ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆ
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» արմատապես փոխել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ զարկ տալով ինստիտուցիոնալ փոփոխությունների բարդ և տևական գործընթացին:
Ընդհանրապես, ցանկացած արմատական քաղաքական վերափոխում իրենից ներկայացնում է բարդ և բազմաշերտ գործընթաց, որն առնչվում է հասարակության և պետության հիմնասյունը հանդիսացող ինստիտուտներին (քաղաքական համակարգ, տնտեսական հարաբերություններ, արժեքային համակարգ և այլն): Բացառություն չէ նաև «թավշյա հեղափոխությունը», որը ոչ թե ավարտվել է մայիսյան իշխանափոխությամբ, այլ շարունակվում է՝ պլեբիսցիտար-հեղափոխական կառավարումից աստիճանաբար անցնելով իշխանավարման ինստիտուցիոնալ մակարդակի: Միևնույն ժամանակ առայժմ հստակ չէ, թե կառուցակարգային մակարդակում ինչ գործնական ուղենիշներ է որդեգրել նոր կամ «ժամանակավոր» կառավարությունը, ինչ մասշտաբի փոփոխությունների հետ գործ ունի հայ հասարակությունը, ինչպիսի հանգուցալուծում կունենա այս պրոցեսը. կգրանցվի «հեղափոխության» վերջնական հաղթանակ, թե մենք ականատես կլինենք հայկական թերմիդորի կամ յակոբինյան տեռորի, որն աղերս չի ունենա ի սկզբանե հռչակված ժողովրդավարական կարգախոսների հետ: Այս ամենի
պատասխանը կտան ժամանակը և այն մասնագիտորեն ուսումնասիրող պատմագիտությունը: Մինչդեռ, քաղաքական գործընթացներն իրավական և
քաղաքական մոդելավորման ենթարկող սահմանադրագետներն ու քաղաքագետները «հեղափոխության» այս հանգրվանում կարող են միայն սահմանել իրավիճակի ինստիտուցիոնալ ուրվագիծը և վերանալով անձերից՝ գնահատել պետական ինստիտուտների և քաղաքական համակարգի ներկայիս վիճակն ու զարգացման միտումները, ինչից զգալիորեն կախված է նաև «թավշյա» պրոցեսի նույնպիսի թավշյա և բարեհաջող ավարտը:
Ապստամբությու՞ն, թե՞ հեղափոխություն
Նախ՝ պատասխանենք հետևյալ շատ կարևոր հարցին. արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե՞ ապստամբություն: Հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ ժողովրդական լայն զանգվածներն ունեն կարևորագույն դերակատարում՝ հաճախ կարող է հստակ չլինել ծավալվող գործընթացի բնույթը և դրա դասակարգման նշանակությունը: Մինչդեռ, քաղաքական պրոցեսների
որակական գնահատումն ու դասակարգումն ունի շատ կոնկրետ քաղաքական և իրավական հետևանքներ:
Եվ այսպես. և' հեղափոխության, և' ապստամբության ժամանակ ժողովրդի սահմանադրական և քաղաքական դերակատարման հիմքը և գործընթացի լեգիտիմացման հիմնական աղբյուրը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն է, որը հռչակում է իշխանության պատկանելը ժողովրդին և քրեականացնում է իշխանության յուրացումը որևէ անհատի կամ կազմակերպության կողմից: Սրանով ապստամբության և հեղափոխության նմանություններն ավարտվում են: Ապստամբության հիմնական թիրախն իշխող անձն է կամ վարչախումբը, ում կառավարման իրավաչափությունը ժողովուրդը վիճարկում է: Պատճառները կարող են լինել տարբեր՝ ընտրությունների կեղծումից մինչև իշխանությունների վարած ոչ
- 126 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ժողովրդավարական կամ հասարակության լայն շերտերի շահերից չբխող պետական քաղաքականությունը: Միևնույն ժամանակ ապստամբության առաջնորդները, ովքեր գործում են ժողովրդի աջակցությամբ, իրենց առջև չեն դնում հասարակական հարաբերությունների գործող մոդելի փոփոխության հրամայական. լինի դա տնտեսական հարաբերությունների կացութաձևի փոփոխություն, օրինակ՝ կապիտալիզմից անցում սոցիալիզմի կամ պետության կողմից կարգավորվող ազատ շուկայի կամ ազգային հարցի նկատմամբ պետության վերաբերմունքի վերանայում, ասենք, ազգայնական գաղափարախոսության և արժեհամակարգի որդեգրում և այլն: Այսինքն՝ ապստամբության ժամանակ կամա թե ակամա ընդունվում է, որ հասարակության և պետության սահմանադրաիրավական ընդհանուր մոդելը ճիշտ է, սակայն փոփոխության է ենթակա դրա իմպլեմենտացումը և իմպլեմենտացնող վարչախումբը:
Ի հակառակ ապստամբության՝ հեղափոխությունը գալիս է «սրբելու» և' հասարակության ու պետության գործող կառուցակարգը, և' դրա տնտեսական, քաղաքական և իրավական հիմքերը: Այդու, մենք գործ ունենք ամեն ինչ մաքուր էջից (clean slate) սկսող նոր վերնախավի հետ, որը վերանայում է հասարակության կենսագոյի ամբողջ modus vivendi-ն:1 Որպես ամենաթարմ ազգային օրինակ բերենք 1988-1991 թ. հայոց համազգային շարժումը, որը, թեև պաշտոնապես չի կոչվում «հեղափոխություն», սակայն, իրավամբ, հեղափոխություն էր, քանի որ դրա թիրախը միանգամից մի քանի հեղափոխական փոփոխություններ էին՝ Հայաստանի անկախության ձեռքբերում, միակուսակցական ամբողջատիրության վերացում և ժողովրդավարական հանրապետության ստեղծում ու սոցիալիզմից անցում կապիտալիզմի՝ որպես նախորդիվ նշված քաղաքական փոփոխությունների տնտեսական հենք:
Հեղափոխության և ապստամբության տարբերակումն ունի հստակ քաղաքական և իրավական հետևանքներ: Նախ՝ հանրային սպասելիքների գեներացումը պետք է հենվի նրա վրա, թե ինչ են «խոստացել» «փողոցը» ղեկավարող առաջնորդները, որն է նրանց քաղաքական օրակարգը և, ըստ այդմ, հասարակության տարբեր շերտեր կարող են որոշել իրենց քաղաքական նախապատվությունները և արտահայտել դրանք ընտրությունների ժամանակ՝ ձայնը տալով ապստամբության առաջնորդներին կամ այլ քաղաքական ուժերի:
«Ապստամբություն, թե՞ հեղափոխություն» տարբերակումը կարևոր է նաև տարվող ժողովրդական պրոցեսի խաղաղ և անցնցում բնույթն ու եզրափակումն ապահովելու համար, քանի որ իշխող առաջնորդն ու նրան սատարող քաղաքական վերնախավը ժողովրդական առաջնորդներից ստանում են համապատասխան քաղաքական ազդակներ իրենց հետագա քաղաքական և անձնական ճակատագրի վերաբերյալ, ինչն ուղղակի ազդեցություն ունի երկու ուղիների՝ ժողովրդական զանգվածներին ընդառաջ գնալու և հրաժարական տալու կամ ցույցերն ուժով ճնշելու միջև կողմնորոշվելու համար:
«Թավշյա հեղափոխության» պարագայում ակնհայտ է նորընտիր վարչապետին և իշխող կուսակցությանը հեռացնելու «հեղափոխականների» քաղաքական օրակարգը, որը դրսևորվեց բողոքի ցույցերի շարունակմամբ մինչև վարչապետի հրաժարականը և ժողովրդի թեկնածուին խորհրդարանի կողմից վարչապետ նշանակելը: Ինչ վերաբերում է նորաստեղծ կառավարության հետագա ծրագրերին, ապա դրանք բավարար չափով հստակ չեն. հարցեր են առաջանում նախատեսվող փոփոխությունների թիրախայնության, մասշտաբայնության,
հասարակության և պետության գործառնման կառուցակարգի սկզբունքների
1 Հեղափոխության և ապստամբության մասին ավելի մանրամասն տե'ս Խալաթյան Ա. Ժողովրդի ապստամբության իրավունքը, 2017, http://aiisa.am/ourexperts/publication/226
- 127 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
պահպանման և այլ օրախնդիր պրոբլեմների վերաբերյալ: Ուստի' առայժմ կարող ենք եզրահանգել, որ տեղի է ունեցել ժողովրդական ապստամբություն, որի հստակ պահանջն է եղել իշխող վարչախմբի հեռացումը: Իհարկե, չի բացառվում, որ հետագա զարգացումները և արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության գործողությունները հանգեցնեն հասարակության կառուցվածքի, տնտեսաքաղաքական հարաբերությունների և հանրային արժեբանության, իրավամբ, հեղափոխական փոփոխությունների, ինչը կստիպի վերլուծական հանրույթին վերասահմանել ընթացիկ քաղաքական պրոցեսները: Ներկայում, սակայն, ֆիքսենք, որ բավարարվել է ժողովրդի միայն իշխանափոխության պահանջը, սակայն նույնիսկ այս դեպքում ևս մեծ անելիք կա, քանի որ դեռևս չեն ձևավորվել նոր քաղաքական իրականության սահմանադրական-կառուցակարգային հիմքերը, ինչը ներկայիս status quo-ն դարձնում է բավական խախուտ, իսկ հետագա զարգացումները՝ մշուշոտ:
Հայաստանը' քաղաքական տեսլականի փնտրտուքում
«Թավշյա հեղափոխությունը» սկիզբ է դրել իրավաքաղաքական նոր իրողությունների ձևավորման գործընթացին, որը զարգանում է մակընթացության և տեղատվության փուլերի հաջորդայնությամբ: Բազմաշերտ փոփոխությունների հիմնական հայեցակարգային հենքը կարելի է բանաձևել որպես քաղաքական ռեժիմի փոփոխություն: Քաղաքական ռեժիմը հասարակության մեջ քաղաքական իշխանության իրականացման կարգն է՝ որոշակի նորմերի և կանոնների ամբողջություն, որոնք կանոնակարգում են հասարակության նկատմամբ պետության և մյուս քաղաքական ինստիտուտների ներազդեցության և քաղաքական որոշումների կայացման գործընթացը:1
Միջազգային փորձը հուշում է, որ աշխարհում գործող քաղաքական ռեժիմները, մեծ հաշվով, լինում են երկու տեսակ՝ ժողովրդավարական և բռնապետական (ավտորիտար):
Ժողովրդավարական քաղաքական ռեժիմի պարագայում պետական իշխանության բարձրագույն ինստիոտուտները ձևավորվում են ժողովրդի անմիջական կամարտահայտմամբ՝ ընտրությունների միջոցով, և քաղաքական համակարգի գործառնման կարգը հիմնված է ժողովրդավարության սկզբունքների վրա՝ ժողովրդաիշխանության, իրավունքի և օրենքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության, պետական ինստիտուտների գործունեության թափանցիկության և հանրային հաշվետվողականության, խոսքի, հավաքների, համոզմունքների ազատության, գաղափարախոսական բազմակարծության և այլն: Ժողովրդավարական ռեժիմի պարագայում պետության կառուցակարգի գործողության բովանդակությունը կրում է քաղաքացիական հասարակության ուղղակի ազդեցությունը, և քաղաքական որոշումների կայացման գործընթացն ազդված է հասարական վերահսկողության արդյունավետ կառուցակարգերով՝ քաղաքական ընդդիմություն, մասնագիտական միավորումներ, քաղաքացիական նախաձեռնություններ և այլն: Արդյունքում պետության ներսում գործում է իշխանությունների տարանաջատումը, հստակորեն պահպանվում են Սահմանադրության նյութական նորմերն ու ընթացակարգերը:2
Ի հակառակ ժողովրդավարական ռեժիմի՝ բռնապետական քաղաքական ռեժիմի պայմաններում պետության կառուցակարգը գործում է ոչ թե ժողովրդի
1 Տե ս Борисенков А.А. Политический режим- способ политического влияния, Социум и власть N 2 (34), 2012, https://cvberleninka.rU/article/v/politicheskiv-rezhim-sposob-politicheskogo-vlivaniva. с. 40-42
2 Տե'ս նույն տեղում:
- 128 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
իշխանության, այլ իշխանության ղեկին գտնվող անձի կամ անձանց խմբի անձնական իշխանության հիման վրա: Ուստի՝ այս ռեժիմի բովանդակությունը ժողովրդավարության հակոտնյան է և ընդգրկում է հետևյալ հիմնական իրավաքաղաքական բաղադրիչները՝ իշխանության կենտրոնացում ժողովրդին ոչ հաշվետու քաղաքական և բյուրոկարատական էլիտայի մոտ, քաղաքական ընդդիմության գործունեության սահմանափակում կամ իշխող վարչակազմի կողմից վերահսկվող ընդդիմության ստեղծում, պետական կառավարման
կենտրոնացվածություն և բյուրոկարատացում, հասարակության վրա ներազդման գերազանցապես վարչական մեթոդների կիրառում, հասարակության հետ պետության հետադարձ կապի սահմանափակվածություն, պետության կառավարման գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավման բացառում, քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ենթահամակարգերի, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ պետական վերահսկողության և տարաբնույթ սահմանափակումների առկայություն, ժողովրդավարական ինստիտուտների և ընթացակարգերի ֆորմալ սահմանում այդ թվում սահմանադրական մակարդակում, սակայն դրանց փաստացի չգոյություն կամ գործառնման էական սահմանափակումներ:1
Ժամանակակից աշխարհում, որը հիմնված է լիբերալ ժողովրդավարության ինստիտուտների գերակա միտման վրա, հաճախ են հանդիպում ձևով ժողովրդավարական, սակայն բովանդակային իմաստով բռնապետական ռեժիմներ՝ իրենց տարատեսակներով: Վերջիններս ստացել են «ֆասադային
ժողովրդավարություններ» անվանումը2:
Հայաստանի Հանրապետության ավելի քան 25-ամյա պատմությումը թույլ է տալիս փաստել, որ նախքան «թավշյա հեղափոխությունը» երկիրը շարժվում էր դեպի ավտորիտարիզմ: Սույն պնդման հիմնավորումները բազմաթիվ են:
Առաջահերթ կարելի է մատնանշել ընտրական ինստիտուտի որպես պետական իշխանության ձևավորման լեգալ ընթացակարգի և լեգիտիմության հիմքի աստիճանական ձևախեղումը՝ կլիենտական կուսակցական համակարգի
ձևավորման, նեպոտիզմի և ընտրակաշառքի զանազան մեխանիզմների կիրառման հետևանքով: Քաղաքացիների մոտ իշխանության ձևավորման հարցում սեփական դերակատարման բացակայության ընկալումը ժամանակի ընթացքում դարձավ համատարած՝ ապալեգիտիմացման տանելով ինչպես պետաիշխանական ինստիտուտները, այնպես էլ քաղաքական համակարգը՝ առհասարակ: Բացի այդ, պետական բյուրոկրատիան, այն է՝ օրենսդիր, գործադիր և դատական ծառայությունը, թեև կառուցակարգային առումով տարանջատված է քաղաքական իշխանությունից, սակայն գործնականում տեղի է ունեցել բյուրոկրատիայի կուսակցականացման գործընթաց, որի արդյունքում ըստ սահմանման
մասնագիտական, անկախ և անաչառ քաղաքացիական ծառայությունը ձեռք է բերել քաղաքական կախվածության և կուսակցական սուբյեկտիվիզմի անթույլատրելի դրսևորումներ:
Եթե ընդունում ենք, որ Հայաստանում, տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, տեղի է ունեցել հասարակության և քաղաքական ընդդիմության օտարում պետաիշխանական լծակներից, և ձևավորվել է միաբևեռ քաղաքական համակարգ՝ անփոփոխ իշխող ուժի գլխավորությամբ, կարող ենք փաստել, որ պետական ծառայության և իշխող քաղաքական ուժի
1 Տե'ս նույն տեղում:
2 Տե'ս Croissant A. Strong Presidents, Weak Democracy? Presidents, Parliaments and Political Parties in South Korea’, Korea Observer, Vol. 33, No. 1, 2002, http://apcss.org/Publications/Edited%20Volumes/RegionalFinal% 20chapters/Chapter11Baker.pdf , pp 1-45 pp. 6-7
- 129 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
խնդիրներն ու նպատակներն անթույլատրելիորեն փոխներթափանցել են' հանրային ծառայությունը դարձնելով կլիենտական քաղաքական համակարգի օղակներից մեկը և նեղացնելով պետական գործառույթների առարկայական ընդգրկումը՝ այն առաջնահերթ կապելով քաղաքական կողմնակիցների հավակնությունների և շահերի բավարարման հետ՝ իշխող վարչակազմի վերարտադրությանը նպաստելու դիմաց:
Պետական բյուրոկրատիայի սերտաճումն իշխող քաղաքական խմբերի հետ նոր երևույթ չէ, և անգամ ժողովրդավարության դրոշակակիր ԱՄՆ-ում այն շարունակում է գործել, սակայն այս համակարգի օբյեկտիվ թերությունները մեղմվում են ԱՄՆ-ի կուսակցական և ընտրական համակարգերի մրցակցային բնույթով և իշխանության ղեկին տարբեր քաղաքական ուժերի ընտրական փոխատեղմամբ: Դա թույլ է տալիս ապահովագրել առանց այդ էլ
կուսակցականացված-քաղաքականացված պետական պաշտոնեությանը ճահճացումից՝ պարբերաբար «թարմ արյուն» ներարկելով պետական ինստիտուտներում:
Փոխարենը՝ Հայաստանում քաղաքական մրցակցության անբավարար մակարդակը և իշխող քաղաքական խմբերի անփոփոխելիությունը հանգեցրել են պետական պաշտոնեության շրջանում նոր և որակյալ կադրերի սուր դեֆիցիտի, պետական ծառայողների շրջանում դեմոտիվացվածության վտանգավոր երևույթի, երբ սեփական «աթոռի» համար պայքարելու և արհեստավարժության որակները կատարելագործելու ձգտումը փոխարինվել էր իշխող կուսակցության աստիճանակարգությունում առաջխաղացմամբ և այդպիսով մասնագիտական կարիերան ապահովելով:
Քաղաքակական մրցակցության սահմանափակ բնույթը և իշխանության ղեկին հայտնվելու փաստացի հնարավորության պատրանքայնությունը թուլացրել էին քաղաքական ընդդմության դիրքերը: Ընդդիմությանը վերապահվել էր
հիմնականում կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողության գործառույթը, որը խորհդարանում փոքրաթիվ ներկայության և ֆինանսական ու մեդիա ռեսուրսների սղության պատճառով դժվար էր պատշաճորեն իրականացնել:
Նույնը վերաբերում է նաև հասարակության ակտիվ խմբերին, որոնք, որոշակի ինքնակազմակերպվածությամբ հանդերձ, ունեին քաղաքական հայտ ներկայացնելու կամ առնվազն պետության նկատմամբ քաղաքացիական վերհսկողության դաշտում նկատելի դերակատարում ստանձնելու խնդիր, որի կառուցակարգային և փաստացի հնարավորությունները մինչև վերջերս սահմանափակ էին:
Փաստացի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների իրացման հարցում բազմաթիվ լրջագույն խնդիրների, իսկ որոշ իրավունքների գործնականում չգոյության պայմաններում Սահմանադրությամբ և ընթացիկ օրենսդրությամբ դրանք ձևականորեն առկա էին, սակայն գրված Սահմանադրության և իրականության միջև առկա էր խորն անջրպետ1:
Այս ամենը թույլ է տալիս եզրահանգել, որ Հայաստանում նախքան «թավշյա հեղափոխությունը» գործում էր ֆասադային ժողովրդավարական ռեժիմ, որն ուներ ժողովրդավարության ձևական բոլոր ատրիբուտները, սակայն բովանդակությամբ գնում էր դեպի ավտորիտարիզմ:
1 Տե'ս նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույց. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, 2017թ.,
http://forrights.am/?ln=1&id =4&page id=49. Freedom House, Nations in Transit 2018, Armenia, Country Profile, https://freedomhouse.org/report/nations-transit/2018/armenia. Human Rights Watch, World Report 2017, Armenia, Events of 2016, https://www.hrw.org/world-report/2017/country-chapters/armenia և այլն:
- 130 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Դատելով իշխանության եկած քաղաքական ուժի և, մասնավորապես, գործող վարչապետի հրապարակային խոսքից, Հայաստանում տեղի են ունենալու արմատական փոփոխություններ: Մասնավորապես, օլիգարխիկ-մենաշնորհային տնտեսությունից անցում է կատարվելու ներառական-մրցակցային տնտեսական համակարգի, երաշխավորվելու է դատական իշխանության անկախությունը, ընտրությունները դառնալու են ազատ և մրցակցային և այլն1:
Փաստորեն բարձրագույն քաղաքական մակարդակում հռչակվել է քաղաքական ռեժիմի, այն է՝ պետական կառավարման և հասարակության կենսագոյի հիմնադրույթների փոփոխման քաղաքականության մասին: Այստեղ ծառանում է կատարվող և կատարվելիք փոփոխությունների իրավական-քաղաքական գործիքակազմի ընտրության հարցը: «Թավշյա հեղափոխությունը» փոխել է իրավաքաղաքական փոփոխությունների ժամանակացույցը, և համակարգից պահանջվում է «փոխվել» գերարագ ռեժիմում: Մի կողմից, քաղաքական և իշխանական համակարգը չի կարող այդպես արագ և այն էլ սահուն կերպով ադապտացվել նոր իրողություններին, իսկ արհեստական քայլերը կարող են միայն վնասել, իսկ, մյուս կողմից, ակնհայտ է, որ ապրիլ-մայիսից առաջացած քաղաքական ճգնաժամը գնալով խորանում է՝ աստիճանաբար վերաճելով սահմանադրական ճգնաժամի՝ պահանջելով վերջնական հանգուցալուծում նախևառաջ սահմանադրաիրավական և ինստիտուցիոնալ դաշտերում: Իհարկե, այս օրերին կոչեր են հնչում գործող իրավակարգը մերժելու, ընդհուպ մինչև անկախության ավելի քան քառորդդարյա պատմաքաղաքական ժառանգությունը մերժելով՝ Չորրորդ Հանրապետություն հիմնադրելու մասին: Սակայն պետք է հաշվի առնել, որ հասարակության և պետության համար առավել շահեկան ճանապարհը ցանկացած, անգամ ամենաարմատական քաղաքական-իշխանական փոփոխությունը սահմանադրաիրավական միջոցներով կատարելն է: Դա
նշանակում է հասարակական հարաբերությունների իրավական և քաղաքական մոդելի փոփոխություն, որը, սակայն, հիմնված է քաղաքական իշխանության հաջորդայնության, նախորդ ժամանակաշրջանի իրավակարգի ոչ թե միանվագ մերժման, այլ սահուն վերափոխման գաղափարի վրա: Նման մոտեցումը թույլ կտա հասնել հասարակական համերաշխության վերականգնմանը՝ բացառելով հասարակության մեջ կոնֆլիկտագեն նոր բաժանարար գծերի քաշումը:
Անշուշտ, ժողովրդի աջակցության պայմաններում նոր քաղաքական առաջնորդները կարող են գնալ նաև արմատական ճանապարհով՝ ամբողջովին սահմանազատվելով հայկական պետականության նախորդ շրջափուլի իրավական և քաղաքական կարգից՝ դրանից բխող քաղաքական, իրավական, տնտեսական և այլ հետևանքներով: Սակայն, ինչպես ցույց է տալիս հեղափոխական վերափոխումների միջազգային փորձը, դա խիստ ռեսուրսատար և բավական անկանխատեսելի գործընթաց է, որի համար անհրաժեշտ են տնտեսական, սոցիալական, ինչու ոչ, նաև աշխարահաքաղաքական լուրջ նպաստող նախադրյալներ և ռեսուրսներ: Չէ՞ որ նման քաղաքականության արդյունքում հասարակության մի որոշակի շերտ, որը, այսօր արդեն չլինելով քաղաքականապես դոմինանտ, սակայն ունենալով քաղաքական և ֆինանսական էական ռեսուրսներ, բազմամյա կլիենտական կապերի շնորհիվ՝ առնչվելով հասարակության ամենատարբեր սոցիալական խմբերի հետ, դուրս է դրվելու քաղաքական իշխանության ձևավորման գործընթացից՝ փաստացի բացառելով ռեստավրացիայի որևէ հնարավորություն: Երկարաժամկետ
հեռանակարում նման քաղաքական գործիքակազմի կիրառումը կարող է հանգեցնել նոր ցնցումների: Այդպիսի սցերնարով անցել են անգլիական, ֆրանսիական
1 Տե'ս, օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին, https://www.lragir.am/2018/08/17/372272/
- 131 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
հեղափոխությունները, երբ միապետական ազնվականություն-բուրժուազիա տասնամյակներ տևող հակամարտությունը այդ երկրներն ընկղմեց հեղափոխական տեղապտույտի մեջ, որն ուղեկցվում էր ինչպես մարդկային զոհերով, այնպես էլ տնտեսաքաղաքական բացասական հետևանքներով:
Հետևաբար, մեր կարծիքով, ներկայիս քաղաքական իրողությունները հարկավոր է դիտարկել ոչ թե որպես անցյալը ջնջող «Նոյյան ջրհեղեղ», այլ երկրի սահմանադրական ինստիտուտների ամրության ստուգատես, որից պետությունը, իշխանական կառուցակարգերը կարող են դուրս գալ ուժեղացած՝դնելով, իշխանության փոխանցման, կառավարող էլիտայի փոփոխության, իրավամբ, ժողովրդավարական քաղաքական ավանդույթի հիմքերը:
Միով բանիվ, ներկայիս քաղաքական համապատկերն իրենից ներկայացնում է ինստիտուցիոնալ առումով հակասական և քաղաքական իմաստով անորոշ իրողություն, որի շարժընթացը կատարվում է սահմանադրականության և քաղաքական նպատակահարմարության բաժանարար գծով, և հավասարակշռության խախտումն այս կամ այն կողմ պետականության ժողովրդավարական զարգացման համար ունենալու է հիմնովին տարբեր հետևանքներ: Սա վկայում է ապագայի քաղաքական զարգացումների վեկտորի և պետական քաղաքականության նոր և հստակ ձևակերպված հիմունքների բացակայության կամ առնվազն դեռ խմորման պրոցեսի մասին՝ հասարակությանը դնելով հակասական սպասումների և ակնակալիքների ռեժիմում:
Ընթացիկ քաղաքական ճգնաժամի հանգրվանային լուծման բանալին'
Սահմանադրություն
Իսկ ո՞րն է «թավշյա հեղափոխության» հետևանքով առաջացած սահմանադրական ճգնաժամի էությունը: Թերևս, դա անմիջական և
ներկայացուցչական ժողովրդավարության փոխհարաբերակցության և հաջորդայնության խախտումն է, որի արդյունքը պետական ինստիտուտների աստիճանական ապալեգիտիմացումն է, որն առաջացել է նեկայացուցչական ժողովրդավարության ընդհանուր ճգնաժամի հետևանքով: Ընդ որում, խնդրին լրացուցիչ բարդություն է հաղորդում այն հանգամանքը, որ պետաիշխանական նախորդ համակարգի ապամոնտաժմանը զուգահեռ նոր համակարգի ձևավորման գործընթացը դանդաղում է, ինչը նաև սահմանադրական լուծումների սղության հետևանք է:
Իհարկե, քաղաքական ճգնաժամերի գեներացումը բնորոշ է հաղթանակած զանգվածային ժողովրդական շարժումներին, քանի որ վերջիններս իրենց էությամբ անմիջական ժողովրդաիշխանության «հաղթանակն են» ճահճացած պետական ինստիտուտների, բյուրոկարատական ապարատի նկատմամբ: Միևնույն ժամանակ ժողովրդի պերմանենտ ներգրավմամբ քաղաքական որոշումների ընդունման գործընթացը չի կարող երկար տևել, քանի որ պետության կայունությունը և իրական սահմանադրական ժողովրդավարությունը կարող են ապահովվել, երբ գործում են ժողովրդի իշխանության քաղաքական պատվիրակման ակտի՝ ընտրությունների արդյունքում ձևավորված պետական ինստիտուտները: Ինստիտուտների «վերադարձի» ձգձգումն անխուսափելիորեն օրակարգ է բերելու «ազատություն թե կայունություն» երկընտրանքը, որը կարող է պարարտ հող ստեղծել տարբեր քաղաքական խմբերի ավտորիտար նկրտումների համար: Հետևաբար «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»արիստոտելյան ասացվածքն ավելի քան արդիական է մերօրյա Հայաստանում:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ ազգային աննախադեպ զարթոնքի էներգետիկան երկրի քաղաքական զարգացման, ինստիտուցիոնալ վերափոխման
- 132 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
համար ստեղծել է գերնպաստավոր պայմաններ: Հետևաբար հիմնական խնդիրը դառնում է ժողովրդի հեղափոխական էյֆորիայի սահմանադրական-քաղաքական հունավորումը:
«Թավշյա հեղափոխությունը» ժամանակագրորեն համընկել է կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի գործառնման հետ: Սույն հանգամանքը բնականորեն առաջ է բերել մի շարք մարտահրավերներ, որոնց դիմակայելն ինստիտուցիոնալ «վերբեռնման» փուլում գտնվող քաղաքական համակարգի համար, իրավամբ, կարող է դառնալ լրջագույն փորձություն: «Թավշյա
հեղափոխության» իրավաքաղաքական օրակարգն օբյեկտիվորեն պետք է լինի վերին աստիճանի ընդգրկուն, սակայն այդ օրակարգը կյանքի կոչելու համար միայն գործադիր իշխանությունը բավարար չէ: Պետության կառուցակարգը, որքան էլ որ գործառութային առումով տարանջատված է, բովանդակային իմաստով պետք է լինի միասնական: Պետության ինքնիշխանությունը նույնիսկ ժողովրդավարության
պայմաններում ենթադրում է միասնական կառավարող վերնախավ, որն ապահովում է իշխանության բոլոր օղակների ներդաշնակ և փոխլրացնող գործունեությունը պետության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման ուղղությամբ: Պետաիշխանական համակարգի ներսում
քաղաքականաստեղծմամբ զբաղվող հակադիր բևեռների գոյությունը թուլացնում է պետության կառուցակարգային հիմքերը և ունի սահմանադրաքաղաքական անկայունություն գեներացնելու ներուժ:
Ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում ժողովրդի կամաարտահայտմամբ պետաիշխանական կառուցակարգերի համակարգային միասնությունը խախտվել է, և առաջացել է ներհամակարգային հակամարտություն: Վերջինիս հետևանքով այսօր առկա է, թերևս, նախագահական և կիսանախագահական կառավարման համակարգերին բնորոշ՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների «համակեցության» ռեժիմը, որը հատուկ չէ խորհրդարանական կառավարման ձևին: Վերջինիս առավելությունը
հանրապետական կառավարման ձևի մյուս տարատեսակների համեմատությամբ օրենսդիր և գործադիր իշխանության փոխներթափանցվածությունն է՝ խորհրդարանի կողմից գործադիր իշխանության ձևավորմամբ և կառավարության գործառութային ինքնուրույնությամբ: Իսկ այսօր մենք ունենք «հեղափոխական» գործադիր իշխանություն և նախորդ ռեժիմի ներկայացուցիչների մեծամասնությամբ համալրված խորհրդարան:
Իշխանության այսպես կոչված «քաղաքական» թևերի քաղաքական միատարրությամբ պայմանավորված կառուցակարգային հավասարակշռության խախտումը հակասում է խորհրդարանական կառավարման փիլիսոփայությանը և ինստիտուցիոնալ կազմակերպման սկզբունքներին, որոնք բխում են հենց ՀՀ Սահմանադրության տեքստից: Հետևաբար, «թավշյա հեղափոխության»
հաջողությունը նախևառաջ կախված է դրա արագ ինստիտուցիոնալացումից և իշխանության թևերի հակամարտության բարեհաջող չեզոքացումից:
Ցանկացած հասարակական-քաղաքական վերափոխում հղի է ինստիտուցիոնալ և գործնական քաղաքական ռիսկերով, և Սահմանադրության խնդիրն է երաշխավորել քաղաքական գործընթացների իրավական հունավորումը, ժողովրդավարության սկզբունքների անշեղ պահպանումը, եթե գործընթացները չեն գնում հեղափոխական նիհիլիզմի ճանապարհով: Այս համատեքստում ներկայիս
իրավիճակի հանգուցալուծման ուղիները որոնելիս պետք է արձանագրել, որ գործ ունենք ինչ-որ իմաստով արտասահմանադրական կացության հետ: Այսօրվա status quo-ն հիմնված է գերազանցապես քաղաքական համաձայնությունների, այլ ոչ թե գործող Սահմանադրության իրավակարգավորումների վրա: Փաստացի ձևավորվել է քաղաքական ուժային կշռույթ, որը չի համապատասխանում 2017թ.
- 133 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, և Սահմանադրությունը, կարելի է ասել, չի պարունակում արդյունավետ մեխանիզմ այս ճգնաժամային իրավիճակն իրավական գործիքներով հանգուցալուծելու համար:
Փորձենք մանրամասնել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորվում է այնպիսի ընտրական համակարգ, որը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնություն: Ընդ որում, նույն հոդվածի մասում
հստակորեն ամրագրված է, որ Հայաստանում համաժողովրդական քվեարկությամբ ձևավորվող միակ մարմինը՝ Ազգային ժողովը, ընտրվելու է համամասնական ընտրակարգով: Ըստ այդմ, սահմանադրի նպատակն է խորհրդարանում ձևավորել որոշակի կուսակցության, դաշինքի կամ հետընտրական կոալիցիայի որակյալ մեծամասնության վրա հիմնված քաղաքական որոշումների կայացման համակարգ, որը պետք է ապահովի երկրի սահմանադրական և քաղաքական կայունությունը և իշխանության ինստիտուցիոնալ հաջորդայնությունը՝ նախևառաջ ձևավորելով քաղաքական մեծամասնությանը հաշվետու Կառավարություն: Ի կատարումն սահմանադրական այս դրույթի՝ սահմանադրական օրենքի կարգավիճակ ունեցող Ընտրական օրենսգիրքը 96-րդ հոդվածի 1-ին մասով սահմանում է, թե որն է կայուն խորհրդարանական մեծամասնությունը. դա այն քաղաքական ուժն է, որը միանձնյա, դաշինքով կամ կոալիցիոն ձևաչափով տիրապետում է Ազգային ժողովի մանդատների առնվազն 54 տոկոսին: Նման սահմանադրական-իրավական
կարգավորմամբ սահմանադիրը փորձ է արել նախականխել խորհրդարանական պետություններին ներհատուկ պառլամենտական անկայունությունն ու կառավարությունների հաճախակի փոփոխությունը՝ ժողովրդավարական, ներառական խորհրդարանական համակարգի գոյությունը համադրելով կառավարման կայունության սահմանադրական երաշխիքների հետ:
Ներկայիս քաղաքական խճանկարը, ըստ էության, դուրս է սահմանադրորեն նախատեսված համակարգային տրամաբանությունից: Խորհրդարանը գործում է՝ փաստացի առանց կայուն խորհրդարանական մեծամասնության, ավելին՝ ընդհուպ, ընդհանրապես, առանց քաղաքական մեծամասնության: Ժողովրդի անմիջական քաղաքական ներգրավմամբ վարչապետ է ընտրվել և Կառավարություն է ձևավորել խորհրդարանական փոքրամասնության ղեկավարը, որի ղեկավարած քաղաքական ուժն Ազգային ժողովում ունի ընդամենը 9 մանդատ: Իր հերթին, Ազգային ժողովում 58 պատգամավորով ներկայացված կուսակցությունը ձեռնպահ է մնացել կառավարություն ձևավորելուց և իրեն հռչակել է ընդդիմություն: Նման իրավիճակում վտանգված է քաղաքական որոշումների կայացման ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմը:
Վերոնշյալի լույսի ներքո չենք կարող չհամաձայնել պրոֆեսոր Վ. Ստեփանյանի այն տեսակետին, որ խորհրդարանի կայունությունը ոչ միայն քանակական, այլև որակական երևույթ է, այն է՝ համակարգի ունակությունն է գործել՝ առանց կառուցվածքի փոփոխության և հավասարակշռության խախտման1:
Այս իրողության սահմանադրական «սրբագրման» ամենաարդյունավետ միջոցն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և այդպիսով փոփոոխված քաղաքական իրադրության պայմաններում ժողովրդի կամքին համապատասխանող խորհրդարանական նոր մեծամասնության ձևավորումը: Սակայն Սահմանադրությունն այս իմաստով որևէ լուծում չի նախատեսում՝ բացի Սահմանադրությամբ նախատեսված կարգով վարչապետին ընտրելու՝ Ազգային ժողովի անընդունակության դեպքում դրա արձակման իրավադրույթից:
1 Տե'ս Ստեփանյան Վ. Խորհրդարանի կայունության երաշխավորման հիմնախնդիրը ՀՀ խորհրդարանական կառավարման կառավարման համակարգում, http://vsu.am/files/01V Stepanvan.pdf. էջ 7:
- 134 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Իհարկե, քաղաքական բարձր մշակույթ ունեցող երկրներում նման իրավիճակի լուծման բանալին կարող էր լինել խորհրդարանական բոլոր ուժերի կողմից հուշագրի ստորագրումն առ այն, որ գործող վարչապետը հրաժարական է տալիս, և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում՝ այդպիսով լուծարելով խորհրդարանը:
Սակայն հայաստանյան իրականությունում, երբ քաղաքական ուժերի խմբային շահերին սովորաբար տրվել է առաջնայնություն, նման հանգուցալուծումը թվում է քիչ հավանական: Ավելին՝ հնարավոր է, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանում վերականգնվեն նախկին իշխող ուժի դիրքերը, և այն կընտրի նոր վարչապետ՝ ժողովրդական շարժումը թողնելով խորհրդարանի պատերից դուրս: Նման զարգացումը կարելի է համարել վատթարագույն տարբերակ, որն ընդհուպ կարող է հանգեցնել ժողովրդավարական համակարգի փլուզման և դիկտատուրայի:
Միջազգային փորձը նման դեպքերի համար նախատեսել է որոշակի լուծումներ: Այդպիսին կարող էր լինել, մասնավորապես, խորհրդարանական հանրապետության նախագահի կողմից օրենսդիր մարմնի արձակումը, ինչպես, օրինակ՝ Իտալիայում, Լատվիայում, Հունաստանում և այլուր: Նախագահը, ունենալով վերքաղաքական արբիտրի գործառույթ, ով հետևում է պետաիշխանական ինստիտուտների կողմից Սահմանադրության պահպանմանը, փաստորեն հանգուցալուծում է սահմանադրական ճգնաժամը՝ թույլ չտալով դրա արտասահմանադրական կարգավորում և այդպիսով ժողովրդավարության սահմանադրական սկզբունքների խախտում:
Քանի որ ներկայում քննարկումներ են սկսվել հնարավոր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, կարելի է քննարկել Նախագահին Ազգային ժողովն արձակելու լիազորության վերապահումը, երբ խորհրդարանում առկա չէ կայուն մեծամասնություն, և հնարավոր չէ ձևավորել Կառավարություն: Այդպիսով, մի կողմից, կամրապնդվի Նախագահի կարգավիճակը որպես պետության գլուխ և Սահմանադրության երաշխավոր, ինչը երկարաժամկետ կտրվածքով ևս օգտակար կլինի Հայաստանի սահմանադրական կայունության համար, իսկ մյուս կողմից, կգտնվի ներկայիս պատային իրավիճակի լուծման սահմանադրական բանալին:
Անշուշտ սահմանադրական փոփոխությունները ևս մեծապես կախված են լինելու խորհրդարանում ներկայացված ուժերի քաղաքական խոհեմությունից և պետականակենտրոն որոշումներ կայացնելու ունակությունից, առանց որոնց՝ հնարավոր է նաև Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի տապալումն ու սահմանադրական ճգնաժամի երկարաձգումը: Դա ամենաանցանկալի տարբերակն է,որը Հայաստանը կարող է նետել ցնցումների նոր հորձանուտ:
Բոլոր դեպքերում, ցանկացած ապստամբություն կամ հեղափոխություն առերեսվում է հնի և նորի պայքարի երկընտրանքին: Իրավիճակի
հանգուցալուծումը, արդ, ունի երկու տարբերակ՝ կա'մ հավատարմություն սահմանադրականությանը և դրանով թելադրված քաղաքական կոմպրոմիս, կա'մ նախկին համակարգի ուժային ապամոնտաժում: Քաղաքական առաջնորդների պետական մտածողությունն այդպիսի բախտորոշ պահերին ոչ պակաս կարևոր նշանակություն է ստանում, քան Սահմանադրությունը:
Ուժն է ծնում իրավունք, սակայն հասարակական խաղաղությունը, համերաշխությունը և պետության ապագան կախված են ուժի գաղափարի մեկնությունից՝ որպես սահմանադրականություն, թե՞ դիկտատուրա: Հուսով ենք, որ հայրենի պետական այրերը կընտրեն առաջին տարբերակը:
- 135 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Արտաշես Խալաթյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՒՐՎԱԳԻԾԸ
Բանալի բառեր' թավշյա հեղափոխություն, Սահմանադրություն, խորհրդարան, նախագահ, բռնապետույուն
Սույն հոդվածը նվիրված է «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի սահմանադրական-քաղաքական ասպեկտներին: Մասնավորապես, համառոտ անդրադարձ է կատարվել տեղի ունեցած քաղաքական գործընթացի սահմանման խնդրին և այդ համատեքստում «հեղափոխություն» եզրույթի օգտագործման հիմնավորվածությանը, «թավշա հեղափոխության» հետևանքով սկիզբ առած փոփոխությունների հայեցակարգային հիմունքներին, ստեղծված սահմանադրական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական եղանակներին: Ներկայացվել է նաև ներկայում ձևավորված սահմանադրական ճգնաժամի էությունը՝ պետական իշխանության միասնականության խախտումը՝ խորհրդարանի և կառավարության քաղաքական և կառուցակարգային հակադրության ձևով, որի հանգուցալուծման նախընտրելի եղանակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Artashes Khalatyan
CONSTITUTIONAL AND POLITICAL CIRCUIT OF THE VELVET REVOLUTION
IN ARMENIA
Keywords: velvet revolution, Constitution, parliament, president, dictatorship
This article is devoted to constitutional and political aspects of the velvet revolution in Armenia. Particularly a brief overview is made with regard to the issue of definition of the political process in Armenia as a revolution as well as conceptual bases of ongoing political changes and constitutional means of resolution of the current constitutional crisis. The gist of the current constitutional crisis is considered to be the violation of integrity of state power in the form of political and constitutional conflict between the parliament and government. The author suggests that the best resolution of the crisis is snap parliamentary elections.
Арташес Халатян
КОНСТИТУЦИОННЫЙ И ПОЛИТИЧЕСКИЙ КОНТУР БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ В АРМЕНИИ
Ключевые слова: бархатная революция, Конституция, парламент,
президент, диктатура
Данная статья посвящена конституционно-политическим аспектам
постреволюционной ситуации в Армении. Произведен краткий обзор проблемы классификации политического процесса в Армении и в данном контексте – обоснованности употребления термина «революция», концептуальных основ изменений, ознаменованных «бархатной революцией», а также конституционных способов разрешения создавшегося конституционного кризиса, суть которого является нарушение единства государственной власти, вследствие чего наблюдается политическое и институциональное противостояние между парламентом и правительством. Наилучшим способом разрешения продолжающегося конституционно -политического конфликта, согласно статье, являются внеочередные парламентские выборы.
- 136 -