Научная статья на тему 'Թուրքական կրոնական ազդեցությունը Ադրբեջանի Հանրապետության վրա'

Թուրքական կրոնական ազդեցությունը Ադրբեջանի Հանրապետության վրա Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
430
102
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
թուրքական կրոնական կառույցներ / Ադրբեջան / Թուրքիա / երկկողմ հարաբերություններ / իսլամական գործոն / գյուլենական շարժում / նաքշիբենդիա թարիքաթ:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Гаяне Чобанян

Անկախացումից հետո Ադրբեջանը դարձավ աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման թատերաբեմ: Իսլամական գործոնն այդ ուժերի համար քաղաքական ազդեցության հաստատման գործիքներից մեկը դարձավ: Մերձավոր Արևելքի երկրներից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հյուսիսային Կովկասից և Թուրքիայից իսլամական տարբեր կառույցներ թափանցեցին Ադրբեջան: Անկախ այն փաստից, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը իսլամի շիա ուղղության հետևորդներ էին, աշխարհիկ Թուրքիայի «իսլամական մոդելը» համարվում էր ամենահամապատասխանը և չէր ընկալվում որպես քաղաքական սպառնալիք: Թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական իսլամական կառույցները, ստանալով Ադրբեջանի իշխանությունների աջակցությունը, կրոնական, կրթական, տնտեսական ոլորտներում բավական խոր արմատներ էին գցել: Սակայն, իսլամական ծայրահեղական ուղղությունների տարածման սպառնալիքին զուգահեռ, կրոնական կառույցների գործունեությունը, այդ թվում նաև թուրքական, սահմանափակվեց և դրվեց պետական խիստ վերահսկողության ներքո:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

РЕЛИГИОЗНОЕ ВЛИЯНИЕ ТУРЦИИ НА РЕСПУБЛИКУ АЗЕРБАЙДЖАН

После обретения независимости Азербайджан стал центром столкновения интересов различных геополитических сил. Исламский фактор использовался ими как один из инструментов политического влияния. Различные религиозные организации из стран Ближнего Востока, Исламской Республики Иран, Северного Кавказа и Турции развернули свою деятельность на территории АР. Несмотря на то, что большая часть азербайджанцев исповедовала шиитское течение ислама, «исламская модель» светской Турции считалась наиболее подходящей и не рассматривалась в качестве политической угрозы. Получив поддержку властей, турецкие правительственные и неправительственные организации пустили глубокие корни в религиозные, образовательные и экономические сферы Азербайджана. Однако, параллельно с возникновением угрозы распространения различных течений радикального ислама, деятельность религиозных организаций, в т.ч. турецких, была ограничена и поставлена под жёсткий контроль государства.

Текст научной работы на тему «Թուրքական կրոնական ազդեցությունը Ադրբեջանի Հանրապետության վրա»

 ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Գայանե Չոբանյան'

Բանալի բաոեր թուրքական կրոնական կառույցներ, Ադրբեջան, Թուրքիա, երկկողմ հարաբերություններ, իսլամական գործոն, գյուլենական շարժում, նաքշիբենդիա թարիքաթ:

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան շտապեց օգտվել համաթյուրքական տարածք ձևավորելու և տարածաշրջանային առանցքային ուժ դառնալու ռազմավարական հնարավորությունից փորձելով նորանկախ երկրներ արտահանել իսլամի «թուրքական մոդելը»: Այն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը դարձրեց հետխորհրդային մուսուլմանական երկրների, մասնավորապես էթնոլեզվական ամենամոտ կապեր ունեցող Ադրբեջանի վրա իր ազդեցության տարածումը: Հետխորհրդային տարիներին ստեղծված թուրք-ադրբեջանական «եղբայրական» հարաբերությունները խարսխվեցին քաղաքական և տնտեսական շահերի վրա. Թուրքիայի համար Ադրբեջանը միջանցք էր պանթյուրքական գաղափարախոսության քաղաքական իրագործման ճանապարհին, իսկ Ադրբեջանի համար Թուրքիան կապող օղակ էր ՆԱՏՕ-ի և էներգառեսուրսների մեծ պահանջարկ ունեցող եվրոպական շուկայի միջև: Երկու երկրների ընդհանուր շահերը պայմանավորված էին նաև պատմամշակութային, էթնիկական, լեզվական և կրոնական ընդհանրությամբ: Կրոնական գործոնը թեև առաջնային դեր չէր խաղում երկկողմ հարաբերություններում, սակայն կարևոր նշանակություն ուներ ինչպես մշակութային, կրթական, գաղափա-րախոսական ոլորտներում թուրքական ազդեցության տարածման, այնպես էլ արտաքին այլ ուժերի կրոնական, հետևաբար նաև քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու գործում:

Անկախացումից հետո Ադրբեջանում նոր ձևավորվող ազգային ինքնագիտակցության զարթոնքը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քաղաքական, ռազմական արտաքին օգնության անհրաժեշտությունը,

Թուրքագետ:

ինչպես նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը նպաստեցին տարբեր երկրների կողմից իսլամի որպես «փափուկ ուժի» կիրառման արդյունավետությանը: Ադրբեջանում քաղաքական ազդեցության հաստատման համար տարբեր երկրների միջև տարվող պայքարն իր արտացոլումն էր գտնում կրոնական դաշտում:

Իսլամի վերիմաստավորմանը և քաղաքականացմանը նշանակալի դեր էին հատկացնում նաև ադրբեջանական իշխանությունները, ինչն ուներ ներքին և արտաքին քաղաքական դրդապատճառներ: Ներքաղաքական դաշտում այն հանդիսանում էր ազգային ինքնագիտակցության կերտման կարևորագույն տարր, նաև օգտագործվում էր հակահայկական քարոզչության մեջ որպես ժողովրդի համախմբման գործիք, արտաքին դաշտում նպաստում էր իսլամական երկրների տնտեսական, ռազմական, քաղաքական աջակցությանը և իսլամական միջազգային կառույցներում ադրբեջա-նանպաստ որոշումների ընդունմանը:

Աբուլֆազ Էլչիբեյի նախագահությամբ Ադրբեջանի ազգային ճակատի իշխանության տարիները (1992-1993թթ.) ընդգծված միաբևեռ թուրքամետ քաղաքականության ժամանակաշրջան էին: Որոշ հետազոտողներ այդ շրջանը որակել են թյուրքիզմի ամբողջական հաղթանակ իսլամիզմի նկատմամբ [1, стр. 201]: Այսինքն իսլամն Ադրբեջանում սկսեց ընկալվել բացառապես պանթյուրքականության, ոչ թե պանիսլամականության պրիզմայով: Իսլամիզմն ադրբեջանցիների համար ասոցացվում էր Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ տվյալ ժամանակահատվածում ադրբեջանա-իրանական հարաբերությունները լարված բնույթ էին ստացել ինչպես, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» խնդրի, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

Իսլամը կարևոր դեր զբաղեցրեց որպես թյուրքական ինքնության բաղկացուցիչ և ստացավ ազգային, մշակութային դիմագիծ: Իրականացվեցին կրոնական ոլորտն ազատականացնող սահմանադրական փոփոխու-թյուններ1, ինչը նպաստեց Ադրբեջանում արտաքին ուժերի, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության, Սաուդյան Արաբիայի, Քու-

11992թ. օգոստոսի 20-ին Ադրբեջանի Ազգային ժողովի կողմից ընդունվեց 29 հոդվածներից բաղկացած «Կրոնի ազատության վերաբերյալ օրենքը», որով սահմանվում էր դավանանքի ազատության իրավունքը (հ. 1-3), կրոնը անջատվում էր պետությունից (հ. 5), կրոնական բոլոր կառույցները դուրս էին գալիս պետական հսկողությունից և ֆինանսավորվելու էին նվիրատվությունների միջոցով (հ. 18), թույլատրվում էր կրոնական համայնքների ու հաստատությունների հիմնում և գործունեության ծավալում, որոնց ղեկավար կենտրոնները գտնվում էին Ադրբեջանից դուրս (հ. 8-9), կրոնական կառույցներին վերադարձվում էին մինչ այդ պետության կողմից բռնագրավված պաշտամունքի օբյեկտները:

վեյթի, Ռուսաստանի (Հյուսիսային Կովկաս) և Թուրքիայի կողմից իսլամական հոսանքների ներթափանցմանը և ազդեցության հաստատմանը:

Անկախ այն փաստից, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը իսլամի շիա ուղղության հետևորդներ էին1, աշխարհիկ Թուրքիայի սուննի իսլամական մոդելը համարվում էր ամենահամապատասխանը: Ադրբեջանի Կրոնական համայնքների հարցերով պետական կոմիտեի նախկին ղեկավար Ռաֆիկ Ալիևը նշել է. «Թուրքական իսլամն այն միակ ուղղությունն է, որը համադրելի է ադրբեջանական պետության աշխարհիկ մոդելի հետ» [2]: Ի տարբերություն այլ երկրներից ներթափանցող կրոնական շարժումների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների թշնամական վերաբերմունքի թուրքական իսլամական հոսանքները չէին ընկալվում որպես քաղաքական սպառնալիք, այլ, ընդհակառակը որպես միջոց խոչընդոտելու ծայրահեղական իսլամական ուղղությունների տարածմանը: Օրինակ Ադրբեջանի Հանրապետության նախկին նախագահ Հեյդար Ալիևն ամեն կերպ խրախուսում էր թուրքական կրոնական հոսանքների գործունեությունը երկրի հյուսիսային շրջաններում հատկապես Գուսարի շրջանում, որտեղ բնակվում է ամենամեծ սուննիադավան փոքրամասնությունը (լեզգիներ) հուսալով, որ թուրքական ակտիվությունը կկասեցնի դեռևս առաջին չեչենական պատերազմից հետո Դաղստանից այս շրջան ներթափանցած սալաֆիական ազդեցության տարածումը: Սակայն Դաղս-տանի և Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչների միջև ամուր կապի և սալաֆիական հոսանքի ծայրահեղական գաղափարների պատճառով թուրքական իսլամն այս շրջաններում չկարողացավ այլընտրանքային կրոնական ուղղություն դառնալ [3]:

Թուրքական կրոնական ուղղությունների տարածումն Ադրբեջանում համընկավ Խորհրդային Միության փլուզման և Թուրքիայում Թուրգութ Օզալի նախագահության տարիների հետ (1989-1993թթ.): Օզալը, նպաստելով տարբեր կրոնական շարժումների, սուֆիական միաբանությունների մուտքին Թուրքիայի քաղաքական դաշտ, ցանկանում էր հավասարակշռության բերել բանակի և քաղաքացիական տարրի ուժերը: Նրա լիբերալ քաղաքականության շնորհիվ թուրքական տնտեսական անհատական սեկտորը սկսեց ներթափանցել հետխորհրդային իսլամական երկրներ, մասնավորապես Ադրբեջան: Թուրք գործարարներից շատերը, ստանձնե-

1 Պաշտոնական տվյալների համաձայն Ադրբեջանի բնակչության 85%-ը իսլամի շիա ուղղության ջաֆարիական մազհաբի հետևորդներ են, իսկ 15%-ը սուննիական ուղղության հանաֆիական մազհաբի, Administrative Department of the Republic of Azerbaijan, Prezidential Library, http://www.webcitation.org/616xyRI4u:

լով նորանկախ Ադրբեջանի Հանրապետության հետ «եղբայրական» կապեր ստեղծելու ոչ պաշտոնական ներկայացուցչի դերը, հաճախ աջակցում էին թուրքական կրոնական տարբեր կազմակերպությունների քարոզչական գործունեությանը:

Ադրբեջանում թուրքական կրոնական գործունեությունն անհրաժեշտ է բաժանել 2 ուղղությունների պաշտոնական և ոչ պաշտոնական: Պաշտոնականն իրականացվում է Կրոնական հարցերով Թուրքիայի վարչության (Diyanet I$leri Ba§kanligi) և Կրոնական տեսչության վաքըֆի (Diyanet Vakfi), իսկ ոչ պաշտոնականը Թուրքիայում տարածում գտած տարբեր կրոնական խմբերի և սուֆիական միաբանությունների (թարիքաթների) միջոցով:

Կրոնական հարցերով Թուրքիայի վարչությունը և Կրոնական տեսչության վաքըֆը Ադրբեջանում կառուցել են 8 մզկիթ, որոնց իմամները Թուրքիայի քաղաքացիներ էին, իսկ մզկիթներին կից գործում էին նաև Ղուրանի դասընթացներ [4, s. 215]: Սակայն նրանց ամենակարևոր նախագծերից մեկը 1992թ., Ադրբեջանի կրթության նախարարության հետ համատեղ, Բաքվի պետական համալսարանում Թուրքական իսլամական ֆակուլտետի հիմնադրումն էր, որը հետագայում ստացավ իսլամագիտության ֆակուլտետ անվանումը: Այն Ադրբեջանում ակադեմիական մակարդակով հեղինակություն վայելող միակ կրոնական հաստատությունն է: Ֆակուլտետի շրջանավարտները, ովքեր ցանկանում էին շարունակել բարձրագույն կրթությունը, Կրոնական տեսչության վաքըֆի տրամադրած կրթաթոշակներով ընդունվում էին Թուրքիայի Մարմարայի համալսարան, ինչից հետո վերադառնում և դասավանդում էին Բաքվի պետական համալսարանի իսլամագիտության ֆակուլտետում: Ֆակուլտետին կից Բաքվում, նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում բացվեցին թուրքական միջնակարգ դպրոցներ, որոնք կրոնական ուսուցման ոլորտում գրավում էին առաջատար դիրքեր: Թուրք ուսուցիչներ ուղարկվեցին ոչ միայն Բաքու, այլ նաև Ապշերոնյան թերակղզու տարբեր շրջաններ, երկրի հյուսիս Գուսա-րի, Խաչմազի, Զաքաթալայի, Բալականի, ինչպես նաև երկրի կենտրոնական Եվլախի, Սաաթլըի, Աղդաշի շրջաններ [5]: Սակայն այսօր թուրքական կրթական հաստատությունները և կրոնական կառույցները գտնվում են պետական խստագույն հսկողության ներքո, իսկ դասավան-դելու իրավունք ունեն միայն Ադրբեջանի քաղաքացիները:

Ադրբեջանում թուրքական կրոնական պետական կառույցների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Բաքվի թուրքական դեսպանատան Կրոնական հարցերով զբաղվող խորհրդատվության բաժի-

նը [4, տ. 214]: Օրինակ «թուրքական իսլամի» կրոնական համայնքի կենտրոնը դարձած «Շահիդլար» մզկիթում1 աղոթքներն անցկացվում էին ոչ միայն թուրք հոգևորականների, այլև Թուրքիայի դեսպանատան կրոնական հարցերով կցորդի կողմից [6]:

Թեև 1990-ականների սկզբներին ադրբեջանական իշխանություններն աջակցում էին թուրքական կրոնական պաշտոնական կառույցների գործունեությանը երկրում, և այն մեծ տարածում էր գտել որպես աշխարհիկ պետությանը համապատասխան չափավոր իսլամական ուղղություն, սակայն 1990-ականների երկրորդ կեսից նրանց դիրքերը սկսեցին թուլանալ պայմանավորված և միջպետական հարաբերությունների լարվածության, և տեղի հավատացյալների շրջանում «թուրքական» իսլամի հանդեպ դժգոհության աճով: Խնդիրն այն էր, որ Ադրբեջանի իշխանություններն աշխատում էին կերտել իսլամի ազգային ադրբեջանական տարբերակը, չընդգծելով շիա և սուննի ուղղությունների դավանաբանական տարբերությունները2, իսկ թուրք պաշտոնական իսլամական գործիչները քարոզում էին իսլամի սուննի ուղղությունը, որը հակադրվում էր տեղական շիական սովորույթներին ու ավանդույթներին3:

Բացի պաշտոնական կրոնական կառույցներից, «թուրքական» իսլամական ուղղությունն Ադրբեջան է մտել սուֆիական եղբայրությունների թարիքաթների միջոցով: 1990-ական թթ. սկզբից Թուրքիայից Ադրբեջան ներթափանցեցին նաքշիբենդիա, սուլեյմանիա, մևլանա և քադիրիա թարիքաթների հետևորդները: Հետխորհրդային շրջանում Ադրբեջանի Հանրապետությունում առաջինն ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել նաքշիբենդիա թարիքաթի քարոզիչները: Դա զարմանալի չէր, քանի որ խորհր-

1 2009թ. «Շահիդլար» մզկիթը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատրվակով փակվեց և ցայսօր չի գործում: Կրոնական հարցերով Թուրքիայի վարչության ներկայացուցիչը մզկիթի փակումը պարզաբանալ է այն փաստով, որ հավատացյալների մեծ հոսքը ճանապարհային խցանումներ էր առաջացնում Բաքվի կենտրոնական շրջանում, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն այդ քայլը համարում են պատասխան 2008-2010թթ. թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի գործողություններին:

2 Ադրբեջանը միակ պետությունն է, որտեղ իսլամի երկու ճյուղերի հետևորդները միասին աղոթում են նույն մզկիթում, և հաճախ երկու կրոնական արարողություններն անցկացվում են միևնույն մոլլայի կողմից, իսլամագիտության ֆակուլտետում շիա և սուննի ուսանողների համար նախատեսված ուսուցողական ծրագրերի միջև չկա տարբերություն, ինչպես նաև Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարը շիա է, իսկ նրա տեղակալը սուննի:

3 Օրինակ Ադրբեջանում ամենասկանդալային կրոնական գործիչներից Թուրքիայի դեսպանատան կրոնական գործերով խորհրդատու Աբդուլքադիր Սեզգինը (1992-1995թթ.) խիստ բացասական վերաբերմունքի արժանացավ շիական ավանդույթները և հավատալիքները քննադատող գրքի հրատարակման և հակաշիական քարոզչության համար, տե ս A.Goyushov, Islamic Revival in Azerbaijan, Hudson Institute, November 11, 2008, https://hudson.org/research/9815-islamic-revival-in-azerbaijan

դային ժամանակաշրջանում 1920-1930-ական թթ., երկրի հիմնականում հյուսիսարևմտյան շրջաններում և Նախիջևանում թարիքաթը տարածված էր և ուներ իր հետևորդները: Անգամ ճնշումների և աթեիզմի քաղաքականության պայմաններում այն խորհրդային իշխանության ժամանակ կարողացավ պահպանել դիրքերը երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ Զաքա-թալայի շրջանի Մուխախ գյուղում բնակվում էր Ադրբեջանում թարիքաթի առաջնորդ շեյխ Նասուհ Էֆենդին (1917-1996թթ.) [7, стр. 39]: Նրա գործունեության շնորհիվ Զաքաթալա-Գախ-Բելական հատվածում պահպանվեցին իսլամի ավանդական կարգերը: Նասուհ Էֆենդին խորհրդային ժամանակաշրջանի սուֆիական նաքշիբենդիա թարիքաթի միակ և վերջին շեյխն էր Ադրբեջանում [8]: Նրանով ավարտվեց Ադրբեջանում ավանդական նաքշիբենդիա միության հաջորդականության շղթան: Անկախությունից անմիջապես հետո թարիքաթը Թուրքիայի օժանդակությամբ վերականգնեց գործունեությունը, մասնավորապես Զաքաթալայի, Շեքիի, Ղազախի, Աղդաշի, Գեյչայի, Գաբալայի շրջաններում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում [9]:

Նաքշիբենդիական ուսմունքն Ադրբեջանի Հանրապետություն էր ներթափանցում երկու ուղղություններով Թուրքիայից և Դաղստանից, ինչի հետևանքով երկրի իշխանությունները երկակի քաղաքականություն էին վարում միաբանության անդամների նկատմամբ: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը թարիքաթի անդամ էին կամ ստանում էին նրա օժանդակությունը1, և կարելի է ասել, որ հենց այս թարիքաթն էր Թուր-քիայում քաղաքական իսլամի առաջացման հիմքը2: Հետևաբար, Թուրքիայից եկող նաքշիբենդիական գործունեությունն ընկալվում էր որպես թուրքական պաշտոնական քաղաքականության մի մաս և Ադրբեջանի իշխանությունների շրջանակներում ընդունվում էր համակրանքով: Այնինչ, թարիքաթի հյուսիսկովկասյան առաջնորդների քարոզչությունը տարածում էր գտնում մեծ մասամբ երկրի հյուսիսային հատվածում բնակվող ազգային փոքրամասնությունների ավարների, լեզգիների շրջանում նպաստելով

1 Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը (1989-1993թթ.), 23-րդ վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը (1996-1997թթ.), 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլը (2007-2014թթ.), Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը (2009-2015թթ.), քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սուլեյման Արիֆը և այլք:

2 Սուֆիական նաքշիբենդիա միաբանության առաջնորդ Զաիդ Քոթքուի աջակցությամբ 1970թ. Թուրքիայում առաջին անգամ ստեղծվում է իսլամամետ «Ազգային կարգ» կուսակցությունը Նեջմեթթին Էրբաքանի գլխավորությամբ, որից էլ, կրելով գաղափարական որոշ փոխակերպումներ, ձևավորվել է այժմ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Հյուսիսային Կովկասի նրանց արյունակից և հավատակից եղբայրների հետ միավորվելու ձգտումների ամրապնդմանը: Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին նրանց մուտքը երկիր և ճնշում գործադրում շարժման հետևորդների վրա:

Բայց երբ հայտնի դարձավ թուրք դիվանագետ, Թուրքիայի ազգային անվտանգության գործակալ Ֆերման Դեմիրքյոլի ակտիվ մասնակցությունը 1995թ. պետական հեղաշրջման փորձին, որը նաքշիբենդիա թարիքաթի անդամ էր, շարժումը ենթարկվեց ճնշումների, իսկ անդամները վտարվեցին երկրից: Իրականում շարժումն անցավ ընդհատակ և որոշ ժամանակ անց կրկին շարունակեց գործունեությունը, հատկապես Ղազախի, Զաքաթալայի շրջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:

Ներկայում նաքշիբենդիա թարիքաթի հետևորդներն Ադրբեջանում բաժանված են մի քանի խմբերի1, որոնցից ամենաակտիվ գործունեությունն է ծավալում Թուրքիայի նաքշիբենդիական Էրենքյոյ համայնքի շեյխ Օսման Նուրի Թոփբաշի գլխավորած խումբը: Համայնքին պատկանող «Ազիզ Մահ-մուդ Հյուդայի» վաքըֆը2 Ադրբեջանում ներկայացնում է Երիտասարդության օգնության ֆոնդը, որը 1990-ականների սկզբից իրականացնում էր Ադրբեջա-նից Թուրքիա ուսանողների տեղափոխումը և Մարմարայի համալսարանի կրոնագիտության բաժնում նրանց բարձրագույն կրթություն ստանալու գործընթացը: Կրթություն ստանալու նպատակով Թուրքիա եկած ուսանողները մնում են «Հյուդայի» վաքըֆի հանրակացարաններում, որտեղ էլ Օսման Նուրի Թոփբաշի ղեկավարած մզկիթում մասնակցում են կրոնական զրույցներին: Բարձրագույն կրթություն ստացածները վերադառնում են Ադրբեջան և դասավանդում «Հյուդայի» վաքըֆի կողմից Զաքաթալա շրջանում հիմնադրված իսլամագիտական ֆակուլտետում [4, s. 216]: Հաշվի առնելով նաքշիբենդիա թարիքաթի և հատկապես Թոփբաշ ընտանիքի մեծ դերը Թուրքիայի քաղաքական, տնտեսական կյանքում և սերտ կապերն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարների հետ կարելի է ասել, որ

1 Շեքիի և Շիրվանի շրջաններում նաքշիբենդիա թարիքաթը գլխավորում է շեյխ Օսման Նուրի Թոփբաշը (Թուրքիայից), Ղազախի և Աղստեֆի շրջաններում շեյխ Մահմուդ Ուստա Օսման-օղլուն (Թուրքիայից), Զաքաթալայի, Բալականի և Գախի շրջաններում շեյխ Սաիդ Աֆանդի ալ-Չիրքավին (Դաղստանից, որի մուտքն Ադրբեջան արգելված է), Ղուբայի և Խաչմազի շրջաններում Սիրաջուդին Իսրաֆի Թաբասարանին (Դաղստանից, որի մուտքն Ադրբեջան արգելված է), Բաքվում շեյխ Նազիմ ալ-Հաքքանի ալ-Քիբրիսին (Հյուսիսային Կիպրոսից):

2 «Ազիզ Մահմուդ Հյուդայի» վաքըֆը հիմնադրվել է 1985թ.: Այն կրում է սուֆիական ջելվեթիյե թարիքաթի հիմնադիր Մահմուդ Հյուդայի (1541-1628թթ.) գաղափարների ազդեցությունը: Կրթական, սոցիալական ծրագրեր է իրականացնում ավելի քան 40 երկրներում: Ղեկավար խորհրդի նախագահն է Ահմեդ Համդի Թոփբաշը, մանրամասն տե ս http://hudayivakfi.org/

այս գործընթացն ուղղորդվում է Թուրքիայի պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կառավարությունը խրախուսում է ֆոնդի գործունեությունը հատկապես հյուսիսային շրջաններում որպես հակակշիռ ուժեղացող վահաբական կրոնական ազդեցության: 2001թ. պաշտոնական տեղեկատվության համաձայն Երիտասարդության օգնության ֆոնդի հսկողության տակ էին գտնվում իր իսկ կառուցած 18 մզկիթները: Մինչև 2007թ. այն Ադրբեջանում ուներ 3 մեդրեսե, սակայն 2007թ. Իսմայիլի և Աքթաշ շրջաններում գործող դպրոցները փակվեցին, միայն Զաքաթալայում գտնվող դպրոցին թույլատրվեց շարունակել գործունեությունը:

1990-ականների սկզբին նաքշիբենդիա թարիքաթից բացի Թուրքիայից Ադրբեջան էին ներթափանցում քադիրիա, մևլանա, սուլեյմանիա ուղղությունների հետևորդները, որոնց գաղափարախոսության հիմնական տարածողները Բաքվում ուսում ստացող թուրք ուսանողներն էին: 1993թ. թուրք ուսանողները հիմնեցին Ադրբեջանում սովորող մուսուլման ուսանողների միություն: Պաշտոնական փաստաթղթերում նշված էր, որ միության նպատակն է բոլոր մուսուլման ուսանողներին հավաքել իր շուրջը, սակայն տարօրինակն այն էր, որ միության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն անհրաժեշտ էր պահել գաղտնի: Թեև 1997թ. միությունը դադարեց պաշտոնապես գործել, քանի որ Թուրքիայից եկած ուսանողները վերջացրին ուսումը, սակայն նրանց գաղափարակիրները մնացին երկրում և շարունակեցին իրենց գործունեությունը համախմբվելով Բաքվի Հաջի Սուլթան մզկիթի շուրջ: Բաքվից դուրս նրանք գործում են հիմնականում Լենքորանում տեղի շիադավան բնակչության շրջանում:

Սուլեյմանիա թարիքաթի հետևորդներն Ադրբեջանում հատկապես տարածվեցին 2000-ականներից սկսած: Բաքվում նրանք ունեին իրենց մզկիթը «Սուլեյմանջըլար», որը 2009թ. փակվեց կառավարության կողմից: Նրանք ակտիվություն էին ցուցաբերում նաև Գյանջա, Շամախի, Խաչմազ քաղաքներում։ 2010թ. իրավապահ մարմինները Գյանջայում ձերբակալեցին Թուրքիայի 4 քաղաքացիների սուլեյմանիա թարիքաթի մասին գրականություն տարածելու և բնակչության շրջանում քարոզչություն իրականացնելու մեղադրանքով1: Միության անդամները ենթարկվեցին ճնշումների։ Այսօր նրանք իրենց ընդհատակյա գործունեությունն են ծավալում միայն Բաքվում: Ադրբեջանում հաստատված ամենաազդեցիկ թուրքական ոչ պաշտոնական կրոնական ուղղությունը նուրջուական ծագում ունեցող Ֆեթուլա

1 http://news.day.az/society/206750.html

Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումն էր1: Այն ամենամեծ ներդրումն է ունեցել իսլամի վերածննդի գործում ոչ միայն Ադրբեջանում, այլև նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում: Ունենալով ֆինանսական մեծ կապիտալ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմի-րելի (1993-2000թթ.) աջակցությունը ԽՍՀՄ փլուզումից հետո կարճ ժամանակահատվածում Գյուլենը կարողացավ իր շարժումը հաստատել հետ-խորհրդային բոլոր մուսուլմանական երկրներում:

Առաջին անգամ գյուլենականների 11 հոգանոց խումբը 1990թ. հունվարի 11-ին այցելեց Խորհրդային Վրաստան, այնտեղից էլ Խորհրդային Ադրբեջան այնտեղ տիրող իրավիճակն ուսումնասիրելու և տեղեկատվություն հավաքելու նպատակով: 1990թ. մայիսի 28-ին Գյուլենի կողմնակից 37 գործարարներ օգնության համար նախատեսված 3 տոննա բեռով, երկրորդ անգամ ժամանեցին Ադրբեջան, որտեղից էլ անցան Ուզբեկստան, Ղա-զախստան, Տաջիկստան ճանապարհին տարածելով Գյուլենի գրքերը և տեսաձայնագրությունները [10]: Արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո 1991թ. վերջին, գյուլենական «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Իշբիլենը սկսեց հաճախակի հանդիպումներ ունենալ երկրի պաշտոնական շրջանակների հետ, իսկ Գյուլենի ներկայացուցիչ Ալի Բայրամը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի հետ2: Այնուհետև, 1992թ. բացվեցին առաջին 2 թուրքական վարժարանները: Թուրքիայից հետո Ադրբեջանը երկրորդ երկիրն էր, որտեղ հիմնադրվեցին գյուլենական կրթական հաստատությունները [11]: Երբ 1992թ. երկրում իշխանության գլուխ անցավ Ադրբեջանի ազգային ճակատը, Գյուլենը ժամանեց Ադրբեջան և նախագահ Էլչիբեյից թույլտվություն ստացավ «Զաման» թերթի հրատարակման, «Սամանյոլու» (STV) հեռուստաալի-քի հեռարձակման և մի շարք ձեռնարկությունների ու ընկերությունների

1 Նուրջուական շարժման կամ «Նուր» համայնքի անդամները նուրջուներն են (թուրք. լույսի հետևորդներ), որոնք իրենց համարում են իսլամական հոգևոր առաջնորդ Սաիդ Նուրսիի (1876-1960թթ.) հետևորդներ: Սաիդ Նուրսիի մահից հետո շարժումը բաժանվեց 6 տարբեր հոսանքների, որոնց առաջնորդներն էին Հյուսրև Ալթընբաշաքը, Մեհմեդ Քայալարը, Հուլուսի Յահյագիլը, Զյուբեյր Գյունդուզալփը, Մուսթաֆա Սունգուրը (նուրջուների մեծ մասը հարում է նրան), Մեհմեդ Քուրդօղլուն: Ֆեթուլա Գյուլենը Նուրսիի աշակերտներից էր և սկզբնական շրջանում հարում էր Զյուբեյր Գյունդուզալփի շարժմանը, սակայն ճճդ. 70-ական թթ. Գյուլենի և մյուս ավանդական նուրջուների հայացքները բաժանվեցին, և Գյուլենի հետևորդները սկսեցին անվանվել ֆեթուլայականներ, «Գյուլենական համայնք» կամ «Հիզմեթ» (թուրք. ծառայություն) շարժում, սակայն հաճախ նրանց բոլորին ընդհանուր կոչում են «նուրջուներ»:

2 Գյուլենական շարժումը զգալի աջակցություն է ցուցաբերել ծանր տնտեսական դրության մեջ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և անձամբ Հեյդար Ալիևին Ադր-բեջանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու գործընթացում:

հիմնադրման համար [1, стр. 248]: Գյուլենի շարժումն իր դիրքերն Ադր-բեջանում վերջնականապես ամրապնդեց և լայն արտոնություններ ստացավ Հ.Ալիևի նախագահության տարիներին (1993-2003թթ.): 1999թ. Հ.Ալիևը հայտարարել է. «Ֆեթուլա Գյուլենը պետք է ոչ միայն Թուրքիային կամ թյուրքական աշխարհին, այլև ողջ աշխարհին» [7, стр. 49]:

Գյուլենը հանդես է գալիս այնպիսի ուսմունքի դիրքերից, որը դիտարկում է իսլամի և արդիականության միասնությունը այն համադրելով ժողովրդավարության արևմտյան մոդելի հետ: Ըստ էության, նա փորձ է արել Սաիդ Նուրսիի ուսմունքի հետ սինթեզել սուֆիական, մասնավորապես նաքշիբենդիա և քադիրիա ուղղությունների գաղափարները կապելով այն ժամանակակից մարտահրավերների հետ [12]: Արդյունքում' սուննի ուղղության հետևորդները շարժումը մեղադրում են «մաքուր» իսլամին չհետևելու, նորարարություններ ներդնելու և մուսուլմաններին վերաբերող կրոնական խնդիրներն անտեսելու, իսկ աշխարհիկ գործիչները և շիա հավատացյալները քողարկված թուրքական-սուննիական իսլամական քաղաքական օրակարգ քարոզելու, թուրքական պետության գործակալը հանդիսանալու և Ադրբեջանի տեղական շիական ուղղության դեմ սուննիական ուղղության քարզչության մեջ [13]: Իրականում այն հանդիսանում էր պաշտոնական Թուրքիայի արտաքին քաղաքականության իրականացման գործիք և ստանում էր Կրոնական տեսչության վաքըֆի լիակատար աջակցությունը: Գյուլենական շարժման հեռահար նպատակների վերաբերյալ բացահայտումներ է արել կենտրոնական ղեկավար մարմնի նախկին անդամ Նուրեթթին Վերենը: Նա մասնավորապես նշել է, որ գյուլենական շարժումը զուտ կրոնական շարժում չէ, նպատակը օտար երկրներում դպրոցներ բացելը, երեխաներին թուրքերեն սովորեցնելը չէ, դրա հետևում կանգնած են Վատիկանի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապված հզոր ֆինանսական ուժեր: Շարժման նպատակն է ամբողջ աշխարհը վերցնել իրենց ձեռքը [14]: Իրենց նպատակին հասնելու համար շարժման անդամներն առաջնորդվում են քողարկված, դանդաղ, սակայն կայուն և արմատական ռազմավարությամբ. ժամանակի ընթացքում ձևավորել կրթված նոր սերունդ, որոնք, ներթափանցելով երկրի ամենակարևոր պետական ոլորտներ, կստեղծեն կայուն ցանց և հարմար առիթի դեպքում իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը:

Ֆեթուլա Գյուլենի դիտարկմամբ, ժամանակակից աշխարհի գլխավոր հարստությունը գիտելիքն է, հետևաբար նա շեշտը դրել է ոչ թե կրոնական ծիսական կամ դավանաբանական սկզբունքների քարոզչության, այլ կրթա-

կան հաստատությունների, տնտեսական ձեռնարկությունների, հրատարակչության, հեռուստառադիոհեռարձակման վրա, ինչն ապահովում է նրան տնտեսական, քաղաքական բազմաթիվ լծակներ [15]:

Ադրբեջանում փոքր և միջին թուրքական բիզնեսը և արտադրությունները հիմնականում ղեկավարվում էին գյուլենական շարժման համակիրների կողմից: Թուրք գործարարները ստեղծել են իրենց ընկերությունն Ադրբեջանում' Թուրքական և ադրբեջանական արտադրողների և գործարարների միջազգային ընկերություն (Azarbaycan Turk Sanayeci va I$adamlan Beynalxalq Camiyyati), որը սկիզբ է առնում գյուլենական շարժումից, չնայած ոչ բոլոր անդամներն են կիսում շարժման կրոնական և քաղաքական հայացքները [16]: Նրանց պատկանող առևտրային ընկերություններից են կահույքի վաճառքի «Իսթիքբալ», ժամացույցների «Ռոմանսոն», քաղցրավենիքների «Ուլքյար» ընկերությունները, գրենական պիտույքների և գրքերի «Նիլ» խանութների ցանցը և այլն: Կրթական ծրագրերն իրականացվում էին «Չաղ» (Qag Oyratim i$btmabri) և «Ֆեզա» ընկերությունների կողմից, որոնք Ադրբեջանում հիմնադրել էին 14 կրթական հաստատություններ1: Գյուլենա-կան ուսումնական հաստատություններն աչքի էին ընկնում միջազգային բարձրակարգ կրթական ուսուցմամբ, և դասաժամերի ընթացքում չէր իրականացվում կրոնական քարոզչություն: Սակայն Ղուրանի ուսուցումը, Սաիդ Նուրսիի և Ֆեթուլա Գյուլենի կրոնական գաղափարները տարածվում էին դասաժամերից հետո ոչ պաշտոնական շփումների և զրույցների միջոցով: Գյուլենական շարժման կառույցներից Ադրբեջանում բացահայտ կրոնական գործունեությունն էր ծավալում Երիտասարդների աջակցության հիմնադրամը, որը կազմակերպում էր արաբերենի և Ղուրանի դասընթացներ:

2006 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները որդեգրեցին կրոնական խիստ վերահսկողության քաղաքականություն, ինչը պայմանավորված էր քաղաքական դաշտում իսլամական ուղղվածության ընդդիմադիր խնբավորումների ակտիվացմամբ և կրոնի միջոցով ներքաղաքական իրադարձությունների վրա արտաքին ուժերի ազդեցության ակտիվաց-մամբ: Այս հետապնդումներից զերծ չմնաց նաև գյուլենական շարժումը: Երկրի տարբեր շրջաններում ձերբակալվեցին շարժման անդամներ, ան-

1 Դրանց մեջ էին մտնում «Կովկաս» համալսարանը, «Կովկաս» միջնակարգ դպրոցը, թուրքական մասնավոր վարժարաններն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ փոքր նահանգային քաղաքներում Գյանջայում, Լենքորանում, Շեքիում, Ղուբայում, Ագդաշում, Մինգեչաու-րում, Սումգաիթում (2 վարժարան), Ալի Բայրամլըում, Շարուրում, Օրդուբադում (աղջիկների համար), սակայն ներկայում այս կրթական հաստատությունները փակվել են ադրբեջանական կառավարության կողմից:

գամ թուրք քաղաքական գործիչներ, որոնցից էր Մեհմեթ Հարուն Քայաջին1: Շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն 2007թ. նոյեմբերի իր ելույթում, նույն հարթության վրա դնելով վահաբականներին և նուրջուներին, նրանց անվանեց ոչ ցանկալի տարր և հանցավոր խմբավորումներ, որոնք վնաս են հասցնում սուրբ իսլամին [17]: 2009-2011թթ. Ադրբեջանի Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Կրոնի ազատության մասին օրենքում, որով նվազագույնի պետք է հասցվեր երկրի ներսում կրոնական կյանքի վրա արտաքին ազդեցության հավանականությունը2, ինչպես նաև խստացվեց անօրինական կրոնական գործունեություն ծավալելու համար նախատեսված պատիժը: Արգելքները և հետապնդումներն իրականացվեցին ոչ միայն ծայրահեղական իսլամական ուղղությունների, այլև թուրքական գրեթե բոլոր կրոնական խմբերի նկատմամբ: Գյուլենականներին անգամ մեղադրեցին հայերի հետ համագործակցության և հակաադրբեջանական գործունեություն ծավալելու մեջ: Այդ գործընթացն ուղղակիորեն պայմանավորված էր հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված փորձերով, ինչը հանգեցրեց թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությանը:

Երբ 2013թ. Ֆեթուլա Գյուլենի և այն ժամանակվա վարչապետ Թայիփ Էրդողանի հարաբերությունները վատացան և հակասությունները ստացան սուր բնույթ, գյուլենականների դիրքերն Ադրբեջանում ավելի սասանվեցին: Թուրքիայի կառավարության հրահանգով 2014թ. մարտին աշխատանքից ազատվեցին Ադրբեջանի կառավարական համակարգում աշխատող գյուլենական բարձրաստիճան պաշտոնյաներ3, գյուլենական 13 կրթական կենտրոններ, 11 բարձրագույն դպրոցներ և Կովկասի

ինստիտուտը պետականացվեցին և փոխանցվեցին Ադրբեջանի պետական

1 http://m2.islam.az/news/a-479.html

2 2010թ. կրոնի վերաբերյալ օրենքի փոփոխության համաձայն միայն երկրի ներսում կրոնական կրթություն ստացած քաղաքացիներին էր իրավունք տրվում կատարել իսլամական կրոնական արարողություններ, արգելվում էր հոգևորականների փոխանակումը, դժվարացվում էր կրոնական համայնքների գրանցման գործընթացը: Արդյունքում Թուրքիայի քաղաքացի իմամների կրոնական գործունեությունը համարվեց անօրինական, և նրանք լքեցին Ադրբեջանը, նրանց փոխարինելու եկան ադրբեջանցի հոգևորականներ:

3 Աշխատանքից հեռացվեցին նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը, Ադրբեջանի Հանրապետության նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Խալիգ Մամեդովը, Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Էլշադ Իսկենդերովը, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայլովը, երիտասարդության և սպորտի փոխնախարար Ինթիգամ Բա-բաևան, պատգամավոր Ջեյհուն Օսմանլըն, նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, տես Исламизм стучится в наши двери, Х. Гаджи-заде, редактор Л.Алиева, Центр национальных и международных исследований, Баку, 2016, стр. 21.

նավթային և գազային ընկերությանը (SOCAR կից գործող Ադրբեջանի միջազգային կրթական կենտրոնին [18] (ներկայում այդ հաստատությունները փակվել են Ադրբեջանի կառավարության կողմից):

2016թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Ֆեթուլա Գյուլենը և նրա շարժման հետևորդները հայտարարվեցին երկրի թշնամիներ, ահաբեկիչներ, պետական բոլոր ոլորտներից գյուլենա-կան շարժման անդամները և համախոհները հեռացվեցին, երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին թերթեր, հեռուստաալիքներ: Այս ամենն իր արտացոլումը գտավ նաև Ադրբեջանի Հանրապետությունում: Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հաստատեցին թուրքական կողմի տեղեկատվությունն այն մասին, որ Էրդողանի իշխանությունը տապալելուց հետո գյուլենականները ծրագրել էին հեղաշրջում կատարել նաև Ադրբեջանում իշխանությունը զավթելու նպատակով: Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց գյուլենական շարժման հետևորդների նկատմամբ, փակվեցին շարժման հետ կապ ունեցող բոլոր լրատվամիջոցները, կրթական հաստատությունները [19]: Ադրբեջանի իշխանությունները մեկ անգամ ևս հնարավորություն ունեցան գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքի պատրվակով քաղաքական դաշտը մաքրել անցանկալի ընդդիմադիր տարրից:

Ամփոփելով նշենք, որ 1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանում իսլամն առաջնային դիրք գրավեց ոչ միայն որպես ազգային ինքնության անքակտելի բաղադրիչ, այլև արտաքին ուժերի ձեռքում հանդիսացավ «փափուկ ուժի» ռազմավարության ամենակարևոր գործիքներից մեկը: Տարբեր կրոնական ուղղություններ մրցակցում էին միմյանց հետ Ադրբեջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար, ինչը, մեծ հաշվով, արտացոլում էր քաղաքական ազդեցության համար տարածաշրջանի եր-կրների միջև տարվող պայքարը: Անկախացումից հետո Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեծիրն ուղղվեց բնական դաշնակից Թուրքիայի կողմը, հետևաբար, ի տարբերություն այլ երկրներից ներթափանցող իսլամական ազդեցության, թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական կրոնական կառույցները ստանում էին Ադրբեջանի իշխանությունների լիակատար աջակցությունը: Այս երևույթը պայմանավորված էր ինչպես թյուրքական ընդհանուր ինքնության գիտակցության գերակայությամբ, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Թուրքիայի Հանրապետության ցուցաբերած ռազմական, քաղաքական, նյութական լուրջ օժանդակությամբ: Նշանակալի դեր խաղաց նաև 1994թ.

կնքված «դարի պայմանագիրը»1, ինչից հետո Ադրբեջանը վերջնականապես որդեգրեց ամերիկամետ, եվրոպամետ քաղաքականություն, իսկ Թուրքիան կապող օղակ էր ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև:

Երկրի անվտանգությանը սպառնացող ծայրահեղական իսլամական հոսանքների ակտիվացումը չեզոքացնելու և իսլամական շարժումների մուտքը քաղաքական դաշտ արգելափակելու նպատակով իշխանությունները դիմեցին կրոնական ոլորտի վերահսկողությունը խստացնող միջոցների: Այդ գործողությունները տարածվեցին նաև Թուրքիայից ներթափանցող կրոնական հոսանքների վրա, որի արդյունքում «թուրքական» իսլամը կորցրեց արտոնյալ դիրքն Ադրբեջանում: Թուրքիայի իսլամական կառույցների գործունեությունն Ադրբեջանում թուլացավ նաև Թուրքիայից Ադրբե-ջանի տնտեսական, քաղաքական, մշակութային անկախության գործընթացին զուգահեռ:

Սակայն թուրքական պաշտոնական մզկիթները, դպրոցները, Ղուրանի ուսուցման դասընթացները շարունակում են իրենց գործունեությունն ադրբեջանական իշխանությունների խիստ վերահսկողության ներքո, իսկ Թուրքիայի կողմից արվում է ամեն քայլ պահպանելու երկու երկրների իսլամական պետական կառույցների միջև կապը եղբայրական համերաշխության համատեքստում2:

Այլ է ոչ պաշտոնական կրոնական շարժումների դրությունը: Զրկվելով Թուրքիայում իրենց արտոնյալ դիրքից և պետական աջակցությունից' նրանք աստիճանաբար կորցնում են ազդեցությունը նաև Ադրբեջանում: Թեև ամենաազդեցիկ գյուլենական շարժման դեմ պայքարը շարունակվում է, շարժման անդամները, ունենալով տնտեսական, կրթական, տեղեկատվական հզոր ներուժ, սողոսկել են իշխանական համակարգ սերտաճելով Ադրբեջանի կառավարական շրջանակների հետ:

Սեպտեմբեր, 2017թ.

1 1994թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Պետական նավթային ընկերության և արտերկրյա 11 նավթային ընկերությունների միջև ստորագրվել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Ազերի», «Չըրագ», «Գյունեշլի» նավթային հանքավայրերի համատեղ վերամշակման պայմանագիր: Ռազմավարական մեծ նշանակություն ունենալով և XXq. ամենախոշոր գլոբալ էներգետիկ նախագծերից մեկը հանդիսանալով այն ստացավ «դարի պայմանագիր» անվանումը:

2 Օրինակ 2014թ. փետրվարին Թուրքիայի որոշ մզկիթներում անցկացվեցին այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» հիշատակը ոգեկոչող միջոցառումներ, և թեև իսլամի հանեֆիա-կան մազհաբն արգելում է ազանի կատարումը ձայնագրությամբ (այն պետք է անպայման կենդանի կատարվի), որոշ մզկիթներում ձայնագրությամբ հնչեցվել է Ղարաբաղի ազանը (ադրբեջանցիները դա համարում են առաջին և վերջին ազանը, որը կատարվել է Ղարաբա-ղում այդ տարածքները լքելուց առաջ), տե ս S.Bedford, Turkey and Azerbaijan: one religion-two states?, Turkish-Azerbaijani relations. One nation-two states, Ed. M. Ismayilov, N. A. Graham, New York, Routledge, 2016, p. 141-142:

Աղբյուրներ և գրականություն

1. А.Юнусов, Ислам в Азербайджане, Баку, 2004.

2. B.Balci, <<Le renouveau islamique en Azerbaijan», Les etudes du CERI (Paris, 2007), մեջբերված է Azerbaijan: Independent Islam and The State, Europe report N°191, 25 March, 2008, p. 8.

3. S.E. Cornell, The Politicization of Islam in Azerbaijan, Silk Road Paper, Central Asia-Caucasus Institute, October, 2006.

4. B.Hasanov, Azerbaycan’da Din: Sovetler’den Bagimsizliga Hafiza Donujumleri, Istanbul, 2011.

5. Crisis Group interviews, Turkish teachers, north Azerbaijan, October 2007, Azerbaijan: Independent Islam and The State, p. 9, note 91.

6. S.Bedford, Islamic Activism in Azerbaijan. Repression and Mobilization in a PostSoviet Context, Stockholm, 2009, p. 171.

7. А.Юнусов, Исламская Палитра Азербайджана, Баку, 2012.

8. А.Албанви, Цахурский приемник Халида аль-Багдади, https://www.proza.ru/2011/12/10/1101

9. Накшбандийя одна из течений ислама, «Зеркало», 27 января, 2001г.

10. F.Bulut, Kim bu Fethullah Gulen, Uguncu Basim, Istanbul, Ozan Yayincilk, 1999, s. 207.

11. N.Goksel, Religiously-Inspired Bonding: Changing Soft Power Elements in Turkey’s Relations with Azerbaijan, Center for conflict prevention and early warning, Vol. 4, N. 8, 2011, http://www.cpc-ew.ro/occasional_papers/008.pdf

12. M.Hakan Yavuz, Towards an Islamic Liberalism? The Nurcu Movement and Fethullah Gulen in Turkey, The Middle East Journal, № 53, Washington, 1999, pp. 584-605.

13. F.Aliyev, The Gulen Movement in Azerbaijan, Hudson Institute, 2012, https:// www.hudson.org/research/9864-the-gulen-movement-in-azerbaijan

14. M Yanardag, Kujatilan Turkiye. Gulen Hareketinin Perde Arkasi, 25 Baski, Istanbul, 2011, s. 34.

15. ԳՉոբանյան, Իսլամի քաղաքական դերը հետխորհրդային Ադրբեջանում, 21-րդ ԴԱՐ, #2 (48), Երևան, 2013, էջ 71:

16. B.Balci, Between secular education and Islamic philosophy: the approach and achievements of Fethullah Gulen’s followers in Azerbaijan, Caucasus Survey, Vol.1, No.1, October 2013, 107-116.

17. Azerbaijan: Independent Islam and The State, International Crisis Group, Europe Report N°191, 25 March 2008, p. 9.

18. Sh.Sultanova,Azerbaijan Backing Turkey’s Crackdown on Gulen Movement, April 15, 2014, http://www.eurasianet.org/node/68274

19. М.Талыблы, Школы Гюлена в Азербайджане: отголоски турецкого путча, http:// dlmn.info/ru/shkoly-gyulena-v-azerbaydzhane-otgoloski-tureckogo-putcha/

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Գայաեե Չռբաեյաե

Ամփոփագիր

Անկախացումից հետո Ադրբեջանը դարձավ աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման թատերաբեմ: Իսլամական գործոնն այդ ուժերի համար քաղաքական ազդեցության հաստատման գործիքներից մեկը դարձավ: Մերձավոր Արևելքի երկրներից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հյուսիսային Կովկասից և Թուրքիայից իսլամական տարբեր կառույցներ թափանցեցին Ադրբեջան: Անկախ այն փաստից, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը իսլամի շիա ուղղության հետևորդներ էին, աշխարհիկ Թուրքիայի «իսլամական մոդելը» համարվում էր ամենահամապա-տասխանը և չէր ընկալվում որպես քաղաքական սպառնալիք: Թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական իսլամական կառույցները, ստանալով Ադրբեջանի իշխանությունների աջակցությունը, կրոնական, կրթական, տնտեսական ոլորտներում բավական խոր արմատներ էին գցել: Սակայն, իսլամական ծայրահեղական ուղղությունների տարածման սպառնալիքին զուգահեռ, կրոնական կառույցների գործունեությունը, այդ թվում նաև թուրքական, սահմանափակվեց և դրվեց պետական խիստ վերահսկողության ներքո:

РЕЛИГИОЗНОЕ ВЛИЯНИЕ ТУРЦИИ НА РЕСПУБЛИКУ АЗЕРБАЙДЖАН

Гаяне Чобанян

Резюме

После обретения независимости Азербайджан стал центром столкновения интересов различных геополитических сил. Исламский фактор использовался ими как один из инструментов политического влияния. Различные религиозные организации из стран Ближнего Востока, Исламской Республики Иран, Северного Кавказа и Турции развернули свою деятельность на территории АР. Несмотря на то, что большая часть азербайджанцев исповедовала шиитское течение ислама, «исламская модель» светской Турции считалась наиболее подходящей и не рассматривалась в качестве политической угрозы. Получив поддержку властей, турецкие правительственные и неправительственные организации пустили глубо-

кие корни в религиозные, образовательные и экономические сферы Азербайджана. Однако, параллельно с возникновением угрозы распространения различных течений радикального ислама, деятельность религиозных организаций, в т.ч. турецких, была ограничена и поставлена под жёсткий контроль государства.

TURKISH RELIGIOUS INFLUENCE ON THE REPUBLIC OF AZERBAIJAN

Gayane Chobanyan

Resume

Since gaining its independence Azerbaijan has become an arena of conflict of interests for various geopolitical powers. The Islamic factor served those powers as one of the tools for establishing political influence. Various Islamic organizations from the countries of the Middle East, the Islamic Republic of Iran, the Northern Caucasus and Turkey started their activities in Azerbaijan. Despite the fact that the majority of Azerbaijan’s population were followers of Shia branch of Islam, the “Islamic model” of secular Turkey was considered the most appropriate and was not perceived as a political threat. Turkey’s official and non-official Islamic organizations, supported by the Azerbaijani authorities, put down rather deep roots in religious, educational and economic areas. However, in parallel to the threat of spreading extremist Islamic directions, the activities of religious organizations, including the Turkish ones, was restricted and placed under strict government control.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.