Научная статья на тему 'ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՌՆՓԱԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՌՆՓԱԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ՀՀ վարչական դատավարություն / հրապարակային դատաքննություն / վճռի հրապարակում / բանավոր դռնբաց դատական քննություն / գրավոր դռնբաց դատական քննություն / բանավոր դռնփակ դատական քննություն / գրավոր դռնփակ դատական քննություն / Administrative proceedings of RA / public trial / publication of judgment / oral open court hearing / written open court hearing / oral in camera court hearing / written in camera court hearing

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Մելինե Սահրադյան

Հոդվածի նպատակն է ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական վարույթի հրապարակային քննության սկզբունքի հնարավոր և իրավաչափ սահմանափակման աստիճանը և դրա հնարավոր, բայց ոչ իրավաչափ սահմանափակման դրսևորումը։ Մասնավորապես անդրադառնալ այն իրավիճակին, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ գործը քննել գրավոր ընթացակարգի կիրառմամբ և գործի քննության նկատմամբ տարածել դռնփակության ռեժիմը։ Աշխատանքի խնդիրն է գործերի գրավոր ընթացակարգով և գործը դռնփակ ռեժիմով քննելու միաժամանակյա հնարավորության և կիրառության հարցը քննարկել ոչ միայն տեսական մակարդակում՝ որպես սահմանադրորեն ամրագրված հրապարակայնության սկզբունքի ամբողջական սահմանափակում, այլ նաև ներկայացնել դրա՝ գործնականում հնարավոր բացասական ազդեցությունը: Աշխատանքը պատրաստվել է օգտագործելով տրամաբանական մեթոդը, վերլուծության, ինչպես նաև ձևական իրավագիտության մեթոդները, որոնցով հնարավոր է եղել նկարագրել իրավական հասկացությունները՝ դրանք դասակարգել, համակարգել և բացահայտել դրանց հատկանիշները: Աշխատանքում եզրահանգել ենք, որ տեսականորեն հնարավոր է նման իրավիճակների առաջացումը, որը թե՛ տեսական, թե՛ գործնական մակարդակներում խնդրահարույց է։ Ներկայացվել է առաջարկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն նախատեսելու վերաբերյալ, մասնավորապես ներառելով նոր դրույթ գրավոր ընթացակարգով քննվող գործերի ենթաբաժնում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE WRITTEN PROCEDURE AND IN CAMERA HEARING OF THE CASES PROVIDED BY THE CODE OF ADMINISTRATIVE PROCEDURE OF THE RA IN THE CONTEXT OF THE PRINCIPLE OF PUBLICITY

The aim of this article is to examine the extent to which the principle of public examination of cases can be legally limited, as well as to elucidate instances where such limitations are possible but not legally sanctioned. Specifically, it addresses situations within the framework of the Administrative Procedure Code of the Republic of Armenia where there arises a necessity to simultaneously conduct case examination through written procedures while extending the in camera hearing regime. The objective of the study is to explore the feasibility and implementation of both written procedures and in camera hearings, not solely on a theoretical basis as a potential complete restriction of the constitutionally enshrined principle of publicity, but also to assess their practical implications, including possible negative effects. Methodologically, the research employs logical analysis, formal jurisprudence, and analytical techniques to describe, classify, and identify the features of legal concepts. The findings of the study indicate that while such scenarios are theoretically conceivable, they pose challenges both in theory and practice. Consequently, a recommendation is put forward for amendments to the Administrative Procedure Code of the Republic of Armenia to address these challenges effectively.

Текст научной работы на тему «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՌՆՓԱԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՌՆՓԱԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 

ՀՏԴ 342

ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի

Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի

Իրավագիտության մագիստրոսական ծրագրի

Իրավագիտության մագիստրոս,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

melinesahradian@gmail.com

ORCID ID: 0009-0005-8913-1879

Հոդվածի նպատակն է ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական վարույթի հրապարակային քննության սկզբունքի հնարավոր և իրավաչափ սահմանափակման աստիճանը և դրա հնարավոր, բայց ոչ իրավաչափ սահմանափակման դրսևորումը։ Մասնավորապես անդրադառնալ այն իրավիճակին, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ գործը քննել գրավոր ընթացակարգի կիրառմամբ և գործի քննության նկատմամբ տարածել դռնփակության ռեժիմը։

Աշխատանքի խնդիրն է գործերի գրավոր ընթացակարգով և գործը դռնփակ ռեժիմով քննելու միաժամանակյա հնարավորության և կիրառության հարցը քննարկել ոչ միայն տեսական մակարդակում՝ որպես սահմանադրորեն ամրագրված հրապարակայնության սկզբունքի ամբողջական սահմանափակում, այլ նաև ներկայացնել դրա՝ գործնականում հնարավոր բացասական ազդեցությունը:

Աշխատանքը պատրաստվել է օգտագործելով տրամաբանական մեթոդը, վերլուծության, ինչպես նաև ձևական իրավագիտության մեթոդները, որոնցով հնարավոր է եղել նկարագրել իրավական հասկացությունները՝ դրանք դասակարգել, համակարգել և բացահայտել դրանց հատկանիշները:

Աշխատանքում եզրահանգել ենք, որ տեսականորեն հնարավոր է նման իրավիճակների առաջացումը, որը թե՛ տեսական, թե՛ գործնական մակարդակներում խնդրահարույց է։ Ներկայացվել է առաջարկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն նախատեսելու վերաբերյալ, մասնավորապես ներառելով նոր դրույթ գրավոր ընթացակարգով քննվող գործերի ենթաբաժնում:

Հիմնաբառեր՝ ՀՀ վարչական դատավարություն, հրապարակային դատաքննություն, վճռի հրապարակում, բանավոր դռնբաց դատական քննություն, գրավոր դռնբաց դատական քննություն, բանավոր դռնփակ դատական քննություն, գրավոր դռնփակ դատական քննություն:

Նախաբան

Հրապարակայնության սկզբունքը թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերի, թե՛ դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, որը ենթադրում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգերի կիրառում՝ պայմանավորված կոնկրետ դատավարական առանձնահատկություններով: Այն դատավարական կարևոր սկզբունքներից մեկն է, որն իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Սահմանադրական վերոնշյալ դրույթն իր մասնավորեցումն է ստացել "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք" սահմանադրական օրենքում (հոդված 8, հոդված 11): Վերոնշյալ սկզբունքը տեղ է գտել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում:

Հարկ է նկատել, որ պայմանավորված գործի քննության առանձնահատկություններով՝ հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը կարող է դրսևորվել թե՛ գործի քննության բանավորությունը (որը հրապարակայնության սկզբունքի հատկանիշներից է, այս մասին տե՛ս 1.1) սահմանափակելով, թե՛ գործի քննությունը դռնփակ իրականացնելով: Հատկանշական է, որ հրապարակայնության սկզբունքի մասամբ սահմափակումը՝ մասնավորապես գրավոր ընթացակարգով գործի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանի գնահատմամբ ինքնին չի կարող դիտարկվել որպես հրապարակայնության սկզբունքի խախտում, եթե իրականացվում է Սահմանադրությամբ և օրենքով հստակ նախանշված սկզբունքներին ու կարգին համապատասխան: Սակայն խնդիր է առաջանում այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է լինում սահմանափակել հրապարակային քննությունը ոչ թե մասնակի, այլ ամբողջությամբ (ընդգծումը` Մ.Ս.):

Սույն աշխատանքում քննության առարկա է դառնալու հրապարակայնության սկզբունքի տարրերի՝ բանավոր դատաքննության և հանրության համար հասանելիության (դռնբաց քննություն և վճռի հրապարակում) միաժամանակյա ամբողջական սահմանափակման հնարավորությունն ու իրավաչափությունը: Նշենք, որ հրապարակայնության սկզբունքն իր դրսևորումն ունի նաև օրենսդրության մյուս ճյուղերում ևս (քրեաիրավական, քաղաքացիաիրավական), սակայն սույն դեպքում դրանք հոդվածի քննության առարկայից դուրս են:

1․ Հրապարակային դատաքննության սկզբունքը

ՀՀ Սահմանադրության 63-րդ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) 6-րդ հոդվածներով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Դատարանում գործերի քննության բանավորությունը կոչված է ապահովելու գործերի քննության հրապարակայնությունը, որը հանդիսանում է արդար դատաքննության բաղադրատարրերից մեկը։

ՄԻԵԿ-ով և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված արդար դատաքննության տարրերն են՝

● օրենքի հիման վրա ստեղծված դատարանը

● անկախ ու անաչառ դատարանը

● ողջամիտ ժամկետում գործի դատաքննությունը

● արդարացի դատաքննությունը

● հրապարակային դատաքննությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր: Իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել կամ իրականացվում է գրավոր ընթացակարգով (հոդված 7):

Գործերի հրապարակային քննության սկզբունքն ուղղված է ապահովելու արդարադատության թափանցիկությունը, հաշվետվողականությունը։ Այն թույլ է տալիս արդարադատության իրականացման ավելի մեծ տեսանելիություն ցանկացած հասարակության համար, որն օգնում է հասնել ՄԻԵԿ 6(1) հոդվածի հիմնական նպատակներին, այսինքն՝ դատավարության արդարությանը: Նշվածի համատեքստում իրականացվում է նաև հանրային վերահսկողությունը դատարանների նկատմամբ, որը զսպող, կանխարգելող, ինչպես նաև դաստիարակող ազդեցություն է ունենում թե՛ դատական իշխանության, թե՛ հանրության նկատմամբ։

1.1 Հրապարակային քննության սկզբունքի տարրերը.

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սահմանադրորեն ամրագրված արդար դատաքննության սկզբունքին, նշել է, որ այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են հրապարակային դատաքննությունը, ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը: Անդրադառնալով հրապարակայնության սկզբունքին՝ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է. "...դատավարության հրապարակայնությունն առաջին հերթին նշանակում է հասարակական վերահսկողության իրականացման հնարավորություն դատավարության և դատարանի ընդունած ակտերի նկատմամբ" (ՍԴՈ-1020 որոշում 11.04.2012):

Հարկ է նաև նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է արձանագրել, նշելով՝ երբ դռնբաց ընթերցվում է միայն վճռի եզրափակիչ մասը, պետք է պարզել, թե արդյոք հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցե՞լ են այլ կերպ ծանոթանալ վճռի պատճառաբանական մասին, որը չի ընթերցվել դռնբաց։ Եթե՝ այո, պետք է պարզվեն այդ միջոցները, որպեսզի ապահովվի վճռի նկատմամբ հասարակական հսկողություն (Ryakib Biryukov V. Russia, para. 38-40):

Այսպիսով, արդար դատական քննության հրապարակային բնույթն ապահովող երկու ինքնուրույն երաշխիքներ կան՝ դատական քննություն և վճռի հրապարակում: Դատական քննությունն իր հերթին ենթադրում է գործի քննություն՝ գրավոր կամ բանավոր ընթացակարգով և գործի քննություն՝ դռնբաց կամ դռնփակ ռեժիմների կիրառմամբ:

ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ հրապարակայնության սկզբունքը թե' Սահմանադրության, թե' միջազգային իրավական ակտերի, թե' դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, որը ենթադրում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգի կիրառում՝ պայմանավորված կոնկրետ դատավարական առանձնահատկություններով (ՍԴՈ-1020 որոշում 11 Ապրիլ 2012)։

ՄԻԵԴ վաղ նախադեպային իրավունքն աստիճանաբար մշակեց մի ընդհանուր սկզբունք, համաձայն որի հրապարակային լսման իրավունքը պարտադիր ենթադրում էր բանավոր լսում: Հրապարակային լսումների կանոնը բանավոր լսումների վրա տարածելու հիմնավորումն այն էր, որ բանավոր լսումների բացակայության դեպքում, երբ կողմերը, վկաները և փորձագետները բաց դատական նիստում հրապարակային որևէ բանավոր ապացույց չեն ներկայացրել, նիստի հրապարակայնությունը հեշտությամբ խարխլվում է կողմերի և դատարանի միջև զուտ ընթացակարգային փաստաթղթերի փոխանակմամբ: (Zrvandyan 73)

ՄԻԵԴ-ը նշել է, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետը ենթադրում է "բանավոր լսումներ", այսինքն՝ կողմերի (կամ նրանց ներկայացուցիչների կամ երկուսի) անձամբ լսում դատարանի կողմից, անկախ նրանից, թե դատավարությունն անցկացվել է հրապարակային կամ դռնփակ: Կողմերը իրավունք ունեն բանավոր լսվելու ներպետական դատարանի կողմից, նույնիսկ այն դեպքերում, երբ մամուլը և հասարակությունը օրինականորեն բացառված են լսումներից (Schädler-Eberle V. Liechtenstein, para. 82):

ՄԻԵԴ-ը նշել է, որ նույնիսկ եթե գործը պետք է քննվեր դռնփակ, երբ դա հիմնավորվում է ՄԻԵԿ 6(1) հոդվածում թվարկված պատճառներով, լսումները պետք է անցկացվեն բանավոր՝ բոլոր կողմերի ներկայությամբ: Այսպիսով, թեև բանավոր լսումների իրավունքը բխում է և մասն է կազմում հրապարակային լսումների իրավունքի, բանավոր լսումը առանձին իրավունք է ՄԻԵԿ 6(1) հոդվածի համաձայն: ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով հրապարակայնության սահմանափակման հիմքերը վերաբերվում են լսումներից հանրությանը և մամուլին բացառելուն, բայց ոչ դատավարության կողմերի բացառմանը (Axen V. Germany, para. 25):

Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների դատավարական կանոնադրությունները ամրագրված են "անմիջականության սկզբունքով"՝ որպես հիմնարար դատավարական չափորոշիչ, որտեղ դատավորը կարող է անհապաղ հետազոտել ապացույցները (այսինքն՝ կողմերի, վկաների, փորձագետների և այլնի բանավոր ցուցմունքները), այլ ոչ միայն կողմերից դատարանին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը: Ապացույցների հետազոտման անմիջականության սկզբունքի ընդլայնում է նաև բանավոր լսումը (Zrvandyan 74):

Այնուամենայնիվ, դատավարական օրենսդրության ներկայիս վիճակը առաջարկում է իրավական գործերի քննարկման ընթացակարգերի բավականին բազմազան ընտրություն: Ակնհայտ է, որ արդարադատության մատչելիության բարձրացման, օպտիմալացման, դատական ​​գործընթացների արագացման և պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքի միտում է նկատվում, հետևաբար պարզեցված դատավարությունը զգալի տեղ է գրավում առկա իրավական ընթացակարգերի շարքում (Галковска 221)։ Տարբեր երկրներում վարչական դատավարությունում այս ընթացակարգերի լայն կիրառումը վկայում է այն մասին, որ ժամանակակից պայմաններում դատավարական օրենսդրության զարգացման հիմնական միտումներից է դատավարության արագացումը և գործերի քննարկման ժամանակի կրճատումը օրինական և հիմնավորված որոշման ընդունմամբ (Носова 12)։ Նշված պարզեցված քննության ընթացակարգերի տեսակ էլ հանդիսանում է բանավոր քննության սահմանափակումը՝ գրավոր ընթացակարգը:

Այսպես, բանավոր լսումների իրավունքը բացարձակ իրավունք չէ նաև վարչական դատավարությունում։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվել են դեպքեր, որոնց ժամանակ գործի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 117)։ Բացի այդ, գրավոր ընթացակարգով են քննվում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք հատուկ վարույթի ընթացակարգով քննվող գործեր:

Անհրաժեշտ է տարբերակել գործերի քննության դռնբաց և դռնփակ քննությունը գործերի բանավոր և գրավոր ընթացակարգերից, այնուամենայնիվ դրանք պետք է նաև միասնության մեջ դիտարկել։ Նշված տարբերակումը ընդգծելու համար հարկ է փաստել, որ դռնփակ քննության ժամանակ գործի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, միևնույն ժամանակ գրավոր քննությունը չի ենթադրում, որ գործում առկա տեղեկատվությունը հանրամատչելի չէ: Այլ կերպ՝ գործի գրավոր քննությունը չի ենթադրում, որ գործում առկա տեղեկավտությունը որևէ կերպ հասանելի չէ դատավարության մասնակիցների, կամ հանրության համար։ Գործի գրավոր քննության արդյունքում կայացվող դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքէջում, որը հասանելի է հանրությանը։

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նշել է, որ հիշյալ սահմանադրական դրույթի տրամաբանության համատեքստում հրապարակային դատաքննությունը ենթադրում է դռնբաց դատական նիստի առկայություն և(կամ) դատական ակտի հրապարակում, ինչը նշանակում է, որ դռնբաց դատական նիստը կարող է իրականացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգի կիրառմամբ: Ավելին, դռնփակ դատական նիստը, որը հրապարակայնության սկզբունքի սահմանափակում է, կարող է անցկացվել նաև բանավոր ընթացակարգով: Ուստի՝ գործի քննության բանավոր կամ գրավոր ընթացակարգը չեն նույնանում գործը դռնբաց կամ դռնփակ քննելու հետ, և որ նույնն է՝ հրապարակայնության սկզբունքի հետ (ՍԴՈ-1452 որոշում 02 Ապրիլ 2019):

ՀՀ Սահմանադրական դատարանի նշված որոշումը կարելի է արտացոլել հետևյալ սխեմայով՝

Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է բոլոր իրավիճակներին՝ դուրս թողնելով միայն դատական քննությունը միաժամանակ դռնփակ ռեժիմով և գրավոր ընթացակարգով իրականացնելու հարցը։

Ուստի, անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել գրավոր ընթացակարգի և դռնփակ ռեժիմի միաժամանակյա կիրառության իրավաչափությունն ու հնարավորությունը վարչական դատավարությունում։

2․Գրավոր ընթացակարգի և դռնփակ ռեժիմի միաժամանակյա կիրառության հնարավորությունը և իրավաչափությունը վարչական դատավարությունում

2․1 Հարցի տեսական կողմը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է, որ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 117): Այսինքն՝ վարչական դատարանում քննվող գործերի մեծամասնությունը ներկայումս քննվում է գրավոր ընթացակարգով՝ վիճարկման հայցատեսակի շրջանակներում։ Բացառված չէ իրավիճակը, երբ վիճարկման հայցով գործի քննության շրջանակներում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ առկա լինեն։ Դիցուք՝ ՀՀ պաշտպանության նախարարության դեմ ուղղված հայցերը կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեմ ուղղված հայցերը, որոնք կարող են տեղեկություններ ու ապացույցներ պարունակել ազգային անվտանգության կամ պաշտպանության ոլորտից, նախկին՝ բանավոր ընթացակարգով քննության ռեժիմի պարագայում քննվում էին դռնփակ ռեժիմով, այսինքն գործի դռնփակությունն ամբողջությամբ չէր սահամափակում գործի հրապարակայնության սկզբունքը։ Սակայն, գործի գրավոր ընթացակարգի պայմաններում, երբ վիճարկման հայցով պայմանավորված արդեն իսկ սահմանափակվել է գործի բանավորությունը, արդյոք ենթադրվո՞ւմ է, որ գրավոր ռեժիմի կիրառմամբ ապահովված է նաև դրա գաղտնիությունն ըստ անհրաժետության, թե՝ ոչ։

Նշված հարցադրման հետ կապված հարկ է նկատել, որ գործի գրավոր ընթացակարգով քննության ժամանակ թեև դատական նիստերի դահլիճում դատական լսումներ տեղի չեն ունենում, սակայն գործում առկա ապացույցների վրա չի տարածվում գաղտնիության ռեժիմը։ Գրավոր ընթացակարգով գործի ավարտին կայացված վճիռը հրապարակվում է դատական իշխանության կայքէջում, որը հասանելի է յուրաքանչյուրին, ուստի վճռում արտացոլված օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների նկատմամբ սահմանափակումը կարող է իմպլեմենտացվել միայն դռնփակ ռեժիմը (այդ թվում նաև՝ մասնակի)` նաև գրավոր ընթացակարգի վրա տարածելու պարագայում։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ "դռնփակ ռեժիմ" հասկացությունը չի ենթադրում միայն, որ դատարանը նիստն անցկացնում է հնարավոր մասնակից անձանց ներկայության արգելքով, այլ այն ենթադրում է ի թիվս վերոնշյալի՝ նաև գործում առկա տեղեկատվության և վերջնական դատական ակտի հասանելիության բացակայություն։

Այսինքն, գրավոր ընթացակարգով (դիցուք՝ վիճարկման հայցով ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ) քննվող գործի նյութերում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների առկայության դեպքում, անհրաժեշտ է գործում առկա օրենքով պահպանվող գաղտնի նյութերի հանգամանքով սահմանափակել նաև վճռի հրապարարկումը, փաստացի սահմանափակելով գործի հրապարակային քննության երկու երաշխիքները՝ դռնբաց բանավոր դատական քննությունը և վճռի հրապարակումը:

Հրապարակայնության սկզբունքի բաղկացուցիչ մաս է ոչ միայն դռնբաց բանավոր լսումների առկայությունը այլ նաև վճռի հրապարակումը, ուստի տեսական մակարդակում դրանց երկուսի միաժամանկյա սահմանափակումը ենթադրում է հրապարակայնության սկզբունքի ոչ թե մասնակի, այլ ամբողջական սահմանափակում, որն էլ իր հերթին նշանակում է փաստացի՝ սահմանադրորեն ամրագրված հրապարակային դատաքննության սկզբունքի կիրառման բացակայություն։ Նշված իրավիճակը, որը փաստորեն առաջանում է օրենքի ոչ համապարփակ կամ սխալ ամրագրման հետևանքով կարելի է բնութագրել նաև "անիրավ օրենք" եզրույթով, որն ասելով նկատի ունենք պառլամենտական այն օրենքը (ձևական օրենք), որում առկա կարգավորումները հակասում են իրավունքի սկզբունքներին (արդարությանը) կամ պարունակում են անտրամաբանական կարգավորումներ" (Ղամբարյան, 75)։

2.1 Հարցի գործնական կողմը

Նշված հարցը խնդրահարույց է ոչ միայն տեսական առումով՝ սահմանադրորեն ամրագրված սկզբունքի ամբողջովին սահմանափակման տեսանկյունից, այլ նաև ունի գործնական բացասական ազդեցություն:

Այսպես, գրավոր ընթացակարգով քննության ժամանակ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 74)։ Նշված նորմի կիրառումը գործնականում նույնությամբ չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ դատարան է ներկայացվում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվություն: Մասնավորապես, նշված պարագայում պետական մարմնի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվող առարկության հետ միաժամանակ կարող է ուղարկվել ծանուցում, որ նյութերը դեպոնացվելու են ՀՀ վարչական դատարանում1:

Նշված հաջորդական գործողություններից հետո առաջ է գալիս կողմերի տվյալ նյութերին ծանոթանալու խնդիրը՝ առանց դատական նիստ հրավիրելու և առանց դատավորի ներկայության:

Հարկ է նաև հիշատակել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննարկման առարկա է դարձրել խնդրահարույց իրավիճակը, որն առկա է օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություների առկայության դեպքում՝ նույնիսկ երբ գործը քննվում է բանավոր ընթացակարգով: Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է.

"/.../ նախ` դռնփակ դատական նիստին իրավունք ունեն ներկա գտնվել դատական նիստերի քարտուղարը, վարչական դատավարության մասնակիցները (հայցվորը, պատասխանողը, երրորդ անձինք), նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը և թարգմանիչը, իսկ գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններն ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու իրավունքից օգտվողներն են միայն դատավարության մասնակիցները (հայցվորը, պատասխանողը, երրորդ անձինք) և նրանց ներկայացուցիչները,

երկրորդ` եթե դռնփակ նիստի մասնակիցները ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին, ապա գործի նյութերին ծանոթանալու համար օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ Օրենսգրքում որևէ կարգավորում չկա,

երրորդ` եթե դռնփակ դատական նիստն անցկացվում է դատարանի որոշմամբ, ապա գործի նյութերին ծանոթանալու համար դատարանի կողմից որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

/.../ըստ այդմ, բոլոր այն դեպքերում, երբ գործնականում խնդիրներ կառաջանան առևտրային գաղտնիքի պաշտպանության առումով` պայմանավորված վարույթի մասնակիցների` գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններն ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու իրավունքի իրացմամբ, անհրաժեշտ է հաշվի առնել առևտրային գաղտնիքի պաշտպանությանն ուղղված վերոնշյալ երաշխիքները և համապատասխան նյութերը տրամադրել բացառապես այն անձանց, որոնք արդեն իսկ նախազգուշացվել են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:" (ՍԴՈ-1486 որոշում, 29 Հոկտեմբեր 2019):

Վերոգրյալ որոշումից բխում է, որ օրենքով պահպանվող տեղեկատվության առկայության պայմաններում իրավական խնդիրներ են առաջանում նույնիսկ բանավոր ընթացակարգով քննության ժամանակ՝ երբ գործը քննվում է դատավորի նախագահությամբ, ով նախազգուշացնում է օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին: Հետևաբար, գրավոր ընթացակարգի կիրառման ժամանակ, երբ նման հնարավորությունը բացակայում է, կարծում ենք, որ նշված անհամապատասխանությունների լուծման եղանակ կարող է լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված գրավոր ընթացակարգով չքննվող գործերի շարքում ավելացնել կետ առ այն, որ չի կարող գործ քննվել գրավոր ընթացակարգով, երբ անհրաժեշտ է գործի քննության դռնբացությունը սահմանափակել, այսինքն գործի քննությունն իրականացնել դռնփակ ռեժիմով՝ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված: Ընդ որում նշվածը պետք է սահմանված լինի իմպերատիվ, և կախված չլինի մասնակիցների կամ դատարանի հայեցողությունից: Իսկ այն դեպքերում, երբ հայցի ընդունելության փուլում նման տեղեկություններն օբյեկտիվորեն չեն եղել դատարանի տրամադրության տակ, դատարանը գործի քննության փուլում նշված հանգամանքների առաջացման դեպքում պետք է պարտավորված լինի որոշում կայացնել գործի քննությունը բանավոր շարունակելու մասին։

Հատկանշական է, որ նման կարգավորում է նախատեսված նաև Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքով, մասնավորապես, դատարանը որոշում է կայացնում գործը վարչական վարույթի ընդհանուր կանոններով քննելու մասին, եթե պարզվում է, որ վարչական գործը պարզեցված (գրավոր) ընթացակարգով քննության ենթակա չէ. վարույթ ընդունվել է հակընդդեմ վարչական հայց, որը չի կարող քննվել սույն գլխով սահմանված կանոններով, կամ եթե դատարանը, այդ թվում՝ կողմերից մեկի պահանջով, եկել է այն եզրակացության, որ. 1) պարզեցված (գրավոր) վարույթի ընթացակարգը կարող է հանգեցնել պետական ​​գաղտնիքի բացահայտմանը/.../" (Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 229-րդ, 7-րդ մասի 1-ին կետ)։

Նշված կարգավորմամբ հստակ կբացառվի գրավոր ընթացակարգի և դռնփակ ռեժիմի միաժամանակյա կիրառման տեսական հնարավորությունը, որը կերաշխավորի առնվազն դռնփակ ռեժիմի կիրառման անհրաժեշտության դեպքում գրավոր քննության բացառումը և հակառակը՝ գրավոր ընթացակարգի կիրառման ժամանակ բոլոր դեպքերում դատական ակտի հասանելի հրապարակումը։

Եզրակացություն

Դատաքննության հրապարակային սկզբունքն ուղղված է ապահովելու արդարադատության թափանցիկությունը, հաշվետվողականությունը, որի շրջանակներում ապահովվում է նաև հանրային վերահսկողությունը դատարանների նկատմամբ։ Այնուամենայնիվ, նշված սկզբունքը սահմանափակելու պայմանները բացառված չեն: Դատական քննության հրապարակային բնույթն ապահովող երկու ինքնուրույն տարրեր կան՝ դատական քննություն և վճռի հրապարակում:

Հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը կարող է դրսևորվել թե՛ գործի քննության բանավորությունը սահմանափակելով, թե՛ գործի քննությունը դռնփակ իրականացնելով:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով հրապարակայնության սկզբունքին, դիտարկել է հետևյալ իրավիճակները՝ դռնբաց գրավոր քննություն, դռնբաց բանավոր քննություն, դռնփակ բանավոր քննություն (ՍԴՈ-1452 որոշում, 02.04.2019), դուրս թողնելով միայն դատական քննությունը՝ միաժամանակ դռնփակ և գրավոր ընթացակարգով իրականացնելու հարցը։ Գործի գրավոր ընթացակարգով քննության ժամանակ թեև դատական նիստերի դահլիճում դատական լսումներ տեղի չեն ունենում, սակայն գործում առկա ապացույցների վրա չի տարածվում գաղտնիության ռեժիմը։ Գրավոր ընթացակարգով գործի ավարտին կայացված վճիռը հրապարակվում է դատական իշխանության կայքէջում, որը հասանելի է յուրաքանչյուրին։ Այսինքն՝ հրապարակայնության սկզբունքի բաղկացուցիչ մասն է ոչ միայն դռնբաց բանավոր լսումների առկայությունը, այլ նաև վճռի հրապարակումը։

Ի հեճուկս վերոնշվածի՝ գրավոր ընթացակարգով քննվող գործի նյութերում դիցուք օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների առկայության դեպքում, անհրաժեշտություն է առաջանում գործում առկա օրենքով պահպանվող գաղտնի նյութերի հանգամանքով սահմանափակել նաև վճռի հրապարարկումը, փաստացի սահմանափակելով գործի հրապարակային քննության երկու երաշխիքները՝ դատական քննությունը (դռնբաց և բանավոր) և վճռի հրապարակումը:

Փաստորեն, տեսական մակարդակում վերոնշյալ երկու բաղադրիչների միաժամանակյա սահմանափակումը ենթադրում է հրապարակայնության սկզբունքի ոչ թե մասնակի, այլ ամբողջական սահմանափակում, որը հանգեցնում է սահմանադրորեն ամրագրված սկզբունքի չկիրառելիությանը:

Նշված իրավիճակն ունի նաև գործնական բացասական ազդեցություն՝ կապված օրենքով պահպանվող նյութերի հիմքով դռնփակ ռեժիմ կիրառելու արդյունքում այդ նյութերին ծանոթանալու ընթացակարգի հետ: Օրենքով պահպանվող տեղեկատվության առկայության պայմաններում իրավական խնդիրներ են առաջանում նույնիսկ բանավոր ընթացակարգով քննության ժամանակ, երբ գործը քննվում է դատավորի նախագահությամբ, որը նախազգուշացնում է օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին: Հետևաբար, գրավոր ընթացակարգի ժամանակ, երբ նման հնարավորությունը բացակայում է, կարծում ենք, որ նշված հարցի լուծման եղանակ կարող է լինել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված գրավոր ընթացակարգով չքննվող գործերի շարքում ավելացնել կետ առ այն, որ չի կարող գործը քննվել գրավոր ընթացակարգով, երբ անհրաժեշտ է գործի քննության դռնբացությունը սահմանափակել օրենքով պահպանվող տեղեկությունների առկայության դեպքերում, այսինքն, երբ գործում առկա է օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվություն: Իսկ երբ նշված հանգամանքը ի հայտ է գալիս գործի քննության հետագա փուլերում, դատարանը անհապաղ որոշում է կայացնում գործի գրավոր քննությունից բանավոր քննության անցնելու մասին։ Ընդ որում նշվածը պետք է սահմանված լինի իմպերատիվ, և կախված չլինի մասնակիցների կամ դատարանի հայեցողությունից: Նշված առաջարկությունն ուղղված է բացառելու հրապարակայնության սկզբունքի ամբողջական սահմանափակումը և ապահովելու գործնականում առաջացող խնդիրները՝ դռնփակ ռեժիմի կիրառման անհրաժեշտության առաջացման դեպքերում:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ Սահմանադրություն, 06 Դեկտ. 2015. https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510։

2. Եվրոպայի խորհուրդ. Կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին փոփոխված 11-րդ արձանագրությամբ ՀՀ միջազգային պայմանագիր. 04 Նոյ. 1950. https://www.arlis.am/documentview.aspx?docID=20870։

3. ՀՀ Ազգային ժողով. "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք" ՀՀ սահմանադրական օրենք. 07 Մարտի 2018. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=119531։

4. ՀՀ Ազգային ժողով. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք. 05 Դեկտ. 2013, [https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87705։

5. Պետդումա. Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգիրք. 03 Օգոստոս 2015. https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_176147/։

6. ՀՀ Սահմանադրական դատարան. թիվ ՍԴՈ-1020 որոշում. 11 Ապրիլ 2012. https://www.arlis.am/documentview.aspx?docID=75205։

7. ՀՀ Սահմանադրական դատարան. թիվ ՍԴՈ-1452 որոշում. 02 Ապրիլ 2019. https://concourt.am/decision/decisions/sdv-1452.pdf։

8. ՀՀ Սահմանադրական դատարան. թիվ ՍԴՈ-1486 որոշում. 29 Հոկտեմբեր 2019. https://concourt.am/decision/decisions/sdv-1486.pdf։

9. European Court of Human Rights. Case of Schädler-Eberle V. Liechtenstein, 18 July, 2013. https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-122429%22]}:

10. European Court of Human Rights. Case of Axen V. Germany, 8 December, 1983. https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-73568%22]}:

11. European Court of Human Rights. Case of Ryakib Biryukov V. Russia, 17 January, 2008. https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-172549%22]}

12. Ղամբարյան, Արթուր․ "Իրավունքի և օրենքի կոլիզիաները իրավունքի փիլիսոփայությունում"․ Գիտական Արցախ, հ․8, N1, Ապրիլ 2021, էջ 64-85, doi: 10.52063/25792652-2021.1-64:

13. Галковская, Наталья. "Анализ оснований для рассмотрения административных дел в порядке упрощенного (письменного) производства". Вестник Томского государственного университета, № 472, 2021, стр. 221-234. doi: 10.17223/15617793/472/27.

14. Носова, Юлия. "Особенности упрощенного производства по административным делам". Журнал Административного Судопроизводства, N 4, 2019, стр.12-15.

15. Zrvandyan, Arman. Casebook on European fair trial standards in administrative justice, Council of Europe, December 2016, 1-146.

WORKS CITED

1. HH Sahmanadrut'yun, 06 Dekt. 2015, [The Constitution of the Republic of Armenia, 06 December, 2015] https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510. (In Armenian).

2. Evropayi xorhurd. Konvencia Mardu iravunqneri ev himnarar azatut'yunneri pashtpanut'yan masin p'op'oxvac' 11-rd ard'anagrut'yamb HH mijazgayin paymanagir. 04 Noy. 1950 [Council of Europe. European Convention on Human Rights, amended by the 11th protocol, International treaty of RA, 04 November, 1950] https://www.arlis.am/documentview.aspx?docID=20870. (In Armenian).

3. HH Azgayin jhoghov. "Hayastani Hanrapetut'yan datakan o'rensgirq" HH sahmanadrakan o'renq. 07 Marti 2018 [National Assembly of RA. The Constitutional Law Of The Republic Of Armenia "Judicial Code of the Republic of Armenia". 07 March, 2018], https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=119531. (In Armenian).

4. HH Azgayin jhoghov. HH varchakan datavarut'yan o'rensgirq. 05 Dekt. 2013 [National Assembly of RA, Code of Administrative Procedure of Republic of Armenia, 05 December, 2013], https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=87705. (In Armenian).

5. Petduma. R'usastani Dashnut'yan varchakan datavarut'yan o'rensgirq. 03 O'gostos 2015, [State Duma, Administrative Procedure Code of the Russian Federation, 03 August, 2015] https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_176147/. (In Russian).

6. HH Sahmanadrakan dataran. t'iv SDO-1020 oroshum. 11 April 2012 [Constitutional Court of RA, decision SDO-1020, 11 April, 2012], https://www.arlis.am/documentview.aspx?docID=75205. (In Armenian).

7. HH Sahmanadrakan dataran. t'iv SDO-1452 oroshum. 02 April 2019 [Constitutional Court of RA, decision SDO-1452,02 April, 2019], https://concourt.am/decision/decisions/sdv-1452.pdf. (In Armenian).

8. HH Sahmanadrakan dataran. t'iv SDO-1486 oroshum. 29 Hoktember 2019 [Constitutional Court of RA, decision SDO-1486, 29, October 2019], https://concourt.am/decision/decisions/sdv-1486.pdf. (In Armenian).

9. Ghambaryan, Art'ur․ "Iravunqi ev o'renqi kolizianery' iravunqi p'ilisop'ayut'yunum" [Collisions of Right and Law in the Philosophy of Law]․ Gitakan Arcax, h․8, N1, April 2021, e'j 64-85, doi: 10.52063/25792652-2021.1-64․ (In Armenian).

10. Galkovskaja, Natal'ja. "Analyz osnovanyj dlja rassmotrenyja admynystratyvnyyh del v porjadke uproshhennogo (pys'mennogo) proyzvodstva". Vestnyk Tomskogo gosudarstvennogo unyversyteta, № 472, 2021, ss. 221-234. doi: 10.17223/15617793/472/27, ["Analysis of Grounds for Consideration of Administrative Cases in the Order of Simplified (written) Proceedings". Bulletin of Tomsk State University, № 472, 2021, pp. 221-234. doi: 10.17223/15617793/472/27]. (In Russian).

11. Nosova, Julyja. "Osobennosty uproshhennogo proyzvodstva po admynystratyvnyym delam". Zhurnal Admynystratyvnogo Sudoproyzvodstva, N 4, 2019, ss.12-15 ["Features of Simplified Proceedings in Administrative Matters." Journal of Administrative Proceedings, vol. 4, 2019, pp. 12-15]. (In Russian).

THE WRITTEN PROCEDURE AND IN CAMERA HEARING OF THE CASES PROVIDED BY THE CODE OF ADMINISTRATIVE PROCEDURE OF THE RA IN THE CONTEXT OF THE PRINCIPLE OF PUBLICITY

MELINE SAHRADYAN

American University of Armenia,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

College of Humanities and Social Sciences

Master of Laws

Yerevan, the Republic of Armenia

The aim of this article is to examine the extent to which the principle of public examination of cases can be legally limited, as well as to elucidate instances where such limitations are possible but not legally sanctioned. Specifically, it addresses situations within the framework of the Administrative Procedure Code of the Republic of Armenia where there arises a necessity to simultaneously conduct case examination through written procedures while extending the in camera hearing regime.

The objective of the study is to explore the feasibility and implementation of both written procedures and in camera hearings, not solely on a theoretical basis as a potential complete restriction of the constitutionally enshrined principle of publicity, but also to assess their practical implications, including possible negative effects.

Methodologically, the research employs logical analysis, formal jurisprudence, and analytical techniques to describe, classify, and identify the features of legal concepts.

The findings of the study indicate that while such scenarios are theoretically conceivable, they pose challenges both in theory and practice. Consequently, a recommendation is put forward for amendments to the Administrative Procedure Code of the Republic of Armenia to address these challenges effectively.

Keywords: Administrative proceedings of RA, public trial, publication of judgment, oral open court hearing, written open court hearing, oral in camera court hearing, written in camera court hearing.

ПИСЬМЕННОЕ ПРОЦЕССУАЛЬНОЕ РАССМОТРЕНИЕ И

ЗАКРЫТОЕ СЛУШАНИЕ ДЕЛ, ПРЕДУСМОТРЕННЫЕ АДМИНИСТРАТИВНО-ПРОЦЕССУАЛЬНЫМ КОДЕКСОМ РА,

В КОНТЕКСТЕ ПРИНЦИПА ГЛАСНОСТИ

МЕЛИНЕ САГРАДЯН

Магистр права программа магистра "Юриспруденция"

факультета гуманитарных и социальных наук

Американского университета Армении,

г. Ереван, Республика Армения

Цель данной статьи заключается в оценке степени возможного и юридического ограничения принципа публичного рассмотрения дела, а также в исследовании возможных последствий его ограничения. Особое внимание уделяется ситуациям, когда в рамках Административно-процессуального кодекса Республики Армения возникает потребность в одновременном применении письменного процессуального рассмотрения дела и закрытого слушания.

В ходе работы рассматривается возможность и актуальность применения закрытого режима рассмотрения дела не только на теоретическом уровне, как полное ограничение принципа гласности, закрепленного в конституции, но и в контексте его возможных негативных последствий на практике.

Методологическая база исследования включает логический анализ, анализ юридических понятий, их классификацию, а также использование методов формального правоведения. Этот подход позволил описать юридические концепции, выявить их особенности и проблемные аспекты.

В результате исследования сделан вывод о том, что такие ситуации теоретически возможны, но на практике проблематичны. В связи с этим предложено внести изменения в Административно-процессуальный кодекс Республики Армения с целью более эффективного регулирования процесса рассмотрения дел.

Ключевые слова: Административное производство РА, публичное судебное разбирательство, опубликование приговора, устное открытое судебное заседание, письменное открытое судебное заседание, устное закрытое судебное заседание, письменное закрытое судебное заседание.

 Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

1 Նշվածը միևնույնն է խնդրահարույց է, քանի որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է, թե որ դեպքերում են նյութերը դեպոնացվում՝ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, այլ իրավիճակներում փաստաթղթերը դեպոնացնելու հնարավորություն օրենսդրի կողմից չի տրամադրվել:

---------------

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.