ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4 (19), 2023
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, PSYCHOLOGY, ПСИХОЛОГИЯ
ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԶՐՈՒՅՑԻ ՄԵԹՈԴՈՎ *
ՀՏԴ 159.9 DOI: 10.52063/25792652-2023.4.19-139
ՍԱԹԵՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Բաթումի «21-րդ դար» գիմնազիայի և «Խեսեդ Աբուլի» բարեգործական կազմակերպության հոգեբան,
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի հայցորդ, ք. Բաթում, Վրաստանի Հանրապետություն [email protected] ORCID։ 0009-0009-4187-7291
ՍԻՐԻՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected] ORCID.՜0000-0003-4563-2645
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել դեռահասության ճգնաժամի դրսևորման առանձնահատկությունների՝ մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքները։ Այս առումով խնդիր է դրվել բացահայտել, թե դեռահասի ներանձնային կամ միջանձնային խնդիրներից ու ոլորտներից որոնք են առավել կարևոր, զգայուն ճգնաժամի դրսևորումների հարցում։
Հավաստի հետազոտություն իրականացնելու ճանապարհներից մեկը տարբեր հետազոտական մեթոդների կիրառումն է միևնույն երևույթի ուսումնասիրության համար։ Բացի այլ մեթոդներից և մեթոդիկաներից, հիմնախնդրի հետազոտության համար կիրառվել է նաև զրույցի մեթոդը։ Սույն հոդվածում ներկայացված են միայն զրույցի մեթոդով դեռահասության ճգնաժամի առանձնահատկությունների հետազոտության արդյունքները։ Զրույցն ուղղված է եղել դեռահասի խնդիրների ու դեռահասության ճգնաժամի բնույթի, դեռահասի ինքնահաստատվածության և կաշկանդվածության աստիճանի, դեռահասին հուզող թեմաների պարզմանը։
Որպես դպրոցի հոգեբան, աշխատելով դեռահասների, մի շարք դեպքերում նաև նրանց ուսուցիչների և ծնողների հետ, համադրել ենք մեր ունեցած տվյալները իրականացրած հետազոտության արդյունքների հետ, ինչի հիման վրա տարբերակվել և առանձնացվել են դեռահասության *
* Հոդվածը ներկայացվել է 18.10.2023թ., գրախոսվել' 05.11.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:
ճգնաժամի դրսևորման ձևեր, դրա տարբեր սրության աստիճաններ (սուր, միջին և մեղմ): Հետազոտության արդյունքում վերհանվել է, որ դեռահասության ճգնաժամի սրության վրա ազդող գործոններից է դեռահասի սեռային ինքնահաստատման կամ դրա ֆրուստրացիայի մակարդակը, ճգնաժամի սուր ընթացքի դեպքերում դեռահասների ինքնահաստատման մակարդակը ցածր է, մինչդեռ, որպես կանոն, մեղմ և միջին ընթացքով ճգնաժամի դեպքերում՝ բարձր։
Հիմնաբառեր' դեռահասություն, դեռահասության ճգնաժամ, զրույցի մեթոդ, ինքնահաստատում, միջանձնային հարաբերություններ, ֆրուստրացիա, սուր ճգնաժամ, մեղմ ճգնաժամ, դիսմորֆոֆոբիա:
Նախաբան
Դեռահասության շրջանն այն բացառիկ տարիքային շրջանն է, որ բազմիցս հետազոտվել է ամենատարբեր հեղինակների կողմից։ Դեռևս Ժան-Ժակ Ռուսոն է մանկավարժահոգեբանական տեսանկյունից անդրադարձել այս տարիքային շրջանին՝ կարևորելով դաստիարակության և կենսապայմանների դերը տարիքային խնդիրներից խուսափելու հարցում (Ռուսսո 224-326)։ Լ Ս. Վիգոտսկին դեռահասության ճգնաժամը կապում էր սեռական բնազդի արթնացման, նախկին հետաքրքրությունների կորստի, նոր հետաքրքրությունների դրսևորման, ինչպես նաև ինքնագիտակցության՝ անձի ձևավորման հետ (Выготский 24-25, 227)։ Ա. Ֆրեյդը այս տարիքային շրջանին բնորոշ է համարում ագրեսիան՝ կապելով այն իդի մղումների հետ. «Ագրեսիվ մղումներն աճում են՝ հասնելով բացարձակ անկառավարելիության, քաղցը վերածվում է շատակերության, իսկ լատենտ փուլին բնորոշ չլսելը, հակառակվելը փոխակերպվում են դեռահասական քրեական վարքի» (Фрейд 203)։ Լերները և Սթեյնբերգը, անդրադառնալով այս տարիքի և ճգնաժամի հարուցած դժվարություններին,
համարում են այն «հատուկ մարտահրավերների և հնարավորությունների» շրջան (Lerner and Steinberg 13)։ Ռոբերտ և Ֆիլլիս Թայսոնները ևս կարևորում են սեռական ոլորտի նորագոյացությունները, դրանց առաջին դրսևորումները՝ որպես անձի, ինքնագիտակցության փոփոխության յուրահատուկ «խթանիչներ» (Тайсон Филлис и Тайсон Роберт 79)։ Ի. Կոնը այս տարիքում հանդիպող նույնիսկ անառողջ բնույթ կրող սեռական վարքաձևերը կապում է հասակակիցների կողմից դեռահասի ստացած սեռական ոլորտին առնչվող ինֆորմացիայի բնույթի կամ այդ ինֆորմացիայի բացակայության հետ (Кон 128)։ Այս տարիքային շրջանում, մասնավորապես՝ տարիքային ճգնաժամերի ընթացքում, ախտաբանական
դրսևորումները չեն սահմանափակվում սեռական ոլորտով։ Բազմաթիվ հեղինակներ նաև ինքնաագրեսիայի, ինքնավնասման, նույնիսկ սուիցիդալ վարքի դրսևորումներն են բավական հաճախադեպ ու տարիքին բնորոշ համարում՝ կարևորելով դրա հետազոտման և հետևաբար նաև նախականխման հարցերը (Hawton, Keith and others 894)։ Է. Էրիքսոնը կարևորում էր դեռահասության տարիքում անձի նույնականության ու անընդհատության հարցերը՝ համարելով, որ դրանց վտանգմանն ու բարդացմանը նպաստում են «սեռական հասունացման գործընթացով բարդացած ինտենսիվ ֆիզիկական աճը» (Эриксон 366)։ Ս. Խուդոյանը դեռահասության տարիքի և ճգնաժամի իր հետազոտություններում խնդիրները կապում է այս տարիքում անձի ինքնագիտակցության վերակառուցման հետ։ Հեղինակը կարծում է, որ նոր ձևավորված ինքնագիտակցությունը «սեռական ակտիվության սուբյեկտի ինքնագիտակցություն» է, իսկ վերջինիս բնույթը նաև այս տարիքային շրջանին բնորոշ հոգեախտաբանության հիմքն է (Խուդոյան 185-191)։ Դեռահասությունը թերևս միակ տարիքային շրջանն է, որ նաև բազմակողմանի ազգագրական հետազոտության է ենթարկվել։ Այսպես՝ Մարգարեթ Միդը, Ռութ Բենեդիկտը և ուրիշներ, եվրոպական քաղաքակրթության և Սամոայի, Նոր Գվինեայի դեռահասների համեմատական վերլուծություններ կատարելով, պնդում էին, որ ավանդական մշակույթները, տաբուների բացակայությունը, ինչպես նաև ձեռնադրման
արարողությունները թույլ են տայիս ավեյի սահուն անցնել մեծերի աշխարհ' խուսափելով դեռահասության ճգնաժամից (Кон 8): Մինչ օրս տարբեր փորձարարական
հետազոտություններ են իրականացվում այս տարիքի դժվարությունների
պատճառականության, որոշակի օրինաչափությունների բացահայտման նպատակով' կապեր տեսնելով ծնողական վերաբերմունքի առանձնահատկությունների հետ (Հարությունյան 125-128): Չնայած վերոնշյալ հեղինակներին և բազմաթիվ այլ
ժամանակակից հետազոտությունների' այս տարիքի հետ կապված բազմաթիվ հոգեբանական և մանկավարժական հիմնախնդիրներ դեռևս լուծում չեն գտել: Հատկապես թույլ են հետազոտված դեռահասության ճգնաժամը, այն
օրինաչափությունները, որոնք հանգեցնում են ճգնաժամի, այն արտաքին և ներքին գործոնները, որոնք սրում են ճգնաժամը, այն հոգեբանամանկավարժական
միջոցառումները, որոնք կարող են կանխել, մեղմել և հաղթահարել դեռահասության ճգնաժամը և դրա հետևանքները:
Հետազոտության իրականացման վայրը, մեթոդը
Մեր հետազոտության շրջանակներում փորձել ենք ամենատարբեր մեթոդների և մեթոդիկաների միջոցով վերհանել հենց այս հարցերի և խնդիրների պատասխանները: Սույն հոդվածում կանդրադառնանք զրույցի մեթոդով դեռահասության ճգնաժամի դրսևորումների հետազոտության արդյունքներին: Զրույցն իրականացրել ենք Բաթումի հրեական «Խեսեդ Ցվի» կազմակերպության, «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցու, Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցների, «21-րդ դար» գիմնազիայի տարբեր ազգությունների (հիմնականում' հրեա, ռուս, վրացի և հայ) 11-16 տարեկան 34 դեռահասի հետ (14 տղա, 20 աղջիկ): Զրույցի նպատակն էր' ա) հետազոտել դեռահասության ճգնաժամի դրսևորման առանձնահատկությունները, բ) հետազոտել դեռահասների սեռային ինքնագնահատկանի և ինքնահաստատման առանձնահատկությունները, գ) զրույցի արդյունքների հիման վրա մշակել հարցարաններ ավելի մեծ քանակով դեռահասների հետազոտելու համար: Զրույցն իրականացվել է հետևյալ լեզուներով' ռուսերեն, հայերեն և վրացերեն: Հարցերը մշակվել են ըստ հետևյալ խմբերի' ա) հարցեր, որոնք ուղղված են պարզելու, թե տարբեր ոլորտներում դեռահասն ինչ խնդիրներ ունի, բ) որ ոլորտներում է իրեն ավելի ընդունված, սիրված ու հարգված զգում (այսինքն ինքնահաստատված զգում), գ) ինչ թեմաներ են հետազոտվողներին ավելի շատ հուզում, դ) ինչպես է դեռահասը գնահատում և վերաբերվում իրեն, ե) որ ոլորտներում են դեռահասի հաջողությունները/անհաջողությունները, զ) որ միջավայրերում է դեռահասն ավելի լավ զգում և որտեղ է ավելի կաշկանդված, նեղված զգում, է) ճգնաժամային ախտանշաններից որոնք են ավելի բնորոշ դեռահասներին:
Մեր զրույցի առանձնահատկությունն այն էր, որ քաջ ծանոթ էինք հետազոտվողներին, նրանք բազմիցս իրենց հոգեբանական հարցերով դիմել էին մեզ, ինչի շնորհիվ ապահովվում էր անկեղծության չափազանց բարձր մակարդակ:
Զրույցն իրականացվել է նման հարցերի շուրջ' «ինչպե՞ս եք զգում դպրոցում, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս դպրոցում, ինչպիսի՞ն են հարաբերություններն ուսուցիչների հետ, ո՞ր ուսուցիչների հետ եք կոնֆլիկտի մեջ և ինչու՞, արդա՞ր եք համարում Ձեր ուսուցիչների դաստիարակչական մոտեցումները, դրանք խախտու՞մ են Ձեր իրավունքները, թե՞ ոչ, ինչպիսի՞ն են հարաբերությունները դասընկերների հետ, ու՞մ հետ եք կոնֆլիկտի մեջ և ինչու՞, որո՞նք են տանը քո հիմնական խնդիրները, տանը ու՞մ հետ են հարաբերությունները լարված, ու՞մ հետ են կոնֆլիկտներն ավելի հաճախ և ինչու՞, արդա՞ր եք համարում Ձեր ծնողների դաստիարակչական մոտեցումները, դրանք խախտու՞մ են Ձեր իրավունքները, թե՞ ոչ, կա՞ն արդյոք դասերի հետ կապված խնդիրներ, եթե այո՞, ապա ո՞ր առարկաների հետ են կապված խնդիրները, սիրում ե՞ք խաղալ, ի՞նչ թեմաներ են Ձեզ այսօր ամենաշատը հուզում, Ձեր արտաքինին, դրա փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերվում, հավանու՞մ եք Ձեր արտաքինը, հագուստի հետ կապված հարցերը ի՞նչ տեղ են գրավում Ձեր կյանքում, սիրո՞ւմ եք Ձեզ, հուզու՞մ է Ձեզ ձեր կյանքի իմաստի և ապագայի հարցը, ինչպե՞ս եք
վերաբերվում սեռական հարաբերությունների թեմային, սիրահարվա՞ծ եք, ունե՞ք ընկերուհի/ ընկեր, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեզնից փոքրերին, ունե ՞ք ընկերներ նրանց շրջանում, ունե՞ք խնդիրներ Ձեզանից փոքրերի հետ, ունե՞ք ընկերներ Ձեզնից ավելի մեծ տղաների ու աղջիկների շրջանում, եթե այո՞, ապա ի՞նչ խնդիրներ կան նրանց հետ, ո՞ր միջավայրում եք ավե[ի լավ զգում՝ դպրոցո՞ւմ, տա՞նը, հասակակիցների շրջանո՞ւմ, նո՞ւյն թե՞ հակառակ սեռի ընկերների միջավայրում, մեծերի՞ թե՞ փոքրերի հետ, ի՞նչ հատկություններ եք ամենաշատը գնահատում Ձեր մեջ, որո՞նք են Ձեր արժանիքները, ի՞նչ թերություններ եք տեսնում Ձեր մեջ, վերջին շրջանում որո՞նք են Ձեր հիմնական հաջողությունները և անհաջողությունները, ո՞ր հաջողություններն են Ձեզ ամենից շատ ուրախացնում՝ դասերի՞ հետ կապված, հասակակիցների՞ հետ հարաբերություններում, սիրո՞ հարցերում, ա՞յլ ոլորտներում (նշել ոլորտները) ունեցած հարաբերությունները, ըստ Ձեզ՝ ովքե՞ր են Ձեզ ավելի շատ ընդունում, սիրում ու հարգում՝ հասակակիցնե՞րը, ծնողնե՞րը, ուսուցիչնե՞րը, նու՞յն թե՞ հակառակ սեռի ներկայացուցիչները, Ձեզնից փոքրե՞րը/մեծե՞րը, ովքե՞ր են Ձեզ ավելի քիչ ընդունում, սիրում ու հարգում՝ հասակակիցնե՞րը, ծնողնե՞րը, ուսուցիչնե՞րը, նո՞ւյն թե՞ հակառակ սեռի
ներկայացուցիչները, Ձեզնից փոքրե՞րը/մեծե՞րը: Համարու՞մ եք Ձեզ ինքնավստահ մարդ: Ցանկություն առաջանու՞մ է Ձեր մեջ ծնողների ասածներին հակառակվելու, հակառակն անելու, եղե՞լ է, որ տանից փախչեք, թվացե՞լ է արդյոք, որ Ձեր մարմնի մասերն անհամաչափ են, տգեղ, եղե՞լ է այնպես, որ Ձեզ թվա, թե Դուք Դուք չեք, կամ չզգաք Ձեր մարմինը կամ շրջապատում կատարվածը կեղծ է, անիրական: Հաճա՞խ եք մտորում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ «ո՞վ եմ ես», «ինչո՞ւ եմ ծնվել»: Ունե՞ք վախեր՝ կապված Ձեր առողջական վիճակի հետ: Կարելի՞ է ասել, որ Դուք լիովին գոհ եք, նույնիսկ հիացած եք Ձեզնով: Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր տարիքի երեխային»:
Հետազոտության արդյունքները և դրանց վերլուծությունը
Հետազոտության արդյունքների հիման վրա առանձնացվել են դեռահասի կենսագործունեության և մտորումների հետևյալ հիմնական ոլորտները՝ ա)
հասակակիցների՝ նույն և հակառակ սեռի հասակակիցների հետ հարաբերությունները, բակի և դպրոցի հասակակիցների հետ հարաբերությունները, բ) ծնողների հետ հարաբերությունները, գ) իրենցից ավելի փոքր երեխաների հետ և իրենցից ավելի մեծերի՝ պատանիների և երիտասարդների հետ հարաբերությունները, դ) նույն և հակառակ սեռի հետ հարաբերությունները, ե) ուսուցիչների հետ հարաբերությունները, զ) ուսումնական գործունեության ոլորտը/խաղերը և շփումը հասակակիցների հետ, է) արտաքինի թեման, ը) սեռական կյանքի հետ կապված թեման, թ) սիրո թեման, ժ) ապագայի թեման:
Միջանձնային հարաբերությունների առումով դեռահասներն առավել զգայուն են (զգայունությունը որոշվում էր ըստ այն բանի, թե դեռահասը որ ոլորտում է ավելի շատ խնդիրներ ունենում, ում կարծիքն ու վերաբերմունքն է ավելի շատ կարևորում)՝ ա) հասակակիցների (հատկապես նույն սեռի հասակակիցների) հետ հարաբերությունների նկատմամբ (21 դեռահաս՝ 62%), բ) ծնողների հետ հարաբերությունների նկատմամբ (13 դեռահաս՝ 38%): Դեռահասներն առավել բարեհարմար, ընդունված և սիրված են զգում՝ ա) հասակակիցների միջավայրում (28 դեռահաս՝ 82%), բ) ընտանիքում՝ հարազատների միջավայրում (6 դեռահաս՝ 18%) (քույր, եղբայրներ, ծնողներ): Դեռահասների առավել նախընտրած գործունեության ոլորտներն են՝ ա) շփումը հասակակիցների (16 դեռահաս՝ 46%), երիտասարդների (12 դեռահաս՝ 35%) և իրենցից փոքրերի հետ (6 դեռահաս՝ 19%), բ) խաղերը (համակարգչային, տղաների համար նաև սպորտային): Դեռահասներին առավել հետաքրքիր են հետևյալ թեմաները (հիմնվել ենք դեռահասների ուղղակի պատասխանների վրա, թե ինչ թեմաներ են իրենց հետաքրքրում)՝ ա) արտաքինի (հատկապես հագուկապի թեման) հետ կապված թեման (26 դեռահաս՝ 76%) բ) սիրո թեման (8 դեռահաս՝ 24%): Դեռահասներն իրենց ավելի ընդունված են զգում հասակակիցների (31 դեռահաս՝ 91%) և իրենցից փոքրերի միջավայրերում և առավել
չընդունված ծնողների և ուսուցիչների միջավայրում (3 դեռահաս' 9%):
Զրույցի արդյունքների հիման վրա պայմանականորեն դեռահասության ճգնաժամի դրսևորման երկու ոլորտ ենք առանձնացրել՝ միջանձնային հարաբերությունների ոլորտը և սեփական ես-ի ընկալման, ընդունման, գնահատման և վերաբերմունքի ոլորտը: Ճգնաժամի ախտանշաններն առավել վառ ձևով են դրսևորվում՝ ա) հասակակիցների հետ հարաբերություններում (23 դեռահաս՝ 68%), բ) ծնողների հետ հարաբերություններում (10 դեռահաս՝ 29%), դ) ուսուցիչների հետ հարաբերություններում (1 դեռահաս՝ 3%): Սեփական ես-ի հետ կապված ախտանշաններից առավել արտահայտված են՝ ա) անհանգստություն և տագնապներ սեփական ֆիզիկական կերպարի նկատմամբ՝ առանց դիսմորֆոֆոբիկ երևույթների (24 դեռահաս՝ 70%), մասնավորապես գրավչության, այդ թվում հագուստի առումով, բ) անհանգստություն և տագնապներ սեփական հոգեբանական կերպարի նկատմամբ (10 դեռահաս՝ 30%), մասնավորապես՝ բնավորության, խելքի, ընդունակությունների առումով:
Ճգնաժամային ախտանշանների պատկերը այլ հետազոտությունների համեմատությամբ մեր հետազոտության մեջ մի քիչ այլ ստացվեց: Դեռահասության ճգնաժամի հայտնի ախտանշաններ են՝ «Անլիարժեքության զգացում, ընկճվածություն, հիպոխոնդրիկ տագնապներ, դիսմորֆոֆոբիա, դեպերսոնալիզացիոն երևույթներ, նարցիսիզմ, քննադատության հանդեպ խիստ զգայունություն, մեծերի հանդեպ նեգատիվիզմ, կուռքերի ստեղծում, օրինազանց վարք, տանից փախուստներ, սևեռուն կենտրոնացում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ ծնվել, գեղեցի՞կ եմ, թե՞ տգեղ» (Խուդոյան 56): Մեր հետազոտությունների արդյունքում այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են տանից փախուստները, կենտրոնացումը այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ ծնվել, հիպոխոնդրիկ տագնապները, դիսմորֆոֆոբիան, դեպերսոնալիզացիոն երևույթները, նարցիսիզմը, մենք ուղղակի կամ չենք արձանագրել ընդհանրապես կամ եզակի դեպքերում ենք հանդիպել, փոխարենը մեր զրույցի ընթացքում առաջին տեղում հայտնվեցին հասակակիցների հետ
հարաբերությունների խնդիրները՝ այսպես կոչված սեռային ինքնահաստատման դժվարությունները և՞ նույն, և՞ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Երկրորդ տեղում սեփական ես-ի ֆիզիկական և հոգեբանական կերպարի ընկալման, ընդունման և վերաբերմունքի հետ կապված խնդիրներն էին՝ կապված ոչ թե նարցիսիզմի, այլ հակառակը՝ անլիարժեքության զգացողության հետ (20 դեռահաս՝ 58%): Սրանց հաջորդում են դժվարությունները ծնողների և ուսուցիչների հետ հարաբերություններում, որոնք հիմնականում պայմանավորված էին մեծերի դաստիարակչական սխալ մոտեցումներով (ճնշումները, սահմանափակումները հատկապես հագուստի, ընկերների ընտրության հարցում, ինքնուրույնության կաշկանդումները, կոպիտ վերաբերմունքը, ընկերների մոտ վիրավորելը), ապա տագնապները (6 դեռահաս՝ մոտ 18%), որոնք հաճախ անորոշ բնույթ էին կրում: Ըստ մեր հետազոտությունների արդյունքների՝ կուռքերի ստեղծումը բնորոշ էր դեռահասներին, սակայն մենք այն կարծիքին չենք, որ դա կարելի է դիտել որպես ճգնաժամային ախտանշան՝ ցանկացած տարիքում էլ մարդն իր համար կուռքեր է ստեղծում, որոնք հանդես են գալիս որպես իդեալ, որին ձգտում է մարդը:
Զրույցի արդյունքները ցույց տվեցին, որ առավել սուր է դրսևորվում դեռահասության ճգնաժամը 14-15 տարեկանում և հարաբերականորեն մեղմ բնույթ է կրում 13 և 16 տարեկանների շրջանում: Թերևս դա պայմանավորված է նրանով, որ 13 տարեկանում տարիքային վերակառուցումները դեռ այնքան վառ չեն դրսևորված, իսկ 16 տարեկանում ճգնաժամը հիմնականում հաղթահարվում կամ էապես մեղմվում է:
Մեր հետազոտությունները բացահայտեցին դեռահասության ճգնաժամի դրսևորման երկու տեսակներ՝ տագնապներով, աստենիկ, դեպրեսիվ վիճակներով և ագրեսիվ վարքով, բունտերով դրսևորվող: Ըստ որում՝ այս տարբերակները հավասարաչափ դրսևորվում են ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների շրջանում:
Հետաքրքրիր մի հանգամանք ևս բացահայտեց մեր խնդրանք-հարցը բնութագրելու իրենց տարիքը՝ դեռահասությունը: Պարզվում է, որ դեռահասներն էլ իրենց տարիքը
ճգնաժամային են համարում, կարծում են, որ մանկությունն ավելի հանգիստ տարիք էր, խնդիրները քիչ էին, որ կյանքը բարդ է, որ մեծանալն իրենց այնքան էլ չի ուրախացնում, մարմնական փոփոխությունները վախեցնում են:
Այսպիսով՝ ըստ դեռահասների հետ զրույցի տվյալների՝ դեռահասության ճգնաժամը հիմնականում դրսևորվում է հասակակիցների հետ հարաբերությունների և սեփական անձի ընկալման, գնահատման և վերաբերմունքի դաշտերում. ընդ որում՝ վերջին ոլորտը մեծապես պայմանավորված է առաջինով, այսինքն՝ այն բանով, թե ինչպես են հասակակիցներն ընկալում, գնահատում և վերաբերվում դեռահասին: Դեռահասի ինքնահաստատման հարցում երկու վեկտորի կարելի է հանդիպել, որոնք մենք անվանել ենք ընդհանուր և սեռային ինքնահաստատման վեկտորներ: Ընդհանուր
ինքնահաստատում ասելով՝ նկատի ունենք այն, որ դեռահասն ուղղակի որպես հասուն, լիարժեք անձ է ուզում ինքնահաստատվել՝ մարդկանց կողմից ընդունվել, հարգվել որպես եզակիություն՝ իր խելքի, բնավորության, ընդհանրապես անհատականության համար: Սեռային ինքնահաստատման պարագայում դեռահասն ուզում է ինքնահաստատվել որպես տվյալ սեռի ներկայացուցիչ՝ որպես տղամարդ/կին, ընդունվել նույն և հակառակ սեռի կողմից իր սեռային արժանիքների համար (տղաների դեպքում դա ֆիզիկական ուժը, առնականությունն ու գրավչությունն է, իսկ աղջիկների պարագայում՝ արտաքին գրավչությունն ու կանացիությունը): Դեռահասության ճգնաժամը մեծապես
պայմանավորված է դեռահասի և' ընդհանուր, և' սեռային ինքնահաստատման առանձնահատկություններով և ուղղված է դրանց, ճգնաժամային ախտանշաններով դեռահասը ձգտում է ընդունել տալ իրեն նախ և առաջ նույն սեռի, ապա և հակառակ սեռի դեռահասներին, ինչպես նաև դրական գնահատականի և վերաբերմունքի արժանանալ հասակակիցների կողմից: Ընդ որում՝ հետաքրքրական երևույթի բախվեցինք.
դեռահասներն ավելի կարևորում են ինքնահաստատումը նույն, քան հակառակ սեռի միջավայրում, և հաճախ այս պարագայում փոխհատուցող մեխանիզմ է գործում. ցանկալի ընդունման չարժանանալով հակառակ սեռի կողմից՝ դեռահասներն ամեն ինչ անում են նույն սեռի միջավայրում ավելի բարձր դիրք գրավելու համար, ինչն ապահովում է նաև հակառակ սեռի կողմից ընդունման ավելի բարձր մակարդակ (ասենք, եթե տղաները հարգում են մեկին, ապա նա ավելի լավ է ընդունվում նաև աղջիկների կողմից):
Ծնողների և ուսուցիչների հետ խնդիրներ են առաջանում հիմնականում ավտորիտար մոտեցումների և դեռահասի անձը վիրավորելու, նրան նվաստացնելու պարագայում, իսկ հարգալից վերաբերմունքի և դեմոկրատական դաստիարակության պարագայում ճգնաժամային ախտանշաններ ի հայտ չեն գալիս:
Զրույցի արդյունքում բացահայտեցինք նաև ճգնաժամային ախտանշանների որոշ տարբերություն աղջիկների և տղաների միջև: Աղջիկների շրջանում անլիարժեքության բարդույթն ավելի մեծ էր, առկա էր վախ մեծանալուց, ինչը տղաների դեպքում չհանդիպեցինք, ընդհանրապես, բացասական հուզական ապրումները՝ դեպրեսիվ վիճակները, տագնապներն աղջիկների դեպքում ավելի շատ էին:
Ըստ ճգնաժամի սրության՝ առանձնացվել են սուր, միջին և մեղմ ընթացքները (ճգնաժամի սրությունը, ինչպես նաև ինքնահաստատվածությունը որոշելիս հաշվի ենք առել նաև դեռահասների մասին մեր՝ որպես տվյալ դպրոցների հոգեբանի, ունեցած տեղեկությունը, որը ձևավորվել էր երեխաների, նրանց ընտանիքների ուսումնասիրության, նրանց հետ շփման արդյունքում): Զրույցի հետազոտության մասնակցած դեռահասների շրջանում ճգնաժամի սուր ընթացքով առանձնացվեցին 4 դեռահաս (12%), մեղմ ընթացքով՝ 11 դեռահաս (32%) և 19 դեռահաս՝ միջին սրությամբ: Ճգնաժամի ընթացքում տարբեր սրություն ունեցող դեռահասների սեռային ինքնահաստատման մակարդակի հետազոտությունները ցույց տվեցին, որ ճգնաժամի սուր ընթացք դրսևորող բոլոր չորս դեռահասների մեջ էլ ակնհայտ էր ինքնահաստատման հետ կապված խնդիրների, այդ պահանջմունքի ֆրուստրացիայի առկայությունը, ինքնահաստատվածության ցածր մակարդակը: Ըստ էության, նրանց մեջ ճգնաժամի սուր դրսևորվող ախտանշանները՝ ագրեսիվ վարքը, տխրությունը, կոնֆլիկտները մեծապես պայմանավորված էին
ինքնահաստատման բուռն ձգտմամբ և այդ ձգտման իրականացումը խոչընդոտող հանգամանքներով: Այլ կերպ ասած՝ ախտանշանները դրևորվում էին ի պատասխան ինքնահաստատման (մասնավորապես սեռային) պահանջմունքի ֆրուստրացիայի: Ընդ որում, որպես ինքնահաստատման ձգտման առավել նշանակալի խոչընդոտ կարելի էր համարել արտաքինը. չորս դեռահասներից երեքն ունեին բավական տգեղ արտաքին (երկու տղա, մեկ աղջիկ), մեկ տղա ուներ հաճելի արտաքին, սակայն ինքնահաստատվածության մակարդակը ցածր էր, ինչը մենք կապում էինք այն հանգամանքի հետ, որ նա մի կողմից ուներ բնավորության խնդիրներ և խիստ բարձր, ոչ ադեկվատ ինքնագնահատական, մյուս կողմից հենց իր արտաքինի համար նախանձի առարկա էր հասակակից տղաների համար և հաճախ էր վերջիններիս կողմից ագրեսիայի ենթարկվում: Ճգնաժամի մեղմ և միջին ընթացք դրսևորող դեռահասների մեջ ինքնահաստատվածությունը (հատկապես սեռային) բարձր կամ միջին մակարդակով կարող էր բնութագրվել (մեղմ ընթացքի դեպքում՝ 11-ից 9-ի, այսինքն՝ 82%-ի մեջ, իսկ միջին ընթացքի դեպքում՝ 19-ից 16-ի, այսինքն՝ 84%-ի մեջ)։
Եզրակացություն
Այսպիսով՝ ամփոփելով զրույցի արդյունքները՝ կարող ենք պնդել, որ դեռահասության ճգնաժամի ընթացքը մեծապես պայմանավորված է դեռահասների ինքնահաստատվածության, հատկապես՝ հասակակիցների շրջանում սեռային ինքնահաստատվածության առանձնահատկություններով։ Մասնավորապես պարզ դարձավ, որ սուր ճգնաժամ ունեցող դեռահասները, որպես կանոն, ինքնահաստատվածության ցածր
մակարդակ ունեին, այսինքն՝ նրանց ինքնահաստատման պահանջմունքը ֆրուստրացված էր, մյուս կողմից ճգնաժամի մեղմ և միջին ընթացք դրսևորող դեռահասների մեջ մենք չհանդիպեցինք ցածր ինքնահաստատվածություն ունեցող անձանց։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Խուդոյան, Սամվել. Անձի զարգացման ճգնաժամային տարիքները. Զանգակ 97, Երևան, 2004։
2. Հարությունյան, Նարինե. Ծնողական վերաբերմունքով պայմանավորված դեռահասի քոփինգի ուսումնասիրումը լրիվ և ոչ լրիվ ընտանիքներում. «Գիտական Արցախ», N 3 (18), DOI: 10.52063/25792652-2023.3.18-121,2023։
3. Ռուսսո, Ժան-Ժակ. Էմիլ կամ դաստիարակության մասին. հատոր 1, Երևան, 1960։
4. Выготский, Лев. Собрание сочинений. Т. 4, Педогогика, Москва,1984, 432 стр.
5. Кон, Игорь. Психология ранней юности. Просвещение, Москва, 1989, 255 стр.
6. Тайсон, Филлис и Роберт Тайсон. Психоаналитические теории развития. Деловая Книга, Екатеринбург, 1998, 528 стр.
7. Фрейд, Анна. Теория и практика детского психоанализа. Апрель Пресс, Изд-во ЭСКИМО, Москва, 1999, 400 стр.
8. Эриксон, Эрик. Детство и общество. Ленато, Санкт- Петербург, 1996, 592 стр.
9. Hawton, Keith, et al. Suicidal behavior and self-harm. In: Thapar, A., Pine, D. S., Leckman, J. F., Scott, S., Snowling, M. J. and Taylor, E. (eds.) Rutter's Child and Adolescent Psychiatry. John Wiley & Sons, Ltd: Chichester, West Sussex, 2015, pp. 893-910.
10. Lerner, Richard M. and Laurence Steinberg. Handbook of adolescent psychology / Richard M. Lerner and Laurence Steinberg.—2nd ed. p. cm. ISBN 0-471-20948-1 (cloth) 1. Adolescent psychology. I. Steinberg, Laurence D., 1952- II. Title. BF 724.L367. Published by John Wiley & Sons, Inc., Hoboken, New Jersey, 2004, 867 pages.
WORKS CITED
1. Erikson, Erik. Detstvo i obshchestvo, [Childhood and Society], Lenato, Sankt-Peterburg, 1996, 592 str. (In Russian).
2. Freyd, Anna. Teoriya i praktika detskogo psikhoanaliza. [Theory and Practice of Child Psychanalysis], Aprel' Press, ESKIMO, Moskva, 1999, 400 str. (In Russian).
3. Harut’yunyan, Narine. Tsnoghakan verabermunk’ov paymanavorvats derrahasi k’vop’ingi usumnasirumy lriv yev voch’ lriv yntanik’nerum [The Study of Adolescent Coping, Caused by Parental Attitude in Full and Partial Families],. «GItakan Arts’akh», N 3 (18), DOI: 10.52063/25792652-2023.3.18-121,2023, 224 ej, (In Armenian).
4. Kon, Igor'. Psikhologiya ranney yunosti. [Psychology of Early Youth], Prosveshcheniye, Moskva, 1989, 255 str. (In Russian).
5. Khudoyan, Samvel. Andzi zargats’man chgnazhamayin tarik’nery, [Crisis Ages of Personality Development] Erevan, Zangak 97, Yerevan, 2004, 248 ej., (In Armenian).
6. Russo, Zhan-Zhak. Emil kam dastiarakut’yan masin, Hator 1, [Emile, or On Education] vol. 1, Yerevan, 1960, 612 ej., (In Armenian).
7. Tayson, Fillis i Robert Tayson. Psikhoanaliticheskiye teorii razvitiya, [The Psychoanalytic Theories of Development], Delovaya Kniga, Yekaterinburg, 1998, 528 str. (In Russian).
8. Vygotskiy, Lev. Sobraniye sochineniy. [The Collected Works], T. 4, Pedogogika, Moskva, 1984, 432 str. (In Russian).
RESEARCH OF THE PECULIARITIES OF THE TEENAGE CRISIS MANIFESTATION BETWEEN ARMENIAN AND FOREIGN SCHOOLCHILDREN USING THE METHOD OF INTERVIEW
SATENIK DANIELYAN
Batumi college «21-th century» and the Charitable Organization «Khesed Abuli», Psychologist,
Armenian State Pedagogical University after Kh. Abovyan,
Chair of Applied Psychology, Ph.D. Student,
Batumi, Georgia
SIRINA ARAKELYAN
Armenian State Pedagogical University after Kh. Abovyan,
Chair of Applied Psychology, Lecturer Yerevan, the Republic of Armenia
The purpose of this article is to present the results of our research on the peculiarities of the teenage crisis. A task was set to find out which of the intrapersonal or interpersonal problems and areas are the most important and sensitive for the teenager.
One of the ways of conducting a reliable research is the use of different methods of research for the study of one and the same phenomenon. In addition to other methods, the interview was also used for the study of the problem. In this article, the results of research by the method of interview of the peculiarities of the adolescent crisis are presented. The interview was aimed at clarifying the nature of the problems of the teenage crisis and the teenager, the degree of his self-assertion, self-expression.
Working as a school psychologist with adolescents and in some cases also with their teachers and parents, during the research and our work, some forms of manifestation of the adolescent crisis were differentiated, with different degrees of its severity (acute, medium and mild crisis). As a result, it turned out that one of the factors
affecting the severity of the teenage crisis is the level of sexual self-assertion, sexual selfexpression of the teenager or its frustration. In cases of acute crisis, the level of selfassertion of teenagers is low (the sexual self-expression is frustrated), and in cases of mild and medium crisis, as a rule, it is high.
Keywords: adolescence, adolescent crisis, interview, self-affirmation,
interpersonal relations, frustration, acute crisis, mild crisis, dysmorphophobia.
ИССЛЕДОВАНИЕ ОСОБЕННОСТЕЙ ПРОЯВЛЕНИЯ ПОДРОСТКОВОГО КРИЗИСА
У АРМЯНСКИХ И ЗАРУБЕЖНЫХ ШКОЛЬНИКОВ МЕТОДОМ БЕСЕДЫ
САТЕНИК ДАНИЕЛЯН
психолог колледжа «21 век» и благотворительной организации «Хесед Абули» города Батуми, соискатель кафедры прикладной психологии Армянского государственного педагогического университета им. Х. Абовяна, г. Батуми, Республика Гоузия
СИРИНА АРАКЕЛЯН
преподаватель кафедры прикладной психологии Армянского государственного педагогического университета им. Х. Абовяна, г. Ереван, Республика Армения
Цель данной статьи - представить результаты нашего исследования особенностей подросткового кризиса. Была поставлена задача выявить, какие из внутриличностных или межличностных проблем и сфер являются наиболее важными, чувствительными для подростка с точки зрения проявления кризиса.
Один из способов проведения точных исследований — использование разных методов для изучения одного и того же явления. Помимо других методов и методик, для исследования проблемы использовался также метод беседы. В данной статье представлены результаты исследования с помощью метода беседы особенностей подросткового кризиса. Беседа была направлена на выяснение характера проблем подросткового кризиса и подростка, степени его самоутверждения и скованности, а также тем, волнующих подростка.
Работая школьным психологом с подростками, а в ряде случаев также с их учителями и родителями, в ходе наших исследований и работы мы дифференцировали формы проявления подросткового кризиса, разные степени его выраженности (острое течение, среднее и легкое). В результате наших исследований было выявлено, что одним из факторов, влияющих на выраженность подросткового кризиса, является уровень сексуального самоутверждения подростка или его фрустрация: в случаях острого кризиса уровень самоутверждения подростков низкий, а в случаях легкого и среднего кризиса, как правило, высокий.
Ключевые слова: подростковый возраст, подростковый кризис, метод беседы, самоутверждение, межличностные отношения, фрустрация, острый кризис, легкий кризис, дисморфофобия.