ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ)
ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ
Հայկական քաղաքակրթությանը բնորոշ բաղադրիչներից է հանդիսանում պետականությունը, որն ունի բնորոշիչ առանձնահատկություններ և զարգացման ուրույն ուղի է անցել: Հայկական լեռնաշխարհն իր աշխարհագրական դիրքով պատմության ընթացքում գտնվել է տարածաշրջանային խոշոր ուժերի ուշադրության կենտրոնում, ուստի մեկ անգամ չէ, որ հայկական պետականությունը ենթարկվել է արտաքին հարձակումներին ու մարտահրավերներին, սակայն հայ ժողովուրդը կարողացել է պահպանել պետականաշինության գաղափարները և ձգտումները, որոնց արդյունքն է հանդիսանում արդի հայկական պետականությունը1 2: Ներկայումս' երրորդ հանրապետության շրջանում, հայկական պետականության առջև կանգնած մարտահրավերներն առաջարկում ենք խմբավորել երեք ոլորտներով'
1. սոցիալ-տնտեսական,
2. մշակութային-ինքնության,
3. արտաքին քաղաքական:
Այս մարտահրավերները պայմանավորված են միմյանցով և կարծես մեկ համակարգի տարբեր բաղադրիչներ են ներկայացնում: Փորձենք քննարկել երրորդ հանրապետության շրջանում հայկական պետականության արտաքին քաղաքական որոշ մարտահրավերներ:
Պետականության կերտումը երրորդ հանրապետության շրջանում սկսվում է ԽՍՀՄ-ի փլուզումով, երբ անկախանում են խորհրդային բոլոր
հանրապետությունները : 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով սկսվում է հայկական երրորդ հանրապետության պատմությունը: Այս նույն
ժամանակաշրջանում հայկական նորանկախ պետականությունը ենթարկվում է արտաքին լուրջ մարտահրավերի, այն է' արցախյան պատերազմը: Այս պատերազմը, կարծում ենք, կարևոր նշանակություն ունեցավ հայկական պետականության կայացման տեսանկյունից: Արցախյան պատերազմում Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակն ունեցավ ոչ միայն բարոյահոգեբանական մեծ նշանակություն, այլև դարձավ հայկական պետականության ամրապնդման կարևոր հիմքերից: Ակնհայտ դարձավ, որ արդի զարգացումներում պետականությունն ազգի պահպանման ու զագացման միակ իրական հիմքն է հանդիսանում: Մյուս կողմից, պետականաշինության գործընթաց սկսվեց նաև ազատագրված Արցախում: Հարկավոր է ընդգծել, որ Արցախում հաստատված պետականությունը հանդիսանում է արդի հայկական պետականության մի մաս:
Արցախյան պատերազմը և դրան հետևող արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը ցույց տվեցին, որ հայկական պետականության արտաքին մարտահրավերների շարքում կարևոր է ադրբեջանական-թուրքական
1
Հայկական քաղաքակրթության հայեցակարգային մոտեցումներից է քաղաքակրթական նպատակ հասկացողությունը: Հայկական քաղաքակրթությանը բնորոշ երկու նպատակներն են' 1. պետականության ստեղծում և հզորացում, 2. ինքնության պահպանում և հարստացում: Սաֆրաստյան Ռ., Հայկական քաղաքակրթություն. տեսական հարցադրումներ, Հայկական քաղաքակրթության ուսումնասիրման արդի հիմնախնդիրները, գիտաժողովի հիմնադրույթներ, Եր., 2016, էջ 29:
2 1991 թ. դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի նախագահները Բելովեժյան թավուտում (Բելառուս) հանդիպեցին և համատեղ հայտարարությամբ հռչակեցին ԽսՀմ փլուզման և իրենց պետությունների անկախության մասին: Соглашение о создании СНГ ("Беловежское соглашение"). Справка, http://ria.ru/sDravka/20111208/508143773.html (12.07.2018).
- 65 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
գործոնը: Ընդհանրապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերելք ապրեցին նոր համաթյուրքականության գաղափարները, որոնք լայնորեն տարածվեցին նաև Ադրբեջանում և ադրբեջանական կառավարությունը փորձեց դրանք օգտագործել Արցախյան հիմնախնդիրը հօգուտ իրեն լուծելու գործընթացում1:
Պանթյուրքիստների նպատակն էր միավորել բոլոր թյուրքական ժողովուրդներին և ստեղծել «Մեծ Թուրան» պետությունը, իսկ Հայաստանը բոլոր ժամանակներում խոչընդոտ է հանդիսանում այդ ծրագրերի իրականացման համար: Ներկա փուլում դա արտահայտվում է «թյուրքական միասնության» կամ «թյուրքական աշխարհի» ստեղծման տեսլականով, որը ներկայացվում է քաղաքական, տնտեսական և մշակութային հարթակներում: Ադրբեջանն ունի կարևոր դեր նմանատիպ
ծրագրերում, հետևաբար Ադրբեջանին սպառնացող վտանգը սպառնալիք է նաև միասնական «թյուրքական աշխարհի» համար: Ուստի պետք է կանխել Արցախի անջատումն Ադրբեջանից և խանգարել ՀՀ-ի ուժեղացմանը տարածաշրջանում2: Սա ցույց է տալիս, որ տարածաշրջանում հայկական պետականության գոյությունն անընդունելի է Ադրբեջանի համար, ինչի մասին վկայում է նաև ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը' սպառնալով ոչ միայն Արցախին այլև Հայաստանի Հանրապետությանը:
Երրորդ հանրապետության շրջանում հայկական պետականության համար արտաքին քաղաքական մարտահրավեր է հանդիսանում Թուրքիայի Հանրապետությունը, որն առավել ակնհայտ դարձավ Արցախյան հիմնախնդրի համատեքստում: Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիան մեծապես
ռազմական օգնություն, ինչպես նաև դիվանագիտական աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին3: Ինչպես ցույց տվեցին 2016 թ. ապրիլյան
իրադարձությունները, մասնավորապես քառօրյա պատերազմը, այս երկիրը հանդիսանում է Ադրբեջանի դաշնակիցն ու աջակիցը ցանկացած հակահայկական գործողություններում: Բացի այդ' դեռևս 1992-1993 թթ. Թուրքիան, օգտագործելով հայկական ուժերի կողմից Խոջալուի, Շուշիի, Լաչինի միջանցքի, ապա Քարվաճառի ազատագրման փաստը, դադարեցրեց ՀՀ-ի հետ բոլոր տեսակի հարաբերությունները և փակեց սահմանները: Փաստորեն ՀՀ-ն հայտնվեց թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ: Հարկավոր է նշել նաև, որ Թուրքիան սկսած 1990-ական թթ. մինչև այսօր միջազգային ամենատարբեր հարթակներում դիվանագիտական օգնություն ու աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը կապում է առնվազն երեք նախապայմանների հետ4:
Հայկական պետականության արտաքին մարտահրավերների շարքում հարկավոր է առանձնացնել նաև տարածաշրջանային զարգացումները, որոնք մեր դիտարկմամբ տեղի են ունենում նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունեն
համաշխարհայնացման գործընթացները, որոնք իրենց հետ բերում են մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերներ, այդ թվում ազդելով հայկական
1 Տե՛ս Babayan D., The Artsakh Problem and the Ideology of Pan-Turkism, 21 st Century, №» 2 (12), 2012, pp. 103109.
2 Ավելի մանրամասն տե՛ս Muzaffer Ozdag, Derleyen: Qetin Guney, Turkiye ve Turk Dunyasi Jeopolitigi, Ankara, 2003, s. 295.
3 Տե՛ս Демоян Г., Турция и Карабахский конфликт в конце XX - начала XXI веков, Ер., 2006, с. 107-135.
4 Հայաստանը պետք է ճանաչեր 1921 թ. Կարսի պայմանագրով ձևավորված հայ-թուրքական սահմանը, Հայաստանը պետք է հրաժարվեր Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացից, Հայաստանը պետք է միակողմանի զիջումներ կատարեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթցում և զորքերը դուրս բերեր Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»: Սաֆարյան Դ., Մելիքյան Գ., Ոսկանյան Վ., Սաֆարյան Ա., Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում, Եր., 2017, էջ 21:
- 66 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
պետականաշինության գործընթացների վրա: Ընդհանրապես համաշխարհայ-
նացումը ընդգրկում է տնտեսական, քաղաքական, մշակութային և անվտանգության ոլորտները1: Այս պարագայում ազգ-պետությունները կորցնում են իրենց գերիշխող նշանակությունը2: Համաշխարհայնացումը դիտարկվում է որպես սոցիալ-
տեխնոլոգիական և ժողովրդավարացման երրորդ ալիքի հեղափոխության ֆենոմենի բնական արդյունք, ակնհայտ է դառնում, որ այն արտահայտելով հետադիմական աշխարհակարգի տնտեսական, քաղաքական և սոցիալական կառուցվածքի փոփոխությունները պայմանավորում է որակական նոր փոփոխությունների համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Այդու' հայկական պետականությունը փորձում է հաղթահարել հենց այս մարտահրավերը' ինտեգրվելով և մասը կազմելով ժամանակակից աշխարհին:
Հայկական պետականությանն առնչվող մարտահրավերների շարքում անհրաժեշտ է առանձնացնել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը: Ռուսաստան-Արևմուտք հակամարտության նոր փուլ սկսվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ մասնագետների բնորոշմամբ սկսվեց նոր «Մեծ խաղ»: Մյուս կողմից, հաստատվեց միաբևեռ աշխարհ' ԱՄՆ-ի գլխավորությամբ: Ռուսաստանն աստիճանաբար սկսեց կորցնել իր ազդեցությունը նախկին խորհրդային տարածաշրջանում, իսկ Ռուսաստանի տեղը փորձում էին զբաղեցնել եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, ինչպես նաև տարածաշրջանային որոշ պետություններ, մասնավորապես Թուրքիան: Փաստորեն Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ոլորտում ընդգրկվեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը և դրա մաս կազմող Հայաստանը, ուստի հայկական պետականությանը սպառնացող մարտահրավերներն առաջին հերթին պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համապատկերում: Այսպես, Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր տեղ է գրավում արդի աշխարհաքաղաքական զարգացումներում: Ռուսաստանը 1990-ական թթ. սկզբին հայտարարեց, որ հարավկովկասյան (նաև կենտրոնասիական) տարածաշրջանն ընդգրկված է ռուսական կենսական շահերի ոլորտում, հետևաբար նա ամեն գնով փորձելու է այստեղ պահպանել նախկին ազդեցությունը3: Մյուս կողմից, Արևմուտքն իր հերթին փորձում է այս
տարածաշրջանում հասնել ազդեցության: Նման պայմաններում այս
տարածաշրջանում Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը կարելի է ներկայացնել երեք հիմնական հարթություններում' աշխարհաքաղաքական, նոր աշխարհակարգի կամ բևեռի ստեղծման և ինտեգրացիոն գործընթացների ներկայացմամբ: Ըստ էության այս հակամարտության համատեքստում հայկական պետականությանը ներկայացված մարտահրավերներն առնչվում են վերոնշյալ հարցադրումներին:
Նախ փորձենք քննարկել աշխարհաքաղաքական զարգացումները, երբ այս երկու կողմերը ձգտում են իրենց դերակատարումն ավելացնել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում: Հարավային Կովկասի երկրներից
Վրաստանը և Ադրբեջանը շարունակում են ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքականությունը: Բացի այդ Վրաստանը շարունակում է եվրոինտեգրման քաղաքականությունը, իսկ Ադրբեջանը օգտագործելով նավթային պաշարները
1 Տե՛ս Held D., McGrew A., The End of the Old Order?, Review of the International Studies, Vol. 24, Issue 5, 1998, pp. 219-245.
2 Տե՛ս Lakic N., Is Globalization Challenge or a Threat to Nation-State as a Dominant Form of Policy?, Western Balkans Security Observer, №» 21, 2011, pp. 7-16.
3 Հարավկովկասյան և կենտրոնասիական տարածաշրջանները Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեն աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, ռազմական և անվտանգության առումներով: Perovic J., From disengagement to active economic competition: Russia’s return to the South Caucasus and Central Asia. Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization, Vol. 13, Issue 1, 2005, pp. 61-85.
- 67 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
առայժմ կարողանում է Արևմուտքի հետ համաձայնության գալ: Այսպիսի
իրավիճակում Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, մյուս կողմից ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունն այս ռազմավարական տարածաշրջանում1: Այս
գործընթացները վերաբերվում են նաև Հայաստանին, քանզի սևծովյան տարածաշրջանը Հայաստանի համար ևս ունի կարևոր նշանակություն ինչպես քաղաքական այնպես էլ տնտեսական առումով:
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանի հետ մերձեցման քայլեր ձեռնարկեց Թուրքիան2: Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը 2008 թ. օգոստոսի 12-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ առաջարկեց ստեղծել «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմ»' հարավկովկասյան երեք ճանաչված պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև ՌԴ-ի և Թուրքիայի մասնակցությամբ3: Սակայն նման պլատֆորմի ստեղծումը անհնար է իրագործել Հայաստան-Ադրբեջան և Ռուսաստան-Վրաստան ներկա հարաբերությունների պայմաններում: Այդու
աշխարհաքաղաքական փոփոխություններն իրենց ազդեցությունը կթողնեն ոչ միայն Հայաստանի քաղաքական ու տնտեսական ոլորտների, այլև հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Ըստ էության վերջինն ավելի կարևոր է հայկական պետականության համար, քանզի խոսքը վերաբերվում է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Նման իրավիճակում աշխարհաքաղաքական
փոփոխությունները հազիվ թե նպաստավոր լինեն Հայաստանի համար, առավել ևս Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պայմաններում:
Թերևս Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության մաս կարող ենք համարել նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացները: Ըստ էության նոր աշխարհակարգը ենթադրում է վերաձևափոխումներ կատարել աշխարհի քաղաքական քարտեզում, որը վերաբերվում է ինչպես դե յուրե այնպես էլ դե ֆակտո գոյություն ունեցող պետություններին: Այս խնդիրը հայկական
պետականությանն առնչվում է մի քանի առումով' առաջին հերթին խոսքը վերաբերվում է Արցախի Հանրապետությանը և նրա միջազգային ճանաչմանը, երկրորդ տեղում է գտնվում հայ-թուրքական սահմանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատման հարցը:
Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում հայկական պետականությանը ներկայացվող մարտահրավերներից են ինտեգրացիոն գործընթացները: Ինտեգրացիան կարելի է համարել արդի միջազգային
հարաբերությունների առանցքային հիմքերից, որն ընթանում է քաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական-մշակութային ոլորտներում: Ինտեգրացիոն գործընթացներից Հայաստանը չի կարող անմասն մնալ, որն այս առումով գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում: Այսինքն' Հայաստանը ինտեգրացման ինչպիսի ուղիով է շարունակելու զարգանալ' արևմտյան (նկատի ունենք եվրոպական համայնքին ինտեգրվելը և արևմտյան ժողովրդավարության արժեքների որդեգրումը), թե՞ ռուսական կողմնորոշմամբ: Այս համատեքստում Հայաստանի համար կարևոր է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցը, որը
1 Տե՛ս Oni§ Z. and Yilmaz §., Turkey and Russia in a shifting global order: cooperation, conflict and asymmetric interdependence in a turbulent region, Third World Quarterly, Vol. 37, Issue 1, 1998, p. 13.
2 Տե՛ս Թորոսյան Տ., Արշակյան Գ., Աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում. Ռուս-թուրքական մրցակցություն, թե՞ համագործակցություն, Հայկական քաղաքագիտական հանդես, 1 (15), 2016, էջ 10-14:
3 Տե՛ս Qelikpala M.,Turkiye ve Kafkasya: Reaksiyoner Di§ Politikadan Proaktif Ritmik Diplomasiye Geji§, Uluslararasi lli§kiler, Cilt 7, Sayi 25, 2010, s. 93-126.
- 68 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
հանդիսանում է Արևմտյան աշխարհի հիմնական բևեռը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Հայաստանը վարում է «մանևրելու» քաղաքականություն' «ձգտելով հավասարակշռել հզոր ռուսական ներկայությունն այլ գործընկերների հետ հարաբերությունները զարգացնելով»1: Այսպես' թեև Հայաստանը սկսել էր արևտյան համակարգին ինտեգրվելու գործընթացը, սակայն 2013 թ. Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին և 2014 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրեց ԵԱՏՄ պայմանագրին միանալու պայմանագիրը2: Հայկական պետականության համար կարևոր մարտահրավեր է ռազմական ինտեգրացիայի խնդիրը: Ռուսաստանը և ԱՄՆ-ն հանդիսանում են երկու տարբեր ռազմական ինտեգրացիոն համակարգերի ներկայացուցիչներ: Դեռևս խորհրդային շրջանից Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ3, որոնք հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի մասը: Մյուս կողմից, թեև ՆԱՏՕ-ի գործունեությանը հետխորհրդային տարածաշրջանում և որոշ ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, մեր երկիրը շարունակում է ռազմական համագործակցությունը ռուսական կողմի հետ և հանդիսանում է տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցը: Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի անդամ, որը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից4: Փաստորեն Հայաստանը ՌԴ-ից կախվածություն ունի ռազմավարական անվտանգության բնագավառում, իսկ ԱՄՆ-ից' տնտեսական, հետևաբար այս երկու երկրների հակամարտության համապատկերում Հայաստանի առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ:
Այսպիսով, երրորդ հանրապետության շրջանում հայկական պետականության առջև ծառացել են մի շարք արտաքին քաղաքական մարտահրավերներ: Այդ մարտահրավերների շարքում առաջնային ենք համարում թուրք-ադրբեջանական վտանգը: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև նոր համաթյուրքականության ծրագրերը, հանձինս «թյուրքական աշխարհի» ստեղծման տեսլականի, որոնց ցանկացած դրսևորում ուղղակիորեն վերաբերվում է հայակական պետականության գոյությանը: Մյուս կողմից, պակաս կարևոր չեն նաև տարածաշրջանային
զարգացումները: Այդ զարգացումները վերաբերվում են ինչպես հարավկովկասյան, այնպես էլ մերձավորարևելյան տարածաշրջաններին, մասնավորապես ուշադրության են արժանի տարբեր պետությունների ու ռազմաքաղաքական կառույցների ազդեցության հասնելու ձգտումները:
Աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում հայկական պետականության համար լուրջ մարտահրավեր է հանդիսանում Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը: Հայաստանը փորձում է համագործակցության ընդհանուր սկզբունքներ մշակել երկու կողմերի հետ, սակայն մեր պետության նման փոքր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիրը հազիվ թե կարողանա դիմակայել կողմերի ճնշումներին: Մեր պետականությունն այս հակամարտության համապատկերում կարծես թե գտնվում է սահմանային իրավիճակում, քանզի անվտանգության ոլորտում հարկավոր է Ռուսաստանի աջակցությունը, բացի այդ միայն վերջինս է կարողանում տարածաշրջանում զսպել Թուրքիայի ձգտումները:
1 Տե՛ս Craig R. Nation, Russian, the United States and the Caucasus, 2007, p. 21.
2 Եվրասիական տնտեսական միություն, https://www.mfa.am/hv/international-organisations/6 Տե՛ս Գրիգորյան Կ., ԵԱՏՄ-ին ՀՀ ինտեգրման մի շարք հիմնահարցեր, «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (68), 2016, էջ 8389:
3 Տե՛ս Kardas J., South Caucasus in the foreign policy of the Russian Federation: do doctrinal assumptions translate into reality? Przeglad Strategiczny, No. 9, 2016, p. 111.
4 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, https://www.mfa.am/hy/international-organisations/1
- 69 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Մյուս կողմից, արևմտյան ժողովրդավարության արժեքները և տնտեսական համագործակցության հեռանկարները որքան էլ խոստումնալից լինեն, Արևմուտքը շարունակում է համագործակցությունը թյուրքական աշխարհի, մասնավորապես Թուրքիայի հետ: Ուստի նման պայմաններում Հայաստանը հազիվ թե կարողանա դիմակայել մարտահրավերներին և պահպանել իր պետականությունը: Մեր կարծիքով Հայաստանի համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն, եթե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի իշխանությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հասնեն փոխհամաձայնության և համագործակցության: Բացի այդ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությանը դիմակայելու համար կարևոր կլինի երրորդ ուժի հետ համագործակցությունը, ինչպիսին կարող է հանդիսանալ Չինաստանը: Վերոնշյալ բոլոր գործընթացները տեղի են ունենում արդի
համաշխարհայնացման համատեքստում, ինչն իր հերթին մեծապես վտանգում է ազգային պետականությունների գոյությանը: Ամփոփելով, կարծում ենք, հայ ժողովրդի գոյությունը և հայրենիքում ապրելու ձգտումը պետք է ուղղակիորեն կապել հայկական պետականության կայացման ու հզորացման հետ:
Նելլի Մինասյան
ՀԱՏԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ)
Բանալի բառեր' պետականություն, հայկական քաղաքակրթություն, քաղաքական մարտահրավեր, թուրք-ադրբեջանական շրջափակում, համաշխարհայնացու մ
Հոդվածում քննարկվում են հայկական պետականության ամրապնդման հետ կապված արտաքին քաղաքական որոշ մարտահրավերներ: Հայկական
պետականության համար առաջնային մարտահրավերներից են թուրք-ադրբեջանական համագործակցությունը և հակահայկական ծրագրերը: Այս
համատեքստում ուշադրության են արժանի նեոպանթյուրքիստական գաղափարները և թյուրքական աշխարհի ձևավորման տեսլականը: Տարածաշրջանային զարգացումները ևս մարտահրավեր են հայկական պետականության համար, որոնք տեղի են ունենում նոր աշխարհակարգի ձևավորման և համաշխարհայնացման գործընթացների համատեքստում: Արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամրապնդել ու հզորացնել հայկական պետականությունը, որի հիմքում պետք է դրվի հայկական քաղաքակրթությունն ու ինքնությունը:
Nelli Minasyan
ABOUT FOREIGN POLITICAL CHALLENGES OF ARMENIAN STATEHOOD (PERIOD OF THE THIRD REPUBLIC)
Keywords: statehood, Armenian civilization, political challenge, Turkish-Azerbaijani blockade, globalization
The article discusses some problems of strengthening the Armenian statehood related to foreign policy challenges. Turkish-Azerbaijani cooperation and anti-Armenian programs are one of the primary challenges for the Armenian statehood. The neo pan-Turkism ideas and
- 70 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
the vision of the creation of the Turkic World are more important issues in this context. The regional developments happening in the context of processes of the formation of a new world order and globalization also are challenges for Armenian statehood. It is necessary to strengthen the Armenian statehood for the confrontation of foreign political challenges which should be based on the Armenian civilization and identity.
Нелли Минасян
О ВНЕШНЕПОЛИТИЧЕСКИХ ПРОБЛЕМАХ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ (ПЕРИОД ТРЕТЬЕЙ РЕСПУБЛИКИ)
Ключевые слова: государственность, армянская цивилизация, политические вызовы, турецко-азербайджанская блокада, глобализация
В статье обсуждаются некоторые проблемы укрепления армянской государственности, связанные с внешнеполитическими вызовами. Для армянской государственности первичными вызовами являются турецко-азербайджанское сотрудничество и антиармянские программы. В данном контексте достойны внимания пантюркистские идеи и видение образования тюркского мира. Региональные развития событий, которые происходят в рамках образования нового мирового порядка и глобализации, также являются проблемой для армянской государственности. Для возможности сопротивления внешнеполитическим проблемам необходимо укреплять и усиливать армянскую государственность, в основу которой нужно ставить армянскую цивилизацию и идентификацию.
- 71 -