ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 3(10), 2021
1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ* 1
ՀՏԴ 342 DOI: 10.52063/25792652-2021.3-107
ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) հիմնադիր նախագահ,
«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն avetig.hh&gmail. com
Հոդվածի նպատակն է բացահայտել անկախության հանրաքվեի անցկացման իրավական հիմքերը, նախադրյալնեը, ընթացքը, արդյունքները և իրավասու կառույցների կողմից տրված գնահատականները։
Նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի վերաբերյալ արխիվային փաստաթղթերը, միջազգային դիտորդների կարծիքները և համադրելով ԼՂՀ, ԽՍՀՄ գործող օրենսդրության և միջազգային իրավունքի հետ, անաչառ գնահատական տալ հանրաքվեի գործընթացին:
Հետազոտության ընթացքում օգտագործվել են անալիզի, սինթեզի, ինդուկցիայի, դեդուկցիայի և պատմահամեմատական մեթոդները:
Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ ԼՂՀ անկախության հանրաքվեի իրավական արժեքը նախ և առաջ այն է, որ դրա արդյունքում ժողովրդի միաձայն քվեի միջոցով իրավաբանորեն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության' որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հայեցակարգը, այսինքն՝ այդ պետաիրավական ակտը բավարար հիմք է հանդիսացել անկախ պետականություն հիմնադրելու համար:
Դրանից զատ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի գործկոմի ընդունած որոշումների ուսումնասիրությունն անառարկելիորեն վկայում է, որ մի կողմից՝ դրանց հիմքում ընկած էին միջազգային իրավունքի դրույթները, ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, որոնք «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի եզրափակիչ մասի համաձայն՝ «չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և Հանրապետության առանձնահատկություններին», իսկ մյուս կողմից՝ հետևողական վերաբերմունք կար այդ որոշումները հանրության սեփականությունը դարձնելու, տվյալ պարագայում՝ «Խորհրդային Ղարաբաղ» («Սովետսկի Կարաբախ») թերթի և զանգվածային լրատվության այլ միջոցներով բնակչությանը հասու դարձնելու ուղղությամբ:
* Հոդվածը ներկայացվել է 20.11.2021թ., գրախոսվել' 27.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:
1 Հետազոտությունն իրականացվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ' SCS20-009 գիտական թեմայի շրջանակներում:
107
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
Հիմնաբառեր՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, անկախության հանրաքվե, 1991թ. դեկտեմբերի 10, միջազգային դիտորդ, «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագիր, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ադրբեջանի զեղծարարություն:
Ներածություն
Ժողովրդավարական ու իրավական պետությանը ներհատուկ ժողովրդաիշխանության սկզբունքը դրսևորվել է Արցախի Հանրապետության 30-ամյա պետականության ամբողջ ժամանակաշրջանում։ Այն սկիզբ է առել 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության հանրաքվեով, որի իրավական նշանակության բաղադրիչներին և դրանց հիմքերին կանդրադառնանք սույն հոդվածում։
Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի դերն ու իրավական արժեքը բացահայտելու նպատակով նպատակահարմար ենք համարում անդրադառնալ հանրաքվեի անցկացման իրավական հիմքերին, նախադրյալներին, ընթացքին և իրավասու կառույցների կողմից տրված գնահատականներին։
Ինչպես հայտնի է, 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին հրավիրված բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների Ժողովրդական պատգամավորների համատեղ նստաշրջանում որոշում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին» (ԼՂՀ ՊԱ ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 309, թ. 61-62): Հաշվի առնելով այն, որ ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը պետք է լիներ խիստ կանոնակարգված ու ԽՍՀՄ գործող օրենսդրությանը համապատասխան, ղեկավարվելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 2-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհուրդը 1991 թ.-ի նոյեմբերի 27-ի որոշման 1-ին կետով որոշեց. «1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե» (ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1)։ Ընդ որում, հանրաքվեի անցկացման համար հիմք է հանդիսացել նաև 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի 3-րդ հոդվածը, ըստ որի. «.... իր կազմի մեջ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավարությունում անց է կացվում առանձին» (Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР»)։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստեղծումը
Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման նպատակով 1991 թ.-ի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած անդրանիկ նիստում որոշում է կայացվել ստեղծել նոր մարմին' Կենտրոնական ընտրական հանձնաժողով1, որին վիճակված էր պատմական այդ
1 Ընդհանրապես հանրաքվեի կազմակերպման համար ստեղծվող հիմնական հանձնաժողովը կոչվում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով (ինչն ամրագրված էր «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին» ժամանակավոր կանոնակարգի 7-րդ հոդվածում): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե' հանրաքվեի, թե' ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար մշտապես գործող պետական մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, ինչպես նաև այն, որ 1991 թ.-ի դեկտեմբերի 28-ին պետք է անցկացվեին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններ, նպատակահարմար էր ստեղծել
108
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
պատասխանատու և վճռորոշ պահին հանձն առած առաքելությունը կատարել հնարավորինս անթերի։ Հիշյալ մարմնի գործունեության ամբողջ ընթացակարգը ներառում էր ենթակառուցվածքի ստեղծումը, հանձնաժողովների կազմավորումը, ընտրողների ցուցակների կազմումը, քվեարկության համար տեղամասերի ստեղծումը, ինչպես նաև քարոզչական ու բացատրական աշխատանքները, քվեարկության ընթացակարգը, ձայների հաշվումը, հանրաքվեի արդյունքների որոշումը և այլն։
Որպես այդ ամբողջական շղթայի սկզբնական օղակ՝ 1991 թ.-ի նոյեմբերի 27-ի որոշման 3-ին կետով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» ժամանակավոր կանոնակարգի 12-րդ հոդվածի հիման վրա ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմին հանձնարարվեց 1991 թ.-ի նոյեմբերի 28-ից ոչ ուշ աշխատանքային կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, պետական իշխանության մարմիններում կազմակերպել ժողովներ' Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում թեկնածուների առաջադրման նպատակով և 1991 թ.-ի նոյեմբերի 28-ին ներկայացնել նստաշրջանի հաստատմանը (ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1)։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն' «ԼՂՀ հանրաքվեի նախապատրաստումը և անցկացումն իրականացնում էին հետևյալ հանձնաժողովները.
- ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական (հանրապետական) հանձնաժողով,
- ԼՂՀ հանրաքվեի շրջանային հանձնաժողովներ,
- ԼՂՀ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ»։
Տեղերում հանրաքվեի աշխատանքները կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր ընտրատարածքում կազմավորվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ' 7-ից 9-ը մարդու կազմով (ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ. 16):
Հանրաքվեի դրվելիք հարցի ձևակերպումը
Համաձայն 1991 թ.-ի նոյեմբերի 27-ի որոշման' հանրաքվեի դրվելիք հարցը սկզբնապես ձևակերպվել էր հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք Դուք ԽՍՀՄ կամ նրա իրավահաջորդի կազմում ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հետ» (Սատարու՞մ եք Դուք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը Ադրբեջանի Հանրապետությունից դուրս)։ Սակայն հաշվի առնելով հանրաքվեի դրվող հարցի շտկման անհրաժեշտությունը՝ նույն որոշման 2-րդ կետով ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործկոմին թույլատրվել է անհրաժեշտության դեպքում ճշգրտել հանրաքվեի դրվող հարցի ձևակերպումը և փոխանցել հանրաքվեի անցկացման Կենտրոնական ընտրական հանձնաժողովին' քվեաթերթիկ մտցնելու համար (ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1)։
Մինչև ԼՂՀ անկախության հանրաքվեի դրվող հարցի վերջնական տարբերակի ընդունումը տեղի են ունեցել բազմաշերտ քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվել էին մոտ մեկ տասնյակ ձևակերպումներ (ԼՂՀ, ՊԱ, ֆ. 1, ց. 3, կ. 11, պ. մ. 62, թ. 18): Դրանցից ընտրվել է այն տարբերակը, որում խտացված էր ժողովրդի հավաքական կամքի դրսևորման փիլիսոփայությունն ու անկախ պետություն ստեղծելու միջոցով խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու բնական իրավունքը: ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմը 1991 թ.-ի դեկտեմբերի 4-ին ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի դրվող հարցի ճշգրտված ձևակերպման մասին» թիվ 4/151 որոշումը, որի 1-ին կետին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը միաժամանակ կիրականացներ նաև հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի գործառույթները:
109
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
համապատասխան' հաստատվեց հանրաքվեի դրվող հարցի վերջնական ձևակերպումը' հետևյալ խմբագրությամբ. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ» (ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ.65)։ Վերոհիշյալ որոշումը փոխանցվել է հանրաքվեի անցկացման
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին' հարցը քվեաթերթիկ մտցնելու համար։
Հանրաքվեի քարոզչությունը
Հատկանշական է, որ «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրում, ինչպես նաև «ԼՂՀ հանրաքվեի մասին» ժամանակավոր կանոնակարգի 2-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված հավասարության ու խտրականության ժխտման սկզբունքները հրապարակայնորեն և միջազգային դիտորդների ներկայությամբ կյանքի են կոչվել 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի ընթացքում, երբ ոչ միայն հանրաքվեի քվեաթերթիկներում է հարցը ձևակերպվել երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն), այլև քվեաթերթիկներն ուղարկվել են ադրբեջանաբնակ բնակավայրերի ընտրատարածքներ։ Հանրաքվեի կարևորագույն մասն էր կազմում նաև բնակչության շրջանում քարոզչության ու բացատրական աշխատանքների իրականացումը։ Այդ իսկ նպատակով «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությանը և ԼՂՀ հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման կոմիտեին հանձնարարվել էր մամուլի էջերում, տեղական ռադիոյով ու հեռուստատեսությամբ ընդլայնել բացատրական աշխատանքների շրջանակը՝ առաջիկա ընտրությունների ու հանրաքվեի նշանակության մասին և հրապարակել համապատասխան խորհրդատվություն։ Այդ աշխատանքների վերահսկողությունը հանձնարարվել էր Ռ.Քոչարյանին (ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.63-64)։ Տեղերում օգնություն ցուցաբերելու և ընտրությունների նախապատրաստման ու հանրաքվեի անցկացման աշխատանքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ԼՂՀ գործկոմի անդամներին հանձնարարվել էր մեկնել շրջաններ։
Ա.Իսագուլովի խոսքերով հանրաքվեի նախօրեին ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական, ըստ որի' նա պետք է այցելեր Մարտակերտ շրջկենտրոն, շրջանի մյուս գյուղեր և հանդիպումներ ունենար տեղի բնակչության հետ։ Հանդիպումների նպատակը հանրաքվեի կարևորությունը ժողովրդի և պետության կյանքում ներկայացնելն էր:
Հանրաքվեի ընտրատարածքների ձևավորումը
ԼՂՀ անկախության հանրաքվեի անցկացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմավորվել է 81 ընտրատարածք (ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.4), սակայն ինչպես վկայում են փաստերն ու ականատեսները (Օհանջանյան Մ. Անկախության քայլերը..), ընտրատարածքներից 11-ում այն չի կայացել։ Ընդ որում, եթե թիվ 25 ընտրատարածքը փակ է եղել (ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.7), ապա մնացած 10-ն ընդգրկում էր ադրբեջանական բնակավայրերը, որոնք չեն մասնակցել հանրաքվեին։ Սա խոսում է այն հեռահար քաղաքականության մասին, որ ադրբեջանցիները դեռևս այդ փուլում խնդրահարույց հարցերը փորձել են լուծել ոչ թե ժողովրդավարական եղանակներով, այլ բացառապես ուժային ճնշումներով, նրանց համար խորթ է եղել մարդկության քաղաքակիրթ հատվածի կողմից մշակված և խաղաղություն երաշխավորող ճանապարհը։ Ընդսմին, հանրաքվեին չմասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ ադրբեջանցիներ լինելու փաստն արձանագրել են նաև միջազգային դիտորդներն իրենց արձանագրություններում։
ԼՂՀ անկախության հանրաքվեի քվեարկությունը կազմակերպվել է նաև երկրի սահմաններից դուրս' Հայաստանի Հանրապետությունում' դրանով իսկ ապահովելով
110
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացումը: Այդ նպատակով ԼՂՀ
ժողպատգամավորների խորհրդի գործկոմը որոշել է. «.... քննարկելով ԼՂՀ բոլոր քաղաքացիների' ս.թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեին մասնակցությունն ապահովելու հարցը, արձանագրելով, որ Հանրապետության օդատրանսպորտային շրջափակման պատճառով իրենց մշտական բնակության վայրից բռնատեղահանված շատ բնակիչներ զրկված են հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից, ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 5-րդ հոդվածով, ԼՂՀ քաղաքացիներ Յուրի Հովհաննիսյանին (Ասկերանի շրջանի Շոշ գյուղից), Հրանտ Ամիրյանին (Հադրութի շրջանի Հին Թաղլար գյուղից), որոնք այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, վերապահել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորություններ և նրանց հանձնարարել ստեղծել ընտրատեղամասեր ժամանակավոր բնակվող բռնատեղահանվածների, ուսանողների, գործուղվածների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԼՂՀ մյուս քաղաքացիների համար» (ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.63-64)։
Ինչպես վկայում է Յուրի Հովհաննիսյանը, ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի գործկոմի որոշումի ընդունումից հետո Երևան քաղաքում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է պատշաճ ձևով կազմակերպեր հանրաքվեն։ Նշված հանձնաժողովի կազմում ընդգրկվել են խորհրդային շրջանի գործկոմի աշխատակից Սերգեյ Խալաֆյանը, ինչպես նաև Աիդա Մանուչարովան։ Հանձնաժողովը համակարգել է Սերգեյ Խալաֆյանը։ Քանի որ արցախահայության սփռվածությունը Հայաստանում բավականին լայն էր, ստեղծվել է 12 ընտրատեղամաս, որոնցից առաջինը «Արցախ» հայրենակցական միությունում էր, երկրորդը' օդանավակայաններում, ինչպես նաև երկաթգծի կայարանում, ավտոկայանում, Հրազդանում, Էջմիածնում, Արտաշատում, Արարատում, Կիրովականում և այլ քաղաքներում։ Հանրաքվեին մասնակցել են մի շարք միջազգային դիտորդներ՝ ռուսական «ԿՐԻԿ» կազմակերպությունից, Անդրեյ Նույկինը կնոջ հետ, ադմիրալ Թիմուր Գայդարը, Ելենա Բոնները, որոնք եղել են բոլոր 12 ընտրատեղամասերում և իրենց գնահատականները ներկայացրել արձանագրության մեջ։ Հանրաքվեի ավարտից հետո արդյունքները պարկով զմռսած վիճակում ուղարկվել են Ստեփանակերտ1։
Միջազգային դիտորդների հրավիրումը, մասնակցությունը և գնահատականը
Անկախության հանրաքվեն միջազգային չափանիշներին համապատասխան և արտասահմանյան երկրների ներկայացուցիչների ներկայությամբ անցկացնելու նպատակով ԼՂՀ ժողպատգամավորների խորհրդի 1991 թ.-ի նոյեմբերի 27-ի որոշման 4-րդ կետով ամրագրվեց, որ «Համաձայն «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 5-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի տարածք դիտորդներ հրավիրել միութենական հանրապետություններից, արտասահմանյան պետություններից և միջազգային կազմակերպություններից» (ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1)։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' «Հանրաքվեի անցկացման ընթացքում ապահովվում է հրապարակայնությունը, հանրության և դիտորդների (այդ թվում՝ այլ պետություններից և միջազգային
կազմակերպություններից) մասնակցությունը»։
Դիտորդներին հրավիրելու գործընթացին ներգրավվել են բոլոր պետական կառույցներն ու Երևանում գործող կազմակերպությունները։ Այդ աշխատանքի
1 Այս զարգացումների մասին հեղինակին պատմել է Յուրի Հովհաննիսյանը, որ այդ ժամանակ եղել է «Արցախ» հայրենակցական միության նախագահը։
111
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
կատարմանն իրենց մասնակցությունն են բերել նաև արտերկրների դեսպանատներն ու ներկայացուցչությունները, որոնք իրենց երկրների համապատասխան կառույցներին էին փոխանցում հանրաքվեին մասնակցելու՝ ԼՂՀ իշխանությունների հրավերը։ Հետաքրքրականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանրաքվեի և ընտրությունների հետ կապված որևէ միջազգային պարտավորություն չունենալով հանդերձ, այդ գործընթացները դիտարկելու հրավերներ է ուղարկել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին։
ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել են 50-ից ավելի միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ1, որոնք հանրաքվեի ավարտից հետո կազմել են համատեղ արձանագրություն, իսկ նրանցից շատերն առանձին խմբերով եղել են տարբեր բնակավայրերում և կազմել առանձին ակտեր։ Այդ ակտերում առանձնակի շեշտադրվում է հանրաքվեի կազմակերպման ու անցկացման համապատասխանությունը և' միջազգային իրավունքին, և' «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր
կանոնակարգին, քվեաթերթիկներ՝ 3 լեզուներով կազմված լինելու, քվեարկությունը սահմանված ժամին սկսելու ու ավարտելու մասին և այլն։ Ընդ որում, Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում դիտորդներն արձանագրել են Ադրբեջանի կողմից գնդակոծության ներքո հանրաքվեին ընտրողների
մասնակցության, ինչպես նաև դրանց արդյունքում քաղաքացիների սպանվելու փաստեր (ք.Ստեփանակերտ, գ.Ջրակուս)։ Հատկանշականն այն էր, որ Անկախության հանրաքվեի և ժողպատգամավորների ընտրություններից առաջ՝ նույն օրը և հաջորդող օրերին, Ադրբեջանը առանձնակի ակտիվությամբ հրթիռահրետակոծում էր ԼՂՀ ամբողջ տարածքը, ինչի մասին վկայում են 1991 թ. ԼՂՀ ներքին գործերի վարչության օպերատիվ ամփոփագրերն (ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության արխիվ) ու դիտորդների արձանագրած փաստերը։
Հանրաքվեի մասին պահպանվել են որոշ նյութեր, այդ թվում՝ կադրեր միջազգային դիտորդներ Յուրի Աֆանասևի և Վլադիմիր Սմիռնովի հարցազրույցից (Բաղրյան Վարդգես 98)։ Խոսելով հանրաքվեի օրվա և կարևորության մասին՝ Վլադիմիր Սմիռնովը տեսակետ է հայտնել, որ. «.... հանրաքվեի օրվա ընտրությունն ամենևին էլ պատահական չէ, և հանրաքվեի կազմակերպիչներն այն զուգադիպեցրել են այդ խորհրդանշական օրվա հետ' մարդու իրավունքների պաշտպանության օրվան, որովհետև ուրիշ ոչ մի տեղ այնքան չեն ոտնահարվում այդ իրավունքները, որքան Ղարաբաղում» (Բաղրյան Վարդգես 98)։
Անկախության հանրաքվեի ավարտից հետո դիտորդները կազմել են «ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների մասին» ակտ, որում անդրադարձել են հանրաքվեի ողջ գործընթացին, որն իրականացվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր
կանոնակարգին համապատասխան։ Ըստ նրանց համատեղ կարծիքի՝ քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրամադրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման ընթացակարգում դիտորդների կողմից խախտումներ չեն արձանագրվել (Օհանջանյան Մ. Անկախության քայլերը..)։
Հանրաքվեի արդյունքների որոշման համար ամենից առաջ անհրաժեշտ էր լուծել ժողովրդական քվեարկության անցկացման վավերականության մասին հարցը։ Ակնհայտ է, որ հանրաքվեի վավերականության ընդհանուր պայմաններն են համարվում դրա անցկացման ընթացքում այնպիսի խախտումների
անթույլատրելիությունը, որոնք կարող էին ազդել դրա արդյունքների վրա։ Դրա հետ
Դիտորդների թվում էին նախկին Խորհրդային Հանրապետությունների
ներկայացուցիչներ, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, Մոսխորհրդի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ու օտար պետությունների ներկայացուցիչներ։
112
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
միաժամանակ օրենսդրությունը երբեմն սահմանում է քվեարկությանն ընտրողների մասնակցության ստորին շեմը։
Հանրաքվեում սովորաբար ընդունված է համարվում այն որոշումը, որի օգտին տրված են քվեարկությանը մասնակցած ընտրողների վավեր ձայների պարզ մեծամասնությունը։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգի 13-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ «Հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել են քվեարկության համար ցուցակներ մտցված անձանց կեսից ավելին, և հանրաքվեի արդյունքում դրան հավանություն են տվել քվեարկությանը մասնակցած բնակիչների 2/3-ը։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի նիստում, ձևակերպվում են արձանագրության տեսքով, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները, և հրապարակվում է»։
Համաձայն 1989թ.-ի համամիութենական մարդահամարի տվյալների' Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրում էր 189.029 մարդ, որոնցից 145.450-ը' հայեր, 40.632-ը' ադրբեջանցիներ և 2.417-ը' ռուսներ և ուկրաինացիներ (Де-факто образования постсоветского пространства)։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների' ԼՂՀ անկախության հանրաքվեին 132328 ընտրողներից մասնակցել են 108736-ը (82.2 %), որոնց ճնշող մեծամասնությունը' 108615 մարդ կամ 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը։ Հանրաքվեին դրված հարցին դեմ է արտահայտվել 24 ընտրող կամ 0,02%-ը, իսկ անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ կամ 0,09%-ը (ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք)։
Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի օրը ադրբեջանական ուժերը փորձել են խոչընդոտել համապետական կարևորագույն միջոցառման բնականոն ընթացքը, սակայն արցախահայությունը, լի վճռականությամբ և տոգորված անկախությունը վերականգնելու ձգտումով, մասնակցել է հանրաքվեին, իսկ հանրաքվեին չմասնակցած զանգվածը, ինչպես արդեն նշվեց, կազմել են ադրբեջանցիները։
Ադրբեջանի և նրա «գիտնականների» զեղծարարությունների մասին
Սույն աշխատանքի շրջանակներում թեև մենք խնդիր չենք դրել իրավական գործընթացներին տալ քաղաքական գնահատական, բայց և այնպես քաղաքական որոշ խեղաթյուրված ու անհիմն մեկնաբանություններին պետք է տանք իրավական գնահատական։ Այսպես, ադրբեջանցի որոշ «գիտնականներ» փորձում են «ապացուցել», թե իբր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն անօրինական է, զուրկ որևէ իրավական հիմքից և այլն, սակայն չեն ներկայացնում կոնկրետ իրավական փաստարկներ։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը. «Լեռնային Ղարաբաղում 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի անցկացումը, որի արդյունքներով գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է անկախ պետություն, համարվում է ապօրինի և ինչ-որ իրավական հետևանքներ չի առաջացնում» (И.М.Маммадов, Т.Ф.Мусаев 69)։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Թաիր Տագիզադեի կարծիքով՝ «.... անիրական է խոսել հանրաքվեի անցկացման մասին, մինչև չվերականգնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական կազմը, մինչև երկու համայնքների համար հավասար պայմաններ չստեղծվեն։ Դրան հավելած Ադրբեջանի սահմանադրությունը չի նախատեսում հանրաքվեի անցկացում առանձին վերցրած շրջանում։ Ըստ մեր երկրի գլխավոր օրենքի' հանրաքվեն կարող է լինել միայն համազգային և նրան պետք է մասնակցեն երկրի ամբողջ բնակչությունը» (Карабахский конфликт։ азербайджанский взгляд 169)։ Այստեղ տեղին է ներկայացնել ականավոր միջազգայնագետ, պրոֆեսոր Յու. Բարսեղովի հետևյալ
113
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
տեսակետը. «.... Չնայած Ադրբեջանական ԽՍՀ կառավարության նպատակաուղղված ժողովրդագրական քաղաքականության արդյունքում նրանց թվաքանակը 20-րդ դարի 20-ական թվականների սկզբից մինչև ղարաբաղյան շարժման սկիզբը 7000-ից հասել է 30 հազարի, այն կազմել է ընդամենը 23 % և, բնականաբար, հանրաքվեի արդյունքների վրա ազդել չէր կարող» (Ю. Барсегов 13), բացի այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից ստեղծվել էին բոլոր հավասար պայմանները, սակայն դրանից հրաժարվել են ադրբեջանցիները' չմասնակցելով հանրաքվեին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովի խոսքերով՝ «.... անհնար է ճանաչել 1991 թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում անօրինական և ինքնակամ անցկացված այսպես կոչված հանրաքվեի արդյունքները, քանի որ այն, համաձայն իրավաբանների փորձագիտական եզրակացության, անցկացվել է ԽՍՀմ օրենսդրության խախտմամբ, չի ունեցել իրավական հիմք' չխոսելով արդեն միջազգային իրավունքին համապատասխանելու մասին» (Азербайджан исключил)։
Հանրաքվեի վերաբերյալ ամբողջ նյութի մանրակրկիտ ու հետևողական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հանրաքվեի իրավաչափությունը ժխտող տեսակետները զուրկ են որևէ հիմնավորումից, դրանք սոսկ զգացական հարթության վրա են, անտրամաբանական և ուղղակի հնարավոր չէ որպես փաստարկ դիտարկելը։
Կարևոր է ուշադրություն դարձնել ևս մի կարևոր հանգամանքի, որը վերաբերում է Ադրբեջանում անցկացված հանրաքվեին։ Ինչպես հայտնի է, 1991 թ.-ի օգոստոսի 30-ին Ադր.ԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին հռչակագիր, որին հաջորդել է հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության ԳԽ-ի կողմից «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին»
սահմանադրական ակտի ընդունումը, իսկ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում անցկացվել է համաժողովրդական քվեարկություն։ Ընդ որում, հանրաքվեի քվեաթերթիկներում մտցվել էր միայն մեկ հարց. «Դուք կո՞ղմ եք «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտին»։
Հիշյալ հանրաքվեն Ադրբեջանի անկախության վերականգնման ընթացքում կիրառված «իրավական» գործընթացներից ամենախայտառակն ու անիմաստն է, քանի որ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի գլխավոր պահանջն այն էր, որ միութենական հանրապետությունում անցկացվի հանրաքվե, իսկ Ադրբեջանի հանրաքվեն անցկացվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ին՝ Ալմա-Աթայի՝ ԱՊՀ հռչակագրի ընդունումից 8 օր հետո, երբ արդեն ԽՍՀՄ-ը փաստացի և իրավաբանորեն գոյություն չուներ և դրա անցկացումն անտրամաբանական ու անիմաստ էր։
Նախքան այդ հանրաքվեն Ադրբեջանում անցկացվել է ևս մեկը։ 1991 թ.-ի մարտի 17-ին ԽՍՀՄ տարածքում անցկացվել է ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե, որի մասնակիցների 76.4 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ
պահպանմանը։ Այդ հանրաքվեին մասնակցել է նաև Ադրբեջանի բնակչությունը, որի 93.3 %-ը նույնպես կողմ է արտահայտվել Միության պահպանմանը։ Ընդ որում, ինչպես այս հանրաքվեին, այնպես էլ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին չի մասնակցել ԼՂՀ բնակչությունը։ Եթե ընտրությունների պարագայում ամեն ինչ պարզ է, քանի որ այդ ժամանակ ԼՂՀ-ն արդեն հռչակված պետություն էր, ապա հանրաքվեի պարագայում իրերի դրությունն անհասկանալի է։ 1991 թ.-ի մարտի 17-ի և դեկտեմբերի 29-ի հանրաքվեների միջև կա հակասություն, քանի որ առաջինի դեպքում ադրբեջանցիները կողմ են արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը, իսկ երկրորդ դեպքում հաստատել «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտը, որն ինքնին բացառում է նախորդի իրավական հետևանքները։ Ընդ որում, դա
114
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
միջազգային պրակտիկայում եզակի դեպք է: Ի դեպ, ԽՍՀՄ պահպանման
հանրաքվեին չեն մասնակցել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Մերձբալթյան հանրապետությունները:
Եզրակացություն
Ամփոփելով վերոշարադրյալ նյութը՝ նպատակահարմար ենք համարում առաջադրել հետևյալ եզրահանգումները՝
- ԼՂՀ անկախության հանրաքվեի իրավական արժեքը նախ և առաջ այն է, որ դրա արդյունքում ժողովրդի միաձայն քվեի միջոցով իրավաբանորեն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության' որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հայեցակարգը, այսինքն՝ այդ պետաիրավական ակտը բավարար հիմք է հանդիսացել անկախ պետականություն հիմնադրելու համար,
- անկախության հանրաքվեի իրավական արժեքը նաև նրանում է, որ, չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանրաքվեի և ընտրությունների հետ կապված որևէ միջազգային պարտավորություն չուներ և հիմա էլ չունի, այնուհանդերձ դրա անցկացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է ուղարկել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, իսկ վերջիններս իրենց կազմած «ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների մասին» ակտում փաստել են, որ քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման ընթացակարգում դիտորդների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ենթադրում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել ԽՍՀՄ Սահմանադրությանը, օրենսդրությանը, տեղական իրավական ակտերին, ինչպես նաև միջազգային իրավունքի տառին ու ոգուն խիստ համապատասխան,
- հանրաքվեի իրավական արժեքը դրսևորվում է նաև նրանում, թե որքանով է իրագործվում դրա միջոցով ընդունված որոշումը, քանի որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ քաղաքացիները վստահությունը կորցնում են այդ ինստիտուտի նկատմամբ' ընդունված որոշման չիրացվելու պատճառով1,
- ԼՂՀ անկախության հանրաքվեն նոր իրողություն ու մշակույթ դարձավ արցախահայության իրավական կենցաղում և նպաստավոր հիմք հանդիսացավ ԼՂՀ-ում անմիջական ժողովրդավարության ձևավորման ու արմատավորման, ինչպես նաև նոր ինստիտուտի' Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստեղծման համար, որը պետք է համակարգեր այդ բոլոր գործընթացները։ Տարիներ անց վստահաբար կարելի է ասել, որ ԼՂՀ իրավաքաղաքական պատմության մեջ խոշորագույն միջոցառում համարվող Անկախության հանրաքվեի և ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի ընտրությունների անցկացման նպատակով ստեղծված Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր առաքելությունը կատարել է անբասիր ձևով,
- ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի գործկոմի ընդունած որոշումների ուսումնասիրությունն անառարկելիորեն վկայում է, որ մի կողմից դրանց հիմքում ընկած էին միջազգային իրավունքի դրույթները, ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, որոնք «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի եզրափակիչ մասի
1 Խոսքն այն մասին է, որ 1991 թ.-ի մարտի 17-ին անցկացվել է հանրաքվե' ԽՍՀՄ' որպես ինքնիշխան հանրապետությունների բարեփոխված դաշնության պահպանման նպատակով, որին մասնակցած ընտրողների ճնշող մեծամասնությունը (70,12 %-ը) կողմ է արտահայտվել։ Սակայն 1991 թ.-ի դեկտեմբերին դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը։ Արդյունքում քաղաքացիները թերահավատորեն էին մոտենում հանրաքվեի' որպես պետական նշանակության հարցերով որոշում ընդունելուն ազդելու միջոցի արդյունավետությանը։ Այս մասին ավելի մանրամասն տե'ս Каденко В.В. Институт референдума в процессе политикоправовой легитимации основного закона России / Юристь – Правовед, 2009, № 5, էջ 23.
115
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
համաձայն' «չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և Հանրապետության առանձնահատկություններին», իսկ մյուս կողմից հետևողական վերաբերմունք կար այդ որոշումները հանրության սեփականությունը դարձնելու, տվյալ պարագայում՝ «Խորհրդային Ղարաբաղ»1 («Սովետսկի Կարաբախ») թերթի և զանգվածային լրատվության այլ միջոցներով բնակչությանը հասու դարձնելու (ԼՂՀ ժողովրդական) ուղղությամբ,
- ԼՂՀ հռչակման օրվանից սկսած Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂՀ-ին առնչվող ցանկացած հակաօրինական քայլի տրվում էր համարժեք իրավական պատասխան, որն էլ ստանում էր օրենսդրական ձևակերպում, մասնավորապես' եթե 1991 թ.-ի օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է հռչակագիր «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», ապա 3 օր անց դրան հաջորդել է Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների ժողովրդական պատգամավորների կողմից «ԼՂՀ հռչակման մասին» Հռչակագրի ընդունումը: Եթե 1991 թ.-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ԳԽ որոշում է ընդունում «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը» լուծարելու մասին2, ապա հաջորդ օրը գումարվում է ԼՂՀ ժողպատգամավորների Խորհրդի նիստ, որտեղ որոշում է ընդունվում դեկտեմբերի 10-ին անցկացնել անկախության հանրաքվե, դեկտեմբերի 28-ին' ժողպատգամավորների ընտրություններ, իսկ նոյեմբերի 28-ի որոշմամբ կազմավորվում է ԼՂՀ Սահմանադրության մշակման հանձնաժողով։ Եթե վերոհիշյալ դեպքերում Ադրբեջանի ձեռնարկած քայլերից հետո էր ԼՂՀ-ն համարժեք պատասխան տալիս, ապա ԼՂՀ-ում հայտարարված անկախության հանրաքվեից որոշ ժամանակ անց է միայն Ադրբեջանում կայանում հանրաքվե։ Տարօրինակն այն է, որ Ադրբեջանում անկախության տոնը նշվում է հոկտեմբերի 18-ին' սահմանադրական ակտի ընդունման օրը, այլ ոչ թե հանրաքվեի օրը, որը, ի դեպ, բազմաթիվ աղբյուրներում չի հիշատակվում կամ թռուցիկ կերպով է հիշատակվում,
- Անկախության հանրաքվեից մի քանի օր անց' դեկտեմբերի 28-ին, ԼՂՀ-ում տեղի են ունեցել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները, որով հիմք դրվեց օրենսդիր մարմնի ստեղծմանը։ Դրան հաջորդել է մինիստրների խորհրդի (կառավարության), իսկ 1994թ.-ի դեկտեմբերի 22-ին՝ Նախագահի ինստիտուտի ստեղծումը, որոնք ներհատուկ են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ժամանակակից պետություններին' հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքը, և որոնց վրա դրված էր այդ մարմիններին բնորոշ գործառույթներ, որոնք, տարիների ընթացքում դիմակայելով ժամանակի փորձությանը և ավելի հստակորեն բաժանելով լիազորությունները, իրենց արտահայտությունն են գտել երկրի Հիմնական օրենքում։
1 Ադրբեջանի կողմից 1992թ.-ի փետրվարի 16-ին Ստեփանակերտ մայրաքաղաքը գնդակոծելու հետևանքով ոչնչացվել է մարզային պետական արխիվի այն մասը, որտեղ պահվում էին նաև «Խորհրդային Ղարաբաղ» թերթի համարները։ Հիշյալ թերթի 1991 թ.-ի հուլիս-դեկտեմբերի համարները երկար պրպտումներից հետո չենք գտել նաև ՀՀ Ազգային գրադարանում։ Սակայն լՂհ ժողպատգամավորների Խորհրդի գործկոմի որոշումները, ինչպես նաև «ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու մասին» ժամանակավոր կանոնակարգով պարտադիր հրապարակման ենթակա նյութերը թերթի հայերեն ու ռուսերեն համարներում տպագրվելու մասին վկայել են Մաքսիմ Հովհաննիսյանը, Արտաշես Գասպարյանը, Վարդգես Բաղրյանը' նրանց հետ ունեցած զրույցի ժամանակ։
2 Այդ որոշումից 2 օր անց ԽՍՀՄ Պետխորհրդի 1991 թ.-ի նոյեմբերի 28-ի որոշմամբ այն ճանաչվել է հակասահմանադրական, ինչը նշանակում էր, որ հիշյալ որոշումը չունի որևէ իրավաբանական ուժ։ Այս մասին տե'ս «Известия», 28.11.1991г.; А.Манасяан, «Конфликт между Азербайджаном и НКР в прававом контексте распада СССР», «Голос Армении», 16.07.1993г.
116
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
- Վերջապես Անկախության հանրաքվեն, որպես ժողովրդաիշխանության դրսևորման կարևոր ինստիտուտ, մեծ ներդրում ունեցավ երկրում սահմանադրականության ձևավորման գործում, քանի որ, չնայած ԼՂՀ հռչակումից 15 տարի անց է ընդունվել Սահմանադրությունը, հանրաքվեի ամբողջ գործընթացը եղել է աշխարհում ընդունված սահմանադրական նորմերի պահանջներին խիստ համապատասխան:
Օգտագործված գրականություն
1. Բաղրյան Վարդգես. Տեսադաշտ։ 1988-1994 (ղարաբաղյան ազատամարտ), Ստեփանակերտ, «Սոնա» գրատուն, 2011։ Տեսանյութը' Վարդգես Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» ֆիլմաշարի սկավառակ 1, Կողմ Ա, հաղորդում 9։
2. Օհանջանյան Մուշեղ. Անկախության քայլերը. «Սոնա»
գրահրատարակչություն, 1998։
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ (այսուհետ՝ ԼՂՀ ՊԱ), ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 309, թ. 61-62։
4. ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի գործոմի թիվ 5/147 որոշումը, 3/150 որոշման 2-րդ կետը, 6/153 որոշման 2-րդ կետը, 1/154 որոշման 2-րդ կետը և այլն։
5. ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության արխիվ։
6. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։
7. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։
8. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։
9. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 1, կ. 50, պ. մ. 296, թ. 1։
10. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ. 16։
11. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ. 63-64
12. ԼՂՀ ՊԱ, ֆ. 1, ց. 2, կ. 28, պ. մ. 331, թ. 65։
13. ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.4։
14. ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.63-64։
15. ԼՂՀ ՊԱ, ֆ.1, ց.2, կ.28, պ.մ.331, թ.7։
16. ԼՂՀ, ՊԱ, ֆ. 1, ց. 3, կ. 11, պ. մ. 62, թ. 18։
17. ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք, http://cecnkr.am:
18. Азербайджан исключил признание результатов референдума 1991 года в Нагорном Карабахе // http://www.vestikavkaza.ru/news/politika/oppoz/32125.html, 27.01.2017.
19. Армяно-азербайджанский конфликт։ история, право, посредничество / И.М.Маммадов, Т.Ф.Мусаев. 2-е изд.-Тула։ Гриф и К, 2007.
20. Барсегов, Юрий. Исторические и правовые основания разрешения проблемы Нагорного Карабаха.
21. Де-факто образования постсоветского пространства։ двадцать лет государственного строительства, Аналитические доклады Института Кавказа, №5, январь 2012, С.Маркедонов; Науч. ред. А.Искандарян, Ер., Институт Кавказа, 2012.
22. Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной
республики из СССР» № 1409-1 от 3 апреля 1990 года,
http://sevkrimrus.narod.ru/ZAKON/1990.htm, 01.09.2021.
23. «Известия», 28.11.1991г.; А.Манасяан, «Конфликт между Азербайджаном и НКР в прававом контексте распада СССР», «Голос Армении», 16.07.1993г.
24. Каденко В.В. Институт референдума в процессе политико-правовой легитимации основного закона России / Юристь – Правовед, 2009, № 5.
25. Карабахский конфликт։ азербайджанский взгляд։ Сборник/сост.։ ИА REGNUM.-М.։ Издательство «Европа», 2006.
117
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
Work cited
1. Armjano-azerbajdzhanskij konflikt: istorija, pravo, posrednichestvo [The
Armenian-Azerbaijani conflict история history, law, mediation] / I.M.Mammadov, T.F.Musaev. 2-e izd.-Tula։ Grif i K, 2007.
2. Azerbajdzhan iskljuchil priznanie rezul'tatov referenduma 1991 goda v Nagornom Karabahe [Azerbaijan has ruled out recognition of the results of the 1991 referendum in Nagorno-Karabakh] // http://www.vestikavkaza.ru/news/politika/oppoz/ 32125.html, 27.01.2017.
3. Baghryan Vardges. Tesadasht։ 1988-1994 (gharabaghyan azatamart) [Field of view. 1988-1994 (Karabakh Liberation War)], Step'anakert, «Sona» gratun, 2011: Tesanyut'y'՝ Vardges Baghryani «T'ert'elov patmut'yan e'jery'» [Flipping through the pages of history] filmashari skavar'ak 1, Koghm A, haghordum 9.
4. Barsegov Yuirj. Istoricheskie i pravovye osnovanija razreshenija problemy Nagornogo Karabaha [Historical and legal grounds for resolving the Nagorno-Karabakh problem]
5. De-fakto obrazovanija postsovetskogo prostranstva: dvadcat' let
gosudarstvennogo stroitel'stva, Analiticheskie doklady Instituta Kavkaza, №5, janvar' 2012 [De facto formation of the post-Soviet space: twenty years of state-building, Analytical reports of the Institute of the Caucasus, No. 5, January 2012], S.Markedonov; Nauch. red. A.Iskandarjan, Er., Institut Kavkaza, [] 2012.
6. «Izvestija», 28.11.1991g.; A.Manasjaan, «Konflikt mezhdu Azerbajdzhanom i NKR v pravavom kontekste raspada SSSR», «Golos Armenii», [The Conflict between Azerbaijan and Nagorno-Karabakh pravovom in the context of the collapse of the Soviet Union", "Golos Armenii"] 16.07.1993g.
7. Kadenko V.V. Institut referenduma v processe politiko-pravovoj legitimacii osnovnogo zakona Rossii [Institute of referendum in the process of political and legal legitimization of the basic law of Russia] / Jurist' - Pravoved, 2009, № 5, e'j 23.
8. Karabahskij konflikt: azerbajdzhanskij vzgljad: Sbornik/sost.: IA REGNUM.-M.: Izdatel'stvo «Evropa» [The Karabakh conflict Azerbaijani view], 2006.
9. Ler'nayin Gharabaghi Hanrapetut'yan petakan arxiv [State Archive of the Nagorno-Karabakh Republic] (aysuhet՝ LGhH PA), f. 1, c. 2, k. 28, p. m. 309, t'. 61-62.
10. LGhH Kentronakan y'ntrakan hand'najhoghovi pashtonakan kayq [Official website of the NKR Central Election Commission], http://cecnkr.am.
11. LGhH jhoghovrdakan patgamavorneri Xorhrdi gorc'omi t'iv 5/147 oroshumy', 3/150 oroshman 2-rd kety', 6/153 oroshman 2-rd kety', 1/154 oroshman 2-rd kety' & ayln. [Decision of the Council of People's Deputies of the NKR No. 5/147, paragraph 2 of decision 3/150, paragraph 2 of decision 6/153, paragraph 2 of decision 1/154, etc.]
12. LGhH KA LGhH vostikanut'yan arxiv. [NKR Police Archive]
13. LGhH PA, f. 1, c. 1, k. 50, p. m. 296, t'. 1.
14. LGhH PA, f. 1, c. 1, k. 50, p. m. 296, t'. 1.
15. LGhH PA, f. 1, c. 1, k. 50, p. m. 296, t'. 1.
16. LGhH PA, f. 1, c. 1, k. 50, p. m. 296, t'. 1.
17. LGhH PA, f. 1, c. 2, k. 28, p. m. 331, t'. 16.
18. LGhH PA, f. 1, c. 2, k. 28, p. m. 331, t'. 63-64.
19. LGhH PA, f. 1, c. 2, k. 28, p. m. 331, t'.65.
20. LGhH PA, f.1, c.2, k.28, p.m.331, t'.4.
21. LGhH PA, f.1, c.2, k.28, p.m.331, t'.63-64.
22. LGhH PA, f.1, c.2, k.28, p.m.331, t'.7.
23. LGhH, PA, f. 1, c. 3, k. 11, p. m. 62, t'. 18.
24. O'hanjanyan Mushegh. Ankaxut'yan qaylery'. [Steps to Independence] «Sona» grahratarakchut'yun, 1998.
118
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
25. Zakon SSSR «О porjadke reshenija voprosov, svjazannyh s vyhodom sojuznoj respubliki iz SSSR» [The Law of the USSR "On the procedure for resolving issues related to the withdrawal of the Union Republic from the USSR"] № 1409-1 ot 3 aprelja 1990 goda, http://sevkrimrus.narod.ru/ZAKON/1990.htm (01.09.2021).
THE ROLE OF THE INDEPENDENCE REFERENDUM OF DECEMBER 10, 1991 IN THE FORMATION OF THE REPUBLIC OF ARTSAKH
AVETIK HARUTYUNYAN
Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Founder-Chairman;
«Artsakh» Research Institute, Director;
Journal «Scientific Artsakh», Editor-in-Chief;
Ph.D. in Law, Associate Professor,
Stepanakert, The Republic of Artsakh (NKR)
The purpose of the article is to identify the legal foundations, prerequisites, progress, results of the referendum on independence and the assessments given by the competent structures.
To achieve this goal, the following tasks were put forward: to study archival documents concerning the referendum of December 10, 1991, the opinions of international observers and, comparing the current legislation of the NKR with the USSR and international law, to give an unbiased assessment of the referendum process.
Methods of analysis, synthesis, induction, deduction and historical-comparative methods were used in the course of the study.
The main conclusion of the study is that the legal value of the referendum on the independence of the NKR, first of all, is that as a result of this, the Concept of building the Nagorno-Karabakh Republic as a sovereign, democratic and legal state was legally approved by the unanimous vote of the people, that is, this state-legal act became a sufficient basis for the creation of an independent statehood.
In addition, the study of the decisions adopted by the Executive Committee of the Council of People's Deputies of the NKR indicates that, on the one hand, they were based on the provisions of international law, the Constitution and legislation of the USSR, which, according to the final part of the declaration «Оп the Proclamation of the NKR», «do not contradict the goals and principles of this declaration and the peculiarities of the Republic», and on the other hand, there was a consistent attitude to the transformation of these decisions into the property of society, in this case, in the direction of informing the population via the «Soviet Karabakh» newspaper and other mass media.
Keywords: Nagorno-Karabakh (Artsakh) Republic, independence referendum, December 10, 1991, International observer, Declaration «On the Proclamation of the NKR», USSR Law «On the Procedure for Resolving Issues Related to the Withdrawal of the Union Republic from the USSR», Central Election Commission, falsification of Azerbaijan.
119
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021
РОЛЬ РЕФЕРЕНДУМА 10 ДЕКАБРЯ 1991 ГОДА В ПРОЦЕССЕ ФОРМИРОВАНИЯ РЕСПУБЛИКИ АРЦАХ
АВЕТИК АРУТЮНЯН
учредитель и председатель Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), директор Научно-исследовательского института «Арцах», главный редактор журнала «Научный Арцах», кандидат юридических наук, доцент, г. Степанакерт, Республика Арцах
Целью статьи является представить правовые основы, предпосылки, процесс проведения референдума о независимости, его результаты, а также его оценки со стороны правомочных структур.
Для достижения целей были поставлены следующие задачи: изучить архивные документы о референдуме 10 декабря 1991 года и отзывы международных наблюдателей и дать объективную оценку процессу референдума, основываясь на сопоставлении законодательств СССР и НКР с нормами международного права.
В ходе исследования были использованы методы анализа, синтеза, индукции, дедукции, а также сравнительно-исторический метод.
Основной вывод исследования заключается в том, что правовая основа референдума о независимости НКР, в первую очередь, заключается в том, что единогласным принятым голосованием народа было юридически обосновано положение о провозглашении Нагорно-Карабахской Республики как суверенного, демократического и правового государства, то есть этот государственно-правовой акт стал достаточной основой для создания независимой государственности.
Кроме того, изучение решений, принятых исполкомом Совета народных депутатов НКР, свидетельствует о том, что с одной стороны, в их основе лежали положения международного права, Конституция и законодательство СССР, которые, согласно заключительной части декларации «о провозглашении НКР», «не противоречат целям и принципам настоящей Декларации и характеристикам Республики», с другой стороны, наблюдался последовательный подход к тому, чтобы эти решения стали достоянием общественности,например, через газету «Хордаин Карабах» («Советский Карабах») и другие средства массовой информации.
Ключевые слова: Нагорный Карабах (Арцах), Республика, референдум о независимости, 10 декабря 1991, международный наблюдатель, Декларация «О независимости НКР», Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР», Центральная избирательная комиссия, фальсификация Азербайджана.
120