Научная статья на тему 'Իրան-Վրաստան հարաբերություններն ու Հայաստանի գործոնը'

Իրան-Վրաստան հարաբերություններն ու Հայաստանի գործոնը Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
657
289
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Վրաստան / Իրան / երկկողմ շփումներ / ժամանակագրություն / առևտրաշրջանառություն / տրանսպորտ / էներգետիկա / բնական գազ / տարանցում / եռակողմ ձևաչափ / օգտակար հնարավորություններ։

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Վահագն Աֆյան

Վրաստանի և Իրանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներում տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, որոնք ներկայացված են հոդվածում։ Այս երկու պետությունների միջև հարաբերությունների նոր զարգացումները մատուցվում են ժամանակագրական կարգով։ Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Վրաստանի և Իրանի համար. այս առումով Երևանը պետք է առաջ քաշի Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկներ: Հայաստանը և Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE RELATIONS BETWEEN IRAN AND GEORGIA AND THE FACTOR OF ARMENIA

Recently, a number of notable events have occurred in internal and external political developments of Georgia and Iran, which are presented in the article. New developments in the relations between these two countries are discussed chronologically and with appropriate references. The role and importance of Armenia for Iran and Georgia is also discussed, based on which Armenia could propose trilateral regional cooperation projects. Armenia and Georgia may maintain balance in their relations with EU and Eurasian Economic Union (EAEU), as well as help with transit of Iranian energy and other goods to various European countries.

Текст научной работы на тему «Իրան-Վրաստան հարաբերություններն ու Հայաստանի գործոնը»

ԻՐԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Վահագն Աֆյան’

Բանալի բաոեր Վրաստան, Իրան, երկկողմ շփումներ, ժամանակագրություն, առևտրաշրջանառություն, տրանսպորտ, էներգետիկա, բնական գազ, տարանցում, եռակողմ ձևաչափ, օգտակար հնարավորություններ։

Ներածություն

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ աննախադեպ և շրջադարձային հաղթանակ տարավ «Վրացական երազանք» դաշինքը միլիարդատեր, հետագայում նաև կարճ ժամանակ երկրի վար-չապետ դարձած Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ: Փաստացի այդ իրադարձությամբ նոր ձևավորված քաղաքական դաշինքը երկրի իշխանական համակարգից դուրս մղեց 2003թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ղեկավարումը ստանձնած Միացյալ ազգային շարժում կուսակցությանն ու նրա առաջնորդին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Այնուհետև վարչապետ Իվանիշվիլու և նախագահ Սաակաշվիլու միջև ծավալված սուր պայքարն ավարտվեց 2013թ. հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններով, որտեղ հաղթանակ տարավ Իվանիշվիլու ներկայացրած թեկնածուն կրթության և գիտության նախկին նախարար Գիորգի Մարգվելաշվիլին։ Իվանիշվիլին իր փոխարեն առաջադրեց ՆԳ նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլուն: Նախագահի և վարչապետի միջև որոշակի առումով հակասություններ առաջացան նաև այս անգամ հիմնականում պայմանավորված երկրի ղեկավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հանգամանքներով: 2015թ. դեկտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնեց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար, ապա ԱԳ նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, որն առավել համերաշխ գործակցության դրսևորումներ է ցուցաբերում նախագահ Մարգվելաշվիլու հետ։ Այդուհանդերձ, Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը հիմնավորապես որևէ փոփոխություն չկրեց, չնայած ռուսական կողմի հետ հարաբերությունների,

՚ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու, բ.գ.թ.։

մասնավորապես տնտեսական բաղադրիչի բարելավմանն ուղղված քայլերին: Տվյալ բնագավառի ամենանշանակալից իրադարձությունը 2014թ. հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Վրաստանի Ասոցացման պայմանագրի ստորագրումն էր, որն ամբողջապես ուժի մեջ մտավ 2015թ. դեկտեմբերի 24-ին ԵՄ 28 երկրների կողմից վավերացման գործընթացի ավարտից հետո։

2013թ. հունիսի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար (1989-2005թթ.) Հասան Ռո-հանին: Մինչ այդ' 2005-ից ի վեր, երկրի նախագահն էր Մահմուդ Ահմադինեժա-դը, որը մասնավորապես իր նախագահության երկրորդ շրջանում մի շարք հակասությունների մեջ հայտնվեց հոգևոր իշխանության հետ: Բացի այդ, Ահմադի-նեժադի օրոք Իրան-Արևմուտք հարաբերությունների ամենաթեժ թեման դարձավ Իրանի միջուկային ծրագիրը, և արդյունքում Իրանի նկատմամբ սահմանվեցին միջազգային տնտեսական պատժամիջոցներ: Ի տարբերություն խիստ պահպանողական, սակայն ոչ հոգևորական Ահմադինեժադի, չափավոր բարեփոխիչ և բարձրաստիճան հոգևորական Ռոհանիի նախագահության օրոք 2015թ. ապրիլի 2-ին Լոզանում, իսկ այնուհետև հուլիսի 14-ին, Վիեննայում Իրանի ու «վեցյակի» միջև («E3/EU+3» ԱՄՆ, ՌԴ, Չինաստան և Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, կամ «5+1»' ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) երկարատև բանակցություններն ավարտվեցին շրջանակային և համապարփակ համաձայնագրի կնքմամբ, որի տրամաբանական շարունակությամբ և Համատեղ գործողությունների համապարփակ պլանով 2016թ. հունվարի 16-ին չեղարկվե-ցին Իրանի նկատմամբ սահմանված ՄԱԿ ԱԽ1, ԵՄ և ԱՄՆ որոշ պատժամիջոցներ: ԵՄ-ը միաժամանակ հիշեցրել է, որ կշարունակի Իրանի դեմ սահմանել պատժամիջոցներ կապված երկրում մարդու իրավունքների խախտումների հետ, ինչպես նաև սահմանափակիչ այլ միջոցներ կապված միջուկային ծրագրի հետ։ Իսկ ԱՄՆ-ը շարունակում է պատժամիջոցներ սահմանել մի շարք անձանց ու կազմակերպությունների հանդեպ, որոնք կապված են Իրանում բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի հետ։ Իրանի նկատմամբ շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, որոնք նախատեսված են 2015թ. հուլիսին ընդունված ՄԱԿ ԱԽ N2231 բանաձևով2։

1 ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներ. №696-2006թ., №737-2007թ., №747-2007թ., N1803-2008թ., N1835-2008թ., ա929-2010թ., №224-2015թ.

2 Resolution 2231 adopted by the Security Council at its 7488th meeting, on 20 July 2015, http://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=S/RES/2231(2015)

Իրաե-Վրաաոան երկկողմ հարաբերությունները

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ. մայիսի 15-ին։ 1993 և 1994 թվականներից ի վեր համապատասխանաբար Թբիլիսիում և Թեհրանում սկսել են գործունեություն ծավալել ԻԻՀ և Վրաստանի դեսպանությունները։ Իրանն ու Վրաստանը մշտապես ունեցել են փոխշահավետ կապեր, մասնավորապես քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում։ Այդ կապերը պատմական են և խոր մշակութային արմատներ ունեն։

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի տվյալների 2015թ. Իրանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է $127.6 մլն, ընդ որում Վրաստանից Իրան արտահանումը կազմել է $35.7 մլն, Իրանից Վրաստան ներմուծումը $91.9 մլն։ 2014թ. առևտրաշրջանառությունը կազմել է $150.8 մլն, Վրաստանից Իրան արտահանումը կազմել է $28.2 մլն, Իրանից Վրաստան ներմուծումը $122.6 մլն, 2013թ. $176.6 մլն (ամենաբարձր ցուցանիշը), Վրաստանից Իրան արտահանումը կազմել է $46.9 մլն, Իրանից Վրաստան ներմուծումը $129.7 մլն, 2012թ. $118.8 մլն, Վրաստանից Իրան արտահանումը $18.5 մլն, Իրանից Վրաստան ներմուծումը $100.3 մլն, 2011թ. $81 մլն, Վրաստա-նից Իրան արտահանումը $16.2 մլն, Իրանից Վրաստան ներմուծումը $64.8 մլն, 2010թ. $70 մլն, Վրաստանից Իրան արտահանումը $14.9 մլն, Իրանից Վրաս-տան ներմուծումը $55 մլն։ Նախքան այդ առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ չի գերազանցել $50 միլիոնը:

Իրանի և Վրաստանի առևտրատնտեսական հարաբերությունները նկատելիորեն ընդլայնվեցին 2010-2013թթ.1, որի ընթացքում մի քանի անգամ ավելացավ իրանցի զբոսաշրջիկների թիվը, ինչն էլ ներդրումային ծրագրերի խթան հանդիսացավ։ Սակայն ԱՄՆ ճնշումներն ու Թբիլիսիի հնազանդությունը հանգեցրին նրան, որպեսզի Վրաստանը վերանայի իր հարաբերությունները։ Արդյունքում Վրաստանը փոփոխեց պատժամիջոցների մեջ գտնվող այդ երկրի հետ հարաբերությունները առավել կարևորելով դեպի ԵՄ և ՆԱՏՕ իր ուղղվածությունը։ Սակայն թե' իրանական, թե' վրացական կողմի պաշտոնատարները գիտակցում են, թերևս, երկու երկրների հարաբերությունների ոչ միակողմանի և փոխշահավետ կարևորության իրողությունը։ Դրա վառ վկայություններից են վերջին շրջանում կրկին համեմատաբար ակտիվացած շփումներն ու առանց մուտքի արտոնագրային ռեժիմի անցնելու որոշումը։

2016թ. փետրվարի 8-ին վրացական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց կայացավ Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև, որի

1 Alexander Rondeli, “Iran and Georgia-relations could be closer”, Georgian Foundation for Strategic and International Studies, 2014, http://gfsis.org/media/download/library/articles/rondeli/18-rondeli_ENG.pdf

ընթացքում Ռոհանին անդրադարձավ նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման հարցին1։ Հաջորդ օրը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան տեղեկացրեց Իրանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին2: Արդյունքում 2016թ. փետրվարի 15-ից Վրաստանը կրկին Իրանի հետ սահմանեց ոչ վիզային ռեժիմ, որը միակողմանիորեն դադարեցվել էր 2013թ. հուլիսի 1-ին3։ Միջազգային պատժամիջոցներից Իրանի շրջանցման պատճառաբանությամբ դադարեցվեց նաև վրաստանաբնակ իրանցիների մոտ 150 բանկային հաշիվ4։ Երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին առաջին անգամ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2010թ. նոյեմբերի 3-ին ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի Վրաստան կատարած այցի շրջանակներում ստորագրված համաձայնագրով, որի ընթացքում պաշտոնապես բացվեց նաև Բաթումում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը5։

ԻԻՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումից հետո «TAV-Georgia» օպերատոր ընկերությունը (թուրքական «TAVAirportsHolding» ընկերության դուստր ընկերություն, տնօրինում է Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանները) հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ է վարում իրանական երեք խոշոր ավիաընկերությունների «MahanAiry-ի, «ATAAirlines>»ի և «QeshmAiry-ի հետ դեպի Վրաստան թռիչքներ սկսելու վերաբերյալ6։

Հատկանշական է, որ 2013թ. օգոստոսի 4-ին ԻԻՀ նախագահի երդմնակա-լության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրանում է գտնվել Վրաստանի սփյուռքի նախկին նախարար Կոնստանտին Սուրգուլաձեի գլխավորած պատվիրակությունը։ Իսկ 2013թ. նոյեմբերի 17-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը Թբիլիսիում ներկա է գտնվել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը։ Նա Վրաստանում է գտնվել նաև 2014թ. մարտի 4-8-ը, երբ երկու երկրների ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ։

2014թ. ապրիլի 22-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Վրաստանի նորա-նշանակ դեսպանի հետ հանդիպմանն անդրադառնալով Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Իրանի ժողովրդի հետաքրքրությանը նշել է. «Իրանի համար շատ կարևոր է Սև ծովի նավահանգիստներին, այդ թվում Փոթիի նավա-

1 President in a telephone conversation with Georgian PM, http://www.president.ir/en/91868

2 Georgia to Reintroduce Visa-Free Rules with Iran from Feb.15, http://www.civil.ge/eng/article.php?id=28971

3 Georgia Revokes Visa-Free Rules with Iran, http://www.civil.ge/eng/article.php?id=26235

4 Justice Minister: Georgia Enforces Iran Sanctions Strictly, http://www.civil.ge/eng/article.php?id=26200

5 Iranian FM on ‘Historic’ Visit to Georgia, http://www.civil.ge/eng/article.php?id=22812

6 Վրաստանի ներքաղաքական իրավիճակի տեսություն (2016թ. փետրվար), http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14518

հանգստին միանալը: Մենք նպատակադրված ենք մեր երկաթգիծն Ադրբեջանի տարածքով միացնել Վրաստանին»1։

Երկու երկրների միջև շփումների համեմատաբար տևական դադարից հետո բավական նշանակալից էին 2014թ. սեպտեմբերի 4-ին Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեի իրանական կողմի հետ ունեցած հանդիպումները: Այդ այցի ընթացքում ԻԻՀ մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտնել է, որ երկու երկրների համագործակցության ընդլայնման ուղղությամբ Իրանում և Վրաստանում պատշաճ նախադրյալներ կան, մասնավորապես էներգետիկայի և արդյունաբերության բնագավառներում, որոնցում մասնավոր հատվածի ակտիվացմամբ կարելի է նոր էջ բացել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում2։ Այցի արդյունքների վերաբերյալ Ջափարիձեն այնուհետև նշել է, որ այն բավական բարդ էր, քանի որ իրանական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր3։

Վերոնշյալ (կարելի է նաև անվանել բեկումնային) այցից հետո, 2015թ. հունվարի 25-26-ը Թեհրանում է գտնվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դա-վիթ Ուսուպաշվիլու գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումներ են կայացել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հետ։ Քննարկվել են էներգետիկայի և տրանսպորտի, ինչպես նաև ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման բնագավառներում համագործակցության հարցեր։ Իրանական կողմն անդրադարձել է վիզայի վերացման անհրաժեշտությանը4։

2015թ. մայիսի 6-ին Իրան-Վրաստան առևտրատնտեսական խորհրդի նախագահ Սեյեդե Ֆաթեմե Մողիմին հայտնել է, որ դեպի Վրաստան արտահանվող իրանական հիմնական ապրանքները շինանյութերն են, այդ թվում՝ ցեմենտ, գաջ, բիտում և ապակի, իսկ Վրաստանից Իրան ներկրումների ապրանքային խմբերում ներառված է հիմնականում գյուղմթերքը։ Առևտրատնտեսական խորհրդի նախագահը Իրան-Վրաստան առևտրային կապերի մասին ավելացրել է, որ իրանական կողմի համար դեպի ԵՄ տանող ուղիներից մեկը կարող է հանդիսանալ Վրաստանը, մասնավորապես Փոթիի նավահանգիստը։ «Այդ հասանելիությունը կարող է մեր առևտրային կապերի համար նպաստավոր պայմաններ ստեղծել, քանի որ տվյալ ուղղության փոփոխությունը կհանգեցնի նրան, որպես-

1 President in a meeting with new Georgian Ambassador, http://www.president.ir/en/76840

2 Грузия и Иран обсудили сотрудничество, http://www.apsny.ge/2014/eco/1409886397.php

3 У нас был очень сложный визит в Иран, http://www.interpressnews.ge/ru/politickru/63196-2014-09-09 -06-14-17.html?ar=A

4 Глава Парламента Грузии проводит встречи в Иране, http://www.civil.ge/rus/article.php?id=26822

զի դեպի Եվրոպա գնալու համար չօգտվենք միայն Թուրքիայի մեկ ուղուց: Այդ տեսանկյունից էլ Վրաստանը կարող է նոր հենարան դառնալ Իրանի տնտեսության համար»,- ասել է Ֆաթեմե Մողիմին1։

2015թ. մայիսի 18-20-ը Վրաստանի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար, ներկայում երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցով գտնվում էր Թեհրանում։ Հատկանշական է, որ ավելի քան 10 տարի դադարից հետո երկու երկրների միջև կայացել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը2: Միջկառավարական հանձնաժողովի վրացական կողմի համանախագահ Կվիրիկաշվիլին հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև քննարկումներ են ծավալվել Իրանի նավթի, էներգետիկայի ու կոոպերացիաների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունների ղեկավար կազմի հետ։ Այցի ընթացքում Թեհրանում է գտնվել նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան3:

Իրան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ ԻԻՀ կոոպերացիաների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի միջազգային հարցերով տեղակալը, նշելով, որ երկու երկրները տարանցման և էներգետիկայի համագործակցության բնագավառներում փոխլրացնող կողմեր են հանդիսանում միմյանց համար, ասել է, որ իրանական ընկերությունները նպաստավոր պայմաններ ունեն հէկերի և ջրամբարների կառուցման համար։ Միջկառավարական նիստի բացման խոսքում փոխնախարարն ավելացրել է, որ Վրաստանում նավթազտարանի և նավահանգստային ենթակառուցվածքների կառուցումն իրանական կողմի միջոցով ևս այն ուղղություններից է, որ պետք է գրավի վրացական կողմի պաշտոնատարների ուշադրությունը։ Ըստ նախարարի տեղակալի արտոնյալ կամ առանց սակագների առևտուրը նպաստավոր մթնոլորտ կստեղծի երկու երկրների համագործակցության համար։ Հանձնաժողովի աշխատանքներն ընթացել են համագործակցության երեք էներգետիկայի, հաղորդակցության և առևտրի; բանկային և ներդրումային; գիտության, մշակույթի և սոցիալական բարեկեցության ենթահանձնաժողովներում։ Իրանական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է ԻԻՀ կոոպերացիաների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Ալի Ռաբիին4։

1 Մոհեմթարիե թաբադոլաթե Իրան վա Գորջեսթաե (Իրանի և Վրաստանի ամենանշանակալից փոխանակումները, պարսկ.), http://isna.ir/fa/news/

2 Грузия и Иран подписали меморандум о взаимопонимании, http://novost.ge/

3 Тбилиси и Тегеран станут городами-побратимами, http://www.apsny.ge/2015/pol/1431980033.php

4Հաջմե ոավաբեթե թեջաբի բեյնե Իրան վա Գոբջեսթան աֆպայեշ միաբադ (Ավելանում է Իրանի և Վրաստանի առևտրային հարաբերությունների ծավալը, պարսկ.) http://www.irna.ir/fa/News/81612156/

2015թ. հուլիսի 29-ին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուբազ Սանիկի-ձեն Թբիլիսիում ընդունել է իրանական խորհրդարանական պատվիրակությանը։ Քննարկվել են վրացական նավահանգիստներով էներգակիրների փոխանակման, ինչպես նաև իրանական կողմին հետաքրքրող Վրաստանից ոռոգման ջրի մատակարարման հարցեր1։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման, ինչպես նաև վերը նշված քննարկումներ են ծավալվել 2015թ. օգոստոսի 8-9-ը Գուբազ Սանիկիձեի Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում2։ Իսկ 2015թ. սեպտեմբերի 3-ին Նյու Յորքում կայացել է երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների Լարիջանիի և Ուսուպաշվիլու հերթական հանդիպումը, որի ընթացքում իրանական կողմը կրկին անդրադարձել է ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման հեռանկարին3։

2015թ. սեպտեմբերի 13-ին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին Թբիլիսիում իրանական «Ղադիր» ներդրումային ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է Վրաստանի հարկային և մաքսային օրենսդրությունն ու ներդրումային դաշտը և հույս հայտնել, որ իրանական ներդրումային ընկերությունը կմասնակցի Վրաստանի համապատասխան ծրագրերին4:

Հավելենք նաև, որ այդ ընթացքում Վրաստանի բնական գազի կարիքներն ապահովելու համար երկրի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի ռուսական «Գազպրոմի», ադրբեջանական SOCAR-ի և իրանական կողմի հետ բանակցություններին անդրադարձավ Վրաստանի նախկին վարչա-պետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և իր աջակցությունը հայտնեց գազի մատակարարումների դիվերսֆիկացման գաղափարին, այդ թվում նաև «Գազպրոմի» հետ բանակցություններին։ Նա 2015թ. հոկտեմբերի 27-ին, մասնավորապես, հայտարարեց. «Մենք, այդ թվում նաև ես, ձգտում ենք ակտիվ լինել այն հարցում, որպեսզի Վրաստանը ստանա իրանական գազ»5։ Կալաձեն 2015թ.

1 The meeting of Gubaz Sanikidze and Shalva Kiknavelidze with MPs of Iranian Parliament, http://www.parliament.ge/en/media/axali-ambebi/parlamentis-tavmdjdomaris-moadgilis-gubaz-sanikidzis-da-diasporisa-da-kavkasiis-sakitxta-komitetis-tavmdjdomaris-pirveli-moadgilis-shalva-kiknavelidzis-shexvedra-iranis-islamuri-respublikis-medjlisis-wevrebtan.page

2 The meeting with the Speaker of Parliament of Iran, Ali Larijani, http://parliament.ge/en/media/axali-ambebi/saqartvelos-saparlamento-delegacia-iranis-islamuri-respublikis-medjlisis-parlamentis-tavmdjdomares-ali-laridjans-shexvda.page

3 Iran Keen to Promote Parliamentary Ties with Georgia: Larijani, http://www.tasnimnews.com/en/ news/2015/09/03/848512/iran-keen-to-promote-parliamentary-ties-with-georgia-larijani

4 Georgia Keen on Promoting Economic Cooperation with Iran, http://cbw.ge/business/georgia-keen-on-promoting-economic-cooperation-with-iran/

5 Иванишвили призвал закупать газ у России и Ирана, http://vz.ru/news/2015/10/27/774706.html

նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ վրացական կողմն Իրանը դիտարկում է որպես գազի հնարավոր մատակարար, և որ նպատակ կա բանակցել նաև իրանական կողմի հետ1։

Նոյեմբերի վերջին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարեց, որ Իրանն արդեն Ռուսաստանի հետ քննարկում է նավթով ու գազով փոխանակում իրականացնելու համաձայնագրի դետալները, որի մասին 2015թ. դեկտեմբերի 8-ին հաստատեց նաև «Գազպրոմի» հանրային բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վրացական կողմի հետ բանակցություններում քննարկվել է Իրանից Հայաստան գազի մատակարարման թեման, Միլլերը նշեց. «Այո , թեման շոշափվել է, ներկայում մենք մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողությունների հարցեր»2։

2015թ. դեկտեմբերի 10-ին Կալաձեն հայտարարեց, որ «Գազպրոմի» ներկայացուցիչներն ակնարկել են, որ հնարավորություն ունեն Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով, ինչը Վրաստանի համար չափազանց անշահավետ է: Միաժամանակ նշելով, որ Վրաստանն Իրանը դիտարկում է որպես հնարավոր գազամատակարար, նա ասաց. «Իրանը շատ հետաքրքիր շուկա է։ Մենք արդեն սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ»3։

Այդուհանդերձ, բավական ուշագրավ էր, որ 2015թ. դեկտեմբերի 23-ին Երևանում Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները պայմանավորվեցին էլեկտրաէներգիայի հաղորդման համակարգի և չորս երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի զարգացմանն աջակցելու համատեղ աշխատանքի շուրջ։ Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին հուշագիր «Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին», որը վերաբերում է տեխնիկական և օրենսդրական շրջանակների ուսումնասիրմանը չորս երկրներում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերի սինքրոն աշխատանքի համար։ Վրաս-տանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքով բացի էներգափոխանակումից ակնկալվող օգուտներից, Վրաստանը նաև հնարավորություն կստանա ձմռանն էլեկտրաէներգիա ներմուծել Իրանից, երբ էլեկտրաէներգիայի մեծ սպառման պատճառով երկրում դրա դեֆիցիտ է ձևավորվում4։

1 Грузия и "Газпром" ведут переговоры об увеличении поставок газа, http://ria.ru/economy/20151028/1309622400.html

2 "Газпром" прорабатывает с Ираном вопросы обменных операций по газу, http://ria.ru/economy/20151208/1338599881.html

3 Грузия и "Газпром" не достигли окончательного решения по транзиту газа, http://sputnik-georgia.ru/economy/20151210/229428880.html

4 Վրաստանի իրավիճակի տեսություն. արտաքին քաղաքականություն (2015թ. դեկտեմբեր), http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14369

Անդրադառնալով իրանական գազի հնարավոր մատակարարումներին պետք է հիշատակել նաև, որ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին 2016թ. հունվարի 4-ին հայտարարեց. «Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում նախնական պայմանավորվածության համաձայն մենք պետք է գազը հասցնենք Հայաստանի սահման, իսկ Վրաստանն այն կստանա Հայաստանի հետ սահմանին»1։

Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլիա Էլոշվիլին 2016թ. հունվարի 6-ին հայտարարեց. «Որպեսզի գազը հասնի Իրանից, այն պետք է անցնի Հայաստանի տարածքով և 700 միլիմետրանոց խողովակաշարով։ Այդ խողովակաշարին տիրում է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, և հետևաբար ենթա-կառուցվածքն էլ նրանն է։ Եթե մենք Իրանից ստանանք գազ, ապա մենք հարկադրված կլինենք տարանցման համար վճարել «Գազպրոմին»։ Վրաստանը հնարավորություն ունի գազ ստանալ Ադրբեջանից, Ռուսաստանից ու Իրանից։ Բոլոր երեք երկրների հետ էլ պետք է ունենանք բաց բանակցություններ»2։

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջանցքի ձևավորմանը, հատկանշական է, որ 2016թ. հունվարի 12-ին Բաքվում կայացած տրանսպորտային ուղիների ստեղծմանը նվիրված քառակողմ (Իրան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա) հանդիպման արդյունքներով սահմանվել է Բոմբեյի նավահանգստից Իրանի տարածքով դեպի Սև ծով բեռնափոխադրման երեք ուղի3: Իսկ 2016թ. հունվարի 19-21-ը Թեհրանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ.Բեգլարյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային, մասնավորապես՝ Բուլղարիայի և Հունաստանի հետ կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ: Ըստ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ա.Ախունդիի այն հանդիսանում է Պարսից ծոցը Սև ծովին կապող չորրորդ ուղին4։

Իրանի միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, 2016թ. հունվարի 24-ին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ըստ որի Վրաստանն այլևս չի զգուշանում Իրանի հետ հարաբերություններում և այդ կապակցությամբ լավա-

1 Iran in talks to send gas to Georgia, http://www.presstv.ir/Detail/2016/01/04/444434/Iran-gas-export-Georgia-Armenia-Kameli/

2 У Грузии могут возникнуть обязательства перед «Газпромом» в случае поставок газа из Ирана – замминистра, http://www.apsny.ge/2016/ecoZ1452132691.php

3 АЖД предлагает создать транспортный коридор Юг-Запад-Персидский залив-Черное море, http://www.rzd-partner.ru/news/transportnaia-logistika/azhd-predlagaet-sozdat-transportnyi-koridor-iug-zapad-persidskii-zaliv-chernoe-more/

4 Iran, Armenia ink two economic MoUs, http://www7.as.irna.ir/en/News/81929433/

տեսորեն է տրամադրված1: Այնուհետև, 2016թ. փետրվարի 8-ին տեղի ունեցավ վերոնշյալ հեռախոսազրույցը ԻԻՀ նախագահի հետ, որի ընթացքում Ռոհանին, մասնավորապես, նշել է, որ Վրաստանը կարող է դեպի Սև ծով իրանական բեռնափոխադրումների միջանցք դառնալ։ Վարչապետ Կվիրիկաշվիլին, իր հերթին, համոզմունք է հայտնել հարաբերությունների նոր մեկնարկի և Իրանի հետ բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսական կապերի զարգացման պատրաս-տակամության մասին։ Նա միաժամանակ նշել է Իրան կատարելիք այցի մասին և պաշտոնական այցով Թբիլիսի հրավիրել Ռոհանիին2։

2016թ. փետրվարի 10-ին Վրաստանում ԻԻՀ դեսպան Աբաս Թալեբիֆարը հայտարարեց. «Ներկա փուլում տարվում են նախապատրաստական տեխնիկական աշխատանքներ, դիտարկվում են մի շարք երթուղիներ, թե որտեղից Վրաս-տանը կարող է գազ ստանալ Իրանից։ Տարբերակներից մեկն Ադրբեջանով տարանցումն է, որը պատրաստակամություն է հայտնում մեր գազն իր տարածքով հասցնել Վրաստան։ Հայաստանը նույնպես այդպիսի պատրաստակամություն է հայտնում, որպեսզի օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները։ Բացի դրանից կա հավելյալ տարբերակը, դիտարկվում է փոխանակման սկզբունքով գազի փոխադրման հարցը»3։

Նշենք նաև, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում 2016թ. փետրվարի 12-ին կայացավ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարի-ֆի և Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը։ Քննարկվել են տրանսպորտի, մասնավորապես Վրաստանի տարանցիկ հնարավորությունների, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարները4։

2016թ. փետրվարի 15-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն մեկնեց Իրան5։ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Կալաձեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան: Իսկ նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ «Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է Վրաստանի կարիքների համար իրանական գազն այդ երկիր

1 Грузия больше не осторожничает в отношениях с Ираном - премьер, http://www.apsny.ge/2016/pol/1453599571.php

2 Alexander Rondeli, “Iran and Georgia–relations could be closer”, Georgian Foundation for Strategic and International Studies, 2014, http://gfsis.org/media/download/library/articles/rondeli/18-rondeli_ENG.pdf

3 Իրանի մզադ արիս, միածոդոս սաքարթվելոս գազի ոոգորց շիդա մոխմարերիսթվիս, ասեվե տրաեզիտիսթվիս (Իրանը պատրաստ է գազ մատակարարել Վրաստանին, ինչպես ներքին սպառման, այնպես էլ տարանցման համար, վրաց.), http://www.resonancedaily.com/index.php? id_rub=2&id_artc=28020

4 Mikheil Janelidze has met the Foreign Minister of the Islamic Republic of Iran, http://www.mfa.gov.ge/News/

5 Каха Каладзе отправился в Иран на переговоры по газу, http://www.apsny.ge/2016/eco/1455560576.php

արտահանելու հարցը» չմանրամասնելով, թե տարանցիկ երկիրը որն է լինելու: Սակայն, ըստ NIGEC գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելիի վրացական կողմը գազի արտահանման համար պետք է բանակցի Հայաստանի հետ1:

Այդուհանդերձ, 2016թ. մարտի 4-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց. «Մենք հանդիպում ունեցանք, քննարկեցինք այն մասին, թե որքանով է հնարավոր իրանական գազ ստանալը։ Տեսականորեն կա դրա հնարավորությունը, սակայն այսօր այլևս գոյություն չունի նման անհրաժեշտություն։ Մենք համաձայնագիր ենք կնքել ռազմավարական գործընկերոջ (Ադր-բեջանի) հետ, որը կապահովի Վրաստանին բնական գազի մատակարարումներով ու կբավարարի շուկան»2։

2016թ. մարտի 16-ին Թեհրանում կայացել է նաև Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-Հարավ ինչպես տրանսպորտային, այնպես էլ էներգետիկ միջանցքի շուրջ համագործակցության հարցեր3։

2016թ. մարտի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ տարվա ընթացքում Թեհրանում կայանալիք հայ-իրանական ^ջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ կքննարկի նաև Վրաստան իրանական գազի տարանցման հարցը4:

Եզրակացություն

Դատելով վերոշարադրյալից Վրաստանի հետ հարաբերությունների մասով իրանական կողմի համար նախ խնդիր էր դրված վիզայի վերացման հարցը, որը, թերևս, բարձրացվել է վրացական կողմի հետ բոլոր հանդիպումների ընթացքում։ Ապա իրանական կողմը սկսեց հետաքրքրվել Վրաստանի ջրային ռեսուրսներով և զուգահեռաբար դեպի վրացական նավահանգիստներ տրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությամբ։

Իսկ վրացական կողմին, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո, այդ երկիրը սկսեց հետաքրքրել բնական գազի հնարավոր մատակարարումների մասով։ Սակայն տվյալ հարցում կարելի է արձանագրել, որ այն, թերևս, նպատակ էր հետապնդում գազի

1 Իրանը որպես տարանցիկ երկրներ դիտում է միայն Հայաստանին ու Վրաստանին, http://www.panorama.am/am/news/

2 Грузия не будет импортировать природный газ из Ирана, http://www.apsny.ge/2016/eco/1457132653.php

3 Iran, Georgia Weigh Post-JCPOA Cooperation, http://www.tasnimnews.com/en/ news/2016/03/13/1026869/iran-georgia-weigh-post-jcpoa-cooperation

4 http://armenpress.am/arm/news/840905/iranakan-gazi-tarancman-harcy-hh-varchapety-kqnnarki-irani.html

գնային քաղաքականության մեջ զիջումներ կորզել Ադրբեջանից:

Մյուս կողմից, եթե իրանական կողմը դեպի Վրաստան տրասնպորտային հանգույցների փոխկապակցման հարցում առաջնահերթ պայմանավորվածություն ձեռք բերեց Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը դիտարկվում է որպես էլեկտրաէներգիայի տարանցման հիմնական ուղի։

Պաշտոնական Թեհրանը մեծ կարևորություն է տալիս այն փաստին, որ Հայաստանը հանդիսանում է անջրպետ թուրքական պետությունների միջև: Այն առնվազն լուծում է իրանական պետության կայուն զարգանալու խնդիրը, իսկ հեռանկարում կարող է առնչվել նաև անվտանգության խնդիրներին:

Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն արմատապես տարբերվում են Իրան-Ադրբեջան և Իրան-Վրաստան հարաբերություններից: Հայաստանի համար Իրանը, ինչպես նաև Իրանի համար Հայաստանը կարևոր են աշխարհագրական դիրքով, մասնավորապես ճանապարհահաղորդակցային հնարավորությունների առումով: Պաշտոնական Թեհրանը չի ցանկանում իրանական ապրանքները դեպի եվրոպական շուկա արտահանել միմիայն ավանդական մրցակից համարվող Թուրքիայի միջոցով: Չնայած վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում են ադրբեջանական ուղու հնարավորությունները, մասնավորապես Ռուսաստանի (Ղազվին-Ռաշտ-Աստարա) և Վրաստանի (Բաքու-Թբիլիսի-Կարս) հետ երկաթուղային կապի գործարկման տեսանկյունից, այդուհանդերձ, համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում Հայաստանը կարող է վերածվել վստահելի և ամենակարճ տարանցիկ երկրի' Իրան-Սև ծով ճանապարհին: Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղին Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան մայրուղու կառուցումը, ռազմավարական նշանակություն ունի Երևանի համար, որի միջոցով կապ է հաստատվում Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև:

Էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման համար ևս Հայաստանն ունի նպաստավոր պայմաններ։ 2018թ. ակնկալվում է ավարտին հասցնել դեպի Վրաստան և Իրան նոր էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը: Վրաստանի հետ կառուցվող էլեկտրագծով Հայաստանը կմիանա նաև ռուսական համակարգին դառնալով էներգետիկ շղթայի մի մասը: Դրանով շահագրգռված է նաև Իրանը Հյուսիս-Հարավ տվյալ միջանցքը նույնպես օգտագործելու համար։

Ինչպես հայտնի է, Իրանն ունի նավթի և գազի հսկայական պաշարներ. տարբեր հաշվարկներով այդ երկրին բաժին է ընկնում գազի համաշխարհային պաշարների 16-18%-ը։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանը կարող է երկարաժամկետ կտրվածքով գազ արտահանել Եվրոպա, և հուսալի գործընկեր կարող է լինել եվրոպացիների համար: Չնայած Իրանի և

Թուրքիայի միջև Սիրիայի հարցում գոյություն ունեցող հակասություններին իրանական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տեղափոխելը ամենահավանական տարբերակն է:

Իրանական գազի Եվրոպա տեղափոխման տարբերակներից է նաև «Հարավային գազային միջանցքին» Իրանի միանալը: Տեսականորեն հնարավոր է նաև, որ իրանական գազը Եվրոպա փոխադրվի երրորդ երթուղով «Նաբուկկո» գազամուղի միջոցով, որը, սակայն, դեռևս անավարտ նախագիծ է։ Իրանական գազը Եվրոպա փոխադրելու հաջորդ տարբերակը Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցումն է, որը Սև ծովի հատակով իրանական գազը կարող է հասցնել Եվրոպա:

Հայաստանի համար բավական հեռանկարային է նաև համագործակցությունն Իրանի հետ նավթաքիմիական ոլորտում: Երկու երկրների կառավարությունները դիտարկում են Հայաստանում նավթի վերամշակման գործարան կառուցելու հարցը, և այդ ոլորտում համագործակցության խորացումը չի բացառվում, որը Հայաստանը նույնպես կարող է վերածել տարանցիկ երկրի:

Այստեղ է, որ Երևանը պետք է առաջ քաշի Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկներ: Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Վրաստանի և Իրանի համար: Հայաստանը և Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին նպատակահարմար է, որ իրանական կողմը Հայաստանի տարածքում առևտրի կենտրոն հիմնի, որի նպատակը կլինի իրանական ապրանքների, հատկապես փաթեթավորված գյուղմթերքի արտահանում իրականացնել դեպի Վրաստան և Ռուսաստան:

Ուշագրավ է, որ հանրային մակարդակով ևս ընթացող փոխճանաչելիու-թյունն իրականացվում է Հայաստանի միջոցով: Հայկական տուրօպերատորները շարունակում են առաջարկել Հայաստան և Վրաստան համատեղ զբոսաշրջային ուղիներ իրանցի զբոսաշրջիկների համար։ Սակայն անհրաժեշտություն է առաջանում համակարգված աշխատանք տանել համատեղ և կանոնավոր զբոսա-շրջային փաթեթների ներկայացման համար։

Ապրիլ, 2016թ.

ԻՐԱՆ-4ՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Վահագն Աֆյան

Ամփոփագիր

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վրաստանի և Իրանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներում տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, որոնք ներկայացված են հոդվածում։ Այս երկու պետությունների միջև հարաբերությունների նոր զարգացումները մատուցվում են ժամանակագրական կարգով։ Հայաստանը պահպանում է իր կարևորությունը Վրաստանի և Իրանի համար. այս առումով Երևանը պետք է առաջ քաշի Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ծրագրերի առաջարկներ: Հայաստանը և Վրաստանը կարող են որոշակիորեն պահպանել հավասարակշռությունը ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև վերածվել իրանական էներգակիրներն ու ապրանքները եվրոպական տարբեր երկրներ առաքող պետությունների:

ВЗАИМООТНОШЕНИЯ ИРАН-ГРУЗИЯ И ФАКТОР АРМЕНИИ

Ваагн Афян

Резюме

Во внутри- и внешнеполитической жизни Грузии и Ирана произошло несколько событий, анализируемых в статье. Новые вехи во взаимоотношениях этих двух стран представлены в хронологическом порядке. Армения сохраняет свою важность для Ирана и Грузии, и в этом контексте Ереван должен выдвигать предложения по осуществлению региональных проектов Иран-Армения-Грузия. Армения и Грузия могут в определенном смысле сохранять баланс во взаимоотношениях ЕС-ЕЭС, а также стать странами-поставщиками иранских энергоносителей и товаров в разные страны.

THE RELATIONS BETWEEN IRAN AND GEORGIA AND THE FACTOR OF ARMENIA Vahagn Afyan

Resume

Recently, a number of notable events have occurred in internal and external political developments of Georgia and Iran, which are presented in the article. New developments in the relations between these two countries are discussed chronologically and with appropriate references. The role and importance of Armenia for Iran and Georgia is also discussed, based on which Armenia could propose trilateral regional cooperation projects. Armenia and Georgia may maintain balance in their relations with EU and Eurasian Economic Union (EAEU), as well as help with transit of Iranian energy and other goods to various European countries.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.