ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 2(9), 2021
ԱՐՎԵՍՏ, ИСКУССТВО, ART
ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ* 1
ՀՏԴ 7.071.1 DOI: 10.52063/25792652-2021.2-252
ԼԻԼԻԹ ԱՐՏԵՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է ներկայացնել հայ կոմպոզիտորական արվեստի արդի ներկայացուցիչներից մեկի' կոմպոզիտոր, ջութակահար, երաժշտական-
հասարակական գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Վահանի Երկանյանի գործունեությունը ՀՀ անկախության շրջանում: Հետազոտության խնդիրներն են' համակողմանի ուսումնասիրել և վեր հանել Ե. Երկանյանի բազմակողմանի գործունեության հիմնական ուղղությունները, ի մի բերել կոմպոզիտորի' այս շրջանում գրած ստեղծագործությունները և նրա գործունեության հետ կապված փաստական նյութը:
Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են նկարագրական և վերլուծական մեթոդները:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երվանդ Երկանյանի գործունեությունը ՀՀ անկախության շրջանում ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով' ստեղծագործական, կազմակերպական ու մանկավարժական: Ակտիվ ու բեղմնավոր ստեղծագործական գործունեության արդյունքում հայ երաժշտության գանձարանի որմնախորշը համալրվել է նոր ու արժեքավոր նմուշներով, իսկ Հայաստանում և արտերկրում ծավալած հայրենանվեր կազմակերպական գործունեությունը, անկասկած, նպաստել է հայ երաժշտության պահպանմանն ու հանրահռչակմանը :
Հիմնաբառեր՝ Երվանդ Երկանյան, օպերա, օրատորիա, կանտատ, սիմֆոնիկ երաժշտություն, կամերային երաժշտություն, խմբերգային երաժշտություն:
Ներածություն
Թեև հայ երաժշտագիտությունը պարբերաբար անդրադարձել է կոմպոզիտոր, ջութակահար, երաժշտական-հասարակական գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Վահանի Երկանյանի առանձին ստեղծագործությունների ուսումնասիրությանը, և հրատարակվել են երաժշտագետներ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի,
* Հոդվածը ներկայացվել է 15.05.2021թ., գրախոսվել' 07.06.2021թ., տպագրության ընդունվել' 30.06.2021թ.:
1 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսավորմամբ՝ 19YR-6E058 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:
252
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանի և արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Արևշատյանի գիտական հոդվածները (Sarkisian 126-129;
Рухкян, «Ерванд Ерканян-араратский человек»; Рухкян, «Нужен профессиональный анализ»; Рухкян Портреты армянских композиторов 150-153; Արևշատյան, «Երվանդ Երկանյանի «Ավագ շաբաթ» օրատորիայի ոճական առանձնահատկությունները»; Արևշատյան, «Մեծ Եղեռնի թեման»), սակայն մինչև օրս առանձին ուսումնասիրության առարկա չի դարձել ՀՀ անկախության շրջանում երաժշտի ծավալած գործունեությունը:: Մեր նպատակն է ներկայացնել Երվանդ Երկանյանի1 գործունեությունը ՀՀ անկախության շրջանում, որն ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով՝ ստեղծագործական, կազմակերպական ու մանկավարժական:
Ստեղծագործական գործունեությունը
Ինչպես նախընթաց տարիներին, այս շրջանում ևս կոմպոզիտորը ծավալել է ակտիվ ու բազմաժանր գործունեություն: Կոմպոզիտորը ստեղծագործել է գրեթե բոլոր ժանրերում. երաժշտական-թատերական ժանրին է պատկանում «Կայսր» օպերան 3 գործողությամբ՝ ըստ Լևոն Շանթի համանուն պիեսի (լիբրետոն՝ հեղինակի, 2008):
Կանտատ-օրատորիալ ժանրը ներկայացնում են «Ավագ շաբաթ» օրատորիան՝ մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1995), «Յայտնություն ըստ Յովհաննու» օրատորիան՝ մենակատարների, 3 երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի փողային գործիքների, հարվածայինների, երգեհոնի և թավջութակների կոնտրաբասների համար (2011), «Առանձացյայի երգեր» վոկալ-սիմֆոնիկ շարքը՝ ձայնի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար' Գեորգ Թրակլիի խոսքերով (2010), «Յարության կանտատը»՝ մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի համար (2011), «Եռաձայն պատարագ» օրատորիան՝ ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2013), «Օգոստինոսի խոստովանությունը» կանտատը՝ երգչախմբի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար (2008):
Սիմֆոնիկ երաժշտության ժանրը ներառում է հինգերորդ' «Խաչված երազներ» (2011), վեցերորդ (2013) և յոթերորդ (2016) սիմֆոնիաները, «Շուշի» սիմֆոնիկ տրիպտիխը (2012), «Նահատակաց հրապարակը Բեյրութում» (2006), «Բաալբեկի ավերակները» (2007), «Միստերիա» (2012) սիմֆոնիկ պոեմները, «Հերոսական ռապսոդիա» սիմֆոնիկ սյուիտը (2011), “Lux aeterna” սիմֆոնիկ պատկերը (թարգմ. «Հավերժ լույս», 2014), «Էպիտաֆիան» գալարափողի և սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համար (2011), «Տեսիլք» (2003), «Սալոմե» (2012) և “Capriccio elevato” (2011) ստեղծագործությունները մենանվագ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, “Pieta”-ն մենանվագ գալարափողի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2010) և Կոնցերտը' մենանվագ ֆագոտի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2010):
Կամերային ստեղծագործություններին են պատկանում «Քրոնիկոն» սյուիտը լարային նվագախմբի համար (2006), «Սիմֆոնիան» (Պատանեկան) լարային նվագախմբի համար (երկրորդ խմբագրություն), «Մանկական ամանորյա երազը» կոնցերտը՝ երկու ֆլեյտայի, երգեհոնի, կլավեսինի, հարվածայինների և լարային նվագախմբի համար (2011)2, «Խաչելություն» կոմպոզիցիան3 մենանվագ ալտի և լարային նվագախմբի համար (2011), թիվ 3 Լարային կվարտետը, առաջին և երկրորդ «Բալլադները»՝ Համո Սահյանի խոսքերով՝ ձայնի և գործիքային անսամբլի համար4,
1 Երվանդ Երկանյանի մասին տեղեկություններ քաղել ենք Մ. Ռուխկյանի «Հայ կոմպոզիտորների դիմանկարներ» մենագրությունից (Рухкян, Портреты армянских композиторов 107-153):
2 Գոյություն ունի այս կոնցերտի' երկու քանոնի համար տարբերակը ևս:
3 Բնորոշումը՝ կոմպոզիտորի:
4 Գոյություն ունի նաև ձայնի և դաշնամուրի համար տարբերակը:
253
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
«Էլեգիան»' մենանվագ հոբոյի (սաքսոֆոնի) և լարային նվագախմբի համար, ARUS ֆանտազիան, առաջին երրորդ և վեցերորդ սոնատինների վերախմբագրումները և «Ուծացում» պիեսը դաշնամուրի համար, «Քմայքների գերի», «Հայելի», «Առասպել», «Խճճված հանգույցեր», «Լույսն ու թիթեռնիկի մահը», Fuga in G (թարգմ. Ֆուգա սոլ մաժորում), Սոնատ-ֆանտազիան մենանվագ ջութակի համար, «Հեռացում» պիեսը մենանվագ ալտի համար, «Աղոթք»-ը երգեհոնի համար1, «Պրեյյուդ և սկերցոն» քանոնի համար, «Հույսեր և իղձեր» վոկալ շարքը՝ Միսաք Մեծարենցի խոսքերով՝ ձայնի և դաշնամուրի համար, «Երեք քառյակներ»-ը ձայնի քանոնի, քյամանչայի և թառի համար, Կոնցերտը՝ երկու քանոնի և դաշնամուրի համար, «Էլեգիա»-ն մենանվագ հոբոյի (սաքսաֆոն) և երգեհոնի համար:
Խմբերգային ժանրին են պատկանում երկսեռ (խառը) երգչախմբի համար գրված «Մերձիմահ երգեր»՝ Եղիշե Չարենցի խոսքերով, «Սեզամ բացվիր»՝ Համո Սահյանի խոսքերով, «Հավատամ, գուցե Հարություն առնեմ» (2011)՝ Ռազմիկ Դավոյանի խոսքերով, «Աշնան ծաղիկներ» (2010)՝ Միսակ Մեծարենցի խոսքերով, «Հայրենաբաղձ հնչյուններ» N 1 (2012) և N 2՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով a capella
խմբերգաշարերը, «Յահվեյի վրեժը»՝ Ա. Իսահակյանի խոսքերով, «Հայոց լեզու»՝ Հովիկ Հովեյանի խոսքերով, «Էլեգիա» առանց խոսքի, «Agora» առանց խոսքի, «Թախծող ծովանույշներ» և «Հույս Հայաստանի»՝ Երվանդ Երկանյանի խոսքերով առանձին խմբերգերը, միասեռ (իգական) երգչախմբի համար «Վեց խոհախրատական հայրեններ» a capella խմբերգաշարը՝ Հովհաննես Պլուզի խոսքերով (2012), «Խմբերգեր»-ը՝ իգական երգչախմբի համար (25 հայ հոգևոր երգերի մշակումներ, 12 հայ աշխարհիկ (ժողովրդական) երգերի մշակումներ, 2018) (Երկանյան, Խմբերգեր), երկսեռ երգչախմբի համար “Ave Maria” խմբերգը՝ նվիրված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ին և «Հրաշացան» Սրբադասման Շարականը՝ Զարեհ Արք. Ազնաուրյանի խոսքերով: Վերջինս պատվիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիյիկիոյ կաթողիկոսության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապրիլի 24-ի կապակցությամբ պաշտոնական ծիսական արարողության պարտադիր կատարման համար՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի: Ե. Երկանյանը հեղինակ է հայ բանաստեղծների խոսքերով մանկական երգչախմբի համար գրված 9 խմբերգերի:
Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին ընդառաջ Լորիս Ճգնավորյանի կազմակերպած հոգևոր երաժշտության ժամ (1994-2000) համերգաշարի համար կոմպոզիտորը մշակել է հայ հոգևոր և միջնադարյան ավելի քան 60 երգեր՝ շարականներ, տաղեր մենակատարների, երգչախմբի ու նվագախմբի համար:
Ե. Երկանյանի՝ այս շրջանի հարուստ ստեղծագործության մեջ մեր առանձնակի ուշադրությանն են արժանացել 5-րդ, 6-րդ և 7-րդ սիմֆոնիաները: «Խաչված երազներ» խորագիրը կրող 5-րդ սիմֆոնիան2 Հայոց ցեղասպանության թեմային նվիրված եռապատումից (երրորդ, չորրորդ և հինգերորդ սիմֆոնիաներ) վերջինն է, որի չորս մասերը կրում են Հ. Նազարյանցի բանաստեղծություններից քաղված խորագրեր՝ «Ստվերների արքայությունը», «Խաչված երազներ», «Եփրատի օրորը» և «Աստղահույս պսակներ»: Մոնումենտալ այս կտավում արտացոլվել են կոմպոզիտորի ապրումներն ու մտորումները ցեղասպանության վերաբերյալ՝ զուգորդված դրամատիկ և ողբերգական էպիզոդներով: Ինչպես նշում է Աննա Արևշատյանը. «Նեոռոմանտիզմի ավանդույթները, հիրավի մալերյան ծավալն ու շունչը ներդաշնակորեն միահյուսվել են սիմֆոնիայում
1 Ստեղծագործությունը նվիրված է երգեհոնահար, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի հիշատակին: Կոմպոզիտորը երգեհոնի համար կատարել է հայ հոգևոր և միջնադարյան երգերի մշակումներ:
2 Ստեղծագործությունը նվիրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին:
254
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Երկանյանի անհատական ոճին' ստեղծելով խորապես առինքնող երաժշտական կտավ» (Արևշատյան, «Մեծ Եղեռնի թեման» 484):
Արդեն կատարողական հարուստ կենսագրություն ունեցող 6-րդ սիմֆոնիան հայոց պատմության համահավաք պատկերի նկարագրությունն է ոչ թե ակնթարթային մարմնավորմամբ, այլ ժամանակի մեջ ծավալվող՝ զուգակցված հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի, լուսավոր վերելքների, հերոսական սխրանքների հետ: Միևնույն ժամանակ կոմպոզիտորն իրեն բնորոշ լեզվամտածողությամբ,
քնարախոհական բնույթի շարադրանքով, կերպարայնության իրականացման համար տեխնոլոգիական հնարների լայն կիրառմամբ կարողացել է այս մեծածավալ կտավում նրբորեն «վրձնել» և ունկնդրին փոխանցել դարակազմիկ իրադարձությունների խորհրդանշական պատկերը:
Կոմպոզիտորը 7-րդ սիմֆոնիան գրել է դեռևս 2016-ին՝ ոգեշնչվելով ապրիյյան քառօրյա պատերազմի մասնակից հայ քաջորդիների սխրանքներից:
Ստեղծագործության բովանդակության առանցքում հայ ժողովրդի դժվարին, սակայն միևնույն ժամանակ հերոսական, անընդմեջ պայքարն է, որը միտված է սեփական հողի վրա ազատ ապրելու, կառուցելու, արարելու և սերունդներին հայրենիք ժառանգելու իրավունքին: Սիմֆոնիայի համար որպես լեյտմոտիվ ծառայել են հայոց էպոսի՝ «Սասնա ծռերի» չորս ճյուղերի նախերգերը, որոնք վիպերգի հերոսների հիշատակին հնչող «օղորմիների» շարքեր են: Ստեղծագործության մեջ դրամատուրգիայի ուժն այնքան մեծ է, որ այն կարելի է համարել կոմպոզիտորի կարևոր ձեռքբերումներից մեկը:
Ե. Երկանյանի ստեղծագործությունները պարբերաբար հնչել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտայիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Լիբանանում,
Շվեդիայում, Բուլղարիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Լիտվայում, Լատվիայում, Ֆինլանդիայում, Արգենտինայում և այլուր:
Կոմպոզիտորի երկերն ընդգրկվել են հայ կատարողական արվեստի ներկայացուցիչների՝ մեներգչուհի Գոհար Գասպարյանի, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի, կլարնետահար Աբգար Մուրադյանի, դաշնակահարներ Արուս Աճեմյանի, Հայկ Մեյիքյանի, ջութակահարներ Սուրեն Հախնազարյանի, Վիկտոր Խաչատրյանի, Անուշ Նիկողոսյանի, Ջեմմա Աբրահամյանի, դիրիժորներ Մերուժան Սիմոնյանի, Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Վահան Մարտիրոսյանի, խմբավարներ Հարություն Թոփիկյանի, Ռոբերտ Մլքեյանի, Տիգրան Հեքեքյանի, Սոնա Հովհաննիսյանի ևն, առաջատար կատարողական կոլեկտիվների՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Երևանի պետական կամերային նվագախմբերի, Հայաստանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի, «Գեղարդ» երգեցիկ խմբի ևն կատարողական երկացանկում:
Այս շրջանում գրված երկերը հնչել են Հայ կոմպոզիտորական արվեստի և միջազգային երաժշտական փառատոների համերգների ընթացքում:
Այսպես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 2010 թվականից անցկացվող ամենամյա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի՝ 2011 թվականի գարնանային համերգաշարի ընթացքում՝ մայիսի 17-ին, հնչեց «Աշնան ծաղիկներ» խմբերգաշարը՝ Միսաք Մեծարենցի խոսքերով, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: 2020 թվականի «Հարությունյան ֆեստ» փառատոնի փետրվարի 25-ի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը: Իսկ 2021 թվականի 12-րդ փառատոնի մայիսի 17-ի համերգին առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի 7-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
255
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
յուրօրինակ մեկնաբանությամբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և արժանացավ երաժշտասեր լայն հասարակության համակրանքին և բարձր գնահատականին: Կատարումը նվիրված էր 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2011 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը անցկացվող ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված Երևանյան 5-րդ միջազգային փառատոնի բացման համերգին առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված Հերոսական ռապսոդիան (2011)՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ 2018 թվականի հուլիսի 2-ից 6-ը կազմակերպեց «Արմենիա» միջազգային երաժշտական երկրորդ փառատոնը, որի բացման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նրա «Միստերիա» սիմֆոնիկ պոեմը:
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի (2015, 2016, 2018, 2019) տարբեր համերգների ծրագրերում մշտապես ընդգրկվել են կոմպոզիտորի ինչպես կատարողական հարուստ կենսագրություն ունեցող, այնպես էլ նոր՝ այս շրջանում գրված ստեղծագործությունները:
Ե. Երկանյանը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է (1975-ից), իսկ 2013-ից առ այսօր՝ վարչության: Միության նախագահ Արամ Սաթյանի
նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ (2015-ից) 2014 թվականից անցկացվող Հայ ժամանակակից երաժշտության փառատոների համերգների ծրագրերում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել Ե. Երկանյանի երկերը. 2016 թվականի ապրիլի 25-ին «Պրեմիերա» խորագիրը կրող 3-րդ փառատոնի փակման համերգին հնչեց կոմպոզիտորի “Ave Maria” երկսեռ երգչախմբի համար գրված խմբերգը Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Ստեղծագործությունը կոմպոզիտորը, «ի նշան երախտագիտության, ձոնել է Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատմական Պատարագը մատուցած Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ին» (Ասատրյան 85-86): Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված չորրորդ փառատոնի ընթացքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը կատարեց “ARUS” դաշնամուրային պիեսը:
Հայաստանի կոմպոզիտորների միության «Տարվա լավագույն
ստեղծագործություն-2018» մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման ընթացքում համաձայն ժյուրիի որոշման՝ «Սիմֆոնիկ երաժշտություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց կոմպոզիտորի 6-րդ սիմֆոնիան:
Ե. Երկանյանը «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ է (1994-ից առ այսօր): Նրա
ստեղծագործությունները պարբերաբար հնչել են Համաժողովի փառատոների, Հայաստանում և արտերկրում կայացած համերգների ընթացքում: Համաժողովի նախագահ Լևոն Չաուշյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպության հիմնադրման 25-ամյա հոբեյյանի կապակցությամբ 2020 թվականին լույս ընծայվեց «Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ» խորագիրը կրող Համաժողովի ներկայիս կոմպոզիտորների անհատական ձայնասկավառակները: Երվանդ Երկանյանի ստեղծագործությունների հեղինակային առաջին խտասալիկը պարունակում է
256
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
«Խաչված երազներ» թիվ 5 սիմֆոնիան և ջութակի ու սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Տեսիւք» ստեղծագործությունը՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները պարբերաբար լույս են տեսել Համաժողովի տարբեր հրատարակություններում:
Կազմակերպական և մանկավարժական գործունեությունը
Կոմպոզիտորը ստեղծագործական գործունեությանը զուգընթաց ծավալել է նաև ակտիվ կազմակերպական ու մանկավարժական գործունեություն: 1987-1994
թվականներին Ե. Երկանյանը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարն էր ու դիրիժորը: Ի սկզբանե Համույթի գլխավոր նպատակը հայ հոգևոր երգարվեստի գանձերի հանրահռչակումս ու տարածումն էր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Սակայն հմուտ ղեկավարի ուշադրության կենտրոնում հայտնվեց Եվրոպական Վերածննդի, Բարոկկո և դասական ժամանակաշրջանների երաժշտությունը ևս. հայ երաժշտասեր հասարակությունը պարբերաբար
հնարավորություն ուներ ունկնդրելու գերմանական, ֆրանսիական հնագույն նմուշների սակավ հայտնի ու անհայտ էջեր, որոնք ներկայացվում էին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների հետ համագործակցությամբ: Ե. Երկանյանի աշխատանքային գործունեության շրջանում «Տաղարանի» նվագացանկը համալրվել է կոմպոզիտորի հայ հոգևոր ու աշխարհիկ' ժողովրդական, ազգային-հայրենասիրական, գուսանական երգերի 350 նրբաճաշակ մշակումներով, որոնք Համույթի կատարողական երգացանկը համալրեցին հարուստ ընտրանիով: Ի դեպ, այդ շրջանում «Տաղարանը» ընդլայնել է ելույթների աշխարհագրությունը և հյուրախաղերով հանդես եկել Ֆրանսիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Հարավսլավիայում, Լիբանանում, Արգենտինայում, Բրազի[իայում, Ուրուգվայում: Համույթի գիտական խորհրդատուն էր կոմպոզիտորի տիկինը' արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը:
Հայ հոգևոր երաժշտության կատարման ու տարածման ասպարեզում մատուցած մեծ ներդրման համար 1993թ.-ին Ե. Երկանյանն արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:
1994 թվականին Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի հրավերով Ե. Երկանյանը աշխատանքային պայմանագրով մեկնել է Բեյրութ' ղեկավարելու «Գուսան» երգչախումբը1: Այնուհետև հիմնադրել է «Հայաստան» կամերային նվագախումբը, ջութակահարների անսամբլը և հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթը: Այդ տարիներին վերոնշյալ խմբերի համար Ե. Երկանյանը կատարել է հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների ավելի քան 300 մշակումներ, գործիքավորումներ ու փոխադրություններ: Կարճ ժամանակահատվածում այդ ստեղծագործական կոլեկտիվները հաջող ելույթներով իրենց ուրույն տեղը զբաղեցրին քաղաքի երաժշտական կյանքում, իսկ 1999-ին մեծ հաջողությամբ Լիբանանը ներկայացրին Բիբլոսի հեղինակավոր փառատոնում' արժանանալով բաձր գնահատականի և մամուլի արձագանքների:
2000-ին Համազգայինի Լիբանանի Կենտրոնական վարչության և Լիբանանի մասնաճյուղի համատեղ որոշմամբ Ե. Երկանյանը նշանակվել է Բեյրութի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն' պաշտոնավարելով մինչև 2007 թվականը: Նույն
1 Ինչպես հայտնի է «Գուսան» երգչախումբը հիմնադրել է կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանը, որն էլ իր նորաստեղծ երգախումբն անվանակոչել է 1910թ. Կ.Պոլսում Կոմիտասի ստեղծած «Գուսան» երգչախմբի անունով:
257
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
թվականին էլ արժանացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության շքանշանի:
2007-ին վերադառնալով Հայաստան՝ Ե. Երկանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնում շարունակել է վարել «Պոլիֆոնիա» առարկայի դասընթացները:
Մրցանակները և պետական պարգևները
Կոմպոզիտորի ստեղծագործություններն արժանացել են տարբեր մրցանակների. 2009 թվականին լարային նվագախմբի համար գրված «Քրոնիկոն»
ստեղծագործությունը արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, իսկ 2014-ին «Թեքեյան» մշակութային միության մրցանակաբաշխության «Երաժշտություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Միստերիա» սիմֆոնիկ պոեմը:
Երվանդ Երկանյանին շնորհվել են մի շարք պետական պարգևներ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2016-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, իսկ 2017-ին՝ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալի:
Եզրակացություններ
Այսպիսով՝ Երվանդ Երկանյանի գործունեությունը ՀՀ անկախության շրջանում ընթացել է հետևյալ հիմնական ուղղություններով՝ ստեղծագործական, կազմակերպական ու մանկավարժական:
1. Ինչպես նախընթաց տարիներին՝ այս շրջանում ևս կոմպոզիտորը ծավալել է ակտիվ ստեղծագործական գործունեություն, որի արդյունքում ստեղծվել են բազմաժանր՝ սիմֆոնիկ, կանտատ-օրատորիալ, կամերային ու խմբերգային արժեքավոր ստեղծագործություններ: Նրա գործերը հնչել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՍՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում, Լիբանանում, Շվեդիայում, Հունգարիայում, Լիտվայում, Լատվիայում, Ֆինլանդիայում, Արգենտինայում և այլուր: Դրանցից մի քանիսն արժանացել են տարբեր մրցանակների, այդ թվում՝ ՀՀ պետական մրցանակի:
2. Ստեղծագործական գործունեությանը զուգընթաց՝ կոմպոզիտորը ծավալել է նաև կազմակերպական ու մանկավարժական արդյունավետ գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում:
Օգտագործված գրականություն
1. Ասատրյան, Աննա. Հայաստանի կոմպոզիտորների միություն-85. Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 85-86:
2. Արևշատյան, Աննա. «Երվանդ Երկանյանի «Ավագ շաբաթ» օրատորիայի ոճական առանձնահատկությունները». Հայ արվեստի հարցեր, Գիրք 3, Երևան, 2010, էջ 77-84:
3. ---. «Մեծ եղեռնի թեման հայ արդի կոմպոզիտորների երկերում». Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից հատուցում միջազգային գիտաժողովի զեկուցման ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016, էջ 478-486:
4. Արտեմյան, Լիյիթ. «Լևոն Չաուշյանի գործունեությունը ՀՀ անկախության շրջանում». Կանթեղ գիտական հոդվածներ 1 (70), Երևան, «Ասողիկ» հրատ., 2017, էջ 200-206:
258
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
5. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության հիմնական ուղղությունները». Լրաբեր հասարակական գիտությունների 3 (654), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2018, էջ 300-309:
6. ---. «Հայկական երաժշտական համաժողով. Անցած ուղին և ձեռքբերումները». Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասներկուերորդ նստաշրջանի (նվիրվումէ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին) նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2018, էջ 171-179:
7. ---. «Սերգեյ Սմբատյան. դիմանկարի նրբագծեր». Կանթեղ գիտական հոդվածներ 4 (77), Երևան, «Ասողիկ» հրատ., 2018, էջ 198-207:
8. Երկանյան, Երվանդ. «Քրոնիկոն» լարային նվագախմբի համար (2006). պարտիտուր, խմբագիր' Վահրամ Բաբայան, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2018, 36 էջ:
9. ---. Կվարտետ N 3. պարտիտուր, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2003, 51 էջ:
10. ---. Խմբերգեր իգական երգչախմբի համար. Հեղինակային հրատարակություն, Երևան, 2018, 88 էջ:
11. Рухкян, Маргарита. «Ерванд Ерканян-араратский человек». Газета «Новое время», 26.06.2008.
12. —. «Нужен профессиональный анализ. Интервью с композитором Ервандом Ерканяном». Газета «Голос Армении», 03.04.2014.
13. —. Портреты армянских композиторов. Ереван, изд. «Наири», 2009.
14. Sarkisian, Svetlana. Armenian Music and Composers. Yerevan, GIND Printing House, 2004.
Works Cited
1. Asatryan, Anna. Hayastani kompozitomeri miut'yun-85. Erevan, HH GAA «Gitut'yun» hrat., 2017, e'j 85-86 (The Union of Composers of Armenia-85. Yerevan, ed., 2017, pp. 85-86)
2. Arevshatyan, Anna. «Ervand Erkanyani «Avag shabat'» o'ratoriayi otwakan ar'and'nahatkut'yunnery'». Hay arvesti harcer, Girq 3, Erevan, 2010, e'j 77-84 ("The Senior Week of Yervand Yerkanyan "Stylistic Features of the Oratorio": Issues of Armenian art, Book 3, Yerevan, 2010, pp. 77-84)
3. —. «Mec' egher'ni t'eman hay ardi kompozitomeri erkerum». Hayoc ceghaspanut'yun-100. twanachumic hatucum mijazgayin gitajhoghovi zekucman jhoghovac'u, Erevan, HH GAA «Gitut'yun» hrat., 2016, e'j 478-486 ("The theme of the Armenian Genocide in the works of modern Armenian composers". The Armenian Genocide is 100. Collection of the report of the international conference, Yerevan, ed., 2016, pp. 478-486).
4. Artemyan, Lilit'. «Levon Chaushyani gorc'uneut'yuny' HH ankaxut'yan shrjanum». Kant'egh gitakan hodvac'ner 1 (70), Erevan, «Asoghik» hrat., 2017, e'j 200-206 ("Levon Chaushyan's activity during the RA independence period":Kantech scientific articles 1 (70), Yerevan, ed., 2017, pp. 200-206).
5. —. «Hayastani petakan simfonik nvagaxmbi gorc'uneut'yan himnakan ughghut'yunnery'». Lraber hasarakakan gitut'yunneri 3 (654), Erevan, HH GAA «Gitut'yun» hrat., 2018, e'j 300-309 ("The main activities of the State Symphony Orchestra of Armenia": Bulletin of Social Sciences 3 (654), Yerevan, ed., 2018, pp. 300309).
6. —. «Haykakan erajhshtakan hamajhoghov. Ancac' ughin ev d'er'qberumnery'». Eritasard hay arvestabanneri gitakan tasnerkuerord nstashrjani (nvirvum e' Hovhannes Ayvazovsku c'nndyan 200-amyakin) nyut'er, Erevan, HH GAA «Gitut'yun» hrat., 2018, e'j 171-179 ("Armenian Music Forum. Materials of the twelfth scientific session of young Armenian
259
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
art critics (dedicated to the 200th anniversary of the birth of Hovhannes Aivazovsky), Yerevan, ed., 2018, pp. 171-179).
7. —. «Sergey Smbatyan. dimankari nrbagc'er». Kant'egh gitakan hodvac'ner 4 (77), Erevan, «Asoghik» hrat., 2018, e'j 198-207 ("Sergey Smbatyan. Portrait research": Kantech scientific articles 4 (77), Yerevan, ed., 2018, pp. 198-207).
8. Erkanyan, Ervand. «Qronikon» larayin nvagaxmbi hamar (2006). partitur, xmbagir՝ Vahram Babayan, Erevan, Heghinakayin hratarakut'yun, 2018, 36 e'j (For the string orchestra "Chronicon" Yervand Yerkanyan (2006). scores, editor: Vahram Babayan, Yerevan, author's edition, 2018, 36 pages).
9. —. Kvartet N 3. partitur, Erevan, «Komitas» hrat., 2003, 51 e'j (Quartet N 3. scores, Yerevan, ed. Komitas, 2003, 51 pages).
10. —. Xmberger igakan ergchaxmbi hamar. Heghinakayin hratarakut'yun, Erevan, 2018, 88 e'j (Group songs for women's choir: author's edition, Yerevan, 2018, 88 p.).
11. Ruhkjan, Margarita. "Ervand Erkanjan-araratskij chelovek". Gazeta “Novoe vremja”, 26.06.2008. ("Yervand Yerkanyan is an Araratian man." The newspaper "Novoe Vremya", 26.06.2008.)
12. —. "Nuzhen professional'nyj analiz. Interv'ju s kompozitorom Ervandom Erkanjanom". Gazeta “Golos Armenii”, 03.04.2014. ("We need a professional analysis. Interview with the composer Yervand Yerkanyan". The Voice of Armenia newspaper, 03.04.2014.)
13. —. Portrety armjanskih kompozitorov. Erevan, izd. “Nairi”, 2009. (Portraits of Armenian composers. Yerevan, ed. "Nairi", 2009.)
14. Sarkisian, Svetlana. Armenian Music and Composers. Yerevan, GIND Printing House, 2004.
YERVAND YERKANYAN’S CAREER IN THE YEARS OF INDEPENDENCE OF RA
LILIT ARTEMYAN
NAS RA, Institute of Arts, Senior Researcher Ph.D. in Arts,
Yerevan, Republic of Armeina
The purpose of this article is to present the activities of one of the contemporary representatives of the Armenian composition art, Professor Yervand Yerkanyan - a composer, violinist, musical and public figure, laureate of State Prize of the Republic of Armenia (RA), Honoured Worker of Art of the Republic of Armenia during the period of its independence.
Our task is to comprehensively study and present the main directions of Yerkanyan's multiprofile activities - to collect the works written by the composer during this period and factual materials related to his activities.
Descriptive and analytical methods were used for the research.
During the period of RA independence Yervand Yerkanyan's activities evolved mainly in such spheres as creative work, organizational and pedagogical directions:
1. As in previous years the composer conducted an active and multi-genre creative activity, which resulted the production of multi-genre works.
2. Along with his creative activity, the composer carried on productive organizational activities.
3. Y. Yerkanyan continued teaching at the Yerevan State Conservatory after Komitas.
The Armenian musical treasury was supplemented with new valuable works as a result of active, fruitful creative and organizational activities. His patriotic activities in Armenia and abroad undoubtedly contributed to the preservation and popularization of Armenian music.
260
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Key words: Yervand Yerkanian, opera, oratorio, cantata, symphonic music, chamber music, choral music.
ДЕЯТЕЛЬНОСТЬ ЕРВАНДА ЕРКАНЯНА В ПЕРИОД НЕЗАВИСИМОСТИ РА
ЛИЛИТ АРТЕМЯН
старший научный сотрудник Института искусств НАН РА, кандидат искусствоведения, г. Ереван, Республика Армения
Цель статьи - отобразить деятельность одного из представителей современного армянского композиторского искусства, - композитора, скрипача, музыкального и общественного деятеля, лауреата Государственной премии РА, заслуженного деятеля искусств РА, профессора Ерванда Вагановича Ерканяна в период независимости РА.
Наша задача - исследовать основные направления многогранной деятельности Ерканяна, обобщить и проанализировать произведения, написанные композитором в этот период, и фактические материалы, связанные с его деятельностью.
В ходе исследования были использованы описательный и аналитический методы.
Деятельность Ерванда Вагановича Ерканяна в период независимости РА развивалась по следующим основным направлениям: творческому, организаторскому, педагогическому. Как и раньше, композитор вел активную и разнообразную творческую деятельность, в результате которой были созданы многожанровые произведения. Наряду с творческой деятельностью композитор вел и плодотворную организаторскую деятельность. Е. Ерканян продолжил преподавать в Ереванской государственной консерватории им. Комитаса.
В результате его активной плодотворной творческой и организационной деятельности армянская музыкальная сокровищница пополнилась новыми ценными произведениями, а его патриотическая деятельность в Армении и за рубежом, несомненно, способствовала сохранению и популяризациии армянской музыки.
Ключевые слова: Ерванд Ерканян, опера, оратория, кантата, симфоническая музыка, камерная музыка, хоровая музыка.
261