Научная статья на тему 'ԱՅԼԱԽՈՀԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1950-60-ԱԿԱՆ ԹԹ'

ԱՅԼԱԽՈՀԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1950-60-ԱԿԱՆ ԹԹ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
46
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Այլախոհություն / ՆԱՏՕ / հետստալինյան ժամանակաշրջան / Խրուշչովյան ձնհալ / անկախության շարժում / հողային պահանջատիրություն / Մոսկվայի պայմանագիր / Հայոց ցեղասպանություն / անդրկովկասյան տարածաշրջան / Dissent / NATO / post-Stalin period / Khrushchev thaw / independence movement / land claims / Moscow Treaty / Armenian Genocide / Transcaucasian region

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Շահեն Հարությունյան

20-րդ դարի 60-ական թվականներից ավելի խորացող սառը պատերազմը, «հետստալինյան» քաղաքականության ժամանակաշրջանը, «Խրուշչովյան ձնհալ» կոչվող ներքաղաքական գործընթացներն իրենց ազդեցությունը թողեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների վրա՝ շիկացնելով հասարակական տրամադրությունները։ Խորհրդային բռնատիրական իրականությանը խորթ էին անդամ երկրներում հայրենասիրական շրջանակներում քննարկվող նոր գաղափարները, որոնք հակասում էին պետական գաղափարախոսությանն ու կարգերին։ Երևան է գալիս այլախոհություն տերմինը, ձևավորվում են այլախոհական շարժումներ, որոնք տարբեր ժողովուրդների մեջ ունեին տարբեր առանձնահատկություններ և նախադրյալներ։ Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և բազմակողմանի ներկայացնել Խորհրդային Հայաստանում այլախոհական շարժման առաջացման առանձնահատկություններն ու նախադրյալները։ Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել ԽՍՀՄ-ում խմորվող ներքաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են թողել հասարակական տրամադրություննների սրման և այլախոհության առաջացման վրա։ Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական փաստաթղթերի, արխիվային նյութերի, պայմանագրերի որոշակի վերլուծություն։ Հիմնավորվել է, որ Խորհրդային Միությունում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներն ու նոր քաղաքականության մշակումը սրեցին խորհրդային հասարակական տրամադրությունները, ինչի հետևանքով ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների հայրենասիրական շրջանակներ սկսեցին ձևավորել այլախոհական շարժումներ։ Սույն ուսումնասիրությամբ եզրակացնում ենք, որ հայկական այլախոհական շարժման հիմքում ընկած է 1921 թվականի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը, ինչպես նաև 1952 թվականից՝ ԽՍՀՄ նոր արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PREREQUISITES OF THE DISSIDENT MOVEMENT IN SOVIET ARMENIA 1950-60SS

The escalating Cold War of the 1960s, the "post-Stalin" era of politics, and the internal political processes known as the "Khrushchev thaw" all left their mark on the USSR republics, inflaming the populace. The novel concepts being explored in patriotic groups in the member nations were at odds with the totalitarian reality of the Soviet Union and went against the doctrine and laws of the state. The term "dissent" is used, and dissident movements emerge with varying traits and conditions depending on the population. The article's goal is to examine and thoroughly portray the characteristics and conditions that led to the birth of the dissident movement in Soviet Armenia. The aim was to investigate and analyze the internal political and geopolitical developments taking place in the USSR, which directly affected the deterioration of public opinion and the rise of discord, in order to achieve the goal. Utilizing historical and comparative techniques, the study was conducted. Contracts, historical papers, and official documents all underwent content analysis. It was stated that the Soviet Union's internal political processes and the creation of new policies exacerbated the country's popular attitudes, which led dissident movements to emerge among the patriotic circles of the USSR's diverse peoples. With the present study we come to the conclusion that the Armenian dissident movement is based on the Russian-Turkish treaty of friendship and brotherhood signed on March 16, 1921, as well as the adoption of the new foreign policy course of the USSR towards the Republic of Turkey since 1952.

Текст научной работы на тему «ԱՅԼԱԽՈՀԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1950-60-ԱԿԱՆ ԹԹ»

ԱՅԼԱԽՈՀԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1950-60-ԱԿԱՆ ԹԹ. *

ՀՏԴ 930 DOI: 10.52063/25792652-2023.4.19-43

ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sh.harutvunvan.edu@gmail.com ORCID: 0009-0007-8494-1113

20-րդ դարի 60-ական թվականներից ավելի խորացող սառը պատերազմը, «հետստալինյան» քաղաքականության ժամանակաշրջանը, «Խրուշչովյան

ձնհալ» կոչվող ներքաղաքական գործընթացներն իրենց ազդեցությունը թողեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների վրա՝ շիկացնելով հասարակական տրամադրությունները։ Խորհրդային բռնատիրական իրականությանը խորթ էին անդամ երկրներում հայրենասիրական շրջանակներում քննարկվող նոր գաղափարները, որոնք հակասում էին պետական գաղափարախոսությանն ու կարգերին։ Երևան է գալիս աււաԽոհութւուն տերմինը, ձևավորվում են այլախոհական շարժումներ, որոնք տարբեր ժողովուրդների մեջ ունեին տարբեր առանձնահատկություններ և նախադրյալներ։

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և բազմակողմանի ներկայացնել Խորհրդային Հայաստանում այլախոհական շարժման առաջացման առանձնահատկություններն ու նախադրյալները։

Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել ԽՍՀՄ-ում խմորվող ներքաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են թողել հասարակական տրամադրություննների սրման և այլախոհության առաջացման վրա։

Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական փաստաթղթերի, արխիվային նյութերի, պայմանագրերի որոշակի վերլուծություն։

Հիմնավորվել է, որ Խորհրդային Միությունում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներն ու նոր քաղաքականության մշակումը սրեցին խորհրդային հասարակական տրամադրությունները, ինչի հետևանքով ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների հայրենասիրական շրջանակներ սկսեցին ձևավորել այլախոհական շարժումներ։

Սույն ուսումնասիրությամբ եզրակացնում ենք, որ հայկական այլախոհական շարժման հիմքում ընկած է 1921 թվականի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը, ինչպես նաև 1952 թվականից՝ ԽՍՀՄ նոր արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։

* Հոդվածը ներկայացվել է 07.10.2023թ., գրախոսվել' 18.11.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:

Հիմնաբառեր' այլախոհություն, ՆԱՏՕ, հետստալինյան ժամանակաշրջան, Խրուշչովյան ձնհալ, անկախության շարժում, հողային պահանջատիրություն, Մոսկվայի պայմանագիր, Հայոց ցեղասպանություն, անդրկովկասյան

տարածաշրջան:

Մուտք

1960-ականներից ԽՍՀՄ-ում լայն թափ ստացած այլախոհական շարժումները, որոնք ամբողջովին շրջում էին ոչ միայն Խորհրդային Միության՝ շուրջ չորս տասնամյակների ընթացքում ամրապնդած իրականության մեջ, այլև մեծ հարված էին հասցնում կոմունիստական գաղափարախոսությանը՝ հիմնովին խարխլելով կայսրական պետության գաղափարական հիմքերը։ Այլախոհությունը կարող ենք համարել մտավորականության պայքարը իշխող գաղափարախոսության և պետական կարգերի ու մոտեցումների դեմ։ Խորհրդային Միությունում այլախոհության դրսևորումները խիստ տարբեր էին և բազմաբնույթ, որոնց տարատեսակությունները բխում էին խորհրդային տարբեր պետությունների առանձնահատկություններից և աշխարհընկալումներից։ Խորհրդային հասարակության մեջ այլախոհական դրսևորումների շարժառիթներն ընթանում էին այլախոհական շրջանակների ընկալումների և ձգտումների սահմանագծին համապատասխան։ Ուսումնասիրելով այլախոհական շարժումները՝ կարող ենք փաստել, որ տարակարծության առաջին սաղմերը սկսեցին երևալ Ստալինի մահից հետո, երբ այդ ժամանակաշրջանում թոթափվեցին ստալինյան բռնաճնշումներն ու հալածանքները մարդկանց և ժողովուրդների նկատմամբ։ Մեծ թվով մարդիկ ազատվեցին բանտերից, մեղմվեցին գրաքննությունը, ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժող պայքարը։ Հետստալինյան այս ժամանակահատվածը պատմության մեջ է մտել Խրուշչովյան ձնհալ անունով (Hornsby 3)։ Այս ժամանակահատվածը տիպական է խորհրդային բոլոր հանրապետություննեի համար։ Կարևոր է ընդգծել, որ այլախոհության դրսևորումները և նախադրյալները տարբեր էին՝ կախված տեղային առանձնահատկություններից։ Հաշվի առնելով հետստալինյան ժամանակաշրջանի և Խրուշչովյան ձնհա[ի հետևանքով ստեղծված նոր քաղաքական իրադրությունը, որը պարարտ միջավայր էր այլախոհական դրսևորումների ձևավորման համար, խնդիր ենք դրել սույն հոդվածում ուսումնասիրելու և ներկայացնելու Խորհրդային Հայաստանում այլախոհության ձևավորման նախադրյալների առանձնահատկությունները։

Այլախոհական շարժման նախադրյալները, դրանց առանձնահատկությունները ՀԽՍՀ-ում

1960-ական թվականներից սկիզբ առած այլախոհության, տարակարծության դրսևորումներից անմասն չմնաց Խորհրդային Հայաստանը: Հայկական

այլախոհությունը ունեցել է ամենատարբեր դրսևորումները, որոնցով այլախոհները փորձել են պայքարել մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարությունը վերականգնելու համար, ինչպես նաև հայկական բռնազավթած տարածքների, մասնավորապես՝ Ղարաբաղի և Նախիջևանի հայկական տարածքները մայր հայրենիքին միացնելու, Օսմանյան կայսրության՝ հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը դատապարտելու համար (Հարությունյան 10)։ Բայց հայկական այլախոհական դրսևորումների մեջ ամենացայտուն դրսևորումները կապվել են ազատության և անկախ պետականություն ունենալու հետ։ Հողային, մարդու իրավունքների պաշտպանության պահանջներին զուգահեռ՝ հայ հասարակության անկախության գաղափարի կարևորությունը գերնպատակ համարող շրջանակները սկիզբ են դրել անկախ Հայաստան ունենալու համար հակախորհրդային պայքարի, որը որքան էլ որ հալածվել և փորձ է արվել ճնշվել խորհրդային վարչակարգի

կողմից, միևնույնն է, հայ անկախականները անդրդվելիորեն շարունակել են պայքարը մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ իրենց համեստ ներդրումն ունենալով Խորհրդային կայսրության փլուզման գործընթացում:

Հայկական այլախոհության հիմնավորման համար կարող ենք քննարկել որոշ նախադրյալներ, որոնք էականորեն ազդեցին և ձևավորեցին հայ հասարակական-քաղաքական այլախոհական միտքը, ինչի հետևանքով էլ ծնունդ առավ այլախոհությունը Խորհրդային Հայաստանում, որը շարունակվեց մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Ինչպես արդեն նշել ենք, Խրուշչովյան ձնհալը համընդհանուր կերպով իր դրական ազդեցությունն ունեցավ ամբողջ ԽՍՀՄ հանրապետությունների վրա. բացառություն չէր նաև Խորհրդային Հայաստանը։ Սակայն հայկական այլախոհության ձևավորման ընթացքի մեջ կարևորագույն դեր են ունեցել հայ ժողովրդի պատմական դառը հիշողությունները, որոնք ընդգրկել են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են հայ ժողովրդի ցեղասպանությունը և տարածքային խոշոր կորուստները, որոնք խորհրդային ժամանակներում դարձել էին լոկ պատմական հայրենիք, որի մասին անհնար էր բարձրաձայնել լենին-ստալինյան քաղաքական համակարգերի օրոք, որոնք, ըստ էության, իրենց վճռորոշ մասնաբաժինն էին ունեցել հայերին սեփական հողից զրկելու և պատմական հայրենիքի դառը հիշողությունների մեջ գցելու գործում։ Իսկ մյուս կողմից՝ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին հասցված թե՜ ֆիզիկական, թե' հոգեբանական հարվածների դեռ չսպիացած վերքերը, ցեղասպանությունից մազապուրծ հայությունն ամբողջացնում էին հայկական միջավայրում թուրքական պետության նկատմամբ ատելությունը, որը, սակայն, նույնպես չուներ արտահայտիչ դրսևորումներ, քանի որ Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվում էին ԽՍՀՄ կազմում, որի դաշնակիցներից էր Թուրքիայի Հանրապետությունը: Թուրք-խորհրդային բարձր դաշնակցային հարաբերություններն այն արգելքն էին, որով հայ ժողովուրդը կաշկանդված և սահմանափակած էր՝ չհիշատակելով ո՜չ ցեղասպանության, ո՜չ էլ հողային պահանջները։

Խորհրդային Հայաստանում ձևավորված տաբուների քաղաքականության հիմքերի խարխլումը թեև սկսվեց Խրուշչովյան ձնհալի ժամանակ, սակայն հայկական միջավայրում կարծրատիպերի կոտրման և պահանջատիրական որոշակի զգացողությունների առաջացման և ինչ-որ տեղ բարձրաձայնման գործում առանցքային նշանակություն է ունեցել խորհրդային իշխանության վերաբերմունքի փոփոխությունը վերոշարադրյալ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես 1952 թվականին Թուրքիան հիմնովին փոխում է Խորհրդային Միության հետ հարաբերությունների տրամաբանությունը' միանալով Հյուսիսատլատյան դաշինքին, որն ուղիղ հակադրության և հակամարտության մեջ էր գտնվում ԽՍՀՄ-ի և համընդհանուր Վարշավյան պայմանագրի դաշինքի պետությունների հետ (Assessing the NATO/Warsaw Pact Military Balance 4): Թուրքիայի միացումը ՆԱՏՕ-ին, ըստ էության, Թուրքիայի հակադրումն էր ռուս-թուրքական փոխհամաձայնեցված շահերին և տարածաշրջանային հարցերի երկկողմանի փոխըմբռնմամբ լուծման պայմաններին, որոնք ամրագրված էին և գործում էին 1921 թ.-ի մարտի 16-ին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով (Документы внешней политики СССР 597):

ԽՍՀՄ-Թուրքիա միջպետական հարաբերությունների փոփոխությունն

էականորեն ազդեց խորհրդային իշխանությունների վարած ներքին

քաղաքականության վրա, որի հետևանքներից մեկը եղավ հայ հայրենասիրական շրջանակների ակտիվացումը: Խորհրդային իշխանությունները որդեգրեցին նոր քաղաքականություն՝ պատմականորեն անարդարացի ձևավորում ստացած հայ-թուրքական փոխհարաբերությունների և խնդիրների վերաբերյալ: Այս նոր իրավիճակում հայ հայրենասիրական շրջանակները հնարավորություն ստացան բարձրաձայնելու ցեղասպանության մասին, խոսելու թուրքերի իրականացրած վայրագությունների մասին: Եթե մինչ Թուրքիայի հակադրումը ԽՍՀՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրումը խստագույնս արգելված էր հակաթուրքականությունը, ապա 195245

թվականից սկսած' հակաթուրքականությունն անգամ հրահրվում էր ռուսական իշխանությունների կողմից։ Ցեղասպանության գործոնի հնարավորինս լավ շրջանառությունը բավականին արդյունավետ լծակ էր՝ ազդելու երբեմնի վստահելի դաշնակից Թուրքիայի վրա։ Այստեղ պետք է խոսել այն իրավապայմանագրային կետի հակադրության մասին, որի հիման վրա ձևավորվել էր ռուս-թուրքական համագործակցությունն ու դաշնակցությունը, և որը Թուրքիայի արտաքին քաղաքականության մասնակի փոփոխության արդյունքում դարձավ կիզակետային կարևորություն ունեցող հարց և գուցե որոշակի լծակ Թուրքիայի նկատմամբ։

Կովկասյան տարածաշրջանում ամբողջովին հաստատվելուց և գոյություն ունեցող հանրապետությունների վերջնականապես խորհրդայնացումից հետո Խորհրդային Ռուսաստանը ձեռնամուխ եղավ հարաբերությունները կարգավորել և հստակեցնել Քեմալական Թուրքիայի հետ, որի հետ Մոսկվայում կնքեց եղբայրության և բարեկամության պայմանագիր։ Այս պայմանագրով էր կարգավորվում և հստակեցվում ռուս-թուրքական շահերը մեր տարածաշրջանում։

Խորհրդային Հայաստանում այլախոհության նախադրյալների

ուսումնասիրության իմաստաբանության մեջ կարևոր է ընդգծել և քննարկել Մոսկվայի պայմանագրի որոշ դրույթներ, որոնց կիրառելիությունը և նույն դրույթների նկատմամբ պետական վերաբերմունքի փոփոխությունը մեծ ազդեցություն ունեին հայկական այլախոհության ձևավորման և հետագա զարգացման վրա։ Թեև այդ պայմանագիրն իր բոլոր դրույթների տրամաբանությամբ հակասում էր հայկական շահերին, այդուհանդերձ այս թեմայի շրջանակներում քննարկելի են մասնավորապես 3-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածները, որոնք կարևորագույն դեր են ունեցել հայ այլախոհական մտքի և գաղափարական հասունացման ընթացքում։

Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը համաձայն են, որ հայկական Նախիջևանի մարզը դառնա ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության (Կիրակոսյան, Սահակյան 501)։ Ռուս-թուրքական այս պայմանավորվածությամբ Հայաստանից բռնազավթվում և Ադրբեջանին է նվիրվում հայկական կարևորագույն նշանակություն ունեցող Նախիջևանի մարզը։ Հայկական այլախոհության հողային պահանջատիրության դրսևորումների մեջ մենք հաճախ ենք նկատում Նախիջևանի մարզին վերաբերող պահանջներ, որոնք սկզբնական փուլում կրում էին բացառապես հակաթուրքական բնույթ (Հարությունյան 60)։ Վերադառնալով Մոսկվայի պայմանագրին՝ անհրաժեշտ է ընդգծել 8-րդ հոդվածը, որում թաքնված է հայկական այլախոհության նախադրյալների մյուս բաժինը։ Ըստ պայմանագրի 8-րդ հոդվածի՝ պայմանավորվող վերոնշյալ երկու կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ։ Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի սովետական հանրապետությունների վերաբերյալ (Կիրակոսյան և Սահակյան 502): Գոյություն ունեցող 8-րդ հոդվածի համաձայն էր, որ հետագայում Խորհրդային Միությունում խստորեն արգելված էր որևէ, թեկուզ և աննշմար հողային խնդիրների մասին բարձրաձայնում, որոնք, օբյետիվ պայմաններից դրդված, սկզբնական փուլում ուղղված էին լինելու միայն Թուրքիայի դեմ։ Բայց և այնպես, սույն դրույթը խստորեն պահպանվում էր երկու երկրների կողմից այնքան ժամանակ, մինչդեռ Թուրքիան նույնպես ամբողջովին հավատարիմ էր Մոսկվայի պայմանագրի ոգուն և տառին։ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրումից հետո հակաթուրքականության խրախուսումը

Խորհրդային Միության կողմից փոխում էր իրավիճակը երկրի ներքաղաքական կյանքում: Պետության քաղաքականության փոփոխության ցայտուն ընդգծման համար անհրաժեշտ է քննարկել ԽՍՀՄ որոշ գրականագիտական դրսևորումներ մինչ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին միացումը և դրանից հետո։

1920-ականներից՝ տարածաշրջանի խորհրդայնացումից հետո, պետական բարձր մակարդակով գովերգվում էր խորհրդրա-թուրքական բարեկամությունն ու դաշնակցությունը։ Գովերգման ցայտուն օրինակ էր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 1924 թվականին գրված «Լենինինն ու Ալին» պոեմը (Չարենց 211-218)։ Արդի ժամանակաշրջանում դժվար է պատկերացնել Չարենցի նման մեծանունի այսպիսի աշխատանքը՝ նվիրված սեփական երկիրը մասնատած, իրար մեջ կիսած և գաղութացրած պետությունների հարաբերություններին։ Սակայն ուսումնասիրելով խորհրդային բիրտ իրականությունը՝ կարելի է հասկանալ Չարենցի՝ նման բանաստեղծություն գրելու դրդապատճառները։ Անհրաժեշտ է նշել, որ Չարենցը ստեղծագործական հետագա տարիների ընթացքում իր պոեմներով ըստ էության հակադրվեց իր խորհրդային պատկերացումներին՝ սպանվելով բանտում խորհրդային իշխանությունների կողմից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ անհրաժեշտ էր բարձրացնել պատերազմող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի մարտական ոգին, պետականորեն սկսվում է չափավորության սահմաններում ներկայացվել հայերի պատմական հերոսական անցյալի խիստ սահմանափակ դրվագներ, որոնց մեջ խստիվ բացակայում էր հայ-թուրքական դարավոր հակամարտությունը։ Ամբողջական շեշտադրումը կատարված էր պարսկական և բյուզանդական տիրապետության դարաշրջանների՝ հայերի հերոսական դրվագների մատուցման վրա։ Այս կոնտեքստում 1943 թվականին հրատարակվում է Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», 1944 թվականին՝ Ստեփան Զորյանի «Պապ թագավորը»։ Պահպանելով հակապարսկական տրամաբանությունը՝ ազգային ոգին բարձրացնելու նպատակով 1943 թվականին նկարահանվում է «Դավիթ Բեկ» ֆիլմը, որտեղ ներկայացված էր հայերի ազգային-ազատագրական պայքարը պարսիկ նվաճողների դեմ։ Սա էր ամբողջական պետական քաղաքականությունը մինչև 1952 թվականը։ Խորհրդային Միությունը խիստ հավատարմորեն պահպանում էր Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը՝ ամբողջովին փակելով և արգելելով հակաթուրքական անգամ ամենամեղմ քննադատությունը և կամ սեփական պատմության արդար մատուցումը։ Հյուսիսատլատյան դաշինքի հետ թուրքական համագործակցությունից հետո Խորհդային Հայաստանում լայն տարածում ստացավ 1956 թվականին հրատարակված Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը, 1961 թվականին լույս տեսավ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպը, 1979 թվականին՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը։ Նույն 1979 թվականին նկարահանվում է «Ձորի Միրոն» ֆիլմը։ Բոլոր այս դեպքերում խորհրդային իշխանությունների թույլատվությամբ և երաշխավորությամբ հայ հասարակությանն էր ներկայացվում հայ ժողովրդի պայքարը թուրքական տիրապետության դեմ՝ թուրքերի գործած հայերի ցեղասպանության և հայ հայդուկային պայքարի մասին։ Ուսումնասիրելով վերոնշյալ գրական և ֆիլմարտադրության օրինակները՝ կարելի է հստակորեն նկատել ԽՍՀՄ հստակ ընդգծված դիրքորոշումները։

Խորհրդային իշխանությունների հակաթուրքականության ներքին տարածման և ինչ-որ տեղ նաև երաշխավորության ամենահանդուգն ապացույցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կանգնեցնելու որոշումն ու 50-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների իրականացումն էր (Հայոց պատմություն 114118)։ Հատկանշական է այն հանգամանքը, որ ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու, ինչպես նաև 50-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման գաղափարները առաջացել և իրագործվել են ԽՍՀՄ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, ինչպիսիք էին՝ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, Մարքսիզմ-լենինիզմի

ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ծատուր Աղայանը, ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորի վարիչ Հովհաննես Ինճիկյանը, ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչի տեղակալ Ջոն Կիրակոսյանը (Հայաստանի ազգային արխիվ թթ. 108-113)։ Մի կողմից՝ կոմունիստական միակուսակցական խորհրդային համակարգում, որտեղ պետական պաշտոնների էին նշանակվում բացառապես պետական գաղափարախոսությանը հավատարիմ մարդիկ, իսկ մյուս կողմից՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և հուշահամալիրի տեղադրման գործում ընդգրկված խորհրդային գործիչների առկայությունը պարզերես է դարձնում ԽՍՀՄ նոր արտաքին քաղաքականության ուղղություները Թուրիքայի Հանրապետության նկատմամբ։ Այս ամենի գաղափարա-հոգեբանական վերջնական ամբողջացնումն ապահովում է խորհդանշական այն օրը, երբ որոշում է կայացվում կառուցել ցեղասպանության հուշահամալիրը Երևանում։ 1965 թվականի մարտի 16-ին՝ Մոսկվայի՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի ստորագրման օրը, Խորհրդային Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունում՝ «1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող կառուցելու» մասին (Հայաստանի ազգային արխիվ թ. 2)։

Ցեղասպանության 50-ամյակին նվիրված միջոցառումները և այդ միջոցով հակաթուրքականության տարածումը հայ հասարակության մեջ ամբողջովին տեղավորվում էր պետության վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որը գտնվում էր խիստ վերահսկողության ներքո (Алексеева 79)1։

Այս համատեքստում տեղին է նշել 1960-ականներից հայտնի այլախոհ, անկախական, ԱՄԿ հիմնադիրներից մեկի՝ Շահեն Հարությունյանի* խոսքերը՝ 1965 և 1966 թվականներին տեղի ունեցող ապրիլքսանչորսյան իրադարձությունների մասին։ Շահեն Հարությունյանը նշում էր, որ մի քանի ընկերների հետ փորձում էր, ի թիվս այլ նախաձեռնությունների, ինչ-որ կերպ հիշատակել ցեղասպանության 50-ամյակը, որի նախապատրաստման համար պատրաստում և տարածում էին ֆոտոթռուցիկներ։ Հարությունյանը նշում է, որ ցույցը բազմամարդ էր և շատ լավ անցավ, իսկ իշխանություններն ուժ չգործադրեցին։ Սակայն հաջորդ տարի, երբ այլախոհները փորձել են նախաձեռնել Հայոց ցեղասպանության 51-րդ տարելիցին նվիրված ցույց, որի համար իրականացվել են նմանատիպ նախապատրաստական աշխատանքներ ինչպես նախորդ տարի, այնուամենայնիվ, հրապարակում հավաքվել են շատ քիչ թվով մարդիկ, որոնք հետո գնացել են Կոմիտասի այգի, որտեղ էլ շրջապատվել են ոստիկանական ուժերի կողմից, ձերբակալվել և ենթարկվել 15-օրյա կալանքի՝ հասարակական կարգը խախտելու պատճառաբանությամբ (Շահեն Հարությունյանի անտիպ հուշագրություն 4)։

Սույն հոդվածում առաջ քաշված տեսակետների համատեքստում Շահեն Հարությունյանի խոսքերը հերթական անգամ փաստում են այն, որ, ի սկզբանե խորհրդային իշխանություններին անհրաժեշտ է եղել հակաթուրքականությունը, որի շրջանակներում էլ, ի թիվս այլ քայլերի, նախաձեռնվել է 1965 թվականի ապրիլի 24-ի մեծ ցույցը, որին թեև մասնակցել են ժողովրդական տարբեր շերտեր, այդ թվում՝ հակախորհրդային, անկախական գաղափարներ ունեցող մարդիկ, այդուհանդերձ,

* Շահեն Հարությունյանը եղել է Ազգային միացյալ կուսակցության երեք հիմնադիրներից մեկը։ Հայաստանի անկախության պայքարի համար երկու անգամ բանտարկվել է Խորհրդային Միությունում, այնուհետև 1986 թվականին Մոսկվայի՝ Կրեմլում ընդունված N 5813-XI որոշմամբ զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից և տեղափոխվել ԱՄՆ, որտեղից էլ շարունակել է պայքարել Հայաստանի անկախության համար։ Մահացել է ԱՄՆ-ում 2021 թվականին։ Հարությունյանի գրած հուշագրությունները, արխիվային և այլ արժեքավոր նյութեր գտնվում են իր թոռան՝ սույն հոդվածի հեղինակի պահպանության ներքո։

ցույցն ու ամբողջ գործընթացը լիովին գտնվել են խորհրդային իշխանությունների վերահսկման ներքո։ Սակայն իրավիճակի կտրուկ փոփոխություն է լինում ցեղասպանության 50-ամյակին նվիրված զանգվածային ցույցից և հանրահավաքից հետո։ Որքան էլ որ իշխանությունները նպատակ ունեին հայ հասարակության մեջ տարածել բացառապես հակաթուրքականություն, այնուամենայնիվ, հակաթուրքակա-նության տարածումը օբյեկտիվորեն պայմանավորված էր հայրենասիրության գաղափարով։ Իշխանությունների այս գործելաոճն իր անվերահսկելի ազդեցությունն ունեցավ հայ ժողովրդի գիտակցության և արժեհամակարգի վրա, որի արդյունքում էլ հասարակության մեջ կենսունակ դարձավ հայրենսիրական պահանջատիրությունը, որն էլ դուրս եկավ խորհրդային իշխանությունների սահմանած թույլտվությունների շրջանակից (Հայոց պատմություն 138)։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու 1966 թ.-ի ապրիլի 24-ին նախատեսված ցույցն ըստ էության տեղի չունեցավ բավարար բազմամարդությամբ և ավարտվեց ձերբակալություններով ու կալանավորումներով։ Ի տարբերություն 1965 թվականի գործընթացների՝ 1966 թվականին նախատեսվող ցույցը և հանրահավաքը կազմակերպվել էին հայ հայրենասիրական շրջանակների կողմից, որոնք էլ դուրս էին խորհրդային իշխանությունների վերահսկողությունից։

Համադրելով ուսումնասիրած վերոշարադրյալ փաստերն ու իրողությունները՝ ապացուցում ենք այն պնդումները, որ խորհրդային իշխանությունները, հակաթուրքականությունն օգտագործելով որպես զենք, իսկ հայ ժողովրդին և հայկական ծանր հիշողություններն ու հույզերը՝ որպես միջոց, նպատակ էին հետապնդում հակազդել Թուրքիայի արտաքին նոր քաղաքականության

հեռանկարներին՝ նպատակադրված խախտելով Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածի որոշ մասեր։

Խոսելով խորհրդային իշխանությունների կողմից Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածի որոշ մասերի նպատակադրված խախտումների և դրանց իրականացման համար վարած ներքին քաղաքականության մասին՝ հարկ ենք համարում նշել, որ Թուրքիան շատ անգամներ նույնպես խախտել է Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը, ինչը շարունակվում է մեր օրերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Թուրքիայում հաստատվել են հակաբոլշևիկյան ուժեր, որոնք մշտապես հանդես են եկել Մեծ Թուրանի ստեղծման օգտին։ Նրանք դարձան ականավոր թուրք ազգայնականներ, որոնք ակտիվորեն քարոզում էին

«պանթուրքականությունը»՝ նպատակ ունենալով ստեղծել մեծ թուրքական կայսրություն՝ Ադրիատիկից մինչև Խաղաղ օվկիանոս։ Այս ամենին զուգահեռ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան հիտլերյան Գերմանիային մատակարարում էր ոչ միայն սննդամթերք, այլ նաև քրոմի հանքաքար, որը կենսական նշանակություն ուներ ռազմական տեխնիկայի արտադրման համար (Надеин-Раевский 136)։

Խորհրդային Հայաստանում այլախոհական գաղափարների ամբողջական և համընդգրկուն ձևավորման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի նաև Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը, որով Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց (Կիրակոսյան և Սահակյան 504)։ Այս դրույթով Ռուսաստանն իր վրա վերցնում է պարտավորություն՝ ի թիվս անդրկովկասյան այլ

հանրապետությունների՝ խորհրդայնացված Հայաստանին պարտադրել, որ հայերը հաշտության պայմանագիր կնքեն Թուրքիայի հետ՝ օրինականացնելով սեփական տարածքների բռնազավթումն ու օտարումը։

Եզրակացություն

Խորհրդային Հայաստանում այլախոհության ակունքների և

գաղափարականության ձևավորման հիմքերը գտնելու նպատակով քննարկեցինք մի քանի նախադրյալներ, որոնք եղան այն խթանն ու շարժիչ ուժը, որով սկսեցին հանդես գալ հայ այլախոհները՝ հիմնականում 1960-ականներից սկսած։ Քննարկման առարկան կարող ենք ընդհանրացնել հիմնականում երկու բաղադրիչ տարրերի շրջանակում՝ արձանագրելով, որ Խորհրդային Հայաստանում այլախոհության առանձնահատուկ նախադրյալներ էին՝

ա) 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը և ԽՍՀՄ արտաքին քաղաքականության որոշակի վերանայումը Թուրքիայի

Հանրապետության նկատմամբ՝ ի պատասխան Թուրքիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին,

բ) Խրուշչովյան ձնհալը, որի հետևանքով մեղմվում էր ժողովուրդների և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, բայց հիմնական

այլախոհությունը ձևավորվում էր ըստ տեղային առանձնահատկությունների։

Վերհանելով այս ժամանակաշրջանում տիրող քաղաքական գործընթացների տրամաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ հայկական միջավայրում ձևավորված այլախոհության առանձնահատկությունները վերոնշյալ երկու իրադարձություններն էին։ Իհարկե փաստարկված է այն, որ հայկական միջավայրում

հակաթուրքականությունն ու հակաթուրքական դրսևորումներն ունեին որոշակի երաշխավորություն պետության կողմից, սակայն դրանց կիրառելիությունը՝ այլախոհական շրջանակների կողմից, դուրս էր խորհրդային իշխանությունների վերահսկողությունից, որը հղի էր վտանգավոր հետևանքներով։ Տարածքային պահանջների, ցեղասպանության խնդիրների բարձրաձայնման շուրջ համախմբված հայ հայրենասերներն ու այլախոհները ժամանակի ընթացքում ձևավորում էին ամբողջական կարծիք՝ վերջին 50 տարիների ընթացքում հայ ժողովրդի հետ պատահած իրադարձությունների, դրանց դերակատարների և մեղավորների մասին։ Հասունացող այս գաղափարական միջավայրում հայ հայրենասիրական շրջանակները երևան հանեցին խորհրդային իշխանությունների կողմից հակահայ քաղաքականության արմատները, ծանոթացան ռուս-թուրքական պայմանագրին և դրանցում հայ ժողովրդին ու հայկական տարածքներին վերաբերող հարցերին՝ տեսնելով ռուսական քայլերը, որոնք ամբողջովին հակասում էին հայկական շահերին։ Այս պայմաններում հայկական այլախոհությունը հիմնականում ձևավորվեց և շարունակեց իր ընթացքը հայ ժողովրդի ազատության և Հայաստանի անկախ պետականության վերականգման գաղափարի շուրջ։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Կիրակոսյան, Ջոն, և Ռուբեն Սահակյան. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում(1828-1923). «Հայաստան» հրատ., Երևան, 1972:

2. Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ). ֆ. 1, ց. 44, գ. 73, թթ. 108-113:

3. Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ). ֆ. 113, ց. 96, գ. 88, թ. 2:

4. «Հայոց պատմություն». ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, հատոր IV, գիրք երկրորդ, Երևան, 2016:

5. Հարությունյան, Շահեն. անտիպ հուշագրություն (անձնական արխիվից):

6. Հարությունյան, Վարդան. Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում. «Վան Արյան» հրատ., Երևան, 2014:

7. Չարենց, Եղիշե. Երկեր. «Լույս» հրատ., Երևան, 1985:

8. Assessing the NATO/Warsaw Pact Military Balance, The Congress of the United States Congressional Budget Office, US Government Printing Office, Washington, D.C., 1977.

9. Hornsby, Robert. Political Protest and Dissent in the Khrushchev Era, Centre for Russian and East European Studies European Research Institute, 2008.

10. Алексеева, Людмила. История инакомыслия в СССР: новейший период, Моск. Хельсинк. Группа, Москва, 2012.

11. Документы внешней политики СССР, Т. III, 1 июля 1920 г.-18 марта 1921 г., Москва, 1959.

12. Надеин-Раевский, Виктор. Московский и Карский договоры 1921 года и их современное восприятие в рамках геополитических реалий, Հայաստանը և տարածաշրջանը, դասեր, արժևորումներ, հեռանկարներ, «Լուսակն» հրատ., Երևան, 2022։

WORKS CITED

1. Kirakosyan, John, ev Ruben Sahakyan, Hayastany mijazgayin divanagitutyan ev Sovetakan artaqin qaghakanutyan pastatghterum (1828-1923) [Armenia in Documents of International Diplomacy and Soviet Foreign Policy (1828-1923), Yerevan], Yerevan, 1972. (in Armenian).

2. Hayastani azgayin arkhiv (HAA), f. 1, c. 44, g. 73, tt. 108-113. [National Archive of Armenia, f. 1, c. 44, c. 73, pp. 108-113], (in Armenian).

3. Hayastani azgayin arkhiv (HAA), f. 113, c. 96, g. 88, t. 2. [National Archive of Armenia, f. 113, c. 96, c. 88, p. 2], (in Armenian).

4. Hayoc Patmutyun, Hator IV, girk erkrord [Armenian History, Volume IV, Book Two], Yerevan, 2016. (in Armenian).

5. Harutyunyan, Shahen, antip hushagrutyun [Atypical Memoir], (in Armenian).

6. Harutyunyan, Vardan, Aylakhohutyuny Khorhrdayin Hayastanum [Dissent in Soviet Armenia], Yerevan, 2014. (in Armenian).

7. Charents, Eghishe, Erker [Works], Yerevan, 1985. (in Armenian).

8. Aleksaeva, Lyudmila, Istoria inakomisliya v SSSR: noveyshiy period [History of Dissent in the USSR: the Newest Period], Moskva, 2012. (in Russian).

9. Dokumenti vneshnie politiki CCCR, T. III, 1 iyulya 1920 g.- 18 marta 1921 g. [Documents of the Foreign Policy of the USSR, T. III, July 1, 1920 - March 18, 1921] Moskva, 1959., (in Russian).

10. Nadein-Raveskiy, Viktor, Moskovskiy I Karskiy dogovori 1921 goda I ix sovremennoe vospriyamie v ramkax geopolitcheskix realiy [The Moscow and Kars Treaties of 1921 and their Modern Perception within the Framework of Geopolitical Realities], Yerevan, 2022. (in Russian).

THE PREREQUISITES OF THE DISSIDENT MOVEMENT IN SOVIET

ARMENIA 1950-60SS

SHAHEN HARUTYUNYAN

Yerevan State University, Department of History Chair of the History, Ph.D.Student Yerevan, the Republic of Armenia

The escalating Cold War of the 1960s, the "post-Stalin" era of politics, and the internal political processes known as the "Khrushchev thaw" all left their mark on the USSR republics, inflaming the populace. The novel concepts being explored in patriotic groups in the member nations were at odds with the totalitarian reality of the Soviet Union and went against the doctrine and laws of the state. The term "dissent" is used, and dissident movements emerge with varying traits and conditions depending on the population.

The article's goal is to examine and thoroughly portray the characteristics and conditions that led to the birth of the dissident movement in Soviet Armenia.

The aim was to investigate and analyze the internal political and geopolitical developments taking place in the USSR, which directly affected the deterioration of public opinion and the rise of discord, in order to achieve the goal.

Utilizing historical and comparative techniques, the study was conducted. Contracts, historical papers, and official documents all underwent content analysis.

It was stated that the Soviet Union's internal political processes and the creation of new policies exacerbated the country's popular attitudes, which led dissident movements to emerge among the patriotic circles of the USSR's diverse peoples.

With the present study we come to the conclusion that the Armenian dissident movement is based on the Russian-Turkish treaty of friendship and brotherhood signed on March 16, 1921, as well as the adoption of the new foreign policy course of the USSR towards the Republic of Turkey since 1952.

Key words: Dissent, NATO, post-Stalin period, Khrushchev thaw, independence movement, land claims, Moscow Treaty, Armenian Genocide, Transcaucasian region.

ПРЕДПОСЫЛКИ ВОЗНИКНОВЕНИЯ ДИССИДЕНТСКОГО ДВИЖЕНИЯ В СОВЕТСКОЙ АРМЕНИИ В 1950-60 ГГ.

ШАГЕН АРУТЮНЯН

соискатель кафедры истории Армении факультета истории Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

«Холодная война», обострившаяся с 60-х годов 20-го века, период «постсталинской» политики, внутриполитические процессы, которые получили название «хрущевской оттепели», оказали влияние на все республики СССР, накалив общественные настроения. Новые идеи, возникшие в патриотических кругах союзных республик, были чужды советской диктаторской реальности, противоречили государственной идеологии и порядкам. Возникает термин «инакомыслие», формируются диссидетские движения, которые у разных народов имели разные особенности и предпосылки.

Цель статьи состоит в том, чтобы проанализировать и подробно описать факторы и обстоятельства, которые привели к возникновению диссидентского движения в Советской Армении.

Для достижения поставленной поставлена задача изучить и обсудить внутриполитические и геополитические процессы, происходящие в СССР, которые оказали непосредственное влияние на обострение общественных настроений и возникновение инакомыслия.

Исследование проводилось с использованием сравнительных и исторических методов. Контент-анализ был проведен на основе исторических документов и договоров и архивных материалов.

Мы обосновываем мнение о том, что внутриполитические процессы и разработка новой политики, происходящие в Советском Союзе, обострили настроения в советском обществе, в результате чего патриотические круги разных народов СССР начали формировать диссидентские движения.

В результате нашего исследования мы приходим к выводу о том, что движущим фактором армянского диссидентского движения стало неприятие подписанного 16 марта 1921 года русско-турецкого договора «О дружбе и братстве», а также принятие с 1952 года нового внешнеполитического курса СССР в отношении Турецкой Республики.

Ключевые слова: диссидентство, НАТО, постсталинский период, хрущевская оттепель, движение за независимость, территориальные

претензии, Московский договор, Геноцид армян, Закавказский регион.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.