ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ. *
ՀՏԴ 93/94(479.25)
ԱՐՄԱՆ ԵՂԻԱՁԱՐՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն armanveghiazarvan@ysu. am
Հոդվածի նպատակը 1920-1930-ական թթ. Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (հետայսու' ՍԴՀԿ) գործունեության հիմնական ուղղությունների լուսաբանումն է: Խնդիր է դրվել բացահայտելու կուսակցության դիրքորոշումը Խորհրդային Հայաստանի ու Կոմունիստական ինտերնացիոնալի (հետայսու' Կոմինտերն) նկատմամբ, հարաբերությունները Հայաստանի օգնության կոմիտեի հետ, ինչպես նաև սփյուռքյան օրակարգի հիմնական սկզբունքները:
Հետազոտության հիմքում պատմական (պատմածագումնաբանական) ու տրամաբանական մեթոդներն են, որոնցից առաջինի կիրառմամբ ներկայացվել ու լուսաբանվել են ՍԴՀԿ-ի քաղաքական նոր աշխարհընկալումը, դրա ծագումը, զարգացումը և վերջնարդյունքը 1930-ականների ավարտին, իսկ երկրորդի կիրառմամբ' առնչվող իրադարձությունների ներքին բնույթը:
Լուսաբանված է այն իրողությունը, որ 1920-ական թթ. սկզբին ՍԴՀԿ-ն կանգնել էր բարդ իրադրության առաջ, քանի որ աշխարհաքաղաքական ու ներազգային նոր իրավիճակի պայմաններում անհրաժեշտություն էր առաջացել վերադիրքավորվելու և ճշտելու սեփական դիրքորոշումը մի կողմից' Հայաստանի նոր իշխանությունների, մյուս կողմից' սփյուռքի և այնտեղ գործունեություն ծավալող մյուս կուսակցությունների նկատմամբ:
Հիմնավորված է, որ ՍԴՀԿ-ի սփյուռքյան օրակարգը կախյալ փոփոխական էր Խորհրդային Հայաստանի հետ հարաբերություններից, որոնց առաջնություն էր տրված:
Փաստված է այն իրողությունը, որ ՍԴՀԿ-ի հարաբերությունները Հայաստանի օգնության կոմիտեի հետ աստիճանաբար մտել են փակուղի և դարձել թշնամական, որի հետևանքով ՍԴՀԿ-ն ողջունում էր այդ կառույցի լուծարումը:
Բանալի բառեր' ՍԴՀԿ, գործունեություն, ընդհանուր պատգամավորական ժողով, Խորհրդային Հայաստան, սփյուռք, գաղթավայրեր, Հայաստանի օգնության կոմիտե, մարքսիզմ, կոմինտերն, քաղաքական ուղեգիծ, սփյուռքյան օրակարգ:
ՄՈՒՏՔ. ՍԴՀԿ-Ն ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Առաջին համաշխարհային պատերազմից հետո և հատկապես 1920-ական թթ. սկզբին ՍԴՀԿ-ն հայտնվել էր ծանր վիճակում: Նախ՝ մինչև 1924թ. հնարավոր չեղավ գումարել նոր ընդհանուր պատգամավորական ժողով (հետայսու՝ համագումար)623՝
* Հոդվածը ներկայացվել է 12.05.2019թ., գրախոսվել' ընդունվել' 17.06.2019թ.:
6 3 Վերջինը գումարվել էր 1913թ.:
16.05.2019թ., տպագրության
359
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ստեղծված պայմաններում կուսակցության ուղեգիծը ճշտելու համար, իսկ նոր պայմանները էականորեն տարբերվում էին նախապատերազմյանից.
ա. գոյություն ուներ հայկական պետություն՝ ի դեմս Հայաստանի խորհրդային հանրապետության,
բ. սկսում էր ձևավորվել արդի հայկական սփյուռքը՝ որպես ցեղասպանության հետևանք,
գ. Խորհրդային Հայաստանում միակուսակցական համակարգի հաստատումից հետո ՍԴՀԿ-ն պարտադրված էր որդեգրելու բացառապես սփյուռքյան գործունեություն:
Առաջին պարագայում ՍԴՀԿ-ի ընտրությունը թեև միանշանակ էր, սակայն էականորեն կապված էր Կոմունիստական ինտերնացիոնալին (Կոմինտերն)624 միանալու՝ կուսակցության առաջնային ծրագրի հետ: Այդ կապը հույժ էական էր, քանի որ Կոմինտերնի մոտեցումը ՍԴՀԿ-ին սկզբում ևս միանշանակ էր՝ պահանջելով կուսակցության ըստմասնյա միացում տարբեր երկրների կոմունիստական կուսակցություններին, հետևաբար նաև՝ փաստական լուծարում: ՍԴՀԿ-ում մերժում էին վերջին հնարավորությունը, սակայն կտրուկ մերժումն էլ իր հերթին կարող էր բերել հակադրության: Ուստի ՍԴՀԿ-ի ղեկավարները ճիշտ համարեցին շարժվել համոզման եղանակով՝ հիմնավորելով կուսակցության ինքնուրույն գոյությունը շարունակելու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում կուսակցությունը կարող էր ընկալվել որպես խորհրդային կարգերի հակառակորդ, ինչն էլ հղի էր Խորհրդային Հայաստանի հետ կապերի խզման հեռանկարով:
1920-ական թթ. նշվածն այնքան մեծ տեղ էր զբաղեցնում ՍԴՀԿ-ի կյանքում, որ գործունեության բուն օբյեկտը՝ ձևավորվող արդի սփյուռքը և այնտեղ կուսակցության դերի ու անելիքի հարցերը, մղվել էին երկրորդ պլան՝ ածանցվելով քաղաքական առումով գլխավոր ընտրությունից:
Ա. ՍԴՀԿ-Ն, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿՈՄԻՆՏԵՐՆԸ
Մինչև 1924թ. ՍԴՀԿ-ի գործունեությունն ամբողջությամբ տեղայնացվել էր ըստ առանձին երկրների կուսակցական մարմինների, քանի որ 1913թ. տեղի ունեցած 7-րդ համագումարի ընտրած ղեկավար մարմնի՝ կենտրոնական վարչության լիազորություններն ավարտվել էին, իսկ նոր համագումար չգումարվելու պայմաններում չկային փաստորեն ո՜չ նոր պայմաններից բխող համակուսակցական ուղեգիծ և ո՜չ էլ ղեկավար մարմին: Եվ միայն 1924թ.-ին՝ 11 տարվա ընդմիջումից հետո, ի վերջո տեղի ունեցավ ՍԴՀԿ-ի 8-րդ համագումարը, որը քննարկեց ապագա գործունեության ուղղությունները625: Ժողովից հետո՝ արդեն 1925թ.-ին, ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչությունը մի շրջաբերական է հղում կուսակցական մարմիններին՝ ներկայացնելով համագումարի հիմնական բանաձևերը ապագա գործունեության վերաբերյալ: Խորհրդային Հայաստանը ներկայացվում էր որպես «նպատակի իրականացում», «մեր յոյսերուն միակ կռուան», «մեր գոյութեան ու փրկութեան միակ խարիսխ», «մեր պահանջները բաւարարելու և մեր իրաւունքները արժեցնելու ...գյխաւոր ազդակ», որին հարկ էր նվիրվել բոլոր ուժերով՝ «զայն աշխարհի չորս կողմերը ցրուած աստանդական հայ աշխտաւորութիւնը իր մէջ ամփոփելու վիճակին հասցնելու» համար626: Որոշվել էր անվերապահորեն կանգնել Խորհրդային
624 Աշխարհի տարբեր պետությունների կոմունիստական կուսակցությունները միավորող միջազգային կազմակերպություն(1919-1943 թթ.), որի կենտրոնը Մոսկվայում էր:
25 Տե՜ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, Պէյրութ, 1962, էջ 513-514:
626 Տե՜ս նույն տեղում, էջ 514, 516:
360
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Հայաստանի կողքին' «ամէն միջոցով ու եղանակով սատարել անոր բարգաւաճումին ու վերաշինութեանը և կապել գաղութահայ աշխատաւորութիւնը բարոյական, գաղափարական ու տնտեսական կապերով Մայր Հայրենիքին»627: Պետք էր աջակցել, որ Խորհրդային Հայաստանը այնքան բարգավաճի, որ կարողանա ընդունել ու տեղավորել աշխարհում ցրված «աստանդական հայ աշխատաւորութիւնը»628: Ասված էր նաև, որ նախկինում հակասությունները ջլատել, կազմալուծել ու բարոյալքել են կուսակցությունը, բայց կենտրոնական վարչությունը լիահույս էր, որ բոլորի ուժերի մեկտեղումով հնարավոր կլինի հաղթահարել դրանք629:
Նոր իրավիճակի պայմաններում ժողովը որոշեց նորընտիր կենտրոնական վարչությանը հանձնարարել մշակելու ՍԴՀԿ-ի բոլոր շրջանների համար պարտադիր ընդհանուր ծրագիր և հիմնական կանոնագիր՝ հիմք ընդունելով կուսակցության ծրագիրը, «յեղափոխական մարքսիզմ»-ը և ժողովի ընդունած որոշումներն ու բանաձևերը630:
Նշվածի հիմամբ ակնհայտ է, որ ՍԴՀԿ-ի 8-րդ համագումարը կարևորագույն նշանակություն ունեցավ նոր իրադրության պայմաններում կուսակցության ուղեգիծը հստակեցնելու առումով:
Սակայն շուտով ՍԴՀԿ-ն առնչվեց նոր տարաձայնությունների, որոնցից ամենաէականը Փարիզի կուսակցականների անջատ գործունեությունն էր: Վերջիններս բողոքում էին 8-րդ համագումարի գործելակերպի դեմ, քանի որ այն ընդունել էր խորհրդամետ քաղաքական ուղեգիծ՝ առանց հաշվի առնելու խորհրդահայ ղեկավարների ու Հայաստանի օգնության կոմիտեի ընդգծված հակահնչակյան գործելակերպը: Մասնավորապես նրանց վրա ծանր ազդեցություն էր թողել Ա.Մյասնիկյանի կարծիքն այն մասին, որ «շատ չանցած, Սապահների և Եղիկեանների (ՍԴՀԿ-ի ղեկավար գործիչներ-Ա.Ե.) դիակների վրայով Հնչակեան բանուորներն ու գիւղացիները դէպի Գ. Ինթերնացիոնալ (Կոմինտերն-Ա.Ե.) պիտի գան»631:
Այդ առումով պետք է փաստել, որ 1920-ական թթ. սկիզբը ՍԴՀԿ-ի համար նաև կարևոր ընտրության տարիներ էին: Խնդիրն այն է, որ բանակցություններ էին ընթանում Կոմինտերնի հետ՝ վերջինիս միանալու հետ կապված632: Ակնհայտ է, որ խորհրդային իշխանությունների վերաբերմունքը ՍԴՀԿ-ի հանդեպ էականորեն տարբերվում էր հայկական մյուս կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքից: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից հետո ՍԴՀԿ-ում համարում էին, որ կուսակցությունը, ի բնե լինելով մարքսիստ, «բնականօրէն մէկ թեւը կը կազմէր սոցիալիստական այն շարժումին, որ կը ներշնչուէր Կոմինտերնի կողմէ»633: Ուստի կուսակցության ղեկավարությունը, 1922թ.-ից սկսած, կապի մեջ էր մտել Կոմինտերնի գործադիր կոմիտեի նախագահության հետ՝ նրան ներկայացնելով ՍԴՀԿ-ի մասին հիմնարար տեղեկություններ և ակնկալելով համագործակցություն՝ ներառյալ կուսակցության հավաքական (կոլեկտիվ) անդամությունը Կոմինտերնին: 1922- 1923թթ. ՍԴՀԿ-ի և Կոմինտերնի միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց առկայությունն իսկ (չհաշված բանակցությունների առարկան) սրել էր ներկուսակցական հարաբերությունները634: Կոմինտերնի գործադիր կոմիտեի
նախագահությունը 1923թ. փետրվարի 5-ի գրությամբ ընդունում էր իր և ՍԴՀԿ-ի գաղափարաբանական հարազատության իրողությունը, սակայն անընդունելի էր
627 Նույն տեղում, էջ 516:
628 Նույն տեղում, էջ 517:
629 Տե՜ս նույն տեղում, էջ 514, 516:
630 Տե՜ս նույն տեղում, էջ 517:
631 Նույն տեղում, էջ 519:
632 Տե՜ս նույն տեղում, էջ 496-498:
633 Նույն տեղում, էջ 497:
634 Տե՜ս նույն տեղում, էջ 496-497:
361
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
համարում կոմինտերնի կազմում ՍԴՀԿ-ի ինքնուրույնության պահպանումը և կուսակցության առաջ պայման էր դնում' մաս առ մաս միանալու տարբեր երկրների տեղական կոմունիստական կուսակցություններին635: Թեև ՍԴՀԿ-ում այդ պայմանը համարվում էր անընդունելի636, սակայն բանակցությունները շարունակվում էին637:
Այդ ժամանակ ՍԴՀԿ-ի ներսում ձևավորվել էր ընդդիմություն Ֆրանսիայի «Նոր երկիր» պարբերականի խմբագիր ԳԵղիկյանի գլխավորությամբ, որն այդ դիրքերում մնաց շուրջ 15 տարի, և որը ՍԴՀԿ-ի այդ շրջանի ղեկավարներից որոշներին համարում էր «Ստա[ինից աւելի բոլշեւիկ»638: Ըստ ԳԵղիկյանի՝ կուսակցության շրջանակներից շատերի կամքին հակառակ հենց այդ ղեկավարներն էին, որ գնացին բոլշևիկների հետ դաշինքի, մասամբ նաև՝ միության639: Արդեն 1930-ականների կեսերին նա գրում էր, որ բոլշիկների հետ համագործակցող կուսակցականները նշում էին, թե կատարում են 1934թ.-ին տեղի ունեցած 9-րդ համագումարի որոշումը, իսկ վերջինս հիմնականում իրականացնում էր բոլշևիկների հետ սերտ դաշինքի կողմնակից երկու հնչակյանների՝ Սիրվարդի ու Ձագիկյանի կամքը՝ հավատարիմ մնալու Խորհրդային Հայաստանի քաղաքական ուղեգծին640:
Ակնհայտ է, որ բանակցությունները Կոմինտերնի հետ խորհրդային իշխանությունների ընկալման մեջ գաղթաշխարհի մյուս քաղաքական ուժերի համեմատ ՍԴՀԿ-ին դնելու էին այլ հարթության վրա՝ համապատասխան պահանջներով: Ուստի Կոմինտերնի մեջ չտարրալուծվելու և ինքնուրույն գոյություն պահպանելու որոշումով ՍԴՀԿ-ն սկզբնապես հայտնվելու էր խորհրդահայ գործիչների և, մասնավորապես Ա.Մյասնիկյանի հարվածների տակ:
Այդ պայմաններում ՍԴՀԿ-ն տարբեր երկրներում կոմունիստական
կուսակցություններին չձուլվելու և անկախ գործելու սեփական իրավունքն ու տարբեր երկրների տեղական կոմունիստական կուսակցություններին չմիանալու որոշումը հիմնավորում էր այն իրողությամբ, որ դեռ կենդանի էր հայ դատը, իսկ արևմտահայ զանգվածները ցրված էին աշխարհում՝ կանգնած ձուլման ու անհետանալու վտանգի առաջ: Ուստի ՍԴՀԿ-ն, «դասակարգային պայքարը շարունակելով բոլոր երկիրներու պրոլետարիատին հետ, ... ստիպուած էր մնալ ինքնուրոյն և անկախ դիրքի մէջ, կարենալ հետապնդելու համար Թուրքիոյ և այլուր ունեցած զուտ հայ ազգային իրաւունքները»641: Հետագայում՝ 1930-ական և 1950-ական թթ.-ին, ՍԴՀԿ-ի ներկայացուցիչները դարձյալ անհրաժեշտ էին համարում հիմնավորելու կուսակցության գոյության իրավունքը: 1930-ական թթ.-ի այդ իրողությունն արտացոլվեց կուսակցության ծրագրում, որում ասված էր, թե տարբեր երկրներում ցրված հայության ծանր վիճակը, գաղթավայրերի հայ աշխատավորությանը «անղեկավար չձգելու» և նրան ազգայնական ուժերի ազդեցությունից հեռու պահելու հրամայականը պարտավորեցնում են ՍԴՀԿ-ին պահպանելու իր գոյությունն ու կազմը642: Նույնիսկ 1950-ական թթ.-ին ՍԴՀԿ-ի գոյության անհրաժեշտությունը հիմնավորվում էր շուրջ մեկուկես միլիոն սփյուռքահայության գաղափարական
635 Տե՜ս նույն տեղում, էջ 498-499:
636 Համապատասխան որոշում ընդունեց ՍԴՀԿ-ի 8-րդ համագումարը: Տե՜ս նույն տեղում,
էջ 517:
637 Տե՜ս նույն տեղում, էջ 503:
638 Եղիկեան Գ., Փաստաթուղթեր հնչակեաններու գործունէութենէն (իմ յիշողութիւններից), «Հայրենիք» ամսագիր, 1950, թիւ 1, էջ 63-64:
9 Տե՜ս նույն տեղում, էջ 63, 69:
640 Տե՜ս նույն տեղում, էջ 69, «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (18871962)», Ա. հատոր, էջ 522:
641 «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ, էջ 519:
642 Տե՜ս «Ծրագիր Ս. Դ. հնչակեան կուսակցութեան», Բարիզ, 1931, էջ 63:
362
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
դաստիարակությամբ և հետադիմական ուժերի դեմ պայքարելու
անհրաժեշտությամբ643:
Մինչև 1930-ական թթ.-ի կեսերը Կոմինտերնի հետ հարաբերություններն այդպես էլ հանգուցալուծում չունեցան: Միայն 1935թ.-ին Կոմինտերնի ղեկավարների հետ ի վերջո համաձայնություն կայացվեց, որ ՍԴՀԿ-ն պահպանում է իր ինքնուրույն գոյությունը, բայց ամենուր գործակցում է կոմունիստական կուսակցությունների հետ՝ նրանց հետ կազմելով ընդհանուր ճակատ՝ պաշտպանելու Խորհրդային Միությանը և պայքարելու ֆաշիզմի ու պատերազմի դեմ644: Իր կողմից Կոմինտերնի ղեկավարությունը պայման էր դնում, որ կոմունիստական կուսակցությունից խորհրդակցական ձայնով ներկայացուցիչներ ընդգրկվեն ՍԴՀԿ-ի ղեկավարության և խմբագրական աշխատանքների մեջ, անդամական ժողովներում, ինչպես նաև չարգելվի հնչակյանների մուտքը կոմունիստական կուսակցություն645:
1934թ.-ին գումարված ՍԴՀԿ-ի 9-րդ համագումարը որոշեց հավատարիմ մնալ Խորհրդային Հայաստանի քաղաքական ուղեգծին646: Ավելին, ՍԴՀԿ-ի վերստին հրատարակվող «Հնչակ» պաշտոնաթերթը, անդրադառնալով Խորհրդային
Հայաստանի նկատմամբ վերաբերմունքին, 1935թ.-ի համարներից մեկի
խմբագրականը վերնագրել էր «Ամուր փարինք Խորհրդային Հայաստանին», որն ավարտվում էր «...իսկ մենք աւելի ամուր փարինք մեր միակ փարոսին – ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ու անոր ալեծածան ԿԱՐՄԻՐ ԴՐՕՇԻՆ...» կոչով647: Ավելին, ՍԴՀԿ-ի պաշտոնաթերթը նաև ձոն է հրատարակում՝ նվիրված Խորհրդային միությանը՝ պատրաստակամություն հայտնելով պատերազմելու նրա թշնամիների դեմ. «Խորհրդային Միութի՜ւն, սոսկավիթխար եւ հուժկու,
Կը սարսափին պուրժուաներն զօրութենէդ ահարկու,
Իսկ թէ խուժեն օր մը վրադ թշնամիներդ դաւադիր,
Պիտի մըխե՜նք մեր սուրերն անոնց սիրտին մէջ պատիր...»648:
Մյուս կողմից կուսակցության պաշտոնաթերթը ձոն էր նվիրում նաև Վ. Լենինին և նրա գործը շարունակող Ի. Ստալինին.
«Հոգիդ անմահ ու անյաղթ, պիտի ապրի' միշտ, Լենի՜ն,
Որպէս դրօշ կը տանի, կտակդ յառա՜ջ, Ստալին...»649:
Պատահական չէ, որ նման պայմաններում ՍԴՀԿ-ին հարկ եղավ պայքարելու շրջանառվող այն լուրերի դեմ, թե կուսակցությունը ձուլվել է կոմունիստական կուսակցությանը650:
Խորհրդային Հայաստանի քաղաքական ուղեգծին ՍԴՀԿ-ի ղեկավարների հավատարմությունը արտահայտվեց նույնիսկ 1937թ.-ին, երբ սփյուռքի՝ հատկապես ՀՅԴ-ին պատկանող լրատվամիջոցները բարձրաձայնում էին տեղի ունեցող բռնաճնշումների մասին. ՍԴՀԿ-ի մամուլի միջոցները բռնեցին դրանց անհրաժեշտությամբ հիմնավորելու դիրք: Օրինակ' Բեյրութի «Արարատ» թերթի 1937թ.-ի վերջին համարներից մեկը «Հայաստանի մաքրագործումներէն» խորագրով խմբագրականում այդ «մաքրագործումներ»-ը համարում էր պարզապես անհրաժեշտ միջոցառումներ. «Հայաստանի մէջ պատժուած են զեղծումներ ընողները, ...և այդ
643
644
Տե՜ս «Երիտասարդ Հայաստան», 17.12.1957 (խմբագրական):
Տե՜ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 522-
523:
’ Տե՜ս նույն տեղում, էջ 523: ’ Նույն տեղում, էջ 522:
«Հնչակ» ամսաթերթ, կեդրոնական օրկան
կուսակցութեան, 1935, թիւ 2 (փետրուար), խմբագրական:
648 т ւ ւ_ г Նույն տեղում:
649 Նույն տեղում, 1936, թիւ 14 (փետրուար):
650 Նույն տեղում:
Սօցիալ դէմօկրատ հնչակեան
363
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
պատիժը առայժմ եղած է թեթեւ...: ...Բայց վաղը երբ յայտնի ըլլայ թէ այդ զեղծումները մեծ են, պետութեան և կամ Ազգի օրգանիզմը կը քայքայեն, ի՞նչ վերաբերմունք պէտք է ցուցնել ատոնց հանդէպ: ...Հայաստանի վերաբերմունքը շատ պարզ է, որքան մեծ է յանցանքը, այնքան մեծ է պատիժը. իսկ գալով յանցագործին՝ որքան բարձր պաշտօնի վրայ կը գտնուի յանցագործը, այնքան անողոք կը լինի պաշտօնը: ...Ահա նմոյշ մը, որ ցոյց կուտայ ուղիղ ճամբան, ուր կը դիմէ Հայաստանը, հաստատուն հողը, որի վրայ ոտք կը դնեն Հայաստանում»651:
1938թ., երբ արդեն ակնհայտ էին Խորհրդային միությունում տիրող բռնաճնշումների սարսափելի հետևանքները, «Հնչակ»-ը շարունակում էր դրանցում դրական մասնիկ տեսնել. «Մեր հայրենիքի - Խորհրդային Հայաստանի մէջ պատահած դէպքերը ոչ միայն մազի չափ ազդած չեն երկրի անկախութեան, յառաջդիմութեան, ժողովուրդի ստեղծագործող տրամադրութեանց վրայ, այլ, ընդհակառակը, վնասարարներու տրուած պատիժը, իրենց պարտականութեանց մէջ թերացող պաշտօնեաներու հասցէին եղած խիստ քննադատութիւնները աւելի խորացուցած են ժողովուրդին հաւատքը դէպի Խորհրդային իրաւակարգը եւ անոր արդարադատութիւնը»652:
Ակնհայտ է, որ ՍԴՀԿ-ի գործակցությունը Խորհրդային Հայաստանի հետ բոլորովին այլ մակարդակի էր՝ կապված նաև կոմունիստական կուսակցության հետ վերազգային հարթության վրա եղած լայն համագործակության հետ: Սակայն պետք է հիշել, որ խորհրդային իշխանությունների համար ՍԴՀԿ-ն երբեք էլ չընկալվեց որպես գաղափարաբանորեն հարազատ հոսանք, այլ որպես մանրբուրժուական կուսակցություն, որն, ըստ անհրաժեշտության, որոշ երկրներում կարող էր համագործակցել առաջադիմական ուժերի հետ, իսկ որոշ երկրներում՝ հեռու մնալ նրանցից653: ՍԴՀԿ-ն, հանդիսանալով մարքսիստական կուսակցություն, բացառապես հայկական խնդիրների վրա կենտրոնանալու պատճառով ևս հաճախ քննադատվում էր խորհրդահայ գործիչների կողմից654:
Բ. ՍԴՀԿ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ
1920-ական թթ. սկզբին գաղթաշխարհում դերակատարություն ունեցող կազմակերպությունների գործունեության առանցքում հայտնվեց Խորհրդային Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի ընտրության հարցը: ՍԴՀԿ-ն ևս ի սկզբանե ստիպված եղավ ընտրել՝ միանշանակորեն հօգուտ Խորհրդային Հայաստանի655:
Հայաստանի առաջին Հանրապետության շրջանում ՍԴՀԿ-ն պաշտպանում էր այն: Կուսակցության ականավոր գործիչ Ս. Սապահ-Գյոււյանը գրում էր, որ առկա անկախ հայոց պետությունն առաջացել է մեր արյան գնով և ողջ հայության զավակն է: Այն հարկավոր է պահել ու զարգացնել656:
Բայց դա չխանգարեց, որ ՍԴՀԿ-ն ողջունի ՀՀ-ի խորհրդայնացումը և նաև որոշակի մասնակցություն ունենա դրանում: Ըստ ՍԴՀԿ-ի գաղափարաբանների՝
651
«Արարատ» քաղաքական օրաթերթ, Բեյրութ, 24.12.1937:
652 «Հնչակ», 1938, թիւ 1 (յունվար), էջ 2:
653 Տե՜ս Խուրշուդյան Լ., Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե., հրատ., 1964, էջ 221-223:
654 Տե՜ս նույն տեղում, էջ 232-234:
655 Տե՜ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 496498, էջ 497:
656 Տե՜ս «Երիտասարդ Հայաստան», 15.09.1920:
364
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
«1920թ. նոյեմբերի 29-ին հնչակեան ուժերու մասնակցութեամբ Հայաստանը դարձաւ Խորհրդային երկիր»657:
Նշվեց, որ կուսակցությունը սկզբնապես չկարողացավ կատարել նոր պայմաններում սեփական տեղի ու դիրքի ընտրությունը: Այդ ընտրության ծանրությունն ընկավ հնչակյան տեղական կազմակերպությունների վրա:
Մասնավորապես, երբ 1921թ. ստեղծվեց Հայաստանի օգնության կոմիտեն (հետայսու՝ ՀՕԿ), այնուհետև դրա ներկայացուցիչները ժամանեցին ԱՄՆ՝ տեղում ՀՕԿ-ի մասնաճյուղ հիմնելու, ՍԴՀԿ-ի Ամերիկայի շրջանի վարիչ մարմինն իր մասնաճյուղերին հանձնարարեց «Լծակցիլ և գործակցիլ Հայրենիքի Օգնութեան Կոմիտէին»658: Սիրիայում նույնպես ՍԴՀԿ-ն նախաձեռնեց հրապարակային բանախոսություններ' ՀՕԿ-ի մասին տեղի հայությանը լավագույնս տեղեկացնելու համար659: Եգիպտոսում ՍԴՀԿ-ն աջակցում էր ՀՕԿ-ի մասնաճյուղերի ստեղծմանը: 1925թ. ՍԴՀԿ-ի Եգիպտոսի շրջանային ժողովի դիվանը հանձնարարում էր ստորակա մարմիններին՝ ստանձնելու երկրի գլխավոր քաղաքներում ՀՕԿ-ի մասնաճյուղեր ստեղծելու նախաձեռնությունը՝ ՀՕԿ-երը համարելով հայրենիքի հետ կապի ամենավստահելի օղակները660: Փաստորեն համագումարի (որին վերապահված էր կուսակցության ուղեգծի ընտրության առաքելությունը) գումարման անհնարինության պայմաններում տեղական հիմնական կառույցներն ընտրեցին ՀՕԿ-երի հետ համագործակցության ճանապարհը:
Սակայն ինչպես և ՌԱԿ-ի պարագայում, խորհրդահայ իշխանությունները վերապահ վերաբերմունք ունեին սփյուռքահայ՝ իրենց նկատմամբ նույնիսկ բարեկամական վերաբերմունք ունեցող քաղաքական նաև մյուս հոսանքների նկատմամբ661: ԱՄՆ-ում ՀՕԿ-ի մասնաճյուղ հիմնադրելու առաքելությամբ
պատվիրակությամբ այնտեղ շրջագայող խորհրդահայ գործիչ Գ. Վարդանյանը662, որ, ի դեպ, նախկին հնչակյան էր, ՍԴՀԿ-ի՝ Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի հետ համագործակցելուց խուսափեց, թեև հենց նրա ներկայությունը անչափ ոգևորել էր տեղի հնչակյաններին: Ավելին, ԳՀարությունյանն ամենուր տարածում էր, որ Խորհրդային Հայաստանի ստեղծումով ՍԴՀԿ-ի կարիքն այլևս վերացել է, քանի որ դրանով իրականացվել են կուսակցության թե' մոտակա և թե' հեռակա նպատակները663: Այդ ժամանակ խորհրդահայ պատվիրակությունը ԱՄՆ-ում ստեղծեց ՀՕԿ-ի մասնաճյուղերի կենտրոնական վարչություն՝ կազմակերպության մասնաճյուղերի տեղական ցանցը ղեկավարելու համար664: ՍԴՀԿ-ում կուսակցության ԱՄՆ-ի և Կանադայի կառույցների թուլացումը հաճախ վերագրում են հենց ԳՎարդանյանի վերոհիշյալ հայտարարություններին: Մասնավորապես այդ շրջանում տեղի հնչակյանները լքում էին կուսակցությունն ու միանում ՀՕԿ-երին, որի հետևանքով ՍԴՀԿ-ի Դեթրոյթի մասնաճյուղի 320 անդամներից մնաց 35-ը, Սենթ Լուիզի մասնաճյուղի 70 անդամներից՝ 6-ը, Ռեյսինի մասնաճյուղի 110 անդամներից՝
«Յիսնամեակ Սօց. դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան (1887-1937)», Փրովիտէնս, 1938, էջ 324:
8 «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 500:
659 Տե'ս «Պալքանեան մամուլ», Սօֆիա, Ա տարի, 7.11.1931, թիւ 36, էջ 2:
660 Տե'ս Հայաստանի ազգային արխիվ (հետայսու՝ ՀԱԱ), ֆ. 1456, ց. 1, գ. 306, թ. 1:
661 Տե'ս Եղիազարյան Ա., Ռամկավար ազատական կուսակցության գործունեության հիմնական ուղղությունները 1920-ական թթ., «Հայգիտության հարցեր», 2018, թիվ 3, էջ 1-3:
662 Տե'ս ՀԱԱ, ֆ. 178, ց. 1, գ. 257, թ. 21:
663 Տե'ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 500: Ի հետևանս ԱՄՆ-ում ՍԴՀԿ-ից հեռացած մի խումբ գործիչներ հիմնադրում են ՀՕԿ-ի Իսթ Սենթ Լուիզի մասնաճյուղը, որին միանում են կուսակցականներ ԱՄՆ-ի այլ քաղաքներից: Տե'ս «Շինարար», Նյու Յորք, 1931, թիւ 4, էջ 28-29:
664 Տե'ս «Շինարար», Նյու Յորք, 1931, թիւ 4, էջ 28-29:
365
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
16-ը, իսկ Բոսթոնի ու Կանադայի մասնաճյուղերն ընդհանրապես վերացան: Ընդհանուր առմամբ, ՀՕԿ-ի գործունեությունից տուժեց ՍԴՀԿ-ի 82 մասնաճյուղ665: Ըստ Ա.Կենճյանի՝ «Հնչակեան կուսակցութեան ցանած այս առաջին առողջ քաղաքականութեան սերմերուն յառաջացուցած ծիլերը (Խորհրդային Հայաստանի և ՀՕԿ-ի նկատմամբ վերաբերմունքը-Ա.Ե.), վերջէն եկող պաշտօնական ՀՕԿ-երը' փոխանակ ուռճացնելու և զարգացնելու, իրենց սխալ և շիլ մեթոտներով սկան գոսացնել, կարծելով գաղափարատարած շինարար գործ կատարել»666:
Ուստի հույժ կարևորվել էր ՀՕԿ-ի հետ հետագա գործակցության բնույթի և, ընդհանրապես, այդ գործակցության անհրաժեշտության հարցը: 1932թ. ՍԴՀԿ-ի Ֆրանսիայի շրջանի պատգամավորական ժողովը քննարկեց ՀՕԿ-ի նկատմամբ դիրքորոշման հարցը: Ընդունված բանաձևով ՀՕԿ-ի խողովակը դարձյալ համարվում էր միակ իրական միջոցը՝ օգնելու Խորհրդային Հայաստանին, բայց միևնույն ժամանակ շարքային կուսակցականներին կոչ էր արվում հեռու մնալ «կեղծ ու պատիր ճամարտակութիւններէ»667: Իսկ ՍԴՀԿ-ի Ֆրանսիայի շրջանի 6-րդ
պատգամավորական ժողովը, 1936թ. անդրադառնալով ՀՕԿ-երի խնդրին, ընդունում է բանաձև, ըստ որի՝ կուսակցությունը չի կարող հեռու մնալ Խորհրդային Հայաստանին օգնելու որևէ նախաձեռնությունից, բայց միևնույն ժամանակ պետք է փորձի ՀՕԿ-երը վերադարձնել իրենց բուն նպատակին668:
1933 թ. ՍԴՀԿ-ի Ամերիկայի շրջանի պատգամավորական ժողովը ՀՕԿ-ի հետ աշխատանքները շարունակելու նախապայման համարեց այն իր սկզբնական՝ Խորհրդային Հայաստանի վերաշինության աշխատանքներին աջակցելու նպատակին վերադարձնելը669:
Փաստորեն 1930-ական թթ. ՍԴՀԿ-ում համարում էին, որ ՀՕԿ-ը, ստեղծված լին ելով Հայաստանի վերաշինության նպատակով, շեղվել է դրանից:
Տարիների ընթացքում ՀՕԿ-ի գործունեության նկատմամբ առաջացած վերաբերմունքն, ի վերջո, ՍԴՀԿ-ն արտահայտեց բաց նամակով: 1935թ. հուլիսյան համարում ՍԴՀԿ-ի «Հնչակ» պաշտոնաթերթը հրապարակեց «Վտանգաւոր լռութիւնը» վերնագրով խմբագրական-բաց նամակը՝ «Խորհր. Հայաստանի կառավարութեան ուշադրութեան» հղումով: Նամակում ասված էր, որ ՀՕԿ-երը հեռացել են իրենց նպատակից և չարիքի վերածվել՝ պառակտելով հայությունը, «որմէ օգտուողը եղած է միմիայն Դաշնակցությունը»: Ուստի կամ պետք է փակել ՀՕԿ-երը, կամ վերադարձնել ճշմարիտ ճանապարհի670:
Հայտնի է, որ 1930-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Միությունում սկիզբ առած բռնաճնշումներին զոհ գնացին նաև ՀՕԿ-ի ղեկավարները671: Եվ ահա ՍԴՀԿ-ն ողջունում է տեղի ունեցածը. «...հայրենակցականներու672, Պետական Կարմիր Խաչի673 և բազմաթիւ ցաւսիրտ հայերու արդար բողոքները հասած էին Երեւանի կառավարութեան ականջին, որոնց ի հետեւանք՝ հարկադրաբար առանձին հրամանագրով Խ.Հայաստանի կառավարութիւնը լուծեց ՀՕԿ-ը, հրացանազարկ
5 Տե՜ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 500:
666 «Պալքանեան մամուլ», Սօֆիա, Ա տարի, 7.11.1931, թիւ 36, էջ 2:
667 ՀԱԱ, ֆ. 422, ց. 1, գ. 770, թ. 2-10:
668 Տե՜ս նույն տեղում, գ. 809, թ. 1-3:
669 Տե՜ս նույն տեղում, գ. 774, թ. 1:
670 Տե՜ս «Հնչակ», 1935, թիւ 7 (յուլիս):
671 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 178, ց. 1, գ. 248, թ. 4-6: Տե՜ս նաև Մանուկյան Ա., Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ., Ե., 2002, էջ 137:
672 Իմա՜ հայրենակցական միությունների:
673 ԱՍՆ-ում Խորհրդային Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար ռամկավար, հնչակյան և այսպես կոչված չեզոք հայ կանանց կողմից ստեղծված կազմակերպություն:
366
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ընելով տարակարծութեան գլխաւոր պատասխանատուները»674: Այսինքն' ՀՕԿ-ի գործունեության շուրջ տարակարծությունների պատճառով հնչակյան
կուսակցությունը սկզբունքորեն ճիշտ էր համարում նրա պատասխանատուների գնդակահարությունը: Խնդիրն այն է, որ ՍԴՀԿ-ում կարծում էին, որ «ՀՕԿ»-երը ...ահեղ հարուածներով կը փորձէին ջլատել Հնչակեան կաղնին»675: Նույն բանում մեղադրվում էին նաև Խորհրդային Հայաստանի ղեկավար գործիչները՝ Ա. Մյասնիկյանը, Ս. Կասյանը և Ա. Հովհաննիսյանը676:
1938թ. ՍԴՀԿ-ն ողջունում էր Խորհրդային Հայաստանում ՀՕԿ-ի և հընթացս նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության ու Մելքոնյան հիմնադրամի լուծարման որոշումը677: «Ուրախ ենք եւ սրտագին կը ծափահարենք Խորհրդային Հայաստանի կառավարութեան լուծարքի պատմական որոշումը», ասված էր «Հնչակ»-ի խմբագրականներից մեկում678: Բայց խմբագրականի հեղինակներին հետաքրքրում էր նաև, թե «...լուծարքեն վերջ ի՞նչ պիտի ըլլայ ԼՈՒԾԵԱԼՆԵՐՈՒ վիճակն ու դերը գաղութահայ իրականութեան մէջ»679: Խնդիրն այն է, որ նրանք համարում էին, որ Խորհրդային Հայաստանը տվյալ պահին ճիշտ է վարվում, որ նախապատվություն չի տալիս սփյուռքահայ որևէ կազմակերպության, իսկ ՀՕԿ-երի ձախողումը կապում էին նախկինում սփյուռքի որոշակի կազմակերպությունների (ՀԲԸՄ, Մելքոնյան հիմնադրամ) հետ գործակցությանը նախապատվություն տալու իրողության հետ680: Նման պայմաններում ՀՕԿ-երի լուծարումը համարվում էր խնդրի լավագույն լուծումը:
Գ. ՍԴՀԿ-Ի «ՍՓՅՈՒՌՔՅԱՆ» ՕՐԱԿԱՐԳԸ 1930-ԱԿԱՆ ԹԹ.
1920-ական թթ. ՍԴՀԿ-ի կազմում գործում էին Եգիպտոսի, Ամերիկայի, Բուլղարիայի, Սիրիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Պարսկաստանի ու Կովկասի կուսակցական շրջանները681: Այդ ժամանակ կենտրոնացած սեփական քաղաքական ուղեգծի ճշգրտման և Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների վրա՝ ՍԴՀԿ-ն հրաժարվում էր 1920-ական թթ. ՀՅԴ-ի կողմից պարբերաբար քննարկման դրվող գաղութային համագումարին մասնակցելուց, քանի որ այն չէր համապատասխանում Խորհրդային Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը682: Նույն կերպ մերժվում էր նաև որևէ գործակցություն այն կուսակցությունների ու կազմակերպությունների հետ, «որոնք պայքար կը մղեն և բացասական դիրք բռնած են Խ. Հայաստանի դէմ»683՝ նկատի ուենալով գլխավորապես ՀՅԴ-ն:
Վերջինիս, ինչպես նաև ՌԱԿ-ի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի պատճառն այն էր, որ նրանց ղեկավարները իբրև թե «կ՚ուզէին լճացնել, քայքայել Հնչակեան կուսակցութիւնը»684: ՌԱԿ-ի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառն ակնհայտորեն նաև այն էր, որ նրա ձևավորմանը
674 «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 501:
675 Նույն տեղում, էջ 513:
676 Տե՜ս նույն տեղում:
677 Տե՜ս «Խորհրդային Հայաստան», 08.12.1937:
678 Տե՜ս «Հնչակ», 1938, թիւ 2 (փետրուար), էջ 3:
679 Նույն տեղում:
680 Տե՜ս նույն տեղում:
681 Տե՜ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 497,
518:
682 Տե՜ս նույն տեղում, էջ 517:
683 Նույն տեղում:
684 Նույն տեղում, էջ 513:
367
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
մասնակցել էին Վերակազմյալ հնչակյանները (Ազատական կուսակցություն)685, որոնց ՍԴՀԿ-ում «հերձված» էին համարում686:
ՍԴՀԿ-ի դրությունը ծանր էր նաև 1930-ական թթ.: Մի կողմից՝ ներքին տարաձայնությունները, մյուս կողմից՝ այլևայլ դժվարությունները (նյութական ու կազմակերպական) հանգեցրեցին նրան, որ 1933թ. ԱՍՆ-ում ձևավորվեց ժամանակավոր (առժամյա) կենտրոնական վարչություն, որը կապ հաստատեց բոլոր շրջանների (Ամերիկա, Եգիպտոս, Բուլղարիա, Ռումինիա, Սիրիա, Լիբանան) հետ' փորձելով հարթել հակասությունները687: Առժամյա կենտրոնական վարչությունը, հույսը դնելով Խորհրդային Հայաստանի «յաղթական ընթացքին վրա», կարծում էր, որ ՍԴՀԿ-ն «իր թանկագին սկզբունքներու լոյսով և գիտակցութեան ճառագայթներով պէտք է առաջնորդէ Սփիւռքի հայութիւնը և սատար հանդիսանայ Խ. Հայաստանի յառաջդիմութեան և բարձրացման»688: Նման պայմաններում 1934թ. տեղի ունենայիք ՍԴՀԿ-ի 9-րդ համագումարը պատմական առաքելություն ուներ՝ հաղթահարելու ներքին դժվարությունները և Խորհրդային Հայաստանում սկիզբ առնող բռնաճնշումների պայմաններում ճշգրտումներ կատարելու կուսակցության ուղեգծում: Չնայած ասվածին' Ֆրանսիայի Սարսել քաղաքում 1934թ. օգոստոսին տեղի ունեցած ՍԴՀԿ-ի 9-րդ համագումարում հիմնականում օրակարգային էին սփյուռքի խնդիրները: Հետաքրքրական է, որ ժողովը կուսակցությունը համարում էր «որպէս հայ աշխատաւորութեան դասակարգային դաստիարակութեան նուիրուած միակ հայ կազմակերպութիւնը»689, որով էլ հիմնավորվում էր նրա սփյուռքյան հիմնական առաքելությունը' «պաշտպանել սփիւռքահայ աշխատաւոր զանգուածը»690: Ժողովը «Սփիւռքի հայերու ազատագրման հարցի» վերջնական լուծումը կապում էր համաշխարհային պրոլետարիատի հաղթանակի հետ691:
Սփյուռքահայ այն կուսակցությունների ու կազմակերպությունների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված Խորհրդային Հայաստանի նկատմամբ, մերժվում էր որևէ մասնակի կամ ընդհանուր գործակցություն, մինչդեռ Խորհրդային Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված կազմակերպությունների հետ գործակությունը դիտվում էր որպես անհրաժեշտ պայման692:
Մյուս կողմից' կարևորելով գաղթավայրերի ու Խորհրդային Հայաստանի միջև կապը' ՍԴՀԿ-ի պաշտոնաթերթ «Հնչակ»-ը նյութեր էր հրատարակում կուսակցության ու Խորհրդային Հայաստանի միջև գաղափարական կապի վերաբերյալ' պնդելով, որ նրանք ունեն նույն աշխարհայացքը, ուստի հենց ՍԴՀԿ-ին էր վիճակված հանդիսանալու գաղթաշխարհի ու Խորհրդային Հայաստանի միջև կապող օղակ: «Սիւս բոլոր կամուրջները ժամանակաւոր են»,-պնդում էր պաշտոնաթերթը693:
1930-ական թթ. կեսին, երբ աշխարհը ցնցվում էր տնտեսական ճգնաժամից, հայության տարբեր շրջանակներում քննարկվում էր վտանգված հայ գաղթականության հարցը: Խնդիրն այն է, որ տարբեր երկրներում ապաստանած հայ գաղթականները զրկվում էին աշխատանքից' դատապարտվելով սովի: Ուստի հայ իրականության մեջ խնդրի լուծումը երբեմն դիտարկվում էր զանգվածային քաղաքացիությունը, այն է' հայ գաղթականների կողմից զանգվածաբար բնակության
685 Տե՜ս Դարբինեան Ա., Հայ ազատագրական շարժման օրերէն (յուշեր 1890էն 1940), Ե., 2003, էջ 234-235:
6 Տե՜ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 520:
687 Տե՜ս նույն տեղում, էջ 519-520:
688 Նույն տեղում, էջ 520:
689 Նույն տեղում, էջ 521:
690 Նույն տեղում, էջ 521:
691 Տե՜ս նույն տեղում, էջ 521-522:
692 Տե՜ս նույն տեղում, էջ 522:
693 «Հնչակ», 1937, թիւ 11-12, էջ 8:
368
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
պետության քաղաքացիության ընդունումը694: ՍԴՀԿ-ում համոզված էին, որ դա խնդրի լուծում չէ, քանի որ տնտեսական ճնաժամը միջազգային երևույթ է և հարվածում է թե' քաղաքացուն և թե' ոչ քաղաքացուն. «Այս հիմնովին սխալ, ազգային տեսակէտով վտանգաւոր ուղիին մենք կը հակադրենք գերազանցապէս հայրենասիրական, ազգաշէն եւ տնտեսական դաժան կացութենէն իսպառ փրկող միակ ուղին -ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ ԳԱՂԹ ԴԷՊԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ լոզունգը»695: Ըստ որում՝ այդ գաղթը մի կողմից' փրկություն էր աշխարհասփյուռ հայության համար, մյուս կողմից' Խորհրդային Հայաստանի վերելքին նպաստող միջոցառում696:
1938թ. հուլիսին Փարիզում բացվեց ՍԴՀԿ-ի 10-րդ համագումարը: Մասնակցում էին Ամերիկայի, Բալկանների, Եգիպտոսի ու Լիբանանի պատգամավորները, թեև «կուսակցական պարտականութիւնները», ասել է' հանձնարարականներն ու նյութական պարտավորությունները, կատարել էին միայն Ամերիկայի ու Եգիպտոսի շրջանների վարիչ մարմինները697:
Ժողովը կուսակցությունը հռչակեց որպես Կոմինտերնի համակիր
կազմակերպություն' «կատարեալ անկախ դրութեամբ»698:
Հույժ կարևոր էր ժողովի ընդունած հետևյալ բանաձևը. «Ի նկատի ունենալով, որ ժողովրդական քաղաքական շարժումներու զարկ տուող և բովանդակութիւն տուող, կեդրոնական ոյժը ներկայացնող կուսակցութեան մը մղած պայքարի յաջողութիւնը' առաւել կամ նուազ չափով պայմանաւորուած է նաև անոր գաղափարական ազդեցութեան ոլորտին մէջ գտնուող, զանգուածային ոյժերու կազմակերպուած արտայայտութիւնը հանդիսացող զանազան միութիւններու և կուսակցութեանց հաւաքական գործունէութեամբ' Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան Տասներորդ Համագումարը կ՚որոշէ, որ Շրջանային Վարիչ Մարմինները և Գործադիր Յանձնախումբերը ուժգին թափով պիտի աշխատին Կուսակցութեան ազդեցութեան ենթակայ մարզական, երիտասարդական, մշակութային և արհեստակցական միութիւններու ուժեղացման գործին' տուեալ շրջանի մէջ և տուեալ րոպէին' ազգային, քաղաքական և սոցիալական ճակատներուն վրայ Կուսակցութեան հետապնդած նպատակներուն և անոնց յաջողութեան համար կիրարկուող միջոցներուն ներդաշնակ գործունէութեամբ»699: Փաստորեն, նոր աշխարհամարտի շեմին ՍԴՀԿ-ն սեփական կառույցն ամրապնդելու ու գաղափարաբանական դաշտն ընդարձակելու փորձեր էր ձեռնարկում և, ինչպես մյուս սփյուռքահայ ազգային կուսակցությունները, դրանց հաջողության գրավականն էր համարում ուղեկից կազմակերպությունների հիմնումը կամ եղածների ամրապնդումը:
Ժողովը որոշեց նաև տարբեր երկրների հայկական ազգային իշխանությունների ու բարեսիրական միությունների հետ միասին աջակցել սփյուռքահայության նյութական վիճակի բարելավմանը, կրթական մակարդակի բարձրացմանն ու ազգային իրավունքների պաշտպանությանն ուղղված ձեռնարկներին700:
1938թ. համաշխարհային պատերազմին ընդառաջ ՍԴՀԿ-ում կարծում էին, որ գաղութահայությանն ու Խորհրդային Հայաստանին պաշտպանելու գլխավոր առաքելությունը ՍԴՀԿ-ինն է. «Այս աշխատանքը յեղափոխական գործ է, եւ այդ չի պատկանիր ո'չ հայրենիքի դէմ զէնք բարձրացնող Դաշնակցականներուն, ո'չ պահպանողական Ռամկավարներուն, ո'չ ալ բարեգործութեան ճանապարհով, ժողովրդի մը դիմադրական ուժը սպաննող ու մուրացկանութեան դուռ բացող
4 Տե'ս նույն տեղում, 1935, թիվ 4 (ապրիյ), խմբագրական:
695 Նույն տեղում:
696 Նույն տեղում:
697 Տե'ս «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1962)», Ա. հատոր, էջ 528:
698 Նույն տեղում, էջ 527:
699 Նույն տեղում:
700 Տե'ս նույն տեղում:
369
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Բարեգործականներուն, այլ կը պատկանի սոցիալիստական արդարութեան ու աշխատանքի ազատագրութեան վրայ կանգնած Հնչակեան Կուսակցութեան»701:
Փաստորեն, ՍԴՀԿ-ն 1920-1930-ական թթ. անցել է լրջագույն փորձությունների միջով: Ի սկզբանե խնդիր ունենալով նոր իրողությունների պայմաններում ամրապնդելու սեփական կառույցը, հստակեցնելու իր անելիքներն ու քաղաքական ուղեգիծը՝ կուսակցությունը նաև ստիպված եղավ հիմնավորելու իր հետագա գոյության անհրաժեշտությունը: Հանդիսանալով սփյուռքում գործունեություն իրականացնող կառույց՝ այն իր գործունեության հիմքում դնում էր Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունները, որից էլ ածանցում էր սփյուռքահայության ֆիզիկական գոյությունը և ազգային ինքնության պահպանումը:
THE MAIN ACTIVITY DIRECTIONS OF THE SOCIAL DEMOCRAT HUNCHAKIAN PARTY IN THE 1920-1930s
ARMAN YEGHIAZARYAN
Yerevan State University, Head of the Chair on Diaspora Studies,
Faculty of History, Doctor of History, Associate Professor,
Yerevan, Republic of Armenia
In the article the main activities of the Social Democrat Hunchakian Party in 1920-1930s are investigated. Particularly the position of the party on Soviet Armenia and the Communist International, relations with the Aid committee of Armenia, as well as the main principles of its Diaspora agenda are researched.
The research is based on historical (historical-genetic) and logical methods. Due to the first method the SDHP's new political vision is introduced and covered, its origin, development and result in the end of 1930s are examined and through using the second method the nature of the key events is discovered.
It is clarified that in the beginning of 1920s the SDHP faced a complicated situation, as under the conditions of new geopolitical and national situation it was necessary to clarify its position on new authorities of Armenia and the diaspora as well as on parties operating there.
The fact that the diaspora agenda of the SDHP was dependent on the prioritized relations with the Soviet Armenia, is based in the article.
It is proved that SDHP relations with the Aid committee of Armenia has gradually entered a deadlock and has become hostile, as a result of which the SDHP welcomed the dissolution of the committee.
Key words. Social Democratic Hunchakian Party (SDHP), activity, general assembly, Soviet Armenia, diaspora, communities, Aid committee of Armenia, marxism, Communist International (Comintern), political direction, agenda for diaspora.
701 «Հնչակ», 1938 թիւ 3 (մարտ), էջ 6:
370
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ОСНОВНЫЕ НАПРАВЛЕНИЯ ДЕЯТЕЛЬНОСТИ СОЦИАЛ-ДЕМОКРАТИЧЕСКОЙ ГНЧАКСКОЙ ПАРТИИ В 1920-1930-Х ГОДАХ
АРМАН ЕГИАЗАРЯН
Заведующий кафедрой диаспороведения факультета истории Ереванского государственного университета, доктор исторических наук, доцент, г.Ереван, Республика Армения
В статье исследуются основные направления деятельности Социал-демократической Гнчакской партии в 1920-1930 годы. В частности, исследована позиция партии в отношении Советской Армении и Коммунистического интернационала, взаимоотношения с Комитетом помощи Армении, а также основные принципы ее диаспорской повестки дня.
Исследование основано на исторических (историко-генетических) и логических методах. Благодаря применению первого метода представлено и освещено новое политическое видение Гнчакской партии, его происхождение, развитие и результаты в конце 1930-х годов, а с помощью второго метода выясняется характер основных событий.
Выясняется тот факт, что в начале 1920-х годов Гнчакская партия столкнулась со сложной ситуацией, так как в условиях новой геополитической и национальной ситуации было необходимо уточнить свою позицию в отношении новых властей Армении, а также в отношении диаспоры и действующих там партий.
Обоснован тот факт, что повестка дня Гнчакской партии в отношении диаспоры зависела от приоритетных отношений с Советской Арменией.
Доказано, что отношения Гнчакской партии с Комитетом помощи Армении постепенно зашли в тупик и стали враждебными, в результате чего партия приветствовала роспуск комитета.
Ключевые слова: Социал-демократическая Гнчакская партия (СДГП),
деятельность, общее собрание, Советская Армения, диаспора, общины, Комитет помощи Армении, марксизм, Коммунистический интернационал (Коминтерн), политическое направление, повестка дня для диаспоры.
371