ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 4(15), 2022
ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, JOURNALISM, ЖУРНАЛИСТИКА
--------------------------
ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՖԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ (ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ) *
ՀՏԴ 070
DOI: 10.52063/25792652-2022.4.15-143
ԼԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն martirosanliana413@gmail. com
Սույն հոդվածը նպատակ է հետապնդում Արցախյան հակամարտության օրինակով բացահայտել դավադրության միֆի էությունը և դրա ազդեցությունը քաղաքական ընտրություններում։
Աշխատանքի խնդիրն է բացահայտել այն մանիպուլյացիոն տեխնոլոգիաները և գործիքները, որոնք կիրառվում են իշխանության հասնելու համար։
Աշխատանքը շարադրված է պատմաքննական վերլուծության և փաստերի համեմատության մեթոդների միջոցով:
Ամփոփելով սույն հոդվածը՝ կարող ենք պնդել՝ դավադրության միֆը գործիք է, որը, ազդելով հանրույթի գիտակցության վրա, նրան գցում է տեղեկատվական թակարդը, կառավարում սոցիալական վարքագիծը և մղում որոշակի գործողությունների։ Այս միֆերը քաղաքականության մեջ օգտագործվում են որպես հասարակության և սուբյեկտի հաղորդակցման ձև։
Դրանց օգտագործումը կարևորվում է հասարակության սոցիոմշակութային ճգնաժամերի ընթացքում, երբ մարդն ունի կողմնորոշվելու և ընտրություն կատարելու խնդիր։
Հետազոտությունից պարզ դարձավ, որ այսօր դավադրության միֆը շարունակում է լինել ամենից հաճախ կիրառվող քաղաքական տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությունում։ Դրա վառ օրինակն է Արցախյան հակամարտությունը, որը որպես մանիպուլյացիոն գործիք հաճախ օգտագործվում է քաղաքական ուժերի կողմից իշխանության հասնելու համար։ Դրանք տարածվում են շնորհիվ ժամանակակից հաղորդակցային տեխնոլոգիաների և զանգվածային լրատվամիջոցների։
Հիմնաբառեր՝ միֆ, քաղաքական միջավայր, քաղաքացիական հասարակություն, սոցիալ-հոգեբանական միջավայր, դավադրության միֆ, ԶԼՄ-ներ, Արցախյան հակամարտություն, անվտանգություն։
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.12.2022թ.:
է 15.11.2022թ., գրախոսվել'
15.12.2022թ., տպագրության
143
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
Նախաբան
Ժամանակակից միֆերի ստեղծման և տարածման նպաստավոր ոլորտներից մեկը քաղաքականությունն է: Քաղաքական միֆալոգիան իշխանական զինանոցի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, առանց որի վերջիններս չեն կարող մրցունակ մնալ քաղաքական պայքարում և հասնել ցանկա[ի արդյունքի (Հովհաննիսյան 134)։ Քաղաքական միֆերի արդիականությունը պայմանավորված է հենց քաղաքականության արդիականությամբ։ Վերջինս ձգտում է հասնել մարդկային հույզերի և վարքագծի կառավարմանը, իսկ միֆերը կարող են հաջողությամբ սքողել տարբեր քաղաքական քայլերի իրական նպատակները, ստեղծել կեղծ ապահովության մթնոլորտ, շահել հանրույթի վստահությունը և նրան մղել որոշակի քայլերի։ Միֆերը, ունենալով խոր արմատներ, այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Դրանց ստեղծումն ու տարածումը առավել ակտիվանում է երկրի համար բախտորոշ իրավիճակներում՜ պատերազմների, հեղափոխությունների և հեղաշրջումների ժամանակ, ընտրությունների նախաշեմին, նախընտրական քարոզարշավների ողջ ընթացքում, ընդ որում սա կատարվում է ոչ միայն առանձին պետությունների ներսում, այլև համաշխարհային գործընթացների պայմաններում։ Միֆականացման ենթարկվում են ինչպես երևույթները, այնպես էլ մարդիկ։ Միֆերն ազդում են մարդու հույզերի, զգացմունքների վրա։ Դրանք կարող են պարունակել իրականության տարրեր, սակայն աղճատված են, հաճախ ուռճացված և չափազանցված։ Դրանք ձևավորվում են մանիպոււյացիոն տարբեր գործիքների օգտագործմամբ։ Միֆերի զարգացման ամենից տարածված սոցիալ-հոգեբանական միջավայրը ԶԼՄ-ներն են, քանզի նորությունների ընտրությունը, դրանց հաղորդումն ու մեկնաբանությունները որոշակի վերաբերմունք են ձևավորում եղելությունների նկատմամբ։
Վերջին տասնամյակում հետազոտողները նախանշել են մի շարք ընդհանրական մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի է կանխատեսել միֆերի զարգացումը, սակայն դրանք, որքան էլ լինեն մշակված ու մեկնաբանված, հաճախ դուրս են գալիս կանխատեսելիության սահմաններից։ Մասնագիտական գրականության մեջ ընդունված է ֆրանսիացի հետազոտող Ռ. Ժիրարդեի դասակարգումը, ըստ որի՝ միֆերը կարելի է բաժանել չորս մեծ խմբի՝ Դավադրություն, Ոսկե դար, Հերոս-փրկիչ և Միասնականություն (Жирарде 47-54): Հոդվածում փորձել ենք տեղայնացնել դավադրության միֆը՝ մեր երկրում տեղի ունեցած մի շարք կարևոր քաղաքական գործընթացներ մեկնաբանելով և վերլուծելով հենց այս դիտանկյունից։
Դավադրության միֆի էությունը
Ըստ Ռ. Ժիրարդեի դասակարգման՝ դավադրության միֆը քաղաքական միֆի կայացման առաջին փուլն է. այն առաջադրում է ժողովրդի ենթադրյալ թշնամիների մասին պատկերացումներ, որոնք լեցուն են անվտանգային սպառնալիքներով (Դեմիրճյան 53)։ Վերջինս չի բացառում իրական թշնամիների լինելիությունը, առկա իրական վտանգը, սակայն ընդգծում է՝ ինչպես են «այդ թշնամիների» մասին պատմությունները դառնում մանիպոււյատիվ գործիքներ իշխող կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքին։ Այլ խոսքով՝ դրանք փաստերի յուրօրինակ մեկնաբանություններ են, որոնք հետապնդում են «թաքնված» նպատակներ։ Վերջիններս հանդես են գալիս նաև որպես «օբյեկտիվ» բացատրություններ հասարակության մեջ առկա ճգնաժամերի, սոցիալական անհավասարության, ֆինանսական դժվարությունների և այլ արատավոր երևույթների համար։ Հավելենք, որ դավադրության միֆի շահարկումը կարող է ենթադրել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիների վկայակոչում։
144
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
Դավադրության միֆերը կարող են լինել երկարաժամկետ և կարճաժամկետ, ըստ իրականացման ձևի՝ նախապես պլանավորված կամ էլ իմպրովիզացիոն։ Օժվտած լինելով «ժամանակ խնայելու» գործառույթով՝ դավադրության միֆը կոչված է իրականացնելու արդյունավետ քաղաքական հաղորդակցում հանրույթի լայն շերտերի հետ՝ ապահովելով քաղաքացիական խաղաղություն և կայունություն, նաև՝ տվյալ երկրում իշխանական ինստիտուտների և նրա առաջատարների գործունեությունը լեգիտիմացնելու։
Դավադիր ուժի կամ թշնամու կերպարում կարող են հանդես գալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը։
Արցախյան հակամարտությունը' որպես դավադրության միֆի դրսևորման օրինակ
Վերոնշյալ գործընթացներից զերծ չի մնացել նաև Հայաստանը, որտեղ հատկապես անկախության շրջանում մեծ կիրառություն են գտել քաղաքական դավադրության միֆերը։ Այդ ժամանակահատվածում միֆերի ստեղծման անհրաժեշտությունը բացատրելի էր, քանի որ այն բեկումնային էր ժողովրդի համար. ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկած հայ ժողովուրդը ընտրել էր ժողովրդավար հանրապետություն կառուցելու ուղին։ Մարդիկ համակված էին սեփականը պաշտպանելու և նորը կառուցելու ձգտումով, սպասվում էր նոր զարթոնք։ Ամեն ինչ արվում էր երկիրը վերակառուցելու և անկախանալու համար։ Սակայն ազատությունը չէր կանխատեսել այն բոլոր բարդությունների և զրկանքների վտանգը, որին ստիպված եղավ բախվել հայ ժողովուրդը (Սարգսյան 204)։ Մի կողմից առկա էին սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամ, հասունացող պատերազմի վտանգ և տարածքային ամբողջականության պահպանման մտահոգություն, մյուս կողմից՝ իշխանության գալու և երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնելու խնդիր։ Նման խոցելի իրավիճակներով էլ բացատրվում է միֆերի կիրառման բազմազանությունը։ Երկրում իշխանություն հաստատելու և սոցիալական ծանր պայմանները արդարացնելու համար անհրաժեշտ էին դավադրության միֆեր, պետք էր թշնամու կերպար, ում դեմ պայքարի համար էլ պետք է ծնվեր հերոս-փրկիչը՝ բերելով խոստացված զարթոնքն ու ազատությունը։ Այս պարագայում ժողովրդի թշնամին արտաքին էր՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք սպառնում էին երկրի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։ Արցախյան հակամարտության սպառնալիքի մեկնաբանությունը «դավադրության միֆի» կենդանի օրինակ է։ Բավական է հպանցիկ հայացք գցել ՀՀ քաղաքական պատմությանը՝ 1988 թվականից առ այսօր, և կարող ենք ընդգծել, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի քաղաքական ծրագրերը կառուցված են եղել Արցախյան հակամարտության հենքի վրա։ Բոլոր քաղաքական խոստումներն անցել են դրա հղանցքով՝ հավեյյալ ընդգծելով, որ իրենց քաղաքական նպատակները խաչվում են պետության ազգային և անվտանգային
հիմնախնդիրներին։ Միֆը, խորացնելով իր արմատները, զարգանում էր՝ իր հետ տանելով այն գաղափարը, որ միայն տվյալ քաղաքական ուժը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, և ամեն տեսակի ընդվզում կարող է հանգեցնել պետության արմատական խարխլմանը։
Այսպիսով, Հայաստանում տարիներ շարունակ իշխող է եղել այն տեսակետը, որ երկրի ներսում հնարավոր իշխանափոխությունը հղի է պետականության կորստի վտանգով։ Անվտանգության միֆը լուծում էր նաև այլ խնդիր՝ արդարացնել երկրում առկա սոցիալական ծանր պայմանները և խորացող ճգնաժամերը։ Ստեղծված միֆն իսկապես ծանրակշիռ էր, քանզի անվտանգության կարևորությունը միշտ էլ մղվել է առաջին պլան հասարակությունների պահանջմունքների ուսումնասիրության ժամանակ։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ պատերազմի սպառնալիքը միշտ էլ եղել է, սակայն հաճախ ուռճացվել և ապակոդավորվել է՝ դառնալով գործիք իշխանության
145
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
ձգտողների ձեռքին: Պատահական չէ, որ 1990-ական թվականներից երկրի իշխանական վերնախավում մեծ հեղինակություն էին վայելում «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, որոնք համարվում էին անվտանգության երաշխավորները կամ ժողովրդական զարթոնքի ապահովողները։ Այս ամենն իր արտացոլումն էր գտնում վերջիններիս կուսակցությունների քաղաքական կարգախոսներում՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց», «Կառուցենք և պաշտպանենք», «Անվտանգ Հայաստան», «Փրկենք մեր հայրենիքը», «Մենք ենք ձեր անվտանգության երաշխավորը» և այլն։ Արտաքին թշնամու նախանշումը քաղաքական ուժերին հնարավորություն էր տալիս հանդես գալու հերոս-փրկչի կերպարում, և քանի որ մարդկային գիտակցության մեջ միախառնված են իրականը և միֆականը, դրանք, որպես կանոն, հանգեցնում էին ցանկալի արդյունքի։ Թշնամու դեմ պայքարի առասպելը ազգային առաջնորդության հիմքում է ի սկզբանե, քանի որ առանց հաղթանակի չկա նաև երկրի, հասարակության, սոցիումի վերածնունդ (Ասրիյան, Մելքոնյան 77)։
Դավադրության միֆի ձևավորողներից մեկն էլ եղել է սպարապետ Վազգեն Սարգսյանը, որ 1996 թվականին Օպերայի հրապարակում հնչած ելույթի ժամանակ հիշեցրեց անվտանգության խնդիրների առաջմղման կարևորությունը և տնտեսական վատ պայմանները փորձեց արդարացնել պատերազմով և Արցախի հարցով։ Այդ ժամանակ արված հայտնի արտահայտությունը՝ «8 շրջան երշիկի դիմաց», դարձավ թևավոր խոսք և սկսեց շահարկվել քաղաքական շրջանակներում («Վազգեն Սարգսյանը «ցուրտ ու մութ» տարիների մասին, 1996թ.» 00:34-00-53)։ Իհարկե, «երշիկ» բառը խորհրդանշական էր և զուգորդվում էր տնտեսական առաջընթացի երկրորդ պլան մղվելու հետ։ Նմանատիպ արտահայտությունները հետագայում լայն տարածում գտան ընդդիմադիր այլ ուժերի քաղաքական ելույթներում (Աշոտ Մանուչարյան)։ Գրեթե նույն ազդեցությունն ունեցավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ի սեպտեմբերի 26-ին «Ա1+» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցում Սերգո Երիցյանին ուղղված հայտնի
արտահայտությունը, որ «Հայաստանը պետություն չի դառնա, լավ չես ապրի, Սերգեյ' ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» («Ականատեսի հուշերը. ընտրությունները Հայաստանում 1990-2013» 01:23:41-01:23:41 )։ Սոցիալական քարոզչությունը այս ժամանակահատվածում արվում էր միայն պատերազմի անունից՝ լույս և գազ չկա, հաց չկա, քանզի պետությունը պատերազմի մեջ է։ Քաղաքական թատերաբեմը լեցուն էր նման օրինակներով:
Արցախի անվտանգության միֆի շահարկումը չկորցրեց արդիականությունը նույնիսկ տարիներ անց, երբ Հայաստանի Հանրապետությունը թևակոխել էր զարգացման այլ փուլ։ Այն միշտ էլ եղել է քաղաքական առաջնորդների զինանոցի ծանր հրետանին։ Մասնավորապես անվտանգության միֆի ազդեցությանը դիմեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, երբ 2018 թվականին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ դրժում է իր՝ այլևս քաղաքականությամբ չզբաղվելու խոստումը, քանի որ կրկին կա պատերազմի սպառնալիք («Վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը» 00:12:38-00:18:00)։ Այս արտահայտությունը, որը նախկինում կարող էր նրան հերոս դարձնել, սկսեց գործել հակառակ ուղղությամբ՝ կերտելով հակահերոսի կերպար։ Գոյություն ունեցող միֆը իրականություն է այն մարդու համար, ով հավատում է դրան։ Սակայն նոր միֆերի ստեղծման ֆոնին հին միֆերը դառնում են հեքիաթ և կորցնում իրենց ազդեցությունը, ինչին ականատես եղանք այդ հարցազրույցին հաջորդած իշխանափոխության ժամանակ։ Առաջացել էր նոր միֆ ստեղծելու պահանջ, կային հին միֆերը արմատախիլ անելու լուրջ նախադրյալներ։ Սոցիալական պայմանները մարդկանց դուրս էին բերել փողոց, քանզի հին միֆերը, սպառելով իրենց, չէին կարողանում արդարացնել նախկին ռեժիմի քայլերը։ Ահա այս պայմաններում էլ խորտակվեց հին միֆը՝ իր տեղը զիջելով նորին։ Հայաստանյան
146
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
իրականության մեջ հակահերոսի կերպարը մշտապես առկա էր բոլոր քաղաքական, հատկապես ընտրական գործընթացներում։ Նախկինում թշնամին սովորաբար արտաքին էր (Ադրբեջան, Թուրքիա), սակայն 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց, որ հանրույթը կարող է ստեղծել նաև ներքին հակահերոս և պայքարել նրա դեմ։ Հարկ ենք համարում նշել, որ թե' միֆերը ստեղծողները, թե' դրանք քողազերծողները գործում են նույն սկզբունքով, քանզի նոր միֆերը ծնվում են հին միֆերի դեմ պայքարի արդյունքում։
Դավադրության միֆի բազում դրսևորումներ կարելի էր գտնել նաև 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո։
Եզրակացություն
Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրենք՝ քաղաքական ճգնաժամերի պայմաններում, երբ մարդիկ համախմբող խորհրդանիշների պահանջ են զգում, քաղաքական ուժերը գործի են դնում իրենց ողջ զինանոցը հանրույթի համար կարևոր թեմաների շահարկման միջոցով։ Այս ճանապարհին նրանք կարող են օգտագործել թույլատրելի և անթույլատրելի, արդարացված կամ չարդարացված բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք հետապնդում են որոշակի նպատակներ՝ շահել ժողովրդի վստահությունը, կառավարել հանրային գիտակցությունը, ուղղորդել նրա վարքագիծը և, իհարկե, մղել որոշակի գործողությունների։ Ընդգծենք, որ ներքին կամ արտաքին թշնամիների մասին բարձրաձայնումները կարող են ունենալ միևույն ազդեցությունը, պարզապես պետք է ճիշտ գնահատել իրավիճակը և օգտագործել համապատասխան ինֆորմացիոն զենքեր։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե միֆերի դարաշրջանը վաղուց անցյալում է, սակայն նախկին և մերօրյա քաղաքական փորձը մեզ հակառակն է ապացուցում: Միֆերը, լինելով քաղաքական պայքարի
կարևորագույն միջոցներից մեկը, օգտագործվում են բացառապես իշխանության գալու, ստեղծված հաճախ ոչ ցանկալի իրավիճակները մեկնաբանելու և արդարացնելու նպատակով։ Քաղաքացիական հասարակության ձևավորումը, արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների առատությունը, ինֆորմացիոն աղբյուրների բազմազանությունը ավելի են ընդլայնել դրանց տարածման առանցքը՝ տալով նորովի զարգանալու և մատուցվելու մեծ հնարավորություններ։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Դեմիրճյան, Մովսես. «Միֆը ժամանակակից Հայաստանի քաղաքական համակարգում». Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն, թիվ 2 (32), Երևան, 2020, էջ 51-59։
2. Հովհաննիսյան, Վլադիմիր. «Քաղաքական միֆերը որպես տեղեկատվական պատերազմների միջոց». 21-ՐԴ ԴԱՐ տեղեկատվական-վերլուծական հանդես, թիվ 3, Երևան, 2008, էջ 123-136։
3. Մելքոնյան, Նվարդ, Ասրիյան, Էլինա. «Հայաստանյան «թավշյա»
հեղափոխության միֆերը», Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», թիվ 3 (27), Երևան, 2018, էջ 74-83։
4. Սարգսյան, Ձարուհի, «Հին և նոր միֆերի պայքարը 1990-ականների առաջին կեսի Հայաստանյան մամուլում», Ժուռնալիստիկա և հաղորդակցություն. Տեսության և պատմության հարցեր թիվ 13, Երևան, 2018, էջ 204-213 ։
5. Жирарде, Рауль, «Политические мифы и мифологии. Политическая наука»Теоретико-методологические и историко-культурные исследования. Москва., 1996, стр. 47-54:
147
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
6. Լևոն, Տեր-Պետրոսյան. «Ականատեսի հուշերը. Ընտրությունները Հայաստանում
1990-2013». YouTube, 19 փետրվար 2021,
https://www.youtube.com/watch?v=ioV Y6oLtHk
7. Վազգեն, Սարգսյան. «Վազգեն Սարգսյանը «ցուրտ ու մութ տարիների մասին, 1996». YouTube, 22 հոկտեմբեր 2020,
https://www.youtube.com/watch?v=dyzhHX4WL3s
8. Սերժ, Սարգսյան. «Վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը». YouTube, 19 ապրիլ 2018,
https://www.youtube.com/watch?v=oxR7ZIM8mcI&t=1s
WORKS CITED
1. Demirtsyan, Movses. Mify' jhamanakakic Hayastani qaghaghakan hamakargum, [Myth in the Modern Political System of Armenia] 2020. (In Armenian).
2. Girardet, Raul. Politicheskie mify I mifologii. Politicheskaya nauka,[Political Myths and Mythologies. Political Science] 1996. (In Russian)
3. Hovhannisyan, Vladimir. Qaghaqakan mifery' vorpes teghekatvakan paterazmneri mijoc, [Political Myths as Means of Information War] 2008. (In Armenian).
4..Levon, Ter-Petrosyan. "Akanatesi hushery'. Y'ntrut'yunnery' Hayastanum 19902013". YouTube, 19 p'etrvar 2021,[ Memoirs of an Eyewitness. Elections in Armenia 1990-2013] 2021 (In Armenian). https://www.youtube.com/watch?v=ioV Y6oLtHk
5. Melqonyan, Nvard, Asriyan, E'lina. Hayastanyan tavshya heghap'oxut'yan mifer y', [The Myths of Armenian «Velvet» Revolution] 2018. (In Armenian)
6. Sargsyan, Zaruhi. Hin & nor miferi payqary' 1990-akanneri arajin kesi Hayastanyan mamulum, [Mythical Struggle of the Old and New in the Ppress in the Early 1990s] 2018. (In Armenian)
7. Serjh, Sargsyan."Varchapet Serjh Sargsyani bacar'ik harcazruycy'
«Shant'» her'ustay'nkerut'yany'". YouTube, 19
april 2018,[Prime Minister Serzh Sargsyan's Exclusive Interview to Shant TV] 2018 (In Armenian).
https://www.youtube.com/watch?v=oxR7ZIM8mcI&t=1s
8. Vazgen, Sargsyan. Vazgen Sargsyany' «curt u mut'tarineri masin, 1996». YouTube,
22 hoktember 2020,
["Vazgen Sargsyan about the "Cold and Dark Years, 1996"] 2020 (In Armenian), https://www.youtube.com/watch?v=dyzhHX4WL3s
MYTH ABOUT CONSPIRACY IN ARMENIAN POLITICAL SECTOR (BY THE EXAMPLE OF THE ARTSAKH CONFLICT)
LIANA MARTIROSYAN
Yerevan State University, Faculty of Journalism,
Chair of Communication and New Media, Ph.D. Student,
Yerevan, the Republic of Armenia
The purpose of this article is to use the example of the Karabakh conflict to reveal the essence of the conspiracy myth and its influence in political elections.
The task of the work is to identify manipulative technologies and tools that are used to achieve power.
The work was written using the methods of historical analysis and comparison of
facts.
148
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
Summing up this article, we can argue that the conspiracy myth is a tool that, by influencing the public consciousness, traps them in an information trap, controls social behavior and pushes them to certain actions. These myths are used in politics as a form of communication between society and a political subject.
Their use becomes important during the socio-cultural crises of society, when a person has a problem of orientation and choice.
It became clear from the research that today the myth of conspiracy continues to be the most frequently used political technology in the Republic of Armenia. A striking example of this is the Karabakh conflict, which is often used by political forces as a tool of manipulation to gain power. They are widely used due to modern communication technologies and mass media.
Keywords: Myth, political environment, civil society, socio-psychological
environment, conspiracy myth, media, Karabakh conflict, security.
МИФ О ЗАГОВОРЕ В АРМЯНСКОМ ПОЛИТИЧЕСКОМ СЕКТОРЕ (НА ПРИМЕРЕ АРЦАХСКОГО КОНФЛИКТА)
ЛИАНА МАРТИРОСЯН
аспирант кафедры новых медиа и коммуникаций факультета журналистики Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения
Цель данной статьи - с помощью примера Карабахского конфликта выявить суть мифа заговора и его влияние в политических выборах.
Задачей работы является выявление манипулятивных технологий и инструментов, которые используются для достижения власти.
В ходе работы были использованы н методы исторического анализа и сравнительный метод.
В итоге проведенной работы что мы можем утверждать, что миф о заговоре – это инструмент, который, воздействуя на общественное сознание, заманивает его в информационную ловушку, управляет социальным поведением и подталкивает к определенным действиям. Эти мифы используются в политике как форма коммуникации между обществом и субъектом.
Их использование становится значимым во время социокультурных кризисов общества, когда у личности возникает проблема ориентации и выбора.
Из исследования стало ясно, что на сегодняшний день миф о заговоре продолжает оставаться наиболее часто используемой политической технологией в Республике Армения. Ярким примером этому является Карабахский конфликт, который часто используется политическими силами как инструмент манипуляции для получения власти. Они распространяются благодаря современным коммуникационным технологиям и СМИ.
Ключевые слова: миф, политическая среда, гражданское общество, социально-психологическая среда, миф о заговоре, СМИ, Карабахский конфликт, безопасность.
149