Научная статья на тему 'ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ'

ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ Текст научной статьи по специальности «Агробиотехнологии»

CC BY
12
2
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ագրոպարենային համակարգ / կազմակերպատնտեսական կառուցակարգ / շուկայական տնտեսություն / պետություն / գյուղատնտեսություն / ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն / մարզպետարան / համայնքապետարան / agro-food system / organizational and economic mechanism / market economy / state / agriculture / RA Ministry of Economy / regional administration / community administration

Аннотация научной статьи по агробиотехнологии, автор научной работы — Աշոտ Ոսկանյան, Կարինե Մալխասյան

Հոդվածի նպատակն է ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգերի վերաբերյալ տեսական և գործնական դրույթների ուսումնասիրության, ինչպես նաև միջազգային փորձի հետազոտության և տեղայնացման հիման վրա մշակել ՀՀ ագրարային ոլորտի կազմակերպակառավարման համակարգի կիրառելի և արդիական սխեմա: Հոդվածի խնդիրներն են ՀՀ ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի ձևավորման հիմնական սկզբունքների վերհանումը՝ կայունություն, հասցեականություն, երաշխավորվածություն, լիազորությունների հստակ բաշխում և մրցակցության հավասար պայմանների ապահովում, միջազգային փորձի և համաշխարհային զարգացման միտումների հաշվի առնում, ինչպես նաև հիմնական փուլերի մշակումը և կատարելագործման ուղղությունների առաջադրումը: Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության և տրամաբանական մեթոդները: Հետազոտության արդյունքում կատարված եզրահանգումների հիման վրա առաջարկվել է ագրոպարենային համակարգի կառավարման հայեցակարգի սահմանման նոր մոտեցում, այն է՝ ագրոպարենային համակարգի կառավարման կառուցակարգն առկա համակարգի և դրա ենթահամակարգերի փոփոխության անընդհատ և համակարգված գործընթաց է, որը բխում է կառավարման խնդիրների նպատակային և համալիր լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև ագրարային ոլորտի արդյունավետ գործառնության և հետագա զարգացման օբյեկտիվ պահանջներից: Վերջինիս հիման վրա մշակվել է ՀՀ ագրարային ոլորտի կազմակերպակառավարման համակարգի նոր սխեմա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERNATIONAL EXPERIENCE AND POSSIBILITIES OF APPLICABILITY OF ORGANIZATIONAL AND ECONOMIC MECHANISMS OF AGRICULTURE SYSTEM MANAGEMENT IN RA

The purpose of the article is to study the theoretical and practical provisions on the organizational and economic mechanisms of the management of the agro-food system, as well as to develop an applicable and modern scheme of the organizational management system of the agrarian sector of RA based on the research and localization of international experience. The problems of the article are: highlighting the main principles of the formation of the organizational and economic mechanism of the management of the RA agro-food system: stability, addressability, guarantee, clear distribution of powers and provision of equal conditions of competition, taking into account international experience and global development trends, as well as developing key milestones and setting improvement directions. The article used dialectical, scientific methods of elimination, comparative analysis and logical methods. Based on the conclusions made as a result of the research, a new approach to defining the concept of agro-food system management was proposed, that is: the management mechanism of the agro-food system is a continuous and systematic process of changing the existing system and its subsystems, which stems from the need for a targeted and complex solution to management problems, as well as from the objective requirements of the effective operation and further development of the agrarian sector. Based on it a new scheme of the organizational management system of the RA agrarian sector was developed.

Текст научной работы на тему «ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ * Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

ՀՏԴ 338.43:339.137.2

ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

Ագրարային քաղաքականության և

տնտեսագիտության հետազոտական

կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

[email protected]

ORCID ID: 0000-0002-0027-666x

ԿԱՐԻՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական

կենտրոնի գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

[email protected]

ORCID ID: 0009-0007-7787-6093

Հոդվածի նպատակն է ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգերի վերաբերյալ տեսական և գործնական դրույթների ուսումնասիրության, ինչպես նաև միջազգային փորձի հետազոտության և տեղայնացման հիման վրա մշակել ՀՀ ագրարային ոլորտի կազմակերպակառավարման համակարգի կիրառելի և արդիական սխեմա:

Հոդվածի խնդիրներն են ՀՀ ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի ձևավորման հիմնական սկզբունքների վերհանումը՝ կայունություն, հասցեականություն, երաշխավորվածություն, լիազորությունների հստակ բաշխում և մրցակցության հավասար պայմանների ապահովում, միջազգային փորձի և համաշխարհային զարգացման միտումների հաշվի առնում, ինչպես նաև հիմնական փուլերի մշակումը և կատարելագործման ուղղությունների առաջադրումը:

Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության և տրամաբանական մեթոդները:

Հետազոտության արդյունքում կատարված եզրահանգումների հիման վրա առաջարկվել է ագրոպարենային համակարգի կառավարման հայեցակարգի սահմանման նոր մոտեցում, այն է՝ ագրոպարենային համակարգի կառավարման կառուցակարգն առկա համակարգի և դրա ենթահամակարգերի փոփոխության անընդհատ և համակարգված գործընթաց է, որը բխում է կառավարման խնդիրների նպատակային և համալիր լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև ագրարային ոլորտի արդյունավետ գործառնության և հետագա զարգացման օբյեկտիվ պահանջներից: Վերջինիս հիման վրա մշակվել է ՀՀ ագրարային ոլորտի կազմակերպակառավարման համակարգի նոր սխեմա:

Հիմնաբառեր՝ ագրոպարենային համակարգ, կազմակերպատնտեսական կառուցակարգ, շուկայական տնտեսություն, պետություն, գյուղատնտեսություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, մարզպետարան, համայնքապետարան։

Ներածություն

Կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգը ներառում է միմյանց հետ փոխկապակցված տնտեսական մեթոդները և լծակները, որոնք անմիջականորեն ազդում են ապրանքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման գործընթացների վրա: Ընդ որում, որպես կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի տարրեր հանդես են գալիս տարբեր տնտեսական կառույցներ, որոնք ձևավորվում են ագրոարդյունաբերական ինտեգրացիայի ազդեցության ներքո:

Ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի կիրառման նպատակները և խնդիրները հանգում են հետևյալին՝ արտադրանքի թողարկման ծավալների աճ, պարենային անվտանգության ապահովում, հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացում, ագրարային ոլորտի տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական վիճակի բարելավում, գյուղական տարածքների կայուն զարգացում, ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում, նորարարությունների կիրառում և այլն:

Քանի որ շուկայական տնտեսական համակարգը կատարյալ չէ և կարող է ունենալ խաթարումներ, ապա որպես գլխավոր կարգավորող սուբյեկտ հիմնականում հանդես է գալիս պետությունն իր ուղղակի և անուղղակի ազդեցության լծակներով:

Այս առումով առանձնահատուկ կարևորություն է ստանում ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի միջազգային փորձի ուսումնասիրությունը և վերջինիս կիրառելի տարբերակի մշակումը:

Ագրոպարենային համակարգի կառավարման

կազմակերպատնտեսական կառուցակարգի էությունը

Ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգը վարչական, տնտեսական, իրավական ազդեցության լծակների և արտադրական գործընթացների կազմակերպման ձևերի համախումբ է, որոնք ապահովում են ագրոպարենային համակարգի գործունեությունը և կայուն զարգացումը:

Ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգը որոշակի մեթոդների և լծակների կիրառությամբ պետական ինստիտուտների և տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունների կառավարման և վերահսկողության համակարգ է, ինչի միջոցով ապահովվում է տնտեսության ագրարային ոլորտի արդյունավետ գործունեությունը:

Որոշ տնտեսագետներ տարանջատում են «կազմակերպական կառուցակարգ» և «տնտեսական կառուցակարգ» հասկացությունները, մասնավորապես՝ ռուս տնտեսագետ, պրոֆեսոր Բ. Զ. Միլները կառավարման կազմակերպական կառուցակարգը սահմանում է որպես կապերի համակարգ, որոնք առաջ են գալիս որոշակի դինամիկայում: Տոհոկուի համալսարանի պրոֆեսոր Տ. Կոնոն կազմակերպական կառուցակարգը դիտարկում է որպես տարբեր աշխատանքային գործընթացները խմբավորելու, ինչպես նաև այդ գործընթացներում ուղղահայաց և հորիզոնական կապերը կանոնակարգելու եղանակ (Цхурбаева и Фарниева,-с.151-154):

Ընդհանուր առմամբ, կազմակերպական կառուցակարգը վերաբերում է ազդեցության կազմակերպական միջոցներին, իսկ տնտեսական կառուցակարգը՝ տնտեսավարման մեթոդներին և ձևերին, որոնք ներառում են տնտեսական հարաբերությունները, գործունեության ընդհանուր արդյունքների վրա վերջիններիս ազդեցության գնահատման եղանակները, տնտեսական գործունեության խթանման, պլանավորման, վերլուծության ենթահամակարգերը և այլն:

Գծապատկեր 1. Ագրոպարենային համակարգի կառավարման կառուցակարգի կազմակերպական և տնտեսական գործոնները (Тарасов, Исаева, и др.,167)

Ագրոպարենային համակարգի տնտեսական կառուցակարգը որոշակի տարրերի ամբողջություն է, որոնք բնորոշ են արտադրության գործընթացի և կառավարման համակարգի կազմակերպմանը, որոնք էլ ապահովում են ագրարային ոլորտի սուբյեկտների գործունեությունը և զարգացումը, և վերջիններիս գործունեության վերջնական արդյունքների ստացումը՝ դրված նպատակներին համապատասխան: (Франциско и Молчан 142-148):

Մեր կարծիքով, ագրոպարենային համակարգի կառավարման կառուցակարգն առկա համակարգի և դրա ենթահամակարգերի փոփոխության անընդհատ և համակարգված գործընթաց է, որը բխում է կառավարման խնդիրների նպատակային և համալիր լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև՝ ագրարային ոլորտի արդյունավետ գործառնության և հետագա զարգացման օբյեկտիվ պահանջներից:

Ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի միջազգային փորձը

Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ պետությունը գրեթե բոլոր տնտեսապես զարգացած երկրներում աջակցում է ագրարային ոլորտին, ընդ որում, պետական կարգավորման մեթոդների ընտրությունը կախված է կոնկրետ երկրի գյուղատնտեսության զարգացման մակարդակից և ազգային առաջնահերթութ-յուններից:

Պետության կողմից ագրարային ոլորտին աջակցության միջազգային փորձի ուսումնասիրության տեսանկյունից հատկապես ուշադրության են արժանի բարձր մրցունակությամբ գյուղատնտեսական արտադրանք և գերհագեցած շուկա ունեցող երկրները:

Այսպես, վերջին տարիներին ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում դիտվում է պետության կողմից ագրարային ոլորտին աջակցության նվազում: Դա նշանակում է, որ ագրոբիզնեսի համակարգը և հատկապես գյուղատնտեսական արտադրության ոլորտը առավելագույնս մոտեցել և շարժվում է բիզնես գործունեության կանոններին համապատասխան: ԵՄ-ում և ԱՄՆ-ում գյուղատնտեսական արտադրություն իրականացնողների աջակցության ուղղակի ձևերի տեսակարար կշռի նվազումն ուղեկցվում է աջակցության անուղղակի ձևերի աճով՝ ներառյալ պետական տրանսֆերտների միջոցով ընդհանուր ծառայությունների ֆինանսավորումը: Վերջիններիս թվին են դասվում «կանաչ զամբյուղի» աջակցության միջոցառումները, մասնավորապես՝ սննդամթերքի որակի և անվտանգության վերահսկողությունը, կադրերի կրթության և վերապատրաստման ծախսերը, ներդրումների աճը, ենթակառուցվածքների և մարքեթինգային գործունեության բարելավումը և այլն:

Ի հակադրություն դրա՝ Չինաստանում ոլորտի աջակցության ցուցանիշն ունի կայուն դրական դինամիկա, ինչը կապված է ինչպես կոշտ հովանավորչական քաղաքականության իրականացման, այնպես էլ՝ ազգային տնտեսության և եկամուտների աճի տեմպի հետ:

Ագրարային ոլորտի պետական կարգավորումը զարգացած երկրների մեծ մասի ագրարային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում պետական կարգավորման կառուցակարգեր կիրառվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, որի գլխավոր նպատակը հենց ոլորտի կարգավորումն է:

Կարգավորման կառուցակարգերի կիրառումը կարող է հիմնվել հետևյալ սկզբունքների վրա.

· գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացում՝ տեխնիկական առաջընթացի խթանման և արտադրության գործոնների, հատկապես աշխատուժի առավել արդյունավետ օգտագործման հաշվին,

· գյուղական բնակչության կենսամակարդակի և եկամուտների մակարդակի բարձրացում,

· բնակչության ապահովում անհրաժեշտ պարենային ապրանքներով,

· գյուղացիական տնտեսությունների կողմից իրացման միջին գների և մանրածախ գների հարաբերակցության համահարթեցում:

ՀՀ-ում միասնական ագրարային քաղաքականությունը կարող է հիմնվել հետևյալ բաղադրիչների վրա.

1. Ուղղակի վճարումներ գյուղացիական տնտեսություններին, ինչը կբերի դրանց կայունացմանը, ինչպես նաև՝ արտադրության շահութաբերության մակարդակի բարձրացմանը:

2. Գյուղական բնակավայրերի զարգացմանն ուղղված միջոցառումներ մասնավորապես՝ նորարարությունների նոր տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսությունների մրցունակության, կյանքի որակի բարձրացում և այլն:

ԵՄ-ում ստեղծվել է գյուղատնտեսության ֆինանսավարկային ապահովման առանձնահատուկ համակարգ, որը հիմնված է ագրարային ոլորտի արտոնյալ վարկավորման վրա: Ագրոպարենային համակարգում իրականացվում է բանկերի, վարկային կոոպերատիվների և այլ մասնագիտացված ֆինանսավարկային կազմակերպությունների հետևողական պետական կարգավորում: Գրեթե բոլոր զարգացած երկրներում գործում են ֆինանսավարկային կազմակերպությունների գործառնության հատուկ պայմաններ, որոնց կիրառումն անմիջականորեն ազդում է ագրոպարենային համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետության վրա:

Ֆրանսիայում, օրինակ, իրականացվում է տարբեր կազմակերպությունների համախմբում, որոնք ներգրավված են ագրարային վարկավորման համակարգում՝ «Գյուղատնտեսության ֆինանսավորման մշտական հանձնաժողովի» միջոցով: Վերջինս առաջարկություններ է մշակում վարկավորման ընդհանուր ծավալների և ըստ տարիների կոնկրետ գումարների մասով: Որպես գործառնության հատուկ պայման հարկ է առանձնացնել ցածր տոկոսադրույքները: Տոկոսադրույքները խստորեն վերահսկվում են՝ կախված վարկի գործողության ժամկետից և կատեգորիայից: Ավելին, տոկոսադրույքների մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից: Ոչ արտոնյալ տոկոսադրույքները կազմում են 6-10% (Бурлакова 61-63)։

ՌԴ-ում ագրոպարենային համակարգի կառավարման գլխավոր սուբյեկտը պետությունն է: Այստեղ ագրոպարենային համակարգի պետական կառավարման համակարգն ունի 3 մակարդակ (Кузнецова 223).

· դաշնային,

· տարածաշրջանային,

· տեղական:

Վերոնշյալ տարանջատումը պայմանավորված է կառավարման համապատասխան գործառույթներով, ինչը ենթադրում է գործունեության տարբեր ձևերի միավորում կառավարման այնպիսի մակարդակում, որում դրանք կիրականացվեն ռեսուրսների նվազագույն ծախսերով և առավելագույն արդյունավետությամբ: Նշված մակարդակներից յուրաքանչյուրն օժտված է հստակ իրավասություններով և կառավարչական գործառույթներով, որոնց իրականացումը կոչված է նպաստելու ագրարային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Այսպես, ագրոպարենային համակարգի կառավարման դաշնային մակարդակը ներառում է ագրոպարենային համակարգի աջակցության և զարգացման ծրագրերի, ինչպես նաև՝ ագրարային բարեփոխումների իրականացման ռազմավարության մշակումը, ագրոպարենային համակարգի պետական կարգավորման մեթոդների կիրառման կառուցակարգերի որոշումը և այլն: Այս մակարդակում մշակվում են հարկման, վարկավորման, ապահովագրության հիմնական ուղղությունները, մշակվում են տարբեր նպատակային ծրագրեր, կազմվում են ոլորտի գործառնության և զարգացման պլաններ և կանխատեսումներ, ամբողջացվում է կառավարման մարմինների համակարգը:

Տարածաշրջանային մակարդակում ագրոպարենային համակարգի կառավարման գործառույթները նման են դաշնային մակարդակում իրականացվող գործառույթներին՝ ֆունկցիոնալ տարբերակման մակարդակների և տարածքային սահմանափակումների տարբերությամբ: Այստեղ սուբյեկտներն իրենց իրավասության շրջանակներում ընդունում են կանոնակարգող դրույթներ, մշակում են տարածաշրջանային զարգացման նպատակային ծրագրեր, ձևավորում են կառավարման մարմինների իրենց կառուցվածքը և այլն:

Մարզային մակարդակում ագրոպարենային համակարգի պետական կառավարման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծառացած հիմնական խնդիրները հանգում են ագրարային ոլորտը սպասարկող կազմակերպությունների գործունեության կարգավորմանը և համակարգմանը, շուկայական ենթակառուցվածքների ձևավորմանը, գյուղմթերքի որակի վերահսկողությանը և այլն:

Ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի մարզային մակարդակում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին զուգահեռ որպես շուկայական հարաբերությունների անմիջական մասնակիցներ գործունեություն են ծավալում նաև առանձին տնտեսավարող սուբյեկտներ, որոնց գործունեությունն ուղղված է նախորդ մակարդակներում մշակված և հաստատված նպատակային ծրագրերի իրականացմանը:

ՀՀ ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի կատարելագործման ուղիները

ՀՀ ագրոպարենային համակարգի պետական կառավարման համակարգն ունի 3 մակարդակ.

· հանրապետական կամ կենտրոնական,

· տարածքային,

· տ եղական ինքակառավարման:

Որպես ագրարային ոլորտի կառավարման կենտրոնական լիազոր մարմին ՀՀ-ում հանդես է գալիս Էկոնոմիկայի նախարարությունը, տարածքային մարմինների դերում՝ մարզպետարանները (համապատասխան գերատեսչություններով), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների դերում՝ համայնքները՝ համայնքապետի գլխավորությամբ։

ՀՀ ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի ձևավորման հիմնական սկզբունքները հանգում են հետևյալին.

· Կայունություն. տնտեսավարող սուբյեկտները պետք է համագործակցեն նախապես սահմանված կանոնակարգերի շրջանակներում:

· Հասցեականություն. տնտեսավարող սուբյեկների գործունեությունը պետք է ունենա հստակ ուղղվածություն և նպատակայնություն:

· Երաշխավորվածություն. պետության կողմից մշակված օրենքները և նորմատիվ իրավական ակտերը պետք է երաշխավորեն տնտեսավարող սուբյեկտների գործունեության հեռանկարայնությունը:

· Լիազորությունների հստակ բաշխում և մրցակցության հավասար պայմանների ապահովում:

· Միջազգային փորձի և համաշխարհային զարգացման միտումների հաշվի առնում:

Կարծում ենք, որ ՀՀ-ում ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգը պետք է մշակվի հետևյալ փուլերով՝

· ագրոպարենային համակարգի զարգացման նպատակների և խնդիրների հստակ ձևակերպում,

· ագրոպարենային համակարգի զարգացման նպաստավոր իրավաօրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում,

· ագրոպարենային համակարգի կառավարման վրա ազդող հիմնական գործոնների առանձնացում,

· ագրոպարենային համակագի զարգացման հնարավոր տարբերակների կանխատեսում,

· ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի կատարելագործման հիմնական ուղղությունների սահմանում և հիմնավորում,

· ինստիտուցիոնալ և կազմակերպչական կարգավորման իրականացում:

Ագրոպարենային համակարգի կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգի կատարելագործման հեռանկարային ուղղություններն են.

· հարկային և վարկային քաղաքականության կատարելագործումը,

· թիրախային /նպատակային/ ֆինանսավորումը,

· ներդրումային գործունեության և լիզինգային գործառնությունների խթանումը,

· ագրարային ոլորտի զարգացման պետական կարգավորումը,

· գների կարգավորումը:

Մեր կողմից մշակվել է ՀՀ ագրարային ոլորտի կազմակերպակառավարման համակարգի հետևյալ սխեման.

Գծապատկեր 2. ՀՀ ագրարային ոլորտի կազմակերպակառավարման համակարգի սխեմա

Ինչպես երևում է առաջարկվող սխեմայից, ՀՀ ագրարային ոլորտի կառավարման կառուցվածքում գերակա դերակատարություն պետք է ստանձնեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, տարածաշրջանային (մարզային) կառավարման և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինները՝ հանձին Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության։ Վերջինս համայնքապետարանի հետ միասին իրենց վերապահված ընդլայնված լիազորությունների շրջանակներում կհամակարգի տարածաշրջանային ագրոպարենային հատվածի գործունեությունը, այդ թվում՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների և այլ տնտեսավարող սուբյեկտների կարիքները և փոխհարաբերությունները:

Համայնքների կտրվածքով գյուղատնտեսության կառավարելիության աստիճանը բարձրացնելու և տարածաշրջանային քաղաքականություն մշակելու և իրականացնելու նպատակով առաջարկվում է որոշակի կառուցվածքային և գործառութային փոփոխություններ կատարել արդեն խոշորացված համայնքներում: Մասնավորապես՝ համայնքապետարանի կառուցվածքում նպատակահարմար է ավելացնել համայնքի ղեկավարի՝ գյուղատնտեսության զարգացման գծով տեղակալի ինստիտուտը: Վերջինիս միջոցով համայնքի ղեկավարը կարող է միջնորդավորված ձևով իրականացնել գյուղատնտեսության զարգացման համայնքային քաղաքականություն (Казарян, Восканян и Арутюнян 204):

Որպես կառավարման համակարգի մասնակիցներ կարող են հանդես գալ մասնագիտացված սպասարկող ծառայությունները, ֆինանսական կազմակերություն-ները, գիտական և կրթական կառույցները, ինչպես նաև հասարակական կազմակերպություններն ու միավորումները:

Ֆինասական կազմակերպությունների շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվում «ԱԿԲԱ» բանկ ՓԲԸ-ին, որն առաջատար է ոլորտի վարկավորման գծով, քանի որ ընդգրկում է շուկայի շուրջ 44%-ը: Ոլորտում որոշակի գործունեություն են ծավալում նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, «Կոնվերսբանկ» ԲԲԸ-ն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն: Ի սկզբանե կարևորվել է հատկապես «Ակբա» բանկի ծավալած գործունեությունը, որի հիմնական առաքելությունն է եղել օժանդակել գյուղացիական տնտեսությունների միավորմանը և գյուղատնտեսության զարգացմանը։ Վերլուծությունները վկայում են՝ չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական ոլորտի վարկավորման գործում «ԱԿԲԱ» կրեդիտ ագրիկոլ բանկը պահպանել է իր առաջատարի դիրքերը՝ զբաղեցնելով շուկայի գերակշիռ մասը, այնուհանդերձ, գործունեությունում առկա են որոշակի շեղումներ, այսպես՝ բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է ընդամնեը 31.5 տոկոս, ընդ որում՝ պետական աջակցության ծրագրերով տրամադրված վարկերը կազմել են ավելի քան 73 տոկոսը («ԱԿԲԱ» կրեդիտ ագրիկոլ բանկի պաշտոնական կայքէջ https://www.acba.am/files/Annual-Report-2021.pdf):

Գյուղատնտեսության ոլորտի վարկավորում են իրականացնում նաև հանրապետությունում գործող որոշ ունիվերսալ վարկային կազմակերպություններ, այդ թվում՝ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն, «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն և այլն։ Հատկապես մեծ է ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի դերը, քանի որ այն ՀՀ տարածքում հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ զբաղվող և գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորմամբ:

Գիտական և կրթական կառույցների շրջանակներում կարող են դիտարկվել ՀԱԱՀ-ն և մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Ընդ որում, ցանկալի կլիներ, որ նշված հաստատություններն ընդլայնեին իրենց գործունեության շրջանակները մարզերում, հատկապես՝ լեռնային և նախալեռնային տարածաշրջաններում:

Հասարակական կազմակերպություններն ու միավորումները նպատակային ուղղվածություն և ֆինանսավորում ունեցող կառույցներ են, որոնց գործունեությունը միտված է ագրարային ոլորտում առավելապես թիրախային խնդիրների լուծմանը:

Մասնագիտացված սպասարկող ծառայության օրինակ է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի գործառույթներն են՝ սննդի շղթայի փուլերում նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառում իրականացվող պետական վերահսկողության աշխատանքների պլանավորումը, համակարգումը և այլն:

Եզրակացություն

Այսպիսով, ամփոփելով կատարված հետազոտությունը՝ կարող ենք փաստել, որ շուկայական տնտեսական համակարգում, ուր տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ են գալիս տարաբնույթ խաթարումներ, օբյեկտիվորեն առաջանում է պետության աջակցության և կառավարման կազմակերպա-տնտեսական արդյունավետ կառուցակարգերի կիրառման անհրաժեշտություն: Ընդ որում, մի շարք երկրների՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ երկրներ, փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ագրոարդյունաբերության պետական աջակցության ընդգրկման չափի և մեթոդների ընտրությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրի առջև դրված խնդիրների լուծման և միասնական ագրարային քաղաքականության իրականացման մակարդակով:

Կառավարման կազմակերպատնտեսական կառուցակարգերի միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ ՀՀ-ում գյուղատնտեսության կառավարման գործում ոլորտի զարգացման համար պատասխանատու Գյուղատնտեսության նախարարության բացակայության պայմաններում, հիմնական դերակատարություն պետք է ստանձնի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Նշենք, որ գյուղատնտեսության զարգացման և ագրարային քաղաքականության իրականացման գործում հատկապես կարիք է զգացվում մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման, իրավունքների ընդգծման և պատասխանատվության բարձրացման:

Ընդօրինակելի է նաև ագրոկրթական գիտական խորհրդատեղեկատվական և նոր տեխնոլոգիաների ներդրման կազմակերպակառավարման ձևերի և մեթոդների կիրառումը՝ խրախուսելով գյուղացիական տնտեսությունների ներգրավվածությունը և մասնակցությունը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1. Бурлакова С., «Особенности финансирования аграрного сектора стран ЕС» // АПК: экономика и управление, № 10, стр. 61-63.

2. Казарян Э.С., Восканян А.Е., Арутюнян А.Г., «Подходы к децентрализации политики развития сельского хозяйства в РА», Развитие сельских территорий: региональный аспект, сб. ст. по материалам XVII Междунар. науч.-практ. конф. / отв. за вып. А. А. Адаменко. – Краснодар: КубГАУ, 2023, стр. 204.

3. Тарасов А.Н., Исаева О.В., Холодова М.А. и др, Организационно-экономический механизм развития различных форм хозяйствования в аграрном секторе АПК в условиях новой экономической реальности: монография, Ростов н/Д ВНИИЭиН – филиал ФГБНУ ФРАНЦ; Изд-во ООО «АзовПринт», 2020, стр. 167.

4. В.В. Кузнецова., Управление агропромышленным комплексом ИКЦ «МарТ»; Ростов н/Д: Издательский цент «МарТ», М., 2003, стр. 223.

5. Франциско О.Ю., Молчан А.С., Система управления аграрным сектором экономики: уровневая и структурная дифференциация, стр. 142-148, https://cyberleninka.ru/article/n/sistema-upravleniya-agrarnym-sektorom-ekonomiki-urovnevaya-i-strukturnaya-differentsiatsiya.

6. Цхурбаева Ф.Х., Фарниева И.Т., «Организационно-экономический механизм управления предприятиями АПК», ТЕRRА ECONOMICUS, Экономичeский вестник Ростовского государственного университета, Том 7 № 2 (часть 3), 2009, стр. 151-154, https://cyberleninka.ru/article/n/organizatsionno-ekonomicheskiy-mehanizm-upravleniya-predpriyatiyami-apk/viewer.

7. «ԱԿԲԱ» կրեդիտ ագրիկոլ բանկի պաշտոնական կայքէջ https://www.acba.am/files/Annual-Report-2021.pdf.։ Մուտք՝ 31 Մայիս 2024։

WORKS CITED

1. Burlakova S., “Osobennosti finansirovanija agrarnogo sektora stran ES” [Peculiarities of Financing the Agrarian Sector of the EU Countries] // APK: jekonomika i upravlenie, № 10, s. 61-63. (in Russian)

2. Kazarjan Je.S., Voskanjan A.E., Arutjunjan A.G., Podhody k decentralizacii politiki razvitija sel'skogo hozjajstva v RA, Razvitie sel'skih territorij: regional'nyj aspect [Approaches to the Decentralisation of Agricultural Development Policy in the Republic of Armenia, Development of Rural Territories: Regional Aspect], sb. st. po materialam XVII Mezhdunar. nauch.-prakt. konf. / otv. za vyp. A. A. Adamenko. – Krasnodar: KubGAU, 2023, s. 204. (in Russian)

3. Tarasov A.N., Isaeva O.V., Holodova M.A. i dr, Organizacionno-jekonomicheskij mehanizm razvitija razlichnyh form hozjajstvovanija v agrarnom sektore APK v uslovijah novoj jekonomicheskoj real'nosti [Organisational and Economic Mechanism of Development of Various Forms of Management in the Agrarian Sector of the Agroindustrial Complex in the New Economic Reality]: monografija, Rostov n/D VNIIJeiN – filial FGBNU FRANC; Izd-vo OOO «AzovPrint», 2020, s. 167. (in Russian)

4. V.V. Kuznecova., Upravlenie agropromyshlennym kompleksom IKC «MarT» [Management of Agroindustrial complex ICC "Mart]; Rostov n/D: Izdatel'skij cent «MarT», M., 2003, s. 223. (in Russian)

5. Francisko O.Ju., Molchan A.S., Sistema upravlenija agrarnym sektorom jekonomiki: urovnevaja i strukturnaja differenciacija [System of Management of Agrarian Sector of Economy: Level and Structural Differentiation], s.142-148, https://cyberleninka.ru/article/n/sistema-upravleniya-agrarnym-sektorom-ekonomiki-urovnevaya-i-strukturnaya-differentsiatsiya (in Russian)

6. Churbaeva F.H., Farnieva I.T., Organizacionno-jekonomicheskij mehanizm upravlenija predprijatijami APK [Organisational and Economic Mechanism of Management of AIC Enterprises], TERRA ECONOMICUS, Jekonomicheskij vestnik Rostovskogo gosudarstvennogo universiteta, Tom 7 № 2 (chast' 3), 2009, s. 151-154, https://cyberleninka.ru/article/n/organizatsionno-ekonomicheskiy-mehanizm-upravleniya-predpriyatiyami-apk/viewer. (in Russian)

7. «AKBA» kredit agrikol banki pashtonakan kayqe'j [“AKBA” Credit Agricole Bank Official website] https://www.acba.am/files/Annual-Report-2021.pdf. (Verjin aycy'՝ 31․05․2024t'․)

INTERNATIONAL EXPERIENCE AND POSSIBILITIES OF APPLICABILITY OF ORGANIZATIONAL-ECONOMICS MECHANISMS OF AGRICULTURE SYSTEM MANAGEMENT IN RA

ASHOT VOSKANYAN

National Armenian Agrarian University, Research Center of Agrarian Policy and Economics, Head, Candidate of Economics, Associate Professor

Yerevan, the Republic of Armenia

KARINE MALKHASYAN

Armenian National Agrarian University, Research Center of Agrarian Policy and Economics, Researcher, Candidate of Economics, Associate Professor

Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to study the theoretical and practical provisions on the organizational and economic mechanisms of the management of the agro-food system, as well as to develop an applicable and modern scheme of the organizational management system of the agrarian sector of RA based on the research and localization of international experience.

The problems of the article are: highlighting the main principles of the formation of the organizational and economic mechanism of the management of the RA agro-food system: stability, addressability, guarantee, clear distribution of powers and provision of equal conditions of competition, taking into account international experience and global development trends, as well as developing key milestones and setting improvement directions.

The article used dialectical, scientific methods of elimination, comparative analysis and logical methods.

Based on the conclusions made as a result of the research, a new approach to defining the concept of agro-food system management was proposed, that is: the management mechanism of the agro-food system is a continuous and systematic process of changing the existing system and its subsystems, which stems from the need for a targeted and complex solution to management problems, as well as from the objective requirements of the effective operation and further development of the agrarian sector. Based on it a new scheme of the organizational management system of the RA agrarian sector was developed.

Keywords: agro-food system, organizational and economic mechanism, market economy, state, agriculture, RA Ministry of Economy, regional administration, community administration.

МЕЖДУНАРОДНЫЙ ОПЫТ И ВОЗМОЖНОСТИ ПРИМЕНЕНИЯ ОРГАНИЗАЦИОННО-ЭКОНОМИЧЕСКИХ МЕХАНИЗМОВ УПРАВЛЕНИЯ СИСТЕМОЙ СЕЛЬСКОГО ХОЗЯЙСТВА В РА

АШОТ ВОСКАНЯН

директор Научно-исследовательского центра аграрной политики и экономики

Национального аграрного университета Армении,

кандидат экономических наук, доцент,

г. Ереван, Республика Армения

КАРИНЕ МАЛХАСЯН

исследователь Научно-исследовательского центра аграрной политики и экономики Национального аграрного университета Армении,

кандидат экономических наук, доцент,

г. Ереван, Республика Армения

Цель статьи – разработать применяемую и современную схему организационно-управленческой системы аграрного сектора РА на основе изучения теоретических и практических положений относительно организационно-экономических механизмов управления аграрным сектором, а также исследования и локализации международного опыта.

Задачами статьи являются выделение основных принципов формирования организационно-экономического механизма управления агропродовольственной системой РА: стабильность, адресность, гарантированность, четкое распределение полномочий и обеспечение равных условий конкуренции, учет международного опыта и мировых тенденции развития, а также разработка основных этапов и предложение направлений совершенствования.

В ходе исследования использовались методы диалектики, научной абстракции, сравнительного анализа и логический метод.

На основе выводов, сделанных в результате исследования, предложен новый подход к определению понятия управления агропродовольственной системой: механизм управления агропродовольственной системой представляет собой непрерывный и систематический процесс изменения существующей системы и ее подсистем, который вытекает из необходимости целенаправленного и комплексного решения задач управления, а также из объективных требований эффективного функционирования и дальнейшего развития аграрного сектора. На этой основе была разработана новая схема организационно-управленческой системы управления аграрным сектором РА.

Ключевые слова: агропродовольственная система, организационно-экономический механизм, рыночная экономика, государство, сельское хозяйство, Министерство экономики РА, региональная администрация, общинное управление.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.