Научная статья на тему 'ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
162
38
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մարդու իրավունքներ / ազատություններ / սահմանափակումներ / դերոգացիա / չճանաչված պետություններ / համաչափություն / արտակարգ իրավիճակ / սահմանադրություն / HUMAN RIGHTS / FREEDOMS / RESTRICTIONS / DEROGATION / UNRECOGNIZED STATES / PROPORTIONALITY / EMERGENCY / CONSTITUTION / ПРАВА ЧЕЛОВЕКА / СВОБОДЫ / ОГРАНИЧЕНИЯ / ДЕРОГАЦИЯ / НЕПРИЗНАННЫЕ ГОСУДАРСТВА / СОРАЗМЕРНОСТЬ / ЧРЕЗВЫЧАЙНАЯ СИТУАЦИЯ / КОНСТИТУЦИЯ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Գրիգորյան Մարիամ

Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրավաչափ սահմանափակման ինստիտուտն այն հիմնաքարն է, առանց որի անհնար է մեր հասարակության գոյությունը, նրա անվտանգության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների այլ սոցիալական կարևոր նպատակների ապահովումը: Հոդվածի նպատակն է հետազոտել այդ ինստիտուտի դերը միջազգային իրավունքում պարզել, թե ինչպես է այն դրսևորվում չճանաչված պետություններում: Այդ նպատակով ուսումնասիրվել են համապատասխան միջազգային իրավական ակտեր տեսական գրականություն: Դրանց համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել սահմանելու այն պահաջները, որոնց առկայության դեպքում կարող են սահմանափակվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված իրավունքների նկատմամբ սահմանափակումներն ու շեղումները պետք է լինեն ոչ խտրական, համաչափ իրավունքի բնությանը ուղղված լինեն համընդհանուր բարօրության ապահովմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERNATIONAL LEGAL REGULATIONS TO RESRTICTIONS ON THE PROTECTION OF HUMAN RIGHTS IN THE CONTEXT OF THE PROBLEM OF INTERNATIONAL PERSONALITY OF UNRECOGNIZED STATES

The institution of lawful restriction of fundamental human rights and freedoms is the foundation which assures the existence of our society, ensures its security, citizens' rights and freedoms, and other important social goals. The purpose of the article is to study the role of this institution in international law, and find out the ways it manifests itself in unrecognized states. During the research both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative legal) principles were applied. As a result of our research, the conclusion was drawn that any restrictions and deviations with respect to the rights enshrined in international human rights documents must be non-discriminatory and proportionate to the nature of the right, aimed at ensuring the welfare of all.

Текст научной работы на тему «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 341.1/.8

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախի պետական համալսարանի ասպիրանտ, ԱԵԳՄՄ անդամ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն, mariamarigorvan93 @yandex. ru

Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրավաչափ սահմանափակման ինստիտուտն այն հիմնաքարն է, առանց որի անհնար է մեր հասարակության գոյությունը, նրա անվտանգության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների և այլ սոցիալական կարևոր նպատակների ապահովումը:

Հոդվածի նպատակն է հետազոտել այդ ինստիտուտի դերը միջազգային իրավունքում և պարզել, թե ինչպես է այն դրսևորվում չճանաչված պետություններում: Այդ նպատակով ուսումնասիրվել են համապատասխան

միջազգային իրավական ակտեր և տեսական գրականություն: Դրանց

համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել սահմանելու այն պահաջները, որոնց առկայության դեպքում կարող են սահմանափակվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված իրավունքների նկատմամբ սահմանափակումներն ու շեղումները պետք է լինեն ոչ խտրական, համաչափ իրավունքի բնությանը և ուղղված լինեն համընդհանուր բարօրության ապահովմանը:

Հիմնաբառեր՝ մարդու իրավունքներ, ազատություններ, սահմանափակումներ, դերոգացիա, չճանաչված պետություններ, համաչափություն, արտակարգ իրավիճակ, Սահմանադրություն: *

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.07.2020թ.:

14.05.2020թ., գրախոսվել' 20.05.2020թ., տպագրության

58

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Ներածություն

Մարդն օժտված է բնական և անօտարե[ի իրավունքներով' անկախ ազգությունից, սեռից, էթնիկ պատկանելությունից, մաշկի գույնից, դավանանքից, ինչպես նաև քաղաքացիության պատկանելությունից կամ բնակության վայրից:

Մարդու իրավունքները ներկայացնում են համա[իր համակարգ, ինչի մասին են վկայում 1993թ.-ին Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովում ընդունված Վիեննայի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը: Դրանում նշվում է. «Մարդու բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանե[ի ու փոխադարձաբար կախված և փոխկապակցված: Միջազգային հանրությունը պետք է համաշխարհային

մակարդակում մարդու իրավունքներին վերաբերվի արդարացի և հավասար կերպով, հավասար հիմունքներով և միևնույն շեշտադրմամբ: Թեպետ պետք է նկատի առնել ազգային և տարածաշրջանային առանձնահատկությունները և տարբեր պատմական, մշակութային և կրոնական հիմքերը, պետությունների պարտականությունն է, անկախ քաղաքական, տնտեսական և մշակութային համակարգերից, խթանել և պաշտպանել մարդու բոլոր իրավունքները և հիմնարար ազատությունները» (կետ 5)86:

Վերոգրյալն ուղղակիորեն բխում է միջազգային իրավունքի jus cogens սկզբունք հանդիսացող՝ մարդու իրավունքների համընդհանուր հարգման սկզբունքից, որը, որպես մարդու իրավունքների հարգման պաշտպանության հիմք, հստակորեն ձևավորվեց 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Հռչակագրի ընդունումից հետո այս սկզբունքն ամրագրվեց նաև մարդու իրավունքներին նվիրված բազմաթիվ այլ միջազգային իրավական փաստաթղթերում:

Չնայած մարդու իրավունքներն անօտարելի են, սակայն դրանք որոշ դեպքերում, բացառապես միջազգային իրավական ակտերում սահմանված հիմքերի առկայության պարագայում կարող են սահմանափակվել կամ շեղվել այդ իրավունքներից:

Մեր կարծիքով, ինչպես արդարացիորեն նշում է Ա.Վ.Մալկոնը՝ «Այնպես ինչպես գոյություն ունեն համընդհանուր իրավունքների միջազգային չափորոշիչներ, այնպես էլ պետք է գոյություն ունենան դրանց սահմանափակման չափորոշիչներ»87: Հարցն

այն է, որ նման սահմանափակումները կամ շեղումներն ինքնանպատակ չպետք է լինեն: Սահմանափակման միջոցով որոշակի խնդիր լուծելով հանդերձ՝ չպետք է աղավաղվի կամ նենգափոխվի մարդու կոնկրետ իրավունքի բուն նպատակը, իմաստն ու էությունը: Հետևաբար այս հիմնախնդիրն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում պետք է լուծվի ողջամիտ և իրավաչափ իրավակարգավումների շրջանակում:

Մարդու իրավունքների ու հիմնարար ազատություններից հնարավոր շեղումների (կամ դերոգացիա) և սահմանափակումների ձևակերպումը, դրանց քննարկումը պատմական բոլոր ժամանակահատվածներում եղել է իրավունքի փիլիսոփայության կարևոր հարցերից մեկը: Այսպես, Թ.Հոբսը որպես իրավունքների սահմանափակման հիմնական նպատակ անվանում էր անվտանգության ապահովումը, իսկ Ջ.Լոկը՝ խաղաղության, անվտանգության և հասարակական բարեկեցության ապահովումը: Համընդհանուր բարօրության գաղափարները հետագայում զարգացում ապրեցին նաև Ժ.Ժ.Ռուսոյի և Լուսավորության ժամանակաշրջանի այլ փիլիսոփաների

աշխատություններում: Այդ հարցի հետ կապված հետագա ուսումնասիրություններում, որպես մարդու իրավունքների սահմանափակման նպատակներ, նշվեցին նաև

86 Վիեննայի Հռչակագիր և գործողությունների ծրագիր' ընդունված Մարդու իրավունքների համաշխարհային խորհրդաժողովի կողմից 1993թ. հունիսի 25-ին:

87 Подмарев А.А. Ограничение прав и свобод личности: Конституция РФ 1993г. и основные международные акты о правах человека //Вестник Санкт-Петербургского университета МВД России, 2017, № 2 (73), С. 79.

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

հասարակությունում համաձայնության ապահովումը (Ի.Գ.Ֆիխտե) և

բարոյականության պահանջը (Վ.Ս.Սոլովյով)88:

Ժամանակակից գիտական գրականության մեջ մարդու իրավունքների սահմանափակումները բնորոշվում են տարբեր կերպ: Մասնավորապես Ա. Վ. Մալկոն կարծում է, որ սահմանափակումները հանդիսանում են հակաօրինական գործունեության զսպում՝ հասարակական հարաբերությունները պաշտպանելու նպատակով89: Իսկ Վ.Ա.Չետվերնինի կարծիքով՝ մարդու իրավունքների

սահմանափակումները հասարակության համար վտանգի արգելք են և բացառում են ազատության շահագործումը90: Մասնագետների մեկ այլ խումբ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները բնորոշում է որպես հասարակության, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանություն իրավունքի օգտագործման կամայական չարաշահումներից (Վ.Ի.Գոյման), այլ անձանց իրավունքների ու ազատությունների հարգման անհրաժեշտություն և հասարակության ու պետության նորմալ գործունեություն (Վ.Վ.Մակլակով, Բ.Ա.Ստրաշուն), իրավակարգի պահպանություն, անձնական անվտանգության ապահովում, հասարակության և պետության արտաքին ու ներքին անվտանգության ապահովում, բարենպաստ պայմանների ստեղծում տնտեսական գործունեության և սեփականության բոլոր ձևերի պաշտպանության համար (Ա.Ս.Մորդովեց)91 և այլն:

Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ինստիտուտը միջազգային իրավունքում

Մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից շեղում կատարելու և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթներ պարունակում են այնպիսի կարևորագույն միջազգային իրավական փաստաթղթեր, ինչպիսիք են՝ 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման հնարավորություն են պարունակում նաև տարածաշրջանային միջազգային իրավական փաստաթղթերը: Դրանցից կարելի է հիշատակել 1948թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, 1979թ. Մարդու իրավունքների միջամերիկյան կոնվենցիան, ինչպես նաև 1981թ. Մարդու և ժողովուրդների աֆրիկյան խարտիան:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման հնարավորություն նախատեսում են նաև ազգային սահմանադրությունները: Ընդ որում, դրանք, որպես միջազգային իրավունքով

թույլատրելի շեղում, տեղ են գտել ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների սահմանադրություններում:

Մարդու իրավունքների թույլատրելի սահմանափակման վերաբերյալ միջազգային իրավադրույթների էության բացահայտումը կարևոր է հատկապես պատասխանելու համար այն հարցին, թե որոնք են այս հարցում պետությունների հայեցողական ազատության սահմանները:

88 Ромашев Ю.С. Ограничения прав и свобод человека в международного праве и новации в российском уголовном законодательстве // Журнал Российского права, 2013, № 11, С. 8.

89 Малько А.В. Теория государства и права, М., 2000, С. 7.

90 Конституция Российской Федерации: проблемный коментарий/ отв. ред. В.А.Четвернин. М.,1997, С. 30.

91 Мордовец А.С. Социально- юридический механизм обеспечения прав человека и гражданина.Саратов, 1996, С. 32.

60

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Այսպես' համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի' «Յուրաքանչյուր ոք պարտականություններ ունի այն համայնքի առջև, որտեղ և միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը: Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելս յուրաքանչյուր ոք ենթակա է միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով՝ բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն

երաշխավորելու և ժողովրդավարական հասարակությունում բարոյականության, հասարակական կարգի և ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջներն ապահովելու նպատակով: Այս իրավունքների և ազատությունների իրականացումն ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին»:

Տվյալ հոդվածի բովանդակությունից դժվար չէ ենթադրել, որ վերոնշյալ նորմն ունի ընդհանուր բնույթ, որը ցայսօր բազում քննարկումների ու վեճերի տեղիք է տալիս: Ռ.Ա.Մյուլերսոնի կարծիքով՝ այս դրույթը կարող է վտանգ պարունակել եթե ոչ չարաշահումների, ապա ամեն դեպքում ոչ հավասարաչափ պահպանվող հասարակական շահերին ուղղված սահմանափակումների համար92:

Իրավունքների և ազատությունների սահմանափակումը կարող է թույլատրվել միայն «օրենքին համապատասխան»: Եթե միջամտությունն իրականացվել է օրինական հիմքերով, առաջանում է հետևյալ հարցը՝ ինչքանո՞վ է այն անհրաժեշտ եղել ժողովրդավարական հասարակությանը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում սահմանված նպատակներին հասնելու համար93:

Մարդու իրավունքների վերաբերյալ հաջորդ միջազգային իրավական ակտը, որը թույլատրում է սահմանափակել մարդու իրավունքները, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրն է: Այդ փաստաթուղթը նախատեսում է, որ որոշ բացառիկ հանգամանքներում պետություններն իրավունք ունեն շեղվել մարդու իրավունքների վերաբերյալ իրենց ստանձնած

պարտավորություններից: Այս կապակցությամբ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածը սահմանում է. «Արտակարգ դրության ժամանակ, որի դեպքում վտանգված է ժողովրդի կյանքը, և որը հայտարարված է պաշտոնապես, սույն Դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն Դաշնագրով ստանձնած իրենց պարտավորությունների՝ միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակի լրջությունը, պայմանով, որ այդ միջոցներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքի համաձայն իրենց մյուս պարտավորությունների հետ և չեն հանդիսանում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիմքով»:

Հարկ է նշել, որ շեղումները պետք է խստորեն համապատասխանեն հետևյալ պայմաններին՝

• Արտակարգ իրավիճակների առկայությանը: Այս առնչությամբ Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է. «Ոչ բոլոր զինված հակամարտություններն են որակվում որպես արտակարգ իրավիճակ»: Մարդու իրավունքների կոմիտեն

մասնավորապես նշել է. «Դաշնագիրը պահանջում է, որ անգամ զինված հակամարտության ժամանակ Դաշնագրից բխող շեղումները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ իրավիճակը սպառնալիք է ազգի կյանքի համար: Եթե մասնակից պետությունները Դաշնագրի 4-րդ հոդվածը օգտագործեն այլ իրավիճակներում, քան զինված հակամարտությունն է, ապա նրանք պետք է մանրամասն հաշվի առնեն

92 Мюллерсон Р.А. Права человека: идеи, нормы, реальность. - М.: Юрид. Лит., 1991, С. 86.

93 Умарова А.А. Стандарты ограничений прав и свобод в актах современного международного права // Проблемы в российском законадательстве, 2011, № 2, С. 41:

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

արդարացումը և թե ինչու է այդպիսի միջոցը անհրաժեշտ և օրինական տվյալ հանգամանքներում»94:

• Այդ միջոցների ժամանակավոր բնույթը: Շեղման միջոցները պետք է ժամանակավոր լինեն և պետք է վերացվեն, երբ արտակարգ իրավիճակը կամ զինված հակամարտությունն ընդհատվի:

• Այդ շեղումները պետք է լինեն անհրաժեշտ ու համաչափ: Շեղման միջոցները պետք է խստորեն համապատասխանեն արտակարգ իրավիճակներին: Ավելին՝ շեղումները չեն կարող արդարացվել, եթե նույն նպատակին կարելի է հասնել ավելի մեղմ միջոցներով:

• Այդ շեղումները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի և մարդու

իրավունքների վերաբերյալ պետությունների ստանձնած պարտավորություններին: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 4.1-րդ հոդվածում նշված է. «Դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել՝ ի շեղումն սույն Դաշնագրով ստանձնած իրենց պարտավորությունների միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակի լրջությունը, պայմանով, որ այդ միջոցներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքի համաձայն իրենց մյուս պարտավորությունների հետ»: Մարդու իրավունքների Կոմիտեն այս հարցի

կապակցությամբ նշել է. «Զինված հակամարտության ժամանակ միջազգային կամ ոչ միջազգային, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները կիրառելի են և Դաշնագրի 4-րդ և 5-րդ կետերի հետ համատեղ օգնում են՝ կանխարգելելու պետություններին պատկանող արտակարգ լիազորությունների չարաշահումները»:

• Գործընթացային երաշխիքներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների կոմիտեն նշում է. «Դաշնագրի դրույթները, որոնք նվիրված են ընթացակարգային երաշխիքներին, երբեք չեն կարող ենթարկվել այնպիսի միջոցների, որոնք շրջանցում են չկարգավորվող իրավունքների պաշտպանությունը»95:

Մարդու իրավունքների վերաբերյալ առանձին միջազգային փաստաթղթեր բացահայտ կերպով արգելում են որոշակի դրույթներից շեղում: Օրինակ՝

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Ոչ մի բացառիկ հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում»: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրն ակնհայտորեն սահմանում է, որ կյանքի իրավունքի, խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կամ բժշկական կամ գիտական փորձերի, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրավասուբյեկտության ճանաչման իրավունքի շեղում չի թույլատրվում96: Թվարկված իրավունքները հաճախ անվանում են nonstandsfest. վերջինս գերմանական բառ է, որը ներառում է վերը թվարկված իրավունքները97:

Մարդու իրավունքների կոմիտեն վերահաստատել է, որ ընթացակարգային երաշխիքներին վերաբերող Դաշնագրի դրույթները երբեք չեն կարող ենթարկվել

International covenant on civil and political rights , General Comment NO. 29 States of Emergency (article 4), https://www.nichibenren.or.ip/librarv/ia/kokusai/humanrights librarv/treatv/ data/HRC GC 29e.pdf. կետ 3:

95 International legal protection of human rights in armed conflict; United Nations Human rights office of the Hight Commissioner, New York and Geneva; 2011 էջ 47-48:

96 Նույն տեղում, էջ 48-49:

97 Human rights law, teaching material; prepared by D.Shiferaw and Y.Teska 2009, էջ 54:

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

այնպիսի շեղումների, որոնք հնարավորություն կտան շրջանցել սահմանափակման ոչ ենթակա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես 4-րդ հոդվածը չի կարող կիրառվել այնպիսի ձևերով, որոնք կհանգեցնեն անշեղելի իրավունքներից շեղման: Օրինակ՝ Դաշնագրի 6-րդ հոդվածն ամբողջությամբ անշեղելի հոդված է, քանի որ սահմանում է արտակարգ դրության ժամանակ մահապատժի ենթարկելու ցանկացած փորձ, պետք է համապատասխանի Դաշնագրի դրույթներին, այդ թվում՝ Դաշնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին98:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 5-րդ հոդվածը սահմանում է. «Սույն Դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այն նշանակությամբ, թե որևէ պետություն, խումբ կամ անձ իրավունք ունի զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված լինի սույն Դաշնագրով ճանաչված ցանկացած իրավունքի կամ ազատության վերացմանը կամ սահմանափակմանն ավելի մեծ չափով, քան նախատեսված է սույն Դաշնագրով»: Պետք է նշել, որ Դաշնագրի մի շարք դրույթներում սահամափակումները թույլատրվում են կոնկրետ իրավունքի կապակցությամբ՝ դրա իրագործման սահմանները սահմանելով: Դա վերաբերում է մասնավորապես ազատ տեղաշարժվելու իրավունքին և բնակության վայր ընտրելու ազատությանը, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքին, ազատ արտահայտվելու իրավունքին:

Դաշնագրի 12-րդ հոդվածում սահմանված է, որ սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն՝

1. պետական անվտանգության,

2. հասարակական կարգի,

3. բնակչության առողջության կամ բարոյականության,

4. այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Բացի այդ, սահմանափակումները պետք է համատեղելի լինեն Դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ:

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում հստակ տարբերակում կա առկա «իրավունքների սահմանափակում» և «ստանձնած պարտավորություններից շեղում» հասկացությունների միջև:

Տնտեսական, սոցիալական ու մշակույթային իրավունքների սահմանափակման վերաբերյալ դրույթներ ամրագրված են Տնտեսական, սոցիալական և մշակույթային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածում, ըստ որի՝ Դաշնագրում սահմանված իրավունքների իրականացումը հնարավոր է ենթարկել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք

1. սահմանվում են օրենքով, որն ընդունվել է պետության ներսում և համապատասխանում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին,

2. այնքանով, որքանով համատեղելի են իրավունքների բնույթի հետ,

3. բացառապես ժողովրդավարական հասարակությունում ընդհանուր

բարեկեցությանը նպաստելու նպատակով:

Պետք է նշել, որ Դաշնագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ չի թույլատրվում մարդու՝ օրենքի, կոնվենցիաների, ենթաօրենսդրական ակտերի կամ սովորույթների հիման վրա ցանկացած երկրում ճանաչված կամ գոյություն ունեցող հիմնարար իրավունքների որևէ սահմանափակում կամ նվազեցում այն հիմնավորմամբ,

98 International covenant on civil and political rights , General Comment NO. 29 States of Emergency (article 4), https://www.nichibenren.or.ip/librarv/ia/kokusai/humanrights librarv/treatv/data/ HRC GC 29e.pdf. կետ 15:

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

թե Դաշնագիրը նման իրավունքներ չի ճանաչում կամ ճանաչում է նվազ ծավալով: Սակայն Դաշնագրի 8-րդ հոդվածով սահմանված տնտեսական ու սոցիալական շահերի ներկայացման և պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և իր ընտրությամբ արհեստակցական միության անդամակցելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության:

Վերոնշյալ երկու միջազգային իրավական դաշնագրերում ամրագրված սահմանափակումները կարող են կիրառվել ինչպես զինված հակամարտությունների ժամանակ, այնպես էլ խաղաղ ժամանակներում, սակայն այդ սահմանափակումները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

• այդ սահմանափակումները պետք է լինեն անհրաժեշտ և սահմանված լինեն օրենքով: Պետությունները սահմանափակվում են պայմանագրի դրույթների լեզվով: Օրինակ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդված 3-րդ կետը սահմանում է. «Կրոնի կամ համոզմունքի արտահայտման ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգի, առողջության և բարոյականության, ինչպես նաև այլ անձանց հիմնարար իրավունքների և ազատություների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների»: Նույն Դաշնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետը ևս պարունակում է նմանատիպ դրույթ. «Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք»:

• Համաչափությունը և միջամտությունը: Միջազգային արդարադատությունը և պրակտիկան հաստատում են այն փաստը, որ մարդու իրավունքների սահմանափակումները պետք է խստորեն համապատասխանեն համաչափության սկզբունքին: Արդարադատության միջազգային դատարանը հղում է կատարում Մարդու իրավունքների կոմիտեի՝ ազատ տեղաշարժվելու մասին 1999թ. թիվ 27 Ընդհանուր մեկնաբանությանը, ըստ որի՝ մարդու իրավունքների սահմանափակումները պետք է համահունչ լինեն համաչափության սկզբունքին և պետք է լինեն նվազագույն միջամտող գործիք, որը կարող է հանգեցնել ցանկալի արդյունքի: Նա կիրառեց նմանատիպ պայմաններ տնտեսական, սոցիալական ու մշակույթային իրավունքների նկատմամբ սահմանափակումների օգտագործման ժամանակ: Միջազգային մարդասիրական իրավունքի առնչությամբ որոշակի անհատական նորմեր հնարավորություն են տալիս ստանձնած պարտավորություններից կատարել բացառություններ: Երբեմն միջոցը թույլատրում է, եթե դա անհրաժեշտ է՝ ելնելով անվտանգության նկատառումներից կամ երբ արտակարգ իրավիճակն իրենից ներկայացնում է կազմակերպված սպառնալիք օկուպացիոն ուժի անվտանգության համար: Մինչդեռ քաղաքացիական անձինք, ի տարբերություն կոմբատանտների, սովորաբար չեն կարող ներթափանցել: Զինծառայողը կարող է պաշտպանել քաղաքացիական անձանց, երբ նրանց անվտանգության ապահովումը դառնում է բացարձակ անհրաժեշտություն, և գրավող ուժը կարող է դա անել անվտանգության իմպերատիվ պատճառներից ելնելով: Պետությունը կարող է հրաժարվել անհատական օգնություն ցուցաբերելու բեռից՝ անվտանգության իմպերատիվ պատճառներով պայմանավորված:

Պետությունները կարող են օգնել այն կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է հենց իրենց անվտանգության ապահովմանը: Այլ պարտականություններից կարող են շեղվել իմպերատիվ ռազմական պատճառներից

64

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ելնելով, երբ այն անհրաժեշտ է ռազմական գործողություններով կամ գոյություն ունեցող անխուսափելի ռազմական անհրաժեշտությամբ99:

Մարդու իրավունքների վերաբերյալ հաջորդ միջազգային իրավական ակտը, որում թույլատրվում են սահմանափակումներ կամ ստանձնած պարտավորություններից շեղումներ, ընդգրկում է Եվրոպա աշխարհամասը: Դա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան է (այսուհետ՝ Կոնվենցիա): Վերջինիս 15-րդ հոդվածը նվիրված է արտակարգ

իրավիճակներում պարտավորություններից շեղման ինստիտուտին: Հոդվածում

մասնավորապես սահմանվում է.

1. Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ՝ ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների՝ բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը՝ պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ:

2. Այս դրույթը չի կարող հիմք ծառայել՝ շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթների:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, օգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաև այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու և Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերսկսելու մասին:

Ինչպես արդեն նշել ենք, դերոգացիայի ինստիտուտը կամ ստանձնած պարտավորություններից շեղումները ամրագրված են համընդհանուր միջազգային իրավական փաստաթղթերում, հետևաբար Կոնվենցիայում նման դրույթի

առկայությունը որևէ առանձնահատկություն իրենից չի ներկայացնում:

Կոնվենցիայում ամրագրված արտակարգ իրավիճակներում

պարտավորություններից շեղումները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին:

Առաջին հերթին՝ միջոցները, որոնք մասնակից պետությունները ձեռնարկում են իրենց պարտավորություններից շեղվելու համար, պետք է խստորեն

համապատասխանեն արտակարգ իրավիճակին, հակառակ դեպքում հնարավոր է երկրում կամ դրա մի մասում Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և պարտավորությունների կրճատում:

Երկրորդ՝ պարտավորություններից շեղումը չի տարածվում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի' կյանքի իրավունք (բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ), 3-րդ հոդվածի' խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, 7-րդ հոդվածի' պատիժ' բացառապես օրենքի հիման վրա: Այս հոդվածների կապակցությամբ պետությունների ստանձնած պարտավորություններից շեղում ըստ էության անհնար է:

Երրորդ' այդ միջոցները չպետք է հակասեն կոնկրետ պետության այն պարտավորություններին, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին:

99 International legal protection of human rights in armed conflict; United Nations Human rights office of the Hight Commissioner, New York and Geneva; 2011 էջ 51-52;

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Չորրորդ' այդ միջոցառումները պետք է ունենան ժամանակավոր բնույթ, չնայած 15-րդ հոդվածում դա ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն բխում է 15-րդ հոդվածի 1-ին կետից. «Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ կամ 3-րդ կետում ամրագրված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին»100:

Կոնվենցիայի 15-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ մասնակից պետություններն արտակարգ իրավիճակներում իրենց պարտավորություններից շեղվելու իրավունքից կարող են օգտվել հետևյալ պայմանների առկայության դեպքում՜

1. արտակարգ իրավիճակը պետք է պայմանավորված լինի պատերազմի կամ ազգի կյանքի սպառնալիքով,

2. պետության կողմից ձեռնարկվող շեղման միջոցառումները, որոնք ամրագրված են Կոնվենցիայում, պետք է պայմանավորված լինեն արտակարգ դրությամբ,

3. նման միջոցառումները չպետք է անհամատեղելի լինեն պետության այլ

պարտավորություններին, որոնք համապատասխանում են միջազգային

իրավունքին:

Տվյալ հոդվածի կիրառման կապակցությամբ Դատարանը ընդունել է բազմաթիվ վճիռներ, որոնցում ամրագրել է իր դիրքորոշումն արտակարգ իրավիճակներում ստանձնած պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ու ձևավորել է որոշակի հայեցակարգ, որը ներկայումս պետությունների համար ունի կարևոր նախադեպային նշանակություն101: Որպես օրինակ կարող են ծառայել Լոուլեսն ընդդեմ Իռլանդիայի, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, Հունաստանն ընդդեմ Միացյալ Թագավորության, Բրոուգանն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության գործերը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման վերաբերյալ նորմն ամրագրված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի «Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները» վերտառությամբ 18-րդ հոդվածում, որում սահմանվում է. «Նշված իրավունքների և ազատությունների' սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»:

Կոնվենցիայի 18-րդ հոդվածի գլխավոր նպատակն է թույլ չտալ Կոնվենցիայի դրույթների խախտումներ առանձին իրավունքների և ազատությունների սահմանափակումների ձևով, որոնց կիրառման հնարավորությունը մասնակից պետությունների կողմից նախատեսված է հենց Կոնվենցիայով: Նման

սահմանափակումներ ամրագրված են Կոնվենցիայի 8-11-րդ հոդվածի 2-րդ մասով և 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով:

Ըստ Կոնվենցիայի տրամաբանության' ազգային օրենսդրություններն այդպիսի սահմանափակումներ պետք է նախատեսեն, եթե դրանք անհրաժեշտ են ժողավրդավարական հասարակությունում ազգային անվտանգության նպատակների համար, ինչպես նաև ելնելով հասարակական կարգի պահպանման, անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, բարոյականության ու առողջության

100 Комментарий к Конвенции о защите прав человека и основных свобод и практике ее применения/Под общ.ред.д.ю.н., проф. В.А.Туманова и д.ю.н., проф. Л.М.Этнина. - М.: Издательство норма, 2002. С. 221.

101 Оганесян В.А. Критерии ограничения прав человека в чрезвычайных ситуациях согласно прецедентному праву Европейского суда по правам человека. Международный альманах. Конституционное правосудие в новом тысячелетии. Ереван, 2003, С. 108.

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

պահպանման, այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակներից:

Եվրոպական դատարանը, սահմանափակումների վերաբերյալ գործեր քննելով, հանգել է այն եզրակացության, որ դրանց առկայությունը կոնկրետ հոդվածներում անհրաժեշտ է' անձնական ու հասարակական շահերի միջև հավասարակշռություն պահպանելու համար:

Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում՜ կիրառե՞լ սահմանափակումներ, թե՞ ոչ, սակայն ձևավորված պրակտիկան վկայում է, որ սահմանափակումների վերահսկելիության սահմանների հարցը պետք է լուծի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Նման մոտեցում ձևավորվել է մասնավորապես Քլասն և այլք ընդդեմ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Էնգելն և այլք ընդդեմ Նիդեռլանդների, Լուկանովն ընդդեմ Բուլղարիայի, Դե Յոնգ, Բայյեն և Վան դեն Բրինկը ընդդեմ Նիդեռլանդների, Բոզանոն ընդդեմ Ֆրանսիայի, Թուրքիայի միավորված կազմակերպությունը և այլք ընդդեմ Թուրքիայի գործերով կայացված վճիռներում:

Հարկ է ընդգծել, որ մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ դրույթներ են ամրագրված նաև այլ տարածաշրջանային միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես Մարդու իրավունքների միջամերիկյան

կոնվենցիայի 32-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Յուրաքանչյուր մարդու պատկանող իրավունքը սահմանափակվում է այլոց իրավունքներով, բոլորի անվտանգության և ընդհանուր բարօրության արդար պահանջներով'

ժողովրդավարական հասարակությունում»: Օրինակ' Միջամերիկյան դատարանի 1985թ. թիվ 5 խորհրդատվական եզրակացությունը102' նվիրված Լրագրողական գործունեություն իրականացնելու համար օրենքով նախատեսված ասոցացիային պարտադիր անդամակցելուն, վերաբերում էր լրագրողների իրավունքների սահմանափակումներին ու շեղումներին:

Ինչ վերաբերվում է Մարդու և ժողովուրդների աֆրիկյան խարտիային, ապա այն իրավունքների սահմանափակումների վերաբերյալ կոնկրետ դրույթ չի պարունակում: Սակայն Խարտիայի 27-րդ հոդվածի 2-րդ մասում պարտավորությունների վերաբերյալ դրույթն ըստ էության նախատեսում է ընդհանուր սահմանափակումներ իրականացնելու հնարավորություն: Ըստ այդ հոդվածի' «Յուրաքանչյուր անձի իրավունքները և ազատությունները պետք է գոյություն ունենան հաշվի առնելով մյուսների իրավունքները, որոնք կապված են կոլեկտիվ անվտանգության, բարոյականության և ընդհանուր շահերի հետ»103:

Չճանաչված պետություններում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ինստիտուտի իրավական կարգավորումը

Վերլուծելով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաղթերի բովանդակությունը, որոնցում ամրագրված է մարդու իրավունքների և հիմնարար ազատություններից շեղումների ու սահմանափակումների հնարավորությունը, պետք է նշել, որ նույնաբնույթ իրավադրույթներ պարունակում են գրեթե բոլոր միջազգայնորեն ճանաչված պետությունների սահմանադրությունները:

Անշուշտ, մարդու իրավունքների սահմանափակման հարցը օրակարգային խնդիր է նաև ինքնորոշման և անկախության համար պայքարող ազգերի ու ժողովուրդների համար: Իրենց պետականաշինության ճանապարհը հաղթահարելիս Մերձդնեստրի

102 Compulsory Membership in an Association Prescribed by Law for the Practice of Journalism (Arts. 13 and 29 of the American Convention on Human Rights), Advisory Opinion OC-5/85, November 13, 1985, Inter-Am. Ct. H.R. (Ser. A) No. 5 (1985), http://hrlibrarv.umn.edu/iachr/b 11 4e.htm.

103 Human rights law, teaching material; prepared by D.Shiferaw and Y.Teska 2009, էջ 51:

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Մոլդովական Հանրապետությունը, Հարավային Օսիայի, Աբխազիայի ինչպես նաև Արցախի Հանրապետությունները պարտավոր են միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման հետ մեկտեղ մշակել ու կիրառել դրանց սահմանափակմանն ուղղված այնպիսի իրավակարգավորումներ, որոնք կապացուցեն այդ պետությունների մտադրությունն իրական ժողովրդական հասարակություն ստեղծելու մասին:

Հարկ է նշել, որ ներկայումս նշված չճանաչված պետությունների Սահմանադրությունները, ամբողջությամբ պահպանելով միջազգային իրավական փաստաթղթերով մարդու իրավունքների և հիմնարար ազատություններից շեղումների ու սահմանափակումների վերաբերյալ նորմերը, միաժամանակ պարունակում են հոդվածներ' ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատություններից շեղումների կամ սահմանափակումների իրավական կարգավորմանը:

Այսպես' Մերձդնեստր Մոլդովական Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածը սահմանում է որ մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները անօտարելի են և պատկանում են յուրաքանչյուրին ծննդյան պահից, իսկ 18-րդ հոդվածում արձանագրված է, որ «Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակումը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե դա նախատեսված է օրենքով ու բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի ապահովման, բարոյականության, բնակչության առողջության, այլ անձանց իրավունքների և ազատությունների պահպանման անհրաժեշտությունից»: Բացի այդ, Սահմանադրության 54-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում սահմանադրական օրենքին համապատասխան կարող են սահմանափակվել մարդու և քաղաքացու' Սահմանադրության 4-րդ, 20-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով նախատեսված սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Սահմանադրությունը,

ամրագրելով, որ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները չեն կարող ենթարկվել սահմանափակումների, նաև արձանագրում է միջազգային կոնվենցիոն այն կարևոր պահանջը, որ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները կարող են կիրառվել միայն դրանց սահմանների և գործողության ժամկետի հստակ նշումով:

Աբխազիայի Հանրապետության Սահմանդրությունը ևս սահմանում է, որ Աբխազիայի Հանրապետությունում չպետք է ընդունվի կամ հրապարակվի օրենք, որը որևէ կերպ վերացնում կամ նվազացնում է մարդու իրավունքներն ու ազատությունները: Իրավունքների ու ազատությունների սահմանփակումներ կարող են կիրառվել միայն սահմանադրական օրենքներով սահմանադրական կարգի պաշտպանության, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, բարոյականության ու առողջության պահպանման, ինչպես նաև բնածին աղետների, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ (հոդված 35):

Նույնաբովանդակ հոդված առկա է նաև Հարավային Օսիայի Սահմանադրության 46-րդ հոդվածում: Ըստ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերի' արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով: Արտակարգ դրության

պայմաններում քաղաքացիների անվտանգության ապահովման ու սահմանադրական կարգի պահպանության նպատակով օրենքին համապատասխան կարող են սահմանվել իրավունքների սահմանափակումներ դրանց գործողության ժամկետի ու սահմանների հստակ նշումով:

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Այս հիմնախնդիրը Արցախի Հանրապետությունում նույնպես լուծվել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիոն նորմերի պահանջների պահպանմամբ: Այսպես' համաձայն Սահմանադրության 76-րդ հոդվածի' արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սահմանափակումների չեն ենթարկվում 23-26-րդ, 28-30-րդ հոդվածներում, 31-րդ հոդվածի 1-ին մասում, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ հոդվածում, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-րդ, 72-րդ հոդվածներում նշված իրավունքները, որոնք կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով պահանջում է իրավիճակը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային իրավունքի պահանջների շրջանակում:

Կարևոր է նաև որոշակիության սկզբունքն ամրագրող հոդվածը' սահմանումով, որ հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերն ու ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ու ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ (հոդված 79):

Ասվածի համատեքստում անընդունելի է պետությունների միջազգային ընտանիքի և նրա միջազգային կազմակերպությունների վարքագիծը' քաղաքական նկատառումներից ելնելով ձեռնպահ մնալ չճանաչված պետություններում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների երաշխավորման ազգային կառուցակարգերի նկատմամբ միջազգային արդյունավետ հսկողությանը մասնակից լինելու հարցում:

Եզրակացություն

Մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հիմքում ընկած տրամաբանության կամ, այսպես ասած, փիլիսոփայության քվինտ-էսենցիան մարդուն պաշտպանելն է հենց իր բնակության վայրի պետությունից: Մինչդեռ պետությունների միջազգային ընտանիքը, ձեռնպահ մնալով չճանաչված պետություններում իր այդ առաքելություն իրականացումից, առաջին հերթին վնասում է հենց իր միջազգային իրավունքի հեղինակությանը, զրկում նրան ունիվերսալության որակից:

Չճանաչված պետությունների համապատասխան սահմանադրական

հոդվածները պարունակում են այն հիմնական հասկացություններն ու չափորոշիչները, որոնց մասին խոսվում է ՄԻԵԿ 15-րդ հոդվածի 1-ին մասում: Միևնույն ժամանակ դրանք էականորեն կոնկրետացնում են ժողովրդավարական հասարակությունում դերոգացիայի նպատակները' սահմանադրական կարգի պաշտպանություն,

հասարական կարգի և անվտանգության ապահովում, բարոյականության ու առողջության պահպանում: Շատ գովելի է, որ Մերձդնեստրի Մոլդովական

Հանրապետության Սահմանադրության 54-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածը հստակ սահմանում են կոնկրետ այն իրավունքներն ու ազատությունները, որոնք ենթակա են սահմանափակման արտակարգ դրության կամ ռազմական դրության ժամանակ: Ընդ որում, պետք է նշել այն փաստը, որ

վերոնշյալ Սահմանադրություններում թվարկվում են ավելի շատ իրավունքներ ու ազատություններ, քան ՄԻԵԿ-ում: Սահմանադրական այդ նորմերը ավելի շատ մոտ են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթներին, սակայն դրանում ևս ավելի շատ իրավունքներ և ազատություններ են ամրագրված ու երաշխավորված:

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Ընդհանրացնելով կարող ենք արձանագրել որ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված իրավունքների և ազատությունների, դրանց ապահովման նկատմամբ հսկողության, այդ թվում' սահմանափակումների ու շեղումների հետ կապված իրավակարգավումները սահմանելիս (inter alia) պետք է հատուկ նշվի, որ դրանք իրավազորության ներգործության առումով ունիվերսալ են, այսինքն' տարածվում են յուրաքանչյուր անձի վրա, անկախ նրա բնակության վայրի իրավական կարգավիճակից: Հակառակ պարագայում խախտվում է միջազգային իրավունքի ողջ էությունը, այն է' լինի ոչ խտրական ու համաչափ, ապահովի համընդհանուր բարօրությունը:

INTERNATIONAL LEGAL REGULATIONS TO RESRTICTIONS ON THE PROTECTION OF HUMAN RIGHTS IN THE CONTEXT OF THE PROBLEM OF INTERNATIONAL PERSONALITY OF UNRECOGNIZED STATES

MARIAM GRIGORYAN

Artsakh State University, Department of Law, Ph.D Student;

UYSSA, Member;

Stepanakert, Republic of Artsakh (NKR)

The institution of lawful restriction of fundamental human rights and freedoms is the foundation which assures the existence of our society, ensures its security, citizens' rights and freedoms, and other important social goals.

The purpose of the article is to study the role of this institution in international law, and find out the ways it manifests itself in unrecognized states.

During the research both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative legal) principles were applied.

As a result of our research, the conclusion was drawn that any restrictions and deviations with respect to the rights enshrined in international human rights documents must be nondiscriminatory and proportionate to the nature of the right, aimed at ensuring the welfare of all.

Keywords: human rights, freedoms, restrictions, derogation, unrecognized states, proportionality, emergency, Constitution.

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

МЕЖДУНАРОДНЫЕ ПРАВОВЫЕ РЕГУЛИРОВАНИЯ ОГРАНИЧЕНИЯ ЗАЩИТЫ ПРАВ ЧЕЛОВЕКА В КОНТЕКСТЕ ПРОБЛЕМЫ МЕЖДУНАРОДНОЙ ПРАВОСУБЪЕКТНОСТИ НЕПРИЗНАННЫХ ГОСУДАРСТВ

МАРИАМ ГРИГОРЯН

аспирант Арцахского государственного университета; член ОМУСА,

г. Степанакерт, Республика Арцах (НКР)

Институт законодательного ограничения основополагающих прав и свобод человека является тем фундаментом, без которого невозможно существование нашего общества, обеспечение его безопасности, прав и свобод граждан и других важных социальных целей.

Целью статьи является исследование роли этого института в международном праве и выяснение того, как он проявляется в непризнанных государствах.

В ходе проведения исследования автором были применены как общенаучные (анализ, принцип историчности), так и частнонаучные (сравнительно-правовые) методы.

В результате исследования мы пришли к выводу, что любые ограничения и отклонения в отношении прав, закрепленных в международных правовых документах по правам человека, должны быть недискриминационными и соразмерными природе права, направленными на обеспечение всеобщего благосостояния.

Ключевые слова: права человека, свободы, ограничения, дерогация, непризнанные государства, соразмерность, чрезвычайная ситуация, Конституция.

71

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.