Научная статья на тему 'Տրանսֆորմացիոն հասարակության հիմնական բնութագրերը'

Տրանսֆորմացիոն հասարակության հիմնական բնութագրերը Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
503
174
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
մարգինալություն / ճգնաժամեր / փոփոխություններ / սոցիալական շարժունություն / փոխակերպվող տրանսֆորմացիոն հասարակություն:

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Հակոբյան Նաիրա

Սոցիալ-մշակութային, սոցիալ-քաղաքական արխաիզացիան անիշխանությունը պայմաններ են ստեղծում զարգվածային մարգինալության համար։ Մարգինալությունը կապված է հասարակության մեջ առկա ճգնաժամերի կառուցվածքային փոփոխությունների, սոցիալական շարժունության հետ, որի արդյունքում փոխվում են քաղաքական մշակույթը, սոցիալ-մշակութային վարքաձևերի կարծրատիպերը ձևավորվում վարքաձևերի նոր մոդելներ։ Մարգինալության երևույթը բնորոշ է ինչպես կայուն, այնպես էլ փոխակերպվող տրանսֆորմացիոն հասարակություններում։ Անցումային շրջանին բնորոշ սոցիալ-հոգեբանական հիվանդություններից են. անորոշությունը, վախն ու տագնապը, սոցիալ-հոգեբանական անբավարարվածությունը։ Մարգինալ գիտակցության դրսևորման ձևերից են. ապատիան, աբսենտիզմը, խռովությունը, որոնք համընդհանուր անիշխանության պայմաններում կարող են բացասական ազդեցություն ունենալ ինչպես հասարակության կյանքի, այնպես էլ անձի հոգեկան վիճակների վրա։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Marginality as One of the Characteristic Features of a Transformational Society

In this article autor is discussing the problem of marginality as one of the characteristic features of a transformational society

Текст научной работы на тему «Տրանսֆորմացիոն հասարակության հիմնական բնութագրերը»

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԱ

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի ղեկավար

ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

Սոցիալ-մշակութային, սոցիալ-քաղաքական արխաիզացիան և անիշխանությունը պայմաններ են ստեղծում զարգվածային մարգինալության համար։ Մարգինալությունը կապված է հասարակության մեջ առկա ճգնաժամերի կառուցվածքային փոփոխությունների, սոցիալական շարժունության հետ, որի արդյունքում փոխվում են քաղաքական մշակույթը, սոցիալ-մշակութային վարքաձևերի կարծրատիպերը և ձևավորվում վարքաձևերի նոր մոդելներ։

Մարգինալության երևույթը բնորոշ է ինչպես կայուն, այնպես էլ փոխակերպվող տրանսֆորմացիոն հասարակություններում։

Անցումային շրջանին բնորոշ սոցիալ-հոգեբանական հիվանդություններից են. անորոշությունը, վախն ու տագնապը, սոցիալ-հոգեբանական անբավարարվածությունը։

Մարգինալ գիտակցության դրսևորման ձևերից են. ապատիան, աբսենտիզմը, խռովությունը, որոնք համընդհանուր անիշխանության պայմաններում կարող են բացասական ազդեցություն ունենալ ինչպես հասարակության կյանքի, այնպես էլ անձի հոգեկան վիճակների վրա։

Հանգուցային բառեր և արտահայտություններ' մարգինալություն, ճգնաժամեր, փոփոխություններ, սոցիալական շարժունություն, փոխակերպվող տրանսֆորմացիոն հասարակություն:

Հասարակության և պետության զարգացման յուրաքանչյուր փուլ ունի գործունեության իր համակարգը, սոցիոմշակութային և սոցիալ-հոգեբանական իր յուրահատկությունները: ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած հետխորհրդային հանրապետություններում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյական անկայուն իրավիճակներն անմիջական ազդեցություն ունեցան հասարակական համակարգի գործառնության վրա: Խորհրդային և հետխորհրդային շրջաններն իրենցից ներկայացնում են հասարակության երկու տիպ կայուն և անցումային, որոնց սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական բնութագրերը իրարից էապես տարբերվում են:

Առհասարակ, կայուն հասարակություններում տեղի ունեցող փոփոխությունները չեն շոշափում սոցիալական համակարգի հիմքերը, դրանք առավելապես ուղղված են համակարգի գործառնության օպտիմալացմանը: Մինչդեռ, անցումային հասարակություններում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք, մի կողմից խարխլում են նախորդ համակարգի հիմքերը, մյուս կողմից հիմք դնում նոր սոցիալական-քաղաքական համակարգի առաջացմանը: «Անցումային հասարակություն» հասկացությունը բնութագրում է սոցիալական համակարգի այն վիճակը, երբ հասարակության նախորդ որակական որոշակիությունը այլևս գերիշխող չէ, իսկ նորը գտնվում է լինելիության գործընթացում: Սոցիալական համակարգը «անցումային» է կոչվում այն պատճառով, որ նրանում տեղի են ունենում գաղափարա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական ու կառուցվածքային-ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխություններ, որոնց շնորհիվ համակարգը անխուսափելիորեն կորցնում է իր նախորդ որակական որոշակիությունը և ձեռք բերում որակական որոշակիության նոր հիմունքներ» (Հարությունյան 2000: 3) : Մեկ այլ սահմանման համաձայն «անցումային փուլը հասարակական հին արժեքային համակարգերի և չափանիշների աստիճանական անհետացման և նոր արժեքային համակարգերի ստեղծման, հասարակության հին շերտավորումը և սոցիալական խավերի փոխհարաբերությունների նախկին համակարգը նորով փոխարինելու սոցիալական գործելակերպի նոր չափանիշների աստիճանական ձևավորման համար պատմական այն

209

ժամանակաշրջանն է, որն օբյեկտիվորեն «ստանձնում» է երկու էապես տարբեր /անցյալի գիրկն անցնող և ապագայում կառուցվելիք/ հասարակարգերի միջև ժառանգականության օրգանական կապն ապահովող յուրօրինակ «կամրջի» դերը պահպանելով ազգային առանձնահատկությունները» (Հովսեփյան 1999) :

Մարգինալության երևույթը բնորոշ է ինչպես կայուն, այնպես անցումային, փոխակերպվող հասարակություններին: Կայուն հասարակություններում նույնպես գոյություն ունի սոցիալական մոբիլություն: Այս իմաստով մարգինալությունը ամեն մի սոցիալական փոխակերպությանն ուղեկցող երևույթ է, հասարակության սոցիալական գործառույթներից մեկը, քանի որ հնարավոր չէ պատկերացնել հասարակություն, որում չկատարվեն որոշակի փոփոխություններ: Կայուն հասարակություններում առկա է լինում սոցիալական

հարաբերությունների միասնական ցանց, որը ապահովում է սոցիալական միավորվածության բարձր աստիճան: Մարդիկ իրենց զգում են որպես հասարակական ամբողջի օրգանական մասը: Օրինակ, նախկին Խորհրդային Միությունում ստեղծվել էր միասնական սոցիալ-քաղաքական և մշակութային դաշտ, որի արժեքները համընդհանուր բնույթ ունեին: Խորհրդային մարդկանց մեծամասնությունը ընդհանուր առմամբ իրեն չէր զգում մեկուսացված, օտարված հասարակությունից: Խորհրդային ամբողջատիրական հասարակարգում, հատկապես 30-50-ական թվականներին, մարգինալությունը դատապարտվում էր, իսկ մարգինալները հետապնդվում: Սակայն «լճացման տարիներին» մարգինալության նկատմամբ վերաբերմունքը մասամբ փոխվում է: Չնայած որոշ մարգինալ խմբեր հետապնդվում էին, այնուհանդերձ, հասարակությունը աստիճանաբար մարգինալացվում էր:

Անցումային հասարակությունը, որտեղ սոցիալական մոբիլության տեմպերը բարձր են, իր իսկ բնույթով նպաստավոր միջավայր է ստեղծում մարգինալ երևույթների դրսևորման համար: Անցումային հասարակության մեջ առաջանում է սոցիալական զուգահեռականության երևույթը. մի կողմից իներցիայի ուժով շարունակում են գործել հին ինստիտուտները և դրանց բնորոշ արժեքներն ու հարաբերությունները, իսկ մյուս կողմից փոխակերպման գործընթացների հրամայականով պայմանավորված սոցիալական նոր ինստիտուտները և միջանձնային նոր հարաբերությունները: Անկախ իրենց կամքից ու ցանկությունից մարդիկ հայտնվում են երկու իրականության, երկու տարբեր սոցիոմշակութային աշխարհների հատման գոտում և նոր իրողությունների ազդեցությամբ նրանց մեջ ձևավորվում է երկակի վերաբերմունք շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Ստեղծված իրադրությունները մարդկանց ստիպում են մտնել մինչ այդ իրենց անծանոթ սոցիալական կապերի ու դերերի մեջ: Սկսվում է իրար հետ զուգահեռաբար գոյատևող հին և նոր իրողությունները համատեղելու հոգեբանական տանջալից գործընթացը: Երկակի դերակատարումները նախադրյալներ են ստեղծում երկփեղկված աշխարհայացքի, երկակի դիրքորոշումների ձևավորման համար:

Ճիշտ է, անցումային հասարակություններում իրականացվող բարեփոխումներն ուղղված են լինում նոր սոցիալ-քաղաքական համակարգի ստեղծմանը, իրավիճակի շուտափույթ կայունացմանը, այնուհանդերձ, այդ գործընթացներում, որոնք հաճախ տարերային և անվերահսկելի բնույթ են ունենում, դրական երևույթների հետ մեկտեղ ի հայտ են գալիս բազմաթիվ բացասական երևույթներ: Տնտեսական ճգնաժամի հետևանքով ընկնում է կյանքի մակարդակը, տեղի է ունենում սոցիալական բևեռացում, շեշտակիորեն մեծանում է աղքատների և գործազուրկների բանակը, շատանում են սոցիալ-քաղաքական կոնֆլիկտները, տեղի է ունենում մասսայական արտագաղթ և այլն: Արմատական փոփոխությունների են ենթարկվում հարաբերությունները ընտանիքում, սոցիալական խմբերում և կոլեկտիվներում: Քաղաքական ու տնտեսական փոփոխություններն ուղեկցվում են սոցիալ-հոգեբանական բնույթի

փոփոխություններով. տեղի է ունենում արժեքների վերարժեքավորում, կարծրատիպերի փոխակերպումներ, կյանքի իմաստի փնտրտուք, միջանձնային հարաբերությունների ապամարդկայնացում, սոցիալական կարգավիճակի, դիրքի ու դերային վարքագծի փոփոխությ ուններ:

Հասարակության մեջ արտակարգ ու աննախադեպ իրավիճակները, սոցիալական գործընթացների անսովոր բովանդակությունը, մարդկանց կյանքում գլոբալ փոփոխությունները անմիջականորեն ազդում են հասարակության հոգեբանական ոլորտի վրա մարդկանց տրամադրության, հոգեվիճակի, համոզմունքների, գնահատականների, դիրքորոշումների վրա: Նոր պայմաններում սկսվում է փոփոխվել մարդկանց հոգեբանությունը: Նախ և առաջ փոխվում է անձնային արժեքների և գնահատումների համակարգը, անձանց կամ խմբերի սոցիալական նույնականությունը: Ավանդական սոցիալական համատեքստի կտրուկ փոփոխությունը

անհատին դնում է որվում է ոչ միայն հասարակական գիտակցությունը և սոցիալ-իրավական հարաբերությունները շոշափող արտաքին սոցիալական կոնֆլիկտների, այլև միջանձնային և ներանձնային կոնֆլիկտների մակարդակում:

Բախվող արժեքների բազմաքանակությունը, անորոշությունը և վարքի հնարավոր ընտրության հետ կապված խնդիրները հանգեցնում են սոցիալական ու հոգեբանական շեղումների: Անցումային հասարակության սոցիալ-հոգեբանական «հիվանդություններից» են դառնում անորոշությունը, անվստահությունը, տագնապն ու վախը: Տիրապետող է դառնում սոցիալ-հոգեբանական անբավարարվածության զգացումը: Հոռետեսական

տրամադրություններ, պատվասիրության անկում, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, սպասումների չիրականացում, ֆրուստրացիաներ, սթրեսներ ու կոնֆլիկտներ, նիհիլիտական վերաբերմունք ցանկացած գաղափարի հանդեպ, վերակողմնորոշում դեպի արկածախնդրական և ուտիլիտարիստական գործունեությունը - ահա անցումային հասարակության սոցիալ-հոգեբանական պատկերի ոչ լրիվ բնութագիրը:

Այսպիսի պայմաններում արագորեն ընթանում է հասարակության գրեթե բոլոր ոլորտների մարգինալացման գործընթացը: Դրա առանձնահատկությունն այն է, որ մարգինալ խմբերը գործում են ոչ թե սոցիալական գործունեության ծայրամասերում, այլ ամենուր ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Եթե կայուն հասարակություններում

մարգինալացման երևույթները վերահսկվում են, ինչ-որ տեղ նույնիսկ կարգավորվում են, ապա արագընթաց փոխակերպումների մեջ գտնվող անցումային հասարակություններում մարգինալացման գործընթացները ունենում են տարերային, անկանխատեսելի ու անվերահսկելի բնույթ:

Ե. Ն. Ստարիկովի կարծիքով հետամբողջատիրական հասարակության սոցիալական կառուցվածքում գործնականում մարգինալացվում են սոցիալական բոլոր խմբերը (Стариков 1994): Նրա կարծիքով մարգինալությունը հասարակության սոցիալական կառուցվածքի մոբիլության, անորոշության վիճակի արդյունք է: Այս տեսակետը վիճարկելի է, որովհետև մարգինալությունը նույնացվում է մոբիլության, անցումայնության հետ: Մինչդեռ

մարգինալությունը ենթադրում է մոբիլության առկայություն, բայց ամեն մի մոբիլություն դեռևս մարգինալություն չէ: Ամեն դեպքում, փոխակերպվող հասարակության մեջ մարգինալությունը որպես երևույթ, լայն ընդգրկում է ունենում: Եթե մարգինալացումը մասսայական բնույթ է ստանում, ապա դրա արժեքներն ու դիրքորոշումները թափանցում են նաև այնպիսի մարդկանց գիտակցության մեջ, որոնք սոցիալական կառուցվածքներում դեռ պահպանում են իրենց կարգավիճակը: Անցումային հասարակություններում փոխվում են մարգինալության

դրսևորման որակները և ոլորտները: Բնակչության մեծամասնության վերածումը մարգինալ զանգվածի ստեղծում է սոցիալական իրականության որակապես նոր իրավիճակ:

Ինչպես համեմատաբար կայուն, այնպես էլ փոխակերպվող հասարակություններում մարգինալության դրսևորմանը նպաստում են տարբեր գործոններ: Հետխորհրդային անցումային հասարակություններում մարգինալացման առաջացման հիմնական պատճառներից են պետական-քաղաքական համակարգի, սոցիալ-տնտեսական կառուցվածքների փլուզումը, սոցիալական կապերի խզումը, սոցիալական և էթնիկական կոնֆլիկտները, պատերազմները, արտագաղթը (բռնագաղթը), ներգաղթը և այլն:

Փոխակերպվող հասարակություններում մարգինալության առաջացման կարևոր գործոններից մեկը, եթե ոչ գլխավորը, մասսայական գործազրկությունն է, որը հասարակության սոցիալ-տնտեսական հարաբերությունների ու կապերի փլուզման արդյունքն է: Փոխակերպվող հասարակությունում մարգինալացման գործընթացը ընթանում է որոշակի փուլերով, որոնց ընթացքում ձևավորվում են տարբեր կարգի մարգինալ խմբեր: Որոշ իմաստով մարգինալացման փուլերը համընկնում են անցումային հասարակության զարգացման փուլերին: Կարելի է առանձնացնել երեք փուլ: Առաջին փուլում զարգացման նոր միտումները ծագում են հնի գերիշխանության պայմաններում, երկրորդում առաջանում է զուգահեռականության երևույթը, այսինքն ամենուր ընթանում է հնի և նորի պայքար, հասարակական կյանքը աչքի է ընկնում անկայունությամբ, սոցիալական ցնցումները հաջորդում են իրար, երրորդ փուլում նորը դառնում է գերիշխող, նոր կառուցվածքները սկսում են գործել և կայունության միտումները դառնում են անշրջելի:

Առաջին փուլում մարգինալացման գործընթացում ներառվում են այն մարդիկ, որոնք սոցիալական կառուցվածքների փոփոխության հետևանքով նոր-նոր կորցրել են իրենց աշխատանքը ու սոցիալական կարգավիճակը, սակայն վստահ են, որ շուտով կգտնեն նոր աշխատանք: Այսպիսի մարդիկ դեռևս պահպանում են իրենց նախկին արժեհամակարգն ու դիրքորոշումները: Իրենց կարգազուրկ և գործազուրկ լինելը նրանք հակված են բացատրելու որպես պատահականության, օբյեկտիվ հանգամանքների արդյունք կամ սեփական թերությունների և սխալների, անհաշվենկատ գործունեության, անբավարար ակտիվության արդյունք: Նրանք առաջնորդվում են «մեր փողոցում էլ գարուն կլինի» ասացվածքով, ինչը նշանակում է, որ նրանք, թեև հայտնվել են անորոշ իրավիճակում, սակայն չեն կորցրել իրենց հույսը վերգտնելու իրենց սոցիալական կարգավիճակը, դեռ վստահ են իրենց ուժերի հանդեպ: Սակայն, նրանց հոգեկանը ալեկոծության մեջ է: Այդպիսի մարդկանց հոգեբանական վիճակի բնորոշ գծերից են սպասողականությունը, երկիմաստությունը, հուսահատությունը, ընկճվածությունը, անհանգստությունը, կասկածամտությունը և այլն: Այս վիճակի

շարունակման և խորացման դեպքում կարող են առաջ գալ լուրջ հոգեխախտումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնահարգանքի կորստի և համապարփակ հոգեկան ճգնաժամի: Այս փուլում մարգինալացման միտումները հստակ չեն երևում և չեն գիտակցվում մարգինալացման շրջապտույտի մեջ արդեն հայտնված մարդկանց կողմից:

Երկրորդ փուլում մարգինալացման գործընթացի մեջ ընդգրկվում, կամ ավելի ստույգ մարգինալ են դառնում այն մարդիկ, որոնք երկար ժամանակ լինելով կարգազուրկ և գործազուրկ, արդեն ճաշակել են գործազրկության բոլոր դառնությունները և գիտակցում են իրենց նոր կարգավիճակը: Նրանց մոտ նկատվում է նախկին սոցիալական կարգավիճակին բնորոշ արժեքների ու դիրքորոշումների միախառնումը նոր արժեքների ու դիրքորոշումների հետ, ինչն էլ բարերար հող է ստեղծում տարբեր տիպի կոնֆլիկտների, անոմիաների առաջացման համար: Հուսահատության ու ճգնաժամային իրավիճակները ուղեկցվում են միայնակության, օտարվածության, ավելորդության զգացմունքի սրմամբ: Աշխատանքային մոտիվացիան ու բարոյականությունը պահպանվում են, սակայն դրանք լրացվում են անտարբերությամբ կամ անթաքույց թշնամությամբ դեպի տեղի ունեցող փոփոխությունները, նոր կազմավորվող սոցիալական ինստիտուտները: Այս ընթացքում ձևավորվում են տարբեր կարգի մարգինալ խմբեր: Օրինակ, ձևավորվում են մարգինալ սոցիալական (կառուցվածքային) խմբեր, որոնք «կենտրոնի» կամ սոցիալական նորմալի հանդեպ զբաղեցնում են «ծայրամասի, լուսանցքայինի» դիրք: Եթե նման մարդիկ քիչ թե շատ հարմարվում են իրենց վիճակին, ապա ձևավորվում է մարգինալ գիտակցություն դրան բնորոշ արժեքներով ու դիրքորոշումներով: Մարգինալ այն խմբերը, որոնցում ընդգրկվում են լյումպենացվող մարդիկ, ձեռք են բերում որոշակի հատկություններ: Նման մարդկանց մոտ աստիճանաբար չքանում են աշխատանքային մոտիվացիան և բարոյականությունը: Աշխատանքը դադարում է պահանջմունք լինելուց: Եթե նպատակային ինչ-ինչ դիրքորոշումներ դեռ մնում են, ապա դրանք անմիջականորեն կապվում

են միայն սպառման հետ: Իսկ ընդլայնվող սպառումը, որը այլևս կապված չէ աշխատանքային գործառույթների հետ, ստանում է հախուռն, անկազմակերպ բնույթ: Աստիճանաբար «կյանքի հատակը» գլորվող լյումպենացված մարգինալ մարդը կորցնում է իր սոցիալական բոլոր կապերը: Լրիվ խզվում է կապը նախկին աշխատանքային կոլեկտիվի, ընկերական շրջապատի և ընտանիքի անդամների հետ: Մարգինալ անձը փնտրում է «իր նմաններին»: Եթե հասարակությունը մերժում է այդպիսի մարդկանց, ապա վերջիններս էլ մերժում են հասարակությանը: Չընդունելով սոցիումի արժեքներն ու նորմերը և ցանկանալով միայն սպառել հասարակական (ուրիշների) հարստությունը, լյումպենացված մարգինալ մարդը հոգեբանորեն պատրաստ է դառնում ագրեսիվ, քայքայիչ, ապակառուցողական հակահասարակական գործողությունների: Այդպիսի մարգինալները հաճախ ընդգրկվում են հակահասարակական և հակապետական շարժումների մեջ, օգտագործվում տարբեր քաղաքական ուժերի կողմից: Այսինքն քաղաքական սուբյեկտից վեր են ածվում քաղաքական օբյեկտի: Այս մակարդակում գտնվող մարգինալների հոգեբանական վիճակը կարելի է բնորոշել որպես անոմիա: Անոմիան հետևանք է սոցիալական ինքնության կորստին: Իրենց սոցիալական որևէ խմբի չնույնացնելով, չընդունելով դրանց նորմերը, մարգինալները զրկում են իրենց լիարժեք մասնակցելու հասարակական-քաղաքական կյանքին: Գտնվելով անոմիայի վիճակում, չկարողանալով որոշել իրենց լուսանցքային կեցության պատճառները, ադեքվատ ձևով չգիտակցելով սեփական շահերը, մարգինալները վերածվում են քաղաքական օբյեկտների: Մարգինալը այլևս չունի իր սեփական ինքնատիպ արժեհամակարգը, ուստի հախուռն ձևով սկսում է նմանակել, ընդօրինակել (հիմնականում խեղաթյուրված կերպով) իրեն քիչ թե շատ հասկանալի սոցիալական ու մշակութային նորմերը: Մարգինալ կարգավիճակի պատճառով մարգինալները ի վիճակի չեն կազմակերպված, օրինական ձևով պայքարելու իրենց շահերի համար, ուստի նրանց բողոքական, ընդվզող վարքագծին բնորոշ է դառնում տարերայնությունն ու անկազմակերպվածությունը:

Մարգինալ մի այլ խմբի մեջ մտնում են զարգացած սոցիալական պահանջմունքներ ու սպասումներ, հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ, որոնք ամբողջությամբ դուրս չեն մղվել սոցիալական կառուցվածքներից, սակայն չեն կարողացել իրագործել իրենց սոցիալական սպասումները: Նրանց բնորոշ է ոչ միայն հարմարվումը մարգինալ արժեքներին, այլև դրանց ձևափոխումը գաղափարականացման միջոցով թե' առօրյա գիտակցության և թե' տեսության մակարդակում: Նրանք ընդվզում են, բողոքում «անդեմ հասարակության» և «ոստիկանական պետության» դեմ, տեղին-անտեղին քննադատում կատարվող բարեփոխումները, հոռետեսորեն տրամադրվում փոփոխությունների և առհասարակ ապագայի հանդեպ: Նման վիճակում Ես-ի և արտաքին աշխարհի միջև հաստատվում են թշնամական հարաբերություններ, և տարերային, հախուռն անհատապաշտության դիրքերից մարդը հակադրվում է հասարակությանը:

Այս խմբի մարգինալ գիտակցության դրսևորման ձևերից է դառնում անցյալի իդեալականացումը: Դա առավելապես բնորոշ է այն մարդկանց, ովքեր սոցիալականացման փուլերը անցել են նախկին հասարակարգում և նորում վերածվել են տարիքային մարգինալների: Մարգինալը գունազարդում է ոչ վաղ անցյալի սոցիալական

հարաբերությունները, նախորդ սոցիալ-քաղաքական համակարգին վերագրում այնպիսի առաքինություններ ու արժանիքներ, որոնք իրականում չեն եղել կամ եղել են մասամբ: Մարգինալ մարդը տառապում է անցյալի կարոտախտով:

Մարգինալ գիտակցության դրսևորման ձևերից են նաև ապատիան և աբսենտիզիմը: Մարգինալ մարդը օտարվում է հասարակության մեջ ընդունված արժեքային նորմերից, մերժում սոցիալական գոյություն ունեցող կառուցվածքները, ամփոփվում իր ոլորտում, որը ընկալվում է որպես «հակահասարակություն»: Նա համակերպվում է իր մարգինալ կարգավիճակի ու դիրքի հետ, թաքնվում կրավորականության խրամատներում: Այդպիսի մարգինալ մարդիկ

հատկապես խուսափում են մասնակցել քաղաքական գործընթացներին: Մարգինալացման գործընթացում ձևավորվում է այսպես կոչված «այլընտրանքային գիտակցություն», որը կարող է ունենալ թե' ծայրահեղ և թե' չափավոր դրսևորումներ: Աբսենտիստական դիրքորոշումը առավելապես որդեգրում են մտավորական (մշակութային) մարգինալները, որոնք կամավոր կերպով (կամավոր, որովհետև ցանկության դեպքում այդ մտավորականները կարող են վերադառնալ իրենց նախկին կարգավիճակին) հակադրվում, ձեռնոց են նետում հասարակությանը: Եթե այսպիսի մարգինալ մարդը ցուցաբերում է հասարակական

ակտիվություն, ապա դրան բնորոշ է լինում չարացածությունը, անարխիզմը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը: Իր առանձնահատկությունները ունի երիտասարդների մարգինալացման գործընթացը: Չունենալով կյանքի, աշխատանքային

գործունեության փորձ, արժեքների սեփական համակարգ, երիտասարդները տարբեր ձևերով են վերաբերվում մարգինալացման ընթացքին: Նրանք, ովքեր շնորհիվ իրենց էներգիայի, եռանդի, գիտելիքների արագորեն յուրացնում են փոփոխվող խաղի կանոնները, անհամեմատ հեշտությամբ ներգրավում են նոր կառույցների մեջ: Սակայն երիտասարդների շրջանում ադապտացիայի ձևերը հաճախ ծայրահեղ բնույթ են ունենում:

Մարգինալ գիտակցության դրսևորման ծայրահեղ ձևերից է խռովությունը, որը կապված է ոչ միայն գոյություն ունեցող հասարակության չընդունման հետ, այլև դրա բռնի հեղաշրջման հետ: Հաշվի չառնելով օբյեկտիվ հանգամանքները, մարգինալ անձը կամ խմբերը, որոնցում որպես կանոն մեծ թիվ են կազմում երիտասարդ մարգինալները, հակահասարակական, ահաբեկչական տարաբնույթ գործողությունների միջոցով փորձում են կազմաքանդել հասարակական կառուցվածքները: Վարքի միասնական մոտիվացիա և արժեքների ընդհանուր համակարգ ունեցող հասարակության համար ադապտացիայի խռովարարական տիպն այնքան էլ բնորոշ չէ, գրում է Գ. Սողոմոնյանը, մինչդեռ անցումային հասարակությունների համար, ուր անոմիան սովորական վիճակ է, հասարակական հարաբերությունների մեջ ներառման խռովարարական, ծայրահեղական եղանակը դառնում է բավականին տարածված սոցիալական երևույթ: «Որպես կանոն նման մարդիկ կարծում են, որ միայն անսովոր, բացառիկ քաղաքական միջոցներով (ահաբեկչություն, հացադուլ, ինքնահրկիզում, պատանդ վերցնել) կարելի է հասնել ցանկալի արդյունքների: Խռովությունը որպես սոցիոմշակութային ադապտացիայի ձև ընտրած մարդիկ իրենց գործողությունները ներկայացնում են որպես պայքար «հանուն բարձրագույն արդարության» հաստատման: Ճշմարտությունը մենաշնորհած, սոցիալական

անհանդուրժողականությամբ և անսխալականության հիվանդագին գիտակցությամբ տառապող այդ մարդկանց համար ծայրահեղականությունը վարքի գերակա եղանակ է» (Սողոմոնյան 2002): Թեև խռովությունը ադապտացիայի մասսայական ձև չէ, այնուհանդերձ, փաստ է, որ մարգինալ մարդիկ աչքի են ընկնում իրենց ագրեսիվ վարքով, հակում են դրսևորում դեպի բռնությունը: Ավելի ստույգ, նրանք հոգեբանորեն պատրաստ են բռնություն գործելու, թեև իրականում կարող են այդ քայլին չդիմել: Ինչպես նկատում է Լ. Գոզմանը, նման դեպքում կարևոր է ոչ թե մարդու պատրաստակամությունը գործելու բռնություն, այլ նրա վերաբերմունքը բռնություն գործողների հանդեպ: 1988թ. Սումգաիթում հայերի ջարդը իրականացրել էին մի քանի տասնյակ բանդիտներ: Բայց նրանց ուղեկցում էր հանդիսատեսների ամբոխը, շուրջ երեք հարյուր մարդ, որոնք չէին սպանում ու հրկիզում, սակայն իրենց ներկայությամբ խրախուսում էին կատարողներին: Եվ դա տեղի էր ունենում հարյուր հազարանոց բնակչություն ունեցող մի քաղաքում, որտեղ մի շարք հանգամանքների բերումով ձևավորվել էր այնպիսի մթնոլորտ, որ հայի սպանությունը գուցե և չի ողջունվել որպես ավելորդ դաժան գործողություն, սակայն ընկալվել է ըմբռնումով: Միայն այսպիսի մթնոլորտում կարող էր տեղի ունենալ ջարդ, որը մշտապես պահանջում է ոչ միայն զոհեր, այլև հիացող հանդիսատեսներ: Այս պատճառով բռնության նկատմամբ հանդուրժողականության աճը, պատրաստակամությունը դա արդարացնելու վեհ գաղափարներով, անհրաժեշտ պայմաններ կարող է ստեղծել քաղաքացիների որոշ մասի ագրեսիվ հակումների դրսևորման համար: Նրանք կարող են գործել

բռնություն, կարծելով, որ իրենց գործողությունները հավանության կարժանան շրջապատողների կողմից (Гозман 1995):

Բնականաբար, մարգինալության դրսևորումները և դրանց հաղթահարման մեխանիզմների ու ռազմավարությունների ընտրությունը մեծապես կախված է ինչպես տվյալ հասարակության, ազգի էթնոհոգեբանական առանձնահատկություններից, այնպես էլ դրանց ներկայացուցիչների անձնային հատկություններից: Օրինակ, հայ հասարակության մեջ, որտեղ անհատապաշտական սկիզբը ուժեղ է արտահայտված, ավանդաբար բացասական, արհամարհական վերաբերմունք է ձևավորվել «կյանքի հատակում» գտնվող մարգինալ մարդկանց նկատմամբ: Այդպիսիները դիտվում են որպես պատվասիրությունից,

արժանապատվությունից, ինքնահարգանքից զուրկ մարդիկ: Նորմալ մարդը, հայի

ընդհանրական պատկերացմամբ, եթե անգամ հանգամանքների բերումով մատնվում է անհաջողության, սայթաքում է, ապա պետք է ձգտի ոտքի կանգնել: Այս է պատճառը, որ 90-ական թվականներին գտնվելով անհամեմատ ծանր սոցիալ-տնտեսական ու պատերազմական պայմաններում, այնուհանդերձ, հայաստանյան իրականության մեջ սակավ մարդիկ էին ընդգրկված հետնապահ մարգինալ խմբերում: Բայց, մյուս կողմից, ցանկանալով բարելավել իրենց նյութական վիճակը, ձգտելով դուրս գալ «լուսանցքային կարգավիճակից», նրանց մի զգալի հատված ստիպված էր արտագաղթելու: Այս ձևով կարծես թե հաղթահարելով կառուցվածքային մարգինալությունը, նրանք այլ երկրներում դառնում են էթնոմշակութային մարգինալներ: Բացի դրանից, նման պայմաններում ծաղկում է ապրում կրոնական

մարգինալությունը աղանդավորությունը, որը աստիճանաբար վերածվում է հասարակությունը ապակայունացող վտանգավոր գործոնի:

Պետք է նկատել, որ մարգինալացման խորացման ընթացքում փոփոխության է ենթարկվում նաև մարգինալ խմբերի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակությունը

աստիճանաբար հաշտվում է այդպիսի խմբերի գոյության հետ: Մարգինալացման

ճանապարհով ընթացող հասարակությունը չի կարող բարոյական և իրավական խիստ պատժամիջոցներ կիրառել սեփական մարգինալների (մարմնավաճառների, թմրամոլների, մուրացկանների) հանդեպ:

Ամփոփելով վերը շարադրվածը, կարող ենք ասել, որ անցումային հասարակությունում նպաստավոր պայմաններ են ստեղծվում մարգինալության մասսայական դրսևորումների համար, որոնք համընդհանուր անիշխանության պայմաններում կարող են բացասական ազդեցություն ունենալ ինչպես հասարակական կյանքի, այնպես էլ մարդկանց հոգեկանի զարգացման վրա: Նման վտանգավոր զարգացումները կանխելու, այսինքն մարգինալացման գործընթացները կարգավորելու և վերահսկելու, մարգինալացումը հաղթահարելու համար կարևոր է դառնում պետության կողմից իրականացվող ակտիվ և ճկուն սոցիալական քաղաքականությունը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարությունյան Է. (2000): Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության համակարգ, Երևան:

Հովսեփյան Ա., Հովհաննիսյան Ս. (1999): Քաղաքականության պատմական դասերը և արդիականությունը, Երևան:

Սողոմոնյան Գ. (2002): Սոցիոմշակութային ադապտացիայի առանձնահատկություներն անցումային հասարակությունում. «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 1:

Гозман Л. Я. (1995). Психология перехода, "Вопросы философии", 5.

Стариков Е. Н. (1994). Социальная структура переходного общества /опыт инвентаризации/, Полис, 4.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.