Научная статья на тему 'ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ'

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
207
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հովհաննես Վանանդեցի / Հայկ Նահապետ / պոեմ / Մովսես Խորենացի / կլասիցիզմ / Հին Հայաստան / դյուցազուններ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Փարսադանյան Սիրանուշ

Սույն հոդվածի նպատակն է Հովհաննես Վանանդեցու ստեղծագործութ-յուններում անդրադարձ կատարել Հայկ Նահապետի կերպարային ընդհանուր գծերին: Մեր խնդիրն է Վանանդեցու առանձին ստեղծագործություններում վեր հանել հայ ժողովրդի հիմնադիր նախնու կերպարային առանձնահատկութ-յունները, պատմագրական սկզբնաղբյուրներն ուսումնասիրելուց զատ ցույց տալ, որ ի տարբերություն հին շրջանի ստեղծագործությունների` հեղինակի գրվածքներում կարևորվում է կերպարների հոգեբանական դրաման՝ ըստ նոր շրջանի գրականությանը բնորոշ հատկանիշների՝ որպես առանցք ունենալով Հայկ Նահապետի կերպարը: Անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ թեև Վանանդեցին պոեմների նյութ է դարձրել հեթանոսական շրջանի դեպքերը, այնուամենայիվ, որպես քրիստոնյա հեղինակ, անդադար շեշտում է հայ ժողովրդի նախնիների՝ միաստվածության հավատի հետևորդ լինելը: Հոդվածում միահյուսված է գրականագիտական և տեքստաբանական աշխատանքը: Հետազոտության ընթացքում կիրառվել են վերլուծական, ինչպես նաև համեմատական մեթոդները: Եվ վերջում հանգում ենք այն եզրակացությանը, որ Հովհաննես Վանանդեցին, կլասիցիզմի հետևողությամբ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին, տաղաչափությանը, հետամուտ կիսակործան հայրենիքը փրկելու, նորոգելու հայոց անօրինակ մաքառումներին, իր իդեալը փնտրում էր Հին Հայաստանի անցյալի հերոսների մեջ: Ազգի վերաշինության գլխավոր ճանապարհը, ըստ հեղինակի, նախնիների ուղիով ընթանալն է, և հենց դա է պատճառը, որ նրա գլխավոր ստեղծագործություններում վերհանված են մեր նախնիների ֆիզիկական ու հոգևոր արժանիքները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMAGE OF HAYK NAHAPET IN THE WORKS OF HOVHANNES VANANDETSI

The purpose of this article is to reflect on the general character traits of Hayk Nahapet in the works of Hovhannes Vanandetsi. Our task is to highlight characteristics of the ancestor founder of the Armenian people in Vanandetsi's individual works, to show, apart from studying the historiographical sources, that, unlike the works of the old period, the psychological drama of the characters is emphasized in the author's writings, according to the characteristics of the literature of the new period, with Hayk Nahapet as the core character. Reference was also made to the fact that although Vanandetsi made the events of the pagan period the subject of his poems, nevertheless, as a Christian author, he constantly emphasizes the belief of the ancestors of the Armenian people, the monotheism. Literary and textological works are intertwined in the article. Analytical as well as comparative methods were used during the research. We come to the conclusion, that Vanandetsi, by following the classicism, mastering the regularities of the Armenian poetic art, the subtlety, the unparalleled Armenian struggles to save the half-ruined homeland, to repair it, sought his ideal among the heroes of the past of Ancient Armenia. The main way to rebuild a nation, according to the author, is to follow the path of our ancestors, which is the reason why in his main works the physical and spiritual merits of our ancestors are highlighted.

Текст научной работы на тему «ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 82.09 10.52063/25792652-2022.3.14-164

ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն parsadanyansiranush@gmail.com

Սույն հոդվածի նպատակն է Հովհաննես Վանանդեցու ստեղծագործություններում անդրադարձ կատարել Հայկ Նահապետի կերպարային ընդհանուր գծերին:

Մեր խնդիրն է Վանանդեցու առանձին ստեղծագործություններում վեր հանել հայ ժողովրդի հիմնադիր նախնու կերպարային առանձնահատկությունները, պատմագրական սկզբնաղբյուրներն ուսումնասիրելուց զատ ցույց տալ, որ ի տարբերություն հին շրջանի ստեղծագործությունների' հեղինակի գրվածքներում կարևորվում է կերպարների հոգեբանական դրաման՝ ըստ նոր շրջանի գրականությանը բնորոշ հատկանիշների՝ որպես առանցք ունենալով Հայկ Նահապետի կերպարը: Անդրադարձ է կատարվել նաև այն

հանգամանքին, որ թեև Վանանդեցին պոեմների նյութ է դարձրել հեթանոսական շրջանի դեպքերը, այնուամենայիվ, որպես քրիստոնյա հեղինակ, անդադար շեշտում է հայ ժողովրդի նախնիների՝ միաստվածության հավատի հետևորդ լինելը:

Հոդվածում միահյուսված է գրականագիտական և տեքստաբանական աշխատանքը: Հետազոտության ընթացքում կիրառվել են վերլուծական, ինչպես նաև համեմատական մեթոդները:

Եվ վերջում հանգում ենք այն եզրակացությանը, որ Հովհաննես Վանանդեցին, կլասիցիզմի հետևողությամբ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին, տաղաչափությանը, հետամուտ կիսակործան հայրենիքը փրկելու, նորոգելու հայոց անօրինակ մաքառումներին, իր իդեալը փնտրում էր Հին Հայաստանի անցյալի հերոսների մեջ: Ազգի վերաշինության գլխավոր ճանապարհը, ըստ հեղինակի,

նախնիների ուղիով ընթանալն է, և հենց դա է պատճառը, որ նրա գլխավոր ստեղծագործություններում վերհանված են մեր նախնիների ֆիզիկական ու հոգևոր արժանիքները:

Հիմնաբառեր' Հովհաննես Վանանդեցի, Հայկ Նահապետ, պոեմ, Մովսես Խորենացի, կլասիցիզմ, Հին Հայաստան, դյուցազուններ:

Նախաբան

Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչները մեծ տեղ էին հատկացնում անցյալի պատմությանը: Ինչպես գրում է Մ. Թադևոսյանը. «Կլասիցիստների պատմական ծառայություններից մեկն էլ այն է, որ նրանք արժեքավորեցին ու պրոպագանդեցին հայ հին պատմագրությունն ու միջնադարյան պոեզիան» (Թադևոսյան 45): Ի տարբերություն 18-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի ներկայացուցիչների, որոնք ազգային թեման գրեթե չէին արծարծում իրենց գրվածքներում, հայ կլասիցիստները

* Հոդվածը ներկայացվել է 26.09.2022թ., գրախոսվել' 10.10.2022թ., տպագրության ընդունվել' 30.10.2022թ.:

164

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ստեղծագործության նյութ են դարձնում առավելապես ազգային պատմությունից վերցրած սյուժեները (Թադևոսյան 74):

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը նկատում է. «Սեփական հողի վրա գտավ իրեն հայկական կլասիցիզմը, մինչդեռ եվրոպական կլասիցիզմը հին Հռոմի և Հունաստանի ավանդներով էր ուռճանում, հայ դասականները ձեռք էին մեկնում իրենց ժողովրդի պատմական անցյալի էպիկական դրվագներին: Կլասիցիզմը նոր ուղիներ բացեց հայ գրականության առաջ. վերածնելով հայկական հնադարը, նա գրականության նյութ դարձրեց հայրենասիրությունն ու ազատասիրությունը, գրականությունը մերձեցրեց ազգային-քաղաքական բովանդակության» (Սարինյան 87):

Հայկական կլասիցիզմի գեղագիտությունն ու թեմատիկան իրենց ամբողջական արտահայտությունը գտան մշակութային գործիչ ու բանաստեղծ Հովհաննես Վանանդեցու ստեղծագործություններում, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Հայկ Նահապետից մինչև 5-րդ դարը հասնող դեպքերը:

Վանանդեցին հայկական կլասիցիզմի հետևողությամբ իր իդեալը փնտրում էր անցյալի հերոսների մեջ:

Նա ստեղծագործության նյութ է դարձնում հայոց հերոսական անցյալը՝ վկայակոչելով մեր պատմության լավագույն էջերի պատմաառասպելական դյուցազուններին: Ակնհայտ է, որ Վանանդեցու նպատակը հայոց վաղնջական պատմության դեպքերը սոսկ չափածոյի վերածելը չի եղել: Նա փորձել է գրել հերոսական պատմություն՝ ժամանակակիցների շրջանում հետաքրքրություն ու ոգևորություն առաջացնելով նախնիների սխրանքների ու քաջագործությունների հանդեպ:

Հայկ Նահապետի կերպարային բնորոշ գծերը Վանանդեցու գրվածքներում

Վանանդեցին Հայկ Նահապետի կերպարին անդրադառնում է իր մեծածավալ ստեղծագործություններից երկուսում՝ «Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի» և «Ոսկի դար Հայաստանի»:

Ըստ Մ. Աբեղյանի՝ Հովհաննես Վանանդեցու ստեղծագործություններով սկսվում է հայոց քաղաքական անցյալի բանաստեղծությունը, ինչը նշանակալի երևույթ էր մեր գրականության մեջ. «Դարեր շարունակ քաղաքական կյանքը մերժված է եղել երգի արժանանալուց. քերթողները միակերպ միայն վարդ ու սոխակ, պարտեզ ու գարուն են երգել և կամ եկեղեցի ու սրբեր, կրոնական խնդիրներ» (Աբեղյան 601):

Հատկանշական է, որ Վանանդեցու հիշյալ պոեմներում շեշտը առավելապես դրված է հայրենասիրության ու կրոնասիրության վրա:

«Տեսարան»-ի համար (ավարտված 1829-ին, տպագրված 1858-ին) պատմական սկզբնաղբյուր է ծառայել Խորենացու «Պատմութիւն հայոց» երկը, անշուշտ, հեղինակային որոշակի հավելումներով ու շեղումներով։ Վանանդեցին շարադրանքը սկսել է մեր ժողովրդի նախահայր Հայկի ծնունդից, անդրադարձել ջրհեղեղին, աշտարակաշինությանը, Հայկի ապստամբությանը, ապա մեծ ոգևորությամբ պատկերել պատերազմի ու Հայկի հաղթության տեսարանը, Հայկի միապետությունը, աշխարհաշինությունն ու մահը, այնուհետև ոչ պակաս խանդավառությամբ ներկայացրել Արամի, ապա Արայի միապետության, Շամիրամի և Արայի հակամարտության, վերջինիս մահվան՝ պատմությունից հայտնի դրվագները: Պոեմի վերջին գլուխը վերնագրված է «Յորդոր նմանիլ նախնեաց», որտեղ հեղինակը խտացրել է բուն ասելիքը:

Հեղինակը հայ ժողովրդի ծագումնաբանությանը վերաբերող որոշ հատվածներում զգալիորեն օգտվել է նաև Աստվածաշնչից (հատկապես աշտարակաշինությանը վերաբերող դրվագներում)՝ այն մեկնաբանելով ըստ հայ եկեղեցական ավանդույթի:

165

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Հայկի առասպելը Խորենացին կապում է Աստվածաշնչից հայտնի աշտարակաշինության հետ: Թեթևակի անդրադառնալով աշտարակաշինությանը' պատմահայրը գրում է. «Յորոց մի էր և Յապետոսթեանն Հայկ, անուանի և քաջ նախարար, կորովաձիգ և հաստաղեղն» (Խորենացի 38):

«Տեսարան»-ում կարդում ենք.

Հըսկայք հըզօրք գոռ Տիտանեանք յաղթամարմին

Նեբրովթ և Հայկ և այլ գոռոզք ի նոյն կարգին... (Վանանդեցի 37)

Ապա.

Ի ցըրուելոց Հայկն միայն ի Հայս եկեալ,

Սակաւ իւրովք և որք ի յինքն եղեն յարեալ... (Վանանդեցի 38)

Անդրադառնալով պոեմի վերնագրին՝ ակնհայտ երևում է, որ հեղինակը հետևել է պատմահայր Խորենացու խոսքին, թե «Վասն որոյ սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան – Հայկ, Արամ, Տիգրան» (Խորենացի 100): Վանանդեցին սակայն ավելի առարկայականություն է հաղորդել ստեղծագործությանը՝ պահպանելով

ժառանգականության սկզբունքը: Հայկը և Արամը մեր ժողովրդի հիմնադիր նախահայրերն են համարվում, իսկ Արայի շուրջ հյուսված զրույցները և նրա մասին պատմվող ավանդությունները տարբեր դարերում լայն ժողովրդականություն են ունեցել՝ որպես մեռնող և հարություն առնող աստվածության խորհրդանիշ, քանի որ կապվել է մեռնող և հարություն առնող աստվածության պաշտամունքի հետ (Աբեղյան 65-68):

Պոեմում բնավորությունների ծայրահեղությամբ կերպավորված, գաղափարի նպատակաուղղվածությամբ, բարու և չարի, ազատության ու բռնակալության հակադիր եզրերում հանդես եկող կերպարները Վանանդեցու երկում առավելապես ասացումի արտաքին հատկանիշով են ձևավորված, քան գեղարվեստական հատկանիշներով և ոգու ու բնավորության խորքային սուզումներով։ Սա, անշուշտ, կլասիցիստական գրականության առաջնային հատկանիշն է և տիպիկ դրսևորում է ստացել այս շրջանի գրեթե բոլոր ստեղծագործողների երկերում։ Հենց այս տեսակետից անդրադառնանք Բելին։ Տիտանյան Բելը, ըստ Խորենացու, Նեբրովթն է: Մ. Աբեղյանը սակայն ճշմարիտ չի համարում այս պնդումը, ինչպես նաև կասկածով է վերաբերում հայոց ժողովրդի ծագումը աշտարակաշինության հետ կապելու զրույցներին (Աբեղյան 41):

Վանանդեցին պոեմում կիրառում է Բելի անվանման երկու տարբերակներն էլ՝ հետևելով Խորենացուն: Այսպես.

Գոռոզն այն Նեբրովթ յայս խոր կուրութիւն ընկըղմեալ ինքնին (Վանանդեցի 41):

Ինչպես նաև.

Գիտասջխր' ասէ, անպա'րտ ախոյեան մեծըդ դիւցազանց,

Զի դիմեալ գայ Բէլ արդ ի քո վերայ բազմութեամբ քաջաց (Վանանդեցի 45): Սկսած Խորենացուց՝ դարեր շարունակ հայ ժողովրդի հիմնադիր նախնին ներկայացվել է որպես դրական ու կամային հատկանիշների կրող: Վանանդեցին ավելի է ընդգծել այս հատկանիշները Հայկի կերպարում: Այս ստեղծագործության մեջ ևս Հայկի արտաքին հատկանիշները հավասարազոր են նրա ֆիզիկական ուժին:

Պոեմում ինքը հեղինակը Հայկ Նահապետի կերպարային նկարագրությունը տալիս վկայակոչում է պատմահորը, ինչպես նաև՝ Մար-Աբաս Կատինային.

Կամի՞ս գիտել ըզհանգամանս շըքեղ Անձին,

Մարիբասայ լո'ւր ըստ Քաղդեայ մատենագրին.

Յորմէ և մեր Քերթողահայր Խորենացին,

Ճըշտէ փոքու ի պատմութեանն անդ մատենին (Վանանդեցի 9);

Այնուհետև Վանանդեցին գլխատառերով բերում է Խորենացու՝ Հայկին տված բնորոշումները. «Այս, ասէ, Հայկ գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր,

166

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

խայտակն և հաստաբազուկ» (Խորենացի 38), ապա իր հերթին մեկնաբանում: Այսպես.

ԴԻՒՑԱՁՆ մեծ ըզնա կալեալ յաստիճանին,

Ձանդրանկութիւն ըզՅաբեթեան յարգել տոհմին (Վանանդեցի 9):

Կամ'

ԱՆՁՆԵԱՅ յուղղորդ իւր հասակին յաղթամարմին,

Նոճ անձնաւոր գոլով զօրեղ հըսկայագին (Վանանդեցի 9):

Այս բնորոշումների ամեն մի երկրորդ տողը հավելում է հեղինակի կողմից:

Երբ Բելը իր հավատարիմ մարդկանցից մի քանիսին ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի վերջինս հնազանդվի, Հայկը պատգամավորներին կտրուկ պատասխան է տալիս: Հայկի պատասխանը պոեմում ուղղակի կերպով առկա է: Եվ Բելի դեսպանները կորագլուխ ետ են դառնում դեպի Բաբելոն (Վանանդեցի 43):

Պոեմի ամենաազդեցիկ հատվածներից մեկը Հայկի' Բելին երեքթևյան նետով գետին տապալելու տեսարանն է.

Ընդ լայնալիճ մըտեալ յաղեղն այրն ուժընդակ,

Զերեքթևեանն հարկանէ նետ ի նըպատակ (Վանանդեցի 49):

Լայնալիճ աղեղ կարող էին բանեցնել միայն ամենաուժեղները: Խորենացին այս առիթով գրում է. «...լի քարշէ զլայնալիճն դիպացուցանէ զերեքթևեանն կրծից տախտակին, և շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ' յերկիր հարստի սլաքն. և այսպէս ճոխացեալն Տիտանեան կործանի յերկիր զարկուցեալ, և փչէ զոգին» (Խորենացի 44):

Իսկ ահա Վանանդեցին այս կերպ է նկարագրում Բելի' Հայկի նետից գետին ընկնելու դրվագը.

Ըզհպարտ իւր փըչէ զոգին դիւաբընակ (Վանանդեցի 49):

Այս հատվածում այնքան դիպուկ, նշանակիր է «դիւաբնակ» բառի կիրառությունը: Այսինքն' նրանում չար ուժերն են բնակվել, դևերի առաջնորդությամբ է գործել և լինելով չար ուժերի հետնորդ' ինքնըստինքյան այդ հատկանիշի կրողը պետք է լիներ:

Վանանդեցու մյուս ստեղծագործության մեջ' «Ոսկի դար Հայաստանի» պոեմում (տպագրված 1841 թ.), ավելի քան 5500 տողի մեջ Հայկի և Բելի ճակատամարտի տեսարաններ ուղղակիորեն չկան: Թվում է' հեղինակը այդ կերպ չի կամենում հայրենիքի հովվերգական պատկերը խաթարել:

Հեղինակելով վերոնշյալ ստեղծագործությունը' նա փորձել է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը' շարադրանքը սկսելով արարչագործությունից և հասնելով մինչև իր ժամանակաշրջանը' ռուսական իշխանության հաստատումը: Այսինքն' ընդհանուր առմամբ' երկի բովանդակությունը Հայաստան աշխարհն է' իր պատմությամբ ու աշխարհագրությամբ:

Հեղինակը հիշյալ պոեմում, հետևելով կլասիցիստական ըմբռնումներին, Հին Հայաստանը ներկայացնում է որպես մի ներդաշնակ վայր, աստվածատունկ դրախտ, որտեղ ամեն բան իդեալական է, հայրենիքն ու ժողովուրդն անցյալում ներկայանում են որպես լավագույն օրինակ քաջության, ազնվության, բարեշինության:

Նույն սկզբունքով Ալիշանն է շարադրել իր «Հովիւք Շիրակայ» ստեղծագործությունը: Վերջինում գյուղական իդիլիկ պատկեր ենք տեսնում, որում հեղինակը գովաբանում է աշխատանքը, կոչ անում սիրել այն: Ուշադրության է արժանի ստեղծագործության այն հատվածը, որում խոսք է գնում մեր նախնիների մասին. «Այդպիսի է եւ զինուորացդ ազգ. ի խաղաղութեան ժամանակի համբոյրք եւ հաշտք, այլ յորժամ մարդիկ չարք կամ ստամբակեալ ոք ուրեք եթէ յօտարաց եւ եթէ յընտանեաց ի վեր երեւեալ' կամիցին խռովել զհօտ մարդկութեանս, յայնժամ զէն առնուն նոքա եւ ի մարտ պատերազմի դիմեն» (Ալիշան 202): Ալիշանը մանրամասնում է. մեր նախնիները խաղաղասեր են եղել, սակայն երբ հայտնվել են թշնամու սպառնալիքի տակ, զենք են վերցրել ու պաշտպանել մայր հողը: Մեր առաքինի

167

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

նախնիների շարքում Ալիշանը առաջին հերթին վկայակոչում է Հայկին (Ալիշան 203): Այսինքն' ժամանակաշրջանի համար քաջության, արիության օրինակը առաջին հերթին Հայկ Նահապետն էր:

Նշենք նաև, որ աշխարհայացքային այս ելակետը՝ Հայաստանն իբրև տապանի իջման վայր ու երկրային նորատունկ դրախտ ընկալելու ըմբռնումը, գալիս է Ինճիճյանից ու Չամչյանից: Այս առիթով Չամչյանը գրում է. «Իսկ յաղագս տեղւոյ դրախտին ադինայ՝ հասարակաց կարծիք է, թէ եդ զայն աստուած յաշխարհին հայոց» (Չամչեանց 143): Ի դեպ, Միքայել Չամչյանը իր եռահատոր պատմության մեջ միայն մի նկար է զետեղել, որն էլ վերաբերվում է Հայկին, և դրանով պատկերավորություն է հաղորդել: Այսինքն՝ Չամչյանն ընդգծում է, որ Հայկ Նահապետն է հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը:

Ըստ Վանանդեցու պատմահայեցողության՝ հայ ժողովուրդը Նոյի

ժամանակներից ներդաշնակ ապրել է, այնուհետև Հայկը եկել է Բաբելոնից, իշխել նրանց:

«Ոսկի դար Հայաստանի» պոեմի ուշագրավ հատվածներից է Բելի չարության պոռթկումը, որ հայկյաններին ցանկանում է այրել ցախի նման.

Մոլեգնութեան ի ներքս տայ սրտին զայրոյթ դիւաբախ.

Վրէժյուզէ' գեհենական ի բոց մխեալ համածախ,

Հայկեանցն այրել զմարդատունկս իբր զխռուեալ ումպէտ ցախ (Վանանդեցի

148):

«Տեսարան»-ում Հայկի հրամանով Բելի դիակը զմռսում են և թաղում մի բարձրավանդակ տեղում՝ «զօրացն ակն յանդիման» (Վանանդեցի 49), Խորենացու հավաստմամբ՝ «ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց» (Խորենացի 46):

Քանի որ երկն ունի դաստիարակչական գործառույթ, ապա հեղինակը հորդորում է փառասիրությանը կուլ չգնալ և լինել չափավոր.

Ա՛յս հատուցումն եղև Բէլայ յանդըգնութեան,

Ա՛յս վարձ գործոց նորաչափեալ վայելչական (Վանանդեցի 49):

Իսկ ահա «Ոսկի դար Հայաստանի» պոեմում Վանանդեցին Բելի օրինակով կոչ է անում մերժել չարը, աններդաշնակը.

Զմաքրութեան համբարեցիք ի ձեր հոգի զմթեր (Վանանդեցի 165);

Հավելենք, որ այն բլուրը, որտեղ Բելը նետահարվել էր, ստացավ «Գերեզմանք» անվանումը. «Գերեզմանք եդ նըմա կոչումըն յոգնական» (Վանանդեցի 50): Հ. Էփրիկյանի հավաստմամբ՝ այդ բլուրը գտնվում է Վասպուրականի Երվանդունիք գավառի Հայոց ձորի մեջ (Էփրիկյան 514-515): Գերեզմանք տեղանվանը անդրադարձ է կատարել նաև Գարեգին Սրվանձտյանցը (Սրվանձտյանց 49-51):

Ուշագրավ է Հայկի մահվան տեսարանը: Խորենացին մի քանի բառով է պատմում վերջինիս մահվան մասին, և այդ մի քանի բառը հիմք ընդունելով՝ բանաստեղծը դյուցազներգության «Մահ Հայկայ դիւցազին» գլխում մանրամասնորեն ընթերցողին է ներկայացնում Հայկ Նահապետի կյանքի վերջին ժամերը: Հայկը սերունդների առաջ իր պարտքն ու առաքելությունը կատարած վերջին խոսքերով դիմում է իր ժառանգներին: Նա կոչ է անում աստվածավախ լինել, Աստծուն սիրել ամբողջ սրտով, հիշել նախնիների կատարած գործերը, բարի գործեր կատարելով՝ միշտ միաբան ու համերաշխ լինել:

Ճիշտ է, հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեցին 301 թ.-ին, սակայն Վանանդեցին, որպես քրիստոնյա հեղինակ, պոեմում անդադար շեշտում է մեր նախնիների՝ Նոյի հաբեթյան ճյուղի շարունակողների՝ միաստվածության հավատի հետևորդ լինելը: Ասվածի լավագույն օրինակը արտահայտված է Հայկ Նահապետի խոսքում: Վերջինս Բելի նկատմամբ տարած հաղթանակը ևս կապում է աստվածային նախախնամության և բարեգթության հետ (Վանանդեցի 60):

Իհարկե, սա ևս ստեղծագործության գրության ժամանակաշրջանին և հայ ավանդական պատմահայեցողությանը բնորոշ գիծ էր: Այս առիթով արժե հիշատակել

168

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Ղևոնդ Ալիշանի տեսակետը. «Եթէ արդարեւ Հայկն Յաբեթի թոռն էր' հաւանական էր իր աստուածապաշտութիւնն, ինչպէս հաւանական և ստոյգ այլ է' որ ինչուան քանի մի ցեղ նահապետաց սերունդ և ինչուան Աբրահամու ատեն, տեղ տեղ ուղիղ աստուածպաշտութիւն կար, և վկայեն Ս. Գիրք» (Ալիշան 24-25): Ալիշանը, ուրեմն, ճիշտ է համարում Նոյից սերված թորգոմյան ճյուղի՝ ճշմարիտ

աստվածապաշտությանը հետևելը: Իսկ թե այդ հավատքը մինչև երբ են պահել մեր նախնիները, վերջինս համարում է դժվարին կամ «անկարելի ստուգելի» (Ալիշան 2425):

Ի դեպ, ստեղծագործության մեջ Հայկ Նահապետի որդի Արամանյակի անունը փոխարինված է Արմենակ տարբերակով: Սա ևս նպատակային և ուղղորդված հեղինակային հավելում է։ Հայկը, իրեն հետնորդ հռչակելով վերջինիս, հորդորում է նրան «պահել արութեամբ զայս ժառանգութիւն յանուն Հայկական, յաղթող հանդիսիւ կալ բըռնացելոցն հըզօր ախոյեան» (Վանանդեցի 64):

Հեղինակը տպավորիչ դրվագումներով է ներկայացնում Հայկ Նահապետի մահվան տեսարանը.

Կափացումն աչաց և վախճան շընչոյն յայն տեսարանին,

Անշարժ ըզհասակն առնէին նոճեայ հըզօր Հըսկային.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Անպարտըն բազկաց սաստիկ ուժգնութիւն ‘ի հարուած նետին,

Շարժել թուլանայր ըզսօսի կողերս վարսագեղ մարմնին (Վանանդեցի 64);

Թվում է՝ այդ անպարտելին ու ամենաուժեղը չպետք է հայտնվեր մահվան մահճում:

Պոեմում ուրվագծվում է Հայկ Նահապետի կնոջ՝ Զարմանդուխտի կերպարը: Վանանդեցին իրեն բնորոշ զգացմունքայնությամբ է նկարագրում

Զարմանդուխտի ողբի տեսարանը.

Աւա՜ղ իմ կենաց, վա՜յ ինձ առանց քո պայծառ արևին.

Դու սիւն ոսկեղէն, դու յականց պարիսպ մերոյ աշխարհին,

Դու ընկեր սիրոյս' զիա՞րդ զիս լքեալ թողեր առանձին (Վանանդեցի 64);

Հայկի կորուստը վերածվում է անասելի սգի. «Անդ էր աղաղակ լալոյ և կոծոյ սաստիկ որոտման» (Վանանդեցի 66): Նույնիսկ բնությունն էր սգում հսկայի մահը: Այստեղ բանաստեղծը դիմում է բնության շնչավորման գեղարվեստական եղանակին՝ նկարագրելով բնության անհանգիստ վիճակը. «դըղըրդէր երկիր գոռային անձաւք ի գոչ վայական» (Վանանդեցի 66): Համատարած սուգ էր տիրում հայոց մեջ:

Վերոնշյալ երկերի առաջնային և հիմնական նպատակը այն է եղել, որ երիտասարդները ծանոթ լինեն իրենց ժողովրդի պատմությանը, ճանաչեն իրենց նախնիներին և իմանալով նրանց կատարած գործերի մասին՝ բարի օրինակ վերցնեն և հպարտ լինեն նրանց ժառանգները լինելու հանգամանքով:

Վանանդեցու ձեռագրերն ուսումնասիրելիս ՄՄ 6023 ձեռագրում, որ ներառում է Վանանդեցու «Տապար սիրոյ» ստեղծագործությունը, գտանք Հայկին նվիրված հատվածներ. «Հայկն գեղագանգուր» (ՄՄ 6023 54 բ)՝ Հայկի հենց առաջին բնորոշումը գալիս է Խորենացուց: Իսկ Բելի համար որպես բնութագրիչ առաջին հերթին նշվում է «խաւարասէր» բառը՝ ի հակադրություն Հայկի: Եզրակացնում ենք, որ Հայկ Նահապետի կերպարն այնքան ընդհանրացված էր տվյալ ժամանակի գրականության մեջ, որ անգամ այս գործում, որ չի առնչվում մեր նախահոր հետ, գտնում ենք վկայակոչումներ նրա մասին:

Եզրակացություն

Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ Հովհաննես Վանանդեցին, կլասիցիզմի հետևողությամբ, տիրապետելով հայ բանաստեղծական արվեստի օրինաչափություններին, տաղաչափությանը, հետամուտ կիսակործան հայրենիքը փրկելու, նորոգելու հայոց անօրինակ մաքառումներին, իր իդեալը փնտրում էր Հին Հայաստանի անցյալի հերոսների մեջ: Ամենայն ճշմարիտը նրանց նախասահմանած

169

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ճանապարհով ընթանալն է, ուստի հակադրություն ստեղծելով հայոց ծաղկուն անցյալի և ներկա անհուսա[ի ժամանակի միջև՝ Վանանդեցին հայոց դյուցազունների օրինակով կոչ է անում լծվել ազգի վերաշինության գործին, որի հիմքը նախևառաջ հայրենասիրությունն ու ազգաճանաչությունն են:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Աբեղյան, Մանուկ. Երկեր, հ. Ա. Երևան, 1966 թ.:

2. Աբեղյան, Մանուկ. Երկեր, հ. Դ. Երևան, 1970:

3. Ալիշան, Ղեւոնդ. Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց. Վենետիկ, 1895:

4. Ալիշան, Ղեւոնդ. Նուագք. Վենետիկ, 1858:

5. Էփրիկյան, Հ.. Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. Ա. Վենետիկ, 1903:

6. Թադևոսյան, Մարատ. Հայկական կլասիցիզմի տեսությունը. Երևան, 1977:

7. Խորենացի, Մովսես. Պատմութիւն հայոց. Երևան, 1981:

8. Մաշտոցի Մատենադարան. թիվ 6023:

9. Չամչեանց, Միքայէլ. Պատմութիւն հայոց, հ. Ա. Վենետիկ, 1784:

10. Սարինյան, Սերգեյ. Հայկական ռոմանտիզմ. Երևան, 1966:

11. Սրվանձտյանց, Գարեգին. Երկեր, հ. 1. Երևան, 1978:

12. Վանանդեցի, Յովհան. Ոսկի դար Հայաստանի. Զմյուռնիա, 1841:

13. Վանանդեցի, Յովհան. Տեսարան հանդիսացն Հայկայ, Արամայ և Արայի. Զմիւռնիա, 1856:

WORKS CITED

1. Abegh’yan, Manuk. Erker, h. A. Erevan, [Works, vol 1. Yerevan] 1966. (In Armenian)

2. Abegh’yan, Manuk. Erker, h. D. Erevan, [Yerevan] 1970. Works, vol 4. (In Armenian)

3. Alishan Gh’evond. H in havatq kam hethanoskan kronq hayotc. Venetik, [Ancient Faith or Pagan Religion of Armenians. Venice] 1895. (In Armenian)

4. Alishan Gh’evond. Nuagq. Venetik, [Melodies. Venice] 1858. (In Armenian)

5. Ephrikyan. H. Patkerazard bnashkh’arhik bararan, h. A. Venetik, [Illustrated Natural World Dictionary. Venice] 1903. (In Armenian)

6. Tadevosyan, Marat. H aykakan klasitsizmi tesutyun’. Erevan, [The Theory of Armenian Classicism. Yerevan] 1977. (In Armenian)

7. Khorenatsi, Movses. Patmutyun hayots’. Erevan, [Armenian History. Yerevan] 1981. (In Armenian)

8. Mashtotsi Matenadaran. Tiv 6023. [Matenadaran of Mashtots. Number 6023] (In Armenian)

9. Chamcheants’, Miqayel. Patmutyun hayots’, h. A. Venetik, [Armenian History, vol 1. Venice] 1784. (In Armenian)

10. Sarinyan, Sergey. Haykakan romantizm. Erevan, [Armenian romanticism. Yerevan] 1966. (In Armenian)

11. Srvandztyantc’, Garegin. Erker, h. 1. Erevan, [Works, vol 1. Yerevan] 1978. (In Armenian)

12. Vanandetsi, Yovhan. Voski dar Hayastani. Zmyurnia, [Golden Age of Armenia. Zmyurnia] 1841. (In Armenian)

13. Vanandetsi, Yovhan. Tesaran handisatsn Haykay, Aramay ev Arayi. Zmyurnia, [ H ayk's, Aram's and Ara’s Scene. Zmyurnia] 1856. (In Armenian)

170

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

THE IMAGE OF HAYK NAHAPET IN THE WORKS OF HOVHANNES VANANDETSI

SIRANUSH PARSADANYAN

NAS RA, Literature Institute, Junior researcher,

Yerevan, The Republic of Armenia

The purpose of this article is to reflect on the general character traits of Hayk Nahapet in the works of Hovhannes Vanandetsi.

Our task is to highlight characteristics of the ancestor founder of the Armenian people in Vanandetsi's individual works, to show, apart from studying the historiographical sources, that, unlike the works of the old period, the psychological drama of the characters is emphasized in the author's writings, according to the characteristics of the literature of the new period, with Hayk Nahapet as the core character. Reference was also made to the fact that although Vanandetsi made the events of the pagan period the subject of his poems, nevertheless, as a Christian author, he constantly emphasizes the belief of the ancestors of the Armenian people, the monotheism.

Literary and textological works are intertwined in the article. Analytical as well as comparative methods were used during the research.

We come to the conclusion, that Vanandetsi, by following the classicism, mastering the regularities of the Armenian poetic art, the subtlety, the unparalleled Armenian struggles to save the half-ruined homeland, to repair it, sought his ideal among the heroes of the past of Ancient Armenia. The main way to rebuild a nation, according to the author, is to follow the path of our ancestors, which is the reason why in his main works the physical and spiritual merits of our ancestors are highlighted.

Keywords: Hovhannes Vanandetsi, Hayk Nahapet, poem, Movses Khorenatsi, classicism, Old Armenia, heroes.

ОБРАЗ АЙКА НААПЕТА В ТВОРЧЕСТВЕ ОВАНЕСА ВАНАНДЕЦИ

СИРАНУШ ПАРСАДАНЯН

младший научный сотрудник

Института литературы Национальной академии наук РА, г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - рассмотреть над общие черты характера Айка Наапета в произведениях Ованеса Ванандеци.

Наша задача – выделить черты характера родоначальника армянского народа в отдельных произведениях Ванандеци, показать,что помимо изучения историографических источников и в отличие от произведений прежнего периода, в трудах Ванандеци подчеркивается психологическая драма героев; а образ Айка

171

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Наапета обладает чертами, характерными для литературы нового периода. Отмечалось также, что, хотя сюжеты стихов Ванандеци восходят к событиям языческого периода, как автор, будучи христианином, он постоянно выделят веру предков армянского народа - единобожие.

В статье рассматриваются художественные и текстологические труды. В ходе исследования использовались как аналитические, так и сравнительные методы.

В заключении статьи мы приходим к выводу о том, что Ованес Ванандеци, следуя принципам классициза, осваивая образцы армянского поэтического искусства, основной темой своих произведений избрал тему беспримерных усилий армян по спасению и восстановлению полуразрушенной своей родины, тему поиска идеал среди героев прошлого Древней Армении. По мнению автора, основной путь возрождения нации — это следование по пути наших предков, и именно поэтому в его основных произведениях особенно подчеркиваются физические и духовные достоинства наших предков.

Ключевые слова: Ованес Ванандеци, Айк Наапет, поэма, МовсесХоренаци, классицизм, Древняя Армения, герои.

172

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.