Научная статья на тему 'ՀԱՐԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ ՀՀ-ՈՒՄ'

ՀԱՐԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ ՀՀ-ՈՒՄ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տնտեսական աճ / հարկային եկամուտներ / համախառն առաջարկ / համախառն պահանջարկ / ճյուղային կառուցվածք / ռեգրեսիոն վերլուծություն / դրական կախվածություն / economic growth / tax revenues / aggregate supply / aggregate demand / industry structure / regression analysis / positive correlation.

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Մերի Փանոսյան

ՀՀ պետական քաղաքականության առանցքային նպատակներից է բարձր և կայուն տնտեսական աճի ապահովումը, ինչն էլ անուղղակիորեն կապված է հարկաբյուջետային ճիշտ քաղաքականության հետ, քանի որ տնտեսության ճյուղային կառուցվածքի առանձնահատկությունները, դրանց զարգացման օրինաչափություններն ու պետության կարիքները բավարարելու նպատակով իրականացված ճիշտ հարկային քաղաքականությունը կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ապահովող առանցքային գործոններից են։ Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը, բացահայտել ՀՀ տնտեսական աճ ապահովող ու տնտեսական աճին խոչընդոտող գործոնները, վերլուծել ՀՀ հարկային եկամուտների կառուցվածքը տնտեսական աճի տեսանկյունից, ու գնահատել ՀՀ հիմնական հարկատեսակների ազդեցությունը տնտեսական աճի վրա ՀՀ-ում։ Այդ նպատակով հոդվածում խնդիր է դրվել ուսումնասիրելու ՀՀ տնտեսական աճի և հիմնական հարկատեսակների փոխկապվածությունը։ Հետազոտության իրականացման համար կիրառվել են էմպիրիկ հետազոտության մեթոդներ՝ իրականացվել է էկոնոմետրիկ վերլուծություն և համեմատական վերլուծություն։ Հետազոտության տեսական փուլում կիրառվել է համադրության մեթոդը։ Ռեգրեսիոն մոդելի գնահատված պարամետրերը և տնտեսական աճի կառուցվածքի դինամիկան հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ ՀՀ տնտեսական աճի և ՀՀ որոշ հարկատեսակների աճի՝ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտային հարկի աճի և ընդհանուր հարկային եկամուտների աճի միջև առկա է դրական կախվածություն, իսկ ՀՀ-ում 2012-2023 թթ. տնտեսական աճի տեմպերը պայմանավորված են եղել ՀՆԱ-ի սպառման բաղադրիչի աճով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMPACT OF TAXES ON ECONOMIC GROWTH IN THE REPUBLIC OF ARMENIA

Ensuring high and stable economic growth is one of the primary objectives of the state policy in the Republic of Armenia. This objective is indirectly associated with sound fiscal policy, as the implementation of appropriate tax policies tailored to the characteristics of the economic sector's structure, its developmental trends, and the exigencies of the state, fosters stability and long-term sustainability. Such measures serve as key determinants in fostering economic growth. The objective of this article is to examine the structure of economic growth in the Republic of Armenia (RA), to identify the factors facilitating and impeding economic growth in RA, to analyze the composition of tax revenues in RA from the perspective of economic growth, and to assess the impact of RA primary tax categories on economic growth within RA. To achieve this aim, the article delineates the task of scrutinizing the correlation between the economic growth of the Republic of Armenia and its principal tax categories. The research employed empirical methods, including econometric analysis and comparative analysis. A combined methodological approach was adopted during the theoretical phase of the study. The findings of the research indicate a positive correlation between economic growth in the Republic of Armenia (RA) and the expansion of certain tax categories within RA, namely Value Added Tax (VAT), excise tax, profit tax, income tax, and overall tax revenue growth.

Текст научной работы на тему «ՀԱՐԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ ՀՀ-ՈՒՄ»

ՀԱՐԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ ՀՀ-ՈՒՄ 

ՀՏԴ 336

ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

panosyan.m@ysu.am

ORCID: 0009-0003-7027-6539

ՀՀ պետական քաղաքականության առանցքային նպատակներից է բարձր և կայուն տնտեսական աճի ապահովումը, ինչն էլ անուղղակիորեն կապված է հարկաբյուջետային ճիշտ քաղաքականության հետ, քանի որ տնտեսության ճյուղային կառուցվածքի առանձնահատկությունները, դրանց զարգացման օրինաչափություններն ու պետության կարիքները բավարարելու նպատակով իրականացված ճիշտ հարկային քաղաքականությունը կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ապահովող առանցքային գործոններից են։ Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը, բացահայտել ՀՀ տնտեսական աճ ապահովող ու տնտեսական աճին խոչընդոտող գործոնները, վերլուծել ՀՀ հարկային եկամուտների կառուցվածքը տնտեսական աճի տեսանկյունից, ու գնահատել ՀՀ հիմնական հարկատեսակների ազդեցությունը տնտեսական աճի վրա ՀՀ-ում։ Այդ նպատակով հոդվածում խնդիր է դրվել ուսումնասիրելու ՀՀ տնտեսական աճի և հիմնական հարկատեսակների փոխկապվածությունը։

Հետազոտության իրականացման համար կիրառվել են էմպիրիկ հետազոտության մեթոդներ՝ իրականացվել է էկոնոմետրիկ վերլուծություն և համեմատական վերլուծություն։ Հետազոտության տեսական փուլում կիրառվել է համադրության մեթոդը։ Ռեգրեսիոն մոդելի գնահատված պարամետրերը և տնտեսական աճի կառուցվածքի դինամիկան հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ ՀՀ տնտեսական աճի և ՀՀ որոշ հարկատեսակների աճի՝ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտային հարկի աճի և ընդհանուր հարկային եկամուտների աճի միջև առկա է դրական կախվածություն, իսկ ՀՀ-ում 2012-2023 թթ. տնտեսական աճի տեմպերը պայմանավորված են եղել ՀՆԱ-ի սպառման բաղադրիչի աճով։

Հիմնաբառեր՝ տնտեսական աճ, հարկային եկամուտներ, համախառն առաջարկ, համախառն պահանջարկ, ճյուղային կառուցվածք, ռեգրեսիոն վերլուծություն, դրական կախվածություն։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական աճը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական ծավալի աճն է, որը նպաստում է ինչպես բնակչության եկամուտների աճին, այնպես էլ՝ պետական եկամուտների աճին (հարկերի, տուրքերի և այլ պետական վճարների տեսքով): Տնտեսական աճի միջոցով ապահովվող բնակչության եկամուտների աճը նպաստում է կենսամակարդակի և կյանքի որակի բարձրացմանը, իսկ պետական եկամուտների աճը` ենթակառուցվածքների զարգացմանն ու այլ հանրային բարիքների ստեղծմանը: Սակայն, տնտեսական աճի միջոցով վերոհիշյալ արդյունքները երկարաժամկետ հատվածում հնարավոր է ապահովել, եթե տնտեսական աճն ունենա անհրաժեշտ որակը (Սուվարյան 6-7)։ Տնտեսական աճի որակը գնահատելու համար կարևոր են դրա երկու հիմնական հատկանիշները.

1. Տնտեսական աճի կառուցվածքը, որը ցույց է տալիս, թե ստեղծված հավելյալ ՀՆԱ-ն տնտեսության որ ճյուղերում է ստեղծվել։

2. Տնտեսական աճի ներառականությունը, որը ցույց է տալիս, թե արդյոք բոլորը հավասարապես օգտվո՞ւմ են տնտեսական աճի արդյունքներից, թե՞ այն կենտրոնանում է միայն որոշ խմբերի մոտ։

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ 2008-2023 թթ. ՀՆԱ-ն տարեկան աճել է մոտ 11 %-ով։ ՀՀ-ում 2023 թ. ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9.5 տրիլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11.77 %-ով, ընդ որում՝ 2023 թ. 2022 թ. համեմատ շինարարության ծավալն աճել է 14․5 %-ով և կազմել ավելի քան 619 մլրդ. դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 3.7 %-ով և կազմել է 2.78 տրիլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7․2 %-ով և կազմել 948 մլրդ․ դրամ, առևտրի շրջանառությունը աճել է 25.7 %-ով և կազմել 5․49 տրիլիոն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 17.5 %-ով և կազմել 3 տրիլիոն դրամ (ՀՆԱ-ի իրական աճի տեմպը)։

Գծապատկեր 1. 2012-2023 թթ. ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքը ըստ ոլորտների

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ցույց է տալիս, թե երկրի ՀՆԱ-ի որ մասն է հավաքագրվում հարկերի միջոցով: Որքան բարձր է հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, այնքան լավ է երկրի տնտեսական վիճակը։ Այս մասին է վկայում ՏՀԶԿ անդամ երկրներում այդ ցուցանիշի արժեքը, որը երկար տարիներ միջինում տատանվել է 32-36 %-ի միջակայքում: ՏՀԶԿ անդամ երկրներում 2022 թ. այդ ցուցանիշը միջինում կազմել է 34 % (հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ամենաբարձրը եղել է Ֆրանսիայում՝ 46.1 %, ապա՝ Նորվեգիայում՝ 44.3 %) (Tax Revenue Buoyancy in OECD Countries 2023): Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում երկար տարիներ այդ ցուցանիշը տատանվել է 21-24 %-ի սահմաններում1։

Չնայած այն հանգամանքին, որ պետությունը տնտեսության վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունի, այնուամենայնիվ հարկա-բյուջետային ճիշտ քաղաքականությունը ամենաարդյունավետ լծակն է, որը անուղղակիորեն ազդում է համախառն առաջարկի ու պահանջարկի վրա։ Հարկերը ազդում են համախառն պահանջարկի երկու հիմնական բաղադրիչների՝ սպառման և ներդրումային ծախսերի վրա, և հետևաբար ունեն անուղղակի ազդեցություն համախառն պահանջարկի վրա:

Հարկերի նվազեցումը հանգեցնում է սպառման (միաժամանակ տնօրինվող եկամտի աճի) և ներդրումների (քանի որ հարկումից հետո ձեռնարկությունների շահույթի մեծությունն ավելանում է, որի մի մասը ծառայում է որպես զուտ ներդրումների աղբյուր) ծախսերի ավելացման և հետևաբար AD կորի տեղափոխմանը դեպի աջ (գծապատկեր 2-ում AD1-ից AD2), ինչը հանգեցնում է իրական ՀՆԱ-ի աճին (Y1-ից Y*): Հետևաբար, այս միջոցը կարող է օգտագործվել տնտեսությունը կայունացնելու և ռեցեսիայի ժամանակ ցիկլային գործազրկության դեմ պայքարելու համար՝ խթանելով բիզնեսի ակտիվությունը և զբաղվածության մակարդակը: Այնուամենայնիվ, ՀՆԱ-ի աճի հետ միաժամանակ հարկերի կրճատումն առաջացնում է գների մակարդակի բարձրացում (P1-ից P2) և, հետևաբար, գնաճամետ միջոց է (հրահրում է գնաճ) (Feenberg 764-766)։

Գծապատկեր 2. Հարկերի կրճատման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա

Հարկերի ավելացումը հանգեցնում է սպառողական և ներդրումային ծախսերի նվազմանը և, հետևաբար, համախառն պահանջարկի նվազմանը (գծապատկեր 3-ում համախառն պահանջարկի կորի AD1-ից դեպի AD2 տեղաշարժ դեպի ձախ), որն առաջացնում է գների նվազում (P1-ից մինչև P2) և արտադրանքի ծավալի նվազում (Y1-ից մինչև Y*): Ուստի, գնաճի ժամանակաշրջանում, երբ տնտեսությունը "գերտաքացած" է, հարկերի ավելացումը կարող է օգտագործվել որպես հակագնաճային միջոց՝ գործարար ակտիվությունը նվազեցնելու և տնտեսությունը կայունացնելու գործիք։

Գծապատկեր 3. Հարկերի ավելացման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա

Ընկերությունները հարկերը դիտարկում են որպես ծախսեր, ուստի հարկերի ավելացումը հանգեցնում է համախառն առաջարկի նվազմանը, իսկ հարկերի նվազումը՝ բիզնեսի ակտիվության և արտադրանքի աճին (Feenberg 768-778)։

Գծապատկեր 4․ Հարկերի կրճատման ազդեցությունը համախառն առաջարկի վրա

Այսպիսով, հարկերը ոչ միայն պետական ​​եկամուտների հիմնական աղբյուրն ու ազգային եկամուտների վերաբաշխման միջոցն են, այլև՝ մակրոտնտեսական կայունության ապահովման կարևոր գործիք։ Բացի այդ, հարկերի կրճատումները, խթանելով համախառն առաջարկի աճը, ազդում են ներդրումային գործունեության վրա և նպաստում տնտեսական ներուժի աճին, այսինքն ազդում են տնտեսության վրա ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում՝ ապահովելով տնտեսական աճ (Intelligent Economist 2022):

Ռեգրեսիոն վերլուծություն

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ հոդվածում գնահատվել է հարկային եկամուտների և տնտեսական աճի միջև կապը։ Վերլուծության համար հիմք են հանդիսացել 2012-2023 թթ. ՀՆԱ-ի աճի և ՀՀ հարկատեսակների՝ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտային հարկի և ընդհանուր հարկային եկամուտների աճի տարեկան պաշտոնական վիճակագրական տվյալները։

Հետազոտությունն իրականացվել է R վիճակագրական համակարգչային ծրագրով, որով էլ գնահատվել են կազմված ռեգրեսիոն մոդելի գործակիցները։ Քանի որ ուսումնասիրվել է անկախ փոփոխակաների (հարկատեսակներ) և մեկ կախյալ փոփոխականի (տնտեսական աճ) հարաբերությունները, կառուցվել է բազմագործոն գծային ռեգրեսիայի մոդել:

Օգտագործվել է այնպիսի չափումներ, ինչպիսին է R2-ը՝ գնահատելու համար, թե որքանով է մոդելը բացատրում կախյալ փոփոխականի փոփոխականությունը: Այս դեպքում գնահատվել են հարկերի գործակիցները (β), որոնք ցույց են տալիս հարկատեսակների և տնտեսական աճի միջև կապի ուժն ու ուղղությունը։ Այս մոդելում կախյալ փոփոխականը տնտեսական աճն է, իսկ անկախ փոփոխականները՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, շահութահարկ, եկամտային հարկ և ընդհանուր հարկային եկամուտների աճերն են:

Բազմագործոն գծային ռեգրեսիայի մոդելի հավասարումը ունի հետևյալ տեսքը.

Y=β0 +β1X1 + β2X2 + β3X3 + β4X4 + β5X5 +ϵ

որտեղ Y-ը տնտեսական աճն է, β0-ն՝ հատումը, X1-ը՝ ԱԱՀ-ի աճը, β1-ը՝ ԱԱՀ գործակիցը, X2-ը՝ ակցիզային հարկի աճը, β2-ը՝ ակցիզային հարկի գործակիցը, X3-ը՝ շահութահարկի աճը, β3-ը՝ շահութահարկի գործակիցը, X4-ը՝ եկամտային հարկի աճը, β4-ը՝ եկամտային հարկի գործակիցը, X5-ը՝ ընդհանուր հարկային եկամուտների աճը, β5-ը՝ ընդհանուր հարկային եկամուտների գործակիցը, ϵ-ը՝ պատահական սխալը:

Աղյուսակ 1․ Տվյալների ամփոփ տեղեկատվություն2

Տվյալներ ՀՆԱ-ի աճ ԱԱՀ-ի աճ Ակցիզային հարկի աճ Շահութահարկի աճ Եկամտային հարկի աճ Ընդհանուր հարկային եկամուտների աճ Min -7.2 -7.7 -10.8 -36.3 -6.6 -5.0 1st qu 3.2 0.1 -3.0 -6.7 3.9 3.7 Median 5.2 8.7 12.6 6.6 6.7 8.6 Mean 4.5 7.2 12.5 11.0 7.9 8.8 3th qu 7.3 14.0 26.2 30.0 12.1 14.3 Max 12.6 22.2 37.8 54.8 23.5 21.4

Փոփոխականների միջև առկա կորելացիան հաշվարկելու նպատակով դիտարկենք ՀՆԱ-ի աճ ցուցանիշի կորելացիան փոփոխականներից յուրաքանչյուրի հետ3։

Գծապատկեր 5․ ՀՆԱ-ի աճի և անկախ փոփոխականների կորելյացիոն կապը4

Վարիացիան ցույց է տալիս, թե ինչքանով են տվյալները տարբերվում միջին արժեքից։ Ահա հարկերի յուրաքանչյուր տեսակի համար վարիացիայի արժեքները.

Աղյուսակ 2. Փոփոխականների կորելացիան, վարիացիան և ստանդարտ շեղումը

Տվյալներ taxs$`value added tax taxs$`excise tax taxs$`profit tax taxs$`income tax taxs$`tax revenues Cor 0.8 0.47 0.61 0.60 0.86 Var 99.028 301.364 751.774 60.712 60.892 sd 9.951318 17.35984 27.41851 7.791826 7.803379

Աղյուսակից պարզ է դառնում, որ ԱԱՀ-ի համեմատ՝ ակցիզային հարկի և շահութահարկի դիտարկումներն ավելի շատ են տարբերվում միջին արժեքից, իսկ եկամտային հարկի արժեքները ավելի քիչ են ցրված միջինի նկատմամբ: Եկամտային հարկի անհատական դիտարկումները ավելի մոտ են միջին արժեքին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ավելի քիչ շեղումներ կան միջին եկամտային հարկի գումարից: Ինչպես եկամտային հարկի դեպքում, ընդհանուր հարկային եկամուտների ցրվածության շեղումը ենթադրում է, որ ընդհանուր հարկային եկամուտների մեջ կա համեմատաբար ավելի քիչ փոփոխականություն՝ համեմատած առանձին հարկերի տեսակների հետ, ինչպիսիք են շահութահարկը կամ ակցիզային հարկը։ Միջին հաշվով հարկային եկամուտների անհատական դիտարկումները մոտ 7.80 միավորով հեռու են հարկային եկամուտների միջին գումարից, իսկ ՀՆԱ-ի աճի առանձին դիտարկումների միջին շեղումը ՀՆԱ-ի աճի միջին արժեքից ցույց է տալիս, որ միջին հաշվով ՀՆԱ-ի աճի անհատական դիտարկումները մոտ 5.03 տոկոսային կետով հեռու են ՀՆԱ-ի միջին աճի տեմպերից:

Հետագա վերլուծությունն իրականացնելու համար ՀՆԱ-ի աճ փոփոխականը դիտարկենք կախյալ, իսկ մյուսները՝ անկախ։ Ներկայացնենք կախյալ փոփոխականի՝ ՀՆԱ-ի հիստոգրամը5

Գծապատկեր 6․ ՀՆԱ-ի աճ փոփոխականի հիստոգրամ

Հորիզոնական առանցքը ներկայացնում է ՀՆԱ-ն, որի արժեքները տատանվում են -10-15-ը: Ուղղահայաց առանցքը ներկայաց-նում է բաշխումը, որի արժեքները տատանվում են 0.00-0.04-ը: Գրաֆիկից պարզ է դառնում, որ առկա է նորմալ բաշխում, միջին արժեքը մոտավորապես 4 է։ Բոլոր անկախ փոփոխականների մոտ ևս առկա է նորմալ բաշխում, և բաշխումը սիմետրիկ է միջին արժեքի նկատմամբ, հետևաբար ֆունկցիան զանգակաձև է։

Գրաֆիկի մեկ այլ տեսակ՝ boxplot-ը հնարավորություն է տալիս ստանալ միջին արժեքը՝ բացառելով ընտրանքում առկա շատ տարբերվող տվյալները։

Գծապատկեր 7․ Կախյալ փոփոխականի և անկախ փոփոխականների boxplot-եր6

Գծապատկերից երևում է, որ ՀՆԱ-ի միջին արժեքը մոտավորապես 5 է, մինիմում արժեքը` 0, իսկ մաքսիմումը` 10-ից ավել միջակայքում է, և կա էքստրիմ կետ, որը փոքր է մինիմումի արժեքից։ Սա 2020 թ.-ի ՀՆԱ-ի նվազման արդյունքն է՝ -7 կետը։ Անկախ փոփոխականների boxplo-ներից պարզ է դառնում, որ այս դեպքում էքստրիմ կետեր առկա չեն։

Մոդելի պարամետրերը գնահատելու նպատակով գտնենք տնտեսական աճի ու հարկային եկամուտներ, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտային հարկի աճի պատճառահե-տեվանքային կապը7։

Աղյուսակ 3. Ռեգրեսիոն մոդելի գնահատման արդյունքները

Անկախ փոփոխականներ Հարկային եկամուտների աճ ԱԱՀի աճ Ակցիզային հարկի աճ Շահութահարկի աճ Եկամտային հարկի աճ Min -4.0179 -5.9263 -8.4240 -6.3106 -6.0018 Max 3.9040 4.4098 8.1316 5.8272 6.8505 Median 0.2821 0.5601 0.9084 0.1708 0.5088 Estimate 0.5555 0.4078 0.1386 0.1129 0.3881 Std. error 0.1090 0.9952 0.0848 0.0482 0.1719 T-statistic 5.098 4.098 1.635 2.342 2.258 Prob (T-statistic) 0.0006*** 0.0026** 0.136 0.0439* 0.0504 Residual std. error 2.689 3.132 4.655 4.179 4.236 Multiple R2 0.7428 0.6511 0.229 0.3786 0.3615 Adjusted R2 0.7142 0.6123 0.1433 0.3095 0.2906 F-statistic 25.99 16.79 2.673 5.483 5.097 P-value 0.0006 0.0026 0.1365 0.04391 0.05038

Իրականացված ռեգրեսիոն մոդելի գնահատման արդյունքները (աղյուսակ 3) հաստատում են, որ ՀՀ տնտեսական աճի և ՀՀ հարկատեսակների՝ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտային հարկի և ընդհանուր հարկային եկամուտների աճի միջև գոյություն ունի նշանակալի դրական կախվածություն։ Այս մոդելում հարկային եկամուտների ռեգրեսիայի հավասարման ճշգրտված դետերմինացիայի գործակիցը հավասար է 0.7142 է, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմանների առկայության դեպքում տնտեսական աճի մոտավորապես 71.42 %-ը բացատրվում է մոդելի անկախ փոփոխականներով (հարկերով), իսկ մնացածը՝ մոդելում չներառված գործոններով: Բազմակի R քառակուսին 0.7428 է, ինչը նշանակում է, որ կախյալ փոփոխականի մոտավորապես 74.28 %-ը բացատրվում է մոդելի անկախ փոփոխականով: F-վիճակագրությունը ստուգում է այն զրոյական վարկածը, որ անկախ փոփոխականները որևէ էական ազդեցություն չունեն կախյալ փոփոխականի վրա: Այն 25.99 է՝ 1 և 9 ազատության աստիճաններով, իսկ P-արժեքը շատ ցածր է, ինչը հերքում է զրոյական վարկածը և ցույց տալիս, որ ռեգրեսիայի մոդելը նշանակալի է: Մնացորդային ստանդարտ սխալի ավելի ցածր արժեքը ցույց է տալիս մոդելի ավելի լավ, իսկ ավելի բարձր արժեքը` ավելի վատ համապատասխանությունը տվյալներին։ Ըստ մոդելի տվյալների` կարող ենք եզրահանգել, որ գծային ռեգրեսիոն մոդելի մնացորդը շեղված է իրական ռեգրեսիոն գծից 2.689 միավորով՝ 9 աստիճանի ազատության վրա։

Եզրահանգումներ

Չնայած այն հանգամանքին, որ հարկերի ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի վրա բարդ և բազմակողմանի գործընթաց է, որը պահանջում է մանրազնին վերլուծություն և տարբեր կողմերի շահերի հավասարակշռում, այնուամենայնիվ, ռեգրեսիոն վերլուծության և մոդելի համապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ տնտեսական աճի և հարկերի միջև առկա է դրական կախվածություն։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ զարգացած և զարգացող երկրներում հարկերը տարբեր կերպ են ազդում տնտեսական աճի վրա, քանի որ հարկերի ազդեցությունը տնտեսության վրա ոչ թե ուղղակի կերպով է, այլ անուղղակի՝ նպաստելով ներդրումային միջավայրի զարգացմանը։

Ռեգրեսիոն մոդելի գնահատված պարամետրերը և տնտեսական աճի կառուցվածքի դինամիկան հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել նաև, որ հարկերի ազդեցությունը տնտեսական աճի վրա մեծապես կախված է տնտեսության կառուցվածքից, զարգացման մակարդակից և շատ այլ գործոններից: Այլ հավասար պայմանների առկայության դեպքում, ՀՀ տնտեսական աճը և ԱԱՀ-ի աճը ամենամեծ չափով են կորելացված միմյանց հետ, ինչպես նաև` տնտեսական աճը և ընդհանուր հարկային եկամուտների աճը ևս ամենամեծ չափով են կորելացված, իսկ ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 1/3-ը բաժին է ընկնում ԱԱՀ-ին, ուստի ՀՀ-ում 2012-2023 թթ. տնտեսական աճերը պայմանավորված են եղել ՀՆԱ-ի սպառման բաղադրիչի աճով (քանի որ ԱԱՀ-ն ՀՀ-ում համարվում է սպառման հարկ, որի վերջնական վճարողները սպառողներն են), այլ ոչ՝ ներդրումների, հետևաբար, այս համատեքստում, երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման համար կարևոր է ոչ թե հենց ինքը՝ տնտեսական աճը, այլ տնտեսական աճի որակը։ Ուստի կարող ենք պնդել, որ ՀՀ-ում տնտեսությունը պետք է հիմնվի առավելապես գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի վրա, քանի որ ՀՀ-ում արտահանվող ապրանքների գերակշիռ մասը գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ են, իսկ արտահանվող ապրանքների մեծացումը կխթանի ֆինանսական մուտքերի ավելացմանը, որն էլ, իր հերթին, դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի որակի վրա։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Սուվարյան, Յուրի, Տնտեսական զարգացման ֆենոմենը, Երևան, 2014, էջ 6:

2. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը նախորդ տարվա նկատմամբ, ՀՀ վիճակագրական կոմիտե, https://armstat.am/am/։ Մուտք՝ 05 Ապրիլի 2024:

3. 2012-2023 թթ. ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքը ըստ ոլորտների, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, https://mineconomy.am/page/1711։ Մուտք՝ 10 Ապրիլի 2024:

4. Organization for Economic Co-operation and Development (OECD), Revenue Statistics 2023, Tax Revenue Buoyancy in OECD Countries, 2023, https://www.oecd.org/content/dam/oecd/en/topics/policy-sub-issues/global-tax-revenues/revenue-statistics-highlights-brochure.pdf. Accessed: 10 May 2024.

5. Intelligent Economist, Laffer Curve - Intelligent Economist, 2022, https://www.intelligenteconomist.com/laffer-curve/. Accessed: 10 May 2024.

6. Feenberg D. R., "The Macroeconomic Effects of Tax Changes: Estimates Based on a New Measure of Fiscal Shocks", 2010, pp. 764-766, pp. 768-778.

WORKS CITED

1. Suvaryan, Yuri, Tntsakan zargatsman fenomeny, [Economic Development Phenomenon], Erevan, 2014, E'j 6, (In Armenian).

2. HNA-i irakan aj-i temp'y nakhord tarva nkatumamb, %, [The Natural Growth Rate Compared to the Previous Year's Observation, %], HH vichakagrakan komite, [Official website of RA Statistical Committee]. (Available: 05.04.2024) (In Armenian).

3. 2012-2023 tt. HH tntesut'yan chyughayin karuts'vatsk'e yst' vorlortneri, [Structure of the Armenian Economy by Sectors from 2012 to 2023, HH ekonomik'ayi nakhararut'yun, https://mineconomy.am/page/1711 (Available: 10.04.2024) (In Armenian).

4. Intelligent Economist, Laffer Curve - Intelligent Economist, (Available: 10.05.2024). (In English).

THE IMPACT OF TAXES ON ECONOMIC GROWTH

IN THE REPUBLIC OF ARMENIA

MERI PANOSYAN

Yerevan State University,

Chair of Finance and Accounting, Lecturer,

Yerevan, the Republic of Armenia

Ensuring high and stable economic growth is one of the primary objectives of the state policy in the Republic of Armenia. This objective is indirectly associated with sound fiscal policy, as the implementation of appropriate tax policies tailored to the characteristics of the economic sector's structure, its developmental trends, and the exigencies of the state, fosters stability and long-term sustainability. Such measures serve as key determinants in fostering economic growth. The objective of this article is to examine the structure of economic growth in the Republic of Armenia (RA), to identify the factors facilitating and impeding economic growth in RA, to analyze the composition of tax revenues in RA from the perspective of economic growth, and to assess the impact of RA primary tax categories on economic growth within RA. To achieve this aim, the article delineates the task of scrutinizing the correlation between the economic growth of the Republic of Armenia and its principal tax categories.

The research employed empirical methods, including econometric analysis and comparative analysis. A combined methodological approach was adopted during the theoretical phase of the study. The findings of the research indicate a positive correlation between economic growth in the Republic of Armenia (RA) and the expansion of certain tax categories within RA, namely Value Added Tax (VAT), excise tax, profit tax, income tax, and overall tax revenue growth.

Keywords: economic growth, tax revenues, aggregate supply, aggregate demand, industry structure, regression analysis, positive correlation.

ВЛИЯНИЕ НАЛОГОВ НА ЭКОНОМИЧЕСКИЙ РОСТ

В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

МЕРИ ПАНОСЯН

преподаватель кафедры финансового учета

Ереванского государственного университета,

г. Ереван, Республика Армения

Обеспечение высокого и стабильного экономического роста является одной из основных целей государственной политики Республики Армения. Эта цель косвенно связана со здоровой фискальной политикой, так как внедрение соответствующих налоговых политик, адаптированных к особенностям структуры экономического сектора, его тенденциям развития и требованиям государства, способствует стабильности и долгосрочной устойчивости. Такие меры выступают в качестве ключевых факторов в содействии экономическому росту. Целью данной статьи является изучение структуры экономического роста в Республике Армения (РА), выявление факторов, содействующих и препятствующих экономическому росту в РА, анализ состава налоговых поступлений в РА с точки зрения экономического роста и оценка влияния основных налоговых категорий РА на экономический рост в РА. Для достижения этой цели в статье определяется задача изучить взаимосвязи между экономическим ростом РА и его основными налоговыми категориями.

В ходе исследования были применены эмпирические методы, включая эконометрический анализ и сравнительный анализ. В основе теоретической фазы исследования был положен комбинированный методологический подход. Результаты исследования указывают на положительную корреляцию между экономическим ростом в Республике Армения (РА) и расширением определенных налоговых категорий в РА, а именно ‒ налога на добавленную стоимость (НДС), акцизного налога, налога на прибыль, налога на доходы и общего роста налоговых поступлений.

Ключевые слова: экономический рост, налоговые поступления, общее предложение, общий спрос, структура отрасли, регрессионный анализ, положительная корреляция.

 Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

1 2023 թ. ՀՀ կառավարության կողմից իրականացված որոշ վերլուծություններ ցույց են տվել, որ ՀՀ-ում իրական հարկային բեռը զգալիորեն բարձր է պաշտոնական արժեքներից։

2 Կիրառվել է "summary" կոդը, որի միջոցով ստացվել են ամփոփ տվյալներ յուրաքանչյուր փոփոխականի վերաբերյալ։

3 Ըստ փոփոխականների հերթականության օգտագործվել են հետևյալ կոդերը՝ cor(taxs$`GDP growth`, taxs$`value added tax`)՝ 0.8, cor(taxs$`GDP growth`, taxs$`excise tax`)՝ 0.47, cor(taxs$`GDP growth`, taxs$`profit tax`)՝ 0.61, cor(taxs$`GDP growth`, taxs$`income tax`)՝ 0.6, cor(taxs$`GDP growth`, taxs$`tax revenues`)՝ 0.86, որտեղ $ նշանի միջոցով դիտարկվել է միայն նշված փոփոխականի տվյալները։

4 Գրաֆիկները կառուցելու համար օգտագործվել է "sscatter.smooth" կոդը։

5 Կիրառվել է hist(taxs$`GDP growth`,freq =FALSE,breaks=5,main = "Distribution of GDP",xlab = "GDP") կոդը, որը ընդգծվել է lines(density(l), col="green") կոդի միջոցով։

6 ՀՆԱ-ի աճի boxplot-ը ստանալու նպատակով օգտագործվել է կոդը՝ boxplot(taxs$`GDP growth`, main="GDP", sub=paste("Outlier rows: ", boxplot.stats(taxs$`GDP growth`)$out) կոդը։

7 Ստեղծվել է նոր արժեք՝ simplemodel5<-lm(GDP ~ Revenues, data= taxs) կոդի միջոցով։

---------------

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.