Научная статья на тему 'Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության արդի միտումներն ու զարգացումները'

Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության արդի միտումներն ու զարգացումները Текст научной статьи по специальности «Право»

CC BY
526
70
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Վլադիմիր Վարդանյան

XXդ. վերջին տասնամյակը բեկումնային էր հայերի դեմ իրագործված ցեղա-սպանության հիմնախնդրին առնչվող հարցերի վերիմաստավորման նորովիընկալման տեսանկյունից: Եթե 1980-ականների երկրորդ կեսին կարելի էրխոսել հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդիրն իրավականդաշտ տեղափոխելու որոշ միտումների մասին, 1990-ականները նշանավորվե-ցին դրա իրավական հարթությանն առնչվող հիմնախնդիրների ակտիվ լուսա-բանմամբ, երրորդ հազարամյակի սկզբին հայերի դեմ իրագործված ցեղասպա-նության հիմնական բաղկացուցիչը դարձան հենց իրավական հարթությանհիմնահարցերը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդրիիրավական դաշտ տեղափոխումը, փաստորեն, վերակենդանացրեց այդ հան-ցագործության համար միջազգային իրավական պատասխանատվության են-թարկելու՝ դեռևս XXդ. 20-ական թթ. վերջից «սառեցված» գործընթացը: Ինքնինհասկանալի է, որ ավելի քան 70 տարի սառեցված լինելուց հետո, մեր օրերում,տվյալ հարցի արծարծումը չէր կարող նույն բովանդակությունն ու ծավալնունենալ, ինչ 1920-ականներին: Այդուհանդերձ բարեբախտաբար, դեռ պահ-պանվում է հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար պատասխա-նատվության առավել գործուն արդյունավետ ձևի՝ պետության պատասխա-նատվության իրագործման հնարավորությունը: Ահա հենց այս համատեքստումէլ նպատակահարմար ենք գտել ուսումնասիրել հայերի դեմ իրագործված ցե-ղասպանության համար պատասխանատվության ենթարկելու հարցը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Последнее десятилетие ХХв. было переломным с точки зрения переосмысления и нового восприятия вопросов, связанных с Геноцидом армян. Если во второй половине 1980-х можно было говорить о некоторых тенденциях переведения проблемы Геноцида армян в правовую плоскость, 1990-ые ознаменовались активным освещением проблем, связанных с этой правовой плоскостью, то к началу третьего тысячелетия основным элементом осуществленного в отношении армян геноцида стали именно вопросы правового плана. Фактически, переведение проблемы Геноцида армян в правовую плоскость реанимировало «замороженный» еще в 20-ые годы ХХ века процесс привлечения к международной правовой ответственности за это преступление. Понятно, что после более чем 70-летнего замораживания сегодня выдвижение данного вопроса не могло иметь те же содержание и объем, что в 1920-ые гг. Тем не менее и к счастью, еще сохраняется возможность использования самой действенной и эффективной формы привлечения к ответственности за осуществленный в отношении армян геноцид — призвание к ответственности государства. В этом контексте исследовался вопрос привлечения к ответственности за осуществленный в отношении армян геноцид.

Текст научной работы на тему «Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության արդի միտումներն ու զարգացումները»

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Վլադիմիր Վարդանյան*

ճճդ. վերջին տասնամյակը բեկումնային էր հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդրին առնչվող հարցերի վերիմաստավորման և նորովի ընկալման տեսանկյունից: Եթե 1980-ականների երկրորդ կեսին կարելի էր խոսել հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդիրն իրավական դաշտ տեղափոխելու որոշ միտումների մասին, 1990-ականները նշանավորվեցին դրա իրավական հարթությանն առնչվող հիմնախնդիրների ակտիվ լուսա-բանմամբ, երրորդ հազարամյակի սկզբին հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնական բաղկացուցիչը դարձան հենց իրավական հարթության հիմնահարցերը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդրի իրավական դաշտ տեղափոխումը, փաստորեն, վերակենդանացրեց այդ հանցագործության համար միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու դեռևս ճճդ. 20-ական թթ. վերջից «սառեցված» գործընթացը: Ինքնին հասկանալի է, որ ավելի քան 70 տարի սառեցված լինելուց հետո, մեր օրերում, տվյալ հարցի արծարծումը չէր կարող նույն բովանդակությունն ու ծավալն ունենալ, ինչ 1920-ականներին: Այդուհանդերձ և բարեբախտաբար, դեռ պահպանվում է հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար պատասխանատվության առավել գործուն և արդյունավետ ձևի պետության պատասխանատվության իրագործման հնարավորությունը: Ահա հենց այս համատեքստում էլ նպատակահարմար ենք գտել ուսումնասիրել հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար պետություններին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրն անհնարին է քննել առանց տվյալ հանցագործության դեմ պայքարի հիմնական միջազգային իրավական գործիքի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի դրույթների և հայերի դեմ իրագործված ցեղասպանության նկատմամբ դրանց հավանական կիրառելիության վերլուծության:

* ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու (միջազգային հանրային իրավունք)։

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

Թեև Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիան կարելի է դիտել որպես մարդու իրավունքների ոլորտում ընդունված առաջին ժամանակակից միջազգային ունիվերսալ փաստաթուղթ (այն ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեկ օր առաջ), այդուհանդերձ, մոտ կես դար այն գործնականում գրեթե չի կիրառվել: Այս կապակցությամբ անհնարին է չհիշատակել հայտնի իրավաբան, միջազգայնագետ Գ.Շվարցենբերգերի այն միտքը, թե «Կոնվենցիան անհրաժեշտ չէ, երբ այն կիրաոելի է, կիրաոելի չէ, երբ անհրաժեշտ է» [1]:

Ահա այսպիսին էր Ցեղասպանության մասին կոնվենցիային տրված ընդհանուր միջազգային իրավական գնահատականն ընդհուպ մինչև սառը պատերազմի ավարտը, երբ նախկին Հարավսլավիայում և Ռուանդայում ծավալված իրադարձությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդին ստիպեցին 827 և 955 բանաձևերն ընդունելու միջոցով նախաձեռնել երկու միջազգային քրեական ad hoc տրիբունալների ստեղծումը, որոնց առարկայական իրավազորությունը տարածվում էր նաև ցեղասպանության հանցագործության վրա: Գրեթե նույն ժամանակահատվածից սկսվեցին նաև ցեղասպանության համար պետություններին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու փորձերը: Այսպես, 1990-ական թթ.մի քանի դատավարություն նախաձեռնվեց ՄԱԿ Միջազգային դատարանում (Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի (1993թ.) [2], Հարավսլավիան ընդդեմ ՆԱՏՕ-ի (1999թ.), [3] Խորվաթիան ընդդեմ Հարավսլավիայի (1999թ.) [4]: Ահա, կարելի է ասել, հենց 1990-ական թթ. սկզբնավորվեց Ցեղասպանության մասին կոնվենցիայի գործնական կիրառումը, և նոր մակարդակի բարձրացվեց ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրը:

1. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի դրույթների ընղհանուր վերլուծությունը

Ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 1951թ. հունվարի 12-ին: Ժամանակակից չափանիշներով Ցեղասպանության մասին կոնվենցիան փոքրածավալ փաստաթուղթ է: Այն բաղկացած է ընդամենը 19 հոդվածից: Ընդ որում, դրանցից «բովանդակային» կարելի է համարել միայն I-IX հոդվածները, քանի որ մնացած տասն առավելապես տեխնիկական բնույթ են կրում և կարգավորում են Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վերանայելու, ուժի մեջ մնալու ժամկետի, տարածքային կիրառելիության և այլ հարցեր: Տվյալ կոնվենցիայի հիմնական նպատակներից

39

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

էր հաստատել այն փաստը, որ ցեղասպանությունը դիտվում է որպես հանցագործություն համաձայն միջազգային իրավունքի, և մեկընդմիշտ ճանաչել ցեղասպանությունն արգելող ընդհանուր միջազգային իրավունքի նորմի գոյության փաստն ու սահմանել Կոնվենցիայի բուն էությունը հստակեցնել և մանրամասնել ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով արդեն երկար ժամանակ արգելված արարքը:

Սա էր պատճառը, որ 1948թ. Ցեղասպանության հանցագործության մասին կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ անդամ երկրներն առաջին հոդվածում ամրագրեցին հետևյալը. «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատմել այն կատարելու համար»1:

Փաստորեն, տվյալ եզրահանգումը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն պես հաստատվեց նաև 1951թ. ՄԱԿ Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ: Դրանում նշվում էր, որ «Կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունքները բոշոր քաղաքակիրթ պետությունների կողմից ճանաչվում են որպես պարտադիր նույնիսկ առանց որևէ կոնվենցիոնալ ամրագրման» [5]:

Կոնվենցիայի II հոդվածն առանցքային նշանակություն ունի. այն սահմանում է ցեղասպանության հանցագործության հասկացությունը: Այդ հոդվածի տրամաբանական շարունակություն կարելի է համարել նաև հոդված III-ը, որում ցեղասպանության հանցագործության հետ մեկտեղ սահմանված են պատժելի արարքները (ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, ցեղասպանություն կատարելու փորձը և ցեղասպանության կատարման մեջ հանցակցությունը):

Կոնվենցիայի IV-VII հոդվածները նվիրված են ցեղասպանություն կամ III հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձանց պատասխանատվության սկզբունքներին, ցեղասպանության դեմ արդյունավետ պայքարի համար համապատասխան օրենսդրության ընդունմանը և այդ հանցանքի համար արդյունավետ պատժամիջոցների սահմանմանը, ցեղասպանություն կամ Կոնվենցիայի III հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձանց դատելու համար իրավազորությանը և նրանց հանձնմանը:

Կոնվենցիայի VIII հոդվածը նվիրված է ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժելու ոլորտում Կոնվենցիայի մասնակից պետությունների լիազորություններին: Այսպես, Կոնվենցիայի VIII հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված

1 Մասնավորապես, անգլերեն բնօրինակում օգտագործվում է confrm (հաստատել), իսկ ռուսերենում' подтверждают (հաստատում են) եզրույթները:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

Ազգերի Կազմակերպության իրավասու մարմիններին Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և III հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու ու կանխելու համար»:

Եվ, վերջապես, Կոնվենցիայի IX հոդվածի հիմնական առաքելությունը մասնակիցների միջև առկա վեճերը լուծելու համար անհրաժեշտ կառուցա-կարգի ապահովումն է: Նշված հոդվածում, մասնավորապես, սահմանվում է, որ «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ III հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:

Ահա այսպիսին է Կոնվենցիայի դրույթների բովանդակության համառոտ նկարագրությունը, որի վերլուծությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս: Եվ առավել խրթին հարցերից է մնում Կոնվենցիայի շրջանակներում պետությունների պատասխանատվության խնդիրը, որը Կոնվենցիայում բավարար մակարդակով մանրամասնված չէ: Ահա հենց այս հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել սույն հոդվածի շրջանակներում:

2 Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրը

Միջազգային իրավունքի յուրահատկությունների խորության մեջ չթափանցած անձանց գուցեև զարմանալի թվա այն դրույթը, որ ցայսօր միջազգային իրավունքում գոյություն չունի պետությունների միջազգային իրավական պատասխանատվության սկզբունքներն ու կանոնները սահմանող որևէ պարտադիր իրավաբանական բնույթ ունեցող գրավոր փաստաթուղթ։ Այդուհանդերձ, դա ճշմարտություն է, քանզի գոյություն չունի որևէ միջազգային պայմանագիր, որը պարտավորություն կդներ պետությունների վրա միջազգային հակաիրավական արարքներ թույլ տված պետությունների նկատմամբ կիրառելու որոշակի ընդհանուր նորմեր և սկզբունքներ: Այլ կերպ ասած պետությունների պատասխանատվության, այսպես կոչված, «երկրորդային» նորմերն ու սկզբունքները պայմանագրային ամրագրում գրեթե չունեն, բացառությամբ առանձին փաստաթղթերում որոշ կցկտուր հիշատակումների: Նման պայմանագրային փաստաթղթի ընդունումը, անշուշտ, ձեռնտու չէ և ոչ մի պետության, քանի որ մշտապես գերադասելի է միջազգային իրավական պատաս-

41

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

խանատվության հարցերը կարգավորել ոչ թե կոշտ պայմանագրային ամրագրում ստացած նորմերի, այլ ճկուն սովորութային միջազգային իրավական նորմերի միջոցով:

Ինչևիցե, այս հարցում որոշակի պարզություն մտցրեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2001թ. դեկտեմբերի 12-ին ընդունելով Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ 56/83 բանաձևը [6]։ Դրան հավելվածի տեսքով կցված էր նույն վերտառությամբ մի փաստաթուղթ, որը ՄԱԿ Միջազգային իրավունքի հանձնաժողովի ավելի քան 50 տարվա աշխատանքի արդյունքն էր և, ըստ էության, պետությունների միջազգային իրավական պատասխանատվության ոլորտում սովորութային նորմերի գոյությունը հավաստող եզակի փաստաթուղթ:

Այդ փաստաթղթում, inter alia, որոշակի լուծում ստացավ նաև ցեղասպանության և միջազգային հանցագործություն համարվող այլ հակաիրավական արարքների համար պատասխանատվության հարցը: Այսպես, տվյալ փաստաթղթում նախատեսվեց III բաժինը «Ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից բխող պարտավորությունների լուրջ խախտումներ» վերտառությամբ (40, 41 հոդվածներ), որում ամրագրվեցին հենց միջազգային հանցագործությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ դրույթները: Տվյալ փաստաթուղթը նախապատրաստողները հրաժարվեցին «միջազգային հանցագործություններ» եզրույթից' այն փոխարինելով ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից բխող պարտավորությունների լուրջ խախտումներ արտահայտությամբ, որը թեև ավելի խրթին է թվում, սակայն առավել հստակ է արտահայտում նշված երևույթի էությունը այն տարբերելով ֆիզիկական անձանց կողմից կատարվող հանցավոր արարքներից: Թեև փաստաթղթում ուղղակի չի խոսվում այն մասին, որ ցեղասպանությունը դիտվում է որպես ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից բխող պարտավորությունների լուրջ խախտում, հոդված 40-ի մաս 2-ում ընդամենը սահմանելով, որ «Նման պարտավորության խախտումը լուրջ է, եթե այն զուգորդված է պատասխանատու պետության պարտավորության կոպիտ կամ սիստեմատիկ չկատարման հետ», այդուհանդերձ, ՄԱԿ Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արված մեկնաբանություններում նշվում է, որ ցեղասպանությունը պետք է դիտվի որպես ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից բխող պարտավորությունների լուրջ խախտում [7]:

Ընդհանրացնելով ասվածը կարող ենք եզրակացնել, որ տվյալ փաստաթուղթը վերջ դրեց միջազգային իրավունքում հաճախակի արտահայտվող այն կարծիքներին, թե պետությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել «միջազգային հանցագործություններ» կատարելու համար, իսկ պետության պատասխանատվությունն առավելապես կրում է քաղաքական և ոչ թե

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

իրավական բնույթ: Այսպիսով, վերջ դրվեց նաև ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության անհնարինության վերաբերյալ ասեկոսեներին:

Այնուամենայնիվ, մեր խորին համոզմամբ, նշված զարգացումներն անպատասխան թողեցին այն հարցը, թե ցեղասպանության համար պետությունների պատասխանատվության խնդիրը կարող է իրագործվել Ցեղասպանության մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա: Այլ կերպ ասած նախա-

ռ

գծվա ծ է, արդյոք, Ցեղասպանության մասին կոնվենցիան պետություններին

ռ

պատասխանատվության կանչելու համար, թե միայն ֆիզիկական անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու առաքելություն է իրականացնում:

3. Ցեղասպանության, մասին կոնվենցիայի հիման վրա պետություններին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավոյաւթյունը

Ահա հենց այս հարցը հիմնական դարձավ ՄԱԿ Միջազգային դատարանի համար Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի գործի քննության ժամանակ: Դատարանի իրավազորությանն առնչվող հիմնական խնդիրը վերաբերում էր այն հանգամանքին, թե Ցեղասպանության մասին կոնվենցիան ինչ պարտավորություններ կարող է դնել կողմերի վրա: Դատարանը մասնավորապես արձանագրեց, որ կողմերի միջև «աոկա է» Կոնվենցիայի IX հոդվածի իմաստի և իրավական շրջանակների կապակցությամբ վեճ աո այն, թե վերջինս սահմանափակում է Պայմանավորվող կողմերի պարտավորու-թյուններն իրավաստեղծմամբ և քրեորեն հետապնդելով կամ հանձնելով, թե մասնակից պետությունների պարտավորությունները ներառում են ցեղասպանություն և Կոնվենցիայի III հոդվածում թվարկված արարքներ չկատարելու պարտավորությունը [8, p. 58, para. 152]:

Դատարանը նշեց, որ Կոնվենցիայով կողմերի վրա դրվող պարտավորությունները պետք է դիտարկել դրանում ամրագրված հասկացությունների սովորական իմաստով դրա օբյեկտի և նպատակի համատեքստում և դրանց լույսի ներքո [8, p. 60, para. 160]: Այն վերիմաստավորեց Կոնվենցիայի հոդված 1-ի ձևակերպումները, որում inter alia նախատեսվում էր հետևյալը. «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կան-խարգելել և պատմել այն կատարելու համար»:

Դատարանը գտավ, որ «Կոնվենցիայի I հոդվածը, մասնավորապես, կոչված լինելով կանխարգելմանը, ստեղծում է պարտավորություններ, որոնք

43

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

տարբերվում են նրանցից, որոնք բխում են հաջորդ հոդվածներից: Այս եզրակացությունը հաստատվում է նաև Կոնվենցիայի զուտ մարդասիրական և քաղաքակրթական նպատակով» [8, p. 60, para. 160]:

Դատարանն այնուհետև քննության առավ այն հարցը, թե կրում են, արդյոք, Պայմանավորվող կողմերը ցեղասպանություն չկատարելու պարտավորություն, քանզի նման պարտականությունը հստակ սահմանված չէ Կոնվենցիայի դրույթներում: Դատարանը հանգեց այն դիրքորոշմանը, որ I հոդվածի իրավական բովանդակությունն արգելում է պետություններին ցեղասպանություն կատարել: Նման արգելքը բխում է նախ այն փաստից, որ վերջինս ցեղասպանությունը բնորոշում է որպես «հանցագործություն ըստ միջազգային իրավունքի»: Համաձայնելով նշված սահմանման հետ մասնակից պետությունները պետք է տրամաբանորեն ձեռնամուխ լինեն չկատարելու դրանում նկարագրված արարքները: Երկրորդ դա բխում է ցեղասպանության ակտերը կանխարգելելու հստակորեն սահմանված պարտավորությունից: Անհեթեթ կլիներ, եթե պետությունները պարտավորություն ստանձնեին կանխարգելելու ցեղասպանությունը, սակայն նրանց չարգելվեր կատարել նման արարքներ իրենց սեփական մարմինների միջոցով կամ այն անձանց կողմից, որոնց նկատմամբ նրանք ունեն այնպիսի հստակ վերահսկողություն, որ նրանց արարքները, ըստ միջազգային իրավունքի, վերագրելի են համապատասխան պետությանը [8, p. 63, para. 166]: Այլ կերպ ասած ցեղասպանությունը կանխարգելելու պարտավորությունն անպայմանորեն ենթադրում է ցեղասպանության կատարման արգելքը: Դատարանը նշել է նաև, որ իր եզրակացությունն ամրապնդվում է նաև IX հոդվածի ձևակերպման մի հատուկ առանձնահատկությամբ, մասնավորապես, «ներաոյալ նաև ցեղասպանություն կամ III հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը» արտահայտությամբ: Կոնվենցիայի անգլերեն և ռուսերեն բնօրինակների տեքստերի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ քննարկվող պատասխանատվությունը պատասխանատվություն է ցեղասպանության համար և ոչ թե պատասխանատվություն ցեղասպանությունը չկաեխարգելելու կամ չպատժելու համար: Դատարանն արդյունքում հանգեց այն եզրակացության, որ նշված արտահայտության առանձին եզրույթներ որպես այդպիսին, հաստատում են, որ Պայմանավորվող կողմերը կարող են պատասխանատվության ենթարկվել ցեղասպանություն կամ III հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար [8, p. 64, para. 168]:

Վերջնականապես հաստատելով այն կանխադրույթը, որ պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել ցեղասպանության համար ՄԱԿ Միջազգային դատարանը վերջակետ դրեց այն հարցին, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան նախագծված չէ պետությանը պատասխանա-

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

տվության կանչելու համար: Սա, մեր կարծիքով, մարտավարական հաղթանակ կարելի է համարել հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պատասխանատվության կանչելու համար, քանի որ Դատարանը, մեր կարծիքով, միանգամից երկու խնդիր լուծեց. նախ ճանաչեց Կոնվենցիայի հիման վրա պետությանը պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, և հաստատեց տվյալ հարցի առնչությամբ առկա իրավազորությունը:

4. Ցեղասպանության համար պետություններին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայմանները

4.1. Պատասխանատվություն պետական մարմինների և

պաշտոնատար անձանց արարքների համար

Բավարար չէ արձանագրել այն փաստը, որ պետությունը կարող է Ցեղասպանության մասին կոնվենցիայի հիման վրա պատասխանատվության ենթարկվել ցեղասպանություն կատարելու համար։ Անհրաժեշտ է վեր հանել այն պայմանները, որոնց առկայության պարագայում այն կարող է հնարավոր լինել:

Ընդհանրապես խոսելով պետության պատասխանատվության մասին պետք է պարզենք, թե որ արարքների համար այն կարող է պատասխանատվության ենթարկվել: Պետությունը, ըստ էության, կարող է գործել միայն պետական ապարատի և իր վերահսկողության ներքո գտնվող կառույցների ու անձանց միջոցով: Այդ իսկ պատճառով պետությունների պատասխանատվության անկյունաքարային դրույթներից մեկն այն է, որ պետության յուրաքանչյուր մարմնի արարք պետք է դիտել որպես այդ պետության արարք ըստ միջազգային իրավունքի և, հետևաբար, եթե այն պետության միջազգային պարտավորության խախտում է, ապա պետության պատասխանատվության հարց է առաջացնում:

Այս խնդիրն առաջին հայացքից միգուցե կթվա երկրորդական և ոչ անհրաժեշտ, սակայն կարևորագույն նշանակություն ունի հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ դրա համար բավարար չէ սոսկ ցեղասպանության եղելության փաստի ապացուցումը։ Պետք է նաև ապացուցել, որ այն իրագործվել է Օսմանյան կայսրության պետական մարմինների կողմից, դրանց մասնակցությամբ կամ թողտվությամբ: Այլ կերպ ասած անհրաժեշտ է որոշել (ընդ որում ցեղասպանության յուրաքանչյուր դրվագի համար առանձին), թե 1915-1923թթ. տեղի ունեցած ցեղասպանության մաս կազմող արարքներն արդյոք այդ ժամանակ Օսմանյան կայսրության գործող

45

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

մարմինների կարգավիճակ ունեցող անձանց կամ կազմավորումների կողմից են կատարվել, թե ոչ: Մեզ համար ըմբռնելի է այն զգացմունքը, որը կարող է արթնանալ ցանկացած ընթերցողի մեջ այս բառերն ընթերցելուց հետո: Իհարկե, կասկածի տակ չենք առնում ո չ հայերի դեմ իրագործված ցեղասպանության եղելության, ոչ էլ այն կազմակերպելու համար Օսմանյան կայսրության պատասխանատվության փաստը, այդուհանդերձ, տվյալ հարցը ՄԱԿ Միջազգային դատարան տեղափոխելու պարագայում inter alia անպայմանորեն պետք է ներկայացվի նաև ցեղասպանության փաստական կողմը կամ, այլ կերպ ասած վեր հանվեն այն արարքները, որոնց միջոցով իրագործվել է ցեղասպանությունը (actus reus), և այն իրագործելու հատուկ մտադրությունը (dolus specials), ինչից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ այդ արարքների համար Օսմանյան կայսրության պատասխանատվության հիմնախնդրին:

Ինչպես արդեն նշեցինք, պետությունը պատասխանատվություն է կրում իր բոլոր մարմինների, ներառյալ բանակի, արարքների համար, սակայն հայտնի է, որ հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը մասնակցել են նաև բազում այլ, այսպես կոչված, կիսապետական կամ իբր-պետական կազմավորումներ, որոնցից կարելի է մատնանշել, մասնավորապես, քրդական

ռ

ռազմականացված խմբավորումները: Կարո ղ են, արդյոք, դրանց արարքները

ռ

վերագրվել Օսմանյան պետությանը, և եթե այո, ապա ի նչ պայմանների ապահովման պարագայում: Նման խնդրի առաջ, մասնավորապես, կանգնեց ՄԱԿ Միջազգային դատարանը Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Հարավ-սլավիայի գործով որոշում կայացնելիս, քանի որ անհրաժեշտ էր պարզել, թե կարող է, արդյոք, Սերբիան պատասխանատվություն կրել Սրեբրենիցայի տարածքում «Սկորպիոններ» անունով հայտնի ռազմականացված միլիցիայի արարքների համար:

Այս հարցում դատարանը հավատարիմ մնաց իր դեռևս 1986թ. Նիկա-րագուայում և դրա շուրջ ռազմական և կիսառազմական գործողությունների վերաբերյալ գործով (Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների) որոշման մեջ ամրագրված դիրքորոշմանը, համաձայն որի անձինք, անձանց խմբերը կամ կազմավորումները կարող են միջազգային պատասխանատվության իմաստով հավասարեցվել պետության մարմիններին, եթե նույնիսկ նման կարգավիճակը չի բխում ներպետական իրավունքից, պայմանով, որ այդ անձինք, անձանց խմբերը կամ կազմավորումները փաստացի գործել են պետությունից «լիակատար կախվածությամբ» [8, pp. 140-141, para. 392];

Ներկայացված փաստերը գնահատելիս, հիմք ընդունելով այս մոտեցումը, Դատարանը հանգեց այն եզրակացության, որ «Սկորպիոնները» չեն հանդիսացել «Սերբիայի ներքին գործերի նախարարության ստորաբաժանում» և 1995թ. կեսերին չեն դիտվել որպես պատասխանողի de jure մարմիններ: Ուստիև, Դատարանը գտավ, որ Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղա-

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

սպանության ակտերը չեն կարող վերագրվել պատասխանողին իր մարմինների կամ նրանից ամբողջովին կախված անհատների և կազմավորումների կողմից կատարված լինելու հիմքով և, հետևաբար, չեն կարող հանգեցնել պատասխանողի միջազգային պատասխանատվությանը:

Գտնում ենք, որ տվյալ առումով հայերի դեմ իրագործված ցեղասպանության և Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանության փաստական հանգամանքները, անշուշտ, զգալիորեն տարբերվում են, և Օսմանյան կայսրության մարմինների ներգրավվածության աստիճանը շատ ավելի բարձր է եղել: Սակայն եթե նույնիսկ հիպոթետիկ ենթադրենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր չի լինի ապացուցել Օսմանյան կայսրության մարմինների մասնակցությունը հայերի դեմ իրագործված ցեղասպանության մաս կազմող արարքներին (ինչն ինքնին անհեթեթ է), դա որևէ կերպ չի կարող ազդել Օսմանյան կայսրության իրավահաջորդի պատասխանատվության վրա, քանի որ պետական մարմինների արարքների համար պատասխանատվությունը թեև պետությունների միջազգային իրավական պատասխանատվության առանցքային, բայց ոչ միակ հիմքն է:

4.2. Պատասխանատվություն պետության ցուցումնեյավ,

ուղղոյւդմամբ կամ նրա վերահսկողությամբ կատարված

միջազգային հակաիրավական արարքների համար

Միջազգային հակաիրավական արարքների, այդ թվում ցեղասպանության համար պետությունների պատասխանատվության ժամանակակից սկզբունքները նախատեսում են պատասխանատվության ևս մեկ կարևոր հիմք: Պետությունը պատասխանատվության է ենթարկվում նաև այն պարագայում, երբ ուղղորդում է այլ կազմավորումների կամ անձանց միջազգային հակաիրավական արարքները կամ վերահսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ: Այս հարցը, մեր կարծիքով, կարող է սկզբունքային նշանակություն ունենալ հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու առումով, քանզի, ինչպես արդեն նշել ենք, հայերի դեմ իրագործված ցեղասպանության մաս կազմող արարքների մի ստվար խումբ կատարվել է այնպիսի կառույցների կողմից, որոնք կա մ իբր-պետական կամ կիսապետական բնույթ են կրել, կա մ անմիջականորեն ուղղորդվել կամ վերահսկվել են պետական մարմինների կողմից: Այս տեսանկյունից դատարանի քննության առնվող որոշումը որոշակի լույս կարող է սփռել, քանի որ Դատարանը քննության է առել այն հարցը, թե արդյոք Սրեբրենիցայի կոտորածները կատարվել են անձանց կողմից, որոնք, թեև պատասխանողի մարմինների կարգավիճակ չեն ունեցել, սակայն գործել են դրանց ցուցումներով, ուղղորդ-մամբ կամ վերահսկողության ներքո:

47

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Դատարանը, վկայակոչելով ՄԱԿ Միջազգային իրավունքի հանձնաժողովի «Պատասխանատվության վերաբերյալ հոդվածների» հոդված 8-ում ամրագրված դրույթը, արձանագրեց, որ միջազգային պատասխանատվության սովորութային իրավունքի կիրառելի նորմն այն է, որ անձանց կամ անձանց խմբերի արարքը պետք է դիտվի որպես պետության արարք ըստ միջազգային իրավունքի, եթե անձինք կամ անձանց խումբն արարքն իրագործելիս փաստացի գործում են տվյալ պետության ցուցումներով կամ ուղղորդմամբ, կամ նրա վերահսկողության ներքո: Ըստ Դատարանի այս դրույթը պետք է ընկալվի տվյալ խնդրի վերաբերյալ Դատարանի պրակտիկայի, մասնավորապես, Նիկարագուայում և դրա շուրջ ռազմական և կիսառազմական գործողությունների վերաբերյալ գործով 1986թ. որոշման (Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների) [9] լույսի ներքո [8, pp. 142-143, para. 392]: Անշուշտ, հավատարիմ մնալով այս հարցում իր դիրքորոշմանը' Դատարանը, մեր կարծիքով, բավական դժվարացրեց այդ հիմքով հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու խնդիրը, քանի որ այսօր դեպքերից ավելի քան 90 տարի անց, բավական դժվար կլինի բացահայտել յուրաքանչյուր առանձին դրվագում ցեղասպանություն իրագործող կազմավորումների կամ անձանց արարքների նկատմամբ Օսմանյան կայսրության պետական մարմինների անմիջական վերահսկողությունը, ցուցումները կամ ուղղորդումը: Բավական դժվար, սակայն իրականանալի, քանի որ այդ թվականների հարուստ պաշտոնական նամակագրությունը և առկա այլ պաշտոնական փաստաթղթերը, մեր կարծիքով, թույլ են տալիս այս հարցին էլ դրական պատասխան տալ: Այդուհանդերձ, եթե տեսականորեն ենթադրենք, որ այստեղ ևս կարելի է ձախողվել, ապա նույնիսկ դա Թուրքիայի Հանրապետությանը թույլ չի տա խուսափելու պատասխանատվությունից, քանի որ, ինչպես հայտնի է, պետությունը պատասխանատվության է ենթարկվում ոչ միայն գործողությունների, այլ նաև անգործության համար:

5. Հայերի դեմիրագործված ցեղասպանության հարցը ՄԱԿ Միջազգային դատարանի քննությանը Ցեղասպանության մասին կոնվենցիայի IXհոդվածի հիման վրա, հանձնելու հնարավոյաւթյունը

Ինչպես արդեն նշել ենք, Ցեղասպանության մասին կոնվենցիան IX հոդվածում նախատեսում է, որ «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանության կամ սույն Կոնվենցիայի III հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Արդարադատության միջազգային դատարանի քննությանը վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

Ինչպես հայտնի է, և Հայաստանի Հանրապետությունը, և Թուրքիայի Հանրապետությունը համապատասխանաբար 1993թ. հունիսի 23-ից և 1950թ. հուլիսի 31-ից միացել են Ցեղասպանության մասին կոնվենցիային1: Ավելին, ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան որևէ վերապահում չեն արել հիշատակված Կոնվենցիայի IX կամ այլ հոդվածների կապակցությամբ: Հետևաբար, հայերի դեմ իրագործված ցեղասպանության հարցը ՄԱԿ Միջազգային դատարանի քննության առարկա հիպոթետիկ կերպով կարող էր դառնալ արդեն 1951թ. հունվարի 12-ից (Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսա-թվից)։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ կազմում Հայկական ԽՍՀ միջազգային իրավասուբյեկտությունը, ինչպես նշել ենք, սոսկ ձևական բնույթ էր կրում, նման գործի հարուցումը գործնականում անհնարին էր:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հարցի քննությունը Միջազգային դատարանում ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում անհնարին էր նաև Կոնվենցիայի IX հոդվածի վերաբերյալ ԽՍՀՄ վերապահման առկայության պատճառով, որը խոչընդոտում էր այդպիսի հնարավորությունը:

Սակայն Հայաստանի միջազգային հանրության լիիրավ անդամ և Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից դառնալուց հետո այդպիսի հնարավորությունն իրականություն դարձավ: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունն արդեն ավելի քան 15 տարի օժտված է հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հարցը ՄԱԿ Միջազգային դատարանի քննությանը միակողմանիորեն Կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա փոխանցելու իրավունքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի Հանրապետությունը Ցեղասպանության մասին կոնվենցիայի վավերացմամբ ճանաչել է Դատարանի իրավազորությունն այդ հարցի կապակցությամբ: Պետք է նշել, որ ցեղասպանությունը որպես erga omnes իմպերատիվ միջազգային պարտավորության խախտում, հնարավորություն է ընձեռում ոչ միայն ցեղասպանությունից անմիջականորեն տուժած, այլ նաև ցանկացած այլ պետության Ցեղասպանության մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա դատավարություն նախաձեռնել ՄԱԿ Միջազգային դատարանում: Անշուշտ, ոչ տուժող պետության կողմից նման դատավարության նախաձեռնումը փոքր-ինչ սահմանափակում է դիմողի իրավունքների շրջանակը, քանի որ վերջինս կարող է պահանջներ ներկայացնել, որոնք բացառապես ուղղված են այդ հանցագործության արդյունքում տուժած անձանց իրավունքների վերականգնմանը և նրանց պատճառված վնասի հատուցմանը:

Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նշված հիմքով ՄԱԿ Միջազգային դատարանում դատավարություն նախաձեռնելու դեպքում կա-

1 http://www2.ohchr.org/english/bodies/ratification/1.htm 02.05.2008

49

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

րող ենք բախվել բազմաթիվ «ստորջրյա խութերի», որոնցից կարելի է հիշա-տակել Կոնվենցիայի հետադարձության, Թուրքիայի Հանրապետության իրավահաջորդության, Կոնվենցիայի տարածքային կիրառելիության հետ կապված հարցերը և այլն:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության վերաբերյալ գործը Միջազգային դատարան փոխանցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է որոշել տվյալ հարցում ՄԱԿ Միջազգային դատարանի իրավազորության հիմքը: Գտնում ենք, որ տվյալ դեպքում Դատարանի իրավազորության հիմքը նույն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժե-լու մասին կոնվենցիայի IX հոդվածն է, որը ենթադրում է Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կատարելու կապակցությամբ վեճ առաջանալու դեպքում Դատարան դիմելու հնարավորությունը:

Հետևաբար, «պարզելու համար, թե արդյոք Դատարանն օժտված է Ցեղասպանության մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա գործը քննեյու իրավազորությամբ, Դատարանին անհրաժեշտ է հաստատել, թե գոյություն ունի, արդյոք, կողմերի միջև տվյալ դրույթի գործողության տակ ընկնող վեճ» [10, para. 27]:

Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության մասին գործով (Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի) որոշման մեջ Դատարանը, վեճի առկայության հաստատման համար դիտարկելով կողմերի բևեռային ու իրարամերժ դիրքորոշումները և հղում կատարելով նախկինում իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներին, եզրակացրեց, որ «ձևավորված պրակտիկային համապատասխան... շարունակում է գոյություն ունենալ մի իրավիճակ, որում երկու կողմերն զբաղեցնում են ծայրահեղ հակադիր տեսակետներ որոշակի պայմանագրային պարտավորությունների կատարման կամ չկատարման հարցի վերաբերյալ» (Interpretation of Peace Treaties with Bulgaria, Hungary and Romania, First Phase, Advisory Opinion, I.C.J. Reports 1950, p. 74), և որ Հարավսլավիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացրած պահանջների ժխտման պատճառով նրանց միջև «առկա է իրավական վեճ (East Timor (Portugal v. Australia), I.C.J. Reports 1995, p. 100, para. 22)» [10, para. 29]:

Հիմք ընդունելով դատարանի նշված իրավական դիրքորոշումը կարելի է վստահ հայտարարել, որ հայերի դեմ իրագործված ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը որոշակի միջազգային իրավական պարտավորությունների կատարման կամ չկատարման վերաբերյալ ունեն հստակ արտահայտված ծայրահեղ հակադիր դիրքորոշումներ, որոնք մասնավորապես շարադրված են 1948թ. դեկտեմբերի

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

9-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում: Հետևաբար, հղում կատարելով ՄԱԿ Միջազգային դատարանի պրակտիկային կարելի է ենթադրել, որ հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավաբանական բնույթի միջազգային վեճ է:

Ելնելով վերոհիշյալից կարելի է հայտարարել, որ տվյալ հարցում Միջազգային դատարանի ratione materiae իրավազորությունը որևիցե էական առարկություն առաջացնել չի կարող:

Ավելի բարդ է Դատարանի ratione temporis իրավազորության հարցը նկատի ունենալով այն հանգամանքը, որ վեճի առարկա կազմող արարքները տեղի են ունեցել Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց շատ ավելի վաղ: Այլ կերպ ասած դատարանում նշված հիմքով դատավարություն նախաձեռնելու պարագայում մենք անխուսափելիորեն բախվում ենք Կոնվենցիայի հետադարձ կիրառելիության բավական վիճահարույց հիմնախնդրին: Այդ հարցի վրա որոշակի լույս սփռելու համար ստիպված ենք կրկին վկայակոչել Ցեղասպանության մասին կոնվենցիայի նույն IX հոդվածը։ Այն նշում է, որ Կոնվենցիայի մեկնաբանության հետ կապված վեճերը փոխանցվում են Միջազգային դատարանի քննությանը: Կոնվենցիայի դրույթներին հետադարձ ուժ տալու կամ չտալու հարցն ուղղակիորեն արծարծված չէ Կոնվենցիայի տեքստում: Սա տարակարծությունների տեղիք է տալիս: Այսպես, 2002թ. Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի համար պատրաստված իրավաբանական վերլուծության հեղինակները, վերլուծելով հայերի դեմ իրագործված ցեղասպանության նկատմամբ Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության հարցը, հանգել էին բացասական եզրակացության նշելով, որ միջազգային իրավունքը, որպես կանոն, արգելում է պայմանագրերին հետադարձ ուժ տրամադրելը, «եթե պայմանագրից այլ մտադրություն չի հետևում կամ այլ կերպ չի հաստատված» [11]:

Ըստ վերլուծության հեղինակների Կոնվենցիայի նախապատրաստման ամբողջ գործընթացը և դրա դրույթների ճնշող մեծամասնությունն ուղղակի վկայում են, որ Կոնվենցիան ստեղծողներն ապագային ուղղված (ակտիվ), այլ ոչ թե հետադարձ ուժ ունեցող (ռետրոսպեկտիվ) պարտավորություններ են դնում այն պետությունների վրա, որոնց նրանք ներկայացնում են ներառելով «հանցագործությունների հետագա կանխարգելումը» [12, p. 7]: Վկայակոչելով Ցեղասպանության մասին կոնվենցիայի XIII հոդվածը Հուշագրի հեղինակները հանգել էին այն եզրակացությանը, որ այն ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ին, ուստիև չի կարող առաջացնել ֆիզիկական անձանց քրեական կամ պետությունների միջազգային իրավական պատասխանատվություն այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել ճճդ. սկզբին կամ ցանկացած այլ ժամանակ մինչև 1951թ. հունվարի 12-ը [12, pp. 7-8]:

51

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Մյուս կողմից, հեղինակների մեկ այլ խումբ, մասնավորապես, Ալֆրեդ դը Զայասը [13], գտնում է, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան կարող է կիրառվել հետադարձ ուժով, քանի որ այն նախապես գոյություն ունեցած միջազգային իրավունքի ամրագրումն է: Այսպես, օրինակ, Ա. դը Զայասը նշում է, որ «Ցեղասպանության մասին կոնվենցիայի ձևակերպումները ոչ բացառում, ոչ էլ նախատեսում են դրա հետադայւձ կիրառությունը: Այլ կերպ ասած Կոնվենցիայի շարադրանքի մեջ չկա ոչինչ, ինչը կարգելեր դրա հետադայւձ կիրառությունը: Ի տարբերություն դրա գոյություն ունեն բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք ուղղակիորեն ամրագրում են, որ դրանք չեն կիրառվումհետադարձորեն: Օրինակ, 1998թ. Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հոդված 11-ը սահմանում է, որ «Դատարանին ընդդատյա են միայն սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունները» [13]: Ըստ Ա. դը Զայասի «Հատկանշական է, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան մշակողները չեն սահմանել, որ այն կիրառվելու է միայն ապագայի համար, թեև նրանք հեշտորեն կարող էին դա անել, եթե մտադրություն ունենային սահմանափակել դրա կիրառման շրջանակը» [14]:

Քննադատության չենթարկելով նշված երկու դիրքորոշումներից ոչ մեկը հարկադրված ենք ընդգծել, որ դրանք ոչ այլ ինչ են, քան Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետադարձ կիրառելիության վերաբերյալ դոկտրինալ մոտեցումներ, և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող: Քանի որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետադարձ կիրառելիության հիմնահարցը Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման խնդիր է, ինչը դրա IX հոդվածի համաձայն ՄԱԿ Միջազգային դատարանի բացառիկ իրավասության ոլորտի մեջ մտնող հարց է: Հետևաբար, Կոնվենցիայի հետադարձ կիրառելիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է միայն ՄԱԿ Միջազգային դատարանին, և քանի դեռ տվյալ հարցի առնչությամբ չկա վերջինիս իրավական դիրքորոշումը, ցանկացած դատողություն Կոնվենցիայի հետադարձ կիրառելիության կամ դրա անհնարինության վերաբերյալ, կշարունակի մնալ տեսական դատողությունների մակարդակում:

Ապրիլ, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Островский Я.А, Практика Международного уголовного трибунала по Руанде – преступление геноцида. Материалы Международного курса по МГП для государственных служащих и представителей академических кругов. М., 2003 , с. 195.

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Վ Վարդանյան

2. Order on Request for the Indication of Provisional Measures in Case Concerning Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Bosnia and Herzegovina v. Yugoslavia), 1993 ICJ (April 8).

3. Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Yugoslavia v. NATO), 1999 ICJ (April 29).

4. Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Croatia v. Yugoslavia), 1999 I.C.J. (July 2).

5. Reservations to the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, Advisory Opinion, ICJ Reports (1951), pp. 15-69. See: Diane F. Orentlicher. Genocide. – Crimes of War. Editors: Roy Gutman and David Rieff. New York, 1999, pp. 153-157. Joe Verhoeven. Le Crime de Genocide. - Revue belge de droit international, vol. XXIV, 1991, pp. 5-26.

6. Official Records of the General Assembly: Fifty-sixth Session, Supplement No. 10 and corrigendum (A/56/10 and Corr. 1).

7. Commentaries to the draft articles on Responsibility of States for internationally wrongful acts adopted by the International Law Commission at its fifty-third session (2001), p. 188. Official Records of the General Assembly: Fifty-sixth session, Supplement No. 10 (A/56/10), chp. IV. E.2.

8. Case concerning the Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro), Judgment, ICJ http://www.icj-cij.org/docket/files/91/13685.pdf

9. Military and Paramilitary Activities in and against Nicaragua (Nicaragua v. United States of America) Merits, Judgment, ICJ Reports, 1986, p. 62-64.

10. Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro), ICJ Judgments – Preliminary Objections - 11 July 1996.

11. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննափ 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի հոդված 28:

12. “The Appllicability of the United Nations Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide to Events which occured durring the Early Twentieth Century”: Legal Analysis Prepared for the International Center for Transitional Justice, p. 5. Available at http://www.armenian-genocide.org/files/ ICTJ_Memorandum.pdf

13. Alfred de Zayas. Memorandum on The Genocide against the Armenians 1915-1923 and the Application of the 1948 Genocide Convention. Available at http://www.anca.org/ docs/deZayas-fullreport.pdf

14. Alfred de Zayas. The Genocide against the Armenians 1915-1923 and the relevance of the 1948 Genocide Convention. Available at http://alfreddezayas.com/Law_history/ armlegopi.shtml

53

Վ Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

СОВРЕМЕННЫЕ ТЕНДЕНЦИИ И РАЗВИТИЯ МЕЖДУНАРОДНОЙ ПРАВОВОЙ ОТВЕТСТВЕННОСТИ ГОСУДАРСТВ ЗА ГЕНОЦИД

Владимир Варданян

Резюме

Последнее десятилетие ХХв. было переломным с точки зрения переосмысления и нового восприятия вопросов, связанных с Геноцидом армян. Если во второй половине 1980-х можно было говорить о некоторых тенденциях переведения проблемы Геноцида армян в правовую плоскость, 1990-ые ознаменовались активным освещением проблем, связанных с этой правовой плоскостью, то к началу третьего тысячелетия основным элементом осуществленного в отношении армян геноцида стали именно вопросы правового плана. Фактически, переведение проблемы Геноцида армян в правовую плоскость реанимировало «замороженный» еще в 20-ые годы ХХ века процесс привлечения к международной правовой ответственности за это преступление. Понятно, что после более чем 70-летнего замораживания сегодня выдвижение данного вопроса не могло иметь те же содержание и объем, что в 1920-ые гг. Тем не менее и к счастью, еще сохраняется возможность использования самой действенной и эффективной формы привлечения к ответственности за осуществленный в отношении армян геноцид — призвание к ответственности государства.

В этом контексте исследовался вопрос привлечения к ответственности за осуществленный в отношении армян геноцид.

54

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.