Научная статья на тему 'Տարածքային հակամարտությունները Եվ փոխադարձ չեզոքության պահպանման հարցը Հայաստան-Վրաստան երկխոսության օրակարգում'

Տարածքային հակամարտությունները Եվ փոխադարձ չեզոքության պահպանման հարցը Հայաստան-Վրաստան երկխոսության օրակարգում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
415
100
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
տարածաշրջանային անվտանգություն / Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր / Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններ / Հայաստան-Վրաստան հարաբերություններ:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ռոման Կարապետյան

Հայաստան-Վրաստան երկկողմ փոխհարաբերությունների գլխավոր հարցերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում փոխադարձ չեզոքության պահպանման հարցն է: Վերջին երկու տասնամյակներում, մի կողմից, Վրաստանի և Ադրբեջանի միջև, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով, համագործակցությունը զարգացման դինամիկ տեմպեր ունի: Այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Հայաստանի դեմ ուղղության նոր երանգներ է ստանում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TERRITORIAL CONFLICTS AND THE ISSUE OF MUTUAL NEUTRALITY IN THE AGENDA OF THE ARMENIAN-GEORGIAN DIALOGUE

One of the main issues on the agenda of the Armenian-Georgian bilateral relations is to keep neutrality on the Nagorno-Karabakh, Abkhazia and South Ossetia conflicts. Over the last two decades the cooperation between Georgia and Azerbaijan on the one hand, and in AzerbaijanGeorgia-Turkey trilateral format, on the other, has a dynamic pace of development. In these circumstances, Georgian military and political cooperation with Turkey and Azerbaijan gains new overtones of being directed against Armenia.

Текст научной работы на тему «Տարածքային հակամարտությունները Եվ փոխադարձ չեզոքության պահպանման հարցը Հայաստան-Վրաստան երկխոսության օրակարգում»

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ռոման Կարապետյան*

Բանալի բաոեր տարածաշրջանային անվտանգություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններ, Հայաստան-Վրաստան հարաբերություններ:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասը դարձավ տարածքային հակամարտությունների ամենաթեժ կետերից մեկն աշխարհում, որտեղ ժամանակային փոքր տարբերությամբ գլուխ բարձրացրին Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները: Կարճ ժամանակահատվածում դրանք վերաճեցին տարածքային լայնամասշտաբ հակամարտությունների ներառելով ներքին և արտաքին բազմաթիվ ակտորների: Ավելի քան երկու և կես տասնամյակների ընթացքում հակամարտությունների կողմերին չի հաջողվում գտնել դրանց լուծման բանալին, և այժմ էլ այս երեք հակամարտությունները շարունակում են պարբերաբար ցնցել և ապակայունացնել տարածաշրջանային հարաբերական անդորրն ու կայունությունը:

Ներկայում այս երեք հիմնահարցերից առավել ակտիվ վիճակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Խնդրի մի կողմում կանգնած են ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող Արցախի հայ ժողովուրդն ու նրա անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, իսկ մյուս կողմում Ադրբեջանը: Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում հատվում են, մի կողմից, անկախության ճանապարհը բռնած երկու ինքնավար հանրապետությունների ու նրանց հիմնական դաշնակից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից էլ Վրաստանի շահերը: Փաստորեն, տարածաշրջանում առկա հակամարտությունները դուրս են եկել երկկողմ կամ տարածաշրջանային մակարդակից և արտաքին ակտորների թվի պակաս չեն

՚ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պ.գ.թ.։

զգում: Հենց արտաքին դերակատարների թիվը, հետևաբար նրանց շահերի բախումն ու կարծիքների տարամետությունն էլ բերում է նրան, որ հակամարտությունների կարգավորման գործընթացները հեռու են դրական միտումներ արձանագրելուց:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջ-նահերթություններից են հարևան երկրների հետ փոխհարաբերությունների կարգավորումն ու զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և անվտանգ զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Այս հրամայականներից ելնելով առաջին հերթին կարևորվում է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Վրաստանի հետ հարաբերությունները, ինչն առավել արժևորվում է երկրի երկկողմանի շրջափակման պայմաններում: Սակայն Հայաստանն ու Վրաստանն ունեն սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումներ արտաքին քաղաքական և տնտեսական գործընկերների ընտրության հարցում: Տարածաշրջանում վերջին մի քանի տարիների զարգացումներն ու տնտեսաքաղաքական տեղաշարժերը կողմերին մշտապես հեռացնում են միմյանցից, և Վրաստանը ժամանակի ընթացքում դառնում է հենց այդ նույն շրջափակման մի օղակը: Ներկայում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա

եռակողմ ձևաչափով հարաճուն համագործակցությունը ոչ միայն վտանգում է Վրաստանի «խարխուլ չեզոքությունը» Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, այլ նաև անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար: Եթե 1990-ականներին և 21-րդ դարի առաջին տասնամյակում այդ համագործակցությունն ուներ հիմնականում տնտեսական ձևաչափեր, ապա այժմ այն վերաճում է քաղաքական և ռազմական համագործակցության [1, pp. 11-20]: Դժվար է ակնկալել, որ այս պայմաններում Վրաստանը կկարողանա պահպանել լիարժեք չեզոքություն Լեռնային Ղարաբաղի հարցում, հատկապես, եթե վերջին ժամանակներում արդեն ականատես ենք լինում հակառակ պատկերի առավել հաճախակի դրսևորումների:

Տարածքային հակամարտությունների վերաբերյալ ներկա դիրքորոշումները հասկանալու համար նախ անհրաժեշտ է մի փոքր հետ նայել և փորձել դիտարկել հակամարտություններում երկու երկրների պաշտոնական դիրքորոշումների փոփոխման դինամիկան: 1991թ. մարտին այդ ժամանակ դեռ Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Զ.Գամսախուրդիան իր

ելույթներից մեկում ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճին մենք չենք ուզում միջամտել: Նախկինում ես մի անգամ նշել եմ, որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, բայց այսօր ես չեմ կարող ունենալ այդպիսի դիրքորոշում» [2, էջ 35]: Այս ելույթի շեշտադրումից կարող ենք եզրակացնել, որ Զ.Գամսախուրդիան, թեպետ անձնական բացահայտ համակրանք ուներ հայկական կողմի հանդեպ, սակայն որպես պետական պաշտոնյա չէր կարող ասել այն, ինչի մասին հայտարարել էր նախկինում: Կարծում ենք, որ այս գիծը պահպանվեց նաև Վրաստանի հաջորդ նախագահների ղեկավարման տարիներին:

Պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը փոխվում էր Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց: Վրաստանը, չնայած Աբխազական հակամարտության սրմանն ու թուրքիայի որոշ շրջանակների բացահայտ աջակցությանը վերջինիս, ակտիվորեն զարգացնում էր հարաբերությունները Թուրքիայի հետ: Դրանով Վրաստանը ձգտում էր երկու հիմնական խնդիր լուծել.

1. թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի տնտեսության

վրա այն փոխարինելով թուրքական մասնաբաժնով,

2. Թուրքիայի միջոցով զարգացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ:

1992թ. մարտին արդեն Անկարա կատարած այցից հետո Վրաստանի պետական խորհրդի նախագահ Է.Շևարդնաձեն հայտարարեց, որ Թուրքիայի հետ Վրաստանի հարաբերությունները մոտ են ռազմավարական լինելուն [3, էջ 43-44]։

Ղեկավարման առաջին տարիներին Էդ.Շևարդնաձեի ղարաբաղյան հիմ-նախնդրի կարգավորման միջնորդական ջանքերն առավել ակտիվ էին: 1992թ. գարնան սկզբին նա հանդես եկավ հայտարարությամբ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը այդ հարցում տեսնելով նաև Վրաստանի ակտիվ միջնորդության հեռանկարը: Ապրիլին Էդ.Շևարդնաձեի միջնորդությամբ Անկարայում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակից Ա.Էլչի-բեյի հետ: Հաշվի առնելով այն, որ հանդիպումը կազմակերպվել էր Թուրքիայի նախագահ Թ.Օզալի հուղարկավորության ընթացքում և տևել է ընդամենը րոպեներ, չենք կարող խոսել դրա արդյունավետության մասին [4, с. 468]։

1992թ. մայիսի 6-ին Թբիլիսի ժամանեց Իտալիայի խորհրդարանի անդամ Մ.Ռաֆայելին ԵԱՀԽ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցերով Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման գործում Վրաստանի և անձամբ Էդ.Շևարդնաձեի դերն ու կարգավիճակը որոշելու նպատակով: Հաստատելով հիմնախնդրի կարգավորման հարցին իր նպաստը բերելու պատրաստակամությունը իտալացի խորհրդականի հետ հանդիպման ժամանակ Էդ.Շևարդնաձեն կարծիք հայտնեց, որ հակամարտության կարգավորմանն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանային երկր-ների մասնակցությամբ երկխոսության մեկնարկը: Նա առաջարկում էր խորհրդակցությունների շարք անցկացնել Անդրկովկասի երեք երկրների մասնակցությամբ [5]։ Հետաքրքիր է, որ ընդամենը երեք ամիս անց արդեն Էդ.Շևարդնաձեն խոսում էր ոչ թե եռակողմ, այլ քառակողմ ձևաչափով երկխոսության մեկնարկի մասին դրա մեջ տեսնելով նաև Թուրքիային: Կարծում ենք, որ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման մեջ այս փոփոխությունը խոսում էր միմիայն Թուրքիայի հետ աճող համագործակցության մասին [6]։

Հետագայում Էդ.Շևարդնաձեն առավել պասիվ դիրքորոշում որդեգրեց: Նախ, Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների հետ կապված, սրվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, որից հետո Ռուսաստանի հետ կապող ուղիները գրեթե կտրվեցին, և Վրաստանը հայացքը հառեց դեպի Թուրքիան: Էդ.Շևարդնաձեն լավ գիտակցում էր նաև, որ տարածաշրջանում Վրաստանի դերի բարձրացումը պայմանավորված էր հենց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով. Ադրբեջանն աստիճանաբար ընդգրկվում էր արևելք-արևմուտք էներգետիկ հաղորդակցության ծրագրերի մեջ, որոնք վերջինիս համար, Հայաստանի հետ հարաբերությունների բացակայության և Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների առկայության պայմաններում, հնարավոր էր կյանքի կոչել միայն Վրաստանի տարածքով:

1990-ական թթ. վերջից վրաց-ադրբեջանական համագործակցությունը նոր փուլ մտավ, որի առաջին առարկայական արդյունքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր: Վրաստանի պաշտոնական շրջանակներում աստիճանաբար սկսեցին ավելի շատ խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ստատուս քվոյի և հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության պահպանման դեպքում է հնարավոր միայն պահպանել և խորացնել տարածաշրջանում Վրաստանի տարանցիկ մոնոպոլիստական

դիրքերը [7, p. 70]: Նույնիսկ այս պայմաններում պաշտոնական Թբիլիսին երբեմն փորձում էր ցույց տալ, թե մտահոգված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: 1999թ. նոյեմբերի 25-ին Վրաստանի կառավարության նիստում նախագահ Էդ.Շևարդնաձեն ասել է. «Թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դարձյալ մեծ բարդություններ կան, սակայն այստեղ Վրաստանին եզակի դեր է պատկանում: Մենք այդ դերը կարող ենք կատարել երկկողմ կամ եռակողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից»1։ Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական հարաճուն համագործակցությանը, ապա Վրաստանի պաշտոնական շրջանակները պաշտոնական շփումների ժամանակ մշտապես փորձել են հավաստիացնել հայկական կողմին, որ այն չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ: 2001թ. գարնանը պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Ի.Մե-նաղարիշվիլին հայտարարեց, որ ցանկացած համագործակցության ֆորում, որին մասնակցում է Վրաստանը, չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ1 2։

Վրաց-թյուրքական համագործակցության հիմքերն էլ ավելի ամրացան Մ.Սաակաշվիլու նախագահության տարիներին, որը ոչ միայն այրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների բոլոր կամուրջները, այլ նաև ամբողջությամբ սևեռվեց դեպի արևմուտք: 2008թ. Հարավային Օսիայի պատերազմով տարածաշրջանի երկրների միջև անդունդն էլ ավելի մեծ ճեղքեր տվեց ավելացնելով տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների չափաբաժինը: Պաշտոնական Երևանը ռուս-վրացական հաշտեցման գործընթացում միջնորդության մի քանի փորձեր արեց, սակայն այդպես էլ չհաջողվեց ստանձնել հաշտարարի դերը: Որքան էլ մեծ էին սպասելիքներն ու կանխատեսումները ռուս-վրացական երկխոսությունը չկայացավ նաև Մ.Սաակաշվիլու հեռանա-լուց հետո: Ավելին, Վրաստանը շարունակեց արտաքին քաղաքականության այն գիծը, որի հիմքերը դրվել էին 1990-ականներին և ամրապնդվել Մ.Սաակա-շվիլու նախագահության տարիներին: 2012թ. Վրաստանի վարչապետ դարձած Բ.Իվանիշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Բաքու: Մեր կարծիքով, այս քայլով նա առաջին հերթին տալիս էր այն հարցերի պատասխանները, որոնք ծագել էին Մ.Սաակաշվիլու հեռանալուց հետո:

Եթե նախկինում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագոր-

1 Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պատմա-դիվանագիտա-կան (ՀՀ ԱԳՆ ՊԴԱ) բաժնի նյութեր, ցուցակ 5, գործ 290, էջ 83։

2 ՀՀ ԱԳՆ ՊԴԱ բաժնի նյութեր, ցուցակ 7, գործ 236, էջ 137։

ծակցությունը հիմնականում ուներ տնտեսական ձևաչափեր, ապա վերջին տարիներին դրանք ներառում են նաև քաղաքական ու ռազմական ուղղություններ: Սա աստիճանաբար բերում է նրան, որ Վրաստանն անխուսափելիորեն հայտնվում է թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական հորձանուտում: Հաճախ նաև ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ են տարածում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Վրաստանի ադրբեջանա-մետ դիրքորոշման մասով: Այդպիսի դեպքերից մեկի վերաբերյալ էլ 2013թ. հունվարի 17-ին Երևան կատարած այցի ընթացքում մեկնաբանություններ կատարեց Վրաստանի վարչապետ Բ.Իվանիշվիլին. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունն աղավաղված էր1, և դրանից հետո տրվել է պաշտոնական պարզաբանում»: Իսկ ինչ վերաբերում է Ի.Ալիևի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը, Վրաստանի վարչապետն ասել է հետևյալը. «Ես փոխանցել եմ Ալիևի դիրքորոշումը Հայաստանի վարչապետին, բայց մանրամասները չեմ ներկայացնի: Այս հարցն իսկապես բարդ է, և առաջիկայում բավական դժվար կլինի այն լուծելը: Ես ցանկանում եմ, որ այն կարգավորվի խաղաղ ճանապարհով»1 2:

2014թ. դեկտեմբերի 10-ին Կարսում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հետևյալ բովանդակությամբ համատեղ հայտարարությունն են արել. «Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առիթով մեկ անգամ ևս կոչ ենք անում շուտափույթ կերպով հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանի տարածաշրջաններում Աբխազիայում և Ցխինվալում առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնո-րեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»3:

1 Նկատի ունի այն, որ ադրբեջանական լրատվամիջոցները, մեկնաբանելով 2013թ. հունվարի 14-ին Լիտվա կատարած այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Մ.Փանջիկիձեի ելույթը, նշել էին, որ վերջինս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր է կարգավո-րեւ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միջոցով:

2 http://www.aravot.am/2013/01/17/316340/

3 http://armenpress.am/arm/news/787713/

Ինչ վերաբերում է հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնելուն, ապա այս մասով Վրաստանում պաշտոնական տեսակետները տարբերվում են: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մ.Փանջիկիձեն հայտարարել է, որ, թեպետ իրենք ունեն լավ հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, չեն պատրաստվում խառնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին1: Փոխարենը, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վ.Կապանաձեն ասել է, որ Վրաստանը, որպես երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունեցող կողմ, պետք է հնարավորության դեպքում միջնորդի դեր ստանձնի1 2։

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության աճի պայմաններում Վրաստանի չեզոքության ապահովման հարցում Հայաստանի խնդիրն ավելի է բարդանում: Այդ համագործակցության հիմքերը դրվել են 2014թ. օգոստոսին Նախիջևանում, որտեղ որոշվել է քայլեր ձեռնարկել եռակողմ ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ, իսկ որպես առաջին քայլ անցկացնել համատեղ զորավարժություններ: Վրաստանի պաշտպանության նախարար Ի.Ալասանիան Նախիջևանում հայտարարել է, որ եռակողմ ձևաչափով հանդիպման նախաձեռնողը վրացական կողմն է միևնույն ժամանակ հավելելով, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ3: Կարծում ենք, որ, որքան էլ պաշտոնական Թբիլիսին այս դաշինքի գործունեության մեջ չի տեսնում Հայաստանի դեմ միտումներ, այնուամենայնիվ, դա անխուսափելի է: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը նմանատիպ ամեն հանդիպման ժամանակ խոսում է այն մասին, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում հարևանների և ողջ տարածաշրջանի երկրների անվտանգության համար:

Եռակողմ ռազմական համագործակցությունը նոր որակներ ստացավ 2015թ ընթացքում: Մայիսի 4-ին Անկարայում երեք երկրների զինված ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է երկաթուղային գծերի և էներգակիրների մատակարարման ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ հարցը: Որոշվել է ստեղծել ռազմական համագործակցությունը համակարգող խումբ4: 2015թ. վերջերից ռուս-թուրքական հարաբերությունների

1 http://armenpress.am/arm/news/704786/lx-khndrum-vrastani-dirqoroshumy-sharunakum-e-mnal-anpopokh.html

2 http://www.azatutyun.am/archive/news/20160404/2031/2031.html?id=27653255

3 http://www.azatutyun.am/content/article/26933461.html

4 http://www.razm.info/63720

սրման ֆոնին, երբ ավելի հաճախակի են դարձել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ պաշտոնական շփումները, Թուրքիան առիթը բաց չի թողնում խոսելու Հարավային Կովկասում առկա տարածքային հակամարտությունների մասին: Եթե նախկինում Թուրքիան խուսափում էր բարձրաձայն խոսել Աբխազիայի և Հարավային Օսիայի պատկանելության հարցում իր դիրքորոշման մասին, ապա ներկայում դա անում է հատուկ շեշտադրումով: 2016թ. փետրվարի 19-ին Թբիլիսիում արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչ Մ.Չավուշօղլուն հայտարարեց, որ Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք1: Բաքվի և Անկարայի ներկայացուցիչները եռակողմ հանդիպումների ժամանակ առիթը բաց չեն թողնում խոսելու նաև հայկական զինված ուժերի «բռնազավթած» տարածքների, նրանց ագրեսիվ գործողությունների և դրանք չեզոքացնելու անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է ներկայացվող հիմնախնդրի հակառակ բևեռին պաշտոնական Երևանը մինչ այժմ պահպանում է կառուցողական չեզոքություն Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրներում: Բոլոր երկկողմ փաստաթղթերում Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրներում առաջնորդվում է չեզոքության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունով: Վրաստանի հետ ձեռք է բերվել համաձայնություն համագործակցել միջազգային կազմակերպություններում և խորհրդակցել նախքան կողմերի համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ դիրքորոշում արտահայտելը, իսկ այն հարցերում, որտեղ դիրքորոշումները տարբերվում են, պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնպահ մնալ1 2: Այդ պայմանավորվածությունները Հայաստանը գրեթե անխափան պահում է: Պաշտոնական Երևանը երբեմն նաև խախտել է այդ պայմանավորվածությունը, սակայն հօգուտ Վրաստանի: Օրինակ, 1998թ. ապրիլի 28-30-ը Մոսկ-վայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում վրաց-աբ-խազական հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նախագահ Ռ.Քո-չարյանը պաշտպանեց Վրաստանի դիրքորոշումը, ինչն, իհարկե, արժանացավ պաշտոնական Մոսկվայի բուռն արձագանքին:

1 http://civilnet.am/2016/02/19/turkey-azerbaijan-georgia-fm-trilateral-tbilisi/#.Vwp2afmLTIU

2 ՀՀ ԱԳՆ ՊԴԱ բաժնի նյութեր, ցուցակ 7, գործ 236, էջ 216։

Պաշտոնական Երևանը մշտապես ջանքեր է գործադրել Վրաստանի տարածքային հակամարտությունների հարցում իր դրական ներուժն օգտագործելու հարցում: Երևանում նույնիսկ մի քանի անգամ կազմակերպվել են վրացական և հարավօսական բանակցող խմբերի ավագ պաշտոնյաների հանդիպումներ1։ Այդ ջանքերն առավել ակտիվացան 2008թ. հարավօսական պատերազմից հետո: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար մեծ կարևորություն է ներկայացնում Աբխազական երկաթուղու բացման հարցը, ուստի, աբխազական և հարավօսական հակամարտությունների կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ունի իր կարևոր տեղը:

Ինչպես վերը նշեցինք, վրացական կողմը չի կարողանում պահպանել պաշտոնական պայմանավորվածությունները: Դրա վառ վկայությունն է այն, որ միջազգային տարբեր հարթակներում Թբիլիսիի ներկայացուցիչները բազմիցս կողմ են քվեարկել ադրբեջանական կամ թուրքական ծագմամբ հակահայկական բանաձևերին: Ամենավերջին վկայությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի և Բոսնիայի ներկայացուցիչների բանաձևերն էին, որոնցից երկուսին էլ նիստերին ներկայացած վրացի երեք պատգամավորները կողմ են քվեարկել: Թեպետ ԵԽԽՎ պատվիրակները չեն ներկայացնում իրենց պետության պաշտոնական դիրքորոշումը, մենք հակված չենք կարծելու, թե նրանք որևէ կերպ հաշվի չեն առնում իրենց պետության արտաքին քաղաքական շահերն ու առաջնահերթությունները: Մյուս կողմից էլ, դա խոսում է տվյալ երկրի, այս դեպքում Վրաստանի, քաղաքական որոշակի շրջանակների դիրքորոշման մասին: Կարծում ենք նաև, որ միջազգային հարթակներում Հայաստանի վերաբերյալ Վրաստանի ներկայացուցիչների գործունեությունը երկու երկրների միջև փախհարաբերություննե-րի հիմնական ցուցիչներից է: Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելին հետևյալ ձևով է մեկնաբանել վրացի պատվիրակների քվեարկությունը. «Ես այլևս ԵԽԽՎ Վրաստանի պատվիրակության անդամ չեմ և ընդամենը մեկ տարի առաջ եմ եղել ԵԽԽՎ-ում խորհրդարանական: Ես չեմ կարող մեկնաբանել իմ գործընկերների որոշումը և քվեարկությունը, քանի որ մենք և խորհրդարանը տարբեր մարդիկ ենք: Բայց կարող եմ ասել, որ եթե նայեք Վրաստանի և Հայաստանի պատվիրակների քվեարկության վիճակագրությունը, ես չեմ կարծում, թե մեկը մյուսից գոհ է: Ես դա կարող եմ իմ ԵԽԽՎ

1 ՀՀ ԱԳՆ ՊԴԱ բաժնի նյութեր, ցուցակ 6, գործ 135, էջ 124։

փորձից ասել: Կարծում եմ, որ այսպես է աշխատում քաղաքականությունը»1: Վրացի պաշտոնյայի ելույթի շեշտադրումներից կարող ենք եզրակացնել, որ Թբիլիսիում էլ մտահոգություններ ունեն հայկական կողմի պահելաձևի մասով: Ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ հարթակներում եղել են դեպքեր, երբ առաջադրվող բանաձևերը վերաբերել են Հարավային Կովկասի երեք հակամարտություններին միաժամանակ: Այս դեպքում, իհարկե, խնդիրն այլ է, և դրանք անհրաժեշտ է այլ հարթության մեջ դիտարկել: Կարծում ենք, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունն ունի մի քանի հիմնական շեշտադրումներ, որոնք բխում են այս հարթակի մեջ ընդգրկված երկրների իրարից բավականաչափ տարբերվող արտաքին քաղաքական խնդիրներից: Այն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի և Հայաստանի դեմ առանձին-առանձին վերցրած, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության դեմ: Մյուս կողմից էլ, այն ունի հակաիրա-նական որոշակի շեշտադրումներ: Թուրքիան դեռևս 1990-ականներից փորձում է հետ պահել Վրաստանին Իրանի հետ համագործակցությունից: Իրանի պաշտոնական շրջանակները մեկ անգամ չէ, որ խոսել են Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների մասին1 2։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս դիվանագիտական խողովակներով հասկացրել է Թբիլիսիին, որ վերջինս չափից շատ մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ հարաբերություններին և անտեսում Իրանի հետ համագործակցելու հեռանկարները3։ Իրանը ցանկանում էր դառնալ դեպի Վրաստան գազ արտահանող հիմնական երկիրը, սակայն Վրաստանը նախընտրեց ադրբեջանական գազը: Կարծում ենք, որ այս հարցում մեծ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ Վրաստանը, արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային տեղում դիտարկելով արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը ինչ-որ տեղ չէր համարձակվում ծավալել հարաբերությունները մի երկրի հետ, որը նույն արևմուտքի կողմից ենթարկվում էր տնտեսական պատժամիջոցների: Ներկայում, երբ այդ պատժամիջոցների մեծ մասը հանվել է, նոր հեռանկարներ են բացվում Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցության համար, որի հիմքերը դրվել են նույն ուղղությամբ գազատարի կառուցման վերաբերյալ պայմանագրի ստորագրումով:

1 http://www.aypoupen.com/4612/armenia-beware-of-the-georgian-friend/

2 ՀՀ ԱԳՆ ՊԴԱ բաժնի նյութեր, ցուցակ 3, գործ 118, էջ 127։

3 ՀՀ ԱԳՆ ՊԴԱ բաժնի նյութեր, ցուցակ 6, գործ 135, էջ 61։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության զարգացման արդյունքում Վրաստանում առաջ են եկել այլ խնդիրներ ևս: Ներկայում Վրաս-տանում արտասահմանյան կապիտալի մեծ մասը թյուրքական ծագում ունի, երկրում ակտիվացել են մահմեդական տարրերը, որոնք ժամանակի ընթացքում կարող են բերել Վրաստանի «թուրքականացմանն» ու անմիջական վտանգ ներկայացնել նրա անվտանգությանը:

Փաստորեն, ներկայում Վրաստանը, մի կողմից, տուրք է տալիս թուրք-ադրբեջանական քաղաքական տանդեմին, մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման բացասական միտումների պայմաններում, էլ ավելի է հեռանում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում վերջինիս հետ բանակցային սեղանի շուրջ նստելու հեռանկարից: Պաշտոնական Երևանն էլ, ունենալով ռազմավարական նշանակության հարաբերություններ Ռուսաստանի հետ, չի աջակցում Վրաստանի կողմից առաջադրվող հակառուսական բանաձևերին: Կարծում ենք, որ այս պարագայում պետք է գտնել մի այնպիսի բանաձև, որի դեպքում կողմերն առաջին հերթին չեն վնասի միմյանց շահերը, և հետո իրենց նպաստը կբերեն հակամարտությունների կարգավորմանը: Կարծում ենք նաև, որ կողմերի ներուժը դեռևս սպառված չէ, և այս առումով նրանք շատ անելիքներ ունեն: Այս պահին լավագույն տարբերակը կլինի փոխադարձ չեզոքության պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, իսկ որպես հեռակա նպատակ պետք է դիտարկել բազմակողմ ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջ նստելու հեռանկարը: 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնամասշ-տաբ ռազմական գործողությունների ծավալման պայմաններում այս հիմնա-խնդիրն առավել քան արդիական է դառնում: Ներկայում մեր խնդիրը պետք է լինի նաև Վրաստանի հետ երկխոսության օրակարգում այս հարցը առավել հստակ դնելը: Վրաստանը պետք է չեզոքություն պահպանի բոլոր ոլորտներում, այդ թվում երբ իր տարածքը տրամադրում է տարանցիկ փոխադրումների համար: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Թուրքիայից և եվրոպական գործընկերներից գնած զենքն ու տեխնիկան ներմուծում է Վրաստանի տարածքով: Մինչդեռ Վրաստանը մշտապես խոչընդոտներ, իսկ երբեմն արգելքներ է ստեղծում Ռուսաստանից Հայաստան ներկրվող զենքի և տեխնիկայի համար: Ներկայացվող հիմնախնդրի ուսումնասիրության արդյունքում փորձել ենք կատարել նաև մի քանի հիմնական հարցադրումներ և եզրահանգումներ:

о

Արդյո ք պաշտոնական Երևանը Վրաստան-Ադրբեջան հարաճուն համագործակցության պայմաններում ունի Թբիլիսիի չեզոքության ապահովման համար բավարար մեխանիզմներ: Կարծում ենք, որ մինչ այժմ մեր գլխավոր և ամենա-արդյունավետ գործիքը եղել և մնում է Վրաստանի հայ համայնքի, մասնավորապես ջավախահայության գործոնը: Ուստի, պետք է ամեն գնով ամրացնել և ուժեղացնել այդ գործոնը: Անհրաժեշտ է նաև ամրացնել Իրան-Հայաստան-Վրաստան ձևաչափով համագործակցությունը, որը կնպաստի թուրք-ադրբե-ջանական շրջափակումից դուրս գալուն: Ընդ որում, այդ համագործակցությունը մեծ չափով կնպաստի և Հայաստանի, և Վրաստանի ապաշրջափակմանը:

Ապրիլ 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Armenian-Georgian Relations: Challenges and opportunities for the Bilateral Cooperation, Yerevan, PSAA, 2014.

2. Գազաեճեաե Կ, Հայաստանի Հանրապետութեաան առաջին տարիները. շաբաթական թղթակցութիւնների հավաքածու, Բեյրութ, 1997:

3. Արշակյան Գ, Եղիազարյան Ա, Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001թթ., «21-րդ ԴԱՐ», #2 (48), 2013:

4. Шилова Р, «Армения и Грузия: добрососедство и связь с внешним миром», Армения: проблемы независимого развития, РИСИ, Москва, 1998.

5. «Վրաստան» շաբաթաթերթ, 16.04.1992:

6. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 18.07.1992:

7. Deriglazova L, Minasyan S, Nagorno-Karabakh: The Paradoxes of Strength and Weakness in an Asymetric Conflict, CIS Research Papers, #3, June 2011.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ-4ՐԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ռոման Կարապետյան

Ամփոփագիր

Հայաստան-Վրաստան երկկողմ փոխհարաբերությունների գլխավոր հարցերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում փոխադարձ չեզոքության պահպանման հարցն է: Վերջին երկու տասնամյակներում, մի կողմից, Վրաստանի և Ադրբեջանի միջև, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով, համագործակցությունը

զարգացման դինամիկ տեմպեր ունի: Այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Հայաստանի դեմ ուղղության նոր երանգներ է ստանում:

ТЕРРИТОРИАЛЬНЫЕ КОНФЛИКТЫ И ВОПРОС ВЗАИМНОГО НЕЙТРАЛИТЕТА В ПОВЕСТКЕ АРМЯНО-ГРУЗИНСКОГО ДИАЛОГА

Роман Карапетян

Резюме

Одной из основных задач в повестке армяно-грузинских двусторонних отношений является вопрос сохранения нейтралитета по проблемам Нагорного Карабаха, Абхазии и Южной Осетии. За последние два десятилетия сотрудничество между Грузией и Азербайджаном, с одной стороны, и трехсторонний формат сотрудничества Азербайджан-Грузия-Турция — с другой, имеет динамичные темпы развития. В этих условиях военнополитическое сотрудничество Грузии с Турцией и Азербайджаном принимает новые антиармянские оттенки.

TERRITORIAL CONFLICTS AND THE ISSUE OF MUTUAL NEUTRALITY IN THE AGENDA OF THE ARMENIAN-GEORGIAN DIALOGUE

Roman Karapetyan

Resume

One of the main issues on the agenda of the Armenian-Georgian bilateral relations is to keep neutrality on the Nagorno-Karabakh, Abkhazia and South Ossetia conflicts. Over the last two decades the cooperation between Georgia and Azerbaijan on the one hand, and in Azerbaijan-Georgia-Turkey trilateral format, on the other, has a dynamic pace of development. In these circumstances, Georgian military and political cooperation with Turkey and Azerbaijan gains new overtones of being directed against Armenia.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.