Научная статья на тему 'ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՊԵԿՏԸ'

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՊԵԿՏԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
19
1
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Իրավունք / առավելություն / արտոնություն / առանձնաշնորհություն / անձեռնմխելիություն / իմունիտետ / իրավահավասարություն / Law / advantage / benefit / privileges / inviolability / immunity / legal equality

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Աշոտ Հովհաննիսյան

Սույն հոդվածի նպատակն է վերհանել «իրավական առավելություններ» հասկացության տեսակների՝ արտոնությունների և առանձնաշնորհությունների պատմաիրավական զարգացման ասպեկտը, որի հիման վրա էլ ձևավորվել և ներկայումս էլ գոյություն ունեն այդ իրավական հասկացությունները: Այս հետազոտության շրջանակներում մեր առջև խնդիր է դրված ուսումնասիրել «առավելություն» իրավական հասկացության պատմական ձևավորման հարցերը։ Մենք կփորձենք բացահայտել դրա տեսակների՝ արտոնությունների և առանձնաշնորհությունների ծագման և ձևավորման օրենքները, ինչպես նաև վերլուծել մարդկային հասարակության զարգացման հիմնական պատմական ժամանակաշրջաններում այդ հասկացությունների կենսագործունեության փուլային առանձնահատկությունները: Կարծում ենք, որ դա հնարավորություն կտա հասկանալու այս երևույթների էական և բովանդակային նշանակությունն այսօր և գուցե վաղուց հաստատված զարգացման օրինաչափությունները։ Այս հետազոտության մեթոդաբանական հիմք են ինչպես համագիտական՝ մատերիալիստական, համակարգակառուցվածքային, համեմատական-իրավական, սոցոլոգիական մեթոդները, այնպես էլ տրամաբանական մեթոդները՝ սինթեզը, անալիզը, անալոգիան, ինդուկցիան, դեդուկցիան և մի շարք այլ մեթոդներ: Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ «իրավական առավելություններ» հասկացության տեսակները՝ արտոնությունները և առանձնաշնորհությունները, ունեն պատմական խոր արմատներ, և առանց ներթափանցելու իրավունքի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ գիտական քննարկման մեջ՝ կարելի է պնդել, որ առավելությունները՝ որպես որոշ մարդկանց մյուսներից տարբերվելու հնարավորություն, ի հայտ են եկել ավելի վաղ, քան իրավունքը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ASPECT OF THE HISTORICAL LEGAL DEVELOPMENT OF BENEFITS AND PRIVILEGES

The given article aims to highlight the aspect of the historical and legal evolution of the benefits and privileges that are the aspects of the concept "Legal advantages", on the basis of which those legal concepts have been formed and still exist today. Within the framework of this research, our task is to study the questions of the historical formation of the legal concept "advantage". The aim is to uncover the laws governing the origin and development of the benefits and privileges as well as to analyze the distinctive features of their existence during key historical periods in the evolution of human society. We believe that it will provide an opportunity to understand the essential and substantive significance of these phenomena today, as well as to uncover the longestablished patterns of development. The research is grounded on a universal scientific basis, employing various methodological approaches including materialism, system-structural analysis, comparative-legal analysis, and sociological methods. Additionally, logical methods such as synthesis, analysis, analogy, induction, and deduction have been employed in this study. Based on the study conducted, it can be asserted that benefits and privileges, integral aspects of the concept of "Legal advantages" have deep historical roots. Without delving into the scientific debate about the origin of law, it can be concluded that advantages, serving as opportunities for certain individuals to distinguish themselves from others, emerged earlier than the law itself.

Текст научной работы на тему «ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՊԵԿՏԸ»

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄԱԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՊԵԿՏԸ *

ՀՏԴ 340.1 DOI: 10.52063/25792652-2023.4.19-17

ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի գլխավոր իրավաբան, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ashothovhannisvan1998@gmail.com ORCID: 0009-0009-9817-4722

Սույն հոդվածի նպատակն է վերհանել «իրավական առավելություններ» հասկացության տեսակների' արտոնությունների և առանձնաշնորհությունների պատմաիրավական զարգացման ասպեկտը, որի հիման վրա էլ ձևավորվել և ներկայումս էլ գոյություն ունեն այդ իրավական հասկացությունները:

Այս հետազոտության շրջանակներում մեր առջև խնդիր է դրված ուսումնասիրել «առավելություն» իրավական հասկացության պատմական ձևավորման հարցերը։ Մենք կփորձենք բացահայտել դրա տեսակների՝ արտոնությունների և առանձնաշնորհությունների ծագման և ձևավորման օրենքները, ինչպես նաև վերլուծել մարդկային հասարակության զարգացման հիմնական պատմական ժամանակաշրջաններում այդ հասկացությունների կենսագործունեության փուլային առանձնահատկությունները: Կարծում ենք, որ դա հնարավորություն կտա հասկանալու այս երևույթների էական և բովանդակային նշանակությունն այսօր և գուցե վաղուց հաստատված զարգացման օրինաչափությունները։

Այս հետազոտության մեթոդաբանական հիմք են ինչպես համագիտական՝ մատերիալիստական, համակարգակառուցվածքային, համե-մատական-իրավական, սոցոլոգիական մեթոդները, այնպես էլ

տրամաբանական մեթոդները՝ սինթեզը, անալիզը, անալոգիան, ինդուկցիան, դեդուկցիան և մի շարք այլ մեթոդներ:

Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ «իրավական առավելություններ» հասկացության տեսակները՝ արտոնությունները և առանձնաշնորհությունները, ունեն պատմական խոր արմատներ, և առանց ներթափանցելու իրավունքի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ գիտական քննարկման մեջ՝ կարելի է պնդել, որ առավելությունները՝ որպես որոշ մարդկանց մյուսներից տարբերվելու հնարավորություն, ի հայտ են եկել ավելի վաղ, քան իրավունքը:

Հիմնաբառեր՝ իրավունք, առավելություն, արտոնություն, առանձնաշնորհություն, անձեռնմխելիություն, իմունիտետ, իրավահավասարություն:

* Հոդվածը ներկայացվել է 12.10.2023թ., գրախոսվել' 23.11.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:

Նախաբան

Իրավունքի և պետության զարգացման պատմությունը անխզելիորեն կապված է հասարակության մեջ մարդու զբաղեցրած տեղի մասին պատկերացումների հետ: Հայացքը անհատին իր իրավական կարգավիճակի տեսանկյունից թույլ է տալիս գնահատել իշխանության վերաբերմունքը իր քաղաքացիների (նպատակների) նկատմամբ, նրա պատրաստակամությունը ամրապնդելու և իրացնելու հիմարար իրավունքները, օրինական շահերը և երաշխիքները:

Եթե պետությունը ժամանակակից պայմաններում հասարակության

յուրաքանչյուր անդամի համար ճանաչում է հիմնարար բարիքներ ստանալու հավասար հնարավորություններ, ապա դա վկայում է նրա՝ որպես իշխանության կազմակերպման սոցիալական և իրավական ձևի հասունության մասին։ Այդուհանդերձ, իրերի նման դասավորությունը միշտ չէ, որ գոյություն է ունեցել։

Քաղաքակրթության պատմության գերակշռող ժամանակահատվածում

դիտարկվում է հասարակության բաժանումը դասերի, դասակարգերի և այլնի: Այս դասակարգման ներսում ոմանց օրինականորեն վերապահված էին արտոնություններ, առանձնաշնորհություններ և անձեռնմխելիություններ (այս բոլոր տարրերը այսօր միավորվում ենք «իրավական առավելություններ» կատեգորիայի մեջ, որն ունի համալիր, միջառարկայական բնույթ): Իսկ մյուսները սահմանափակված և զսպված էին իրենց իրավունքների և օրինական շահերի իրականացման հարցում: Նշված կարգը բնորոշ է նաև մեր ժամանակներին։

Նախնադարյան հասարակարգի սոցիալական հարաբերությունների ոլորտում հետազոտությունները վկայում են, որ նույնիսկ այն ժամանակ տղամարդիկ և կանայք, տարեցները և երեխաները համայնքի համար տարբեր արժեքներ էին ներկայացնում: Նրանցից ոմանք հայթայթում և բաշխում էին ավարը, մյուսները այն սպառում էին, որոշ մարդկանց բաժին էր հասնում ավարի մեծ մասը, իսկ մյուսներին՝ մնացածը:

Ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում ամբողջ աշխարհի մտածողները փորձել են պատասխանել այն հավերժական հարցերին, թե որն է մեկ մարդու առավելությունը մյուսի նկատմամբ (տարբեր սերունդներ այն անվանում էին առավելություն, արտոնություն, առանձնաշնորհություն, անձեռնմխելիություն և այլն), կան արդյոք մարդկանց միջև հավասարության հասնելու համընդհանուր միջոցներ, և արդյոք առկա է դրա անհրաժեշտությունը: Գիտնականները դրա էությունը տեսան իրավունքի մեջ իրավահավասարությունն ու առավելությունները հիմնավորելու տարբեր մոտեցումներում: Կախված հասարակության, իրավունքի և պետության զարգացման պատմական շրջանից՝ առավելությունները և' բարձրագույն առաքինություն, և' հիմնական չարիք, և' հասարակական գործերի արդյունավետ կառավարումն ապահովելու միջոց, և' դասակարգային պատնեշ էին, որ պետք է անհապաղ արմատախիլ արվեին։ Առավելությունների փոխարեն համընդհանուր հավասարության կարգախոսների ներքո տեղի ունեցան մեծ բուրժուական, ապա նաև սոցիալիստական հեղափոխություններ։

Մարդկանց կյանքի մասին առաջին պատկերացումներն արդեն մեզ հիմք են տալիս պնդելու, որ նրանց միջև հավասարությունն անհնար էր։ Մենք դիտարկում ենք հավասարությունը որպես հավասար հնարավորությունների առկայություն, իրավական և սոցիալական էական տարբերությունների բացակայություն։ Նույնիսկ նույն սեռի մարդիկ օժտված էին տարբերության բնորոշ գծերով և, կախված դրանից, ունեին անհավասար կարգավիճակ:

Այնուամենայնիվ, մտածողները դեռևս փորձում էին հասկանալ որոշ դասի անձանց համար ավելի բարենսպաստ դիրք հաստատելու էությունը՝ այն հարաբերակցելով օրինականությանն ու արդարությանը, իսկ ոմանք էլ՝ բարոյականությանն ու առաքինությանը։ Այս իմաստով հարկ ենք համարում անդրադառնալ արտոնությունների և առանձնաշնորհությունների պատմաիրավական զարգացման ասպեկտներին, որոնք առավելագույնս կբացահայտեն պատմական

զարգացման որոշակի ժամանակահատվածում առանձնաշնորհությունների և արտոնությունների դերն ու նշանակությունը:

Իրավական առավելությունների դասակարգումը

«Իրավական առավելություններ» հասկացության պատմաիրավական

զարգացման ասպեկտին անդրադարձել ենք ըստ դրանց տեսակների։ Մասնավորապես կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ իրավական առավելությունները կարելի է դասակարգել ըստ հետևյալ տեսակների՝

• արտոնություններ,

• առանձնաշնորհություններ,

• անձեռնմխելիություններ:

Հիմք ընդունելով «իրավական առավելություններ» հասկացության տեսակների վերոնշյալ դասակարգումը՝ սույն հետազոտության մեջ անդրադարձ կկատարենք միայն «իրավական առավելություններ» հասկացության տեսակների՝

արտոնությունների և առանձնաշնորհությունների զարգացման պատմաիրավական փուլերին, քանի որ պատմական զարգացման տարբեր փուլերում և միմյանցից էականորեն տարբերվող հասարակություններում այդ երկու հասկացությունները հաճախ կիրառվել են նույն իմաստով, քանի որ այդ ժամանակաշրջանում առկա իրավունքի աղբյուրներում այդ երկու հասկացությունները որևէ կերպ տարբերակված չէին:

Ինչ վերաբերում է «իրավական առավելություններ» հասկացության տեսակ անձեռնմխելիությունների զարգացման պատմաիրավական փուլերին, ապա կարծում ենք, որ սույն հետազոտությունը անհարկի չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է այդ հարցին անդրադառնալ մեկ այլ հետազոտությամբ:

«Առավելություն», «արտոնություն» և «առանձնաշնորհություն» հասկացությունների նշանակությունը հայոց լեզվում

Հայոց լեզվի բացատրական բառարանները «առավելություն» հասկացությունը և դրա տեսակները՝ «արտոնություն» և «առանձնաշնորհություն» հասկացությունները, ավանդաբար մեկնաբանում են հետևյալ կերպ.

«Առավելություն, 1. Առավել լինել: 2. Գերակշռություն, արժանիքի՝ հատկության ևն գերազանցություն: 3. Բացառիկ իրավունք, արտոնություն (պրեֆերենցիա): 4. Արժանիք, բարեմասնություն» (Աղայան 105):

«Արտոնություն, 1. Արտոնելը: 2. Մասնակի կամ լիակատար ազատում օրենքով սահմանված հարկերից, պարտականություններից ևն: 3. Որևէ մեկին տրված հատուկ՝ բացառիկ իրավունք, որից մյուսները չեն օգտվում, առանձնաշնորհում: 4. Որևէ բանի առևտրով՝ արդյունաբերությամբ ևն զբաղվելու իրավունք» (Աղայան 146147):

«Առանձնաշնորհություն/առանձնաշնորհում, 1. Առանձնաշնորհելը, առանձնա-շնորհվելը: 2. Արտոնություն, մեկին վստահված՝ տրված հատուկ իրավունք: 3. Հատուկ ձիրք, բնական առավելություն» (Աղայան 101):

Միաժամանակ հարկ է նկատել, որ օտար բառերի բառարանում «պրիվիլեգիա» հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝

«[<привилегия< լատ. privilegium], գ. (խսկց.): 1. Արտոնություն, առանձնաշնորհություն: 2. Առավելություն» (Խաչատրյան 454):

Նշված եզրույթների ընկալման առնչությամբ ուսումնասիրելով իրավական առավելությունները և դրանց տեսակները՝ փաստենք, որ ներկայումս առկա այդ եզրույթները միշտ չէ, որ օգտագործվել են տարբեր իմաստներով, ուստի դրանց պատմաիրավական ասպեկտի ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտել այդ երևույթների ծագումն ու էությունը:

Արտոնությունների և առանձնաշնորհությունների զարգացման պատմաիրավական փուլերը

Մարդկանց միջև որոշակի անհավասարություն մարմնավորող արտոնություններն և առանձնաշնորհություններն արդեն իսկ բնորոշ էին երկրագնդի առաջին ստրկատիրական պետություններին, որոնք առաջացել են բրոնզի դարում (մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ.ա. I հազարամյակ)՝ ձգվելով Միջերկրական ծովից մինչև Չինաստան և ընդգրկելով Հին Արևելքի, Հունաստանի, Հռոմի, Հնդկաստանի և Չինաստանի բռնապետությունները:

Ենթադրությունները, որ առանձնաշնորհությունները և արտոնությունները ավելի հին պատմական արմատներ ունեն, և որ դրանք հայտնի են եղել բոլոր հասարակություններին, անգամ՝ նախնադարյան համայնակարգին (Горланов 5), բավականին հակասական և վիճելի են:

Քաղաքակրթության արշալույսին առաջացած առանձնաշնորհությունների հիմքը աշխատանքի սեռատարիքային բաժանումն էր, «որի ժամանակ իրենց տարիքային կամ սեռային տարբերությունների պատճառով ի հայտ եկավ հասարակության որոշակի հատված, որը սպառում էր նյութական բարիքները՝ չարտադրելով դրանք, և, հետևաբար, օժտված էր իրական տնտեսական առանձնաշնորհություններով» (Горланов 4)։ Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ նախնադարյան ցեղային համայնքի առանձին անդամներ, իրենց ֆիզիկական որակների, առողջության և սոցիալ-ֆիզիկական գործառույթներով պայմանավորված պատճառով չեն կարող հավասարապես կատարել ցեղի կենսապահովմանն ուղղված ընդհանուր գործեր՝ որս, ձկնորսություն և այլն:

Ընդ որում՝ չի կարելի մակերեսորեն մեկնաբանել աշխատանքի սեռատարիքային բաժանման էությունը՝ այն սահմանափակելով միայն

աշխատանքային գործունեության տեսակների և բնույթի բնական տարբերություններով:

Այսպիսով՝ կարելի է միայն համաձայնել, որ աշխատանքի տարիքային բաժանումը «ոչ այլ ինչ է, քան արտադրական (տնտեսական) հարաբերություն տարբեր սերունդների միջև» (Горланов 7):

Սակայն այն արտոնությունների և առանձնաշնորհությունների մասին, որոնք գոյություն ունեին նախնադարյան համայնական հասարակարգում, պետք է խոսել միայն որպես սոցիալական երևույթ, այլ ոչ թե որպես իրավունքի շրջանակներում գործող իրավական հասկացություն։

Իրավունքը որպես սոցիալական նորմերի հատուկ տեսակ էականորեն տարբերվում է նախնադարյան համայնական հասարակարգի սոցիալական նորմերից։ Նախնադարյան համայնական հասարակարգին բնորոշ, այսպես կոչված, սեռատարիքային արտոնություններն և առանձնաշնորհություններն օբյեկտիվորեն անհրաժեշտ, բնական և աշխատանքային բնույթի երևույթ էին, բխում էին հենց աշխատանքային գործունեության բնույթից և մեթոդից, բայց ոչ իրավունքից։

Նույն տեսանկյունից պետք է դիտարկել այն հանգամանքը, որ ցեղային համայնքի առանձին անդամներ որոշակի իշխանություն ունեին իրենց համացեղակիցների նկատմամբ, նրանց կարծիքն առաջնահերթ էր ընդհանուր ցեղային համայնքի հարցերը լուծելիս։ Այսպիսով՝ Ֆ. Էնգելսն անվանում է ընտրված ավագի (սախեմ) և առաջնորդի (զինվորական առաջնորդ) առկայությունը որպես իրոկեզների (հյուսիսամերիկյան հնդկացի ցեղեր) ցեղի առաջին նշան: Սակայն նրանց իշխանությունը ցեղի անդամների նկատմամբ չի կրել բացարձակ բնույթ: «Կլանի ներսում սախեմի իշխանությունը հայրական էր, զուտ բարոյական բնույթի, հարկադրանքի որևէ միջոցի նա չէր տիրապետում... Զինվորական առաջնորդը կարող էր ինչ-որ բան հրամայել միայն ռազմական արշավների ժամանակ» (Энгельс 85):

Պետության առաջացմանն ու իրավունքի ձևավորմանը զուգահեռ ի հայտ են գալիս իրավական առավելությունները իշխանությանը տրվող

առանձնաշնորհությունների տեսքով։

Սակայն նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման

ժամանակաշրջանում իշխանության հասնելու ցեղային ազնվականության ձգտումը հանգեցրեց նրան, որ «ցեղային պաշտոնների զբաղեցումը որոշ ընտանիքների անդամների կողմից, որը դարձել էր սովորույթ, վերածվեց այս ընտանիքների՝ հանրային պաշտոններ զբաղեցնելու անվիճելի իրավունքի, ընդ որում՝ իրենց հարստության շնորհիվ արդեն իսկ հզոր այդ ընտանիքները, սկսեցին զարգանալ իրենց տոհմերից դուրս՝ վերածվելով հատուկ արտոնյալ դասի, և նրանց այս պահանջներն իրագործվեցին դեռևս նոր ձևավորվող պետության կողմից» (Энгельс 112):

Պետության ամենակարևոր հատկանիշը դարձան պետական կառավարման ինստիտուտը և պետական ծառայության և սպասարկման ոլորտում աշխատող արհեստավարժ պետական պաշտոնյաների ու ղեկավարների դասը։ Իրականում իրենց մեջ անձնավորելով պետության տնտեսական և քաղաքական իշխանությունը՝ նրանք հայտնվեցին արտոնյալ վիճակում՝ արդեն իսկ պետության ստեղծման պահից։

Այսպիսով՝ Հին Եգիպտոսում դպիր-պաշտոնյաները առաջնային դեր էին խաղում հասարակության հիերարխիկ կառուցվածքում և օժտված էին զգալի արտոնություններով։

«Դպիրի զբաղմունքը, ինչպես ասվում էր հին եգիպտական տեքստերից մեկում, վեր է դասվում ցանկացած զբաղմունքից, երկրագնդի վրա դրան հավասարը չկա... Տեսեք, չկան ղեկավարներից ազատ զբաղմունքներ, բացի դպիրի զբաղմունքից, նա ինքը ղեկավար է... Տեսեք, չկա մի դպիր, որը զրկված լինի Արքայական տան ֆինանսական բարեհաճությունից...» (Борухович 11, 12, 17):

Պետականության զարգացմանը, կենտրոնական իշխանության կողմից լուծվող սոցիալ-քաղաքական, ռազմական և տնտեսական բնույթի խնդիրների ծավալին զուգահեռ կառավրիչների քանակը միայն ավելացավ: Սա միանգամայն օբյեկտիվ և բնական գործընթաց էր ցանկացած սոցիալ-տնտեսական կազմավորման և նրա պետականության գործունեության և զարգացման տեսանկյունից։

Իշխանության և, հետևաբար, արտոնյալ դիրքի համար պայքարի դասական օրինակ է պետության զարգացումը Աթենքում։ Այստեղ ահռելի նշանակություն ունեցավ Թեսևսի բարեփոխումը, որը աթենացիներին՝ անկախ տոհմից, ֆրատրիայից և ցեղից, բաժանեց երեք դասի՝ էվպատրիդներ (ազնվականներ), գեոմորներ (ֆերմերներ), դեմիուրգներ (արհեստավորներ), ընդ որում՝ ազնվականներին վերապահվում էր պաշտոններ զբաղեցնելու բացառիկ իրավունք:

Այսպիսով՝ «պետություն ձևավորելու առաջին փորձը կայանում է ցեղային կապերի խզման մեջ՝ բաժանելով յուրաքանչյուր ցեղի անդամներին արտոնյալների և ոչ արտոնյալների» (Энгельс 112)։

Քաղաքների միջև նավարկության և առևտրի զարգացումով առաջացավ անհրաժեշտություն՝ որոշակի իրավունքներով օժտելու օտարերկրացիներին: Հին Հունաստանում օտարերկրացիները իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում էին այնտեղ վստահություն վայելող անձանց, որոնք ինքնակամ ստանձնում էին այդ անձանց իրավական պաշտպանության պատասխանատվությունը։

Արդյունքում ձևավորվեց «վստահված անձանց» ինստիտուտ, որը ենթադրում էր ազնվական բնակիչների հովանավորություն քաղաք-պետություններ այցելող օտարերկրացիներին:

Իր ծաղկման դարաշրջանում (մ.թ.ա. մինչև V դար) Հունաստանում այս անձանց պաշտպանությունը սկսեց ձևակերպվել պայմանագրերով, և «վստահված անձինք» սկսեցին նշանակվել միայն խորհրդի պաշտոնական որոշմամբ և

ժողովրդական ժողովի առաջարկությամբ, որոնց շահերը պետք է ներկայացնեին այդ «վստահված անձինք» (Пакуш 19):

Իր գործառույթներն իրականացնելիս «վստահված անձը» վայելում էր մեծ հեղինակություն ու հարգանք, ուներ մի շարք առավելություններ և արտոնություններ մյուս քաղաքացիների նկատմամբ, ազատված էր մի շարք պարտականություններից և հարկերից, իրավունք ուներ առաջնային լսման դատարանում, օգտագործում էր հատուկ կնիք' հաստատված պետության խորհրդանիշ գերբով:

Այսպիսով՝ «վստահված անձ» ասվածը հատուկ ինստիտուտ էր, որը նախատեսված էր օտարերկրացիներին ամեն տեսակի օգնություն տրամադրելու և պաշտպանելու համար:

Հարկ է նշել, որ Հին Հունաստանում այս ինստիտուտը նպաստեց քաղաք-պետությունների միջև առևտրի, քաղաքական և մշակութային կապերի զարգացմանը, ինչպես նաև հիմք ստեղծեց հին աշխարհի բոլոր հետագա միջազգային կապերի համար:

Հին Հռոմում «առանձնաշնորհություն» հասկացությունը իսկապես իրավական նշանակություն ստացավ։ «Առանձնաշնորհություն» բառի լատիներեն ստուգաբանությունը բավականին արտահայտիչ է՝ privius (հատուկ, առանձին, եզակի) և lex (օրենք), այստեղից՝ privilegium, այսինքն՝ «հատուկ օրենք յուրահատուկ անձի համար»: Նշենք նաև, որ հռոմեական իրավունքում «առանձնաշնորհություն» հասկացության հետ մեկտեղ կիրառվում է նաև «արտոնություն» հասկացությունը։ Ընդ որում՝ օրենսդիրը ոչ միշտ է հստակ տարբերակում անցկացնում դրանց միջև։ Արդեն XII աղյուսակների օրենքներում օգտագործվում են այս երկու հասկացությունները: Այսպիսով՝ III աղյուսակի 1-ին սյունակում ասվում է, որ «պարտապանին թող տրվի 30 արտոնյալ օր՝ իր պարտքը ճանաչելուց կամ նրա դեմ դատարանի որոշում կայացնելուց հետո», IX աղյուսակի 1-2 սյունակներում սահմանվում է, որ «չպետք է պահանջել առանձնաշնորհություններ, այսինքն՝ իրենց օգտին օրենքից շեղումներ» (Черниловский 47, 54):

Հռոմեական մասնավոր իրավունքի ուսումնասիրման արդյունքում տալիս ենք այն եզրակացությունը, որ առանձնաշնորհությունները շնորհվում էին հասարակության շրջանում բարձր դիրք վայելող անձանց։ Այն իրավաբանները, որոնք քաջածանոթ էին հռոմեական իրավունքին, նշանակվում էին բարձր պետական պաշտոնների, մտնում էին միապետների մերձավոր անձանց շարքը: Իրավունքի դոկտորները (doctores juris) իրենց հասարակական դիրքով հավասարեցվում էին ազնվականության ստորին խավերին, օգտվում էին շռայլ արտոնություններից (Սաֆարյան և Եսայան 97):

Հին հռոմեական իրավունքում օգտագործվող առանձնաշնորհությունների և արտոնությունների իրավական բնույթը վերլուծել է Վ. Վ. Եֆիմովը: Նա մասնավորապես նշել է, որ հռոմեական իրավունքի դոգմայի համաձայն՝ իրավական նորմերը, ըստ ներգործության ծավալի, բաժանվում են համընդհանուր, ընդհանուր, հատուկ և բացառիկ տեսակների: Ընդհանուր իրավունքը պարունակում է

իրավունքի կանոններ, որոնց դատավորը պետք է հղում կատարի, եթե կոնկրետ ցուցումներ չկան խնդրո առարկա հարաբերությունների վերաբերյալ: Իր հերթին ընդհանուր իրավունքում տարանջատվում էր սովորական և հատուկ իրավունքը (jus singulare): Եթե առաջինը սահմանում է համընդհանուր ընդունված դրույթներ, ապա երկրորդը թույլ է տալիս շեղումներ սովորական իրավունքից (օրինակ՝ սովորական կտակը կազմելու և' ընդհանուր կանոններ կային, և' դրանցից շեղումներ զինվորական անձնակազմի համար, որոնք պատերազմում մահվան պահին չէին կարող կատարել բոլոր ձևական պահանջները): Համընդհանուր ընդունված նորմերից շեղվելու հիմքերն են հանրային բարիքը, մարդկանց հատուկ խավերի (օրինակ՝ զինվորականներ, վաճառականներ) շահերը։

Սրա արդյունքում Վ. Վ. Եֆիմովը իրավական արտոնությունը (beneficia juris) սահմանում է որպես հատուկ իրավունքով տրված լիազորություն։

Առանձնաշնորհությունները բացառիկ իրավունք են (jus speciale)՝ վերցված ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ օրենքներից: Դրանք հռոմեական իրավունքում ձևավորվել են հիմնականում անձնական կարգավիճակի շնորհիվ։ Հռոմեացիները գիտեին երեք տեսակի առանձնաշնորհություններ՝ անձի, իրի, հայտնի

հարաբերությունների: Կախված օգտապաշտական (ուտիլիտար) չափանիշներից՝ արտոնությունները բաժանվեցին շահավետ և անշահավետ (օրինակ՝ գերիշխող կրոնից շեղվելու իրավասության սահմանափակումը) (Ефимов 34-36)։

Պատմականորեն արտոնությունների առաջացումը կապված է հռոմեական օրենսդրության հետ, որի մեջ այն ամրագրվել է որպես հարկերից կամ հանրային տուրքերից ազատում, որը, որպես հատուկ արտոնություն, տրվել է Սենատի անդամներին անհատապես, համայնքում ակնառու դիրք ունեցող անձանց,

հետագայում՜ կայսրին (Новицкий 23):

Հին Չինաստանում, իր պետության պաշտամունքով, առանձնաշնորհությունները կապված էին պետական ծառայության ավելի որոշակի հարաբերությունների հետ: «Այն, ինչ կոչվում է պարգևների կանոններ, որը նշված է Շան շրջանի տիրակալի հին չինական գրքում, նշանակում է. բոլոր առանձնաշնորհությունները և պարգևները, պաշտոնները և ազնվականների դասերը պետք է շնորհվեն միայն բանակում ծառայության դիմաց, այլ ճանապարհներ չպետք է լինեն» (Книга правителя области Шан 204):

Առանձնաշնորհություններն առավել կարևոր նշանակություն ստացան ֆեոդալիզմի ժամանակ: Պատահական չէ, որ ժամանակակից առանձնաշնորհությունները հաճախ սահմանվում են որպես հին «անհավասար (կաստային, դասակարգային և այլն) իրավունքի «մասունքներ», որը անհատներին կամ անհատների խմբերին հատուկ առանձնաշնորհություններ է տալիս կյանքի տարբեր ոլորտներում ուրիշների նկատմամբ» (Власть, демократия, привилегии 50):

Միջնադարյան Եվրոպայում առանձնաշնորհությունները բնութագրում էին ոչ միայն սուբյեկտի կարգավիճակը, նրա պաշտոնական դերը իշխանության հիերարխիայում, այլ նաև կանոնակարգում էին կյանքի կենցաղային պայմանները՝ կախված որևէ դասի պատկանելությունից՝ համազգեստը, կացարանը (կալվածքը, տիրույթը), տեղը ժողովում և եկեղեցում և այլն։

Ֆեոդալական հասարակությանը համապատասխանում էր նաև

դասակարգային իրավունքը: «Իրավունքը գործում էր որպես իրավունք-

առանձնաշնորհություն, բովանդակությամբ տարբեր՝ տարբեր խավերի և հաճախ դասերի ներսում սոցիալական խմբերի համար» (Лейст 4):

Վերոնշյալից կարելի է փաստել, որ «արտոնությունը» իր ուրույն տեղն է ունեցել նաև ֆեոդալական ժամանակաշրջանում՝ լինելով ֆեոդալի հիմնական իրավական գործիքը, որով նա իր ձեռքում է կենտրոնացրել իրավունքների և գործառույթների մի հսկա ամբողջություն: Խոշոր հողատերերը բնակչության

նկատմամբ քաղաքական իշխանություն ունեին։ «Արտոնություն» եզրույթը զգալի զարգացում է ապրել ֆրանկյան պետությունում։ Ժամանակի մի շարք հեղինակներ նշում էին, որ ֆեոդալական համակարգի բնութագրական առանձնահատկությունն այն էր, որ այն ի հայտ եկավ ֆրանկյան պետությունում, այնուհետև տարածվեց ամբողջ Եվրոպայում՝ (բացառությամբ Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի) «իրավական արտոնություն» եզրույթը հավասարեցնելով ֆեոդալի անձի հետ (Аннерс 136): Սա վերաբերում էր նաև եկեղեցական սեփականությանը:

Թագավորական պաշտոնյաները նույնիսկ իրավունք չունեին ոտքով քայլելու ֆեոդալ հողատիրոջ կամ նրա վասալի տարածքներում: Նաև իրավունք չունեին կատարելու որևէ դատական գործառույթ՝ պատիժ վերացնել ֆեոդալների իշխանության տակ գտնվող տարածքներում, նշանակել մահապատիժներ, այսինքն՝ կատարել իրենց

անմիջական պարտականությունները: Ֆեոդալների և նրանց վասալների հողերում իրականացվող գործունեությունը ենթակա չէր հարկման: Այս ժամանակաշրջանում արտոնությունների առաջացումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով՝ նախ և առաջ՝ պետության քաղաքական մասնատվածությամբ, ապա՝ աշխարհիկ և եկեղեցական էլիտայի ամրապնդմամբ և թույլ կենտրոնացված իշխանության առկայությամբ։ Այս պայմաններում իշխանությունները ստիպված եղան ճանաչել այն արտոնությունները, որոնք արդեն իսկ պրակտիկորեն գործածվում էին ֆեոդալների կողմից:

Այս արտոնությունների մասով վարվող քաղաքականությունը հետապնդում էր որոշակի նպատակներ: Խոշոր հողատերերին արտոնություններ շնորհելը, մի կողմից՝ նշանակում էր նրանց իրավունքներ տալ և պետական կառավարման որոշակի պարտականությունների կատարումը նրանց վստահել, իսկ մյուս կողմից՝ ծառայության համար նրանք վճարվում էին: Կարելի է ենթադրել, որ ստեղծվել էր վերահսկման որոշակի մեխանիզմ, որը հնարավորություն էր տալիս այդ անձանց վճարել հարկերից և տեղական տուրքերից հավաքվող գումարներով։ Օգտվելով այս արտոնություններով սահմանված իրավունքներից՝ թագավորները ձևավորեցին վերահսկողության որոշակի միջոցներ իրենց ենթակա տարածքներում: Ուսումնասիրելով արտոնությունների առաջացման տեսությունը՝ բազմաթիվ անվանի պատմաբաններ քննադատել են այս երևույթի իրավական որոշ հասկացություններ։ Արտոնությունների վերաբերյալ արդեն իսկ առաջ քաշված այն տեսակետը, որ հիմնականում այդ նորմերը բխեցվել են հռոմեական իրավունքից, կասկածի տակ է դրվում՝ այն ավելի շատ կապելով թագավորական իշխանությունների կամարտահայտության հետ։ Արտոնությունները սահմանվում են որպես պատմական հարաբերությունների կանոնակարգեր, որոնք լայն տարածում չեն ունեցել

հասարակության շրջանում, սակայն ամրագրված են եղել օրենսդրական նորմերում:

Այսպիսով՝ ֆեոդալական շրջանում «արտոնությունը» խոշոր ֆեոդալ հողատերերի բնութագրական հատկանիշն է և արտաքին տնտեսական համակարգի ձևավորման գործընթացում հարկադրանքի ամենակարևոր գործոններից մեկը:

Իրավական առանձնաշնորհություններ տրվեցին և հաստատվեցին առաջին հերթին թագավորների և կայսրերի կողմից: Օրինակ՝ Շպեյեր քաղաքի օրենքում սահմանվում է հետևյալը. «Հենրիխ V-ի կողմից տրված արտոնությունը» առ 14-ը օգոստոսի, 1111թ., «Ֆրիդրիխ I հաստատում է Հենրիխ V-ի տրված

արտոնությունները» առ 27-ը մայիսի, 1182թ., իսկ Վորմս քաղաքի օրենքում՝

«Հենրիխ V-ի արտոնությունները» 30-ը նոյեմբերի, 1114թ., «Ֆրիդրիխ 1-ը հաստատում և պարզաբանում է Հենրիխ V-ի արտոնությունը» առ 3-ը հունվարի, 1184թ. և այլն (Стама 28-38)։

Անգլիացի հայտնի իրավաբան Հենրիխ Բրակտոնը «Անգլիայի օրենքների և սովորույթների մասին» իր տրակտատում (XIII դարի կեսեր) 24-րդ գլուխը հատուկ նվիրել է առանձնաշնորհություններին, որոնք նա այդպես էլ անվանել է «Առանձնաշնորհությունների մասին, ով կարող է շնորհել դրանք և դրանցից որոնք են պատկանում թագավորին»։

Ամփոփելով վերոգրյաւը՝ կարելի է պնդել, որ պատմական տարբեր փուլերում խրախուսական նորմեր հանդիսացող արտոնությունները և

առանձնաշնորհությունները հաճախ սահմանվել են որպես գիտակցական-կամային բնույթ ունեցող նորմեր՝ այն վերապահողի կամարտահայտությանը

համապատասխան, և ինչպես նշում է Ա. Գ. Վաղարշյանը՝ հենց իրավունքը ունի և պետք է ունենա կամային գիտակցական բնույթ։ Իրավունքը մարդկանց կյանքի ու գիտակցության դրսևորումն է, դրանց հետևանքը (Վաղարշյան 105):

Եզրակացություն

«Իրավական առավելություններ» հասկացության տեսակների' «արտոնություններ» և «առանձնաշնորհություններ» հասկացությունների

ստուգաբանությունը ցույց է տալիս, որ այս իրավական ինստիտուտը գոյություն ուներ դեռևս անտիկ ժամանակաշրջանից և Հռոմեական կայսրությունում այն արդեն հայտնի էր։ Անհերքելի փաստ է նաև, որ ներկայումս կիրառվող իրավական տերմինաբանությունը մշակվել է իրավագիտության ողջ պատմության ընթացքում, և բազմաթիվ իրավական եզրույթներ, այդ թվում՝ «արտոնություն»-ը և «առանձնաշնորհություն»-ը, բացառություններ չեն, և դրանց հիմքում լատինական արմատները պայմանավորված են համաշխարհային իրավագիտության վրա հռոմեական իրավունքի ազդեցությամբ:

Արտոնությունները և առանձնաշնորհությունները իրենց ուրույն տեղն են ունեցել նաև ֆեոդալական ժամանակաշրջանում՝ լինելով ֆեոդալի իրավական հիմնական գործիքը, որով նա իր ձեռքում է կենտրոնացրել իրավունքների և գործառույթների մի հսկա ամբողջություն:

Սույն հետազոտության մեջ անդրադառնալով արտոնությունների և առանձնաշնորհությունների զարգացման պատմաիրավական փուլերին՝ կարող ենք վստահորեն փաստել, որ «իրավական առավելություններ» հասկացության տեսակներարտոնություններն ու առանձնաշնորհություններն ունեն պատմական խոր արմատներ և առանց ներթափանցելու իրավունքի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ գիտական քննարկման մեջ՝ կարելի է պնդել, որ առավելությունները՝ որպես որոշ մարդկանց մյուսներից տարբերվելու հնարավորություն, ի հայտ են եկել ավելի վաղ, քան իրավունքը:

Ուստի սույն հետազոտության շրջանակներում կատարված

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ուսումնասիրության արդյունքում արձանագրենք, որ կախված հասարակության, իրավունքի և պետության զարգացման պատմական շրջանից՝ առավելությունները և' բարձրագույն առաքինություն, և' հիմնական չարիք, և' հասարակական գործերի արդյունավետ կառավարումն ապահովելու միջոց, և' դասակարգային պատնեշ էին, որ պետք է անհապաղ արմատախիլ արվեին։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ պատմական զարգացման որոշակի ժամանակահատվածում առանձնաշնորհությունների և արտոնությունների դերի և նշանակության բացահայտումը և ուսումնասիրությունը կարող են էական ազդեցություն ունենալ նաև ժամանակակից հասարակության մեջ առկա այդ իրավական կարգավորման միջոցների ընկալման վրա, ինչի արդյունքում հասարակությանը պարզ կդառնան իրավահավասարության սկզբունքով կատարվող այդ բացառությունների՝ ներկայումս հետապնդած հանրօգուտ նպատակները:

Ոստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք պատմական զարգացման որոշակի ժամանակահատվածում իրավական առավելությունների և դրա տեսակների՝ առանձնաշնորհությունների և արտոնությունների դերի և նշանակության հարցը դարձնել ուսումնասիրության առարկա նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ «Իրավագիտություն» կրթական ծրագրի շրջանակներում դասավանդվող «Պետության և իրավունքի տեսություն» առարկայի շրջանակներում, քանի որ պետության և իրավունքի տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է հասարակական կյանքի պետաիրավական երևույթները և դրանց օրինաչափությունները:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Աղայան, Էդուարդ. Արդի հայերենի բացատրական բառարան. Երևան, 1976:

2. Հայրապետյան, Աշոտ. Օտար բառերի բառարան. Երևան, 2011:

3. Սաֆարյան, Գառնիկ և Արմեն Եսայան. Հռոմեական իրավունք, ուսումնական ձեռնարկ բուհերի համար. Երևան, 2012:

4. Վաղարշյան, Արթուր. Պետության և իրավունքի տեսություն 1. ԵՊՀ հրատ., Երևան, 2016։

5. Аннерс, Эрик. История европейского права. Москва, 1994.

6. Борухович, Владимир. Хрестоматия по истории древнего мира. Саратов, 1973.

7. «Власть, демократия, привилегии». Материалы круглого стола // Вопр. Философии., 1991, №7.

8. Горланов, Геннадий. Экономические привилегии. Источники и формы проявления. Москва, 1990.

9. Ефимов, Василий. Догма Римского права, СПб., Санкт-Петербург, 1901.

10. Лейст, Олег. Сущность и исторические типы права, Вестник МГУ. 1992. N1.

11. Новицкий, Иван. Римское право; понятия, термины, определения. Москва, 2016.

12. Переломов, Леонард. Книга правителей области Шан, Москва, 1993.

13. Пакуш, Лариса. Основы дипломатической и консульской службы, Горки, 2013.

14. Стама, Соломон. Средневековое городское право XII-XIII веков. Сборник текстов, Саратов, 1989.

15. Черниловский, Зиновий. Хрестоматия по всеобщей истории государства и права, Москва, 1998.

16. Энгельс, Фридрих. Происхождение семьи, частной собственности, государства. Москва, 1989.

WORKS CITED

1. Aghayan, E'duard. Ardi hayereni bacatrakan bar'aran, Erevan, [Explanatory Dictionary of Modern Armenian, Yerevan] 1976. (In Armenian).

2. Hayrapetyan, Ashot. O'tar bar'eri bar'aran, Erevan, [Dictionary of Foreign Words, Yerevan] 2011. (In Armenian).

3. Safaryan, Gar'nik ev Armen Esayan. Hr'omeakan iravunq, usumnakan d'er'nark buheri hamar, Erevan, [Roman Law, a textbook for universities. Yerevan] 2012. (In Armenian).

4. Vagharshyan, Art'ur. Petut'yan ev iravunqi tesut'yun-1, EPH hrat., Erevan, [State and Law Theory - 1, YSU ed., Yerevan] 2016. (In Armenian).

5. Anners, Jerik. Istorija evropejskogo prava. Moskva, [History of European Law. Moscow], 1994. (In Russian).

6. Boruhovich, Vladimir. Hrestomatija po istorii drevnego mira, Saratov, [Chrestomathy on the History of the Ancient World, Saratov], 1973. (In Russian).

7. «Vlast', demokratija, privilegii». Materialy kruglogo stola // Vopr. Filosofii., №7, [“Power, Democracy, Privileges.” Materials of the round table // Issues of Philosophy], 1991. (In Russian).

8. Gorlanov, Gennadij. Jekonomicheskie privilegii. Istochniki i formy projavlenija. Moskva, [Economic Privileges. Sources and Forms of Manifestation. Moscow], 1990. (In Russian).

9. Efimov, Vasilij. Dogma Rimskogo prava, SPb., Sankt-Peterburg, [Dogma of Roman Law, St. Petersburg, St. Petersburg], 1901. (In Russian).

10. Lejst, Oleg. Sushhnost' i istoricheskie tipy prava, Vestnik MGU. N1, [Essence and Historical Types of Law, Bulletin of Moscow State University], 1992. (In Russian).

11. Novickij, Ivan. Rimskoe pravo; ponjatija, terminy, opredelenija. Moskva, [Roman Law; Concepts, Terms, Definitions. Moscow], 2016. (In Russian).

12. Perelomov, Leonard. Kniga pravitelej oblasti Shan, Moskva, [Book of the Rulers of the Shan Region, Moscow], 1993. (In Russian).

13. Pakush, Larisa. Osnovy diplomaticheskoj i konsul'skoj sluzhby, Gorki, [Fundamentals of Diplomatic and Consular Service, Gorki], 2013. (In Russian).

14. Stama, Solomon. Srednevekovoe gorodskoe pravo XII-XIII vekov. Sbornik tekstov, Saratov, [Medieval City Law of the XII-XIII centuries. Collection of texts, Saratov], 1989. (In Russian).

15. Chernilovskij, Zinovij. Hrestomatija po vseobshhej istorii gosudarstva i prava, Moskva, [Chrestomathy on the General History of State and Law, Moscow ], 1989. (In Russian).

16. Jengel's, Fridrih. Proishozhdenie sem'i, chastnoj sobstvennosti, gosudarstva. Moskva, [Origin of Family, Private Property, State. Moscow], 1998. (In Russian).

THE ASPECT OF THE HISTORICAL LEGAL DEVELOPMENT OF BENEFITS AND PRIVILEGES

ASHOT HOVHANNISYAN

National Academy of Sciences of the Republic of Armenia,

Institute of Philosophy, Sociology and Law of the, Ph.D. Applicant;

Judicial Legislation Expertise Department of the Legal Acts Expertise Agency of the Ministry of Justice of the Republic of Armenia, Chief Legal Officer (Chief Lawyer) Yerevan, the Republic of Armenia

The given article aims to highlight the aspect of the historical and legal evolution of the benefits and privileges that are the aspects of the concept "Legal advantages", on the basis of which those legal concepts have been formed and still exist today.

Within the framework of this research, our task is to study the questions of the historical formation of the legal concept "advantage". The aim is to uncover the laws governing the origin and development of the benefits and privileges as well as to analyze the distinctive features of their existence during key historical periods in the evolution of human society. We believe that it will provide an opportunity to understand the essential and substantive significance of these phenomena today, as well as to uncover the long-established patterns of development.

The research is grounded on a universal scientific basis, employing various methodological approaches including materialism, system-structural analysis, comparative-legal analysis, and sociological methods. Additionally, logical methods such as synthesis, analysis, analogy, induction, and deduction have been employed in this study. Based on the study conducted, it can be asserted that benefits and privileges, integral aspects of the concept of "Legal advantages" have deep historical roots. Without delving into the scientific debate about the origin of law, it can be concluded that advantages, serving as opportunities for certain individuals to distinguish themselves from others, emerged earlier than the law itself.

Keywords: law, advantage, benefit, privileges, inviolability, immunity, legal equality.

ИСТОРИКО-ПРАВОВОЙ АСПЕКТ РАЗВИТИЯ КАТЕГОРИЙ ЛЬГОТ И ПРИВИЛЕГИЙ

АШОТ ОГАНЕСЯН

соискатель Института философии, социологии и права Национальной академии наук Республики Армения, главный юрист отдела экспертизы судебно-правового законодательства Агентства экспертизы правовых актов Министерства юстиции Республики Армения, г. Ереван, Республика Армения

В настоящей статье поставлена задача выявить аспект историко-правового развития льгот и привилегий, являющихся понятиями концепции «правовые преимущества», на основе которых эти правовые понятия сформировались и существуют до сих пор.

В рамках данного исследования перед нами стояла задача изучить вопросы исторического формирования юридического понятия «преимущество». Мы постарались раскрыть законы возникновения и формирования льгот и привилегий, являющихся их видами, а также проанализировать поэтапные особенности жизнедеятельности в основные исторические периоды развития человеческого общества. Мы полагаем, что это даст возможность понять существенное и содержательное значение этих явлений сегодня, а возможно, и давно сложившихся закономерностей развития.

Методологической основой данного исследования стали общенаучный, материалистический, системно-структурный, сравнительно-правовой,

социологический методы, а также логические методы: синтез, анализ, аналогия, индукция, дедукция и ряд других методов.

В результате проведенного исследования можно утверждать, что льготы и привилегии, являющиеся видами понятия «правовые преимущества», имеют глубокие исторические корни, и, не вдаваясь в научную дискуссию о периоде возникновения права, можно утверждать, что преимущества, как возможность отличать одних людей от других, ппоявились раньше, чем право.

Ключевые слова: право, преимущество, льгота, привилегия,

неприкосновенность, иммунитет, равноправие.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.