ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ1
Արթուր Աթանեսյան', Նվարդ Մեյքոեյաե՝'
Լիւիթ Իսկանդարյան"’, Արմեն Խաչիկյան"*
Բանալի բաոեր միջմշակութային հաղորդակցում, «ուրիշի կերպար», ազգային ինքնություն, հայաստաեյաե երիտասարդություն, Եվրոպա, եվրոպացիներ:
Հիմեախեդրի էությունը
Եվրոպայի հետ Հայաստանի դարավոր կապերը և քաղաքակրթական սեր-տաճվածությունը պայմանավորում են նաև ՀՀ-ԵՄ ժամանակակից փոխհարաբերությունները, որոնք 2010 թվականից ի վեր զարգանում են «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, Հայաստանի և եվրոպական տարբեր պետությունների միջև տնտեսական, գիտական և կրթական, մշակութային, մարզական և այլ տիպի փոխհարաբերություններն իրականացվում են միջանձնային և խմբային մակարդակներում' ներառելով առանձին անհատների, խմբերի, պետական և հասարակական կազմակերպությունների:
Եվրոպացիների հետ հայաստանցիների միջմշակութային հաղորդակցման տարբեր ինտենսիվությունը' առանձին սոցիալական խմբերի ներառվածությամբ, այդ հաղորդակցման դրդապատճառները, փոխադարձ ընկալումները, շփման ընթացքում կարծրատիպերի ձևավորումն ու փո-
1 Հոդվածը պատրաստված է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի 15РГ-20 «Երիտասարդության շրջանում Եվրոպայի ընկալումն արդի աշխարհաքաղաքական փոխակերպումների համատեքստում (Կրասնոդարի և Երևանի օրինակներով)» դրամաշնորհի շրջանակներում:
՚ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ:
՛՛ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ:
''' ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտ:
'''' ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ:
խակերպումը և մի շարք այլ հարցեր խիստ արդիական են' հասկանալու համար ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների սոցիալական բնույթը, մարդկային չափման որակը:
Միջմշակութային հաղորդակցման անկյունաքարային եզրույթներից է «ուրիշի» («օտարի») կերպարը, որը նկարագրում է տարբեր մշակույթներ ներկայացնողների ինքնընկալումը' զրուցակցի տարբերությունների հաշ-վառմամբ, զրուցակցի օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբերությունների գնա-հատմամբ և մյուսների հետ հարաբերությունների սահմանազատմամբ: «Ուրիշի» («օտարի») կերպարի հիմնախնդիրներին են նվիրված Մ.Ֆուկոյի, Գ.Զիմելի, Ա.Շյուտցի, Լ.Հարությունյանի և այլոց աշխատությունները1: «Ուրիշի» և «օտարի» կերպարները կարող են ունենալ բարեկամության/ թշնամանքի տարբեր աստիճաններ2 և նկարագրվում են «միջմշակութային հեռավորություն» եզրույթով3:
Այս իմաստով կարևորվում է նաև «նշանակալի ուրիշի» երևույթը, որի տակ հասկանում են անձի սոցիալականացման ընթացքում իր վրա էական ազդեցություն ունեցած, իր զարգացումը պայմանավորող հեղինակավոր մեկ «ուրիշին»4: Հետաքրքիր է նկատել, որ «նշանակալի ուրիշի» սահմա-
1 Фуко М, История безумия в классическую эпоху, СПб., 1997; Зиммель, Георг, Человек как враг // «Социологический журнал», № 2, 1994. С. 114-119; Шютц, Альфред, Смысловая структура повседневного мира: очерки по феноменологической социологии, М., Институт Фонда «Общественное мнение», 2003; Л. Арутюнян, Сто лет спустя: перспективы отрицания геноцида армян, «Բանբեր Երևանի պետական համալսարանի», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն» 133.5, Երևան, 2011թ., էջ 11-19։
2 «Ուրիշի» կերպարն անհատի գիտակցության դիրքորոշումն է կապված սոցիալական և քաղաքական տարածությունում նրա ինքնորոշման հետ, որի հիմքն է այնպիսի անձանց, խմբերի, ինստիտուտների առանձնացումը, որոնք օժտված են այդ անձի համար նման կամ տարբերվող բնութագրիչներով և ուրվագծում են անձի ինքնությունների սահմանները։ Սահմանումը կիրառելի է նաև խմբերի ինքնագիտակցության և այլ խմբերի հետ տարբերությունների սահմանագծման գործընթացին: Ուրիշի կերպարը կարող է իրացվել 2 տարբեր մոդելով 1) քաղաքական հանդուրժողականության, որը կարելի է նկարագրել «Ես-Ուրիշ-Այլ» բանաձևի միջոցով և 2) անհանդուրժողականության մոդելը ներկայացված «Ես-Ուրիշ-Օտար-Թշնամի» բանաձևով: Տես, օրինակ' Политическая идентичность и политика идентичности. В 2 т. Т.1; Идентичность как категория политической науки: словарь терминов и понятий /Отв. ред. И.С. Семененко, М., РОС-СПЭН, 2011; Морозова Е.В., Образ Другого/Чужого в формировании внешнеполитической идентичности (Обзор литературы)// Историческая и социально-образовательная мысль, 2016; 8 (6/2).
3 Տե ս, օրինակ Межкультурная дистанция и межкультурный диалог в истории и современности: материалы открытого регион. молодеж. науч. форума, Изд-во Самар. науч. центра РАН, 2008, Morosini, P, Shane, s, & Singh, H, National Cultural Distance and Cross-Border Acquisition Performance. Journal of international business studies, 29 (1), 1998, 137-158, Raza, G., Singh, S., & Dutt, B. Public, Science, and Cultural Distance. Sage Journals, 23(3), (2001), pp. 293-309.
4 «Նշանակալի ուրիշ» (անգլ. significant other) հասկացությունը առաջին անգամ կիրառել է ամերիկյան հոգեբույժ Հարի Սալիվանը (Sullivan, 1892-1949)։ Այդ մասին տես, օրինակ' Web.: http://psychology.academic.ru.
նումները ներառում են տարբեր չափանիշներ, որոնք նկարագրում են այդ «ուրիշի» հետ հարաբերությունները, մասնավորապես' որպես առանձնապես ինտենսիվ և բացառիկ, կենսագրության մեջ շատ նշանակալի իրադարձություններով հագեցած, և այլն1: Մեկ այլ պետության, տարածաշրջանի կամ կազմակերպության' որպես «նշանակալի ուրիշի» ընկալումը կարող է բնութագրվել որպես ազգային ինքնությունն ու քաղաքականությունն էապես պայմանավորող, այն պատմականորեն և արդի պայմաններում ուղղորդող և կամ էլ որոշակի արժեքավոր փորձ փոխանցող:
Ազգային ինքնության տեսանկյունից Եվրոպայի ընկալումը կարող է ծառայել որպես «յուրայինի», «ուրիշի» կամ «օտարի» կերպարի ձևավորում' սեփական «Ես»-ի սահմանազատման, Եվրոպայում կամ Եվրոպայից դուրս սեփական ինքնության սահմաններն ընկալելու, այդ ընկալումների հիման վրա ազգային զարգացման ուղենիշներ մշակելու և արտաքին քաղաքական ռազմավարություններ կառուցելու տեսանկյունից:
Սույն հետազոտության տեսանկյունից հատկապես կարևորվել են ազգային, էթնիկ, քաղաքացիական ինքնության հասկացությունները2: Պետության կերպարը հասարակական ընկալումներում և սոցիալական հաղորդակցություններում ուսումնասիրվել է Ե.Շեստոպալի, Ա.Աթանեսյանի, Տ.Պիսչևայի, Ն.Վինոգրադովայի, Ա.Նեդովայի, Ն.Մելքոնյանի և այլոց կողմից3: Եվրոպայի կերպարն ու դրա արտացոլումը հետխորհրդային հասարակություններում վերջին տարիներին քննարկվել է Լ.Անդրեևի, Մ.Գորշ-
1 Տես, օրինակ' Кондратьев М.Ю., «Значимый другой»: слагаемые межличностной значимости //Социальная психология и общество, № 2/2011, сс. 17-28, http://psyjournals.ru/files/42338/ social_psy_2011_n2_Kondratyev.pdf
2 Տե ս, օրինակ' Goffnan, Erving, The Presentation of Self in Everyday Life. University of Edinburgh Social Sciences Research Centre, 1959; Beck, Ulrich, The Reinvention of Politics. Rethinking Modernity in the Global Social Order. Cambridge: Polity Press, 1996; Хабермас Ю, В поисках национальной идентичности: Философские и политические статьи, Донецк, Донбасс, 1999; Ачкасов В.А, Запад как "значимый другой" России // Консерватизм и либерализм: история и современные концепции: Материалы международной научной конференции 15 февраля 2002г. / ред. А.С. Карцов, СПб., Издательство С.-Петербургского университета, 2002; Мкртичян А.Е, Хаос как системообразующий механизм самоорганизации социума, Изд. ЕГУ, Ереван, 2008.
3 Атанесян А, «Публичная политика и технологии современной политической риторики» // Бюллетень Научно-образовательного фонда Нораванк, 2005, N 10 (16), с. 72-100; Атанесян А, «Коммуникативно-психологические аспекты конфликта идентичности» //Психология и жизнь, 2005, N 4, сс. 74-78; Образы государств, наций, лидеров / Под ред. Е.Б. Шестопал, М., 2008., Մել-քոնյան Ն., Քաղաքական իմիջ. մեկնաբանություններ և ձևավորման սկզբունքներ: Դասընթաց հասարակագետների համար, Ե., ԵՊՀ հրատ., 2007; Мелконян Н, Социологические исследования как условие эффективности технологий политического имиджмейкинга, Социология и право, №2 (13), Санкт-Петербург, 2012, Т.Н. Пищева, Н.С. Виноградова, А.Д. Недова, Образ России под углом зрения политических коммуникаций, Полис, Политические исследования, №4, 2010.
կովի, Պ.Շուլցեի, 4.Պետուխովի, Ա.Զդրավոմիսլովի, Ե.Պախոմովի, Ե.Կո-ֆանովի, Ն.Սեդովի, Ֆ.Շերեգիի, Ն.Մելքոնյանի աշխատություններում1:
Այս իմաստով առավել արդիական է հայաստանյան երիտասարդների' Եվրոպայի հանդեպ կողմնորոշումների առանձնահատկությունների բացահայտումը2, ինչը թույլ կտա ոչ միայն հասկանալ հայաստանյան հասարակության մակարդակում մարդկանց քաղաքական գիտակցության վրա ազդող սոցիալական, քաղաքական, տեղեկատվական գործոնների բնույթը, այլև կանխատեսումներ անել եվրոպական ուղղության վերաբերյալ սոցիալական ամենաակտիվ խմբի' երիտասարդների դիրքորոշումների վերաբերյալ: ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման բազմաբևեռ բնույթն առավել քան արդիական է դարձնում ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության խթանման մեխանիզմների և նոր հնարավորությունների բացահայտումը:
Այսպիսով, սույն հետազոտության ընթացքում շեշտադրվել է հայաստանյան երիտասարդների' «Եվրոպայի» և «եվրոպացիների» մասին ընկալումներում «<ուրայինի», «ուրիշի», «օտարի» կերպարի ընկալման առանձնահատկությունների բացահայտումը: Այս առանձնահատկությունները հատկապես կարևորվում են ազգային ինքնության սահմանների բնորոշման տեսանկյունից և պայմանավորում սեփական հավաքական «ես»-ի առանձնացումը «ոչ-ես»-ից' համապատասխան նմանությունների և տարբերությունների մասին կարծրատիպային պատկերացումների ձևակերպ-մամբ: Հետազոտության ընթացքում որպես վարկած առանձնացվել է այն հարցադրումը, թե արդյոք «Եվրոպան» և «եվրոպացիները»' հայաստանյան երիտասարդների ընկալմամբ, իրենց և Հայաստանի համար «նշանակալի ուրիշ» են և կարևորվում են իրենց դերով արդի հայաստանյան հասարակության փոխակերպումներում3:
1 Melkonyan, N, Prots, T, Mramornova, O, Construction and Representation of the “Image" of Europe in the New Eastern Europe Countries Mass Media. (After the example of Armenian and Ukrainian print press), Bulletin of Yerevan State University, 138.5, Yerevan, 2012; Горшков М.К., Национальная и гражданская идентичность в контексте глобальных процессов, Ростов-на-Дону, «МАРТ», 2014.
2 Այն դեպքերում, երբ հոդվածում խոսվելու է Եվրոպայի և եվրոպացիների մասին' ըստ երիտասարդների սուբյեկտիվ պատկերացումների և ընկալումների, «Եվրոպա» և «եվրոպացիներ» եզրույթներն օգտագործվելու են չակերտներում:
3 Այստեղ չեն քննարկվում Եվրոպայի հետ Հայաստանի պատմաքաղաքական և քաղաքակրթական առնչությունները, որոնք, բնականաբար, իրենց ազդեցությունն են թողել ժամանակակից հայաստանցիների ընկալումների և արժեհամակարգի վրա: Այստեղ շեշտադրվելու է արդի արժեքային փոխակերպումների տիրույթում հայաստանյան երիտասարդների կողմնորոշումների հիմնահարցը' «Եվրոպայի» և «եվրոպացիների» մասին իրենց ընկալումների համատեքստում:
Սույն հետազոտության ընթացքում կիրառվել է գիտական մեթոդների և մոտեցումների համախումբ, որոնք մշակված և փորձարկված են սոցիոլոգիական և միջառարկայական ուսումնասիրություններում: Մասնավորապես, թիրախավորված ընտրանքի միջոցով տարբեր շերտերից (կրթական տարբեր մակարդակներ, տարիք, արտասահմանյան և հատկապես եվրոպական կրթական ծրագրերում մասնակցության փորձի առկայություն և բացակայություն, ԵՄ-ում հարազատներ ունենալու և այլն) չափանիշներով ընտրված երիտասարդների մասնակցությամբ իրականացվել են ֆոկուս-խմբային քննարկումներ: Ֆոկուս-խմբային քննարկումների մեթոդի հիմնական առավելություններից են մասնակիցների ելույթների և պատասխանների նպատակային բևեռվածությունն ուսումնասիրվող խնդրին, կարծիքների ազատ արտահայտումն ու անձնական փորձի փոխանակումը: Իրականացվել է 6 ֆոկուս-խմբային քննարկում, որոնք ներառել են ընդհանուր առմամբ 60 երիտասարդ:
Բացի ֆոկուս-խմբային մեթոդի ուղղակի կիրառումից, ընթացքում օգտագործվելու է նաև մասնակիցների կողմից քննարկվող երևույթներն (Եվրոպա, եվրոպացիներ, ԵՄ, եվրոպական հասարակություն և այլն) արտացոլող նկարների պատկերման մեթոդ, որի արդյունքում ստացվել են երիտասարդների կողմից ուսումնասիրվող երևույթի վերաբերյալ ասոցիատիվ, պատկերավոր պատասխանները:
Հետազոտության այսյյուեքեերը
«Եվրոպա»
Նախևառաջ պետք է նշել, որ հարցված երիտասարդության համար «Եվրոպայի» վերաբերյալ տեղեկատվության գլխավոր չափաբաժինը հայկական աղբյուրներն են, այնուհետև ռուսականները, և երրորդ տեղում' արևմտյան ԶԼՄ-ն: Հայկական լրատվամիջոցներից գրեթե բոլորում առանձին ուշադրություն է դարձվում միջազգային լրահոսին: Բացի այդ, երկու միջազգային ալիքներ BBC (ՄԲ) և CNN (ԱՄՆ), զգալի տեղ են զբաղեցնում հայաստանցի երիտասարդների համար Եվրոպայի վերաբերյալ տեղեկատվության ձևավորման գործում:
Հարցված երիտասարդների կողմից դիտվող եվրոպական արտադրության հաղորդումները կարելի է բաժանել 3 տեսակի' լրատվական, ժամանցային, մտավոր: Դրանցից առավել հաճախ նշվել են հետևյալները'
ռ
«Ո վ է ուզում դառնալ միլիոնատեր», «The voice», «Hiden talent», «X factor», ինչպես նաև տարբեր հեռուստաալիքների լրատվական հաղորդումներ:
Եվրոպական արտադրության ֆիլմերի մասին խոսելիս առաջին հերթին շեշտադրել են ֆրանսիական արտադրության ֆիլմերը: Բացի այդ, որպես «եվրոպական» նշվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր, որոնք, սակայն, ամերիկյան արտադրության են, ինչից կարելի է եզրակացնել, որ զանգվածային տեղեկատվական դաշտում մատուցվող եվրոպական և ամերիկյան արտադրանքը հայաստանցիները հաճախ նույնացնում են:
Նկատվել է, որ եթե գրքեր նախընտրում են կարդալ հայերենով, ապա ԶԼՄ արտադրանքը սպառում են հիմնականում ռուսերենով: Հայաստանցի երիտասարդների մեծ մասը նշել է, որ չի վստահում հայկական արտադրության հեռուստահաղորդումներին, հայաստանյան լրատվությանը:
Տեղեկատվության փոխանակման համար արդյունավետ հարթակ են սոցիալական ցանցերը, որտեղ երիտասարդներն իրենց ծանոթներից ստանում են օպերատիվ և ճշգրիտ ինֆորմացիա Եվրոպայում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։
Այն հարցին, թե ինչ պատմական իրադարձություններ են մտաբերում երիտասարդները Եվրոպան պատկերացնելիս հարցվողները հիմնականում տվել են այնպիսի պատասխաններ, որոնք վկայում են հայաստանյան կրթական համակարգում Եվրոպայի պատմության մասին գիտելիքի էական ծավալի մասին: Նկատելի է, որ երիտասարդները ծանոթ են եվրոպական պատմության տարբեր իրադարձություններին, նշվում են տարբեր դարերում տեղի ունեցած եվրոպական պատերազմներ, հիշատակվում հայտնի եվրոպական քաղաքական, մշակութային գործիչների, գիտնականների և հերոսների անուններ (Հիտլեր, Նապոլեոն, անգլիական տարբեր թագուհիներ, Ժաննա դ Արկ և այլք):
Գրքեր կարդալու հարցում լեզվի ընտրությունն առավելապես պայմանավորված է պրակտիկ և մատչելի լինելու հանգամանքով, չկա սկզբունքորեն այս կամ այն լեզվով կարդալու գործոնը: Հարցված երիտասարդները հիմնականում նախընտրում են կարդալ հայերեն, և «եվրոպական հեղինակներ» ասելով նշել են իրենց նախընտրելի հեղինակներին, որոնք մեծ մասամբ ժամանակակից չեն. Ալբեր Քամյու, Հերման Հեսսե, Էրիխ Մարիա Ռեմարկ, Գի դը Մոպասան, Օսկար Ուայլդ, Օնորե դը Բալզակ, Վիկտոր Հյուգո, Մարկ Տվեն և այլք: Բացի այդ, ուսանող երիտասարդները Եվրոպայի մասին կարդում են մասնագիտական գրականությունից:
Ինչ վերաբերում է ժամանակակից Եվրոպայի մասին անհատականացված պատկերացումներին, ապա որպես հայտնի դեմքեր են առանձնացվում հիմնականում մի շարք դերասաններ ու ֆուտբոլիստներ պայմա-
նավորված տվյալ երիտասարդի ճաշակով/նախասիրություններով: Ստաց-վում է, որ Եվրոպայի անցյալի մասին երիտասարդների գիտելիքները ստացվել են հիմնականում դպրոցական պատմության դասերից, իսկ ժամանակակից Եվրոպայի մասին գիտելիքները ստացվել են ժամանցի անցկացման կինոդիտման կամ սպորտային խաղերի դիտման, երաժշտության ունկնդրման ընթացքում:
Որպես տնտեսական զարգացածության չափանիշ հանդիսացող երկրներ մեծ մասամբ նշվել են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի դասական խոշոր և բարեկեցիկ երկրները Գերմանիան, Շվեյցարիան, Սկանդինավյան երկրները և Մեծ Բրիտանիան: Գերմանիան և Մեծ Բրիտանիան որոշ հարցվողներ կապակցում են նաև կրթական/մասնագիտական օջախների հետ: Հայաստանցի երիտասարդների պատկերացումներում եվրոպական կրթական համակարգն օրինակելի է, և Եվրոպայում սովորելը մեծ առավելություն է մասնագիտական որակներ ձեռք բերելու, կարիերայի կառուցման համար։
Այս ընկալումները կարելի է բացատրել հայաստանյան երիտասարդության և հատկապես ուսանողության շրջանում դեպի Եվրոպա կրթական միգրացիայի արդիականությամբ. այն երիտասարդները, ովքեր անձամբ Եվրոպայում սովորելու փորձ չունեն, այնուամենայնիվ, որպես կանոն, շրջապատում ունեն նման ծանոթներ և որոշ առումով նույնպես կրում են Եվրոպայի' որպես տնտեսապես բարեկեցիկ և բարձր կրթական չափանիշներ ունեցող տարածության մասին պատկերացումներ:
«Ես պատկերացնում եմ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, որովհետև այնտեղ գտնվում են երկրագնդի խոշորագույն համալսարանները»:
(արական սեռ, 21 տարեկան, արևելագետ) «Բժշկությունը միանգամից ասոցացնում եմ Գերմանիայի հետ, որովհետև մենք շատ բան ունենք այդտեղից վերցնելու»: ________________________________(իգական սեռ, 22 տարեկան, բժիշկ)
Տնտեսական զարգացածությունը ֆոկուս խմբերի մասնակիցների գիտակցության մեջ երկրի «եվրոպականության» կարևորագույն պայմաններից է. հանդիպել են նույնիսկ դեպքեր, երբ հարցվողներն ընդգծել են, որ ԵՄ կազմում գտնվող ոչ բարեկեցիկ երկրները, օրինակ Ալբանիան, չի կարելի համարել Եվրոպա:
Երիտասարդներից ոմանք նշել են հայաստանյան իրականության մեջ հայրենասիրական գաղափարախոսության և դաստիարակության գերա-
կայությունը' որպես ազգային պատկանելության և գործունեության հիմնական դրդապատճառ: Մինչդեռ «Եվրոպայում», իրենց կարծիքով, հիմնական դրդապատճառը ֆինանսական բարեկեցությունն ու այն հնարավորություններն են, որոնք երաշխավորում է քաղաքացիությունը և պատկանելությունը եվրոպական ազգերին (դարձյալ' նկատի ունենալով բարեկեցիկ եվրոպական պետությունները): Երիտասարդների կողմից «Եվրոպան» և Հայաստանը պատկերող նկարներից կարելի է տեսնել, որ Հայաստանը բնութագրող խորհրդանիշերն ավելի կայուն, ավանդական են (տուն, եկեղեցի, լեռնաշխարհ), իսկ ակտիվ-դինամիկ պատկերներից է միայն գյուղատնտեսական գործունեությունը: Մինչդեռ «Եվրոպան» պատկերված է դինամիկ գործընթացների ամբողջությամբ' ճանապարհներ, ինքնաթիռներ, մեքենաներ, աշխատող գործարաններ:
Դարձյալ այս երկու տարբերակները չեն բացառում միմյանց և արտահայտում են ոչ թե «մենք»-ի հանդեպ «նրանց» օտար լինելը, այլև «ուրիշ» հանդիսանալը (շատ դեպքերում հայաստանյան երիտասարդության համար «Եվրոպան» «ուրիշ» է' արժեքավոր, դրական, ուսանելի և գրավիչ իմաստով): Հետաքրքիր է նկատել, որ հայաստանյան երիտասարդների շրջանում գերակայում է եվրոպական արժեքների հանդեպ սպառողական վերաբերմունքը ' օգտագործելու, սովորելու, ունենալու, ստանալու իմաստով, ինչը վերաբերում է կրթություն և աշխատանք ստանալուն, եկամուտ ունենալուն, ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուն, իրավունքների առումով պաշտպանված լինելուն և այլն: Որևէ երիտասարդ չի արտահայտել ցանկություն' նպաստելու եվրոպական արժեքների տարածմանը, տնտեսության հզորացմանը, «Եվրոպայի» դրական համբավի ամրացմանը, եվրոպական երկրների անվտանգության ապահովմանը և այլն: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է նկատվում Եվրոպայի նախընտրելիությունը Հայաստանի հանդեպ. ցավոք, երիտասարդները նախընտրում են իրավունքներ' առանց պարտականությունների, ինչը միակողմանիորեն կապակցում են «Եվրոպայի» հետ, մինչդեռ ՀՀ-ում ապրելն իրենց ընկալումներում կապվում է հիմնականում պարտականություններ ունենալու, հարկային ծանր բեռի տակ գտնվելու, բանակում ծառայելու, իրավունքների մեծ մասի իմաստով պետությունից պաշտպանված չլինելու հետ:
Խոսելով Եվրոպայի որպես ժողովրդավարության տարածության մասին, երիտասարդները ժողովրդավարության տակ հիմնականում հասկանում են ոչ այնքան «ժողովրդի կառավարման», որքան' իրավահավասարության, օրենքի գերակայության ու քաղաքական կայունության մասին:
Ընդ որում «Եվրոպայի» մասին բոլոր նման պատկերացումներն, ըստ էության, ձևավորվում են որպես հակադրություն Հայաստանի մասին պատկերացումներին. «Հայաստանում կոռուպցիա կա, Եվրոպայում ոչ», «Հայաստանում մենաշնորհ է, Եվրոպայում ազատ շուկայական տնտեսություն» և այլն: Այս առումով ստեղծվում է դրական/բացասական դիխոտո-միա. Եվրոպան հավաքական իդեալ է, իսկ Հայաստանը հակադիր է այդ իդեալին. ժողովրդավարական չէ, ազատ չէ, հանդուրժող չէ, բարեկեցիկ չէ և այլն: Հետաքրքիր է նկատել նաև, որ «Եվրոպա» ասելով' հայաստանցի երիտասարդները մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ գրեթե նույնքան կարևորում են տնտեսական բարեկեցությունը և անգամ այդ հանգամանքն են ներկայացնում որպես տարածաշրջանի այս կամ այն պետության «եվրոպական» լինել-չլինելը:
Հայաստանի Եվրոպա լինելու/չլինելու հարցի շուրջ հարցվողների կարծիքներում առկա են եղել նաև երկու այլ միտումներ, որոնք բնութագրում են և հայաստանյան հասարակության փոխակերպումը, և ինքնատիպությունը: Հայաստանյան հասարակությունը փոխակերպվում է, և հետխորհրդային սերունդն իր տեսանկյունով, վարքով, արտաքին և ներքին բնութագրիչներով ավելի մոտ է «եվրոպացիներին», քան խորհրդային սերունդը, ինչը պայմանավորված է ավելի ազատ սահմաններով, փոխանակումներով, զբոսաշրջությամբ, ազատ մեդիա-միջավայրով և համացանցի մատչելիությամբ:
Արտահայտված մյուս տեսակետն այն է, թե Հայաստանը չի կարող և չպետք է լինի եվրոպական երկիր, քանի որ իր մշակույթով տարբերվում է բոլոր քաղաքակրթություններից և պետք է շարունակի զարգանալ որպես առանձին մշակութային տարածություն:
«Ես նորմալ եմ վերաբերվում, որ Հայաստանը տարբեր բաներ է վերցնում տարբեր մշակույթներից, բայց պետք է կարողանալ այդ ամենը ձուլել ու չկորցնել տեսակը: Ես տեսակի պահպանման կողմնակիցն եմ Չեմ ուզում հինը չհիշվի»:
(արական սեռ, 21 տարեկան, իրանագետ)
Չնայած մոտեցումների տարբերությանը' գրեթե բոլոր երիտասարդները փորձել են ներկայացնել Հայաստանի և «Եվրոպայի» միջև առնչությունները և նմանությունները' քննարկելով Հայաստանի և մեկ այլ բևեռի' «Ասիայի» միջև նմանություններն ու տարբերությունները: Այդ առումով, երիտասարդների պատկերացումներում առկա է որոշակի սանդղակ, որի մի
բևեռը ներկայացնում է «Եվրոպան», մյուսը «Ասիան», և կարիք է ստեղծվում սահմանելու, թե այդ սանդղակի վրա ինչ տեղ է գրավում Հայաստանը:
«Ես հավասար ազդեցություն տեսնում՛ եմ, այսինքն ինչքան արևելք, այնքան էլ արևմուտք: Այսինքն համարյա հավասար թե մշակույթում, թե կենցաղում, թե նույնիսկ քաղաքի կառուցման մեջ տեսնում եմ հավասար ազդեցություն»:
(իգական սեռ, 25 տարեկան, լեզվաբան) «Մենք գնանք դեպի Եվրոպա , թե Արևելք»: ___________________________________(իգական սեռ, 22 տարեկան, բժիշկ)
«Ասիայի» հավաքական կերպարը հայաստանյան երիտասարդների աչքերում իսլամական է և գրեթե նույնացվում է Մերձավոր Արևելքի հետ: Այս հանգամանքը հեշտ բացատրվում է Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի թե աշխարհագրական, թե պատմամշակութային առնչություններով:
Այս համատեքստում փոքր-ինչ շոշափվել է նաև Ռուսաստանի Դաշնության դերը' Հայաստանի արտաքին կողմնորոշումների գործընթացում: Երիտասարդներից ոմանք նշել են, որ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը նպաստավոր չէ եվրոպամետ քաղաքականություն վարելու համար, և այս պարագայում նկատելի է Եվրոպա-Ռուսաս-տան հակադրությունը: Հարցվողների շրջանում առկա է դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանը քաղաքական առումով կարծես գտնվում է Ռուսաստանի և Եվրոպայի արանքում: Համապատասխանաբար, բացի Հայաս-տան-Մերձավոր Արևելք առանցքից, նաև հստակորեն ընկալվում է Հայաս-տան-Ռուսաստան առանցքը, որոնք պայմանավորում են Հայաստան-Եվրոպա հարաբերությունները:
Այսպիսով, ՀՀ-ի և «Եվրոպայի»' որպես պետությունների ամբողջության համեմատության դեպքում հայաստանյան երիտասարդների ընկալումը «մենք» և «նրանք» համատեքստում հիմնականում դրական է. «նրանք» օտար չեն, անհասկանալի և անընդունելի չեն, սակայն ուրիշ են ' դրական իմաստով: Դարձյալ, «Եվրոպայի» մասին գիտելիքների և այնտեղ գտնվելու, եվրոպական արժեքները ճանաչելու և սպառելու դեպքում կարելի է նշել երիտասարդների համար «Եվրոպայի» հետ առնչվելու փորձի արժեքավորությունը (նյութական և հոգևոր իմաստներով), կողմնորոշիչ և աջակցող լինելը: Երիտասարդների նման ընկալումները հաստատում են իրենց համար «Եվրոպայի»' որպես «նշանակալի ուրիշը» լինելու վարկածը:
«Եվրոպացիներ»
Առօրյա, կենցաղային մշակույթի մասին խոսելիս հայաստանյան երիտասարդները մեկնաբանել են հայկական մշակույթը որպես «ջերմ», եվրոպականը որպես «սառը», չնայած հայկական «ջերմ» մշակույթն ավելի «ծանր» է, իսկ եվրոպական «սառը» մշակույթը «թեթև»։ Այդ թեթևությունը հիմնականում կապվել է անհոգության, պարզության և կարծրատիպերի բացակայության հետ: Մասնակիցները, որպես կանոն, կարծրատիպ են անվանել հայկական մշակույթի տարատեսակ արտահայտումներ (հագուստի ձևեր, ժամանցի կազմակերպման ձևեր, սեռերի միջև հարաբերություններ և այլն' իրենց սահմանափակումներով), իսկ եվրոպական մշակույթի արտահայտումներն անվանել են կարծրատիպերի բացակայություն:
«Եվրոպացիների» առօրյա մշակույթի ընկալումը մեծ մասամբ կապվում է քաղաքային մշակույթի հետ1, արտահայտում անհատապաշտական գծեր (պատկերվում են միայնակ հեծանվորդներ և առանձին մարդիկ): Այս ընկալմանը հակադրվում է Հայաստանի մշակույթի ընկալումը, որը կապվում է երիտասարդների ազգային ու կրոնական ինքնության հետ (պատկերվել են տարատեսակ մշակութային խորհրդանիշեր նուռ, Մասիս սար, եկեղեցիներ, երբեմն ռազմական խորհրդանիշներ զենք, զինվորներ), և արտացոլում է կոլեկտիվիստական մշակույթի գծեր (պատկերվել են միասին պարող մարդիկ, ընտանիքներ):
Հարցվողներից ոմանք նշել են, որ Եվրոպան տարբեր մշակույթների միաձուլման ու ինտեգրման տարածություն է, և այդ ըմբռնումն արտացոլված է նաև մասնակիցների կողմից պատկերված նկարներում:
Գաղափարական նմանությունների մասին խոսելիս երիտասարդները նշել են այն հանգամանքը, որ եվրոպական երկրների բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է, ինչն ըստ էության հայ ժողովրդի հետ իրենց արժեքային-գաղափարական ընդհանրությունների մասին է վկայում: Միևնույն ժամանակ, եվրոպական արտադրության գրքերը, ֆիլմերը և այլ տեղեկատվությունը գրավիչ կերպով մատուցվելու արդյունքում մշտապես եղել է և շարունակում է մնալ հայաստանցի երիտասարդների աշխարհայացքի բաղկացուցիչ մասը։
Հարցվողները հիմնականում դասակարգել են եվրոպական երկրներն աշխարհագրական-մշակութային սկզբունքով նշելով, որ հյուսիսային և
1 Ֆոկուս խմբերի մասնակիցների կողմից պատկերված նկարներում ամենահաճախ հանդիպող խորհրդանիշը Էյֆելյան աշտարակն է, հաճախակի են պատկերվում բազմահարկ շենքեր և լայն փողոցներ:
արևմտյան երկրների մշակույթն ավելի «սառն» է («Ջիգյարով չի շփումը, ինչպես որ հայերի միջև», մեծ է մարդկանց միջև սոցիալական հեռավորությունը, ավելի արտահայտված են անհատակենտրոնությունն ու անտարբերությունը միմյանց նկատմամբ, մինչդեռ հարավային և արևելյան երկրնե-րում մարդիկ ավելի ջերմ են, տաքարյուն, մշակույթն ավելի ավանդական է, և ըստ այդմ հարավային ու արևելյան երկրները մշակութային առումով Հայաստանին ավելի մոտ են ընկալվում:
«Եվրոպական» ընտանիքի մոդելի վերաբերյալ իրենց ունեցած պատկերացումներից ելնելով' հայաստանյան երիտասարդների մեծ մասն այն օտար է համարում. այդ իսկ պատճառով «եվրոպացիների» հետ ընտանիք կազմելու վերաբերյալ հարցվածների կարծիքն ավելի շուտ բացասական է:
«Ես կնախընտրեմ հայի հետ ապրել և հայ երեխաներ ունենալ: Երբեք չեմ ամուսնանա եվրոպացու հետ»:
(իգական սեռ, 21 տարեկան, լրագրող) «Հարևանի հարսը միշտ սիրուն է, ու հայերին թվում է, թե եվրոպական երկրներում ամեն ինչ իդեալական է»:
(իգական սեռ, 25 տարեկան, հոգեբան)
Նրանք, ովքեր ունեցել են եվրոպացիների հետ շփման անմիջական փորձ, այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ փոքր-ինչ ավելի դրական են տրամադրված: Այդ երիտասարդներն իրենց եվրոպացի հասակակիցների հետ ծանոթացել են եվրոպական երկրներում, և այնտեղ ձեռք բերված շփումը որոշ դեպքերում շարունակվել է վիրտուալ սոցիալական ցանցերում. օրինակ ֆեյսբուքում, ինչպես նաև skype-ի տեսազանգերի միջոցով: Շփման առարկան հիմնականում առօրյա հարցերն են, միմյանց տոների առթիվ շնորհավորանքները, նաև Հայաստանում կամ եվրոպական երկ-րում տեղի ունեցած որևէ իրադարձության քննարկումը:
Հարցվածների խոսքերով' հայաստանցի և եվրոպացի երիտասարդների միջև շփման ընթացքում հաճախ առկա են հաղորդակցական խոչընդոտներ, մասնավորապես' վերբալ և ոչ վերբալ միջոցների օգտագործման պարագայում: Լեզվական և լեզվամտածողական տարբերություններով պայմանավորված տարընկալում է լինում (ենթատեքստերը, հումորը, մնջախաղը և ժեստերի լեզուն): Միևնույն ժամանակ, սա բոլորովին չի նշանակում, որ շփումն անհնար է կամ ցանկալի չէ:
«Եվրոպացիների հետ շփումն ու առնչությունը անհրաժեշտ են և հետաքրքիր»:
(արական սեռ, 25 տարեկան, ծրագրավորող) «Եվրոպայի մասին իմանում ենք նորություններից, Facebook-ից»:
(արական սեռ, 21 տարեկան, քաղաքագետ)
Եվրոպացիների կենսակերպը նկարագրելու հարցում հայ երիտասարդները զգալի ազդեցություն են կրում ֆիլմերից, գրքերից, ԶԼՄ-ից, սոցիալական ցանցերից և այլ միջնորդավորված աղբյուրներից: Այդ կենսակերպը պայմանավորող գործոնների շարքում հայաստանցի երիտասարդները նշում են ֆինանսական և սոցիալական ապահովվածությունը, որը, ըստ նրանց, բերում է բարեկեցության ու հարմարավետության:
Դրականորեն է բնութագրվել եվրոպացիների կողմից հանգստին, ժամանցին, առողջությանը ուշադրություն դարձնելը: Շատ են կարծիքներն այն մասին, որ եվրոպացի երիտասարդները վայելում են կյանքը, հաճույքով են ապրում, ազատ են և իրենց կամքին հակառակ ոչինչ չեն անում:
«Եվրոպայում ծայրահեղությունից ծայրահեղություն է, Իսպանիայից մինչև Գերմանիա: Իտալացիները շատ տաքարյուն են, շատ կրքոտ, գերմանացիները շատ սաոը և չշփվող են»:
(արական սեո, 21 տարեկան, իրավագետ) «Եվրոպայում մարդը բնական է, ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում, ազատ էբարդույթներից»:
(արական սեո, 20 տարեկան, ֆիզիկոս) «Գործի ժամին գործի են, հանգստի ժամին իսկապես հանգստանում են»:
(իգական սեո, 23 տարեկան, լրագրող)
Բացի այդ, որպես դրական հատկություն նշվել է «եվրոպացիների» մշտապես սովորելու, առաջ գնալու, ինքնակատարելագործվելու ձգտումը: Ըստ հայաստանցի երիտասարդների' միջանձնային հարաբերությունները «եվրոպացիների» միջև արմատապես տարբերվում են հայերի միջև առկա հարաբերություններից: Մասնավորապես, որպես բացասական երևույթ նշվել է երիտասարդների և ծնողների թույլ կապվածությունը, ընտանիքի անդամների միջև մեծ սոցիալական հեռավորությունը:
«Ծնողը երեխայի 18 տարին լրանալուն պես դուռը բացում է, ասում' գնա, ազատ ես»:
(իգական սեռ, 22 տարեկան, լեզվաբան)
Միևնույն ժամանակ, որպես բացասական են դիտվել թե տղաների և թե աղջիկների սեռական անկանոն կյանքով ապրելն ու տարածված թմրամոլությունը:
Ինչ վերաբերում է «եվրոպացիների» արտաքին տեսքի նկարագրությանը, ապա այս դեպքում ևս հայաստանցի երիտասարդներն ավելի հակված են նկարագրելու Հյուսիսային Եվրոպայի բնակիչներին բնորոշ արտաքինը. բարձրահասակ, շիկահեր, բաց գույնի աչքերով, պարզ ու անպաճույճ հագուստով: Քննարկումների մասնակիցները նշել են, որ «եվրոպացիները» հիմնականում գեղեցիկ արտաքին ունեն:
«Բարձրահասակ, շիկահեր, կապուտաչյա, շատ բաց մաշկով, ուսապարկով, կիսահնամաշ լաթերով, ժպտացող: Բարի կերպար եմ պատկերացնում, արտաքին հայացքիցհամենայն դեպս»:
(իգական սեռ, 22 տարեկան, բժիշկ)
Ավելի շուտ բացասական է բնութագրվել եվրոպացիների արտաքնապես «թափթփված լինելը» և «արտաքին տեսքին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը»: Մյուս կողմից, արձանագրվել է, որ օբյեկտիվորեն հայաստան-ցիները հաճախ կրում են նույն հագուստը, ինչ իրենց եվրոպացի հասակակիցները, քանի որ այն իր ոճով կամ ներկրմամբ եվրոպական է: Միևնույն ժամանակ, նշվել է հայաստանցի երիտասարդների' չափից դուրս արտաքին տեսքով տարվելն ու նյութական կողմի շեշտադրումն ի վնաս հոգևոր կողմի, մարդու անձնական որակների, ինչը նշվել է որպես մեկ այլ ծայրահեղություն և նույնպես բացասաբար է գնահատվել:
«Եվրոպայի երիտասարդները, թե աղջիկները, թե տղաները, ոչինչ չունեն ցույց տալու, ինչպես Հայաստանում: Իրենք չեն պճնվում, երեկոյան զգեստով երթուղային չեն նստում, և դա, իհարկե, լավ է: Մարդը բնական է, ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում, ազատ է բարդույթներից»:
(արական սեո, 20 տարեկան, ֆիզիկոս)
Այսպիսով, եթե Հայաստանը նման է «Եվրոպային», ապա ավելի շատ Արևելյան Եվրոպայի և Միջերկրական ծովի եվրոպական մասում ապրող ազգերին, և դա, այնուամենայնիվ, հիմք չի հանդիսանում հարցվողների համար Հայաստանը «Եվրոպա» համարել: Հիմնական պատճառն այն է, որ «Եվրոպայի» հավաքական ընկալումն ավելի շուտ արտացոլում է Հյուսիսային Եվրոպայի կերպարը, քան Հարավայինը: Այս իմաստով «Եվրոպան» դարձյալ «ուրիշ» է' Արևելյան Եվրոպայի դեպքում ավելի քիչ ուրիշ, քան'
Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի, սակայն բոլոր դեպքերում «եվրոպացիներին» վերագրվող սոցիալ-մշակութային բնութագրիչների առումով այն երկակի է: Մի կողմից հայաստանցի երիտասարդների մի մասի համար «եվրոպացիներին» վերագրվող հավաքական կերպարը, այդ թվում' կոլեկտիվ արժեքների և կոլեկտիվ վարքի սակավության, անհատապաշտության և դրանից բխող մարդու անհատականության գերակայության առումով, խիստ գրավիչ է, «եշաեակալի ուրիշ» է:
Մյուս դեպքում այդ կերպարը ոչ միայն ցանկալի չէ չեզոք աոումով այլև անգամ անցանկա^ի է, կիրառական չէ, վախենալի է (հիմնախնդիրնե-րի հետ դեմ առ դեմ մնալու, սոցիալական ծանոթ միջավայրից և ծանոթ-բա-րեկամներից մշտապես օգնություն ակնկալելու մշակույթի բացակայության իմաստով), որոշ իմաստով նաև անհանդուրժելի (չնայած հարցված երիտասարդները նշում էին անհանդուրժողականությունը որպես հայաստան-յան հասարակությանը հատուկ թերություններից մեկը): Այս իմաստով նկատելի է հայաստանցի երիտասարդների բևեռացվածություն, ինչը դրսևորվում է ոչ միայն անհատապաշտություն և կոլեկտիվ (համայնքային) արժեքներ դավանելու, քարոզելու, դրանց հետևելու, այլ նաև արտաքին տեսքի, կենսակերպի և անհատական ոճի առումով:
Այսպիսով, ի տարբերություն «Եվրոպայի»' որպես հիմնականում «նշանակալի ուրիշի» մասին երիտասարդների պատկերացման, խոսելով հասարակությունների, այսինքն' «եվրոպացիների» և հայաստանցիների համեմատության մասին հարցված երիտասարդները միշտ չէ, որ ընկալում են «եվրոպացիներին» որպես «նշանակալի ուրիշ»:
Եզրակացություններ
Այսպիսով, «Եվրոպայի» մասին ընկալումների բացահայտման և քննարկման ընթացքում դուրս են բերվել մի շարք առանձնահատկություններ, որոնք օգնում են հասկանալու հայաստանյան երիտասարդության շրջանում «Եվրոպա» և «եվրոպացիներ» եզրույթների հետ առնչվող գիտելիքներն ու կարծրատիպերը.
• «Եվրոպա» ասելով' երիտասարդները որոշ դեպքերում ընդհանրացնում են այդ աշխարհագրական տարածքում գտնվող երկրների ամբողջությունը' ունենալով հիմնականում դրական վերաբերմունք տվյալ հավաքական հասկացությանը: Հստակեցման փորձը բերում է «Եվրոպայի»' որպես հիմնականում Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի պետությունների ընկալմանը:
• Երկրորդ դեպքում «Եվրոպան» ընկալվում է որպես քաղաքակրթություն, որի կարևոր տարրերից է քրիստոնեությունը, և որը քրիստոնյա «Եվրոպան» և Հայաստանը միավորող հենասյուներից է:
• «Եվրոպա» եզրույթի հետ առնչվում է նաև տնտեսական զարգացածությունը, ինչը նույնպես բխում է երիտասարդների' «Եվրոպան» մի քանի տնտեսապես հարուստ և զարգացած երկրների հետ նույնացնելուց:
• Չնայած նշված որոշ քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական նմանություններին (մասնավորապես' Արևելյան Եվրոպայի և Միջերկրական ծովի եվրոպական երկրների հետ)' հայաստանցի երիտասարդների համար տեղին չէ խոսել Հայաստանի և Եվրոպայի' որպես ընդհանրական «մենք»-ի մասին: Հայաստան - «Եվրոպա» առնչությունները բնութագրվում են «մենք» և «նրանք» եզրույթներով, ընդ որում «նրանք» մեզ համար «ուրիշ» են, սակայն' դրական իմաստով և առնչություններով ծանոթ, ոչ «օտար»:
• «Եվրոպա» ասելով երիտասարդները հասկանում են նաև ժողովրդավարական մի միջավայր, որտեղ գերակա են մարդու իրավունքները: Այս ընկալումն ունի ինչպես միանշանակ դրական, այնպես էլ որոշ իմաստով քննադատական իմաստ' կապված բացարձակ ազատությունը մերժելու հետ: Մի կողմից երիտասարդների մի մասը չի գտնում, որ իրենց պատկերացրած և «Եվրոպային» վերագրվող բոլոր ազատություններն ընդունելի են Հայաստանում: Մյուս կողմից փաստացիորեն և սուբյեկտիվ ընկալումներում հարցված գրեթե բոլոր երիտասարդները ցանկանում են լինել եվրոպական տարբեր երկրնե-րում, ձեռք բերել նյութական և հոգևոր այն արժեքները, որոնք վերագրվում են Եվրոպային' ազատությունը, բարեկեցությունը, անկաշկանդությունը, լավ կրթությունը, աշխատանքը: Քննարկումների բոլոր մասնակիցներն' անկախ իրենց վերաբերմունքից «Եվրոպայի» հանդեպ, ցանկանում են այս կամ այն առիթով, ծրագրով կամ հնարավորությամբ հայտնվել «այնտեղ» (կրթական, աշխատանքային, զբո-սաշրջային շարժունության առումով արտահայտվում է Հայաստանի' որպես «այստեղի», և «Եվրոպայի»' որպես «այնտեղի» մասին ընկալումը): Փաստորեն, շարժունության իմաստով «մենք» եվրոպացի չենք, իսկ «նրանք»' «մենք» չեն: Միևնույն ժամանակ, «Եվրոպայի» հետ առավելագույնս առնչվելու ցանկությունը, որն արտահայտում են և օրինակներով փաստում հայաստանցի երիտասարդները, վկայում է
այն մասին, որ «Եվրոպան» մեզ համար, չնայած «ուրիշ» է, սակայն' «նշանակալի ուրիշ»:
• Նկատվել է, որ հայաստանյան երիտասարդների շրջանում գերակայում է եվրոպական արժեքների հանդեպ սպառողական վերաբերմունք: «Եվրոպայում» լինելու, այնտեղ նյութական և հոգևոր արժեքներ ձեռք բերելու, ազատությունները վայելելու ցանկության հետ մեկտեղ բացակայում է ընկալումը' փոխարենը որևէ բան տալու, «Եվրոպայի» զարգացմանը, բարեկեցությանն ու անվտանգությանը նպաստելու:
• «Եվրոպացիների» մասին հայաստանցի երիտասարդների ընկալումները վկայում են Հայաստանում առկա կարծիքների բևեռացվածու-թյան և որոշ հակասականության մասին: Մի կողմից որպես դրական նշվում են «եվրոպացիներին» վերագրվող «ազատությունը», «անկաշկանդ լինելը», «թեթև» վերաբերմունքը հագուստի և հանրային կարծիքի հնարավոր սահմանափակումներին: «Եվրոպացիների» արժանիքներին են դասվում նաև հանդուրժողականությունը, ոչ կոնֆլիկտայնությունը, բարությունն ու արտաքին համակրելիությունը: Միևնույն ժամանակ, որպես բացասական նշվում են «եվրոպացիներին» վերագրվող թույլ միջանձնային և ընտանեկան կապերը, ազատ սեքսուալ հարաբերությունները: Հակասություններից մեկն այն է, որ հայաստանցի երիտասարդները, համակրելով և անգամ նախանձելով «եվրոպացիներին» վերագրվող ազատությանն ու անհատակենտրոնու-թյանը, միշտ չէ, որ պատրաստ են ընկալել և ընդունել վերոնշյալ ազատություններից բխող վարքականոնները:
• Հայաստանյան երիտասարդությունը բևեռացված է նաև «եվրոպացիների» ընդհանրական կերպարը' վարքաձևերն ու արտաքին կերպարն ընդունելու առումով: Մի մասը գտնում է, որ սա «ուրիշ», բայց խիստ համակրելի և պրակտիկ իմաստով ուսանելի կերպար է («նշանակալի ուրիշ»): Մյուսները, հակառակը, այն պարզունակ և թափթփված են որակում: Միևնույն ժամանակ, «եվրոպացին» մեզ համար «ուրիշ», բայց ծանոթ և ոչ հակադիր «ուրիշ» է, այսինքն' նույնպես «օտար» չէ: Պետք է նշել նաև, որ երկու դեպքերում էլ առկա է «եվրոպացիների» մասին միակողմանի, սահմանափակ պատկերացում:
• «Եվրոպացիների» մասին պատկերացումների ամբողջությունը թույլ է տալիս բնութագրել նաև հայաստանյան երիտասարդության որոշակի զանգվածի' «մենք»-ի մասին ընկալումը, որն իր բոլոր տարբերակնե-
րով չի նույնացվում «եվրոպացի» կերպարի հետ: Երիտասարդների ինքնագիտակցության մեջ «մենք»-ը կա մ «եվրոպացիներ» կերպարին միտված, փոխակերպվող խումբ է, կա մ' «նրանցից» փոխառնող, սակայն սեփական ինքնատիպությունը պահպանելու խնդիր ունեցող «մենք» (երկու դեպքերում էլ «եվրոպացիները» «նշանակալի ուրիշ» են), կա մ էլ «նրանց» արժեհամակարգի հակապատկերն ունեցող (անհատակենտրոն «նրանք» և համայնքային-կոլեկտիվիստական-խմբային գիտակցություն ունեցող «մենք»):
Սեպտեմբեր, 2017թ.
ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արթուր Աթաեեպաե, Նվարդ Մեյքոեյաե,
Լիւիթ Իսկանդարյան, Արմեն Խաչիկյան
Ամփոփագիր
Սույն հետազոտության նպատակը հետխորհրդային հասարակություններում «Եվրոպայի», այդ թվում Եվրամիության, եվրոպական կառույցների, եվրոպական հասարակության և եվրոպացիների կերպարի ընկալման առանձնահատկությունների վերհանումն է։ Ստացված տեղեկատվության կարևորությունը Հայաստանի համար պայմանավորված է ՀՀ բազմավեկտոր կոմպլեմենտար արտաքին քաղաքականության առանձնահատկությամբ, որում եվրոպական ուղղությունը գերակայություններից մեկն է։ Համապատասխանաբար հայ հասարակությունում Եվրոպայի ընկալման առանձնահատկությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն քաղաքական որոշումներ ընդունելու, այլ նաև ազգային ինքնության խորքային հարցերի և բնութագրերի բացահայտման համար։ Հետազոտությունն իրականացվել է Երևանի երիտասարդության օրինակով թիրախային խմբերի բանավեճերի, փորձագիտական հարցազրույցների և փաստաթղթերի վերլուծության մեթոդների օգտագործմամբ։
ЕВРОПА И ЕВРОПЕЙЦЫ В ВОСПРИЯТИЯХ МОЛОДЕЖИ ЕРЕВАНА
Артур Атанесян, Нвард Мелконян,
Лилит Искандарян, Армен Хачикян
Резюме
Целью данного исследования является выявление особенностей восприятия образа «Европы» — в том числе Евросоюза, европейских структур, европейских обществ и европейцев — в постсоветских обществах. Важность полученной информации для Армении обусловлена особенностью многовекторной комплементарной внешней политики РА, в которой европейское направление является одним из приоритетов. Соответственно, особенности восприятия Европы в армянском обществе имеют важнейшее значение не только для принятия политических решений, но и для раскрытия глубинных вопросов и характеристик национальной идентичности. Исследование осуществлено на примере молодежи Еревана с использованием методов фокус-групповых дискуссий, экспертных интервью и анализа документов.
PERCEPTIONS OF THE YEREVAN YOUTH ON EUROPE AND EUROPEANS
Arthur Atanesyan, Nvard Melkonyan,
Lilit Iskandaryan, Armen Kbachikyan
Resume
The aim of the article is to find out and describe specifics of the image of “Europe” including the EU, European structures, European societies and Europeans as stereotypically seen and perceived in the post-Soviet societies. The importance of the project for Armenia is determined by specifics of Armenian foreign policy as multipolar and complementary, which makes the European direction one of the top priorities. Accordingly, the image of Europe as perceived among Armenian citizens has a crucial importance for political decision-making, as well as for better understanding of Armenian social development and identity trends. The study is implemented on the case of Yerevan with use of methods of focus-group discussions, expert interviews, and analysis of documents.