharjharit'neri arjhe'qy' (II), [The Value of Motivation] «Mshak», T'iflis, 1906, p'etrvari 12, № 32:
39. Qo's.[ean], Yovhane's. «Namak Shamaxuc», [A Letter from Shamakhi] «Mshak», T'iflis, 1905, Septemberi 20, № 189։
40. Araratskij (Lunkevich), Valerian. Podvigi carizma. Krovavye fevral'skoe dni v Baku, [The exploits of tsarism. Bloody February days in Baku] Zhenev, 1905.
31
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
41. Balajan, Boris. K voprosu ob obshhnosti jetnogeneza shahseven i kashkajcev, [To the question about the unity of ethnogenesis of Shahseven and kaskazi] «Arevelagitakan jhoghovac'ow», h. I, Erevan, 1960, e'j 331-378.
42. Vedemost' kolichestva posemenija Kavkazskogo kraja s" pokazaniem' X-nogo soderzhanija armjan", [Statement of the number of settlements of the Caucasus region with the indication of the percentage content of the Armenians] Hayastani azgayin arxiv, f. 57, c. 2, g. 94, t'. 1:
43. Vsepoddannejshij otchet o proizvedennoj v 1905 godu po Vysochajshemu poveleniju senatorom Kuz'minskim. Revizii goroda Baku i Bakinskoj gubernii, [Humbly report, produced in 1905, by Imperial order, a Senator Kuzminsky. Revisions of the city of Baku and the Baku province] (b. m. i g.).
44. Gosudarstvennyj arhiv Rossijskoj Federacii, [State archive of the Russian Federation] F. 102, D.P. (O.O.), 1905, op. 233, d. 1350, ch. 72, l. 78.
45. G. E., K bainskim" sobytijam" (raskazy ochevidcev"), [The Baku events (stories of the witnesses)] «Tifliskij listok», Tiflis, 1905, 11 fevralja, № 23.
46. Kavkazskij kalendar' na 1907 g., [Caucasian calendar for 1907.] Tiflis, 1906, otd, II, s. 320-321.
47. Leru, Gaston. Agonija carskoj Rossii. [The Agony of Tsarist Russia] Perevod I. Kontunova i O. Gessena, Har'kov, 1928.
48. Leru, Gaston. Agonija carskoj Rossii. Perevela s francuzskogo Irina Ol'tecian, [The Agony of Tsarist Russia] «Literaturnaja Armenija», Erevan, 1991, № 7, s. 93.
49. Oganesjan, Jeduard. Vek bor'by, [The Century of Struggle] t. I, Mjunhen-Moskva, 1991.
50. Obzory bakinskoj neftjanoj promyshlennosti za 1905, [Reviews of the Baku oil industry for 1905] Baku, 1906.
51. Central'nye gazety RSDRP o Zakavkazye 1905 g.:[ Central newspapers of the RSDLP about the Transcaucasians of 1905] (Sbornik). Sost., avtor predslovija i primechanij G. A. Isaakjan, Erevan, 1965.
52. Ketibian, Ara. Azeri Aggression Againts Armenians in Transcaucasia (19051921). Reports From the U.S. Press, Yerevan, 2020.
53. Mckenzie, Fredrick Arthur. From Tokyo to Tiflis, uncensured letters from the war. London, 1905.
THE STAGES OF IMPLEMENTATION OF THE POLICY OF ETHNIC CLEANSING AND GENOCIDE OF ARMENIANS IN THE EASTERN CIS-
CAUCASUS (11TH-20TH CC.)
(CONTINUATION OF THE SECOND PART)
GEVORG STEPANYAN
Institute of History NAS RA, the Department of History of Armenian Colonies and Diaspora, Head,
Doctor of History, Professor,
Yerevan, the Republic of Armenia
The aim of the article is to present the motives and implementation stages of ethnic cleansing and genocidal policy perpetrated towards the indigenous Armenian population during the 11 th-20th centuries in the Eastern Cis-Caucasus - in the territory stretching from the Kur Valley to the Apsheron Peninsula, on the basis of various primary sources (archival documents, statistical materials, periodical press, theme related literature).
32
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
The work is written by a combined examination of facts, applying the principles of historical investigation and historical-comparative analysis. The level of reliability and validity of the sources through their comprehensive study has been verified.
Through the combination of facts the following phases of the history of the main issue are presented: the policy of ethnic cleansing and genocide of Armenians in the Eastern Cis-Caucasus were still implemented in the 11th-18th centuries when the region regularly appeared under the invasions and dominion of various conquering nomadic tribes (Turk-Seljuks, Mongol-Tatars, Tamerlane, nomadic Turkmen tribes of Kara-Koyunlu and Ak-Koyunlu, Kizilbash invasions followed by the Turkish-Persian wars, Sunni Lezgins, invasions of Nader Shah and Agha Mohammad Khan). As a result, some part of the Armenian population was deported and left native lands or forcedly accepted the Muslim religion of the conquerers. The next phase of ethnic cleansing and atrocities was the period of the Armenian-Tatar clashes (1905-1906). Later, the policy of ethnic cleansing and genocide was implemented at state level already during the Musavat regime of the artificial “Azerbaijan” formation (1918-1920), and finally during the Soviet regime (1920-1990).
The article substantiates the fact that the indigenous Armenian population of the region was subjected to ethnic cleansing and genocide in its cradle, just as the Young Turks carried out the extermination of the Western Armenians in 1915-1916 in Western Armenia. Therefore, this policy should be described as a continuation and an integral part of the Genocide of Armenians, as the Armenian Genocide with its geographical coverage (from Cilicia to Baku), was a consequence of the implementation of a comprehensive pan-Turkic program.
There are numerous references to the issue in the historical literature, though the comprehensive study of ethnic cleansing and genocidal policies of Armenians in the Eastern Cis-Caucasus - in the territory stretching from the Kur Valley to the Apsheron Peninsula, has not been the subject of a separate study.
Key words: Eastern Cis-Caucasus, Baku province, left bank of Kur, Pan-
Turkism, ethnic cleansing, xenophobia, genocide, deportation.
ЭТАПЫ ОСУЩЕСТВЛЕНИЯ ЭТНИЧЕСКИХ ЧИСТОК АРМЯН И ГЕНОЦИДАЛЬНОЙ ПОЛИТИКИ В ВОСТОЧНОМ ЗАКАВКАЗЬЕ (XI-XX ВВ.) (ПРОДОЛЖЕНИЕ ВТОРОЙ ЧАСТИ)
ГЕВОРГ СТЕПАНЯН
заведующий отделом истории армянских колоний и Диаспоры Института истории НАН РА, доктор исторических наук, профессор, г. Ереван, Республика Армении
Цель статьи - на основе разнообразных источников (архивные документы, статистические материалы, периодическая печать, тематическая литература) представить причины и этапы осуществления этнических чисток и геноцидальной политики по отношению к коренному армянскому населению Восточного Закавказья в течение XI-XX вв. на территории, простирающейся от долины р. Куры до Апшеронского полуострова.
33
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021
Работа изложена с применением принципов сравнительно-исторического анализа, сопоставительного изучения фактов. Степень достоверности и подлинности источников уточнена нами путем их всестороннего исследования.
На основе сопоставления фактов история проблемы представляется следующими этапами: политика этнических чистки и погромы по отношению к армянам Восточного Закавказья в XI-XVIII вв., когда регион подвергался захватнических набегам и установлению господства турок-сельджуков, монголотатар, Тамерлана, кочевых туркменских племен кара-коюнлу и ак-коюнлу, кзлбашей, а также последовавшими за всем этим турецко-персидским войнам, походам суннитов лезгинов, Надир- шаха и Ага Могамед хана. Вследствие всего этого определенная часть армянского населения была насильственно депортирована из родных очагов или вынужденно приняла веру мусульманских захватчиков. Следующий этап этнических чисток и погромов армянского населения происходил в период армяно-татарских столкновений 1905-1906 гг. Затем политика этнических чисток и геноцида осуществлялась уже на государственном уровне мусаватистским режимом искусственного образования, именуемом «Азербайджан», в 1918-1920 гг., и наконец – в период советского власти в 1920-1990 гг.
В статье обосновывается факт, что коренное армянское население края было подвергнуто этническим чисткам и геноциду на своей родине, также, как младотурки осуществили геноцид западных армян в 1915-1916 гг. в Западной Армении. Следовательно, эту политику следует квалифицировать как продолжение и составную часть политики геноцида армян, так как Геноцид армян в своем географическом охвате (от Киликии до Баку) был следствием реализации единой программы пантюркизма.
Хотя в исторической литературе есть неоднократные обращения к рассматриваемой проблеме, однако она не становилась предметом отдельного всеобъемлющего исследования.
Ключевые слова: Восточное Закавказье, Бакинская губерния, левобережье Куры, пантюркизм, этнические чистки, геноцид, депортация.
34