ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Տարռե Սաքոյաե'
Բանալի բաոեր ՝ ռուս-թուրքական հարաբերություններ, Հայաստանի Հանրապետություն, թուրք-ադրբեջանական դիվանագիտություն, մարտահրավերների գնահատում:
Համաշխարհային պատմության մեջ քիչ չեն եղել այն պետությունները, որոնց փոխհարաբերություններն անմիջականորեն անդրադարձել են նրանց հարևան ու հարակից պետությունների և ժողովուրդների ճակատագրերի վրա: Ասվածն առավել որոշակի պատկերացնելու համար բավական է հիշատակել ռուս-գերմանական փոխհարաբերություններն ու Լեհաստանի բաժանումները, պարսկա-բյուզանդական, ինչպես նաև թուրք-պարսկա-կան փոխհարաբերությունները և Հայաստանի բաժանումները: Այս համատեքստում իր կարևորությամբ ուշադրության է արժանի նաև Հայաստանի համար բացասական դերակատարում ունեցած 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական (խորհրդա-թուրքական) փոխհարաբերությունների պատմության ուսումնասիրությունը: Պատմությունը որպես հիմնարար գիտություն, ներկայացնելով անցյալի ռազմաքաղաքական, հասարակական, մշակութային և այլ գործընթացները, ինչպես նաև դրանց օրինաչափություններն ու պատճառահետևանքային կապերը, ուսումնասիրողից, ըստ էության, պահանջում է սթափ, անաչառ և խիստ օբյեկտիվ մոտեցում (անկախ նրա ազգային, կրոնական ու ռասայական պատկանելությունից) դրանց գնահատման ու համապատասխան վարկածների առաջադրման պատասխանատու գործում: Հետևաբար, պատմական նախադեպն ինքնին ակնկալում է համապատասխան վարկածի առաջադրում, հատկապես եթե այն գրանցված է եղել ոչ վաղ անցյալում:
Այսպես, դեռևս չէր ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.), երբ 1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած Փետրվա-
՚ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի «Հայոց պատմություն» առարկայի դասախոս։
րյան հեղափոխության արդյունքում ձևավորվեց ժամանակավոր կառավարություն, ինչը, սակայն, չփոխեց Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսը: Նա շարունակեց պատերազմը մնալով Անտանտի (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) կազմում: Իրավիճակը կտրուկ փոխեց 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը, որի արդյունքում իշխանությանը տիրացան բոլշևիկները, որոնց առաջին քայլերից էր «հողի» և «հաշտության» մասին դեկրետների ընդունումը: Վերջինն, ըստ էության, ազդարարում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու մասին, որը վերջնականապես ձևակերպվեց 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքված պայմանագրով, ըստ որի Ռուսաստանն ընդհանուր առմամբ կորցնում էր մոտ 1 մլն կմ2 տարածք: Մասնավորապես, Օսմանյան կայսրությանն էին անցնում Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը, որով վերականգնվում էին մինչև 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը գոյություն ունեցող սահմանները: Այդ պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը պարտավորվեց նաև ցրել հայկական կամավորական ջոկատները [1, էջ 561-562]:
Որպես արտաքին քաղաքականության հիմնաքար որդեգրելով պան-թյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսությունը (այն է' Թուրքիայի գլխավորությամբ Եվրասիայում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների համախմբումը մեկ պետության' Մեծ Թուրանի կազմում) Օսմանյան կայսրությունը խրախուսեց Անդրկովկասի անջատումն ու անկախացումը Ռուսաստանից (1918թ. ապրիլին), որին հետևեց թուրքական ներխուժումը տարածաշրջան: Հարկ է նշել, որ պանթյուրքիզմն, ըստ էության, Թուրքիայի շովինիստական և ծավալապաշտական նկրտումների էությունն է, ինչը սպառ-նում է հայ ժողովրդի գոյությանը և ենթադրում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնատումը [2]:
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատը, Բաշ-Ապարանը և Ղարաքիլիսան, դարձան հայ ժողովրդի ազգովին պայքարելու պատրաստա-կամության և վճռականության վկաները և ի չիք դարձրին Հայաստանի արևելյան հատվածին տիրելու և արևելահայերին ոչնչացնելու երիտթուրքե-րի ծրագիրը: Դրանք նաև նախադրյալներ ստեղծեցին հայկական պետականության վերականգնման համար: 1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի լուծարմամբ իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը (մայիսի 26), Ադրբեջանը (մայիսի 27) և Հայաստանը (մայիսի 28): Մինչև Թիֆլիսից Հ.Քա-ջազնունու գլխավորությամբ Հայոց ազգային խորհրդի ժամանումը Հայաս-
տան, երկրի կառավարումն իրականացվում էր Երևանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի կողմից, որն անուրանալի ներդրում էր ունեցել մայիսյան հաղթանակների կայացման գործում [3, էջ 15-24]: Հարկ է արձանագրել այն փաստը, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ձևավորվեց ծանր պայմաններում. կազմալուծված, ոչ արհեստավարժ բանակ, գաղթականների հոծ բազմություն, քայքայված տնտեսություն, սով, համաճարակներ, պատմական տարածքների կորստի վտանգ և այլն [3, էջ 20]:
Անկախության հռչակումից մի քանի օր անց' հունիսի 4-ին, Բաթու-մում Օսմանյան կայսրության (Վեհիբ-Մահմեդ փաշա, Խալիլ բեյ) և Հայաստանի Հանրապետության (Հ.Քաջազնունի, Ալ.Խատիսյան) պատվիրակությունների միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որով օսմանյան իշխանությունները ճանաչեցին Հայաստանի անկախությունը մոտ 12 հազ. կմ2 տարածքի սահմաններում: Հայկական նորաստեղծ պետությունն ընդգրկե-լու էր Նոր Բայազետի գավառն ամբողջությամբ, ինչպես նաև Երևանի, Էջ-միածնի, Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների առանձին մասեր: Օսմանյան կայսրությունն իրավունք ստացավ Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն տեղի Հայոց ազգային խորհուրդը մերժեց այդ պահանջը, քանի որ դրա կատարումը կվտանգեր քաղաքի հայ ազգաբնակչության գոյությունը: Հարկ է նշել, որ այս ամենով հանդերձ Օսմանյան կայսրությունը լուծել էր պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ նախատեսված ծրագրերի մի մասը, մնում էր լուծել Բաքվով Միջին Ասիայի հետ կապ հաստատելու խնդիրը, ինչը Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում թվում էր միանգամայն իրական: Բաթումի պայմանագրով Հայաստանը նաև պարտավորվում էր զինաթափել իր տարածքում առկա հակաթուրքական «ավազակային զորաջոկատները» [1, էջ 221-222]' նկատի ունենալով մասնավորապես Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները: Չընդունելով և քննադատության ենթարկելով Բաթումի պայմանագիրը' Անդրանիկը 1918թ. հունիսին իր ջոկատով անցավ Նախիջևան, որտեղից էլ նույն թվականի հուլիսի 14-ին Բաքու Ստեփան Շա-հումյանին հղեց իր հայտնի հեռագիրը, ըստ որի երկրամասը հայտարարվում էր խորհրդային Ռուսաստանի «անբաժանելի մաս» [4, էջ 301, 307-308]: Բաքվի ազգային խորհուրդը, որի զգալի մասը դաշնակցականներ էին, նույնպես սուր քննադատության ենթարկեց Բաթումի պայմանագիրը:
Հայաստանի հասարակությունը ևս ալեկոծված էր, մարդիկ հոգեբանորեն չէին հաշտվում կատարվածի հետ [3, էջ 20]:
Իրավիճակը փոխվեց 1918թ. նոյեմբերին, երբ ավարտվեց Առաջին աշխարհամարտը և պարտված Օսմանյան կայսրությունը ստիպված էր թողնել Անդրկովկասը, իսկ 1919թ. ապրիլին' Կարսի մարզը, որը միացվեց Հայաստանին: Վերջինիս միացվեց նաև Նախիջևանը:
Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի պետք է ընդարձակվեր ըստ 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրի, որով Օսմանյան կայսրությունը Անտանտի ճնշմամբ Հայաստանին պետք է զիջեր ընդարձակ տարածքներ Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայթների հաշվին [5, էջ 327]: Սակայն Սևրի պայմանագրի' Հայաստանին վերաբերող հոդվածներին վիճակված չէր դառնալ իրականություն:
Հայաստանի առաջին Հանրապետության ավելի քան երկու տարվա գոյության ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ բազում փորձություններ: Սովին ու համաճարակներին գումարվեցին պատերազմները' հայ-վրացա-կան ընդհարումները Լոռու պատճառով (1918թ. դեկտեմբեր-1919թ. հունվար) և 1920թ. թուրքական ներխուժումը: Ադրբեջանը տարածքային հավակնություններ ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: Հարևան երկրներից միայն Պարսկաստանի հետ էին հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Գաղթականների անդադար ներհոսքը խոչընդոտում էր երկրի կառավարությանը ազգաբնակչության պարենային ապահովման և բնակավորման հարցերի արդյունավետ կազմակերպման գործում: Կառավարությունը ջանում էր սովի դեմ պայքարել արտերկրից ստացվող մարդասիրական օգնությունների հաշվին: Սակայն վարչապետ Քաջազնունու ջանքերով 1919թ. մայիս-հունիս ամիսներին ԱՄՆ-ից ստացված օգնությունը, ինչպես նաև 1918թ. սեպտեմբերի 28-ին կառավարության ընդունած օրենքը կարիքավոր գաղթականների խնամատարության վերաբերյալ ունեցան կոսմետիկ նշանակություն [3, էջ 20, 23]: Նման պայմաններում ստեղծված ներքաղաքական անկայուն վիճակը հանգեցրեց 1920թ. մայիսին հայ բոլշևիկների կողմից կազմակերպված խռովությանը, որը թեև անհաջողության մատնվեց, սակայն դրա թողած ազդեցությունն էական եղավ նորաստեղծ պետության վրա: Այս հանգամանքների համախումբը կանխորոշեց Հայաստանի առաջին Հանրապետության անկումը, որն էլ իրավաբանորեն ձևակերպվեց 1920թ. դեկտեմբերին քեմալա-բոլշևիկյան համագործակցության պայմաններում:
Անդրադառնալով նաև Հայաստանի առաջին Հանրապետության անկմանը հանգեցրած արտաքին գործոններին նշենք այն օրինաչափությունները, որոնցով և պայմանավորված էին ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Հասկանալի է, որ պատճառները շատ էին ու բազմազան: Հայտնի ճշմարտություն է, որ Անդրկովկասը պատմականորեն մշտապես հանդիսացել է տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման հանգույց: Ռուսական կայսրությունից բոլշևիկյան իշխանությունները
որդեգրեցին Անդրկովկասում ցարական արտաքին քաղաքականության հիմնական կուրսը, որի նպատակն էր տարածաշրջանում գերիշխող դիրքի հաստատումը: Սակայն, եթե Ռուսական կայսրությունն իր հակաթուրքա-կան տրամադրություններում միանգամայն կայուն էր (բացառություն է կազմում երկրորդ հակաֆրանսիական խմբավորման (1798-1801թթ.) շրջանակներում ռուս-օսմանյան դաշնակցությունը, երբ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ և դրդմամբ ագրեսիվ պատերազմ էր վարում Ֆրանսիայի դեմ [6]), ապա նույնը չի կարելի ասել բոլշևիկյան Ռուսաստանի մասին: Պատճառը «համաշխարհային հեղափոխության» գաղափարն էր, որ փայփայում էր նորաթուխ խորհրդային իշխանությունը, և ինչը վարպետորեն օգտագործեց Օսմանյան կայսրությունում սկիզբ առած քեմալական շարժման առաջնորդ Մուսթաֆա Քեմալը, որն իրեն ներկայացնելով որպես Արևելքում սոցիալիստական հեղափոխության նախաձեռնող և բոլշևիկյան Ռուսաստանի դաշնակից վերջինիս կողմից սկսեց ստանալ անհրաժեշտ աջակցություն [7, с. 160]: Մինչդեռ իրականում քեմալական շարժումն Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտության ուղղակի հետևանքն էր, քանզի տերությունը հայտնվել էր տարածքային մասնատման սպառնալիքի առաջ: Քեմալականները ձեռնամուխ եղան պետության տարածքների պահպանման գործին, որոնց մի մասը, համաձայն Սևրի պայմանագրի, պետք է անցներ Հայաստանի Հանրապետությանը:
Հարկ է արձանագրել այն, որ Սևրի պայմանագրի կնքմամբ «խորհրդային Ռուսաստանը կտրուկ կերպով հանդես եկավ քեմալական Թուրքիայի կայացման օգտին և Հայաստանի Հանրապետությանը վերջնականապես դիտելով իբրև Անտանտի դաշնակցի' նրա նկատմամբ որդեգրեց բացահայտ նվաճողական քաղաքականություն» [8, էջ 13]:
Արդյունքում Սևրի պայմանագրի կնքումից երկու շաբաթ անց 1920թ. օգոստոսի 24-ին, Մոսկվայում կնքվեց քեմալա-բոլշևիկյան դաշինքը, որով
խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը' ներառյալ Կարսը, Արդահանը և Բաթումը [9, էջ 145]: Համա-ձայնագրին անմիջապես հետևեց թուրքական ներխուժումը Հայաստան 1920թ. սեպտեմբերին: Քեմալականները Ռուսաստանից ստացել էին ֆինանսական և ռազմական օժանդակություն, որը վճռորոշ դեր խաղաց Հայաստան թուրքական ներխուժման գործում [10, էջ 142]:
Անհրաժեշտ է արձանագրել այն փաստը, որ նույնիսկ թուրքական ներխուժումը չստիպեց հայ բոլշևիկներին մի կողմ դնել իրենց տարաձայնությունները: Ավելին, վերջիններս ստեղծված դժվարին իրավիճակը դիտելով միանգամայն նպաստավոր փորձում էին ջլատել ռազմական ուժերի համախմբման և անհրաժեշտ հակահարվածի կազմակերպման գործընթացը' որպես վերջնական նպատակ տեսնելով Հայաստանի խորհրդայնացումը:
Արդյունքը երկար սպասել չտվեց: Բոլշևիկյան քարոզչության ազդեցության տակ հայտնված Ալեքսանդրապոլի բնակչությունը նոյեմբերի 7-ին քաղաք մտած թուրքական բանակին ցույց չտվեց անհրաժեշտ դիմադրություն: Մինչ այդ' հոկտեմբերի 30-ին, հակառակորդն առանց դիմադրության տիրել էր Կարսին: Ստեղծված պայմաններում հուսալքված դաշնակցական կառավարությունը, դրսից ոչ մի աջակցություն չստանալով, հարկադրված էր 1920թ. նոյեմբերի 18-ին ընդունել թուրքերի առաջարկած զինադադարը:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության պարտությունն ու լիկվիդացումը նախատեսված և կանխորոշված էր 1920թ. քեմալա-բոլշևիկյան դաշինքով: Նոյեմբերի 19-ին, ապա և դեկտեմբերի 2-ին դաշնակցականների և ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև բանակցություններն ավարտվեցին դեկտեմբերի 2-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմամբ:
1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լիազորությունները դադարեցրած դաշնակցական կառավարությունն Ալ.Խատիսյանի նախագահությամբ Ալեքսանդրապոլում Թուրքիայի հետ ստորագրեց հաշտության պայմանագիր:
Այսպիսով, Անդրկովկասում բոլշևիզմի օրեցօր աճող ազդեցության, ինչպես նաև քեմալա-բոլշևիկյան սերտ համագործակցության պայմաններում Հայաստանի Հանրապետության անկումն ու երկրում խորհրդային կարգերի հաստատումը անխուսափելի էին: Այսքանով, սակայն, քեմալա-բոլշևիկյան հակահայ շփումները չդադարեցին: 1921թ. ընթացքում կնքվեցին
Մոսկվայի (մարտի 16) և Կարսի (հոկտեմբերի 13) պայմանագրերը, որոնց արդյունքներով Թուրքիան ստացավ Կարսը, Արդահանը և Սուրմալուն:
Այս ամենով հանդերձ, պետք է նշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության ղեկավարներն ընդհանուր առմամբ չդրսևորեցին համապատասխան դիվանագիտական որակներ ժամանակի աշխարհաքաղաքա-կան գլխավոր մարտահրավերը' ի դեմս քեմալա-բոլշևիկան դաշինքի, ըստ արժանվույն գնահատելու և այն կանխելուն ուղղված անհրաժեշտ քայլերի իրագործման առումով: Համագործակցելով Անտանտի հետ նրանք, թերևս, չէին նկատել, որ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայում այլևս որոշիչ չէր Սևրի պայմանագիրը ստորագրած օսմանյան վերնախավի դերը, որը փաստացի իշխանությունն, ըստ էության, զիջել էր Մուսթաֆա Քեմալին: Վերջինս էլ, չընդունելով Սևրի պայմանագիրը, գործուն և արդյունավետ քայլեր էր ձեռնարկել դրա արդյունքներն ու Հայաստանին վերաբերող պահանջները վիժեցնելու ուղղությամբ' առաջին հերթին դիվանագիտական համաձայնության գալով բոլշևիկյան Ռուսաստանի հետ և ստանալով նրա ռազմաֆինանսական օժանդակությունը: Մինչդեռ հա-յաստանյան իշխանությունները, անհրաժեշտ չափով կարևորություն չտալով նույն Ռուսաստանի գործոնին ու նրա արտաքին քաղաքական և գաղա-փարախոսական նկրտումներին, շարունակում էին անպտուղ հույսեր փայփայել Արևմուտքի հետ: Միևնույն ժամանակ, հանուն օբյեկտիվության պետք է արձանագրենք, որ հիշյալ պայմաններում հայաստանյան իշխանությունները, ընդունելով ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական մարտահրավերներին միանգամայն ոչ համահունչ դիրքորոշում, ցուցաբերում էին անարդյունավետ քաղաքական վարքագիծ ու, թերևս, ավելորդ համառություն, ինչը ճակատագրական հետևանքներ ունեցավ հայկական պետականության և հատկապես նրա տարածքային ամբողջականության համար: Արդեն 1920թ. ապրիլից խորհրդային Ադրբեջանի առկայության պայմաններում Հայաստանի խորհրդայնացումը դարձել էր անխուսափելի: Այն ընդամենը ժամանակի հարց էր և դրված էր խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում, իսկ հայկական իշխանությունների դիվանագիտական սերտ շփումներն Արևմուտքի հետ սրել էին հայ-բոլ-շևիկյան հարաբերությունները: Արդյունքում Հայաստանի խորհրդայնացումն իրականացվեց քեմալա-բոլշևիկյան դաշինքի միջոցով և տարածքային զգալի կորուստների պայմաններում: Հաշվի առնելով Հայաստանի խորհրդայնացման անխուսափելիությունը' համարձակվենք տեսակետ
հայտնել, որ հայ բոլշևիկների 1920թ. մայսիսյան խռովության հաջող ելքը, թերևս, առավել նպաստավոր կլիներ հայության համար, ու թեև այդ գնով, բայց հնարավոր կլիներ պահպանել Կարսը, Արդահանը, Նախիջևանը, Արցախը և Հայաստանի մաս կազմող մյուս տարածքները:
Ելնելով վերը շարադրվածից' կարող ենք վստահորեն ասել, որ թուրք-ռուսական մերձեցումն ինքնին միշտ էլ սպառնալիքի տարրեր կպարունա-կի Հայաստանի ազգային անվտանգության համար, ու, թեև, դեռևս 1869թ. օսմանյան պետական գործիչ Ֆուադ փաշան Ռուսաստանն օբյեկտիվորեն որակել էր որպես «մեր կայսրության բնական թշնամի» [11, էջ 33-34], այդուհանդերձ, 20-րդ դարի 20-ականների սկզբին ռուս-թուրքական մերձեցումը թեև կարճաժամկետ, բայց միանգամայն սպասելի էր ու բխում էր երկուստեք շահերից: Ի դեպ, օրինաչափ ու փոխշահավետ էր նաև 1939թ. խորհրդա-գերմանական մերձեցումը, քանի որ Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիան, ի տարբերություն Թուրքիայի, ավելի քան մեկ տասնամյակ հնազանդվել էր Անտանտի պահանջներին [12]:
Ուստի, երբևէ չի կարելի բացառել Ռուսաստանում (ինչպես և ցանկացած այլ պետությունում) քաղաքական էլիտայի փոփոխության տարբերակը, ինչը հնարավոր է հանգեցնի նրա արտաքին քաղաքական սկզբունքների էական տրանսֆորմացիային, որը կարող է և նպաստավոր չլինել Հայաստանի համար: Ի վերջո, միայն 20-րդ դարում Ռուսաստանն ունեցել է շրջադարձային 1917 և 1991 թվականներ: Առհասարակ, Ռուսաստանն ունի հեղափոխությունների, պալատական և պետական հեղաշրջումների հարուստ ավանդույթներ: Անդրադառնալով նաև Անդրկովկասում ռուսական ներկայիս արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներին նշենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում մշտապես դրված կլինի Ադրբե-ջանի' որպես Թուրքիայի «կրտսեր եղբոր», շահը, ինչը պետք է կաշկանդի Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանին վիճակված է հանդուրժել Թուրքիայի մշտական ներկայությունը: Այսպիսով, Ռուսաստանի հետ հարաբերություններում և մանավանդ հայությանը վերաբերող հարցերում թուրքական և ադրբեջանական դիվանագիտությունը հանդես է գալիս միասնական ճակատով ու շահարկման ենթակա տարաբնույթ խնդիրների զգալի պաշարով, ինչը հայկական դիվանագիտության և սփյուռքի համար պետք է ռացիոնալ գործողությունների հիմք հանդիսանա: Արցախյան հիմնախնդիրն ինքնին միայն տարածաշրջանային հակամարտություն չէ և
հեշտությամբ կարող է վերածվել առաջավորասիական (և ոչ միայն) «ջրապտույտի», մինչդեռ դրա առկայությունն արդեն իսկ էական խոչընդոտ է (սակայն միակը չէ) ՌԴ-ի համար եվրասիական ինտեգրացիոն գործընթացները հաջողությամբ ավարտին հասցնելու առումով: Անհրաժեշտ է հաշվի առնել այն տեսակետը, որ արցախյան հիմնախնդիրն ունի նաև համա-թյուրքական և պանթյուրքական նշանակություն, որի միջոցով շահագրգիռ ուժերի կողմից փորձ կարվի հյուծել հայկական պետության տնտեսական, հասարակական և ռազմական ներուժը, ինչը հավասարապես հակասում է նաև ՌԴ պետական շահերին: Այսօր Թուրքիայի Հանրապետության կողմից ավտորիտարիզմի և օսմանյան «արժեքների» որդեգրման փաստը նոր հեռանկարներ է բացում ալիևյան վարչակարգի, թուրքական հատուկ ծառայությունների և ազգայնական կազմակերպությունների առջև: Ուստի, մարտահրավերների սթափ գնահատումն ու հասարակական-տնտեսական առողջ հարաբերությունների' որպես ամուր պետության գրավականի, առկայությունը միայն կարող են երաշխավորել Հայաստանի Հանրապետության «կանաչ ճանապարհը» բավական անհանգիստ սկսված և ֆորսմաժո-րային իրավիճակներով հարուստ 21-րդ դարի պայմաններում: Հակառակ պարագայում Հայաստանին հերթական անգամ կարող են սպառնալ տարածքային կորուստներն ու «տարօրինակ պատերազմ»-ին բնորոշ իրավիճակները [տե ս 13, էջ 69]:
Հունիս, 2017թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1976, հ. 2:
2. Սաքոյան Տ, Պանթյուրքիզմը որպես եվրասիական ժողովուրդների աշխարհա-քաղաքական մարտահրավեր // «21-րդ ԴԱՐ», N 1 (71), Երևան, 2017, էջ 75-84:
3. Սարդարյան Կ, Պատմություն և իրականություն, Երևան, 1991:
4. Հարությունյան Ա, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնա-պաշտպանական կռիվները, Երևան, 1984:
5. Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1984, հ. 10:
6. Սաքոյան Տ, Նապոլեոն Բոնապարտի արևելյան արշավանքի շարժառիթները // ՀՀ ԳԱԱ ԱԻ «Մերձավոր Արևելք», XI-XII հոդվածների ժողովածու, Երևան, 2017, էջ 150-155:
7. Махнач В.Л, Елишев С.О, Политика. Основные понятия: справочник, словарь, М., 2008.
8. Ներսիպան Ա, ՀՀ բ]ուրո-կառավարութ]ան և խորհրդային Ռուսաստանի բանակցությունների առաջին փուլը // «Ակունք» ԵՊՀ ԻՄ, Գիտական հոդվածների ժողովածու, թիվ 1(10), Երևան, 2014, էջ 3-14:
9. Թորոսյան Ջ, Հայաստանի տարածքներն ըստ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի // «Մխիթար Գոշ», Գիտական հոդվածներ, 2014, 2 (41), էջ 145-152:
10. Զոհրաբյան Է, 1920թ. Թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Երևան, 1997:
11. Սիմոեյաե Հ, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991:
12. Сакоян ТА, Сакоян А.К, Взгляд на истоки и результаты Второй мировой войны // Инновации в современном мире: сборник статей Международной научнопрактической конференции (10 сентября 2015г., г. Москва), Москва: РИО ЕФИР, 2015. с. 11-14.
13. Վարդանյան Ռ, Պատմական տերմինների համառոտ բառարան, Երևան, 2003:
ՌՈԻՍ-ԹՈԻՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Տարոն Սաքոյան
Ամփոփագիր
Հոդվածը վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին: Ոչ վաղ անցյալի պատմական իրադարձությունների վերլուծությամբ հեղինակի կողմից զուգահեռներ են տարվել ռուս-թուրքական արդի դիվանագիտական իրողությունների հետ:
РОССИЙСКО-ТУРЕЦКИЕ ОТНОШЕНИЯ И АРМЕНИЯ Тарон Сакоян
Резюме
В статье рассматривается проблематика российско-турецких отношений одновременно в научном и политическом аспектах. При анализе исторических процессов недавнего прошлого автором проведены параллели с сегодняшними реалиями российско-турецких отношений.
THE RUSSIAN-TURKISH RAPPROCHEMENT AND ARMENIA
Taron Sakoyan
Resume
The article addresses the Russian-Turkish rapprochement in scientific and political aspects. By analyzing historical processes of the past, the author draws parallels between those and the current realities of the Russian-Turkish relationships.