Научная статья на тему 'ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ'

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հասկացական փոխաբերություն / աղբյուր տիրույթ / թիրախ տիրույթ / հասկացական արտապատկերում / միջտիրույթային արտապատկերում / փոխաբերական կաղապար / տնտեսական խոսույթ / conceptual metaphor / source domain / target domain / conceptual mapping / cross-domain mapping / metaphorical model / economic discourse

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Անի Հարությունյան

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել «տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է» փոխաբերության հասկացական արտապատկերումը արդի հայերենի մամուլի տնտեսական խոսույթում։ Հետազոտության նպատակով պայմանավորված՝ հոդվածում առաջադրվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «հիվանդ օրգանիզմ» աղբյուր տիրույթի իմաստակառուցվածքային առանձնահատկությունների քննությունը, ինչպես նաև «հիվանդ օրգանիզմ» և «տնտեսություն» հասկացական տիրույթներից սերող փոխաբերական կաղապարների միջտիրույթային արտապատկերումների ուսումնասիրությունը` ընդգծելով դրանց առկայացման լեզվական միջոցները։ Սույն հետազոտության արդիականությունը պայմանավորված է ներկայումս տնտեսական խոսույթում հասկացական փոխաբերությունների՝ որպես մի կողմից ճանաչողական գործիքի, մյուս կողմից մտաշահարկման հզոր միջոցի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությամբ: Լեզվաբանական վերլուծության մեթոդների ընտրությունը փաստարկված է ուսումնասիրվող նյութի բնույթով և հետազոտության նպատակով: Նյութի քննությունն իրականացվել է նկարագրական վերլուծության և համատեքստային վերլուծության մեթոդներով։ Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ «տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է» փոխաբերությունը գործածական է դառնում մամուլում տնտեսական արտաքին շոկերի համատեքստում (համավարակ, պատերազմ)։ Մամուլի հրապարակումներում այս փոխաբերության կիրառության հիմնական նպատակը ոչ մասնագիտական լսարանին երկրի տնտեսական իրավիճակի մասին տեղեկատվության փոխանցումն է իրեն ամենածանոթ աղբյուր տիրույթի («հիվանդ օրգանիզմ») միջոցով։ Տնտեսական ճգնաժամի փուլում գերակշռում են բացասական փոխաբերությունները (տնտեսության թույլ ու խոցելի վիճակը, ախտանիշներն ու հիվանդությունները), իսկ հետճգնաժամային շրջանում՝ վերականգնմանը միտված դրական փոխաբերությունները (տնտեսության առողջացում)։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CONCEPTUAL MAPPING OF «ECONOMY IS A SICK ORGANISM» METAPHOR

The aim of the article is to study the conceptual mapping of the metaphor ECONOMY IS A SICK ORGANISM within Armenian economic discourse. The primary goals of the study encompass analyzing the semantic-structural characteristics of the source domain "sick organism" and exploring the cross-domain mappings of metaphorical patterns derived from the conceptual domains "sick organism" and "economy." The topicality of this article arises from the increasing scholarly attention to conceptual metaphors within economic discourse, both as cognitive instruments and as influential tools for manipulation. The selection of linguistic analysis methods is justified by the nature of the examined data and the research objectives. The examination of the material was carried out through linguistic descriptive analysis and contextual analysis. The research findings led us to conclude that the metaphor ECONOMY IS A SICK ORGANISM gains increased relevance in the press during periods of external economic shocks such as pandemics or wars. The primary intent behind employing this metaphor in press publications is to elucidate the country's economic condition to the non-professional audience through the most familiar source domain ("sick organism"). Throughout the phases of economic crisis, negative metaphors predominated, depicting the economy as weak and vulnerable, with symptoms similar to diseases. Conversely, during post-crisis periods, positive metaphors emphasizing economic recovery become more prominent.

Текст научной работы на тему «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է

ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ 

ՀՏԴ 81`37

ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի անգլերենի ամբիոնի դասախոս,

բանասիրական գիտությունների թեկնածու,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

ani.harutyunyan88@gmail.com

ORCID: 0009-0003-5936-5442

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել "տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է" փոխաբերության հասկացական արտապատկերումը արդի հայերենի մամուլի տնտեսական խոսույթում։ Հետազոտության նպատակով պայմանավորված՝ հոդվածում առաջադրվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են "հիվանդ օրգանիզմ" աղբյուր տիրույթի իմաստակառուցվածքային առանձնահատկությունների քննությունը, ինչպես նաև "հիվանդ օրգանիզմ" և "տնտեսություն" հասկացական տիրույթներից սերող փոխաբերական կաղապարների միջտիրույթային արտապատկերումների ուսումնասիրութ-յունը` ընդգծելով դրանց առկայացման լեզվական միջոցները։

Սույն հետազոտության արդիականությունը պայմանավորված է ներկայումս տնտեսական խոսույթում հասկացական փոխաբերությունների՝ որպես մի կողմից ճանաչողական գործիքի, մյուս կողմից մտաշահարկման հզոր միջոցի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությամբ:

Լեզվաբանական վերլուծության մեթոդների ընտրությունը փաստարկված է ուսումնասիրվող նյութի բնույթով և հետազոտության նպատակով: Նյութի քննությունն իրականացվել է նկարագրական վերլուծության և համատեքստային վերլուծության մեթոդներով։

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ "տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է" փոխաբերությունը գործածական է դառնում մամուլում տնտեսական արտաքին շոկերի համատեքստում (համավարակ, պատերազմ)։ Մամուլի հրապարակումներում այս փոխաբերության կիրառության հիմնական նպատակը ոչ մասնագիտական լսարանին երկրի տնտեսական իրավիճակի մասին տեղեկատվության փոխանցումն է իրեն ամենածանոթ աղբյուր տիրույթի ("հիվանդ օրգանիզմ") միջոցով։ Տնտեսական ճգնաժամի փուլում գերակշռում են բացասական փոխաբերությունները (տնտեսության թույլ ու խոցելի վիճակը, ախտանիշներն ու հիվանդությունները), իսկ հետճգնաժամային շրջանում՝ վերականգնմանը միտված դրական փոխաբերությունները (տնտեսության առողջացում)։

Հիմնաբառեր՝ հասկացական փոխաբերություն, աղբյուր տիրույթ, թիրախ տիրույթ, հասկացական արտապատկերում, միջտիրույթային արտապատկերում, փոխաբերական կաղապար, տնտեսական խոսույթ:

Ներածություն

Գլոբալացման և տնտեսական փոփոխությունների դարաշրջանում, երբ ֆինանսական տարբեր ճգնաժամերով պայմանավորված արագորեն փոփոխվում է երկրի տնտեսական զարգացման պատկերը՝ տնտեսական խոսույթում տեղի են ունենում լեզվական և ոճական բազմապիսի փոփոխություններ: Հաշվի առնելով տնտեսության հարափոփոխ բնույթը` այս ոլորտում մշտապես անհրաժեշտ է սահմանել և բնութագրել տնտեսագիտական վերացական եզրերն ու գործընթացները, որոնց բնութագրման միջոց են համարվում փոխաբերությունները։

Տնտեսական աշխարհի փոխաբերական պատկերը հիմնականում մարդակենտրոն է։ "Մարդիկ հիմնվում են իրենց սեփական փորձի և գիտելիքների վրա՝ վերացական և բարդ տնտեսագիտական հասկացություններն ու երևույթները հասկանալու համար" (Xia 1): Մարդը տնտեսությանը վերագրում է իր համար առավել ծանոթ և հասկանալի հատկանիշներ, ինչի արդյունքում տնտեսությունը ներկայանում է մարդու կերպարանքով՝ անատոմիայով, ֆիզիոլոգիայով, հարաբերություններով ու վարքագծով։

Մարդակենտրոն փոխաբերությունները մշտապես գտնվում են տնտեսական խոսույթի հետազոտողների ուշադրության կենտրոնում (Ջ. Չարթերիս-Բլեք, Թ. Էննիս, Ն. Սիլասկի, Տ. Դուրովիչ, Ջ. Քսիա)։ Ինչպես նշում են Ն. Սիլասկին և Տ. Դուրովիչը, մարդիկ, ընկալելով տնտեսությունը որպես մարդկային հիվանդ օրգանիզմ, տնտեսությանը վերագրում են մարդկային բոլոր որակները և, հետևաբար, տնտեսությունը կարող է հիվանդանալ և բուժում պահանջել (Silaski, Durovic 132-134)։

Հարկ է նշել, որ այս փոխաբերական կաղապարը բավականին արդյունավետ է տնտեսական ճգնաժամը նկարագրելու գործում, ինչն ապացուցվել է մի շարք ուսումնասիրությունների (Թ. Էննիս, Ն. Սիլասկի, Տ. Դուրովիչ), ինչպես նաև սույն հոդվածում վերլուծված տվյալների միջոցով։

Ե. Կոլոտնինան անգլերեն և ռուսերեն տնտեսական խոսույթի իր համեմատական ​​վերլուծության մեջ, առաջարկում է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է փոխաբերական կաղապարի հետևյալ ֆրեյմները` առողջություն, հիվանդություն, հիվանդի վիճակը, բուժման մեթոդները, դեղերը և հիվանդության ավարտը (Wang, Runtsova, Chen 259-288): Հետագայում, Ն. Սիլասկին և Տ. Դուրովիչը, իրենց "Անգլերեն և սերբական տնտեսական խոսույթում 2007 թվականի համաշխարհային տնտեսական ֆինանսական ճգնաժամի հասկացութայնացման" համեմատական ​​ուսումնասիրության մեջ բացահայտեցին "Տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է" փոխաբերական կաղապարից սերող հետևյալ ենթակաղապարները` հիվանդություն, ախտորոշում, բուժում և վերականգնում (Silaski, Durovic 135-137): Մեր ուսումնասիրության մեջ ունենք նմանատիպ արդյունքներ, բայց կան նաև որոշ անհամապատասխանություններ` պայմանավորված փաստական նյութով։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ արդի հայերեն մամուլի տնտեսական խոսույթում կատարված նմանատիպ ուսումնասիրությունների թիվը դեռևս սակավաթիվ է:

Հրապարակախոսական ոճում հաճախակի օգտագործվող հռետորական միջոցներից մեկը փոխաբերությունն է, որը որոշակի երանգավորում է տալիս և շղարշում տնտեսագիտության կոշտ լեզուն: Սույն հոդվածի փաստական նյութը քաղված է տնտեսությունը լուսաբանող հայկական լրագրային հոդվածներից (2020-2023թթ. ընկած ժամանակահատվածում), որոնք, ինչպես իրավացիորեն նշում է Լ. Հարությունյանը, համարվում են տնտեսական խոսույթի ձևաչափերից մեկը (Հարությունյան 10):

Փոխաբերության ավանդական և ճանաչողական հայեցակերպերը

Փոխաբերության ուսումնասիրության անցումը ավանդականից դեպի ճանաչողական մոտեցում բացատրվում է ճանաչողական լեզվաբանության՝ որպես առանձին գիտակարգի զարգացմամբ:

Ավանդական մոտեցման համաձայն` փոխաբերությունները հիմնականում դեկորատիվ են և պարզապես գեղեցկացնում են խոսքը, իսկ մարդու՝ փոխաբերություններ օգտագործելու կարողությունը համարվում է հմտություն (Kovecses 3): Զ. Կովեչեսը նշում է, որ փոխաբերության ավանդական ընկալումը դիտարկում է "փոխաբերությունը որպես բառերին բնորոշ հատկություն, որն ունի միայն գեղագիտական գործառույթ։ Փոխաբերությունը բառերի գիտակցված և միտումնավոր կիրառումն է խոսքում" (Kovecses 3): Ըստ դասական տեսաբանների` փոխաբերությունները զուտ լեզվական իրողություն են։

Այն փաստարկը, որ փոխաբերություններն ունեն ճանաչողական և ոչ թե զուտ գեղագիտական գործառույթ, առաջին անգամ մշակել են Ջ. Լեքոֆը և Մ. Ջոնսոնը։ Համաձայն այս մոտեցման` "ճանաչողական համակարգը, որի միջոցով մենք մտածում և գործում ենք, իր բնույթով հիմնականում փոխաբերական է" (Lakoff, Johnson 3):

Փոխաբերության ճանաչողական հայեցակերպը պատճառաբանված կերպով հերքում է փոխաբերության ավանդական տեսության հիմնական գաղափարները` պնդելով, որ "փոխաբերությունը հասկացույթներին բնորոշ հատկություն է, այլ ոչ թե բառերին, փոխաբերությունը դիտարկվում է որպես ճանաչողական, այլ ոչ թե լեզվական երևույթ, որի գործառույթն ավելին է, քան գեղագիտականը։ Փոխաբերությունը մարդկային մտածողության և տրամաբանության անխուսափելի գործընթաց է, և ոչ թե լեզվի անտեղի, թեպետ, միևնույն ժամանակ գեղեցիկ զարդարման միջոց" (Kovecses 10):

Համաձայն Մ. Բորդերսի՝ փոխաբերությունը մարդկային մտքի և լեզվի կարևորագույն բաղադրիչն է, և այն "օգնում է մեզ արդյունավետ կերպով նավարկել իրական աշխարհում, ինչը չի կարող թույլ տալ գրական լեզուն" (Borders 1):

Հասկացական փոխաբերության կառուցվածքը բարդ է, քանի որ այն մտածողության երկու տարբեր տիրույթների ամբողջություն է, այլ ոչ թե մի բառի օգտագործում՝ մեկ այլ բառի փոխարեն: Փոխաբերությունն իրար է կապում երկու հասկացական տիրույթներ, որտեղ երկրորդ` թիրախ տիրույթը ընկալվում է առաջին` աղբյուր տիրույթի միջոցով (Lakoff, Johnson 254):

Հիմնվելով փոխաբերության ճանաչողական գործառույթի վրա` Ջ. Լեքոֆը և Մ. Ջոնսոնը տարբերակում են փոխաբերության երեք հիմնական տեսակ` կառուցվածքային (մեկ հասկացույթի ընկալումը մեկ այլ հասկացույթի միջոցով, օրինակ` ԲԱՆԱՎԵՃԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է), կողմնորոշման (տարածական բնույթ ունեցող փոխաբերությունները, ինչպիսիք են, վեր-վար, առաջ-հետ, հեռու-մոտ և այլն) և գոյաբանական (այն փոխաբերությունները, որտեղ ուսումնասիրության օբյեկտը՝ թիրախ տիրույթը, անձնավորվում է, օրինակ՝ ԳՆԱՃԸ ԹՇՆԱՄԻ Է) (Lakoff, Johnson 16-50):

Սույն հոդվածում քննվող "Տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է" փոխաբերությունը գոյաբանական է, քանի որ "տնտեսություն" թիրախ տիրույթը անձնավորվում է և ընկալվում "մարդկային օրգանիզմ", մասնավորապես` "հիվանդ օրգանիզմ" աղբյուր տիրույթի միջոցով, որը, ինչպես Զ. Կովեչեսն է նշում, ամենակենսունակ աղբյուր տիրույթներից մեկն է (Kovecses 25):

Այսպիսով, հետազոտության նպատակից ելնելով՝ ուսումնասիրվել են "Տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է" փոխաբերությունից սերող կաղապարները հայերեն տնտեսական խոսույթում, ներկայացվել են դրանց առկայացման լեզվական միջոցները՝ հետազոտության հիմք ընդունելով Ջ. Լեքոֆի և Մ. Ջոնսոնի առաջարկած հասկացական փոխաբերությունների դասակարգումը։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է փոխաբերության լեզվաճանաչողական դրսևորումները

Տնտեսությունն ամենից հաճախ ընկալվում է որպես մարդկային օրգանիզմ, մասնավորապես, հիվանդ օրգանիզմ։ Տնտեսական բազմապիսի խնդիրները նկարագրվում են տարբեր հիվանդությունների միջոցով` թույլ, խրոնիկ, մահացու։ Հիմնվելով "հիվանդի"` տնտեսության ունեցած ախտանիշների վրա` կատարվում է հիվանդության ախտորոշում և առաջարկվում հիվանդության բուժման տարբեր դեղատոմսեր, այսինքն, ձեռնարկվում են լուծման տարբեր քայլեր։ Ճիշտ բուժման վերջնարդյունքում "հիվանդի"` տնտեսության, վիճակը առողջանում է, իսկ սխալ բուժման դեպքում` վատթարանում:

Ուսումնասիրելով հայկական մամուլի տնտեսական ոլորտը լուսաբանող շուրջ 120 հոդված` առանձնացվել են "Տնտեսությունը հիվանդ օրգանիզմ Է" սեռանիշ փոխաբերությունից սերող հետևյալ տեսականիշ փոխաբերական կաղապարները.

1. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է

Ցանկացած տնտեսության հաջողության գրավականը նրա առողջությունն է։ Երբ տնտեսության մեջ ի հայտ են գալիս խնդիրներ, այն սկսում է թուլանալ, հյուծվել, այնպես ինչպես հիվանդ մարդու օրգանիզմն է թուլանում առողջական տարբեր խնդիրներից։ Տնտեսության հիվանդ վիճակը հաճախ ներկայացվում է հետևյալ փոխաբերական միավորներով` թույլ, տկար, հյուծվող, անառողջ, ինչպես հետևյալ հոդվածներում`

o Ոչ միայն թույլ է, այլև տկար է մեր տնտեսությունը։ (Մակարյան 25 Նոյ. 2022)

o Հյուծվող տնտեսություն և աճող աղքատություն ունենք: (Բադալյան 02 Դեկտ. 2021)

o ... երկրի տնտեսությունը, մեղմ ասած, անառողջ է։ (Ավանեսով 17 Նոյ. 2022)

Տնտեսության թույլ ու տկար վիճակից սկսում են խոցվել ու խցանվել նրա "արյունատար անոթները"` բանկերը, մանր ու փոքր բիզնեսը, "արյան"` "փողի", շրջանառությունը սկսում է նվազել, կոտրվում է տնտեսության "ողնաշարը", ինչպես հետևյալ հոդվածներում`

o Ամենախոցելիները փոքր բիզնեսներն են, որոնք հանդիսանում են տնտեսության արյունատար անոթները։ (Կիսեբլյան 09 Հուլ. 2020)

o Տնտեսության արյունատար անոթները խցանված են։ Փողը չի գնում տնտեսություն։ (Քոչարյան 20 Հունվ. 2022)

o Տոտալ "լոքդաունը" հարված կլինի տնտեսության ողնաշարին։ ("Վարչապետ․ Տոտալ" 12 Հունիս 2020)

Տնտեսության վիճակի վատթարացումը մեծ մասամբ հիմնավորվում է կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով։ Այս բոլոր խնդիրները հանգեցնում են տնտեսության օր օրի հյուծման, և տնտեսությունը, դառնալով լուրջ հիվանդ, սկսում է տառապել տարբեր հիվանդություններով, օրինակ`

o Հայաստանի տնտեսությունը շատ լուրջ հիվանդություններով է տառապում. ("Հայաստանի տնտեսությունը" 26 Օգոս. 2022)

Տնտեսության "հիվանդություններից" են գնաճը, աղքատությունը, գործազրկությունը, միգրացիան և այլն։ Բերված բոլոր օրինակներում հիմնական խնդիրը տնտեսության վատթարացող վիճակն է, որի կանխարգելման համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր, որը հնարավոր է միայն իրավիճակի ճիշտ ախտորոշմամբ` հիմնված "հիվանդի"` տնտեսության մոտ ի հայտ եկող ախտանիշների վրա։

2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐ ԵՆ

Մինչև բուն հիվանդության ի հայտ գալը, մարդու օրգանիզմում նախանշվում են մի շարք ախտանիշներ, որոնք վկայում են օրգանիզմում առկա առողջական խնդիրները և բժշկին դիմելու հրատապությունը։ Տնտեսության "հիվանդ օրգանիզմում" նույնպես ի հայտ են գալիս տարբեր ախտանիշներ, որոնք ուշադրություն են պահանջում, ինչպես օրինակ` ցնցումները, տենդը, գերտաքացումը, փռշտոցը, մրսածությունը `

o Հայաստանի տնտեսությունը շարունակվում է ցնցվել՝ այն տենդի մեջ է (Մարտիրոսյան 22 Մարտ 2021)

o Տնտեսության ոչ արտահանելի ճյուղերում գերտաքացում է նկատվում: ("Տնտեսության ողնաշարը" 18 Օգոս. 2023)

o ... "Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը մրսում է": (Սարգսյան 28 Ապրիլ 2023)

Ինչպես ցույց է տալիս լեզվանյութի վերլուծությունը, "հիվանդ" տնտեսության ախտանիշները տարբեր են` հետքովիդյան գնաճ, բիզնեսի և տնտեսության սերտաճում, հակառուսական տնտեսական պատժամիջոցներ, դրսից եկող դրամական միջոցների` տրանսֆերտների նվազում և այլն։

Բերված օրինակներում "տնտեսական խնդիր" թիրախ տիրույթը ընկալվում է "ախտանիշ" աղբյուր տիրույթի միջոցով` տնտեսական բարդ երևույթները հանրությանը ավելի ընկալելի ու պատկերավոր ներկայացնելու ակնկալիքով։ Թվարկված բոլոր ախտանիշները ճիշտ ախտորոշման կարիք ունեն, քանի որ, հակառակ դեպքում, առաջարկվող դեղատոմսը կարող է ավելի վատթարացնել "հիվանդի"` տնտեսության վիճակը։

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆ Է

Յուրաքանչյուր տնտեսական խնդրի պետք է ճիշտ գնահատական տրվի, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր` հետագա բարդություններից խուսափելու համար։ Տնտեսական խնդրի ճիշտ ախտորոշումը տնտեսագիտական խոր և փաստարկված գնահատականների և վերլուծությունների մի ամբողջություն է։ Այս փոխաբերական կաղապարը առկայանում է լեզվական հետևյալ միավորներով` թթվածնային քաղց, արյան քանակի անբավարարություն, խրոնիկ հիվանդություն, տնտեսական դեպրեսիա, կախվածություն թմրանյութից։

o Տնտեսությունը կանգնած է "թթվածնային քաղցի" առաջ (Գիշյան 15 Նոյ. 2021)

o Հայաստանի տնտեսության մարմնում 5 անգամ պակաս արյուն է հոսում, քան պետք է (Հովհաննիսյան 08 Նոյ. 2022)

o Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը ("Կորոնավիրուսը կկարողանա՞" 18 Մայիս 2020 )

o "...տնտեսական անկումը կվերածվի տնտեսական դեպրեսիայի" (Խաչատրյան 15 Մարտ 2021)

o Հայաստան դրամական փոխանցումներն արդեն թմրանյութ են դառնում տնտեսության համար և կախվածություն առաջացնում: (Հերգնյան 08 Նոյ. 2022)

Բերված բոլոր օրինակներում տնտեսության "հիվանդ օրգանիզմը" տառապում է մի շարք հիվանդություններից, որոնցից ամենագլխավորը կորոնաճգնաժամն է` իր բացասական հետևանքներով։ Տնտեսության քրոնիկ հիվանդություններից են գործազրկության բարձր մակարդակը, ստվերային տնտեսությունը և դրանից բխող կոռուպցիան։ Վարկերը տնտեսությանը թթվածին մատակակարող գլխավոր "անոթներից" են, և վարկային կապիտալի կտրուկ նվազումը հանգեցնում է օրգանիզմում թթվածնի պակասի։ Փոխաբերական զուգորդումների միջոցով տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կտրուկ նվազումը համեմատվում է մարդու օրգանիզմում թթվածնային քաղցի հետ, ներդրումների ու ֆինանսավորումների անբավարար քանակը` արյան սակավության հետ, տնտեսական անկման տևական շարունակականությունը` տնտեսական դեպրեսիայի, դրամական փոխանցումների` տրանսֆերտների, աննախադեպ ներհոսքը` թմրանյութից կախվածության հետ։ Տրանսֆերտների կախվածության պատճառով երկրի տնտեսությունը "ախտորոշվում է" նաև հոլանդական հիվանդությամբ (տնտեսության որոշակի հատված կտրուկ զարգանում է, իսկ մյուս հատվածները` թուլանում), ինչպես հետևյալ հոդվածում`

o Տնտեսագիտության մեջ մի տերմին կա` "հոլանդական հիվանդություն", որը Հայաստանի տնտեսության ներկա վիճակի շատ հստակ ախտորոշումն է: (Բաբաջանյան 23 Օգոս. 2022)

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեր երկիր մտնող դրամական հոսքերի աննախադեպ աճը հանգեցրել է դրամի արժևորմանը։ Սակայն այդ աճը, ըստ տնտեսագետների, "թունավոր" է, քանի որ տնտեսության ճյուղերը աճում են անհամաչափ։ Զարգանում են բանկերը, առևտուրը, մինչդեռ մյուս ճյուղերը կրում են շեշտակի վնասներ, որի շարունակության պարագայում, տնտեսագետների կանխատեսմամբ, մեր տնտեսությունը կհայտնվի "կոլապսի", մեջ, ինչպես `

o Արժեզրկել դրամն ամեն գնով, այլապես, մեզ սպասվում է կոլապս (Բադալյան 01 Նոյ. 2022)

Այսպիսով, եթե տնտեսության նշված "հիվանդությունները" չբուժվեն, ապա երկրի տնտեսությունը չի կարող զարգանալ։ Հետևաբար, տնտեսության պատասխանատուները առաջարկում են տարբեր "դեղատոմսեր ու բուժումներ"` ուղղված տնտեսության վիճակի բարելավմանը։

4. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՈՒՄՆԵՐ ԵՆ

Տնտեսության խնդիրները, փոխաբերաբար ընկալելով որպես հիվանդություններ, տնտեսության "բժիշկները" առաջարկում են տարբեր "բուժումներ"` լուծումներ։ Այս կաղապարը ներկայացվում է հետևյալ փոխաբերական միավորներով` դեղատոմս, արհեստական շնչառություն, թթվածին տալ, փող ներարկել, արագ լիկվիդայնության ներարկում, ինչպես օրինակ`

o Թաթուլ Մանասերյանը "դեղատոմս" է առաջարկում ("Ինչպես կարելի է" 08 Դեկտ. 2020)

o ...տնտեսությանը արհեստական շնչառություն է պետք (Ոսկանյան 07 Մայիս 2020)

o ՏՏ ոլորտին սուբսիդիայի տեսքով թթվածին կտրվի (Մարգարյան 30 Նոյ. 2022)

o Մտադիր ենք տնտեսության մեջ անսահմանափակ քանակությամբ փող ներարկել ("Մտադիր ենք տնտեսության" 06 Մայիս 2020)

o "Հայաստանի տնտեսությանը պետք է արագ լիկվիդայնության ներարկում" ("Հայաստանի տնտեսությանը" 31 Մարտ 2020)

Կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկում է տարբեր քայլեր, աջակցում տնտեսության "հիվանդ օրգանիզմի" բուժմանը` թթվածնի մատակարարմամբ, փողի ներարկմամբ, որպեսզի "արյունը"` փողը, ակտիվ հոսի տնտեսության մեջ։

Ձեռնարկված քայլերը սովորաբար ունենում են վերջնարդյունք, այս դեպքում, տնտեսության վիճակի առողջացում կամ վատթարացում։

5. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԻՎԱՆԴԻ ԱՌՈՂՋԱՑՈՒՄՆ Է

Տնտեսության առողջացումը մամուլում արտահայտվում է հետևյալ միավորներով` սկսել շնչել, վերականգման նշաններ ցույց տալ, ապաքինվել։ Դիտարկենք հետևյալ օրինակները`

o Հայաստանի տնտեսությունը սկսում է շնչել ("Հայաստանի տնտեսությունը" 03 Հունիս 2021)

o "Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում" (Սահակյան 18 Փետր. 2021)

o Հայաստանի տնտեսությունն այս պահին ապաքինման փուլում է ("Հայաստանի տնտեսությունն" 30 Օգոս. 2021)

Ինչպես ցույց է տալիս օրինակների վերլուծությունը, տնտեսությունը աստիճանաբար վերականգնվում է տարբեր շոկերից` համավարակ, պատերազմ։ Տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերը բացատրվում են նրանով, որ 2020 թվականը տնտեսական անկման տարի էր ողջ համաշխարհային տնտեսության համար` կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցություններով պայմանավորված, իսկ մեր տնտեսության անկմանը գումարվեց նաև պատերազմի բացասական հետևանքները։ Բուժման վերջնարդյունքներին վերաբերող լրագրային հոդվածներում գերակշռում են տնտեսության առողջացմանը վերաբերող փոխաբերական միավորները։

Աղյուսակ 1

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ ՕՐԳԱՆԻԶՄ Է

փոխաբերության միջտիրույթային արտապատկերումները

Աղբյուր տիրույթ Թիրախ տիրույթ Հիվանդ օրգանիզմ ---> Տնտեսություն Հիվանդության ախտանիշներ ---> Տնտեսական խնդիրներ Հիվանդություն ---> Տնտեսական ճգնաժամ Առողջացում ---> Տնտեսության վերականգնում

Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ մարդիկ խոսում և մտածում են տնտեսության մասին բժշկական եզրույթաբանությամբ` հատկապես տնտեսական վիճակի վատթարացման ժամանակ։

Եզրակացություն

Այսպիսով` ուսումնասիրելով "Տնտեսությունը հիվանդ օրգանիզմ է" սեռանիշ և դրանից բխող տեսականիշ փոխաբերությունները, դրանց առկայացման լեզվական միջոցները, կարող ենք եզրահանգել, որ հասկացական արտապատկերման գործընթացում բազմապիսի փոխաբերական զուգորդումների հետևանքով հստակ պատկերացում է կազմվում երկրի տնտեսական վիճակի մասին` վերացական հասկացույթները դարձնելով ավելի դյուրընկալելի հանրության լայն շերտերի համար։ Փոխաբերության օգնությամբ բացատրվում է տնտեսության "հիվանդ" վիճակը, հիմնավորվում այդ վիճակի պատճառները, նկարագրվում ձեռնարկվող համապատասխան "բժշկական" միջամտությունները, կանխատեսվում այդ վիճակի վերականգնումը` ելք ճգնաժամից և տնտեսական աճ։ Փոխաբերության օգնությամբ բացատրվում և փաստարկվում է բնակչության նյութական վիճակի վատթարացումը` այդ կերպ խուսափելով հանրության շրջանում բողոքի ալիքի բարձրացմանը։ Տնտեսական ճգնաժամի փուլում մեծ մաս են կազմում բացասական փոխաբերությունները (տնտեսության թույլ վիճակը, ախտանիշներն ու հիվանդությունները), իսկ հետճգնաժամային փուլում՝ վերականգնմանը միտված դրական փոխաբերությունները (տնտեսության առողջացում)։

Փոխաբերական լեզվի ընտրությունն ու հաճախականությունը ազդում են ոչ միայն տնտեսական իրավիճակի պատկերի ստեղծման, այլև թիրախ լսարանի գիտակցության վրա` ընդգծելով փոխաբերության մտաշահարկային ուժը։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ավանեսով Ալեքսանդր, "Հայաստանի տնտեսությունն անառողջ է", ԱՐՄԻՆՖՈ լրատվական պորտալ, 17 Նոյ. 2022 https://shorturl.at/jotzM։ Մուտք` 08 Օգոստոս 2023:

2. Բադալյան, Աննա. "Հյուծվող տնտեսություն և աճող աղքատություն ունենք", Փաստ օրաթերթ, 02 Դեկտ. 2021. https://shorturl.at/bIP47։ Մուտք` 08 Օգոստոս 2023:

3. Բաբաջանյան, Ավետիս. "Փաշինյանը "տարգաշների" ու "աբսլուգների" հասարակություն է ձեվավորում", Հրապարակ օրաթերթ, 23 Օգոս. 2022. https://shorturl.at/dpsD5։ Մուտք` 20 Օգոստոս 2023:

4. Բադալյան, Նաիրա. "Արժեզրկել դրամն ամեն գնով", ԱՐՄԻՆՖՈ, 01 Նոյ. 2022. https://shorturl.at/cqVZ3։ Մուտք` 22 Օգոստոս 2023:

5. Գիշյան, Սոնա. "Տնտեսությունը կանգնած է "թթվածնային քաղցի" առաջ", 1or.am, 15 Նոյ. 2021. https://shorturl.at/frxOZ։ Մուտք` 13 Օգոստոս 2023:

6. "Ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից", Sputnik Արմենիա, 08 Դեկտ. 2020. https://shorturl.at/dfqG2։ Մուտք` 24 Օգոստոս 2023:

7. Խաչատրյան, Զվարթ. "Նման իրավիճակի շարունակության դեպքում տնտեսական անկումը կվերածվի տնտեսական դեպրեսիայի". Տնտեսագետ, 168.am, 15 Մարտ 2021. https://shorturl.at/bdgsG։ Մուտք` 17 Օգոստոս 2023:

8. "Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը", Sputnik Արմենիա, 18 Մայիս 2020. https://shorturl.at/ovwBL։ Մուտք` 15 Օգոստոս 2023:

9. Կիսեբլյան, Հայկ. "Ամենախոցելիները փոքր բիզնեսներն են", Մամուլի խոսնակ, 09 Հուլիս 2020. https://shorturl.at/hPY01։ Մուտք` 10 Օգոստոս 2023:

10. "Հայաստանի տնտեսությունը սկսում է շնչել", ՍԻՎԻԼՆԵԹ, 03 Հունիս 2021. https://shorturl.at/yGOPT։ Մուտք` 12 Օգոստոս 2023:

11. "Հայաստանի տնտեսությանը պետք է արագ լիկվիդայնության ներարկում", Ա1+, 31 Մարտ 2020. https://shorturl.at/yOX16։ Մուտք` 02 Օգոստոս 2023:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. "Հայաստանի տնտեսությունը շատ լուրջ հիվանդություններով է տառապում", News.am, 26 Օգոս. 2022. https://shorturl.at/nzG35։ Մուտք` 11 Օգոստոս 2023:

13. "Հայաստանի տնտեսությունն այս պահին ապաքինման փուլում է", ԱՐՄԵՆՊՐԵՍ, 30 Օգոս. 2021. https://shorturl.at/goDO2։ Մուտք` 28 Օգոստոս 2023:

14. Հարությունյան, Լուսինե. Տնտեսական իրադարձության լեզվաանաչողական մոդելավորումը, բան.գիտ.դոկտ. ատենախոս, սեղմագիր, 2017:

15. Հերգնյան, Սեդա. "Հայաստանի տնտեսության "թմրանյութը"", Հետք, 08 Նոյ. 2022. https://shorturl.at/beor0։ Մուտք` 15 Օգոստոս 2023:

16. Հովհաննիսյան, Ալինա. "Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսության մարմնում 5 անգամ պակաս արյուն է հոսում, քան պետք է", ԱՐՄԻՆՖՈ, 08 Նոյ. 2022. https://shorturl.at/zBGX8։ Մուտք` 14.08.2023:

17. Մակարյան, Վահե. "Վատ բան պետք է ասեմ, բայց պետք է նաեւ ստվեր լինի, որ տնտեսությունն արագ զարգանա", Հրապարակ օրաթերթ, 25 նոյ. 2022. https://shorturl.at/dDNW8։ Մուտք` 08 Օգոստոս 2023:

18. Մարտիրոսյան, Արա. "Հայաստանի տնտեսությունը տենդի մեջ է", Yerevan.Today, 22 Մարտ 2021. https://shorturl.at/dhrzM։ Մուտք` 12 Օգոստոս 2023:

19. Մարգարյան, Լուսինե. "ՏՏ ոլորտին սուբսիդիայի տեսքով թթվածին կտրվի", Առավոտ, 30 Նոյ. 2022. https://shorturl.at/djlX7։ Մուտք` 27 Օգոստոս 2023:

20. Միրզոյան, Վալերի. ժամանակակից տնտեսագիտական խոսույթի լեզվատրամաբանական վերլուծություն, Երևան, Տնտեսագետ հրատարակչություն, 2014:

21. "Մտադիր ենք տնտեսության մեջ անսահմանափակ քանակությամբ փող ներարկել", Հրապարակ օրաթերթ, 06 Մայիս 2020. https://shorturl.at/DEJL5։ Մուտք` 06 Օգոստոս 2023:

22. Ոսկանյան, Ժիրայր. "Կառավարության ծրագրերը անհամաչափ են", 1in.am, 07 Մայիս 2020. https://shorturl.at/gnEIO։ Մուտք` 06 Օգոստոս 2023:

23. Սահակյան, Նանե. "Տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ", Ազատություն, 18 Փետրվ. 2021. https://shorturl.at/jlrwT։ Մուտք` 28 Օգոստոս 2023:

24. Սարգսյան, Սուրեն. "Ռուս-ուկրաինական պատերազմը եւ մենք", Ազգ, 28 Ապրիլ 2023. https://shorturl.at/mwzK9։ Մուտք` 03 Սեպտեմբեր 2023:

25. "Վարչապետ. Տոտալ "լոքդաունը" հարված կլինի տնտեսության ողնաշարին", Mediamax, 12 Հունիս 2020. https://shorturl.at/orQW5։ Մուտք` 10 Օգոստոս 2023:

26. "Տնտեսության ողնաշարը ջարդելու գործընթացը շարունակվում է", ՍԻՎԻԼՆԵԹ, 18 Օգոստ. 2023. https://shorturl.at/cqrM8։ Մուտք` 05 Սեպտեմբեր 2023:

27. Քոչարյան, Հակոբ. "Տնտեսության արյունատար անոթները խցանվել են", 168.am, 20 Հունվ. 2022. https://shorturl.at/afrxy։ Մուտք` 10 Օգոստոս 2023:

28. Borders, M. The Economy: Metaphors We (Shouldn't) Live By. https://bit.ly/3Fidtwu. Accessed: 5 March 2024.

29. Breazeale, Daniel. Philosophy and Truth: Selections from Nietzsche's Notebooks of the Early 1870's, Humanities Press, London, 1990.

30. Charteris-Black, Jonathan and Ennis, Timothy. A comparative study of metaphor in Spanish and English Financial reporting. English for Specific Purposes 20, 2001.

31. Ennis, Timothy. A cross-linguistic analysis of metaphorical lexis and collocation in English and Spanish economic discourse. M.A. in Linguistics, TESOL, 1998.

32. Wang, Huili, Runtsova, Tamara, Chen, Hongjun. ECONOMY IS AN ORGANISM - a comparative study of metaphor in English and Russian economic discourse. Text and Talk. 33(2), 259-288 2013

33. Kovecses, Zoltan. Metaphor: A Practical Introduction. Oxford University Press, New York, 2010.

34. Lakoff, George and Johnson, Mark. Metaphors We Live by.The University of Chicago Press, 2003.

35. Ortony, Andrew. Metaphor and Thought. Cambridge University Press, Cambridge, 1993.

36. Silaski, Nadezda and Durovic, Tatjana. "The conceptualisation of the global Financial crisis via the economy is a person metaphor - A contrastive study of English and Serbian". Linguistics and Literature, 8(2), 129-139, 2010.

37. Xia, Jue. Economic metaphors in English newspapers. C-essay in English Linguistics, 2009.

WORKS CITED

1. Avanesov, Aleqsandr. "Hayastani tntesut'yunn anar'oghj e'" [The Armenian economy is unhealthy], ARMINFO lratvakan portal, 17 Noy. 2022 https://shorturl.at/jotzM, (mutq` 08.08.2023): (in Armenian)

2. Badalyan, Anna. "Hyuc'vogh tntesut'yun ev atwogh aghqatut'yun unenq" [We have a Dwindling Economy and Growing Poverty], P'ast o'rat'ert', 02 Dekt. 2021. https://shorturl.at/bIP47, (mutq` 08.08.2023): (in Armenian)

3. Babajanyan, Avetis. "P'ashinyany' "targashneri" u "abslugneri" hasarakut'yun e' d'evavorum" [Pashinyan Forms the Targash and Abslug Society], Hraparak o'rat'ert', 23 O'gos. 2022. https://shorturl.at/dpsD5, (mutq` 20.08.2023): (in Armenian)

4. Badalyan, Naira. "Arjhezrkel dramn amen gnov" [Devalue Drams at Any Cost], ARMINFO, 01 Noy. 2022. https://shorturl.at/cqVZ3, (mutq` 22.08.2023): (in Armenian)

5. Gishyan, Sona. "Tntesut'yuny' kangnac' e' "t't'vac'nayin qaghci" ar'aj" [The Economy is Facing "Oxygen Starvation"], 1or.am, 15 Noy. 2021. https://shorturl.at/frxOZ, (mutq` 13.08.2023): (in Armenian)

6. "Inchpes kareli e' durs gal ays iravitwakic" [How Can we Get out of this Situation?], Sputnik Armenia, 08 Dekt. 2020. https://shorturl.at/dfqG2, (mutq` 24.08.2023): (in Armenian)

7. Xachatryan, Zvart'. "Nman iravitwaki sharunakut'yan depqum tntesakan ankumy' kverac'vi tntesakan depresiayi" [If this Situation Persists, the Economic Downturn will Turn into an Economic Depression.]. Tntesaget", 168.am, 15 Mart 2021. https://shorturl.at/bdgsG, (mutq` 17.08.2023: (in Armenian)

8. "Koronavirusy' kkaroghana՞ bujhel Hayastani tntesut'yan xronik hivandut'yuny'" [Will coronavirus be able to cure the chronic disease of the Armenian economy?], Sputnik Armenia, 18 Mayis 2020. https://shorturl.at/ovwBL, (mutq` 15.08.2023): (in Armenian)

9. Kiseblyan, Hayk. "Amenaxocelinery' p'oqr biznesnern en" [Small businesses are the most vulnerable], Mamuli xosnak , 09 Hulis 2020. https://shorturl.at/hPY01, (mutq` 10.08.2023): (in Armenian)

10. "Hayastani tntesut'yuny' sksum e' shnchel" [The Armenian economy begins to breathe], SIVILNET', 03 Hunis 2021. https://shorturl.at/yGOPT, (mutq` 12.08.2023): (in Armenian)

11. "Hayastani tntesut'yany' petq e' arag likvidaynut'yan nerarkum" [Armenia's economy needs a quick liquidity injection], A1+, 31 Mart 2020. https://shorturl.at/yOX16, (mutq` 02.09.2023): (in Armenian)

12. "Hayastani tntesut'yuny' shat lurj hivandut'yunnerov e' tar'apum" [The Armenian economy is suffering from very serious diseases], News.am, 26 O'gos. 2022. https://shorturl.at/nzG35, (mutq` 11.08.2023): (in Armenian)

13. "Hayastani tntesut'yunn ays pahin apaqinman p'ulum e'" [The Armenian economy is currently in the recovery stage], ARMENPRES, 30 O'gos. 2021. https://shorturl.at/goDO2, (mutq` 28.08.2023): (in Armenian)

14. Harut'yunyan, Lusine. Tntesakan iradard'ut'yan lezvaanachoghakan modelavorumy' [Linguocognitive Modeling of an Economic Event], ban.git.dokt. atenaxos, seghmagir, 2017: (in Armenian)

15. Hergnyan, Seda. "Hayastani tntesut'yan "t'mranyut'y'"" [The "Drug" of the Armenian Economy], Hetq, 08 Noy. 2022. https://shorturl.at/beor0, (mutq` 15.08.2023): (in Armenian)

16. Hovhannisyan, Alina. "Vahan Qerobyan. Hayastani tntesut'yan marmnum 5 angam pakas aryun e' hosum, qan petq e'" [There is 5 times less blood flowing in the body of the Armenian economy than it should], ARMINFO, 08 Noy. 2022. https://shorturl.at/zBGX8, (mutq` 14.08.2023): (in Armenian)

17. Makaryan, Vahe. "Vat ban petq e' asem, bayc petq e' naew stver lini, or tntesut'yunn arag zargana" [I have to say something bad, but there must be a shadow for the economy to develop rapidly], Hraparak o'rat'ert', 25 noy. 2022. https://shorturl.at/dDNW8, (mutq` 08.08.2023): (in Armenian)

18. Martirosyan, Ara. "Hayastani tntesut'yuny' tendi mej e'" [Armenia's Economy is in a Fever], Yerevan.Today, 22 Mart 2021. https://shorturl.at/dhrzM , (mutq` 12.08.2023): (in Armenian)

19. Margaryan, Lusine. "TT volortin subsidiayi tesqov t't'vac'in ktrvi" [Oxygen will be provided to the IT sector in the form of a subsidy], Ar'avot, 30 Noy. 2022. https://shorturl.at/djlX7, (mutq` 27.08.2023): (in Armenian)

20. Mirzoyan, Valeri. jhamanakakic tntesagitakan xosuyt'i lezvatramabanakan verluc'ut'yun [Linguistic Analysis of Modern Economic Speech], Erevan, Tntesaget hratarakchut'yun, 2014: (in Armenian)

21. "Mtadir enq tntesut'yan mej ansahmanap'ak qanakut'yamb p'ogh nerarkel" [We intend to invest an unlimited amount of money in the economy], Hraparak o'rat'ert', 06 Mayis 2020. https://shorturl.at/DEJL5, (mutq` 06.08.2023): (in Armenian)

22. Oskanyan, Jhirayr. "Kar'avarut'yan c'ragrery' anhamachap' en" [The Government's Plans are Disproportionate], 1in.am, 07 Mayis 2020. https://shorturl.at/gnEIO, (mutq` 06.08.2023): (in Armenian)

23. Sahakyan, Nane. "Tntesut'yuny' karc'es t'e mtnum e' verakangnman p'ul" [The economy seems to be entering a recovery phase], Azatut'yun, 18 P'etrv. 2021. https://shorturl.at/jlrwT , (mutq` 28.08.2023): (in Armenian)

24. Sargsyan, Suren. "R'us-ukrainakan paterazmy' ew menq" [The Russian-Ukrainian War and us], Azg, 28 April 2023. https://shorturl.at/mwzK9 , (mutq` 03.09.2023): (in Armenian)

25. "Varchapet. Total "loqdauny'" harvac' klini tntesut'yan voghnasharin" [A Total "lockdown" will Strike at the Backbone of the Economy], Mediamax, 12 Hunis 2020. https://shorturl.at/orQW5 , (mutq` 10.08.2023): (in Armenian)

26. "Tntesut'yan oghnashary' jardelu gorc'y'nt'acy' sharunakvum e'" [The process of breaking the backbone of the economy continues], SIVILNET', 18 O'gost. 2023. https://shorturl.at/cqrM8 , (mutq` 05.09.2023): (in Armenian)

27. Qocharyan, Hakob. "Tntesut'yan aryunatar anot'nery' xcanvel en" [The blood vessels of the economy are clogged], 168.am, 20 Hunv. 2022. https://shorturl.at/afrxy, (mutq` 10.08.2023): (in Armenian)

CONCEPTUAL MAPPING OF

"ECONOMY IS A SICK ORGANISM" METAPHOR

ANI HARUTYUNYAN

Brusov State University, Linguistics and Pedagogy Department,

the English Language Chair,

Ph.D. in Philology, Lecturer

Yerevan, the Republic of Armenia

The aim of the article is to study the conceptual mapping of the metaphor ECONOMY IS A SICK ORGANISM within Armenian economic discourse. The primary goals of the study encompass analyzing the semantic-structural characteristics of the source domain "sick organism" and exploring the cross-domain mappings of metaphorical patterns derived from the conceptual domains "sick organism" and "economy."

The topicality of this article arises from the increasing scholarly attention to conceptual metaphors within economic discourse, both as cognitive instruments and as influential tools for manipulation.

The selection of linguistic analysis methods is justified by the nature of the examined data and the research objectives. The examination of the material was carried out through linguistic descriptive analysis and contextual analysis.

The research findings led us to conclude that the metaphor ECONOMY IS A SICK ORGANISM gains increased relevance in the press during periods of external economic shocks such as pandemics or wars. The primary intent behind employing this metaphor in press publications is to elucidate the country's economic condition to the non-professional audience through the most familiar source domain ("sick organism"). Throughout the phases of economic crisis, negative metaphors predominated, depicting the economy as weak and vulnerable, with symptoms similar to diseases. Conversely, during post-crisis periods, positive metaphors emphasizing economic recovery become more prominent.

Keywords: conceptual metaphor, source domain, target domain, conceptual mapping, cross-domain mapping, metaphorical model, economic discourse.

КОНЦЕПТУАЛЬНОЕ КАРТИРОВАНИЕ МЕТАФОРЫ

"ЭКОНОМИКА - ЭТО БОЛЬНОЙ ОРГАНИЗМ"

АНИ АРУТЮНЯН

преподаватель кафедры английского языка

факультета языкознания и педагогики

Государственного университета имени В. Брюсова,

кандидат филологических наук,

г.Ереван, Республика Армения

Целью данной статьи является изучение концептуального картирования метафоры "ЭКОНОМИКА ‒ ЭТО БОЛЬНОЙ ОРГАНИЗМ" в рамках армянского экономического дискурса. Основными целями исследования являются анализ семантико-структурных характеристик исходного домена "больной организм" и изучение кросс-доменных отображений метафорических моделей, происходящих из концептуальных доменов "больной организм" и "экономика".

Актуальность данной статьи обусловлена увеличивающимся интересом ученых к концептуальным метафорам в рамках экономического дискурса, которые используются как когнитивные инструменты, а также являются влиятельными средствами манипуляции.

Выбор методов лингвистического анализа обусловлен характером исследуемых данных и целями исследования. Анализ материала был проведен с использованием лингвистического, описательного и контекстуального анализов.

Результаты исследования позволили сделать вывод, что метафора "ЭКОНОМИКА ‒ ЭТО БОЛЬНОЙ ОРГАНИЗМ" становится наиболее актуальной в печати в периоды внешних экономических потрясений, таких, как пандемии или войны. Основная цель использования этой метафоры в печатных изданиях заключается в том, чтобы прояснить экономическое состояние страны для непрофессиональной аудитории через наиболее знакомую область-источник ("больной организм"). На всем протяжении определения фаз экономического кризиса преобладают отрицательные метафоры, описывающие экономику как слабую и уязвимую, с симптомами, сходными с заболеваниями. А в периоды посткризисного восстановления наиболее заметными становятся положительные метафоры, которые акцентируют внимание на процесс улучшения экономического положения.

Ключевые слова: концептуальная метафора, область-источник, область-цель, концептуальное картирование, междоменное картирование, метафорическая модель, экономический дискурс.

 Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

---------------

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.