Научная статья на тему '17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ'

17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ուսումնական ձեռնարկ / դասագիրք / երկլեզու / այբուբեն / դպրոց / գործառնականություն / կողմնորոշիչ / հայոց լեզու / կրոն / բնական գիտություններ / study manual / textbook / bilingual / alphabet / school / functionality / orientation / Armenian language / religion / natural sciences

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Քրիստինե Մելքումյան

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել 17-րդ դարի հայերեն կամ հայերենին առնչվող տպագիր ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը: Հոդվածում խնդիր է դրված վեր հանել այդ ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի տեսակները, հիմնավորել դրանց գործածականությունն ու ներկայացնել գործառույթները: 17-րդ դարում դասագիրք և ուսումնական ձեռնարկ հասկացությունները ինչ-որ իմաստով հարաբերական են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կոնկրետ հասցեականություն, օրինակ՝ տարիքային, ինչպես ժամանակակից դասագրքերի ու ուսումնական ձեռնարկների պարագայում է, չունեն: Հոդվածը գրված է վերլուծական, պատմական և համեմատական մեթոդների կիրառմամբ: Հոդվածում հանգում ենք այն եզրակացությանը, որ 17-րդ դարում, հատկապես Հռոմում, Միլանում ու Փարիզում տպագրված հայերեն կամ հայերենին առնչվող դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, թեպետ ունեին ընդգծված քարոզչական նպատակներ, սակայն կազմված են այնպես, որ կարող են ուսումնական ձեռնարկ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել հայոց լեզվին: Հայ տպագրիչների կողմից և հայ եկեղեցական միջավայրում տպագրված ձեռնարկները նախատեսված էին նաև չափահասների համար, իսկ աշխարհագրական գիտելիքներ, տոմարական հաշվումներ և մաթեմատիկական գործողություններ սովորեցնող ձեռնարկները՝ վաճառականների համար: 17-րդ դարի այն հրատարակությունները, որոնք վերաբերում էին գիտության տարբեր բնագավառներին, ոչ թե այդ բնագավառներին վերաբերող ուսումնասիրություններն էին, այլ այդ բնագավառների գիտելիքները հայ ընթերցողին հանրամատչելիորեն ներկայացնող ձեռնարկներ, որոնք մեծացնում են 17-րդ դարի ուսումնական ուղղվածություն ունեցող հրատարակությունների թիվը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по языкознанию и литературоведению , автор научной работы — Քրիստինե Մելքումյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIAN PRINTED STUDY MANUALS OF THE 17TH CENTURY

The purpose of this article is to present and analyze printed Armenian or Armenian-language manuals and textbooks of the 17th century. The task of the given article is to highlight the types of these manuals and textbooks, justify their functionality, and present their functions. In the 17th century, the concepts of textbook and manual were relative in some sense, due to the fact that they did not have a specific addressability, for example, related to age, as is in the case of modern textbooks and manuals. The article is written using analytical, historical, and comparative methods. In this article we conclude that the Armenian or Armenian-language textbooks and study guides printed in the 17th century, especially those published in Rome, Milan and Paris, although propaganda in nature, were aimed at specific activities and were designed in such a way that they could be used by anyone who wanted to learn Armenian. The manuals printed by the Armenian church or Armenian printers environment were also intended for adults. Manuals for merchants teach geographical knowledge, calendar calculations and mathematics. In addition to religious-ecclesiastical literature, publications of the 17th century devoted to various fields of science were, in fact, not studies related to these fields, but manuals presenting knowledge in these fields to the Armenian-speaking reader in a generally accessible language which significantly increases the number of educational publications of the 17th century.

Текст научной работы на тему «17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ»

17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ 

ՀՏԴ 82.09

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության

ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

kristine.melqumyan.83@mail.ru

ORCID: 0000-0001-6099-7007

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել ու վերլուծել 17-րդ դարի հայերեն կամ հայերենին առնչվող տպագիր ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը:

Հոդվածում խնդիր է դրված վեր հանել այդ ուսումնական ձեռնարկների ու դասագրքերի տեսակները, հիմնավորել դրանց գործածականությունն ու ներկայացնել գործառույթները: 17-րդ դարում դասագիրք և ուսումնական ձեռնարկ հասկացությունները ինչ-որ իմաստով հարաբերական են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կոնկրետ հասցեականություն, օրինակ՝ տարիքային, ինչպես ժամանակակից դասագրքերի ու ուսումնական ձեռնարկների պարագայում է, չունեն:

Հոդվածը գրված է վերլուծական, պատմական և համեմատական մեթոդների կիրառմամբ:

Հոդվածում հանգում ենք այն եզրակացությանը, որ 17-րդ դարում, հատկապես Հռոմում, Միլանում ու Փարիզում տպագրված հայերեն կամ հայերենին առնչվող դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, թեպետ ունեին ընդգծված քարոզչական նպատակներ, սակայն կազմված են այնպես, որ կարող են ուսումնական ձեռնարկ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել հայոց լեզվին: Հայ տպագրիչների կողմից և հայ եկեղեցական միջավայրում տպագրված ձեռնարկները նախատեսված էին նաև չափահասների համար, իսկ աշխարհագրական գիտելիքներ, տոմարական հաշվումներ և մաթեմատիկական գործողություններ սովորեցնող ձեռնարկները՝ վաճառականների համար: 17-րդ դարի այն հրատարակությունները, որոնք վերաբերում էին գիտության տարբեր բնագավառներին, ոչ թե այդ բնագավառներին վերաբերող ուսումնասիրություններն էին, այլ այդ բնագավառների գիտելիքները հայ ընթերցողին հանրամատչելիորեն ներկայացնող ձեռնարկներ, որոնք մեծացնում են 17-րդ դարի ուսումնական ուղղվածություն ունեցող հրատարակությունների թիվը:

Հիմնաբառեր` ուսումնական ձեռնարկ, դասագիրք, երկլեզու, այբուբեն, դպրոց, գործառնականություն, կողմնորոշիչ, հայոց լեզու, կրոն, բնական գիտություններ:

Ներածություն

Ուսումնական ձեռնարկների և դասագրքերի ըմբռնումն ու դրանց ստեղծումը հայ իրականության մեջ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են եղել՝ պայմանավորված կոնկրետ գործառնությունների, նպատակների ու առաջնահերթությունների գերակայությամբ: Շատ կարևոր է տարբեր դարաշրջանների կամ ժամանակահատվածների հայկական ու հայերեն դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները գնահատելիս կամ արժևորելիս՝ երբեք նկատի չունենալ այն չափանիշները, չափորոշիչները, գործածականությունն ու նպատակները, որոնցով դրանք ըմբռնվում են արդի ժամանակներում:

Մասնավորապես, մեր ուսումնասիրության խնդրադրության ժամանակաշրջանում դասագիրք և ուսումնական ձեռնարկ հասկացությունները ինչ-որ իմաստով հարաբերական են: Դա պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ կոնկրետ, այսպես ասած դասապրոցեսային հասցեականություն, օրինակ՝ տարիքային, ինչպես ժամանակակից դասագրքերի ու ուսումնական ձեռնարկների պարագայում է, չունեն: Հարցն այն է, որ այդ ժամանակաշրջանում հասցեականության գլխավոր թիրախ, այսինքն՝ դպրոց, նույնպես ժամանակակից ըմբռնմամբ, գրեթե գոյություն չուներ: Գործել են տարբեր տիպերի ուսումնական հաստատություններ, որոնք միասնական կրթական ծրագրով չեն գործել: Ընդ որում, այս դեպքում հարկ է արձանագրել, որ 17-րդ դարն այդ առումով ինչ-որ իմաստով բեկումնային էր: Հարցն այն է, որ պատերազմներով, գաղթերով, ինչպես նաև հայ հասարակության մեջ որոշակի հուսահատական տրամադրություններով ու բարոյալքմամբ պայմանավորված կրթական-մշակութային անկումը 17-րդ դարավերջին կամաց-կամաց սկսեց տեղի տալ կրթական-մշակութային վերելքին, այդ թվում՝ տպագրական գործի վերաթարմացմանն ու ինչ-որ առումով աշխարհագրական տեսանկյունից՝ ընդլայմանը (Իշխանյան 317-328):

Մեր ուսումնասիրության խնդրադրության տեսանկյունից այստեղ ուշագրավ ու կարևոր է այն հանգամանքը, որ, ինչպես գրում է Ռաֆայել Իշխանյանը․ "Հայկական տպագրության զարգացումը 17-րդ դարում շատ թելերով կապված է... Սյունյաց մեծ անապատի հետ" (Իշխանյան 327): Սա նշանակում է, որ կրթական-ուսումնական նպատակների պահանջարկով է նաև, որ զարգացել է հայ տպագրությունը: Մյուս կողմից՝ կարևոր է Վարդան Դևրիկյանի այն դիտարկումը, որ 17-րդ դարում հայ ժողովրդի մտավոր վերածնությունն ապահոված գրեթե բոլոր գործիչները, մասնավորապես՝ Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսները, "ուղղակիորեն կապված են հայ տպագիր գրքի և հայ տպագրության հետ" (Դևրիկյան 7):

Ուստի, բուն ուսումնասիրությանն անցնելուց առաջ ամրագրենք ամենակարևորը՝ դասագիրք և ուսումնական ձեռնարկ հասկացությունները ուսումնասիրվող ժամանակաշրջանում ինչ-որ առումով հարաբերական են: Դրանց ըմբռնումն ու գնահատումը պայմանավորված է, թե ինչ նպատակի համար են նախատեսված եղել, այսինքն՝ գործառնական հատույթը: Այլ խոսքով՝ շատ հաճախ գործառնականությունն ու նպատակը վերաիմաստավորում են գրքի բնույթը:

Գրքերի՝ ուսումնական ուղղվածության կողմնորոշիչները

Գրքերի՝ ուսումնական ուղղվածության կողմնորոշիչների առումով՝ նախևառաջ պետք է նկատի ունենալ այն, թե արդյոք դրանք հետապնդում են ուսումնական և կրթական նպատակներ: Ուսումնասիրությունները փաստում են, որ բավական շատ են այն հրատարակությունները, որոնք նախատեսված են եղել ժամանակի հայկական ուսումնական հաստատությունների համար: Մյուս կողմից՝ այդ շարքին պետք է դասել նաև Հռոմի՝ քարոզչական նպատակներով իրականացված հայերեն ուսումնական հրատարակությունները (Ճեմճեմեան Սահակ Վրդ., Հայ տպագրութիւնը եւ Հռոմ (ԺԷ. դար)): Նույնը վերաբերում է նաև եվրոպական դիվանագիտական կենտրոնների, հատկապես Փարիզի ու Միլանի հայերեն այն հրատարակություններին, որոնց նպատակն էր հայերեն սովորեցնել եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, որպեսզի Արևելքում իրենց գործունեության ընթացքում նրանք անմիջաբար կարողանային հաղորդակցվել հայերի հետ, որոնց մեծ դեր էին վերապահում իրենց առաջխաղացման և արևելքի մի շարք երկրներ ներթափանցման գործում:

Բնականաբար, այս հատույթում կարևոր տեղ են գրավում հայոց եկեղեցու հրատարակությունները, որոնք յուրովի շարունակում էին այս բնագավառում ձեռագրերից եկող նախորդ դարերի ավանդույթները:

Ընդհանրապես, եթե մի փոքր ավելի նեղ հատույթում դիտարկենք հարցը, ապա քննարկվող ժամանակաշրջանում մեծ հաշվով դասագրքերի և, ընդհանրապես, ուսումնական ձեռնարկների կարևոր յուրահատկությունն այն էր, որ դրանք ավելի շատ ուղղված էին ոչ թե պատանեկան տարիքի դպրոցականներին կամ ուսումնառողներին, այլ ավելի չափահասներին՝ նրանց համապատասխան գիտելիքներ հաղորդելու համար:

Ուսումնական բնույթի հրատարակություններն այս առումով ավելի շատ ուղղված էին մեծերին և պարունակում էին ընդհանուր գիտելիքներ տարբեր գիտությունների և կյանքի բնագավառների վերաբերյալ:

Այս պայմաններում դասագրքերին առավել մոտ էին լեզվի և կրոնի ուսուցմանը վերաբերող ձեռնարկները, որոնք որոշակիորեն տարբեր նպատակներ էին հետապնդում՝ պայմանավորված այն հարցով, թե դրանք արդյոք հայերի կողմից էին հրատարակված, թե եվրոպացիների:

Օրինակ՝ այբբենարանի եվրոպական հրատարակությունները, ինչպես նշել ենք, նպատակ ունեին հայերեն սովորեցնելու դիվանագիտական առաքելությունների և կրոնական տարբեր միաբանությունների ներկայացուցիչներին: Նույն ձևով նրանց հրատարակած կրոնի դասագրքերը, որոնք սովորաբար ունեին "Վարդապետութիւն քրիստոնեական" անվանումը, նախատեսված էին կաթոլիկ քարոզչության համար: Կրոնի նման դասագրքերը այն յուրահատկությունն ունեին, որ դրանք ոչ թե անմիջաբար նախատեսված էին աշակերտների ուսումնառության, այլ որպես մեթոդական ձեռնարկներ էին ծառայում միսիոներներին՝ կաթոլիկությունը քարոզելու համար:

Հայոց եկեղեցու հրատարակությունները, անմիջաբար ուղղված լինելով ընթերցող աշակերտին, նույնպես ավելի շատ վերաբերում էին չափահասներին: Ասվածի հաստատումն է և այն, որ այս գրքերի առաջաբաններում և հիշատակարաններում օգտագործվող և ընթերցողին ուղղված "մանուկ" և "պատանի" բնորոշումներն ավելի շատ վերաբերում են ոչ թե նրանց տարիքային աստիճանին, այլ մտավոր պատրաստվածությանը, որ նրանք որպես նորավարժ մանուկներ պետք է սկսեն յուրացնել այդ գրքերում գրվածները և հասնել որոշակի մտավոր մակարդակի:

Առավել ևս մեծերի ու հատկապես վաճառականների համար էին նախատեսված աշխարհագրական գիտելիքներ, տոմարական հաշվումներ և մաթեմատիկական գործողություններ սովորեցնող ձեռնարկները:

Կրոնաեկեղեցական գրականությունից դուրս՝ 17-րդ դարի այն հրատարակությունները, որոնք վերաբերվում էին գիտության տարբեր բնագավառներին, ըստ էության, ոչ թե այդ բնագավառներին վերաբերող ուսումնասիրություններն էին, այլ այդ բնագավառների գիտելիքները հայ ընթերցողին հանրամատչելիորեն ներկայացնող ձեռնարկներ:

Այս հանգամանքը նկատելիորեն մեծացնում է 17-րդ դարի ուսումնական ուղղվածություն ունեցող հրատարակությունների թիվը:

Եվ վերջապես, քննարկվող ժամանակաշրջանում որևէ հրատարակության կրթական և ուսումնական ուղղվածություն ունենալու կարևոր փաստարկներից մեկը շարադրանքի լեզուն է՝ այն գրված է գրաբարո՞վ, թե՞ ժամանակի խոսակցական լեզվով, որով գրվում էին գործնական կիրառություն ունեցող գործերը:

Ահա այս հենքով այժմ ներկայացնենք 17-րդ դարի ուսումնական և նման ուղղվածություն ունեցող հայոց լեզվին և կրոնին վերաբերող հրատարակությունները:

Հայոց լեզվի և կրոնի դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները

Հայոց լեզվի և կրոնի դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները որոշ առումներով պետք է դիտարկել միասնական հատույթում այն պատճառով, որ տարբեր նպատակներից ելնելով՝ դրանց հեղինակները կամ տպագրիչները կապակցում էին այդ երևույթները: Հիմնականում, հատկապես օտարազգի հեղինակների ու տպագրիչների հրատարակություններում հայոց լեզվի ուսուցումը հետապնդում էր հետագայում կրոնական քարոզչություն իրականացնելու նպատակ, և պատահական չէ, որ 17-րդ դարում տպագրված այդօրինակ գրքերը հիմնականում համադրում են այդ երկու հատույթները: Պատահական չէ, որ հայերենի առաջին այբբենարաններն ու քերականության դասագրքերը նախաձեռնվեցին և հրատարակվեցին Իտալիայում և ոչ հայ հեղինակների կամ տպագրիչների կողմից (Մելքումյան 86-92):

Եվ ընդհանրապես, հարկ է նշել, որ հայոց լեզվին վերաբերող և "Այբուբենք հայոց" կամ "Այբբենարանք հայոց" անվանվող, ինչպես նաև կրոնական առաջին ձեռնարկները տպագրվել են Միլանում, Հռոմում և Փարիզում1:

17-րդ դարի սկզբում Միլանում հիմնվում է Ամբրոսյան դպրոցը և արևելյան լեզուներով հրատարակություններ իրականացնելու տպարանը: Ինչպես գրում է Սահակ վրդ. Ճեմճեմեանը․ "Պապերու կողմէ արեւելեան լեզուներով տպարան հաստատելու նպատակը մէկ էր. տպագրուած գիրքերը միսիոնարներու կողքին յարմարագոյն միջոցն էր տարածելու կաթողիկէ վարդապետութիւնը, դարձի բերելու արեւելեան Եկեղեցիները" (Ճեմճեմեան Սահակ Վրդ. 9):

Այդ տպարանում 1624 թվականին լույս է տեսնում Ֆրանչիսկոս Ռիվոլայի "Քերականութիւն հայոց" գիրքը: Այն նախատեսված է հայերեն չիմացողներին հայերեն սովորեցնելու համար և կարելի է համարել հայերեն ինքնուսույցների նախօրինակը: Քերականությունը գրված է լատիներենով և հայերենից բերված օրինակներն են գրված հայերենով (Grammaticae Armenae- Քերականութիւն հայոց 8-10, 14-16, 19, 21 և այլն): Այն գործնական քերականություն է: Հատկապես մեծ ուշադրություն է դարձված հնչյունաբանությանը, որպեսզի հայերեն չիմացողները ոչ միայն կարդալ սովորեն, այլև կարողանան ճիշտ սրբագրել ասվածը: Մեծ տեղ է տրված երկբարբառների ուղղագրությանը և ճիշտ կարդալուն:

Սկսած այս հրատարակությունից՝ հայերենի քերականությանը նվիրված ձեռնարկներում սիստեմավորված ձևով ներկայացվում են հեգելով (վանկ առ վանկ կարդալով), բերվում են միավանկ, երկվանկ և բազմավանկ բառերը:

Փարիզում նույն քաղաքական նպատակով կարդինալ Ռիշելլիոն 1630-ական թվականներին հիմնում է ակադեմիա արևելյան ուսումնասիրությունների համար: 1634 թվականին այստեղ լույս է տեսնում "Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան" ձեռնարկը, որն իր հերթին արտատպությունն էր Հռոմում 1630 թվականին իրականացված հրատարակության (Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան -Explanation of Christian Mission): Այս ձեռնարկը, բնականաբար, նույնպես երկլեզու է:

Այն, որ քրիստոնեական վարդապետություն անվանվող այս գրքերը ոչ թե կրոնական աշխատանքներ են, այլև ուսումնական ձեռնարկներ, դիտարկելի է մի քանի գործոնով: Նախ՝ շարադրանքի ոճը, որ չափազանց համառոտ է, ապա՝ լեզուն, որ պարզ է և առանց բառաբարդումների, մյուս կողմից՝ շատ հստակ են ներկայացվում քրիստոնեական հավատի տարբեր հասկացությունները: Բայց ամենակարևորն այստեղ այդ գրքերի կառուցվածքն է, որը ենթարկված է ուսումնական ձեռնարկներին բնորոշ յուրահատկություններին: Դրանք մեծ մասամբ գրված են հարց ու պատասխանի ձևով: Նախ՝ աշակերտի հարցն է, ապա հաջորդում է ուսուցչի պատասխանը: Ընդ որում՝ հարցերը բավական կարճառոտ են, իսկ պատասխանները գրեթե միշտ ավելի ընդարձակ (Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան, 1634թ, 1, 2, 67, 84 և այլն):

Իսկ մինչ այդ Հռոմում քարոզչական նպատակով 1623 թվականին իրականացվել էր նաև հայերենի քերականության հրատարակություն, որը կոչվում էր "Այբուբեն հայոց" (Աիբուբիենք Հայոց: Alphabetum/ Armenum Գ): Այն ևս երկլեզու է՝ լատիներեն և հայերեն: Նույն ձևով է բերված նաև հայոց այբուբենը: Հայերեն յուրաքանչյուր տառի դիմաց նշվում է նրա տառադարձությունը լատիներենով: Այս շրջանի թե՛ եվրոպական և թե՛ հայկական քերականական ձեռնարկներին բնորոշ հատկանիշներից է այն, որ որպես օրինակ բերվող բառերը հիմնականում պատկանում են հոգևոր բառաշերտին: Հոլովված ձևերով բերված են Աստված, Քրիստոս, Հիսուս, Տեր, սրբություն, կաթողիկոս, վարդապետ, ծառա, թագավոր, հրեշտակ, առաքյալ բառերը (Աիբուբիենք Հայոց: Alphabetum/ Armenum Թ): Նույն ձևով հայերեն կարդալու համար ընտրված են Տերունական աղոթքը, հրեշտակի՝ Մարիամին ուղղված ողջույնը՝ Ավե Մարիան, Հավատո հանգանակը (Աիբուբիենք Հայոց: Alphabetum/ Armenum Ժ-ԺԱ):

Հայերենի ուսուցման դասագրքային կամ ձեռնարկային ավանդույթի ամրապնդման տեսանկյունից կարևոր հրատարակություն է նաև Կղեմես Գալանոսի "Քերական եւ տրամաբանական ներածութիւն" գիրքը, որ տպագրվել է Հռոմում 1645 թվականին։

Գիրքը տիտղոսաթերթում վերնագրված է "Քերականական, եւ տրամաբանական ներածութիւն առ յիմաստասիրութիւնն շահելոյ", ինչը, ըստ էության, պարզաբանում է նաև գրքի ստեղծման նպատակը Գալանոսը որպես քարոզիչ գրում է գործնական քերականություն, որպեսզի դրա հիման վրա հայկական միջավայրում իրենց քարոզությունն իրականացնող լատին հոգևորականները կարողանային անմիջաբար հայերեն խոսել և ոչ թե թարգմանիչների օգնությամբ: "Շահելոյ" բառը, որը կցված է քերականությանը, ունի նաև "օգտվել" իմաստը: Նշանակում է, որ սա մի ձեռնարկ է, որից օգտվելու են հայերենի քերականությունը սովորելու համար:

Հայ տպագրիչների կողմից և հայ եկեղեցական միջավայրում առաջին ուսումնական ձեռնարկը տպագրվել է Ամստերդամում Ոսկան Երևանցու կողմից 1666 թվականին: Այն անվանվում է "Այբբենարան և քրիստոնէական", որն ինչպես գրքի առաջաբանում է ասվում նախատեսված է "յաղագս նորեկ տղայոց և մանկանց անկրթից" (Այբբենարան եւ քրիստոնէական 1):

Գրքի քննությունը ցույց է տալիս, որ թե՛ այստեղ, թե՛ ընդհանրապես 16-17-րդ դարերի հրատարակություններում "Այբուբեն" բառն ընկալվել է որպես սկզբնական գիտելիք և ոչ թե որպես միայն տառերի դասավորված հաջորդականություն: Գրքում նշվում է, որ գրաճանաչությունը միջոց է աստվածային խորհուրդներին հասու լինելու: Ասվածին համաձայն՝ այբուբենի ուսուցմանը հաջորդում է քրիստոնեականի բաժինը, որում կրոնական սկզբնական գիտելիքներ են հաղորդվում, որն էլ իր հերթին է համարվում Հավատո այբուբեն:

"Այբբենարան և քրիստոնէական" ձեռնարկը իր կառուցվածքով նման է "Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան" ձեռնարկին, թեպետ միայն հայերեն է: Այստեղ էլ գիտելիքը մատուցվում է հարց ու պատասխանի ձևով:

Կարդալ սովորեցնող բաժնի սկզբում որպես հարց ասվում է, թե ինչպես պետք է կրթության տալ երեխաներին և որպես պատասխան նշվում է, թե՝ "Նախ և առաջին զտառսն միահամուռ շարագծել՝ զձայնաւորսն, և զբաղաձայնսն. և ապայ բաժանել զնոսա ի միմեանց" (Այբբենարան եւ քրիստոնէական 3), այսինքն՝ հարկավոր է տառերը միահամուռ գրել, այլ խոսքով՝ ամբողջականորեն և ոչ թե մասնիկ առ մասնիկ:

Հայոց այբուբենի գրերի թիվը ներկայացվում է ոչ թե ըստ Մաշտոցի ստեղծածի, այլ ըստ Կիլիկյան շրջանի գրային համակարգի, երբ ավելացվել էին օ-ն և ֆ-ն, որի համար ընդունված 29 բաղաձայնի և 7 ձայնավորի փոխարեն ասվում է, թե Հայոց այբուբենը ունի 8 ձայնավոր և 30 բաղաձայն (Այբբենարան եւ քրիստոնէական 4):

"Այբբենարան և քրիստոնէական" ձեռնարկում հնչյունը սահմանվում է որպես բառի նվազագույն միավոր, որին հաջորդում է վանկը, որն արդեն բառի մասն է:

Ոսկան Երևանցու հրատարակած "Այբբենարան և քրիստոնէական" ձեռնարկը չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ միայն որպես սկզբնավորող, այլև միտում թելադրող երևույթ: Հարցն այն է, որ հայոց լեզվին նվիրված դասագրքերի՝ Ոսկան Երևանցու ձեռնարկում ամրագրված կառուցվածքը շարունակվում է մինչև 1730-ական թվականները, մինչև Մխիթար Սեբաստացու հրատարակած քերականական աշխատանքները:

Քերականագիտական աշխատանքների և քերականական ձեռնարկների միջև միջանկյալ տեղ է գրավում դարձյալ Ոսկան Երևանցու կողմից նույն՝ 1666 թվականին հրատարակված "Քերականութիւնը": Այդ գրքի նպատակների և առավելապես ձեռնարկի հատույթում դիտարկվելու օգտին է խոսում տիտղոսաթերթի գրությունը. "ՔԵՐԱԿԱՆՈՒ/ԹԵԱՆ./ԳԻՐՔ/ Համառօտիւք ծայրաքաղ արարեալ /Յաղագս մանկանց./ և նորավարժից/ կրթութե[ան]. Ի տառս մատենից/ և ի գիտու[թ]ի[ւն]ս մասանց բանի, /ըստ քերթութեան /արհեստի։/" (Ոսկան Երևանցի 2): Ինչպես գրում է Ռաֆայել Իշխանյանը․ "Քերականական այս աշխատությունը լատինաբան գրաբարի ուսուցման ձեռնարկի հատկանիշներ ունի, բայց և շատ կողմերով ինքնուրույն է ու հետաքրքրական" (Իշխանյան 435):

Եզրակացություն

Հայերենի և կրոնի դասագրքերը, ամեն դեպքում, որոշակիորեն վերաբերում էին նաև դպրոցական տարիքին՝ անկախ այդ ձեռնարկների բուն նպատակադրումներից: 17-րդ դարի ուսումնական ձեռնարկների մյուս խումբը, որ վերաբերում է աշխարհագրությանը, մաթեմատիկային, տոմարագիտությանը, հստակորեն նախատեսված էին հայ վաճառականների համար, որպեսզի նրանք օգտվեին իրենց առևտրական գործունեության ընթացքում երկրեերկիր անցնելիս:

Դասագրքերի և ուսումնական ձեռնարկների այս լայն ընդգրկումից մասնագիտացվածությանը անցում է կատարվում Մխիթարյան միաբանության հիմնադրմամբ, երբ եվրոպական փորձի համադրմամբ ու Եվրոպայի խաղաղ պայմաններում հնարավոր է դառնում իրականացնել կանոնավոր ուսուցում, որն իր հերթին պարտադրում է համապատասխան դասագրքերի ստեղծումը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Աիբուբիենք Հայոց, տպ. Ստ. Պավլինյան, Հռոմ, 1623:

2. Այբբենարան եւ քրիստոնէական, տպարանում սրբոյ Էջմիածնի և սրբոյն Սարգսի զօրավարի, Ամստերդամ, 1666:

3. Այբուբեն հայոց, տպ. Ուրբանյան, Հռոմ, 1673:

4. Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան, Հռոմ, 1630:

5. Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան, Փարիզ, 1634:

6. Դևրիկյան Վարդան, Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Բ. Լվովից Ամստերդամ (17-րդ դար), Երևան, 2014:

7. Իշխանյան Ռաֆայել, Հայ գրքի պատմություն, Երևան, 2012:

8. Կղեմես Գալանոս, Քերական և տրամաբանական ներածութիւն, Հռոմ, 1645:

9. Ճեմճեմեան Սահակ Վարդապետ, Հայ տպագրութիւնը եւ Հռոմ (ԺԷ. դար), Վենետիկ-Սուրբ Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար "Բազմավէպ", թիւ 29)։

10. Մելքումյան Քրիստինե, "Հայոց լեզվի տպագիր առաջին երեք դասագրքերը". "Հայագիտական հանդես", Ν4 (42), Երևան, 2018, էջ 86-92:

11. Ոսկան Երևանցի, Քերականութիւն, Ամստերդամ, 1666:

12. Francisco Rivola, Grammaticae Armenae, Mediolani, 1624:

WORKS CITED

1. Aibubienq Hayoc, Hr'om, [Armenian Alphabet, Rome] 1623.

2. Aybbenaran ew qristone'akan, Amsterdam, [Primer in Reading and Christian Faith, Amsterdam] 1666. (in Armenian)

3. Aybuben hayoc, Hr'om, [Armenian Alphabet, Rome] 1673. (in Armenian)

4. Ar'awel parzabanut'iun qristone'akan vardapetut'ean, Hr'om, [Explanation of Christian Mission, Rome] 1630. (bilingual Armenian-Latin)

5. Ar'awel parzabanut'iwn qristone'akan vardapetut'ean, P'ariz, [Explanation of Christian Mission, Paris] 1634. (bilingual Armenian-Latin):

6. Derikyan Vardan, Hay girqy' ashxarhi xachmeruknerum, masn B. Lvovic Amsterdam (17-rd dar), Erevan, [The Armenian Book in the World Crossroads, Part II, From Lviv to Amsterdam (17th century) Yerevan] 2014. (in Armenian)

7. Ishxanyan Rafael, Hay grqi patmut'yun, Erevan, [History of the Armenian book] 2012. (in Armenian)

8. Kghemes Galanos, Qerakan ev tramabanakan neracut'iun, Hr'om, [Grammaticae et logigae/ Institvtiones] 1645. (in Armenian):

9. Temtemean Sahak Vardapet, Hay tpagrut'iuny' ew Hr'om (JhE'. dar), Venetik-S. Ghazar, [Armenian printing and Rome (17th century), Venice-St. Lazarus] 1989 (Hayagitakan matenashar "Bazmave'p", t'iw 29) (in Armenian)

10. Melqumyan Kristine, Hayoc lezvi tpagir ar'ajin ereq dasagrqery', Erevan, "Hayagitakan handes", Ν4 (42), [The first printed three books of Armenian, Yerevan] 2018, e'j 86-92. (in Armenian)

11. Oskan Erevanci, Qerakanutiun, Amsterdam, [Grammar] 1666. (in Armenian)

12. Francisco Rivola, Grammaticae Armenae, Mediolani, [Grammaticae Armenae, Mediolani (Milan)] 1624. (in Armenian)

ARMENIAN PRINTED STUDY MANUALS OF THE 17TH CENTURY

KRISTINE MELKUMYAN

NAS RA Institute of Literature after M. Abegyan, Ph.D. Student,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of this article is to present and analyze printed Armenian or Armenian-language manuals and textbooks of the 17th century.

The task of the given article is to highlight the types of these manuals and textbooks, justify their functionality, and present their functions. In the 17th century, the concepts of textbook and manual were relative in some sense, due to the fact that they did not have a specific addressability, for example, related to age, as is in the case of modern textbooks and manuals.

The article is written using analytical, historical, and comparative methods.

In this article we conclude that the Armenian or Armenian-language textbooks and study guides printed in the 17th century, especially those published in Rome, Milan and Paris, although propaganda in nature, were aimed at specific activities and were designed in such a way that they could be used by anyone who wanted to learn Armenian. The manuals printed by the Armenian church or Armenian printers environment were also intended for adults. Manuals for merchants teach geographical knowledge, calendar calculations and mathematics. In addition to religious-ecclesiastical literature, publications of the 17th century devoted to various fields of science were, in fact, not studies related to these fields, but manuals presenting knowledge in these fields to the Armenian-speaking reader in a generally accessible language which significantly ncreases the number of educational publications of the 17th century.

Keywords: study manual, textbook, bilingual, alphabet, school, functionality, orientation, Armenian language, religion, natural sciences.

АРМЯНСКИЕ ПЕЧАТНЫЕ УЧЕБНЫЕ ПОСОБИЯ 17 ВЕКА

КРИСТИНЕ МЕЛКУМЯН

младший научный сотрудник

Института литературы имени М.Абегяна НАН РА,

г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - представить и проанализировать печатные армянские или армяноязычные учебные пособия и учебники 17 века.

Задача статьи - выделить виды этих учебных пособий и учебников, обосновать их использование и представить их функциональность. В XVII веке понятия "учебник" и "учебное пособие" в некотором смысле были относительны, так как они не имели конкретного распределения, например, возрастного, как это свойственно современным учебникам и учебным пособиям.

Статья написана с использованием аналитического, исторического и сравнительного методов.

В статье мы приходим к выводу о том, что напечатанные в 17 веке армянские или армяноязычные учебники и учебные пособия, особенно те, которые были опубликованы в Риме, Милане и Париже, хотя и носили характер пропаганды, были направлены на конкретную деятельность и составлены таким образом, чтобы могли быть использованы всеми, кто хочет выучить армянский язык. Пособия, напечатанные в армянских типографиях и церквях, предназначались и для взрослых. Предназначенные для купцов пособия давали определенные географические знания, обучали счету, простым математическим действиям. Помимо религиозно-церковной литературы, издания XVII века, посвященные различным областям науки, были, по сути, не научными исследованиями, а пособиями, представляющими армяноязычному читателю на общедоступном языке знания в этих областях. Эти издания значительно увеличили количество учебно-просветительских изданий 17 века.

Ключевые слова: учебное пособие, учебник, двуязычный, алфавит, школа, функциональность, направленность, армянский язык, религия, естественные науки.

 Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

1 Օրինակ, Աիբուբիենք Հայոց: Alphabetum/ Armenum, Հռոմ, տպ. Ստ. Պաւլինեան, 1623; Grammaticae Armenae- Քերականութիւն հայոց, Միլան, տպ. Ամբրոսյան վարժարանի, 1624; Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան, Հռոմ, տպ. Ուրբանյան, 1630; Այբուբեն հայոց, Հռոմ, տպ. Ուրբանյան, 1673, և այլն:

---------------

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.