Научная статья на тему 'Ադրբեջանական «Փափուկ ուժը» Վրաստանում. Ձեվավորումը Եվ հիմնական նպատակները'

Ադրբեջանական «Փափուկ ուժը» Վրաստանում. Ձեվավորումը Եվ հիմնական նպատակները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
739
89
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ադրբեջանական «փափուկ ուժը» Վրաստանում / ադրբեջանական «փափուկ ուժի» հիմնական տարրերը / «փափուկ ուժի» թիրախը և նպատակները։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Անուշավան Բարսեղյան

Բազմակողմ և երկկողմ ձևաչափերով հաստատված կապերի միջոցով, Վրաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների, երկկողմանի տնտեսական կապերի ընդլայնման և էներգետիկ, տրանսպորտային միջազգային նախագծերում համատեղ մասնակցության ճանապարհով Ադրբեջանը ձգտում է «փափուկ ուժ» ձևավորել, որը հնարավորություն կտա առաջ մղել սեփական ռազմավարական շահերը: Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև հանրային դիվանագիտությունը (դրանում ներգրավելով Վրաստանում ադրբեջանական համայնքի ներուժը), մշակութային և կրթական կապերը, փորձագիտական շրջանակների համագործակցության հնարավորությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

AZERBAIJANI “SOFT POWER” IN GEORGIA: FORMATION AND MAIN OBJECTIVES

Through connections established in multilateral and bilateral formats, direct investments in Georgian economy, expansion of bilateral economic relations and joint participation in international energy and transport projects Azerbaijan strives to form “soft power” which would allow advancing its strategic interests. Baku actively employs also public diplomacy (also involving the potential of the Azeri community in Georgia), cultural and educational links, and opportunities of collaboration between expert circles.

Текст научной работы на тему «Ադրբեջանական «Փափուկ ուժը» Վրաստանում. Ձեվավորումը Եվ հիմնական նպատակները»

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՁԵ4Ա4ՈՐՈԻՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Անուշավաե Բարսեղյան'

Բանալի բաոեր ադրբեջանական «փափուկ ուժը» Վրաստանում, ադրբեջանական «փափուկ ուժի» հիմնական տարրերը, «փափուկ ուժի» թիրախը և նպատակները։

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հեռանկարները գնա-հատելու համար, երկկողմանի հնարավորություններն ուսումնասիրելուց զատ, անհրաժեշտ է դիտարկել նաև այն գործոնների ձևավորման միտումները, որոնք կարող են բացասաբար ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա:

Այդպիսի գործոններից են Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության հնարավորությունները Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա:

Ներկայում քաղաքագիտության մեջ լայնորեն ուսումնասիրվում է «փափուկ ուժը» որպես այլ երկրների վրա արդյունավետ ազդեցության կարևոր գործիք: Ըստ ամերիկացի քաղաքագետ Ջ.Նեյի, եթե «կոշտ ուժը» ցանկալի արդյունքի հասնելու նպատակով տնտեսական և ռազմական հզորության կիրառությունն է, ապա «փափուկ ուժի» էությունը մշակույթի, քաղաքական արժեքների և արտաքին քաղաքականության միջոցով երկրի նկատմամբ համակրանքի առաջացման և համատեղ ծրագրերում կամավոր մասնակցության խթանումն է [1]:

Նշենք, սակայն, որ տնտեսական ուժը կարելի է դիտարկել ինչպես «կոշտ», այնպես էլ «փափուկ» ուժի գործիք կախված օգտագործման ձևից։ Եթե այն դրսևորվում է տնտեսական էմբարգոների, պատժամիջոցների, հա-կադեմպինգային մեխանիզմների, ներկրման քվոտաների, արտադրության և արտաքին ներդրումների սահմանափակումների տեսքով և հանդիսանում է որպես «մտրակ» այս կամ այն միջազգային սուբյեկտի վրա ճնշում բանեցնե-

՚ «Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ։

լու նպատակով, ապա դա, անշուշտ, «կոշտ» ուժի տարր է: Սակայն նույն այդ ուժը կարող է խաղալ նաև «բլիթի» դեր ապահովելով առևտրային բարենպաստ ռեժիմի և վարկերի տրամադրում, ուղղակի ներդրումներ տնտեսությունում, տվյալ երկրի տարածքում արտադրության հիմնում և այլն:

Մեկ պետության տնտեսական ներկայությունը մյուսի տարածքում ունի ոչ միանշանակ հետևանքներ, եթե այն դիտարկենք ուժային ազդեցության տեսանկյունից։ Մի կողմից այն, որպես կանոն, բարենպաստ է այն երկրի համար, որի տարածքում գործում են արտերկրյա արտադրություններ և ծառայություններ։ Դրանք ստեղծում են լրացուցիչ աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ, բավարարում են որոշակի ապրանքների պահանջարկը, խթանում են մրցակցությունը և նպաստում տնտեսության զարգացմանը։ Դրա հետ մեկտեղ, դա հանգեցնում է այդ պետության վրա արտաքին ճնշման հնարավորությունների առաջացմանը1։

Ուսումնասիրելով անկախություն ստանալուց ի վեր Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորվող հարաբերությունները կարող ենք արձանագրել Վրաստանում ադրբեջանական «փափուկ ուժի» առաջացման միտումները։ Դրա հիմնական տարրերն են.

• էներգետիկ և տրանսպորտային միջազգային նախագծերում համատեղ մասնակցությունը,

• ադրբեջանական էներգակիրներից Վրաստանի միակողմանի կախվածությունը,

• վրացական տնտեսությունում ադրբեջանական կապիտալի աճող ներկայությունը,

• հանրային դիվանագիտությունը։

Այստեղ կարևոր է արձանագրել նաև այն հանգամանքը, որ նշված տարրերը կրում են երկարատև բնույթ, ի տարբերություն «փափուկ ուժի» կարճաժամկետ գործիքների' լրատվամիջոցների և սոցիալական մեդիաների։

Առավել մանրամասն անդրադառնանք Վրաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին նշելով, սակայն, որ նույնիսկ այս պարագայում հնա-

1 Ю.Давидов, Понятие «жесткой» «мягкой» силы в теории международных отношений, Журнал теории международных отношений и мировой политики, «Международные процессы», http://www.intertrends.ru/four/006.htm

րավոր չէ շրջանցել Թուրքիայի դերը, որն առավել ակնհայտ ընդգծվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչա-փում: Հարկ է նշել, որ Վրաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակները և ազդեցության ձևերը շատ ընդհանրություններ ունեն, իսկ մարտավարական ծրագրերը փոխլրացնում են միմյանց:

Մինչ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությանն անցնելը, անհրաժեշտ է դիտարկել Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ հիմնադրված մեկ այլ միջազգային կազմակերպություն ՎՈւԱՄ-ը, որի շրջանակներում առաջին անգամ փորձ արվեց համակարգված ձևով իրականացնել տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերը:

ՎՈւԱՄ. 1997թ. Ստրասբուրգում Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան (հետագայում միացավ Ուզբեկստանը), համաձայնության գալով ՎՈւԱՄ կազմավորման հարցում, հետապնդում էին հետևյալ հիմնական ընդհանուր նպատակները.

• կասպյան նավթի արտահանումը Եվրոպա այլընտրանքային ճանապարհով,

• տրանսպորտային միջանցքի ստեղծումը Եվրոպայի և Ասիայի միջև,

• տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը:

Թե էներգետիկ և թե տրանսպորտային նոր ուրվագծվող երթուղիները պետք է իրականացվեին Ռուսաստանը և Իրանը շրջանցելով։ Բացի տնտեսական եկամուտներ ստանալուց, կողմերը հետապնդում էին ՌԴ-ից էներգետիկ և քաղաքական կախվածությունը թուլացնելու նպատակ և ակտիվ աջակցություն էին ստանում ԱՄՆ-ից:

Ինչպես կտեսնենք հետագայում, սրանք դարձան հիմնական ընդհանուր նպատակները Վրաստան-Ադրբեջան համագործակցության այլ ձևաչափերի համար ևս:

Ադրբեջանում 1994թ. «դարի պայմանագիրը» կնքելուց հետո առաջնային դարձավ նավթի արտահանման ուղիների հարցը, բացի հյուսիսային ուղղությունից առաջ մղվեց Վրաստան - Սև ծով - Եվրոպա երթուղին, որի որոշ ճյուղավորումներ պետք է անցնեին ուկրաինական նավահանգիստներով:

1998թ. շահագործման հանձնվեցին Բաքու-Նովոռոսիյսկ, 1999թ.' Բաքու-Սուփսա խողովակաշարերը, որոնց միջոցով նավահանգիստներ հասած

նավթը լցանավերով պետք է անցներ Դարդանելի նեղուցը: Թբիլիսին հույս ուներ, որ որպես հիմնական երթուղի կդառնար Բաքու-Սուփսա տարբերակը, սակայն դրան ամեն կերպ ընդդիմանում էր Թուրքիան մերթընդմերթ սպառ-նալով փակել Դարդանելի նեղուցը լցանավերի համար: Թե Թուրքիան, թե ԱՄՆ վարչակազմն ակտիվորեն առաջ էին մղում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան տարբերակը, որը, կողմերի խորին համոզմամբ, ավելի ամուր իրար կկապեր Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Այս տարբերակին էր հակված նաև Ադրբեջանը, որը ձգտում էր ամրացնել կապերը եղբայրական Թուրքիայի հետ:

Ի վերջո, 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլյան խորհրդաժողովի ընթացքում Վրաստանի նախագահը Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ ստորագրեց Բաքու-Ջեյհան խողովակաշարի շինարարության մեկնարկի մասին համաձայնագիրը:

ՎՈւԱՄ երկրներից միայն Ադրբեջանն էր շահագրգռված նշված երթուղու իրականացմամբ, և դա դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որը բերեց այդ կազմակերպության ակտիվության նվազման:

Փոխարենը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի (2006թ.) և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի (2007թ.) գործարկմամբ նոր թափ ստացավ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը, խորացան փոխշահավետ տնտեսական կապերը:

Թուրքիա-4րասատն-Ադրբեջան. Կլանելով ՎՈւԱՄ-ի առջև դրված տնտեսական բնույթի հիմնական խնդիրները, այն է էներգետիկ և տրանսպորտային միջազգային նախագծերի իրականացումը, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը դարձավ գործուն ձևաչափ և ժամանակի ընթացքում վերաճեց քաղաքական միավորման, ինչին նպաստեցին նաև այլ գործոններ:

Նախ 2004թ. Վրաստանի կտրուկ շրջադարձը դեպի Արևմուտք, այնուհետև 2008թ. ռուս-վրացական պատերազմը ստիպեցին Թբիլիսիին ավելի մերձենալ Անկարային և Բաքվին: Փորձելով ազատվել ռուսական ազդեցությունից Վրաստանը հայտնվեց մյուս երկու հարևաններից քաղաքատնտեսական կախվածության մեջ: Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունները նրան զրկեցին տարածաշրջանային այլընտրանքից և ավելի խոցելի դարձրին թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Դիտարկելով անկախություն ստանալուց ի վեր Վրաստանի արտաքին քաղաքականության հիմ-

նական վեկտորների փոփոխությունը տեսանելի է դառնում մի օրինաչափություն. որքան երկիրը հեռանում է Ռուսաստանից, այնքան ավելի խորն է հայտնվում թուրք-ադրբեջանական աքցանի մեջ:

Մյուս էական գործոնը թուրք-ադրբեջանական եղբայրության նոր բռնկումն էր: 2009-2010թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշակի բացասական ազդեցություն ունեցավ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: 2010թ. օգոստոսին Բաք-վում Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի և ԱՀ նախագահ Ի.Ալիևի միջև ստորագրված «Ռազմավարական գործընկերության և փոխգործակցության մասին» համաձայնագիրը երկու տարի տևած լարված հարաբերություններից հետո վերականգնեց համերաշխությունը երկու երկրների միջև [2]: Ա.Գյուլի հավաստիացումներն առ այն, թե Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին, նոր թափ հաղորդեցին նրանց գործակցությանը, այդ թվում եռակողմ ձևաչափով:

2012թ. Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նշանավորվեց Տրապիզոնի հռչակագրի ստորագրմամբ, որը հիմք դրեց փոխադարձ շահերի հիման վրա մշտական խորհրդակցությունների անցկացման համար: Նախկին ընդհանուր նպատակներին ավելացավ տարածաշրջանի անվտանգության և կայունության ընդհանուր մոտեցումների ամրագրումը: Պարբերական բնույթ ստացած հանդիպումների (Տրապիզոն 2012թ., Բաթում 2013թ., Գյանջա 2013թ., Կարս 2014թ., Թբիլիսի 2016թ.) ընթացքում մշտապես ճշգրտվում են գործակցության ընդհանուր և կոնկրետ ուղղությունները, արդեն ուրվագծվում են ռազմական համագործակցության ձևերը:

Անդրադառնանք այս տարի Թբիլիսիում կայացած հինգերորդ եռակողմ հանդիպմանն ընդունված հռչակագրին, որում ԼՂ-ը համարվում է Ադրբեջանի մաս, գերակա են համարվում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, վերահաստատվում է ռազմավարական գործընկերությունը խորացնելու հանձնառությունը, դատապարտվում են փետրվարին Անկարայում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչությունները, համերաշխություն է հայտնվում Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:

Հենվելով Վրաստանի Ազգային վիճակագրական տեսչության հրապա-րակած տվյալների վրա տեսնենք, թե ինչպես է ազդել եռակողմ համագործակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի ապրանքաշրջանա-

ռության և Վրաստանում կատարվող ներդրումների դինամիկայի վրա (Գծապատկեր 1).

Գծապատկեր 1

Եթե նշված ժամանակահատվածում Թուրքիայի կողմից իրականացվող ներդրումների չափաբաժինը գրեթե փոփոխության չի ենթարկվել, ապա Ադրբեջանը շեշտակիորեն մեծացրել է դրանց ծավալները 2015թ. դառնալով առաջինը Վրաստանում ներդրումներ կատարած երկրների շարքում (Գծապատկեր 2.) (ներդրումների կառուցվածքին կանդրադառնանք ավելի ուշ):

Գծապատկեր 2

HHHHHMMMMNNNNNNNNNNMM

Թվականը

Հայաստան

Ադրբեջան

Թուրքիա

Վրաստանի արտահանման գծագրում երևում է, որ միջազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերում համատեղ մասնակցությունը և քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը տեսանելի կերպով չեն խթանել Վրաստանի արտահանումը դեպի այդ երկրներ, ինչը տնտեսության զարգացման հիմնական ցուցիչներից մեկն է: Նույնիսկ 2005-2007թթ., երբ Վրաստանը բախվեց գյուղմթերքների և գինու ՌԴ արտահանման արգելանքին, Վրաստանի արտահանման աճը Թուրքիա և Ադրբեջան համեմատելի է Հայաստան արտահանվող ապրանքների աճին:

2011-2014թթ. դեպի Ադրբեջան իրականացված արտահանման կորն ուղիղ համեմատական է այդ տարիներին Վրաստանից ավտոմեքենաների արտահանման դինամիկայի հետ, այսինքն կարող ենք նշել, որ այդ ժամանակահատվածի արտահանման աճը հիմնականում պայմանավորված է դեպի Ադրբեջան ավտոմեքենաների արտահանմամբ:

Գծապատկեր 3

Ներկրման պատկերը վկայում է թուրքական ապրանքների կողմից վրացական շուկան կլանելու մասին: 2007-2008թթ. ադրբեջանական ներկրման աճը պայմանավորված է ռուսական գազից հրաժարվելով և այն ամբողջությամբ Ադրբեջանից ստանալով: Դիագրամները վկայում են, որ Վրաստանը երկու երկրների հետ հարաբերություններում հիմնականում հանդիսանում է որպես սպառող:

Ամփոփելով եռակողմ համագործակցության թեման կարող ենք ասել, որ «փափուկ ուժի» բաղադրիչներից մեկը համատեղ ծրագրերում կամավոր մասնակցությունը, ապահովվում է բազմակողմ ձևաչափով: Մյուս բաղադրիչները տնտեսական, քաղաքական և մշակութային գրավչությունը, Ադրբե-ջանը փորձում է ապահովել արդեն երկկողմ մակարդակում:

Վրաստան-Ադրբեջան. Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները մշտապես կարևորվել են երկու երկրների ղեկավարության կողմից: Ժամանակին Էդ.Շևարդնաձեն ասում էր, թե «Վրաստանն աշխարհաքա-ղաքական փակուղի է առանց Ադրբեջանի, այնպես, ինչպես Ադրբեջանն առանց Վրաստանի» [3]: Սակայն երկու երկրների հարաբերությունները խորացան հատկապես Մ.Սաակաշվիլու ղեկավարման տարիներին: Հենց նրա օրոք ընդունված Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Ադրբեջանը բնորոշվեց որպես «ռազմավարական գործընկեր», նրա որոշմամբ 2007թ. Վրաստանը հրաժարվեց ռուսական գազից և էներգետիկ լիակատար կախվածության մեջ հայտնվեց Ադրբեջանից: Ներկայում Վրաս-տան ներկրվող նավթամթերքների և գազի 80-90%-ը բաժին է ընկնում Ադրբե-ջանին, որն իրականացնում է ադրբեջանական SOCAR ընկերությունը: Մինչ 2015թ. հոկտեմբերի 1-ը SOCAR Georgia-ն (SOCAR-ի դուստր ձեռնարկությունը) Վրաստանում կառուցել է 5150 կմ գազատար և ունի մոտ 208.000 բաժանորդ, 100 բենզինի և դիզվառելիքի, 20 գազալիցքավորման կայան:

Ընդհանրապես, էներգետիկ քաղաքականության միջոցով այլ երկրների վրա ներազդելու Բաքվի հակումները նոր չեն։ Դրանք դիպուկ բնութագրում է Ա.Յունուսովը ներկայացնելով 1990-ականներին «դարի գործարքը» կնքելուց հետո Ադրբեջանի իշխանության և հանրության շրջանում տիրող իրավիճակը. «Ելնելով երկրում տիրող քաղաքական իրողություններից, մենթալիտետից և ձևավորված կենսակերպից բացարձակ վստահություն էր տիրում, որ ամերիկացի գործարարներին նավթահանքերով և այլ շահավետ գործարքներով հրապուրելով հնարավոր կլինի Բաքվից ազդել ԱՄՆ տարբեր մակարդակներում Ադրբեջանի համար կարևոր որոշումների ընդունման վրա» [4, с. 93]։

Վերջին ամիսներին գազի ներկրման դիվերսիֆիկացման նպատակով Ռուսաստանի և Իրանի հետ Վրաստանի իշխանությունների վարած բանակցությունները և, ի վերջո, ադրբեջանական գազի նոր ծավալների գնման մասին կնքված համաձայնագիրը վկայում են ադրբեջանական «փափուկ

ուժի» ևս մեկ ազդեցիկ դրսևորման մասին: Նպատակի իրագործման համար Բաքվի կողմից գործի մեջ դրվեցին բոլոր լծակները, սկսած ամենաբարձր մակարդակով հանդիպումներից մինչև էներգետիկ ոլորտի ղեկավարների կողմից հնչեցված շանտաժը: Օգտագործվեցին նաև Վրաստանի տնտեսական կյանքում ունեցած ներգրավվածության միջոցով SOCAR-ի ձեռք բերած ազդեցության լծակները վրացական որոշ լրատվամիջոցների նկատմամբ, որոնք սկսեցին ամեն կերպ խեղաթյուրել էներգակիրների դիվերսիֆիկաց-մանն ուղղված քաղաքականությունը հաճախ զերծ չմնալով հակառուսական և հակահայկական հրապարակումներից։

Քաղաքական որոշ ընդդիմադիր շրջանակներ նույնպես բացասականո-րեն արտահայտվեցին ռուսական կամ իրանական գազի գնման հնարավոր գործարքների վերաբերյալ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Ա.Պետրիաշվիլին կասկած հայտնեց, որ «Գազպրոմի» հետ վարվող բանակցությունները կոչված են ծառայելու ոչ թե ազգային, այլ մասնավոր շահերին և լուրջ սպառնալիք են երկրի էներգետիկ անկախությանը, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ն.Ցիկրաուլին ներկայացրեց իրենց ավանդական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և ընթացող բանակցությունները կարող են վնասել վերջինիս շահերին։

Ինչպես արդեն նշվել է վերևում, Վրաստանի ընդհանուր արտաքին ներդրումներում պատկառելի տոկոս են կազմում ադրբեջանական ներդրումները։ Դիտարկենք 2015թ. Ադրբեջանի կողմից կատարված ներդրումները բացարձակ արժեքով և այլ երկրների հետ համեմատության մեջ (Գծապատկեր 4)։

Բնականաբար, այստեղ մեծ տոկոս են կազմում SOCAR-ի ներդրած գումարները, ինչպես նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից Քվեմո-Քարթ-լիում կրթական և մշակութային նախագծերի վրա ծախսված գումարները: Վրաստանում գործում է 300 ադրբեջանական ընկերություն, որոնք գործունեություն են ծավալում շինարարության, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում [2]:

Որոշ դեպքերում շինարարությունում արված ներդրումները, բացի բիզնես շահերից, ունեն նաև ռազմավարական նշանակություն: Մասնավորապես, Թբիլիսիի արվարձաններից մեկում ադրբեջանական ներդրումներով կառուցվող թաղամասում ամեն կերպ խրախուսվում է ադրբեջանցիների

բնակեցումը: Վրաստանի խորհրդարանի պատգամավորական հանձնախմբի հաշվարկների համաձայն, սույն թաղամասի ընտրազանգվածը 10 տարի հետո կարող է վճռորոշ լինել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում:

Գծապատկեր 4

Տրանսպորտային նախագծերը, մասնավորապես Կարծախի անցակե-տից Ջավախքով Վրաստան գնացող ճանապարհի (վերանորոգվել է թուրքական միջոցներով) և Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող երկաթուղու ենթակա-ռուցվածքների զարգացումը, կարող են բերել Ջավախքի էթնիկ կազմի փոփոխության ի հաշիվ հայ բնակչության:

Ինչպես նշում է Վրաստանի Եվրասիայի ինստիտուտի փորձագետ Գեորգի Վեկուան, «Քվեմո-Քարթլիի կողմից բիզնես ներկայությունը մեծացնում է Ադրբեջանը, իսկ Աջարիայի կողմից Թուրքիան: Մտահոգություն է առաջացնում այն, որ սրանք ոչ միայն և ոչ այնքան բիզնես նախագծեր են, որքան քաղաքականություն, որը դեռ պարզ չէ, թե ինչի կվերածվի: Այս նախագծերն առաջ են շարժվում կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղով դեմոգրաֆիական ծանրակշիռ ամրապնդմամբ»1։

Դրական կերպար ստեղծելու նպատակով Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև հանրային դիվանագիտությունը, որը ևս «փափուկ ուժի» տարրերից մեկն է: Այստեղ ներգրավվում են Վրաստանում ադրբեջանական հա-

1 Турецкая община Аджарии превращается в политический и экономический фактор: грузинские эксперты, http ://regnum.ru/news/polit/1748404.html

մայնքի ներուժը, մշակութային և կրթական կապերը, փորձագիտական շրջանակների համագործակցության հնարավորությունները:

Պաշտոնական Բաքուն բարդ, գլոբալ քաղաքական և տնտեսական գործընթացների դարաշրջանում, երկրի ազգային շահերի պաշտպանության գործում մեծ հույսեր է կապում ադրբեջանական սփյուռքի հետ: Հատկապես նախատեսվում է սփյուռքի կազմակերպությունների կողմից հանրային դիվանագիտության համալիր մեթոդների օգտագործումը գիտաժողովների, ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների անցկացում, գիտական և հրատարակչական գործունեություն, տեղի իշխանության մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն Ադրբե-ջանի դրական կերպարի ձևավորման նպատակով [5, с. 112]:

Առաջնահերթությունների, նպատակների և խնդիրների թվում նշվում են նաև տվյալ երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքին սփյուռքի ակտիվ մասնակցությունը, համագործակցությունը լոբբիստական կազմակերպությունների հետ [5, с. 114]:

Հանրային մակարդակով հաստատվել է «Ադրբեջանցիների և վրացիների եղբայրության օր», և եթե այդ կապակցությամբ նույնիսկ չանցկացվեն խոշոր միջոցառումներ, տեղեկատվական դաշտում դրա արծարծումը կարող է որոշակի ազդեցություն թողնել հանրային կարծիքի վրա։

Փորձագիտական մակարդակում ադրբեջանական կողմից շարժիչ ուժ է հանդիսանում ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը պարբերաբար իր վերլուծություններում անդրադառնում է Վրաստանին և կապեր հաստատում վրաց գործընկերների հետ: Այդ նպատակին էր ծառայում նաև 2014թ. Բաքվում անցկացված բավական ներկայացուցչական գիտաժողովն ադրբեջանցի, վրացի և թուրք փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում վերահաստատվել է երեք երկրների միջև փորձագիտական մակարդակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Թվում էր, թե վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակը պետք է մտահոգություն առաջացնի նաև վրաց փորձագետների շրջանում, սակայն նրանք հիմնականում հրաժարվում են այդ բովանդակությամբ հրապարակային ելույթներից, քանի որ ռուս-թուրքական լարվածության խորապատկերին դա կարող է դիտվել ռուսամետության դրսևորում և անմիջապես բացասական արձագանք ստանալ լրատվամիջոցներում:

Մյուս կողմից, հաշվի առնելով Թուրքիայի և Վրաստանի ուժերի անհամաչափությունը քաղաքական և փորձագիտական մակարդակներում առավել մտահոգիչ է թվում թուրքական աճող ազդեցության վտանգը և որոշակիորեն աչքաթող է արվում արևելյան կողմից եկող նմանատիպ սպառնալիքը։ Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ այս երկու ուժերը ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ պահին կարող են մեկտեղել իրենց հնարավորությունները, պատկերն ավելի լիարժեք կդառնա։

Վրաստանում, հատկապես Աջարիայում, թուրքական ներկայության դեմ առավել վճռական պայքար է մղում Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, որի մի քանի սպասավորներ Աջարիայի ապաթուրքականացման մասին քարոզում են անգամ ժամերգությունների ընթացքում [6]։ Նման հեռանկարից խուսափելու և Ադրբեջանի դրական կերպար ստեղծելու նպատակով, հաշվի առնելով Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հեղինակությունը և ազդեցությունը վրաց հասարակության վրա, ադրբեջանական SOCAR ընկերությունն իր վրա է վերցրել Վրաստանի տարածքում գործող եկեղեցիների կողմից օգտագործված բնական գազի ծախսերը։

Ելնելով Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում սահմանված առաջնային սպառնալիքների բնույթից1, արտաքին քաղաքականության հիմնադրույթներից1 2 և հաշվի առնելով Հայաստանի ու հայության նկատմամբ Ադրբեջանի թշնամական անթաքույց վերաբերմունքը հասկանալի է, որ Վրաստանում ձևավորված ադրբեջանական «փափուկ ուժի» հիմնական թիրախը Հայաստանն է։ Դրա միջոցով Ադրբեջանը փորձում է.

• մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային և միջազգային էներգետիկ, տրանսպորտային նախագծերից,

• խորացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը,

• խոչընդոտել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ռազմամթերքի առաքմանը,

• վնասել Վրաստանի հետ Հայ աստանի հարաբերությունների զարգացմանը,

• Վրաստանում ստեղծել Հայաստանի բացասական կերպար շրջանառության մեջ դնելով Վրաստանից իբր Հայաստանի ունեցած տարածքային պահանջների թեզը,

1 Концепция национальной безопасности Азербайджанской республики, http://eurasian-defence.ru/?q=node/30535

2 Внешняя Политика Азербайджана, http://www.azerbaijans.com/content_1004_ru.html

• տրանսպորտային նախագծերի և ներդրումների միջոցով իրենց օգտին փոխել (ամրապնդել) ռազմավարական նշանակության շրջանների էթնիկ կազմը:

Պաշտոնական Թբիլիսիի հետ հարաբերությունների բարձր մակարդակը Բաքվի կողմից օգտագործվում է նաև քարոզչական նպատակներով: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն առիթի դեպքում շեշտում են Հվ.Կովկասի երկրների միջև համագործակցության մեծ ներուժը, որին, իրենց պնդմամբ, խոչընդոտում է Հայաստանի քաղաքականությունը:

Այս ամենով հանդերձ, Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի զարգացումը և բարիդրացիական հարաբերությունների խորացումը: Հաշվի առնելով հատկապես Ռուսաստանի հետ առկա խնդրահարույց հարաբերությունների վիճակը և թուրք-ադրբեջանական «աքցանի» մեջ հայտնվելու մշտական վտանգը Վրաստանի ազգային շահերից են բխում Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և սերտացումը:

Սա այն դեպքն է, երբ երկու երկրները հավասարապես ունեն միմյանց կարիքը և պետք է համատեղ ջանքեր ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Ապրիլ, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Joseph S. Nye, Soft Power. The Means to Success in World Politics. New York: Public Affairs, 2004.

2. Javid Valiyev, Azerbaijan-Georgia-Turkey Triangle: The Main Features of Cooperation.

3. Независимый Азербайджан: Новые ориентиры, том 2, стр. 40, РИСИ 2000г., Москва.

4. Ариф Юнусов, "Азербайджан в начале XXI века: конфликты и потенциальные угрозы", Баку, 2007.

5. Ибрагимов И, Стратегия эффективного влияния, Внешняя политика, «мягкая сила» и энергетическая дипломатия Азербайджана в 21-м веке, Москва, 2016.

6. Ч-Տեր-Մաթևոսյաե, Թուրքիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական գործունեության հետևանքները Վրաստանում, «21-րդ ԴԱՐ», # 1, 2016:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԸ» ՎՐԱՍՏԱՆՈԻՄ.

ՁԵՎԱՎՈՐՈԻՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Անուշավաե Բարսեղյաե

Ամփոփագիր

Բազմակողմ և երկկողմ ձևաչափերով հաստատված կապերի միջոցով, Վրաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների, երկկողմանի տնտեսական կապերի ընդլայնման և էներգետիկ, տրանսպորտային միջազգային նախագծերում համատեղ մասնակցության ճանապարհով Ադրբեջանը ձգտում է «փափուկ ուժ» ձևավորել, որը հնարավորություն կտա առաջ մղել սեփական ռազմավարական շահերը: Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև հանրային դիվանագիտությունը (դրանում ներգրավելով Վրաստանում ադրբեջանական համայնքի ներուժը), մշակութային և կրթական կապերը, փորձագիտական շրջանակների համագործակցության հնարավորությունները:

АЗЕРБАЙДЖАНСКАЯ «МЯГКАЯ СИЛА» В ГРУЗИИ: ФОРМИРОВАНИЕ И ОСНОВНЫЕ ЦЕЛИ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Анушаван Барсегян

Резюме

За счет установления связей в многостороннем и двустороннем формате, прямых инвестиций в экономику Грузии, расширения двусторонних экономических связей и совместного участия в международных энергетических и транспортных проектах Азербайджан стремиться сформировать «мягкую силу», которая позволит продвигать его собственные стратегические интересы. Баку также активно использует общественную дипломатию (вовлекая в нее потенциал азербайджанской общины Грузии), культурные и образовательные связи, возможности сотрудничества экспертных кругов.

AZERBAIJANI “SOFT POWER” IN GEORGIA:

FORMATION AND MAIN OBJECTIVES

Anushavan Baisegbyan

Resume

Through connections established in multilateral and bilateral formats, direct investments in Georgian economy, expansion of bilateral economic relations and joint participation in international energy and transport projects Azerbaijan strives to form “soft power” which would allow advancing its strategic interests. Baku actively employs also public diplomacy (also involving the potential of the Azeri community in Georgia), cultural and educational links, and opportunities of collaboration between expert circles.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.