Научная статья на тему 'Սփյուռքահայ լրատվամիջոցները ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության կողմնորոշիչներում'

Սփյուռքահայ լրատվամիջոցները ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության կողմնորոշիչներում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
216
105
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
աշխարհաքաղաքական ընտրություն / սփյուռք / հայ համայնքներ / մեդիադաշտ / Եվրասիական միություն / Եվրամիություն։

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Դավիթ Սարգսյան

Հոդվածը ներկայացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմատիկայով Հայկական սփյուռքի մամուլի հրապարակումների ընդհանուր օրինաչափությունները և տեղական լրատվադաշտում սփյուռքյան ԶԼՄ-ի ներկայացվածությունը: Հայության համահավաք տեղեկատվական հետաքրքրությունների համապատկերում ամփոփվել են Հայկական սփյուռքի լրատվամիջոցներում մեր երկրի ինտեգրացիոն ուղեգծի անդրադարձերի վերաբերյալ հիմնական միտումները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MASS MEDIA OF THE ARMENIAN DIASPORA IN TERMS OF THE GUIDING CRITERIA FOR ARMENIA’S GEOPOLITICAL CHOICE

The article discusses the key perceptions and positions of the leading media of the Armenian Diaspora on the subject of the Armenia's geopolitical choice. The issue of the Diaspora media representation in Armenia-based newsrooms is also scrutinized. In the context of the informational interests of Armenians worldwide, the main trends of covering the country’s integration processes in the Armenian Diaspora media are summarized.

Текст научной работы на тему «Սփյուռքահայ լրատվամիջոցները ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության կողմնորոշիչներում»

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ

Դավիր Սարգսյաե'՜

Բանալի բաոեր աշխարհաքաղաքական ընտրություն, սփյուռք, հայ համայնքներ, մեդիադաշտ, Եվրասիական միություն, Եվրամիություն:

Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության թեմայի շուրջ հայաս-տանյան մեդիադաշտին բնորոշ անմիատարրությունը ցայտուն է դրսևորվում ոչ միայն տեղական, այլև Հայկական սփյուռքի լրատվամիջոցներում: Նախ, սփյուռքն ինքը չափազանց խայտաբղետ է տարբեր պատմական հանգամանքների և ժամանակակից իրողությունների կրող ու պահպանող: Համայնքի առաջացման ժամանակաշրջանը, ձևավորված կայուն ավանդույթները, ինքնակազմակերպման աստիճանը, ավանդական հաստատությունների առկայությունը, հյուրընկալող երկրի քաղաքական համակարգն զգալիորեն պայմանավորում են հայության տվյալ հատվածի, հետևաբար նրանց համայնքային շահերն արտահայտող լրատվամիջոցի իղձերը: Էական է նաև տվյալ գաղթօջախի հայության տեղեկատվության աղբյուրների բազմազանությունը: Եվրոպական երկրներում, Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում լույս տեսնող հայկական լրատվամիջոցներն օբյեկտիվ պատճառներով տարբեր տեղեկատվական միջավայրերի կրող են: Ըստ այդմ Հայաստանին և նրան առնչվող աշխարհաքաղաքական գործընթացներին ուղղված սփյուռքյան հայացքներն էլ տարբեր են, երբեմն տրամագծորեն:

Էական են նաև հայաստանյան օրակարգում հայկական գաղթօջախների առանձնահատկությունների ընկալումը, նրանց սահուն ինտեգրումը երկրի մեդիադիսկուրսում: Որքան մեծ է Հայկական սփյուռքում գործող լրատվամիջոցների ներկայացվածությունը (թեկուզ միջնորդավորված) հայաստանյան մեդիադաշտում, այնքան բարձր են փոխադարձ տեղեկացվածության մակար-

՚ ԵՊՀ ասպիրանտ:

դակը, ընդհանուր խնդիրների և մարտահրավերների գիտակցումն ու հայության համահավաքության ինտեգրատիվ գործառնությունը: Մասնավորապես, վերջին երկու տասնամյակում սփյուռքահայ լրատվամիջոցները, դառնալով համընդհանուր հարամիտման (կոնվերգենցիայի) գործընթացի կրողը, որոշակիորեն ինտեգրվեցին հայաստանյան մեդիադաշտին: Դրան նպաստեցին նաև համացանցի զարգացումն ու համացանցային տիրույթում սփյուռքահայ լրատվամիջոցների ընդգրկվածությունն ու մատչելիությունը: Սփյուռքի հանրաճանաչ պարբերականների մեծ մասն ստեղծեց սեփական համացանցային կայքը հնարավորություն տալով աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերին հաղորդակից լինելու գաղթօջախների անցուդարձին և զարգացումներին: Նման նպատակ են հետապնդում նաև սփյուռքում գործող էլեկտրոնային լրատվամիջոցները, հատկապես ռադիոկայանները, որոնք, ընդգրկված լինելով համացանցային տիրույթում, ունակ են առցանց հեռար-ձակմամբ կապ հաստատելու իրենց ունկնդիրների հետ և նպաստելու հայրե-նիք-սփյուռք կապի ամրապնդմանը [1]:

Հայաստանյան լրատվամիջոցներն ինտեգրացիոն նախագծերում մեր երկրի մասնակցությունը և աշխարհաքաղաքական կողմնորոշման շուրջ ներքին դիսկուրսը դիտարկում են առավելապես հայաստանցիների աչքերով: Հայկական սփյուռքը որպես որոշիչ գործոն, միայն երբեմն է հիշատակվում, այն էլ ոչ թե ինքնաբավ որոշում կայացնողի, այլ Երևանին լրացուցիչ ազդակներ հղելու համատեքստում: Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի բանակցությունների կամ Մաքսային միությանն անդամակցության շուրջ քննարկումների դիտարկման տիրույթը հայաստանյան մեդիամիջավայրում բավական սահմանափակ է. դրանում հիմնականում չեն ներառվում աշխարհասփյուռ հայության համահավաք շահերն ընդհանրապես և տարբեր գաղթօջախների շահերը մասնավորապես, չկա լրագրողական այն գիտակցումը, որ որոշակի ինտեգրացիոն ուղեգծի ընտրությունը կոնկրետ հետևանքներ կունենա նաև սփյուռքի հայ համայնքների քաղաքական կյանքում:

Անգամ համահայկական հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերը արցախյան հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցն արծարծելիս լրատվամիջոցները, Հայաստանի ինտեգրացիոն ուղեգծի ընտրության հարցի շրջանակում, հիմնականում շրջանցում են սփյուռքի ներուժի գործոնը: Մինչդեռ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման

պայքարի հարցում առաջամարտիկը հենց սփյուռքի հայկական համայնքներն ու կազմակերպություններն են: Հայաստանյան լրատվադաշտի մեծ մասն աղոտ պատկերացում ունի սփյուռքի իրական կարիքների վերաբերյալ:

Աշխարհի հայաշատ քաղաքներից ռեպորտաժներն առավելապես կրում են իրադարձային բնույթ, ասենք լուսաբանվում են լոսանջելեսահայերի պարբերական դարձած հակաթուրքական ակցիաները: Մինչդեռ սփյուռքի հայության կյանքի բազմաշերտ, համակողմանի և ընդգրկուն լուսաբանումը հայաստանյան հեռուստառադիոեթերում և մամուլում կաղում է, ինչն էլ ազատ տեղեկատվական տարածքը լցնում է սփյուռքի մասին միֆերով և նախապաշարմունքներով: Ավանդական սփյուռքի, օրինակ Լիբանանի կամ Իրանի հայ համայնքների մասին լուսաբանումներն էլ առավելապես վերաբերում են կա մ միջկուսակցական, կա մ եկեղեցական շրջանակին շրջանցելով բուն համայնքների ներկայացուցիչների կենցաղն ու կյանքը:

Սփյուռքահայ փորձագետների և խմբագիրների խոսքը ևս հաճախադեպ չէ հայաստանյան մեդիաիրականությունում: Նրանցից մի քանիսը, օրինակ ամերիկյան «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հա-րութ Սասունյանը1 կամ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն1 2 առավել հաճախ են հայտնվում հայաստանյան հեռուստա-եթերում կամ մամուլում, սակայն սփյուռքի ամբողջ ներկայացվածությունը, բնականաբար, չեն ապահովում:

Ուշագրավ է, որ եթե տեղական լրատվամիջոցները լավ չեն պատկերացնում սփյուռքի հայկական համայնքների կյանքի մանրամասները, սփյուռքահայ կամ արտասահմանում աշխատող հայազգի փորձագետներն էլ հաճախ իրականությունից կտրված պատկերացում ունեն հայաստանյան իրավիճակի վերաբերյալ: Ընդ որում, արևմտյան և ռուսաստանյան սփյուռքի ներկայացուցիչներն արմատապես հակադիր միֆերի կրող են: Ամերիկյան կամ եվրոպական փորձագիտական դաշտը ներկայացնող հայազգի վերլու-ծաբանները հայաստանյան ցանկացած հիմնախնդրի շուրջ դատում են հետևյալ գաղափարաբանությամբ. Ռուսաստանին պետք է հնազանդ Հայաստան, որն արտաքին քաղաքականության առումով կունենա ձևական անկախություն, իսկ տնտեսական և անվտանգության առումով լրիվ կախված կլինի

1 http://www.azatutyun.am/media/video/25n3292.html, Բացառիկ հարցազրույց Հարութ Սասունյանի հետ։

2 http://civilnet.am/2014/12/17/shahan-kandaharian-turkey-mahcupyan/#.VtBRdn2LTcs,

Խորհուրդներ հակառակ ուղղությամբ. Շահան Գանտահարյան։

Մոսկվայից1: Ի հակադրություն նման մտայնության ռուսահայ շրջանակները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նպատակադրումը համարում են անշրջելի, արդարացված և իմաստուն1 2:

Տեղական լրատվադաշտն ընդհանուր առմամբ չափից դուրս հայաստա-նակենտրոն է, սփյուռքյան լրահոսը դրանում հրատապ չէ կամ էլ կրում է խորհրդանշական բնույթ: Փոխարենը տեղական լրատվամիջոցներում լայնորեն առկա է արտագաղթի, հարկադիր աշխատանքային միգրացիայի մոտիվը: Հատկապես մամուլը, համացանցն ու ռադիոն, որոշակի վերապահումներով նաև հեռուստատեսությունը, վերջին տարիներին այս իրողության մասին ահազանգում են խիստ որոշակի, անգամ հուզական տարր պարունակող ձևակերպումներով «ժողովրդագրական աղետ», «բնակչության զանգվածային արտագաղթ», «դատարկվող գյուղեր ու քաղաքներ» և այլն: Մինչդեռ արտագաղթող հայության բնակատեղիի և կարգավիճակի փոփոխության, նրանց հետագա ճակատագրի լուսաբանման հարցում գրեթե ոչ մի լրատվամիջոց հետևողական չէ:

Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման և ինտեգրացիոն ուղեգծի ընտրության հարցը սփյուռքահայ լրատվամիջոցներում առանձնահատուկ նրբերանգ ունի. դիսկուրսի կիզակետում առավել հաճախ ոչ թե բուն քաղաքական իրողություններն են, այլ հայ ժողովրդի քաղաքակրթական պատկանելության հարցը: Հատկապես Եվրոպայում հրապարակվող հայկական և հայալեզու լրատվամիջոցներն առատ են Հին աշխարհամասում հայության դերի քննարկումներով, որոնք սովորաբար հանգում են եվրոպական քաղաքակրթության մեջ հայության ունեցած մեծ վաստակի գնահատմանը: «Եվրոպան մեզ պետք է հարգի որպես նոր եվրոպական քաղաքակրթության խորունկ աղբյուրներից մեկը»,- Չեխիայում հրատարակվող «Օրեր» պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնում Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար, այդ երկրի հայերի միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը3:

Եվրոպայի հայկական սփյուռքի հանրային օրակարգը հակասական է. մի կողմից նշվում է, որ նոր գաղթած հայաստանցիները, որոնք ավանդական

1 http://168.am/2015/06/27/508789.html, «Մոսկվան կփորձի կանխել իշխանափոխության ցանկացած լուրջ փորձ». Լիլիթ Գևորգյան։

2 http://yerkirmedia.am/index.php?act=news%26lan=hy%26id=2945?act=news&lan=hy&id=21952, Անդրանիկ Միհրանյան. Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը ճիշտ էր։

3 http://orer.eu, Ռումինիայի հայերը. պատմություն, ներկա, ապագա։

սփյուռք չեն և առավելապես մտահոգ են իրենց անձնական կյանքով և ընտանիքների ապագայով, քան համայնքային առօրյայով, դժվար են ինտեգրվում զարգացած երկրների կյանքին, և նրանց լիարժեք կենսագործունեության համար պետք է շուտափույթ ինտեգրում, մյուս կողմից օրախնդիր է ակունքներից հեռանալու, ինքնության պահպանման, ավանդական ազգային արժեքներին հարազատության մոտիվը: Համարվում է, որ վերջին շրջանում Հայաստանից արտագաղթածները հետաքրքրված չեն քաղաքական հիմնա-խնդիրներով, նրանց տարագրության պատճառը սոցիալ-տնտեսական է, հետևաբար հայաստանյան քաղաքական օրակարգը նրանք չեն տեղափոխում սփյուռքահայ հասարակական շրջանակներ:

Հատկանշական են նաև եվրոպահայ գաղթօջախներում հայերի քաղաքական ակտիվության, երկրի հանրային կյանքում լայն ներկայացվածության մասին հրապարակումները: «Օրերի» նույն անդրադարձի մեջ, Ռումինիայի հայերի պնդմամբ պատգամավորության հայ թեկնածուների օգտին քվեարկող ռումինացիների թիվը խոստումնալից է: Սակայն առավել ծանրակշիռ եվրոպական երկրներում, օրինակ Իտալիայում, հայերի քաղաքական մասնակցության ցուցանիշն անբավարար է, և սփյուռքահայ գործիչներն իրենք են կոչ անում հայրենադարձների նոր սերնդին արագորեն մտնել եվրոպական քաղաքականության ոլորտ1:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հեղինակային խմբի իրականացրած <Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ» հետազոտության արդյունքները ևս փաստում են, որ սփյուռքը ՀՀ ինտեգրման գործընթացների վերաբերյալ մեդիաքննարկումնե-րում առանձնապես ակտիվ չէ և ավելի շուտ հակված է արտացոլելու հայաստանյան մեդիադիսկուրսը [2]։ Հեղինակային խումբը եզրակացնում է, որ ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ ավանդական, ինչպես նաև նոր սփյուռքի կողմից արտահայտված տեսակետները գերակայող չեն և ավելի հաճախ ազդվում են Հայաստանից ստացվող տեղեկատվական հոսքերից։ Որպես առավելապես սեփական դիրքորոշումներով հանդես եկող մեդիահարթակներ են նշվում Իրանի «Ալիք», Ռուսաստանի «Ноев Ковчег» և ԱՄՆ «Ասպարեզ» պարբերականները։

Եվրոպայի հայկական մամուլը բացասաբար է գնահատում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարումն ու Մաք-

1 http://orer.eu, Գրիգոր Իստամբուլի. Նոր սերունդը պետք է մտնի եվրոպական քաղաքականության մեջ։

սային միության օգտին ընտրությունը: Սակայն ի տարբերություն հայաս-տանյան կամ ամերիկահայ մամուլի Եվրոպայի հայկական լրատվամիջոցներն առավելապես զբաղվում են Ռուսաստանի քննադատությամբ և ոչ թե Եվրամիության գնահատանքով: Դրա օբյեկտիվ պատճառն այն է, որ եվրո-պահայ մամուլը եվրոպական համայնքի մի մասն է, և մյուս գաղթօջախներում որպես առավելություն ընկալվող իրողությունները եվրոպական երկրների հայկական մամուլն ընկալում է որպես ինքնին հասկանալի և ավելորդ հիմնավորում չպահանջող: Փոխարենն առատ է Հայաստանի և Ռուսաստանի գործելակերպի քննադատությունը, Երևանին Կրեմլի պահանջի առաջ տեղի տալու, Մոսկվային էլ ճնշում գործադրելու և որոշում պար-տադրելու հարցում:

Հայաստանի ինտեգրացիոն մոդելի փոփոխության նկատմամբ սպասելի հետաքրքրություն են ցուցաբերում ավանդական մերձավորարևելյան սփյուռքի, նախևառաջ Սիրիայի, Լիբանանի և Իրանի, ինչպես նաև եվրասիական տարածքի, գլխավորապես Ռուսաստանի հայկական լրատվամիջոցները:

Մերձավոր Արևելքի հայալեզու լրատվամիջոցներից հայաստանյան մե-դիադաշտում ամենամեջբերվողը Բեյրութի «Ազդակ» օրաթերթն է: Եվրամիության հետ Հայաստանի տևական բանակցություններն «Ազդակի» էջերում առանձնապես չեն լուսաբանվում, քանի որ ինֆորմացիոն առիթն զգալի չէ, և այն ընկալվում է որպես բնականոն գործընթաց: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության արտահայտումից ի վեր օրաթերթը պարբերաբար անդրադառնում է հայաստանյան իշխանությունների վարքին. միտումը հիմնականում քննադատական է:

«Ազդակի» և մերձավորարևելյան մյուս հայկական լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության բնորոշ գիծը, ի տարբերություն արևմտյան կամ եվրասիական հայկական մամուլի, տարածաշրջանն իր ամբողջ կոնֆիգուրացիայով պատկերացնելն է: Մեծ Մերձավոր Արևելքի մեջ ներառվում է նաև Հայաստանը, հետևաբար դրա կենտրոնում գտնվող Սիրիայի և Լիբանանի հայալեզու պարբերականներն ինքնաբերաբար նույնականացնում են տարածաշրջանային իրողությունները: 2013թ. սեպտեմբերի 3-ից մի քանի օր անց «Ազդակի» «Ռուսաստանի ճնշման տակ. Հայաստանը կանգնեց պարտադրուած ընտրութեան առաջ» խորագրով հոդվածն ընդհանուր առ-մամբ արտահայտում է այն նույն գաղափարական, արժեբանական և քաղա-

քական նրբերանգները, որոնք իշխում են հայաստանյան մամուլում1: Հեռարձակող լրատվամիջոցները (նախևառաջ ռադիոկայանները) ևս նմանատիպ դիրքորոշման կրող են. Բեյրութի «Վանայ ձայն» հայկական ռադիոկայանն ունի նաև առցանց հեռարձակում և մերձավորարևելյան գաղթօջախներում պահանջված լրատվամիջոց է1 2:

Այս և հետագա հրապարակումներում, անդրադարձ կատարելով Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության ուղեգծերին, մերձավոր-արևելյան մամուլը ելնում է հետևյալ հայեցակետից. Հայաստանը չունի բնականոն հարաբերություններ և բաց սահմաններ իր հարևաններից երկուսի հետ, հետևաբար Երևանը չի կարող վարել չեզոք և հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Քանի դեռ Ադրբեջանն սպառնում է նոր պատերազմով, իսկ Թուրքիան Հայաստանին տնտեսապես ծնկի բերելու նպատակով շարունակում է շրջափակման թշնամական քաղաքականությունը, Հայաստանն այլ ընտրություն չունի, քան ապավինել երրորդ ուժին, այսինքն' Ռուսաստանին, եզրակացնում է մերձավորարևելյան հայ սփյուռքի մամուլը:

Ռուսաստանի հայկական ռուսալեզու մամուլը, առաջին հերթին «Ноев Ковчег» և «Еркрамас» պարբերականները, լայն անդրադարձներ են կատարում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության խնդրին: Ռուսաստանի հայկական լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունն այս հարցում երկակի է. մի կողմից հասկանալի պատճառներով նրանք շատ ավելի լայն հասանելիություն ունեն Ռուսաստանի գլխավորած վերպետական կազմավորումների շուրջ բազմաբնույթ տեղեկատվության, մյուս կողմից Դաշնության տեղեկատվական միջավայրն առանձնահատուկ է, երբեմն գաղափարական, հուզական և արժե-բանական որոշ կաղապարների կրող, ինչն էլ ուղղակիորեն անդրադառնում է ռուսալեզու հայկական պարբերականների հրապարակումների վրա: Այլ կերպ ասած Մաքսային միությունը ներսից դիտարկելը տեղեկատվական հագեցածության առումով օգտավետ է, սակայն ընկալումների անկողմնակա-լության տեսանկյունից ոչ այնքան:

Ամփոփելով հարկ է նշել, որ Հայաստանի և Հայկական սփյուռքի ընդհանուր տեղեկատվական տարածքը դեռևս թույլ է: Դրա միասնականացման

1 http://www.aztagdaily.com/archives/147182, Ռուսաստանի ճնշման տակ. Հայաստանը կանգնեց պարտադրուած ընտրութեան առաջ։

2 http://www.voiceofvan.net/, Վանայ ձայն։

փորձերը վերջին տարիներին թեև զգալի են և անգամ ինստիտուցիոնալ կարգավիճակ են ձեռք բերել (Լրագրողների համահայկական համաժողովների անցկացում), ամեն դեպքում, համահայկական խնդիրների շուրջ տեղեկատվական միջավայրերը, ազդակները, աղբյուրներն ու ընկալումները Հայաստանում և սփյուռքում բացարձակապես տարբեր են: Հայաստանի ինտեգրացիոն ուղեգծի շուրջ զարգացումներն, ընդհանուր առմամբ, անբավարար են ներկայացված սփյուռքի հայկական լրատվամիջոցներում: Ընդ որում, խնդիրը փոխադարձ է. սփյուռքի լրատվամիջոցներում հայաստանյան իրողությունների ընկալումն աղոտ և միջնորդավորված է, տեղական մեդիան էլ վատ է պատկերացնում, հետևաբար քիչ է լուսաբանում հայկական գաղթօջախների անցուդարձը:

Ի դեմս սփյուռքի հայկական լրատվամիջոցների հայաստանյան մե-դիադաշտը կարող է ունենալ սկզբնաղբյուրների բացառիկ ցանց: Ընդ որում, խոսքը և վերատպումների, և սփյուռքահայ ԶԼՄ-ի հետ կապեր հաստատելու և նրանց հետ մշտական կապի մեջ գտնվելու մասին է: Հայաստանյան և սփյուռքի լրատվամիջոցները միմյանց համար կարող են ծառայել որպես յուրօրինակ թղթակցական կետեր: Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող երկրներից մեկն է, առաջատարը հետխորհրդային տարածքում, և լրատվամիջոցների համահայկական ցանցը կարող է ազգային նույնականացման հզորագույն գործիք ծա-ռայել: Հաշվի առնելով, որ ամենահայահոծ գաղթօջախները Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում են, որոնք, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանա-խագահ երկրներն են, սփյուռքն իր տեղեկատվական ցանցով կարող է լուրջ նպաստ բերել արցախյան հիմնախնդրի քարոզչական ճակատում:

Մարտ, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հովսեփյան Մ, Ռադիոժուռնալիստիկայի հիմունքներ. պատմություն և տեսություն (դասախոսություններ), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014, էջ 57։

2. Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2014, էջ 22։

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ

ԴաէԱւթ Սարգսյան

Ամփոփագիր

Հոդվածը ներկայացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմատիկայով Հայկական սփյուռքի մամուլի հրապարակումների ընդհանուր օրինաչափությունները և տեղական լրատվադաշտում սփյուռքյան ԶԼՄ-ի ներկայացվածու-թյունը: Հայության համահավաք տեղեկատվական հետաքրքրությունների համապատկերում ամփոփվել են Հայկական սփյուռքի լրատվամիջոցներում մեր երկրի ինտեգրացիոն ուղեգծի անդրադարձերի վերաբերյալ հիմնական միտումները:

СМИ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ В ОРИЕНТИРАХ ГЕОПОЛИТИЧЕСКОГО ВЫБОРА АРМЕНИИ

Давит Саргсян

Резюме

В статье рассматриваются ключевые позиции передовых СМИ армянской Диаспоры по тематике геополитического выбора Армении, а также представленность медийной сферы Диаспоры в СМИ Армении. В контексте информационных интересов мирового армянства вкратце изложены основные тренды освещения интеграционных процессов вокруг Армении в средствах массовой информации армянской Диаспоры.

MASS MEDIA OF THE ARMENIAN DIASPORA IN TERMS OF THE GUIDING CRITERIA FOR ARMENIA’S GEOPOLITICAL CHOICE

Davit Sargsyan

Resume

The article discusses the key perceptions and positions of the leading media of the Armenian Diaspora on the subject of the Armenia's geopolitical choice. The issue of the Diaspora media representation in Armenia-based newsrooms is also scrutinized. In the context of the informational interests of Armenians worldwide, the main trends of covering the country’s integration processes in the Armenian Diaspora media are summarized.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.