Научная статья на тему '«ԼԱՆԿԱ ՊՕՍԹԱՆԻՆ. ՊԱԽԸՃԻ ՊԱՏՈՒԵԼԻ ՄԸ». ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ»'

«ԼԱՆԿԱ ՊՕՍԹԱՆԻՆ. ՊԱԽԸՃԻ ՊԱՏՈՒԵԼԻ ՄԸ». ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ» Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
51
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հակոբ Պարոնյան / «Թատրոն» երգիծաթերթ / «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» / «Մեծապատիվ մուրացկանները» / նորահայտ մանրապատում / երգիծաբան / խոսքի և դրության կոմիզմ / «Դուն» ծածկանուն / երգիծանք

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Ղուկասյան Մարո

Հոդվածում առաջին անգամ վերլուծության է ենթարկվում Հակոբ Պարոնյանի «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» նորահայտ մանրապատումը, որը տարիներ շարունակ մնացել է Կ. Պոլսի «Թատրոն» երգիծաթերթի էջերում (մասնավորապես՝ 1874 թվականի 73-րդ, 74-րդ, 75-րդ, 77-րդ, 79-րդ և 1875 թվականի 84-րդ համարներում) և չի վերագրվել հանճարեղ երգիծաբանին: Հոդվածի նպատակն է գրականագիտական քննության միջոցով ցույց տալ, որ մանրապատումը որոշակիորեն հիմք է ծառայել «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի ստեղծման համար։ Հոդվածի նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ նորահայտ մանրապատումի բովանդակային վերլուծություն, մանրապատումի և վիպակի ընդհանուր գծերի վերհանում (գաղափարական, կերպարային, դիպաշարային)։ Հետազոտության համար կիրառվել է համեմատական մեթոդը՝ զուգադրված տեքստաբանական վերլուծության հետ։ Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը՝ «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի նախահիմքն է․ երկու գործում էլ Պարոնյանը ստեղծել է մեծապատիվ մուրացկանների կերպարներ, որոնք իրենց նվաստ գոյությունը պահպանելու և ապրուստի միջոց հայթայթելու համար դիմում են ստի և կեղծիքի՝ հանդիպելով տգետ և դյուրահավատ աղաների: Ժամանակի ընթացքում երգիծաբանը հղկել է մանրապատումի գաղափարը, հարստացրել կերպարներով, ընդլայնել դիպաշարը՝ գրելով կատարյալ երգիծավիպակ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE NEWLY FOUND SHORT STORY BY HAKOB PARONYAN «THE LANKA POSTANI: AN HONOURABLE PREDICTOR» AS A BASIS FOR THE NOVELETTE «THE HONOURABLE BEGGARS»

In the article, for the first time, the newly found short story - “The Lanka Postani: An Honourable Predictor” by Hakob Paronyan - is analyzed, which remained on the pages of the satirical newspaper “Tatron” (“Theatre”) of Constantinople (particularly in the 73, 74, 75, 77 and 79 issues of the 1874 and the 84th issue of the 1875) and its copyright was never assigned to the brilliant satirist. In parallel, the similarities (ideological, figurative, narrative) that are specific to the short story and satirical novelette “The Honourable Beggars” are presented: in both works, Paronyan created characters of honourable beggars who, meeting with illiterate and gullible merchants, resort to lies and forgery in order to preserve their miserable existence and obtain the means of survival. Factually, “The Lanka Postani: An Honourable Predictor” has become the basis of “The Honourable Beggars”. Over time, the satirist improved the idea of the short story, enriched it with characters and expanded the plot, creating a perfect satirical novelette.

Текст научной работы на тему ««ԼԱՆԿԱ ՊՕՍԹԱՆԻՆ. ՊԱԽԸՃԻ ՊԱՏՈՒԵԼԻ ՄԸ». ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ»»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

«ԼԱՆԿԱ ՊՕՍԹԱՆԻՆ. ՊԱԽԸՃԻ ՊԱՏՈՒԵԼԻ ՄԸ».

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ»

ՎԻՊԱԿԻ ՆԱԽԱՀԻՄՔ*

ՀՏԴ 82.09 DOI: 10.52063/25792652-2022.4.15-167

ՄԱՐՈ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ,

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ավագ մասնագետ, ք. Աշտարակ, Հայաստանի Հանրապետություն maroghukasvan.mg. mg@gmail. com

Հոդվածում առաջին անգամ վերլուծության է ենթարկվում Հակոբ Պարոնյանի «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» նորահայտ մանրապատումը, որը տարիներ շարունակ մնացել է Կ. Պոլսի «Թատրոն» երգիծաթերթի էջերում (մասնավորապես՝ 1874 թվականի 73-րդ, 74-րդ, 75-րդ, 77-րդ, 79-րդ և 1875 թվականի 84-րդ համարներում) և չի վերագրվել հանճարեղ երգիծաբանին:

Հոդվածի նպատակն է գրականագիտական քննության միջոցով ցույց տալ, որ մանրապատումը որոշակիորեն հիմք է ծառայել «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի ստեղծման համար։

Հոդվածի նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ նորահայտ մանրապատումի բովանդակային վերլուծություն, մանրապատումի և վիպակի ընդհանուր գծերի վերհանում (գաղափարական, կերպարային, դիպաշարային)։ Հետազոտության համար կիրառվել է համեմատական մեթոդը՝ զուգադրված տեքստաբանական վերլուծության հետ։

Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը՝ «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի նախահիմքն է. երկու գործում էլ Պարոնյանը ստեղծել է մեծապատիվ մուրացկանների կերպարներ, որոնք իրենց նվաստ գոյությունը պահպանելու և ապրուստի միջոց հայթայթելու համար դիմում են ստի և կեղծիքի՝ հանդիպելով տգետ և դյուրահավատ աղաների: Ժամանակի ընթացքում երգիծաբանը հղկել է մանրապատումի գաղափարը, հարստացրել կերպարներով, ընդլայնել դիպաշարը ՝ գրելով կատարյալ երգիծավիպակ:

Հիմնաբառեր՝ Հակոբ Պարոնյան, «Թատրոն» երգիծաթերթ, «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը», «Մեծապատիվ մուրացկանները», նորահայտ մանրապատում, երգիծաբան, խոսքի և դրության կոմիզմ, «Դուն» ծածկանուն, երգիծանք։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.12.2022թ.:

է 25.10.2022թ., գրախոսվել'

12.12.2022թ., տպագրության

167

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հակոբ Պարոնյանի գրականությունը հետազոտության աներևակայելի մեծ շտեմարան է. երբ թվում է, թե նրա վերաբերյալ արդեն ամեն ինչ ասված և բացահայտված է, թերթում ես երգիծաբանի խմբագրության շրջանում լույս տեսած Կ. Պոլսի «Մեղու» և «Թատրոն» երգիծաթերթերի համարներն ու առերեսվում միտքը պայծառացնող հայտնությունների։ Գրողի՝ խոսքի և դրության կոմիզմի կատարելության հասնելու մղումը, կամա թե ակամա, ստիպում էր նրան մի թեմայի շուրջ շարունակաբար խորհել, նյութն անվերջ հղկել, ու չնայած Մ. Պասմաճյանի այն տեսակետին, թե «արուեստի քիչ մշակող է Պարոնեան» (Բազմավէպ թիվ 6, 275), պետք է փաստել, որ երգիծաբանն աշխատել է մի նյութի վրա բավականին երկար, այլ հարց է, որ որոշ դեպքերում նախնական տարբերակը վերջնական, հղկված տարբերակից այնքան է տարբերվում, որ միայն խորազնին դիտողականությամբ է հնարավոր դառնում գտնել ընդհանուր կապը։ Ասվածը մասնավորապես վերագրելի է Հակոբ Պարոնյանի «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» նորահայտ մանրապատումին, որը, տարիներ շարունակ մնալով Կ. Պոլսի «Թատրոն» երգիծաթերթի էջերում, չի համարվել Պարոնյանի գրչի ծնունդ և դուրս է մնացել երգիծաբանի գործերի հետազոտական տիրույթից։ Մանրապատումի քննությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն հիմք է ծառայել երգիծաբանի հանճարեղ գործերից մեկի՝ «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի ստեղծման համար. երկու դեպքում էլ գործ ունենք մեծապատիվ մուրացկանների հետ, որոնք փորձում են դրամ կորզել աղաներից իրենց նվաստ գոյությունը պահպանելու համար: Այլ կերպ ասած՝ «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը եղել է վիպակի մտահղացման նախնական դրսևորումը փոքր կտավի վրա։

Պարոնյանի երգիծանքն այնքան ինքնաբուխ և անմիջական է, որ վերլուծելիս խորթ է թվում այնպիսի գրականագիտական հասկացության գործածումը, ինչպիսին «մտահղացումն» է, քանի որ այն ենթադրում է ստեղծագործական ընթացքի որոշակի կանխամտածվածություն։ Ահա ինչ է գրում ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը. «Ստեղծագործական աշխատանքը սովորաբար սկսվում է ապագա երկի մտահղացումից, որը ծնվում է կյանքը դիտելու, նրա մասին խորհելու ընթացքում։ Մտահղացումն արդեն գրողի աշխարհայացքի, գեղարվեստական սկզբունքների և կենսափորձի արդյունքն է, այն իր մեջ պարունակում է ապագա երկի նյութն ու գաղափարը, նրա զարգացման պլանը՝ հիմնական գծերով» (Ջրբաշյան 149)։ Ռուս տեսաբան Վիկտոր Պախոմովն էլ իր «Գրքարվեստ» գրքի առաջին հատորում, խոսելով առհասարակ մտահղացման մասին, նկատում է. «Մտահղացման պահը ստեղծագործական որոնումների, կերպարների կանխազգացման և կանխատեսման պահն է՝ հրաշաւի հղացմամբ, սքանչելի իրենց անավարտ կատարելությամբ» (Пахомов 27):

Ստեղծագործական որոնումների նման մի պահի ծնունդն է Հակոբ Պարոնյանի «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը։ Այն հատվածաբար լույս է տեսել Կ. Պոլսի «Թատրոն» երգիծաթերթում 1874 թվականի 73-րդ, 74-րդ, 75-րդ, 77-րդ, 79-րդ և 1875 թվականի 84-րդ համարներում։ Միայն 1875 թվականի 84-րդ համարն է լույս տեսել «Դուն» ծածկանունով, մյուսներն անստորագիր են։ Ուշարժան է, որ 84-րդ համարի շարադրանքի սկզբում իբրև նախորդ համար նշվում է 82-րդը, սակայն մեզ հասանելի 82-րդ համարում այդ վերնագրով մանրապատում չկա։ Ըստ ամենայնի, սա թերթի տպագրական վրիպակներից է։

168

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

«Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» նորահայտ մանրապատումը և «Մեծապատիվ մուրացկանները» վիպակը, զուգահեռներ

«Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը Պարոնյանի որևէ ժողովածուում երբևէ չի ընդգրկվել, այն չի վերագրվել երգիծաբանին։ Պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի մանրախույզ բացահայտումներով անառարկելի փաստ է դառնում այլևս, որ «Դուն» ծածկանունով (ինչպես նաև մյուս դերանուն-ծածկանուններով) գրված մանրապատումներն ու երկերը Պարոնյանի հեղինակածն են, հետևաբար սույն հոդվածում այս հարցին չենք անդրադառնա (Մակարյան 227240)։

Որպես նորահայտ գործ, որը Պարոնյանի որևէ հատորում երբևէ չի ներառվել, հարկ ենք համարում մանրամասն ներկայացնել պատումի բովանդակությունը՝ զուգահեռաբար ընդգծելով «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի հետ ունեցած առնչությունները, որոնք այս երկու գործերի միջև առկա կապի մասին եզրահանգման հիմք դարձան։

Փորձենք հասկանալ նախ վերնագիրը. Լանկա Պօսթանին Մարմարա ծովի ափին գտնվող նավահանգիստ է, որի տարածքում էլ ծավալվում են նկարագրվող դեպքերը։ Վերնագրի երկրորդ բաղադրիչ մասի «պախըճի» բառը թուրքերեն է և նշանակում է գուշակ, կախարդ, հետևաբար՝ մի պատվելի գուշակ։ Հատկանշական է, որ «պատուելի» բառի բառարանային բացատրության մեջ «հարգելի, պատվարժան, ուսուցչի հարգական դիմելաձև» իմաստներից բացի նշվում է, որ Արևմտահայաստանում այն գործածվում է նաև որպես հայ կաթոլիկ կրոնավորի մակդիր։ Դժվար է ասել՝ արդյոք Պարոնյանն այսպիսով արտահայտել է իր' մեզ արդեն հայտնի դիրքորոշո՞ւմը հոգևորականության նկատմամբ, թե՞ նկատի է ունեցել ուսուցչություն անելու ընթացքում կերպարին ուղղված դիմելաձևը, որի մասին գրում է պատումի հենց սկզբում նրան ներկայացնելիս. «Այս ալևոր անձը եօթսունամեայ բարեպաշտ և ջերմեռանդ ոմն է: Անունը մեծիմաստ պատուելի է, զի ժամանակաւ դասատուութեան ամենափափուկ պաշտօն ալ կատարած է: Ամեն գիշեր երազ կը տեսնէ, յերազի՝ սրբոց պատկերաց կանթեղներուն միշտ ձէթ կը լեցնէ: Աստուած ընդունելի արասցէ, մեծիմաստ պատուելիին որպիսի սրբազան երազներուն արժանաւոր հանդիսացած ըլլալուն ըսելիք մը չունիմք» (Թատրոն, թիվ 73): Հետագա շարադրանքը հիմք է տալիս ենթադրելու, որ հեղինակը գուցե երկուսն էլ փորձել է արտահայտել. ուսուցչության ընթացքում «պատուելի» հռչակված մեկը և հոգևորից հեռու, հոգևոր էությամբ ներկայացող անձ, որը շատ բնորոշ էր Պարոնյանի ժամանակի հոգևորական դասին և ենթարկվել է նրա գրչի հարվածներին։

Չնայած մանրապատումի վերնագիրը հայտնում է, որ խոսքը մեծապատիվ և հարգարժան մեկի մասին է լինելու, սակայն չունի այնպիսի ազդու ներգործություն, ինչպիսին ունի «Մեծապատիվ մուրացկանները», որն առավել քան խոսուն է և պարունակում է գալիք տեքստի կոդը։ Կայուն կապակցություն դարձած այս օքսիմորոնը վաղուց արդեն իր կիրառությունն ունի մեր խոսքում։ Նկատենք, սակայն, որ երկու վերնագրերում առկա է նույն արմատը՝ պատիվ (պատվելի, մեծապատիվ)։

«Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը»-ի պատվելի գուշակը տարատեսակ կանխատեսումներ է անում և գումար կորզում մարդկանցից՝ ներկայացնելով իրեն իբրև ի վերուստ օժտված մեկը. գուշակություններ է անում նաև բորսայի թվերի աճի ու նվազման վերաբերյալ, գանձեր է գտնում զանազան վայրերում և «ահա այս գանձագտութեան շնորհիւն այս անգամ զգեստները վերանորոգած և անցեալ տարուանէ աւելի պատկառելի դէմք մ՛առած է» (Թատրոն, թիվ 73): Ուսուցչի «պաշտօնը» զբաղեցրած յոթանասունամյա ալևորը ստիպված է կեղծ գուշակություններ անել և հոգալ իր ապրուստը: Իր «մարգարեական շնորհքով» նա արդեն հասցրել է մի քանի տարի առաջ Բերայում մեծ տուն կործանել, որից հետո այլևս այն կողմերում չի երևում, այլ շրջում է Լանկայում և Կալաթայում։

169

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Պատվելի գուշակը մեծապատիվ մուրացկանների պես (բանաստեղծ, թերթի խմբագիր, միջնորդ կին, բժիշկ, ուսուցիչ, լուսանկարիչ և այլք) իր գոյությունը քարշ տալու և առօրեական կարիքները հոգալու համար է դիմում կեղծիքի և փող շորթելու հնարքներ մոգոնում։ Նա այդ քայլին չի գնում վաշխառուական մղումներից ելնելով, որքան էլ որ դա արդարացման եզրեր չունի և չի էլ արդարացվում Պարոնյանի կողմից։ Նա արցունքախառն աչքերով է մտրակում այս անընդունելի իրողությունը, չէ՞ որ ինքն էլ մտավորականության ներկայացուցիչ էր, որը, սակայն, հանուն նյութական բարիքների երբեք չփոխեց բարոյական իր նկարագիրը. «Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն՝ ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան ժամանակիս գրական մարդոց ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը» (Պարոնյան Հ. 3, 101)։

Պարոնյանը պատումի հեղինակային խոսքում ամեն անգամ մի նոր մակդիր է գործածում բնութագրելու համար պատվելիին՝ թաքուցյալ հեգնանքով ավելի շեշտելով այդ բառերի և նրա էության խիստ անհամապատասխանությունը՝ մեծիմաստ պատուելի, երկնամերձ պատուելի, գանձագիւտ պատուելի, պերճիմաստ պատուելի, մարգարէ պատուելի, հրաշագործ պատուելի, հրեշտակացեալ, վերացեալ պատուելի։ Նա իբր առանց որևէ ակնկալիքի գուշակություններ է անում և շարունակ խաբում իրեն հավատացողներին։ Զավեշտի, հեգնանքի տարրերով է հագեցած հետևյալ հատվածը. «Մարգարէ պատուելին այս մարդածին թղթոց շնորհիւն յառաջ գալիք շահէն ամենևին ակնկալութիւն մը չունի, զի իր բարեպաշտական և ամենամաքուր սրտով կը կամենայ որ ամենայն շահ և օգուտ իրեն հաւատացելոցն ըլլայ, և ինքը մի միայն ’ի շնորհաբաշխել լուսածին թղթոց մէկ մէկ լիրա իբր նուէր կընդունի» (Թատրոն, թիվ 73):

Կալաթայում սկսում է հաճախել մի բարեպաշտի խանութ և պատմում է իր գիշերային երազներն ու հրաշագործությունները։ Խանութի տերը հարցնում է նրան, թե հնարավո՞ր է արդյոք, որ Լանկայի իր տանը թաքնված գանձեր լինեն, քանի որ տունը հինավուրց է, որին ի պատասխան գուշակն ասում է. «-Ես այդ ամենակարևոր գործոյն համար շատոնց ի վեր ձեր յարգութեանը գաղտնապէս պիտի ըսէի սակայն յարմարաւոր առիթ մը չեղաւ: Եվ քանի որ ձեր յարգութիւնըն այսօր այսպիսի հաւանական հարցում մը կընէ նէ' այդ հարցումը ձեր յարգութեանն ընել տւողը մի միայն վերին նախախնամութիւնն է, և ասոր ալ ապացոյց երեք անգամ իրարու վրայ տեսած սքանչելի երազս է» (Թատրոն, թիվ 74): Այսպես, ահա, մոլորեցնում է էֆենտիին, թե իբր ճերմակ մորուքով ամենափառավոր սուրբը, որը կա՞մ Գրիգոր Նարեկացին էր, կա՞մ Գրիգոր Լուսավորիչը, հայտնվել է իրեն և ասել աղայի տան մեջ գտնվող գանձի մասին։ Երբ աղան հարցնում է, թե ինչ է անհրաժեշտ գանձը գտնելու համար, պատվելին պատասխանում է, որ մեծ ծախսեր է պետք անել «հըրեշտակաց դասը հրաւիրելու», «քառասուն օր տիւ ու գիշեր ծօմապահութիւն և աղօթք ընելու», խունկ ծխելու «’ի հրաւէր և յընդունելութիւն երկնային լուսաւոր մարմնոց»: Աղան ասում է, որ, թեպետ հիմա անհրաժեշտ գումարը չունի, պատվելին անհոգ լինի. պատվելիի օգնականը, որը հիշատակվում է «Պարոն...» ձևով, համապատասխան գործարքներից կհայթայթի հարկ եղած գումարը և կհանձնի նրան։ «Պարոն...»-ը, օգտագործելով առիթը, փորձում է իր հերթին գումար կորզել. մաս է պահանջում «ելնելիք ահագին գանձէն» պայմանով, որ մարդ չիմանա։ Այս հատվածում է, որ երկխոսության մեջ ներթափանցում է հեղինակային խոսքը՝ որպես արտադիպաշարային տարր' «(Բաց ’ի Թատրոնէն)» նշվում է փակագծում։ Հիշենք, որ «Մեծապատիվ մուրացկաններ»-ում նույնպես կան արտադիպաշարային տարրեր (անդրադարձը իր ստեղծագործական ուղղության ընտրությանը, գրական նյութի բովանդակությանը, կերպավորմանը և այլն) (Կեանքը եւ վէպի ընդգրկումները. ազդեցութիւններ եւ զարգացման ուղենիշներ 73-84)։

170

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Ո՞վ է Թատրոնը, եթե ոչ Պարոնյանն ինքը, որի աչքից ոչ մի մոլություն, ոչ մի արատավոր երևույթ չէր վրիպում, որքան էլ թաքնված և անտեսանելի լիներ: Մ. Պասմաճյանը գրում է. «Մոլութիւնները կը գտնէ – և այդ բանին համար ուղիղ խղճմտանքի տէր մարդու գերազանց հոտառութիւն մ՚ունի – և երբ գտած է զայն, ինք փոխանակ անոր դէմ կռուելու, անոր վրայ կը ծիծաղի միայն։ Եւ իր ծիծաղին մէջ չենք գտներ ատելութեան կամ անգթութեան այն տխուր ու կարծր արտայայտութիւնը, և ըսածիս շօշափելի ապացոյց մը կրնայ համարուիլ այն հանգամանքը որ Պարոնեան երբէք թշնամիներ չէ ունեցած. այդ ծիծաղը քիչ մ՚աւելի խածնող կը դառնայ երբ հեղինակը իւր գիւտին կատարեալ գիտակցութիւնն ունի, և կ՚ուզէ ըսածը դիմացինին զգացնել» (Բազմավէպ թիւ 7, 313-314): Թատրոնն իբրև կերպար մուտք է գործում պատումի մեջ որպես Պարոնյան երգիծաբան, որպես անաչառության ձայն, որն ամենուրեք հետապնդելու է պատվելի մուրացկաններին։ Թատրոնը հաջորդ անգամ հիշատակվում է, երբ պատվելիի օգնականը գալիս է տեսնելու, թե արդյոք գուշակը գտե՞լ է գանձը, և բերում է աղայի տված 2000 լիրան, որից 300 լիրան արդեն հասցրել է ծախսել և խոստովանում է. «-Ճանըմ պատուելի, հրամանոցդ բան մը պիտի ըսեմ խոստովանաբար, և այս ըսելիքս ալ Թատրոնէն զատ մարդ չիյտէ:

Հրամանոցդ... աղային կողմէն ինչպէս որ իրիկունէ գիտէք 2000 հատ լիրա բերի վասն ծախուց անուշահոտ նիւթոց, բայց ինծի 300 լիրայի չափ գումար մը սա միջոցիս շատ պէտք եղաւ, ժամանակս ալ խիստ նեղ է ուրիշ տեղէ մը առնելու համար: Ուստի՝ քանի որ դուք ալ այս ծախքը մէկէն ’ի մէկ չի պիտի ընէք և մինչև քառասուն օր հետզհետէ պիտի լրացընէք նէ' ձեզի 1700 լիրա տամ տէ' կարելի է նոյն մնացած 300 լիրան մէկ ամիսէ մը ձեզի կուտամ: Հրամանքնիդ եթէ... աղան կարելի է տեսնելու ըլլաք նէ' 2000 լիրա ասի ըսէք» (Թատրոն, թիվ 77): Վերջինս գումար է յուրացնում ինչպես պատվելիից, այնպես էլ աղայից։ Պատվելիի հետ համաձայնության է գալիս, որ թույլ չի տա աղան այցելի նրան և տեսնի, թե ինչպես է աղոթքներով ու ծոմապահությամբ գանձը դուրս բերելու, քանզի դա իցե թե խանգարելու է գործի ընթացքին: Գուշակի պատճառաբանությունն առավել քան զավեշտալի և ստահոդ է . «-Չէ է է է', իշտէ տեսա՞ր մի, ատ չեղաւ, որովհետև, ես այն երկնային մարմնոց հրաւէրին միջոցին լուսեղէն անձ մը կըլլամ և կանմահանամ, ուստի' այն դրախտային վայրին լուսեղէն շրջանին մէջ, թէ և մաքուր մաքրասիրտ, բայց մարմնաւոր անձի մը ներկայութիւնը լուսեղէն մարմինները շուտով կը փախցնէ և գանձը աւելի խորն իջեցնելու պատճառ կըլլայ» (Թատրոն, թիվ 77): Չորս ամիս հետո աղային է ներկայանում գուշակը և հայտնում, որ իր բոլոր ջանքերը զուր անցան, քանի որ աղան շտապել է և այդպիսով ջուրը գցել իր ամբողջ չարչարանքը. «աճէլէ եղած գործին» (շտապողական գործի) մեջ սատանան է մտնում և խանգարում։ Գուշակը պատմում է իր գործադրած ջանքերի մասին, որը միմիայն ծիծաղ է առաջացնում. «Ի՞նչ հասկցար, որ ամբողջ չորս ամիս է, ծօմապահութենէն ստամօքսս թութխալ դարձաւ, բերանս անդադար աղօթիւք չորացաւ և այն անուշահոտ ծանրածին նիւթերուն գրեթէ մեծ մասը զուր տեղը բուրուեցան, քանզի հրամանքդ մտքէդ աճէլէ ես անցուցեր, մէկէն ի մէկ երկնային անմահ մարմինները աներևոյթ եղան մաքուր աղօթարանիս բուրաստանէն և սատանան տնկուեցաւ, թէպէտ և վռնտեցի և հալածեցի գարշելին բայց ի՞նչ օգուտ գործը խանգարուեցաւ: Հրեշտակաց բնակարան ըսելն իքէն սատանայից հանգստարան դարձաւ» (Թատրոն, թիվ 79): Հաջորդում է աղայի արձագանքը, թե պետք էր սատանային ծեծել և ոսկորները կոտրել: Մարդկային անգիտությունը, միամտությունն ու դյուրահավատությունը նրա զրկանքների պատճառ են դառնում: Գուշակը նրան համոզում է, որ միայն վարդայուղով (կիւլ եաղի) կարելի է ազատվել սատանաներից, այլ յուղերով նրանց վրա ներգործել հնարավոր չէ։ Աղան ձեռնամուխ է լինում թանկարժեք յուղը գտնելուն: Պատվելիի խնդրանքով նա այս մասին որևէ մեկին չպետք է պատմեր՝ «չէ նէ բոլոր զահմէթնիս և ծախքերնիս պօշը կերթայ» (Թատրոն, թիվ 79) (հակառակ դեպքում իրենց բոլոր ջանքերն ու ծախսերը ապարդյուն կլինեն): Պարզվում է, սակայն, որ աղան գաղտնիք պահել չգիտի

171

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

և այս մասին պատմում է բոլոր այն մարդկանց, որոնց դիմում է վարդայուղ գնելու անհրաժեշտ գումարը խնդրելու համար։ Եվ, ահա, այս մարդիկ ասում են նրան, որ խաբվել է։ Գուշակը, բնավ չընկրկելով, գործի ձախողման ամբողջ մեղքը բարդում է աղայի վրա, որը շատերին պատմեց եղելությունը և հեռացրեց իրենից հաջողությունը։

Մեծապատիվ մուրացկանները ևս չեն ցանկանում, որ աղաներն այլ անձանց պատմեն իրենց հետ ունեցած զրույցը, որպեսզի չբացահայտվի իրենց նսեմացած արժանապատվությունը, թերթի խմբագիրն ասում է Աբիսողոմ աղային. «—Ինձ հետ ձեր այս ունեցած տեսակցությունն ալ ուրիշի մի զրուցեք, վասնզի տեսակ մը բախտախնդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն» (Պարոնյան Հ, 3, 13): Այս տողերում հեղինակն ակնարկում է ինքն իրեն. ո՞վ էր «բանդագուշական կենսագրություններ» գրողը, եթե ոչ Պարոնյանը, ով իր գործունեությամբ դեմ էր խմբագիրների այսօրինակ վարքագծին: Ինչպես մանրապատումում ակնարկվում է Թատրոնը, այնպես էլ «Մեծապատիվ մուրացկանները» վիպակում' Պարոնյանը:

Ամենավերջում կրկին հիշատակվում է Թատրոնը, գուշակն ասում է, «Ասիկայ անանկ բան մըն է քի Թատրոնը իմացածին պէս' գործը մեռաւ ըսել է» (Թատրոն, թիվ 84):

Այդպիսին է Թատրոնը' ի դեմս Հակոբ Պարոնյանի, ամեն տեսակ պարսավելի երևույթի դեմ անզիջում պայքարող, սրատես և անվախ։ Այս մանրապատումում, ինչպես և «Թատրոն» երգիծաթերթում առհասարակ, անձնավորված է Թատրոնը' նրանից զգուշանում, երկյուղում են կերպարները, սակայն երբեք չեն չարանում նրա դեմ' գիտակցելով հանդերձ, որ գաղտնի որևէ անազնիվ արարք գործելը չի վրիպելու նրա աչքից: Պարոնյանի հայացքից իսկապես ոչինչ դուրս չէր մնում, տեսնում էր մարդկային հարաբերությունների խոցերը, իրականության մոլախոտերը, պատկերում դրանք «կյանքն ինչպես որ է» սկզբունքով և արթնության ու ապաշխարության ահազանգ հնչեցնում իր գրով: Մատթեոս Մամուրյանը' նույն ինքը Շահնուրը, երգիծաբանի մահվան կապակցությամբ գրած իր խոսքում ասում է, «Իր գրիչը մերթ մտրակ մ’էր որ կ՚արիւնէր ընկերային թագուն վէրքեր, մերթ մահակ մ՛որ կ՚ջախջախէր ամպածրար գըլուխներ, մերթ սուր մ՛որ հայութեան մարմնոյն փտած մասերն կ՚ջարդէր, միշտ ուղղութեան և ճշմարտութեան քարոզ երևելով, և բարոյական հիւանդութեանց սպեղանի մը ցոյց տալով» (Արեւելեան մամուլ 279):

Թատրոնի հիշատակությունը բնորոշ է Պարոնյանի շատ

հրապարակախոսական հոդվածներին, ակնարկներին: Սա ևս մեկ ապացույց, որ մանրապատումը Պարոնյանի ձեռագիրն է կրում: Այսպես, «Լա պել Էլեն» հոդվածում կարդում ենք. «Ընթերցո՞ղ, քեզի նոր խոսք մը ըսե՞մ, այսինքն անանկ խոսք մը, որ մինչև հիմա ո՞չ ըսված ըլլա և ո՞չ ալ լսված»:

-Ըսե՞, Թատրոն, ըսե՞, ուրախությամբ մտիկ կ՛ընենք, որովհետև նոր խոսքերու կարոտ մնացած ենք:

-Շատ աղեկ, ընթերցո՞ղ, շնորհակալ եմ, որ իմ նոր խոսքս լսելու պատիվն պիտի ընեք ինձ: Իմ ըսելիք նոր խոսքս սա է, որ թատրոնը բարոյական դպրոց մ՚է» (Պարոնյան Հ, 9, 170): Թեպետ այստեղ խոսքը թատրոնի' իբրև ներկայացման բարոյական ներգործող ուժի մասին է, սակայն ինքնին հասկանալի է, որ բառախաղով ակնարկվում է նաև «Թատրոն» երգիծաթերթի բարոյական դպրոց լինելը:

«Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումի սյուժեին ծանոթանալով' ուրվագծվում է զուգահեռների այն շղթան, որն առկա է նրա և «Մեծապատիվ մուրացկանները» երգիծավիպակի միջև:

Ե՞վ «Մեծապատիվ մուրացկաններ»-ում, և՞ այստեղ կան ինչպես շատ երկխոսություններ, այնպես էլ հեղինակային խոսք' արտադիպաշարային տարրերով, թեպետ եթե առաջինում ընթերցողի հետ բացահայտորեն զրույց է սկսում Պարոնյանն ինքը' իբրև հեղինակ, ապա մանրապատումում, հրապարակախոսական հնարք կիրառելով, գլխավորապես ներկայանում է որպես «Թատրոն»:

172

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Ինչպես մեծապատիվ մուրացկանները (բացառությամբ մի քանիսի' Աբիսողոմ աղա, միջնորդ կին Շուշանիկ, թաղականի գործերով զբաղված Մանուկ աղա, պատկերահան Դերենիկ), այս մանրապատումի կերպարները ևս անուն չունեն (պախըճի պատուելի մը, աղա, Պարոն...), որով ընդգծվում է նրանց տիպականությունը։ Մանրապատումը չունի իրադարձությունների և կերպարների այն առատությունը, որն ունի վիպակը. սա ժանրային առումով միանգամայն պատճառաբանված է։

«Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը զերծ է կերպարաստեղծման այն արտահայտչականությունից, կոմիզմից և գաղափարական ողբերգականությունից, որն ունի վիպակը։

Երկու գործում էլ մեծապատիվ մուրացկաններն ասես իրենք հավատում են իրենց ասածին՝ ընդունելով աղաների տգիտության հետևանքով ստեղծված իրականությունը (գուշակը աղոթքներով և ծոմապահությամբ գանձը գտնելը ստանձնելով, բանաստեղծը' երկու ոսկիով մուսայի գալն արագացնելով): Թե' «Մեծապատիվ մուրացկաններ»-ի, թե' «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումի աղային բնորոշ են տգիտությունը և դյուրահավատությունը։ Համեմատենք Աբիսողոմ աղայի խոսքերը մուսայի վերաբերյալ և մանրապատումի աղայի խոսքը սատանային վռնդելու մասին.

«-Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը... ուսկի՞ց պիտի գա... ըսե, որ ճանբա մը մտմտանք ու բերել տանք... Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞:

-Այո', երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա,- պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես:

-Գրե' ուրեմն իրեն, իմ կողմես ալ հատուկ բարևներ ըրե' և ըսե', որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կ’ուզե» (Պարոնյան Հ. 3, 36): («Մեծապատիվ մուրացկանները»)

«-Պատուելի, պարէ աղէկ մը թող ծեծէիր, ոսկորները կօտրտէիր որ մէյ մըն ալ չիգար» (Թատրոն, թիվ 79): («Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը»)

Եթե վիպակում Աբիսողոմ աղան մեծապատիվ մուրացկանների կողմից մինչև վերջ («բուրդ ու բապուճ փախավ մայրաքաղաքես») (Պարոնյան Հ. 3, 101) ենթարկվում է հետապնդման, ապա մանրապատումի աղան, լսելով շրջապատի մարդկանց հորդորները, թե խաբվել է, փոքր-ինչ շրջահայաց է դառնում: Վերջինս այնքան հարստություն չունի, որքան Աբիսողոմ աղան. «-Պատուելի, ստակին համար պէտք եղաւ որ... ին ըսեմ, ան ալ ...ին ըսեր է հիմայ ելեր կըսեն կոր քի՝ քեզի խաբեր են, աճապա կիւլ եաղիսիզ բան մը չե՞ս կրնար ընել պատուելի: Թող ըլլայ տէ քիչ մը երկար ու դժուար ըլլայ ի՞նչ ընենք բան մը քի' ստակ առնելու ուրիշ տեղ մը չունիմ» (Թատրոն, թիվ 84):

Եզրակացություն

Ամփոփելով ասվածը' կարելի է փաստել, որ «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը հիմք է դարձել «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի ստեղծման համար, թեպետ գեղարվեստականությամբ, խոսքի և դրության կոմիզմի սրությամբ անհամեմատելիորեն զիջում է վիպակին, որի կատարյալ շարադրանքում մեծ ցանկության դեպքում անգամ մեկ ավելորդ բառ կամ ձևակերպում գտնել հնարավոր չէ:

Այսպես ահա, 1874-75 թվականներին հղացած փոքր կտավի երկը դառնում է հինգ տարի հետո գրված անթերի երգիծավիպակի հիմք: «Մեծապատիվ

մուրացկանները» առաջին անգամ լույս տեսավ «Լույս»-ի 1880 և 1881 թվականների համարներում' պրակ առ պրակ: Առանձին գրքով առաջին հրատարակությունը 1887

173

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

թվականին է եղել (Պարոնյան Հ. 3, 401): Տարիների խմորումից հետո միայն ստեղծագործական կատարելության ճանապարհին երգիծաբանը գտավ իր ասելիքն արտահայտելու գեղարվեստական ճիշտ ձևը և բովանդակությունը՝ փոքր կտավից անցում կատարելով համեմատաբար ավելի ընդգրկուն պատկերի, ստեղծելով ավելի շատ կերպարներ՝ այդպիսով հարստացնելով դիպաշարը և ասելիքը։

Մտահղացումից մինչև գաղափարի իրագործում երկար ճանապարհ է։ Հակոբ Պարոնյանն անցել է այդ ճանապարհն այնքան աննկատ, որ մինչ օրս գզրոցներում է մնացել «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը, մանրապատում, որում շատ ավելի լսելի է հրապարակախոս, քան երգիծաբան Պարոնյանի ձայնը, սակայն հենց առաջինը հասունացրեց և ծնունդ տվեց երգիծաբան Պարոնյանին։

Տարիների փորձը, մտահորիզոնի, աշխարհայացքի ընդլայնումը, աշխարհաճանաչությունն օգնում են գրողին տեսնել և պատկերել ավելին, իսկ համաշխարհային գրականությանը ծանոթ լինելը՝ նպաստում գրի

կատարելագործմանը։ Ռուս գրաքննադատ Յուրի Վեսելովսկին, խոսելով Պարոնյանի ստեղծագործության, մասնավորապես՝ «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի վրա Մոլիերի գրականության ազդեցության մասին, ընդգծում է. «Անկախ այս ամենից՝ Պարոնյանն օժտված էր երգիծելու բնատուր տաղանդով՝ զուգակցված մեծ դիտողականության և մշակութային առաջատար հայացքների հետ» (Веселовскш 63): Երգիծաբանի համար միայն բնատուր տաղանդը դեռ բավական չէ. անհրաժեշտ է նաև, որ գրողը զգա ընթերցողին: Պարոնյանը զգում, տեսնում էր իր ընթերցողներին, լսում նրանց ձայնը, ինչպես մենք ենք այսօր դարերի հեռավորությունից լսում նրա բարձր ծիծաղը՝ արցունքով լցված աչքերով: Արսեն Տերտերյանը գրում է. «Իր խոշոր երգիծական տաղանդի հետ միասին Պարոնյանը նաև գրել գիտեր, նրա մեջ ձևի զգացմունքն էլ շատ շեշտված էր և ամեն նոր նյութի համար նոր ձև որոնելու հակումը առկա էր. նա ևս գիտեր կենտրոնացնել նյութը և ընթերցողին կամ հանդիսատեսին լարված պահել: Նա ոչ միայն ուսումնասիրել էր գրական պրիոմները — դա սոսկ նրա պոետիկայի մի մասն էր — այլև դրանց ազդեցությունը ընթերցողի վրա» (Տերտերյան 378):

Ընթերցողի վրա ազդելու համար է, որ «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումի ոչ այնքան ներգործուն կերպարները և իրավիճակները, հասունանալով գրողի գրչի ներքո, անհրաժեշտ սրություն, կոմիզմ և միաժամանակ դրամատիզմ ստացան: «Պատուելի պախըճի մը»-ն, «Պարոն...»-ը նույն մեծապատիվ մուրացկաններն են. ստում են, կեղծում հանուն նյութական չնչին բարեկեցության: Ուրիշ է նրանց կերպավորած Պարոնյանը:

Ամեն նյութի համար համապատասխան ձև ընտրել գիտեր և այդ ամենը հիմնավորել, ինչպես անում է «Մեծապատիվ մուրացկաններ»-ի դեպքում. «Կը խոստովանիմ, որ եթե սույն նյութը Օվրատիոս առներ, երգիծանք մը կը շիներ, և եթե Մոլիեր ձեռք անցուներ, կատակերգություն մը կը հորիներ. բայց մենք, որ ապրելու պետք ունինք, ստիպված ենք ժամանակին հարմարիլ, շատ անգամ բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ շինելով» (Պարոնյան Հ. 3, 83):

«Բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ» դառնալու ճանապարհին «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը մի ինքնատիպ ելակետ է՝ երգիծանքի անգերազանցելի ուղին սկսելուց առաջ դույզն-ինչ դադար առնելու, անելիքները եզրագծելու և ապա նորից ճամփա ընկնելու, ճանապարհ, որը կանխորոշեց բացառիկ երգիծաբանի անմահության ուղին:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Արեւելեան մամուլ. ամսաթերթ ազգային և քաղաքական, 21-րդ տարի, 1891, Յունիս, Զմիւռնիա, Տպագրութիւն Մամուրեան, 288 էջ:

174

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

2. «Բազմավէպ» հանդիսարան. ամսագիր, Վենետիկ, Սուրբ Ղազար, տարի ԾԸ (1900), Յունիս, թիւ 6:

3. «Բազմավէպ» հանդիսարան. ամսագիր, Վենետիկ, Սուրբ Ղազար, տարի ԾԸ (1900), Յուլիս, թիւ 7։

4. Թատրոն, Կ. Պոլիս, 1874, թիվ 73, դեկտեմբերի 24:

5. Թատրոն, Կ. Պոլիս, 1874, թիվ 74, դեկտեմբերի 25:

6. Թատրոն, Կ. Պոլիս, 1874, թիվ 77, դեկտեմբերի 28:

7. Թատրոն, Կ. Պոլիս, 1874, թիվ 79, դեկտեմբերի 31:

8. Թատրոն, Կ. Պոլիս, 1875, թիվ 84, հունվարի 10:

9. Կեանքը եւ վէպի ընդգրկումները, ազդեցութիւններ եւ զարգացման ուղենիշներ (միջազգային գիտաժողովի նիւթեր). Երևան, 2022։

10. Մակարյան, Ալբերտ, Կրկին Պարոնյանի հետ, Երևան, Անտարես, 2018, 312 էջ։։

11. Պարոնյան, Հակոբ. Երկերի ժողովածու տասը հատորով, Հատոր 3, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1964, 423 էջ:

12. Պարոնյան, Հակոբ. Երկերի ժողովածու տասը հատորով, Հատոր 9. Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, 392 էջ:

13. Ջրբաշյան, Էդվարդ. Գրականության տեսություն, 5-րդ վերամշակված և լրացված հրատարակություն. Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1980, 496 էջ։

14. Տերտերյան, Արսեն. Հայ կլասիկներ. Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1944, 907 էջ։

15. Пахомов, Виктор. Книжное искусство, книга первая «Замысел оформления». Москва, Государственное издательство «Искусство», 1961,424 с.

16. Веселовсш, Юрш. Очерки армянской литературы и жизни. Армавиръ, Типографiя М.С. Мурадова, 1906, 133 с.

WORKS CITED

1. Arewelean mamul, amsat'ert' azgayin ev qaghaqakan, 21-rd tari, 1891, Yunis, Zmiwr'nia, Tpagrut'iwn Mamurean, 288 e'j. [Eastern Press, Smyrna]. (In Armenian)

2. «Bazmave'p» handisaran, amsagir, Venetik, Surb Ghazar, tari C'Y' (1900), Yunis, t'iw 6. [Bazmavep, Venice]. (In Armenian)

3. «Bazmave'p» handisaran, amsagir, Venetik, Surb Ghazar, tari C'Y' (1900), Yulis, t'iw 7. [Bazmavep, Venice]. (In Armenian)

4. Jrbashyan, E'dvard. Grakanut'yan tesut'yun, 5-rd veramshakvac' ev lracvac' hratarakut'yun. Erevan 1980. [Theory of Literature, Yerevan]. (In Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Keanqy' ew ve'pi y'ndgrkumnery'. azdecut'iwnner ev zargacman ughenishner (mijazgayin gitajhoghovi niwt'er). Erevan, 2022. [Life and the scope of the novel: Consequences and Milestones of Development, Yerevan]. (In Armenian)

6. Makaryan, Albert. Krkin Paronyani het. Erevan, 2018. [Again with Paronyan, Yerevan]. (In Armenian)

7. Pahomov, Viktor. Knizhnoe iskusstvo, kniga pervaja «Zamysel oformlenija». Moskva 1961. [Book art, Volume 1, Moscu]. (In Russian)

8. Paronyan, Hakob. Erkeri jhoghovac'u tasy' hatorov, Hator 3. Erevan, 1964. [Hakob Paronyan, Collected Works in Ten Volumes, Volume 3, Yerevan]. (In Armenian)

9. Paronyan, Hakob. Erkeri jhoghovac'u tasy' hatorov, Hator 9. Erevan, 1975. [Hakob Paronyan, Collected Works in Ten Volumes, Volume 9, Yerevan]. (In Armenian)

10. T'atron, K. Polis, 1874, t'iv 73, dektemberi 24. [Theatre, Constantinople]. (In Armenian)

175

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

11. Tatron, K. Polis, 1874, t'iv 74, dektemberi 25. [Theatre, Constantinople]. (In Armenian)

12. T'atron, K. Polis, 1874, t'iv 77, dektemberi 28. [Theatre, Constantinople]. (In Armenian)

13. T'atron, K. Polis, 1874, t'iv 79, dektemberi 31. [Theatre, Constantinople]. (In Armenian)

14. T'atron, K. Polis, 1875, t'iv 84, hownvari 10. [Theatre, Constantinople]. (In Armenian)

15. Terteryan, Arsen. Hay klasikner. Erevan, 1944. [Armenian classics, Yerevan]. (In Armenian)

16. Veselovskij, Jurij. Ocherki armjanskoj literatury i zhizni. Armavir# 1906. [Essays on Armenian Literature, Armavir]. (In Russian)

THE NEWLY FOUND SHORT STORY BY HAKOB PARONYAN «THE LANKA POSTANI: AN HONOURABLE PREDICTOR» AS A BASIS FOR THE NOVELETTE «THE HONOURABLE BEGGARS»

MARO GHUKASYAN

Research Institute of Ancient Manuscripts named after Mesrop Mashtots, Matenadaran, Ph.D. Student;

The Office of the President of Armenia, Senior specialist; Ashtarak, the Republic of Armenia

In the article, for the first time, the newly found short story - “The Lanka Postani: An Honourable Predictor” by Hakob Paronyan - is analyzed, which remained on the pages of the satirical newspaper “Tatron” (“Theatre”) of Constantinople (particularly in the 73, 74, 75, 77 and 79 issues of the 1874 and the 84th issue of the 1875) and its copyright was never assigned to the brilliant satirist. In parallel, the similarities (ideological, figurative, narrative) that are specific to the short story and satirical novelette “The Honourable Beggars” are presented: in both works, Paronyan created characters of honourable beggars who, meeting with illiterate and gullible merchants, resort to lies and forgery in order to preserve their miserable existence and obtain the means of survival. Factually, “The Lanka Postani: An Honourable Predictor” has become the basis of “The Honourable Beggars”. Over time, the satirist improved the idea of the short story, enriched it with characters and expanded the plot, creating a perfect satirical novelette.

Keywords: Hakob Paronyan, satirical newspaper “Tatron" (“Theatre"), “The Lanka Postani: An Honourable Predictor", “The Honourable Beggars", newly found short story, satirist, verbal and situational comism, pen name “Dun" (“You"), satire.

176

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

«ЛАНКА ПОСТАНИ: ЧТИМЫЙ ПРЕДСКАЗАТЕЛЬ»: ВЫЯВЛЕННАЯ МИНИАТЮРА АКОПА ПАРОНЯНА КАК ПЕРВООСНОВА ПОВЕСТИ «ВЫСОКОЧТИМЫЕ ПОПРОШАЙКИ»

МАРО ГУКАСЯН

аспирантка научно-исследовательского института древних рукописей имени Месропа Маштоца, Матенадаран, старший специалист аппарата Президента Республики Армения, г. Аштарак, Республика Армения

В статье впервые анализируется выявленная нами миниатюра Акопа Пароняна «Ланка Постани: чтимый предсказатель», которая была опубликована в константинопольской сатирической газете «Татрон» («Театр») (в частности, в №№ 73, 74, 75, 77, 79 за 1874 г. и в № 84 за 1875 г.) и авторство которой не приписывалось гениальному сатирику.

Выявлены также общие идейные, образные, сюжетные черты, характерные для миниатюры и сатирической повести «Высокочтимые попрошайки»: в обоих произведениях Паронян создал образы высокочтимых попрошаек, которые, встретившись с неграмотными и доверчивыми хозяевами, прибегают ко лжи и мошенничеству, дабы поддержать свое жалкое существование и добыть средства на пропитание. По сути, «Ланка Постани: чтимый предсказатель» стала первоосновой для повести «Высокочтимые попрошайки». Со временем сатирик усовершенствовал идею миниатюры, обогатил ее образами, расширил сюжет, создав полноценную сатирическую повесть.

Ключевые слова: Акоп Паронян, сатирическая газета «Татрон» («Театр»), «Ланка Постани: чтимый предсказатель», «Высокочтимые

попрошайки», выявленная миниатюра, сатирик, словесный и ситуационный комизм, псевдоним «Дун» («Ты»), сатира.

177

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.