Научная статья на тему 'Կիպրոսի խնդիրը Եվ ղարաբաղյան հակամարտությունը'

Կիպրոսի խնդիրը Եվ ղարաբաղյան հակամարտությունը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
167
88
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
կարգավորման գործընթաց / Կիպրոսի խնդիր / ընդհանուր պե- տություն / դաշնային պետություն / ղարաբաղյան հակամարտություն

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Աննա Կարապետյան

Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացում 2014թ. փետրվարին բանակցայիննոր փուլ է սկսվել, հաջողվել է համաձայնեցնել կարգավորման նախնականսկզբունքները։ Հոդվածում ուսումնասիրվում են Կիպրոսի հիմնախնդրի էությունն ուբանակցային գործընթացի զարգացման դինամիկան, այս փուլի առանձնահատկու-թյունները։ Դիտարկվում են կողմերի, ինչպես նաև շահագրգիռ երկրների շահերը։Վերլուծության են ենթարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանհամար կիպրական օրինակի կիրառելիությունը, դրա համար անհրաժեշտպայմանները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CYPRUS DISPUTE AND KARABAKH CONFLICT

In February 2014 a new round of negotiations started for the settlement of the Cyprus dispute. The sides have succeeded to come to an agreement upon the initial principles. The article studies the essence of the Cyprus problem, the development dynamic of the negotiation process and the peculiarities at the current stage. The interests of the conflicting parties, as well as those of the stakeholder countries are reviewed. The applicability of the example of Cyprus for the settlement of the Nagorno-Karabakh conflict is also analyzed.

Текст научной работы на тему «Կիպրոսի խնդիրը Եվ ղարաբաղյան հակամարտությունը»

ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Կարապետյան՛

Բանալի բաոեր կարգավորման գործընթաց, Կիպրոսի խնդիր, ընդհանուր պետություն, դաշնային պետություն, ղարաբաղյան հակամարտություն:

Երկու տարվա դադարից հետո կիպրոսցի հույների և կիպրոսցի թուրքերի միջև բանակցությունները 2014թ. սկզբին վերսկսվել էին, ինչը կարևոր քայլ էր թվում խնդրի վերջնական կարգավորման ճանապարհին: Գործընթացը, սակայն, կրկին փակուղի մտավ, բանակցությունները նոր թափ չստացան: Այս հակամարտության կարգավորման գործընթացի և յուրահատկությունների ուսումնասիրությունն արդիական է, քանի որ հաճախ փորձ է արվում զուգահեռներ անցկացնել կիպրական խնդրի և ղարաբաղյան հիմնախնդրի միջև գտնելով նմանություններ և փորձի կիրառման հնարավոր ուղիներ։

2014թ. փետրվարի 11-ին տեղի է ունեցել Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարների առաջին հանդիպումը բանակցային գործընթացում երկու տարվա դադարից հետո: Հանդիպման արդյունքում ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը և միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք ամրագրել են դաշնային միասնական հանրապետության ձևավորման մտադրությունը: Ըստ համատեղ փաստաթղթի, միասնական հանրապետությունը կմիավորի կղզու հունական և թուրքական հատվածները, որոնք հանդես կգան որպես իրավահավասար մասեր: Միջազգային հարաբերություններում Կիպրոսը հանդես կգա որպես միասնական իրավական սուբյեկտ, սակայն երկու հատվածների կառավարումը կիրականացվի առան-

՚ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ:

38

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա Կարապետյան

ձին-առանձին: Կարգավորումը հիմնված է լինելու երկհամայնք, քաղաքական հավասարություն ենթադրող երկհատված դաշնային կարգի վրա:

Հաստատվելու է Կիպրոսի միասնական քաղաքացիություն, միաժամանակ միասնական Կիպրոսի քաղաքացիները հանդիսանալու են հույն-կիպ-րական կամ թուրք-կիպրական բաղկացուցիչ պետության քաղաքացիներ: Դաշնային կառավարությունը գործելու է բաղկացուցիչ պետությունների կառավարություններին զուգահեռ, լիազորությունները սահմանվելու են սահմանադրությամբ: Արգելվում է միասնական պետության կամ դրա առանձին մասի միացումն այլ երկրի, ինչպես նաև այնպիսի միակողմանի որոշումների ընդունումը, որոնք նախատեսում են առանձնացում միասնական պետությունից:

Հայտարարությամբ ամրագրվում է, որ երկու համայնքների ղեկավարների կողմից պետք է քննարկվեն բոլոր հարցերը, արդյունքում մշակված փաստաթուղթն առանձին-առանձին հանրաքվեի կներկայացվի կղզու երկու հատվածներում: Բանակցությունների հիմքում դրված է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել իրականացնել վստահության միջոցառումներ, որոնք դինամիկ առաջընթաց կապահովեն միասնական պետության ձևավորման գործում [1]:

Կիպրոսը բաժանվել է երկու հատվածի 1974թ., երբ հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը սկսեցին քայլեր ձեռնարկել կղզին Հունաստանին միացնելու ուղղությամբ: Արդյունքում Թուրքիան զորքեր մտցրեց կղզու հյուսիս: Երկու հատվածների միջև ձևավորվեց բուֆերային գոտի, որը պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից: Կղզու հյուսիսում 1983թ. հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը [2, с. 77]: Այժմ այն ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Ինչպես նշում են հույն հեղինակները, «իրենց քվեարկությամբ կիպրոսցի հույները ոչ թե մերժել են կիպրական խնդրի կարգավորումն ընդհանրապես, այլ հենց տվյալ առաջարկը, որը չէր բավարարում երկրի իրական վերամիավորումը և ժողովրդի վեր-ինտեգրումը, պետական ինստիտուտների և տնտեսության վերականգնումը» [3, с. 35]: Բանակցությունները պարբերական ընդհատումներով շարունակվում են արդեն երկար տարիներ չտալով զգալի արդյունքներ:

39

Ա. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կղզու միավորման ամենահայտնի փորձն իրականացվել է 2004թ., երբ երկու հատվածներում քվեարկության է դրվել ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանը, որը նույնպես ենթադրում էր Կիպրոսի երկու հատվածների միավորում երկհամայնք պետության ներքո, Թուրքիան թույլտվություն էր ստանում զորքերը պահել Հյուսիսային Կիպրոսում [4]: Կիպ-րոսցի թուրքերի մեծամասնությունը կողմ է քվեարկել առաջարկին, իսկ կիպ-րոսցի հույները դեմ: Արդյունքում Կիպրոսի Հանրապետությունը մտել է ԵՄ կազմի մեջ որպես անկախ պետություն, իսկ հյուսիսային հատվածը շարունակել է մնալ չճանաչված պետություն, որի նկատմամբ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկողություն չի իրականացնում:

Այսօր կղզու հյուսիսային հատվածը մեծ մասամբ բնակեցված է կիպ-րոսցի թուրքերով, ինչպես նաև Թուրքիայից ներգաղթած թուրքերով: 1975թ. Վիեննայում կնքված համաձայնությամբ 140-160 հազ. կիպրոսցի հույներ հեռացել են Կիպրոսի հյուսիսից, 60 հազ. թուրք կիպրոսցիներ հարավից [2, с. 79]: Արդյունքում 2011թ. մարդահամարի տվյալներով Կիպրոսի Հանրապետության բնակչությունը կազմում է 840 407 մարդ [5], իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության բնակչությունը 2006թ. մարդահամարի տվյալներով կազմել է 265.100 մարդ [6] (2011թ. անցկացված մարդահամարը Հյուսիսային Կիպրոսում համարվել է անվավեր, սակայն նախնական տվյալներով դրա բնակչությունը կազմել է 294.906 մարդ [7]): Եթե նշված մարդահամարների արդյունքները հիմք ընդունենք, ստացվում է հետևյալ պատկերը. կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է մոտավորապես 1 մլն 106 հազ. մարդ, որի 76%-ը կիպրոսցի հույներ են, իսկ 24%-ը թուրքեր (համադրվում են 2006թ. և 2011թ. մարդահամարի տվյալները, բացի այդ կղզում բնակվում են նաև փոքրաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ, ուստի տոկոսային այս հարաբերակցությունը մոտավոր է): Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքում բնակվում են մոտավորապես 440 հույն կիպրոսցիներ հիմնականում տարեց մարդիկ [3, с. 33]:

Նոր առաջարկը, ըստ էության, առնվազն այս փուլում քիչ է տարբերվում նախորդ փաթեթներից, այդ թվում նաև Անանի պլանից: Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր փուլի համաձայնեցված կետերը դեռևս միայն հայտարարության տեսք ունեն և ենթադրում են հետագա բանակցություններ և

40

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա Կարապետյան

արդյունքում միասնական փաստաթղթի ստորագրում: Տարբերությունները հնարավոր է լինեն առավել խորքային խնդիրներում, ինչպես, օրինակ, Թուրքիայի զորքերի առկայությունը կղզում, փախստականների վերադարձի և նրանց սեփականության հարցերը և այլն: Բացի այդ, որոշ փորձագետներ այս բանակցային փուլի և փաթեթի յուրահատկությունը տեսնում են նրանում, որ այն մշակում են անմիջականորեն կողմերի ներկայացուցիչները, այլ ոչ թե առաջարկում միջնորդները որպես միասնական փաստաթուղթ [8]:

Բանակցային գործընթացը, չնայած տարվա սկզբին գրանցված էական առաջընթացին, զարգացում չի ստացել: «Մենք չկարողացանք միասին ճիշտ դասավորել այս կետերը և արդյունքում այսօր կրկին փակուղի ենք մտել» [9],-հայտարարել է Կիպրոսի հարցով ՄԱԿ հատուկ խորհրդատու Էսպեն Բարթ

Էիդը:

Չնայած դրան բանակցային գործընթացից զատ կարևոր է դիտարկել նաև այն գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել բանակցային այս փուլի մեկնարկի ու երկարատև դադարից հետո փաստաթղթի համաձայնեցման վրա: Այդ գործոնների թվում են ինչպես տնտեսական ճգնաժամի արդյունքներն ու չկարգավորված իրավիճակից բխող վնասները, բաց թողնվող հնարավորությունները, այնպես էլ կողմերին աջակցող այլ երկրների քաղաքական դրդապատճառներն ու տարածաշրջանային, գլոբալ զարգացումները:

Կիպրոսցի հույների նախաձեռնողականությունն ու որոշ զիջումների պատրաստակամությունը բացատրվում էին թե երկրի ղեկավարի անձնական գործոնով, թե տնտեսական խնդիրներով: Նիկոս Անաստասիադեսը, որը Կիպրոսի Հանրապետության նախագահ է ընտրվել 2013թ., դեռևս 2004-ից կղզու վերամիավորման ակտիվ ջատագով է եղել: Նախընտրական շրջանում նա չի թաքցրել կղզին միասնական տեսնելու իր ձգտումները [10]: Բացի այդ, հաշվի առնելով ԵՄ և մասնավորապես Կիպրոսին մշտապես աջակցող Հունաստանի ծանր տնտեսական վիճակը այսօր կղզին ունի տնտեսական լուրջ խնդիրներ: Ծովային շելֆում վերջերս հայտնաբերված գազի բավական մեծ պաշարը կարող է որոշակիորեն բարելավել վիճակը, եթե հաղթահարվեն հումքահանության և Եվրոպա արտահանման խնդիրները, ինչը զգալիորեն բարդանում է կղզու բաժանված լինելու պարագայում [11]: Կղզու հյուսիսային հատվածը նույնպես տուժում է չճանաչվածությունից և դրանից բխող տնտեսական շրջափակումից:

41

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Պակաս կարևոր չեն Հունաստանի և Թուրքիայի դիրքորոշումները, որոնք մշտապես մեծ ազդեցություն են ունեցել կողմերի վրա: Ի դեպ, առաջին անգամ բանակցությունների ընթացքում բանակցողներին պաշտոնապես թույլատրվում էր առանձին-առանձին խորհրդակցություններ անցկացնել Աթենքի և Անկարայի հետ:

Թե Թուրքիան, թե Հունաստանը ողջունել են բանակցությունների վերսկսումն ու համաձայնության ձեռքբերումը:

Հունաստանը հայտարարել է, որ հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերի, երբ այս ծրագիրը քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում: Երկրի ԱԳ նախարար Էվանդելոս Վենիզելոսը փետրվարի 11-ին հայտարարել է. «Այս օրը Կիպրոսի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ոչ միայն երկու համայնքների ղեկավարները, այլև ամբողջ միջազգային հանրությունն ընդունում է, որ կիպրոսցի ժողովրդի ձեռքերում է իր ապագային առնչվող կարևոր հարցերի լուծումը, և որ որոշումները կկայացվեն անմիջականորեն հանրաքվեի ժամանակ առանց որևէ միջնորդների» [12]:

Այդ շրջանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Կիպրոսի խնդիրը չի կարող հավերժ շարունակվել, և փակուղին այլընտրանք լինել չի կարող: «Կիպրոսի վերաբերյալ պետք է վերջնական որոշում կայացվի»,- ասել է Դավութօղլուն [13]: Իսկ հանդիպումից հետո արված հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Թուրքիան կանի իրենից կախված ամեն բան, որ բանակցային գործընթացը բարեհաջող ավարտվի:

Կիպրոսի տնտեսական վիճակի բարելավումն ու կղզու նկատմամբ վերահսկողության վերականգնումը, որպես Կիպրոսի Հանրապետության դաշնակից, համահունչ է Հունաստանի շահերին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Կիպրոսի խնդիրը նրա ԵՄ-ին անդամակցության գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն է: Բացի այդ, թուրք-կիպրական համայնքը կանի հնարավորը Թուրքիայի ազդեցության լծակները կղզում պահպանելու համար, այդ պարագայում խնդրի կարգավորումը Թուրքիայի համար ազդեցության գոտի կստեղծի անմիջականորեն ԵՄ տարածքում: Պետք է նկատի ունենալ նաև «թուրքական ճոճանակի» էֆեկտը քաղաքական մի շարք խնդիրներից մեկում կառուցողական կեցվածքի ներքո քայլերի կոշտացումն այլ հարցերում: Ուստի, կիպրական խնդրում Թուրքիայի կառուցողականությունը

42

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Կարապետյան

կարող էր հիմք ստեղծել այլ հարցերում, օրինակ նույն քրդական խնդրում առավել կոշտ լուծումների համար:

ԱՄՆ-ը ևս էապես շահագրգռված էր Կիպրոսի հարցի արագ լուծմամբ: ԱՄՆ-ը հետաքրքրված է Միջերկրականի այս հատվածում կայունության ապահովմամբ, որտեղ նրա երկու հիմնական դաշնակիցները Իսրայելն ու Թուրքիան, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը, և բացի այդ, լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն էներգետիկ զարգացման համար: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ակտիվ ներգրավվածություն ունեցավ բանակցային այս փուլի վերսկսման հարցում [10]:

Այսպիսով թե խնդրի անմիջական կողմերի, թե գործընթացում ներգրավված այլ երկրների ձգտումը վերջնական լուծում տալ այս հարցին, բավական մեծ էր: Բացի այդ, համատեղ հայտարարությունն ու դրանով բանակցային հետագա գործընթացի հիմքերի ամրապնդումն ի սկզբանե որոշակիություն են մտցնում բանակցային գործընթացում: Սակայն պետք է հաշվի առնել, որ կողմերի անհամաձայնություններն ու սկզբունքային մոտեցումներն առանձին հարցերի վերաբերյալ քիչ չեն, բացի այդ, 2004թ. փորձը ևս վկայում է գործընթացի ոչ լրիվ կանխատեսելի լինելու մասին:

Հենց կողմերի անհամաձայնությունները, վստահության պակասն ու զիջումների բավական ցավալի լինելը կրկին հեռացրին արագ լուծումների հեռանկարը: Այսօր կրկին միջնորդներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները սկսել են խոսել այն մասին, որ երկարատև դադարը բանակցություններում սկսում է վնասել գործընթացին ու ապագայում կարող է հանգեցնել բացասական զարգացումների [9]:

Բացի կողմերի անհամաձայնություններից, գործընթացի տեմպի դանդաղեցման և այդ խնդրից ուշադրության շեղման հանգեցրին նաև գլոբալ քաղաքական այլ գործընթացները, մասնավորապես ճգնաժամի խորացումը Սի-րիայում, ուկրաինական ճգնաժամը և այլն: Այս գործընթացներում թե ԵՄ-ը, թե ԱՄՆ-ը, թե Թուրքիան նոր դերակատարում և փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, ինչը կիպրական հարցի ակտուալությունն այսօրվա դրությամբ նվազեցրեց:

Անդրադառնանք նաև ղարաբաղյան հակամարտության պարագայում զուգահեռների անցկացման և դրանց համար անհրաժեշտ պայմանների հարցին: Երկու գործընթացների միջև համեմատությունը հիմնականում կատար-

43

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

վում է բանակցային ձևաչափի հարցի առնչությամբ: Կիպրական օրինակով դիտարկվում են բանակցային ձևաչափի երկու հնարավոր մոդելներ բանակցություններ Ղարաբաղի այսպես կոչված հայկական և ադրբեջանական համայնքների միջև կամ բանակցություններ Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:

Առաջին դեպքում Կիպրոսի Հանրապետությունը նույնացվում է ԼՂՀ-ի հետ, իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ԼՂՀ այսօրվա տարածքից հեռացած ադրբեջանցիների հետ (զարմանալի է, իհարկե, բայցևայնպես տարածքը մարդկանց հետ): Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել, որ Կիպրոսի Հանրապետությունն արդեն երկար տարիներ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է, միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ, ԵՄ լիիրավ անդամ, ունի երկկողմ և բազմակողմ իրավա-պայմանագրային զարգացած դաշտ, որոնք երաշխավորում են իր գոյությունը որպես անկախ և սուվերեն պետություն: Ուստի, որոշակի զիջումները Հյուսիսային Կիպրոսին և լիազորությունների մասնակի բաշխումը ընդհուպ մինչև հավասարություն, չեն սպառնում նրա գոյությանը որպես անկախ պետություն ոչ ներկայումս, ոչ առնվազն մոտ ապագայում: ԼՂՀ-ի դեպքում իրավիճակը լիովին այլ է, վերջինիս անկախությունը մինչ օրս ճանաչված չէ որևէ երկրի կողմից, և չկան այն հիմքերը, որոնք կապահովեն ԼՂՀ գոյությունն ու անվտանգությունը նման զիջման պարագայում: Ղարաբաղյան հակամարտության համար կիպրական օրինակի կիրառումն այս ասպեկտով ընդունելի և տրամաբանական կլինի առնվազն ԼՂՀ-ն Կիպրոսի Հանրապետության հետ կարգավիճակով հավասարեցնելու պարագայում միայն (այսինքն ԼՂՀ ուղղակի և անվերապահ լիարժեք միջազգային ճանաչման):

Երկրորդ դեպքում Ադրբեջանը նույնականացվում է Կիպրոսի Հանրապետության, իսկ ԼՂՀ-ն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ: Այս դեպքում կարգավորման այս սցենարը բավական մոտ է 1998թ. առաջարկված <<Ընդհանուր պետություն» կարգավորման փաթեթին, որը մերժվեց Ադրբեջանի կողմից, քանի որ վերջինս պատրաստ չէր բավական լայն լիազորություններ տալ Ղարաբաղին, ուր մնաց թե կառուցել դաշնային պետություն հավասարության սկզբունքով: Ուստի, այս մոտեցման պարագայում կիպրական օրինակը հեռու է կիրառական լինելուց ղարաբաղյան հակամարտության դեպքում:

44

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա Կարապետյան

Այսպիսով, կիպրական օրինակի կիրառելիությունը դարաբաղյան հակամարտության համար հնարավոր է ԼՂՀ միջազգային ճանաչման կամ «Ընդհանուր պետություն» փաթեթի, կամ նրա որևէ վերափոխված տարբերակի դիտարկմանը վերադառնալու պարագայում միայն։

Մարտ, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Joint Declaration: final version as agreed between the two leaders (http://cyprus-mail.com/2014/02/11/joint-declaration-final-version-as-agreed-between-the-two-leaders/)

2. Натали Точчи, Тамара Ковзиридзе, Кипр. Европеизация и разрешение конфликтов: конкретные исследования европейской периферии, Весь мир, 2005. 312-77.

3. Софоклис Софокли, Кипрская проблема - самая застарелая и нерешенная в Европе, Международная жизнь, ISSN 0130-9625, 2014, №12 1-192.

4. THE COMPREHENSIVE SETTLEMENT OF THE CYPRUS PROBLEM, 31 MARCH 2004 (http://www.zypern.cc/extras/annan-plan-for-cyprus-2004.pdf)

5. Census of Population 2011, 06/11/13 (http://www.cystat.gov.cy/mof/cystat/statistics.nsf/ populationcondition_2 2main_en/populationcondition_22main_en? OpenForm&sub=2&sel=2 )

6. TRNC GENERAL POPULATION AND HOUSING UNIT CENSUS 2006 (http:// nufussayimi.devplan.org/Census%202006.pdf)

7. North Cyprus News | Census results (http://northcyprusfreepress.com/2011/12/11/north-cyprus-news-census-results ), 25.02.2014.

8. Mustafa Aydin, Fingers crossed for Cyprus (http://www.hurriyetdailynews.com/fingers-crossed-for-cyprus.aspx?pageID=449&nID=62396&NewsCatID=468 ) 24.02.2014.

9. Cyprus: UN envoy concerned about ‘impasse’ in negotiations (http://www.un.org/apps/ news/story.asp?NewsID=49795#.VL4MOtKsWOA ), 14.01.2015.

10. Stefanos Evripidou, Substance and symbolism of Joint Declaration (http://cyprus-mail.com/2014/02/16/substance-and-symbolism-of-joint-declaration/), 24.02.2014.

11. Стартовали переговоры о воссоединении Кипра (http://evrofor.ru/politics/4241-startovali -peregovory-o-vossoedinenii-kipra.html), 12.02.2014.

12. Греция считает важным проведение референдумов по кипрскому вопросу, http://ria.ru/ world/20140211/994373927.html, 11.02.2014.

13. Foreign Minister Davutoglu: Turkey hopeful for ‘last chance’ on Cyprus (http:// www.hurriyetdailynews.com/foreign-minister-davutoglu-turkey-hopeful-for-last-chance-on-cyprus.aspx?pageID=238&nID=62228&NewsCatID=338 ), 10.02.2014.

45

Ա Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Կարապետյան

Ամփոփագիր

Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացում 2014թ. փետրվարին բանակցային նոր փուլ է սկսվել, հաջողվել է համաձայնեցնել կարգավորման նախնական սկզբունքները: Հոդվածում ուսումնասիրվում են Կիպրոսի հիմնախնդրի էությունն ու բանակցային գործընթացի զարգացման դինամիկան, այս փուլի առանձնահատկությունները: Դիտարկվում են կողմերի, ինչպես նաև շահագրգիռ երկրների շահերը: Վերլուծության են ենթարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կիպրական օրինակի կիրառելիությունը, դրա համար անհրաժեշտ պայմանները:

КИПРСКАЯ ПРОБЛЕМА И НАГОРНО-КАРАБАХСКИЙ КОНФЛИКТ

Анна Карапетян

Резюме

В феврале 2014г. начался новый этап в переговорном процессе по урегулированию кипрского вопроса, удалось согласовать принципы урегулирования. В статье рассматриваются сущность и особенность Кипрской проблемы, динамика переговорного процесса, новый этап переговоров. Также в статье подвергаются анализу интересы и мотивы сторон конфликта и заинтересованных стран. Автором рассматривается приемлемость примера Кипрского урегулирования для процесса урегулирования НагорноКарабахского конфликта.

CYPRUS DISPUTE AND KARABAKH CONFLICT Anna Karajjetyan

Resume

In February 2014 a new round of negotiations started for the settlement of the Cyprus dispute. The sides have succeeded to come to an agreement upon the initial principles. The article studies the essence of the Cyprus problem, the development dynamic of the negotiation process and the peculiarities at the current stage. The interests of the conflicting parties, as well as those of the stakeholder countries are reviewed. The applicability of the example of Cyprus for the settlement of the Nagorno-Karabakh conflict is also analyzed.

46

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.