Научная статья на тему 'ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ'

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
64
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ДИАСПОРА / ВЫЖИВАНИЕ / ЭМИГРАЦИЯ ИЗ ОБЩИН / ИДЕНТИЧНОСТЬ / СМЕШАННЫЕ БРАКИ / РЕПАТРИАЦИЯ / DIASPORA / SURVIVAL / MIGRATION FROM COMMUNITIES / IDENTITY / MIXED MARRIAGES / REPATRIATION / Սփյուռք / գոյապահպանություն / արտագաղթ համայնքներից / ինքնություն / խառնամուսնություններ / հայրենադարձություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հովյան Վահրամ

Հոդվածը նպատակ է հետապնդում քննության ենթարկել անվտանգության ներկա վիճակը հայկական սփյուռքում լուծումներ գտնել առկա խնդիրների համար։ Ըստ այդմ՝ խնդիր է դրվում ցույց տալ հայ համայնքների առջև ծառացած հիմնական մարտահրավերները հանդես գալ որոշակի առաջարկություններով դրանց հանդեպ պետության (ՀՀ, ԱՀ) սփյուռքյան հաստատությունների քաղաքականության վերաբերյալ։ Հայկական Սփյուռքը ներկայում կանգնած է հոգևոր ֆիզիկական լրջագույն մարտահրավերների առջև։ Ամենավտանգվածը Մերձավոր Միջին Արևելքի հայ համայնքներն են։ Ստեղծված իրավիճակում պետության Սփյուռքի կառույցների խնդիրն է հնարավորինս պատրաստ լինել տարերային հայրենադարձության նոր ալիքներին

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE SECURITY CHALLANGES OF THE ARMENIAN DIASPORA AND THE PROBLEM OF REPATRIATION

The purpose of the article is to analyze the present security state in Diaspora and to find settlements for existing problems. According to that, our task is to show the main challenges that Armenian communities face and make some suggestions on the policy of the state (the Republic of Armenia and the Republic of Artsakh) and Diaspora organizations towards them. Diaspora is now facing serious physical and spiritual challenges. The Armenian communities of the Near and Middle East are the most endangered. In the emerged situation the task of the state and Diaspora structures is to be maximally ready to the new waves of sporadic repatriation

Текст научной работы на тему «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆ

Ընդհանուր առմամբ Սփյուռքի հայ համայնքների անվտանգությունն ունի երկու բաղադրիչ՝ հոգևոր և ֆիզիկական։ Առաջինը հանգում է հայ համայնքների ազգային նկարագրի պահպանմանը, իսկ երկրորդը՝ նրանց գոյությանը։ Հոգևոր անվտանգության դեպքում որպես մարտահրավերներ հանդես են գալիս ինքնության բաղադրիչների կորուստը և խառնամուսնությունները, իսկ ֆիզիկականի դեպքում՝ գոյապահպանության սպառնալիքները և արտագաղթը համայնքներից (դրա հետևանքով վերջիններիս տարրալուծումը)։

Ինքնության բաղադրիչների կորուստը վերաբերում է հայոց լեզվի, մշակույթի, պատմական հիշողության և այլնի աստիճանական մարմանը սփյուռքահայության ներկայացուցիչների շրջանում։ Այս խնդիրը նկատելի է եղել դեռևս Սփյուռքի ձևավորման վաղ փուլում։ Ազգային խնդիրներով մտահոգ՝ Շահան Նաթալին դեռևս 1920-ական թթ. գրում է. «Չենք կարծեր, որ ոևէ մէկը յաւակնի Ֆրանսիայի մէջ գտնուող Հային միայն մէկ տասնեակ տարի յետոյ ֆրանսերէն լեզուին փոխարէն հայերէնը խօսիլ տալ»1։ Բնակվելով օտար միջավայրերում՝ սփյուռքահայերն ինտեգրվում են այդ հասարակություններին և կամա թե ակամա իրենց վրա կրում դրանց սոցիալ-մշակութային ազդեցությունը։ Ըստ մասնագիտական գնահատականի՝ «... օտար քաղաքակրթությունների անընդհատ մեծացող ազդեցության ներքո Սփյուռքը, ենթարկվելով ինտենսիվ ազդեցության՝ աստիճանաբար կորցնում է իր ազգային դիմագիծը»2։ Այս երևույթը դրսևորվում է նաև արտերկրի հայության մոտ ազգային կյանքից աստիճանաբար հեռացմամբ և ազգային կառույցների հետ կապի կորստով։ Համաձայն մեկ այլ մասնագիտական դիտարկման՝ «Հատկապես նոր սերնդի փոքր մասն է կապված ազգային կառույցների հետ, և նրանց ձուլման վտանգը շատ մեծ է»3։

Միևնույն ժամանակ, մայրենի լեզվի և ազգային ինքնությունը կազմող մյուս բաղադրիչների գործնական կիրառման փոքր հնարավորությունները զրկում են օտար երկրներում հաստատված հայերին դրանք սովորելու և պահպանելու խթանից։ Այդ պատճառով էլ «... վերջին տասնամյակներում հայախոսությունը աշխարհում նվազել է, գնալով խորանում է հայերի լեզվական ուծացումը հատկապես արտերկրում»4։

Արդյունքում սերնդե սերունդ սփյուռքահայերի մոտ նվազում է հայոց լեզվին, ազգային մշակույթին, պատմական հիշողությանը և ազգային ինքնությունը կազմող մյուս բաղադրիչներին տիրապետելու մակարդակը, ինչը լուրջ սպառնալիք է արտերկրի հայության համար, քանի որ «... էթնոսները հոգեբանորեն թուլանում են և աստիճանաբար գնում են դեպի վերացում, երբ թուլանում ու աստիճանաբար

1 Նաթալի Շ., Թուրքերը եւ մենք, Եր., 2015, էջ 38:

2 Մինասյան Էդ., Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնական ուղղությունները, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., «Լիմուշ», 2009, էջ 262։

3 Մինասյան Էդ., Հայրենիք-Սփյուռք մշակութային առնչությունները 1990-ական թթ., «Նոր-դար», թիվ 4, 2004, էջ 111։

4 Զաքարյան Հ., Լեզվաշինության արդի խնդիրները հայերենի մրցունակության բարձրացման տեսանկյունից, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», զեկուցումների դրույթներ, Եր., «Գիտություն», 2013, էջ 124։

- 233 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

վերանում է այն ցուցիչների ամբողջությունը, որի կրողն է էթնոսը' որպես սոցիալ-հոգեբանական ուրույն համակարգ»’։

Ուծացման առաջին փուլը թերևս հայ համայնքների ներկայացուցիչների մոտ ինքնության փոխակերպումն է։ Մասնագետների գնահատմամբ՝ սփյուռքի հայ համայնքներում տասնամյակների ընթացքում տեղի ունեցող ինքնության փոխակերպման արդյունքում հայ ինքնությունը փոխարինվում է օտար ինքնությամբ՝ պահպանելով որոշակի կապը հայկականի հետ։ Եթե հարցը դիտարկենք ամերիկահայ համայնքի օրինակով, ապա նախկինում ամերիկաբնակ հայը որպես ինքնություն փոխակերպվում է հայկական արմատներով կամ ծագմամբ ամերիկացու (ընդգծումները մերն են Վ.Հ.)։ Այս երևույթը նույն ամերիկահայ համայնքի օրինակով ցույց է տվել ազգագրագետ Հարություն Մարությանը1 2։

Այսպիսով, քանի որ «Սովորաբար սփյուռքը ենթարկվում է ... տվյալ վայրի թելադրած պայմաններին», ապա նշյալ միտումների շարունակման պարագայում «Բոլոր ժողովուրդների մշակույթների նման, հայկականը նույնպես գաղթօջախներում կենթարկվի արևմտյան մշակույթների ոչնչացնող ազդեցությանը և տարիների ընթացքում կդադարի հայկական լինելուց»3։ Հետևաբար, «Ընդունող երկրների գերիշխող մշակույթների մշտական և ուժգին ազդեցության ներքո արտերկրի հայության համար բոլոր ժամանակներում առավել բարդ և կարևոր խնդիրը եղել և մնում է ազգային ինքնության պահպանումը ...»4։

Խառնամուսնությունները, մի կողմից լինելով իրենց բնակության երկրների հասարակություններում սփյուռքահայերի ինտեգրվածության ցուցիչ, մյուս կողմից նպաստում են հայ ինքնության խեղաթյուրման էլ ավելի խորացմանը։ Դրանց արդյունքում ձևավորված ընտանիքներում նոր սերունդը, բացի ինքնության ճգնաժամի հետ կապված խնդիրներին բախվելուց, նաև ավելի մեծ չափով և ավելի անմիջականորեն է ենթարկվում օտար սոցիալ-մշակութային ազդեցությանը։ Եթե հայկական ընտանիքներում նոր սերունդը միայն արտաքինից, այն է՝ հասարակական միջավայրի կողմից է ենթարկվում այդպիսի ազդեցության, ապա խառնամուսնությունների արդյունքում ձևավորված ընտանիքներում այն արդեն ներսից՝ ընտանեկան միջավայրից է իր վրա կրում օտար մշակութային արժեքների ներգործությունը։

Գոյապահպանության սպառնալիքները հայկական սփյուռքի համար հրատապ են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որոնք հանդիսանում են թեժ հակամարտությունների գոտի և որտեղ ազգային կամ կրոնական հողի վրա առկա է հայատյացությունը։ Այդպիսի տարածաշրջաններում կամ երկրներում, որքան էլ հայ համայնքները փորձեն չեզոքություն պահպանել, փոթորկահույզ իրադարձությունները իրենց անմիջական ազդեցությունն են ունենում վերջիններիս վրա՝ սպանություններ, ավերածություններ և այլն։

Հայ համայնքների վրա տևական հակամարտությունները բացասական ազդեցություն են ունենում նաև անուղղակիորեն։ Բանն այն է, որ դրանք առաջացնում են համընդհանուր քաոս և անիշխանություն, խաթարում են տվյալ երկրի տնտեսական կյանքը՝ այդ կերպ պատճառ դառնալով աղքատության և

1 Նալչաջյան Կ., Հայրենիք և հայրենասիրություն (հոգեբանական վերլուծություն), Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում, Եր., ԵՊՀ հրատ., 2013, էջ 40-41։

2 Տե'ս Մարության Հ., Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը և «ամերիկահայ ազգության» ձևավորման գործընթացը, Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում, գիտաժողովի զեկուցումներ, Եր., ԵՊՀ հրատ., 2013, էջ 47-54։

3 Մինասյան Էդ., Հայրենիք-Սփյուռք մշակութային առնչությունները 1990-ական թթ., «Նոր-դար», թիվ 4, 2004, էջ 113։

4 Մինասյան Էդ., Վարդանյան Ա., Հայրենիք-սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009թթ.), հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ», 2010, էջ 113։

- 234 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

սոցիալական ճգնաժամերի, ինչն էլ իր հերթին առաջացնում է հանցագործությունների և այլ բացասական երևույթների աճ։ Այս պարագայում հայ համայնքների ներկայացուցիչները տվյալ երկրի ընդհանուր բնակչության հետ մեկտեղ դառնում են այնպիսի հանցագործությունների թիրախ, ինչպիսիք են թալանը, սպանությունը, մարդկանց առևանգումը և նրանց ազատության համար փրկագին պահանջելը և այլն1։

Տևական հակամարտությունների և անկայունության արդյունքում հայ համայնքները կրում են թե' մարդկային և թե' գույքային կորուստներ։ Մարդկային կորուստը զոհված, վիրավորված և փախստական դարձած մեր հայրենակիցներն են, իսկ գույքայինը՝ նրանց թալանված ունեցվածքը, ինչպես նաև անհատական և համայնքային անշարժ գույքը (տներ, խանութներ, դպրոցներ, եկեղեցիներ և այլն), որը ենթարկվում է ավերածությունների։

Համայնքներից արտագաղթի պատճառներ, բացի վերը հիշատակված փոթորկահույզ իրավիճակներից, հանդիսանում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են ոչ հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայրը, ժողովրդավարական ազատությունների ցածր մակարդակը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունների սահմանափակությունը և այլն: Արդ, այն երկրների հայ համայնքներում, որտեղ առկա են թվարկված գործոնները, դեռևս 20-րդ դարի կեսից նկատվում է հայերի արտագաղթ դեպի այնպիսի երկրներ, որտեղ առկա են հայերին ավելի հոգեհարազատ սոցիալ-քաղաքակրթական միջավայր, ժողովրդավարական ազատություններ, սոցիալական բարենպաստ պայմաններ և տնտեսական գործունեությամբ զբաղվելու ավելի լայն հնարավորություններ2:

Ինչպիսիք էլ լինեն հայ համայնքներից արտագաղթի պատճառները, միևնույն է այն ունենում է հյուծիչ ազդեցություն վերջիններիս վրա։ Արդյունքում նոսրանում են նրանց ներկայացուցիչների շարքերը, ինչը բացասաբար է անդրադառնում նաև համայնքային կառույցների (օրինակ' դպրոցների) գործունեության վրա3: Պատմական գիտությունների թեկնածու Տիգրան

Ղանալանյանը, ուսումնասիրելով Սփյուռքի ներքին տեղաշարժերը Երկրորդ աշխարհամարտից հետո, անմիջական կապ է տեսնում համայնքներից արտագաղթի և ձուլման գործընթացների ահագնացման, ինչպես նաև խառնամուսնությունների աճի միջև' գրելով. «Որպես կանոն արտագաղթի հետևանքների թվում էր խառնամուսնությունների աճը, ձուման արագացումը և համայնքների աստիճանական թուլացումն ու կազմալուծումը»4:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ միասին վերցրած վերոհիշյալ չորս մարտահրավերներով ամենավտանգվածը Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն են։ Այդ փոթորկահույզ տարածաշրջանում հայ համայնքները մշտապես տուժում են իրենց երկրների ներքին և արտաքին ցնցումներից: Այստեղ առկա են հայ համայնքների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող, ինչպես նաև արտագաղթի պատճառ հանդիսացող վերը հիշատակված գրեթե բոլոր գործոնները' հայատյացությունը (Թուրքիա), ներքին և արտաքին պատերազմները (Սիրիա, Լիբանան, Իրաք, Իսրայել և այլն), կրոնական անհանդուրժողականությունը

1 Տե'ս, օրինակ, Հովյան Վ., Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, «21-րդ ԴԱՐ», թիվ 4, 2012, էջ 102-103:

2 Մանրամասն տե'ս Հովյան Վ., Հայկական սփյուռքի փոխակերպումը. մարտահրավերներ և հնարավորություններ, «Գլոբուս», թիվ 5, 2013, էջ 43-47:

3 Տե'ս, օրինակ, Մելքոնյան Ռ., Թուրքիայի հայության որոշ խնդիրներ, «Հանրապետական», թիվ 6, 2009, էջ 6:

4 Տե'ս Ղանալանյան Տ., Սփյուռքի ներքին տեղաշարժերը 1945-1988 թվականներին, պատմական գիտությունների թեկնածուի ատենախոսության սեղմագիր, Եր., 2016, էջ 15:

- 235 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

քրիստոնյաների նկատմամբ (Թուրքիա, Իրաք, Սիրիա և այլն), սոցիալ-տնտեսական ոչ այնքան բարենպաստ պայմանները, հայերի համար սոցիալ-քաղաքակրթական ոչ հարազատ միջավայրը և այլն։

Այս բոլորի արդյունքը Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների նոսրացումն ու հյուծումն է։ Օրինակ՝ համեմատած նախորդ դարի 50-ական թթ. հետ 21-րդ դարի սկզբին Լիբանանի հայ համայնքի թվաքանակը 120 հզ.-ից հասել է 7080 հզ.-ի, Սիրիայինը՝ 150 հզ.-ից՝ 65-70 հզ.-ի, Թուրքիայինը՝ 200 հզ.-ից՝ 80 հզ.-ի, Իրանինը' 140 հզ.-ից 80 հզ.-ի և այլն1։ Ընդհանուր առմամբ, եթե 1970-ական թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում բնակվում էր մոտ 1 մլն. հայ, ապա ներկայումս այդ ցուցանիշը կազմում է մոտ 300 հզ.2։ Սիրիական վերջին ճգնաժամի հետևանքով հայ համայնքը տվել է հարյուրավոր զոհեր, ամենալավատեսական գնահատականներով կրճատվել ավելի քան կիսով չափ։ Իրաքյան պատերազմի (2003թ.) հետևանքով գրեթե սպառման եզրին է հասել այդ երկրի՝ երբեմնի ծաղկուն հայ համայնքը։

Փոթորկահույզ իրադարձությունների կործանարար հետևանքները հայ համայնքների վրա առավել ցայտուն կերպով երևում են Քույվեյթի հայ համայնքի օրինակով։ Նախքան 1991թ. Ծոցի պատերազմը (առաջին պատերազմ) այդ երկրում հայերի թիվը հասնում էր մոտ 25 հզ.-ի։ Թեև պատերազմը տևեց շատ կարճ (մոտ 1.5 ամիս), և հայերը որևէ կապ չունեին վերջինիս հետ, այնուամենայնիվ, դրանից հետո հայ համայնքի թվաքանակը նվազեց 5 անգամ։ Ներկայումս Քուվեյթում ապրում է ընդամենը 5 հզ. հայ։

Ինչ վերաբերում է ինքնության բաղադրիչների կորստին և խառնամուսնություններին, ապա, այստեղ գերակշռող իսլամական միջավայրը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական գործունեության բնագավառներում սահմանափակումները որոշակիորեն առանձնացնում են հայ համայնքներին տեղի հասարակություններից3։ Այս հանգամանքը որոշակիորեն նպաստում է ինչպես լեզվի և ազգային ինքնության մյուս բաղադրիչների պահպանմանը, այնպես էլ սահմանափակում է խառնամուսնությունների քանակը, ինչի արդյունքում էլ Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքը, պահպանելով իր ավանդականությունը, երկար ժամանակ՝ մոտ 3-4 սերունդ, կարողացել է պահպանել նաև իր ազգային նկարագիրը և միևնույն ժամանակ մեծ մասամբ զերծ մնալ խառնամուսնություններից։

Վերջին տասնամյակներում, այնուամենայնիվ, այս չափորոշիչներով ևս նկատվում են անհանգստացնող միտումներ։ Մասնավորապես, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների ներկայացուցիչների շրջանում աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում արաբախոսությունը՝ ի հաշիվ մայրենի լեզվի։ Նույն միտումը կա խառնամուսնությունների պարագայում։ Ըստ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանի, եթե 1960-70-ական թթ. Լիբանանի հայ համայնքում խառնամուսնությունները հազվադեպ երևույթ էին և ընդհանուր

1 Տվյալները տե'ս Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր. մշակութային կյանքի ուրվագիծ, Եր., Հայաստանի պետական հրատարակչություն, 1962, էջ 246; «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբագիր՝ Այվազյան Հ., Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003, էջ 290, 508, 175, 235։

2 Փաշայան Ա., Հարությունյան Լ., Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ, Եր., «Լուսակն», 2011, էջ 133։

3 Չնայած առանձին հայ անհատներ իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կարողացել են մեծ

հաջողությունների և բարձր դիրքերի հասնել Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հասարակություններում։ Օրինակ' 2017թ. նոյեմբերին հայազգի գեներալներ Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը հրամանատարական պաշտոնների նշանակվեցին Լիբանանի նախագահական պալատի անվտանգության ծառայությունում [տե'ս Հայազգի Երկու Զօրավարներ Պաշտօնի Կոչուած՝ Նախագահական Պալատին Մէջ, Ազդակ, նոյեմբեր 17, 2016; Նույնը'

http://www.aztagdaily.com/archives/325019

- 236 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

առմամբ դիտվում էին որպես ամոթալի երևույթ, ապա ներկայում դրանք ընկալվում են որպես սովորական երևույթ1։ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներում խառնամուսնությունների նկատելի աճը ժամանակին փաստել է նաև սիրիահայ ականավոր մտավորական, հայագետ, ներկայումս՝ արդեն հայրենադարձ Հակոբ Չոլաքյանը։ «Ես եկեղեցու պաշտոնյա չեմ, որ վիճակագրական տվյալներ ունենամ սիրիահայ համայնքում խառմամուսնությունների վերաբերյալ, բայց ամեն տարի հսկայական թվով աշակերտներ ունեմ, և բնական է, որ հենց առաջին օրվանից զգում եմ, թե ովքեր են խառնամուսնական ընտանիքների զավակներ։ Որոշակի քանակությամբ երեխաներ կան, իհարկե, որոնց ծնողներից մեկն օտար է»,- նշում է Չոլաքյանը2։

Որպես Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի հենասյուներ ներկայում հանդես են գալիս Լիբանանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքները3։ Մյուս հայ համայնքները թե' թվաքանակով և թե' կազմակերպչական հաստատությունների քանակով էապես զիջում են վերջիններիս՝ դիտարկվելով հիմնականում որպես տեղական (լոկալ) նշանակության ընդհանրություններ։

Թվարկված չորս համայնքներն էլ ներկայում գտնվում են անկայունության հետևանքով սպառվելու վտանգի առջև։ Չնայած սիրիական կառավարական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո ինչպես տեղի ազգային իշխանությունները, այնպես էլ տարածաշրջանային և համազգային հայկական կառույցները մեծ թափով ձեռնամուխ են եղել հայ համայնքի վերականգմանը4, այնուամենայնիվ դեռևս լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան, քանի որ այն հսկայական կորուստներ է կրել պատերազմի հետևանքով։ Նախքան քաղաքի ազատագրումը հայության թվաքանակը ամենալավատեսական հաշվարկներով կազմում էր մոտ 10 հզ.։ Հետևաբար, Լիբանանի, Իրանի և Թուրքիայի հայ համայնքների կողքին Սիրիայի հայ համայնքը, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի բնորոշմամբ՝ «շնորհիւ իր քրիստոնէական հաւատքին, ամուր կամքին ու վառ յոյսին»5 անասելի զրկանքների գնով կարողացավ պահպանել իր վերջին բեկորները կործանումից, ներկայում միայն վերապահումով կարելի է համարել Մերձավոր և Միջին Արևելքի հայկական սփյուռքի հենասյուն համայնք։

Մյուս երկրներում, թեև դրությունը համեմատաբար կայուն է (համենայն դեպս համեմատելի չէ Սիրիայում տիրող իրավիճակի հետ), այնուամենայնիվ, հաշվի առնելով ինչպես անցյալի փորձը, այնպես էլ զարգացումների ընթացքն ու հնարավոր սցենարները, կարելի է ասել, որ ամենևին բացառված չէ ոչ հեռավոր ապագայում իրավիճակի ապակայունացումն այդ երկրներում նույնպես։

Ներկայում միայն փխրուն խաղաղություն է տիրում Լիբանանում։ Վերջինս, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ բնորոշվումէ էթնիկ և կրոնական բազմազանությամբ6։ Այստեղ բախվում են թե տարածաշրջանային տերությունների,

1 Փոլ Հայդոստյանն այս դիտարկումն արել է 2014թ. սեպտեմբերի 18-ին «Նորավանք» ԳԿՀ սեմինարի ժամանակ, տե'ս Մերձավոր Արևելքի հայ համայնքները. հեռանկարներ և ռազմավարություն, http://noravank.am/arm/seminar/detail.php7ELEMENT ID= 12897

2 Փաշայան Ա., Հարությունյան Լ., նշվ. աշխ., էջ 98։

3 Սիրիահայության թվաքանակը ներկայում, համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների, կազմում է մոտ 25 հզ.։

4 Տե'ս «Դեռ կեանք մը կայ Հալէպի մէջ պլպլացող, պէտք է բոցավառել զայն». Կարօ Իւզպաշեան, Գանձասար, փետրուար Գ. 2017; Ֆրանսայի երեք ձայնասփիւռներուն կողմէ կազմակերպուած «ռատիօթոն»ին սուրիահայութեան ի նպաստ 120 հազար եւրօ հանգանակուեցաւ, Գանձասար, փետրուար Դ. 2017։

5 ՆՍՕՏՏ Արամ Ա. վեհափառ հայրապետին հովուապետական այցելութիւնը Հալէպ եզակի խանդավառութիւն ստեղծեց հալէպահայութեան մօտ, Գանձասար, Յունուար Բ., 2017։

Մանրամասն տե'ս Հարությունյան Լ., Լիբանանի կրոնա-համայնքային համակարգը, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», թիվ 19, Եր., «Զանգակ-97», 2000, էջ 88-95։

- 237 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

թե գերտերությունների շահերը, ինչը, զուգակցվելով գրեթե մշտական անկայուն միջավայրի հետ, ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակի առաջացման պատճառ դառնալ1։ Հետևաբար, նոր անհանգիստ իրավիճակի առաջացումը Լիբանանում լիովին հավանական է՝ կապված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով պայմանավորված հնարավոր ճգնաժամի առաջացման հետ։

Իրանի պարագայում կարելի է ասել, որ թեև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սառույցը նախագահ Բարաք Օբամայի օրոք զգալիորեն հալվեց՝ կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015թ. նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, սակայն ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններն կրկին սրվեցին՝ պայմանավորված այս անգամ արդեն ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության հետ։ Այսպիսով, ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից հետո ամերիկա-իրանյան հարաբերությունները վերադարձան Իրանում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք (2005-2013 թթ.) եղած հարաբերությունների մակարդակին, երբ երկու երկրները երբեմն գտնվում էին պատերազմի (զինված բախման) շեմին։ Իրանում նույնպես հերթական նախագահական ընտրություններից հետո կարող են կրկին իշխանության ղեկին չափավորներին կամ բարեփոխիչներին փոխարինել կոշտ գծի կողմնակից պահպանողականները և գնալ առճակատման ԱՄՆ-ի հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրում ավանդաբար առկա հայատյացությանն ու ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հալածանքներին վերջին տարիներին գումարվում են Թուրքիայի ներքին կյանքը ապակայունացնող այնպիսի գործոններ, ինչպիսիք են ա) քրդական հարցի սրումը, որը բավական հրատապ է դարձել հատկապես սիրիական ճգնաժամի համատեքստում, բ) պայքարը աշխարհիկության և իսլամիզմի միջև, որի ամենացայտուն դրսևորումը 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձն էր, գ) հաճախակիացած ահաբեկչական գործողությունները, դ) Թուրքիայի ներգրավվումը մերձավորարևելյան, մասնավորապես' սիրիական ճգնաժամում, ե) Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը և դրա հետևանքով տնտեսական անկումը, զ) նախագահ Էրդողանի կողմից իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ավտորիտար նկրտումները, է) 2016թ. հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած քաղաքական բռնաճնումները՝ պետական պաշտոնյաների, ուժային կառույցների աշխատակիցների, ընդդիմադիր քաղաքական գործիչների2, լրագրողների ձերբակալություններն ու

բանտարկությունները, ընդդիմադիր «Զաման» պարբերականի փակումը։

Բացի վերոնշյալ հանգամանքներից, պատմությանը հայտնի է, որ թուրքական իշխանությունները սովորություն ունեն օգտագործել միջազգային անկայուն իրավիճակներն ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Դրա լավագույն օրինակը Հայոց ցեղասպանության իրագործումն էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Ներկայում էլ, եթե վերոհիշյալ գործոնների ազդեցությամբ Թուրքիայում և 1 2

1 Տե'ս, օրինակ, Իրան Հըզպալլայի միջոցով «պատգամ» կ՚ուղարկէ Իսրայէլին եւ Թրամփին, Նոր օր, 2017թ., փետրվարի 23, թիվ 8:

2 Մասնավորապես հիշատակելի է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի և 9 ակտիվ գործիչների (Միլի Մեջլիսի պատգամավորներ) ձերբակալությունը: Տե'ս Կէսգիշերային միաժամանակեայ ոստիկանական գործողութիւն ՀԷ-ՏԷ-ՓԷցի երեսփոխաններու դէմ. ՀԷ-Տէ-ՓԷի համանախագահներ Սէլահատտին Տէմիրթաշ ու Ֆիկէն Եիւքսէքտաղ ներառեալ 11 երեսփոխաններ հսկողութեան տակ առնուեցան, Նոր Մարմարա, 04 նոյեմբեր 2016:

- 238 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

տարածաշրջանում ստեղծվի անկայուն իրավիճակ, չի բացառվում, որ թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողնի հերթական անգամ հաշվեհարդար տեսնելու իրենց կողմից անբարեհույս համարվող հայկական տարրի հետ։

Հպանցիկ նշենք, որ, բացի ավանդական հայ համայնքից, Թուրքիայում են գտնվում նաև մեծ քանակությամբ աշխատանքային միգրանտներ Հայաստանի Հանրապետությունից, որոնք չունեն այդ երկրի քաղաքացիություն և որոնց կեցությունն այդ երկրում հաճախ անօրինական է։ Անկայուն իրավիճակի առաջացման պարագայում հայության այս շերտը նույնպես կարող է դառնալ թուրքական իշխանությունների և ոչ իշխանական հետադեմ տարրերի բռնության և ցասման թիրախ, ինչի մասին սպառնալիք արդեն իսկ պաշտոնական մակարդակով հնչել է դեռևս 2010թ. Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից1։ Հետագայում ևս թուրքական

իշխանությունների կողմից հնչեցվել են նման սպառնաիքներ2 3։

Ցավոք, ստեղծված իրավիճակում դժվար է քիչ թե շատ արդյունավետ դեղատոմս առաջարկել Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների փրկության համար։ Մինչ օրս կիրառվել են այնպիսի ավանդական քայլեր, ինչպիսիք են ա) հայ համայնքների տղամարդկանցից զինված խմբերի կազմավորումը և հայկական բնակավայրերի պաշտպանությունը նրանց հանձնելը (ինչպես լիբանանյան քաղաքացիական պատերազմի, այնպես էլ սիրիական և իրաքյան ճգնաժամերի ժամանակի, բ) Շտապ օգնության և վերականգնումի մարմնի գործունեությունը, գ) հայրենիքից և Սփյուռքի այլ համայնքներից ու համազգային կազմակերպություններից տրամադրված նյութական օժանդակությունը' սնունդի, հագուստի, դեղորայքի և այլնի տեսքով։ Ավանդական այս եղանակները, կարևոր լինելով հանդերձ, այնուամենայնիվ, միայն մասնակիորեն են կարողացել փրկել իրավիճակը՝ ընդհանուր առմամբ ի զորու չլինելով կանխելու համայնքների եթե ոչ կազմալուծումը, ապա էական թուլացումը։

Առանձնապես մեծ հույսեր պետք չէ կապել նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների կազմում հայկական զինուժի ներգրավվման հետ, քանի որ ա) դրանք տեղակայված են ոչ բոլոր հայաշատ երկրներում (այսօր միայն Լիբանանում կան հայկական խաղաղապահ ուժեր) և բ) նրանց անմիջական գործառույթների մեջ չի մտնում հայ համայնքների պաշտպանությունը։ Հայկական խաղաղապահ ուժերի ներկայությունը լավագույն դեքում կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հայ համայնքների համար։

Հիշյալ հանգամանքներում լավագույնը, ինչ կարող են անել Հայաստանն ու Սփյուռքը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայության բեկորների՝ դեպի Հայաստան արագ և անվտանգ ուղղորդումն է՝ Արամ Ա կաթողիկոսի՝ «Եթե գաղթ, ապա միայն Հայաստան» ձևակերպման տրամաբանությանը համապատասխան։ Այլ կերպ ասած՝ հայրենադարձությունը, ինչը ենթադրում է փոխկապակցված քայլերի հաջորդականություն՝ ճգնաժամային իրավիճակների կանխատեսումից մինչև հայրենադարձների ինտեգրացիա հայաստանյան հասարակության մեջ։

1 Տե'ս Էրդողանը սպառնում է արտաքսել հազարավոր հայերի. Հայաստանը դատապարտում է, http://www.azatutvun.am/a/1986701.html

2 Տե'ս Էրդողանն ակնարկել է Թուրքայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին, Ււէէօ://№«՝«.6րտ6ոյհՅե6ր.Յտ/Յտ/ո6՝^տ/20յ5/04/15/Էոդոոանն-ակնաոկեւ-է-Թուոտաւհց-հաւեոհն-աոտատսեւու-հնաոաԱոո-սաառնաւհտհ-մասհն/55629:

Էրդողանը կրկին սպառնացել է արտաքսել հայերին Թուրքիայից, http://araratnews.am/erdoghaneh-krkin-sparnacel-e-artakhsel-haverin-thurkhiavic/

3 Տե'ս, օրինակ, Գասպարյան Ս., Իրաքի «Հավրեսք» հայկական գյուղը ԻՊ-ի ահաբեկիչների դեմ մարտերում, Ազգ, դեկտեմբերի 9։

- 239 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Հայրենադարձությունը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու տեսակի՝ ծրագրված և տարերային։ Ծրագրված

հայրենադարձությունը պետական մարմինների և սփյուռքյան կառույցների կողմից նախօրոք մշակված և իրականացվող հայրենադարձությունն է։ Տարերայինը անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորային իրավիճակի) ազդեցությամբ, ինչպիսիք են պատերազմները, տվյալ խմբի նկատմամբ իրականացվող բռնությունների ալիքը, բնական կամ տեխնածին աղետները և այլն, սփյուռքի համայնքներից հայրենակիցների զանգվածային ներհոսքն է հայրենիք։ Այս դեպքում հայրենադարձները նույն փախստականներն են՝ միայն այն տարբերությամբ, որ գալիս են ոչ թե օտար, այլ հայրենի երկիր։

Հայաստանի նորագույն պատմության ընթացքում եղել են ոչ ծրագրված՝ տարերային հայրենադարձության ալիքներ, որոնցից որպես առավել խոշորներ կարելի է առանձնացնել երեքը.

1. 1989-91 թթ. ադրբեջանահայության զանգվածային ներհոսքը Հայաստան՝ կապված Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ բնակավայրերի հայկական կոտորածների հետ։ Հայրենադարձության այս տարերային ալիքի հետևանքով Հայաստանում հայտնվեց ավելի քան 300 հազար ադրբեջանահայություն1։

2. 2003թ. իրաքահայության զգալի քանակության ներհոսքը Հայաստան՝ պայմանավորված իրաքա-ամերիկյան պատերազմով։ Այս ալիքի ժամանակ մոտ 1000 իրաքահայեր հաստատվեցին Հայաստանում2։

3. 2011 թ.-ից սկսած սիրիահայության՝ զգալի քանակությամբ ներհոսքը Հայաստան՝ պայմանավորված սիրիական ճգնաժամի, իսկ ավելի կոնկրետ՝ պատերազմի հետ։ Համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների՝ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանել է մոտ 22 հազար սիրիահայ։

Նկատի ունենալով, որ տարերային հայրենադարձության հավանականությունը ոչ հեռավոր ապագայում բավականին մեծ է, կարծում ենք նպատակահարմար կլինի, որ ինչպես պետությունը՝ ի դեմս ՀՀ-ի և ԱՀ-ի, այնպես էլ Սփյուռքի կառույցները որոշակիորեն պատրաստ լինեն դրան։ Դա թույլ կտա մի կողմից՝ սահուն և նվազագույն կորուստներով իրականացնել հայրենադրձությունը (օրինակ՝ հնարավոր ֆորսմաժորային իրավիճակները կանխատեսելու և ժամանակին հայ համայնքներին վտանգավոր շրջաններից դեպի հայրենիք փոխադրելու ճանապարհով), իսկ մյուս կողմից՝ հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու հայրենադարձների խնդիրները Հայաստանում։ Խոսքը վերաբերում է ինչպես սկզբնական շրջանում հայրենադարձների կենսական պահանջները բավարարելու, այնպես էլ ավելի լայն՝ հայ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրման խնդիրներին։

Հարկ է նկատել, որ հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից հայրենադարձության հետ կապված քաղաքակրթական, հոգևոր-մշակութային խնդիրներ մեծ հաշվով չկան։ Որքան էլ տարբեր, այնուամենայնիվ, թե' տեղի հայությունը և թե' հայրենադարձները միևնույն՝ հայկական քաղաքակրթության կրողներն են, ունեն միևնույն հոգևոր-մշակութային կերտվածքն ու արժեհամակարգը։ Խնդիրներն, ա'րդ, ունեն հիմնականում նութական, այն է՝ սոցիալ-տնտեսական և սկզբնական շրջանում՝ որոշակիորեն կենցաղային բնույթ, որոնց

1 Պետրոսյան Ք., Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1988-2001 թթ., Եր., «Գիտություն», 2011, էջ 63։

2 Փաշայան Ա., Իրաքահայ համայնքը՝ նոր մարտահրավերների առջև, http://www.noravank.am/arm/issues/detail.php2ELEMENT ID=2385

- 240 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հաղթահարման նպատակով, կարծում ենք, ՀՀ և սփյուռքյան կառույցների կողմից նպատակահարմար կլինի իրականացնել հետևյալ մի շարք գործնական միջոցառումները ա) հայրենադարձության հիմնադրամի ստեղծում, բ) բարեգործական կազմակերպությունների կողմից հայրենադարձության ծրագրերի իրականացում, գ) Հհ և ԱՀ մշակելի հողատարածքների հաշվառում' դրանք հայրենադարձներին տրամադրելու նպատակով\ դ) հատուկ հարկային քաղաքականություն հայրենադարձների նկատմամբ (հողահատկացումների արդյունքում հողաբաժին ստացած և դրա վրա գյուղատնտեսությամբ զբաղվող սփյուռքահայ ընտանիքներին, ինչպես նաև փոքր բիզնեսով զբաղվողներին ազատում հարկերից 5 տարով), ե) տեղեկատվական աջակցության կենտրոնի ստեղծում1 2, զ) շինարարական քաղաքականության փոփոխություն (էլիտար շենքերի փոխարեն հասարակ և մատչելի շենքերի կառուցում), է) հայրենադարձությանն առնչվող օրենսդրության բարելավում։

Ընդհանուր առմամբ տարերային հայրենադարձության արդյունքում Հայաստան եկած սփյուռքահայերի նկատմամբ պետական քաղաքականությունը, հաշվի առնելով վերջինիս սահամանփակ հնարավորությունները, պետք է հենվի ոչ թե պետության կողմից նրանց նյութական և այլ բարիքներ առատորեն տրամադրելու սկզբունքի, այլ նրանց հնարավորություն տալու վրա, որպեսզի իրենք սեփական աշխատանքի և տաղանդի շնորհիվ ստեղծեն այդ բարիքներն իրենց համար, ինչը, վերջիններիս խնդիրները էականորեն լուծելուց բացի, զգալի նպաստ կբերի նաև երկրին։

Վահրամ Հովյան

ՀԱՏԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Բանալի բառեր՝ Սփյուռք, գոյապահպանություն, արտագաղթ համայնքներից, ինքնություն, խառնամուսնություններ, հայրենադարձություն

Հոդվածը նպատակ է հետապնդում քննության ենթարկել անվտանգության ներկա վիճակը հայկական սփյուռքում և լուծումներ գտնել առկա խնդիրների համար։ Ըստ այդմ՝ խնդիր է դրվում ցույց տալ հայ համայնքների առջև ծառացած

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Այս դրույթը վերցված է իսրայելական հայրենադարձության փորձից։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսը հրեական պետության բացակայության պայմաններում Պաղեստինի ժողովրդագարական յուրացումը հրեաների կողմից տեղի ունեցավ հրեական կապիտալի միջոցով Պաղեստինում հողատարածքների գնման և հրեա ներգաղթյալներին անվճար տրամադրման միջոցով։ Տե'ս Հակոբյան Հ., Տարագիր հայության հայրենիք վերադառնալու պահանջի պատմական ու իրավական հիմքերը, Եր., «Ասողիկ», 2002, էջ 98-99, 101-102: Նման քաղաքականություն եղել է նաև հայկական փորձում: Խոսքը վերաբերում է Ցեղասպանության արդյունքում Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների խնդրին: Ինչպե՞ս լուծվեց Խորհրդային Հայաստանում նրանց խնդիրը, եթե ոչ հողատարածքների հատկացման միջոցով: Կամ մի՞թե նույն կերպ չէր լուծվում 1829-30թթ. Արևմտյան Հայաստանից և Պարսկասանի կազմում մնացած հայկական բնակավայրերից դեպի ռուսական կայսրության կազմի մեջ մտած Արևելյան Հայաստան գաղթած հայերի խնդիրը: Ինչևէ, այս քաղաքականությունը ենթադրում է ա) ՀՀ և ԱՀ տարածքներում անմշակ հողերի հաշվառում, բ) դրանցից առավել մշակելի հատվածների առանձնացում, գ) ըստ անդամների թվաքանակի' դրանց հատկացում հայրենադարձված ընտանիքներին՝ որքան մեծ է ընտանիքը, այնքան շատ է հողաբաժինը սկզբունքով, դ) հողահատկացումը պետք է լինի սկզբնական շրջանում' 5 տարի, անհատույց օգտագործման իրավունքով, իսկ դրանից հետո' հՀ կամ աՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարագայում' սեփականության իրավունքով։

2 ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կողմից դեռևս 2008թ. ստեղծվել և առ այսօր գործում է «Տունդարձ» («Back to Armenia!») համացանցային կայքը (www.backtoarmenia.coml, որը, սակայն, բավարար չէ հայրենադարձների լիարժեք տեղեկատվական ապահովման համար:

- 241 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հիմնական մարտահրավերները և հանդես գալ որոշակի առաջարկություններով դրանց հանդեպ պետության (ՀՀ, ԱՀ) և սփյուռքյան հաստատությունների քաղաքականության վերաբերյալ։

Հայկական Սփյուռքը ներկայում կանգնած է հոգևոր և ֆիզիկական լրջագույն մարտահրավերների առջև։ Ամենավտանգվածը Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն են։ Ստեղծված իրավիճակում պետության և Սփյուռքի կառույցների խնդիրն է հնարավորինս պատրաստ լինել տարերային հայրենադարձության նոր ալիքներին։

Vahram Hovyan

THE SECURITY CHALLANGES OF THE ARMENIAN DIASPORA AND THE PROBLEM OF REPATRIATION

Key words: Diaspora, survival, migration from communities, identity, mixed marriages, repatriation

The purpose of the article is to analyze the present security state in Diaspora and to find settlements for existing problems. According to that, our task is to show the main challenges that Armenian communities face and make some suggestions on the policy of the state (the Republic of Armenia and the Republic of Artsakh) and Diaspora organizations towards them.

Diaspora is now facing serious physical and spiritual challenges. The Armenian communities of the Near and Middle East are the most endangered. In the emerged situation the task of the state and Diaspora structures is to be maximally ready to the new waves of sporadic repatriation.

Ваграм Овян

ВЫЗОВЫ БЕЗОПАСНОСТИ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ И ПРОБЛЕМА РЕПАТРИАЦИИ

Ключевые слова: Диаспора, выживание, эмиграция из общин, идентичность, смешанные браки, репатриация

Цель статьи - проанализировать нынешнее состояние безопасности в Диаспоре и найти решения для существующих проблем. В соответствии с этим ставится задача показать основные вызовы, стоящие перед армянскими общинами, и представить некоторые предложения относительно политики государства (Республика Армения и Республика Арцах) и организаций Диаспоры по отношению к этим вызовам.

Диаспора нынче стоит перед серьезнейшими физическими и духовными вызовами. Самыми уязвимыми являются армянские общины Ближнего и Среднего Востока. В сложившейся ситуации задача государства и диаспоральных структур - быть по возможности готовыми к новым волнам стихийной репатриации.

- 242 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.